Դու կաս ու ինձ շունչ ես տալիս, իսկ ես չգիտեմ անգամ անունդ: Եթե դիմացինիդ հետ համակարծիք չես, բայց պատրաստ ես քեզ զոհել, որ նրա կարծիքն ազատորեն արտահայտվի, ուրեմն անունդ նվիրական է ինձ համար:

Բարև, ընթերցող, ես քեզ սպասում էի:

Ուզում եմ պարզ լինի ամեն տողս ու հստակ` սևով սպիտակին գրված, ինչպես մայր օրենքում. «Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով», բայց ես խառն եմ ի ծնե:

Ես հրապարակախոսությամբ լցոնված կինովեպ եմ` խառնածին արձակ ստեղծագործություն: Մտահղացվել եմ իբրև «Մայրենիք» եռագրության առաջնեկ: Ծնունդով հայաստանցի եմ, մորական կողմս սերում է ՀՀ Սահմանադրության առաջին գլխից:

Հայտնի է, որ 20-րդ դարի վերջին տարածաշրջանի ժողովրդավարության կղզյակ համարվող նորանկախ Հայաստանի երրորդ հանրապետությունը 21-րդ դարի սկզբին կտրուկ շեղվեց իր բռնած ուղուց և շատ արագ վերածվեց գողապետության: Էս ընթացքում սահմանադրական բարեփոխման անվան տակ բռնաբարվեց տասնամյա մայր օրենքը, իսկ որ ամենացավալին է` հիմքից նենգափոխվեց դեմոկրատական Հայաստանի ողջ հղացքը: Ի դեպ, բռնաբարությունից յոթ ամիս անց ծնվեց Հայաստանի դրոշի օրենքը:

Մորս անձնագրի վրա գրված է` «ՀՀ Դրոշի օրենք», ներսում իր նկարն է ու 12 հոդված, որ անգիր եմ արել, քանի որ շատ եմ կապված նրա հետ: Հայրս օրենքով գող է ու շարժվում է չգրված օրենքներով, որոնցից մեկի համաձայն` «օրենքով գողը երբեք ոչ մի տող չպիտի գրի»: Նրա հետ անմիջական կապ չունեմ` հենց միայն էն պարզ պատճառով, որ ես գիր եմ և այլ կերպ, քան գրավոր, չեմ կարող շփվել:

Ունեմ ճերմակ մի երազանք` լինել ինքնագիր: Մի գեղեցիկ օր, երբ վերնագրիս տակ կհավաքեմ 10 միլիոն անուն, երազանքս ինքնըստինքյան կիրականանա, ու ես կդառնամ ինքնաթիռ-սիրավեպ: Կընթերցվեմ մի շնչով: Կներշնչեմ հույս, հավատ ու սեր: Չգրված օրենքով կսահմանեմ, որ ինձ կարդալը թույլատրվի միայն երկնքում, ասենք` օդանավում, իսկ օրինազանցներին օդային համբույրներ կուղարկեմ` իբրև միակ հնարավոր պատիժ:

Քառագլուխ եմ, ունեմ թևեր, որոնցով փորձում եմ թռչել տուն, ուր իմ մայրն է արթուն: Գլուխներս հաջորդաբար վերնագրված են` «Կարմիր», «Կապույտ», «Նարնջագույն», «Դրոշաձող»: Թևերս ոճավորված են ու տարբերվում են գրելաձևով: Մեկով ցուցադրվում եմ քեզ իբրև գեղարվեստական կինոնկար, մյուսով` «ՀՀ» նշանի տակ հետդ մտմտում նյութիս շուրջ, փորձում նորովի բացել գլխագիր հապավումս (օրինակ` հանրօգուտ հանրահաշիվ և կամ հանրամատչելի հրապարակախոսություն): Ունեմ կարճ նախաբան և մուտքի մակագրեր, որ կարդում ես.

ՄՈՒՏՔ_ի_ ՄԱԿ_ա_ԳՐԵՐ

«ՀայԱրձակ»-ը
և
«Ինքնագիր»-ը
ներկայացնում են

Ին. ՀԱՅ_ԵԼ_ու_ԱՌԱՋ

ՆԱՐԸ շպարվում է` օրհներգը շվշվացնելով:
Արհեստական թարթիչներ է դնում:
Եզրագծում է աչքը:
Կոպին փայլատակում է ՍԱՄՒ դերակատարի անունը:
Մթնանցում:

Աչքունքը դրստեց:
Կիսախուփ կոպերին իր` Նարի դերակատարի անունն է:     Մթնանցում:

Կեղծամ դրեց:
Չարաճճի հայացք:
Բաց Ճակատին ՄԱՄԻ դերակատարի անունն է (ըհը՛, հայտնի դերասանուհի է):
Մթնանցում:

Այտին` կարմրաներկ: Մյուս այտն է դեմ տալիս, որ ապտակվի ԳԱԳՈՅԻ դերակատարի անունը:                           Մթնանցում:

Շրթներկի պտույտ:                                                                           Շուրթերն է կարմրացնում:

ՆԱՐ (քթի տակ երգելով) – Գիշերները ես քուն չեղա, արտասուքով լվացի:

Բերանին երկտողվում է ԶԻՆԿՈՄԻ դերակատարի անունը:
Օդային համբույր:
Լուսանցում:

ՀՀ

Ես գնում եմ հետ` դեպի արձակ: Գնում եմ, քանի որ տարիներով մնում եմ թղթի վրա: Մնում եմ թղթի վրա, քանի որ ինձ նկարահանող չկա: Ուրեմն ինձ ոչինչ չի մնում, քան ինքս ինձ պատմել քեզ` իբրև մտքում տեսնելիք, ասելիք, անելիք, գալիք, ալիք, որ կարող է մոտեցնել ինձ երազանքիս իրականացմանը, եթե վերնագրիս տակ ինքնակամ թողնես անունդ:

Ին. ՄԻՋ_ԱՆՑՔ

Բարձրակրունկ կոշիկներ:
Նարը շորորալով քայլում է երկար, լուսավոր միջանցքով դեպի          կաշեպատ, երկփեղկ դուռը:

Աջուձախից հայտնվում ու անհետանում են ստեղծագործական         կազմի անդամների անունները համապատասխան                               գրություններով, թե ով ով է:
Հասնելով դռանը` շրջվում է:
Հեռանցում:
Միջանցքի մյուս ծայրին կանգնած են Սամը և Անդոն:
Դռան չխկոց:

Ամբողջ տարածքը գրաված, փակ, կաշեպատ դռներին գրվում է ֆիլմի վերնագիրը.

ԵՍ ՄՆՈՒՄ ԵՄ

Փողփողում է մուտքի վերջին մակագիրը` նվիրական մի անուն, գուցե նաև ազգանուն:

(անուն ազգանուն)

ԿԱՐՄԻՐ

ՀՀ

Ես մնում եմ օրենքի տառին հավատարիմ, ոգուն` դիմադրող:

Օրենքը սահմանում է. «Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար»:

Ժողովրդի համար կարմիրը յուր հողում թափված հայի արյունն է` չնայած օրենքում «հող» և «արյուն» բառերը չկան:

ՆԱՐԸ

Ով աչք ունի, իրեն կտեսնի, որովհետև կարմիրն աչք է ծակում:

«Աչքս չտեսներ»,- մտածեց մայրը, երբ տեսավ փոքրիկ տղայի հագին կարմիր շիֆոնի իր շրջազգեստը: «Նայիր ուղիղ աչքերիս. որ սուտ ասես` աչքերիդ մեջ կգրվի, դու գիտես, չէ՞. աչքը սրտի հայելին է, դե՛, սրտանց ասա, որ էլ չես անի»:

Երբ կրկին տեսավ շիֆոնի նույն չարաբաստիկ շորը տղայի հագին, աչքերի դեմը սևացավ: էս անգամ` թարս չափալախ, լացուկոծ, պատռած շիֆոն: «Մեկ էլ տեսա` հորդ կասեմ` աչքերդ կհանի, լսեցի՞ր, աչքե՛րդ կհանի»:

Հոր աչքին ինքը միշտ էլ ալաբուլա էր երևում, բայց վերջնականապես աչքից ընկավ, երբ հարևան բիձեն ծակվեց, թե քո տղեն մեր տնից դուրս չի գալիս, աղջիկ թոռներիս շորերն է հագնում, հետները խաղում, երգում ու պարում: «Աչքդ վրեն կպահես, չթողես էլ ղզիկություն անի»,- հրահանգեց հայրն ավագ որդուն ու թռավ խոպան:

Ախպերն ախպոր աչքին մոտիկ` սրտից հեռու: Աչքով ընկավ, որ փոքրն ինքնաշեն տիկնիկին օրոր է ասում, հիշեց հոր հրահանգը: «Աչքիս դու էլի ղզիկություն ես անում»,- ասեց ու աջ աչքի տակը կապտացրեց: Մեկը չբացված` մի պատճառ բռնեց, ձախ աչքի տակն էլ կապտացրեց: Զույգ աչքը՝ փակ, կյանքը` անշիֆոն, գնաց դպրոց:

Ու մի օր էլ առաջին սերը, որ դոշը բաց, պատուհանից կախ ծխում էր, իրեն աչքադրեց, կանչեց մոտը` սրճելու: Ինքը յոթ էր, սերը`տասնչորս տարեկան: Սերը ասավ` «սիրտդ բացիր»: Մատը տարավ, սիրտը ծակեց, մեծ աչք դուրս եկավ: Ու էդ օրվանից, փակ սրտից ելած իր բախտի աչքը մանկության քաղցր սուրճի մրուրից իրեն է նայում: Սերը`բեմադրիչ ու հանդիսական, քրոջ շորերն է իրեն հագցնում, ծափ է տալիս ու հրճվում, ինքը երգում է ու պարում: Բեմն աչքը մտավ ու էլ դուրս չեկավ, դարձավ իր կյանքի ամենակուլ կիրքն ու ամեն ինչ տակով արեց:

Դպրոցական բեմադրություն` իրադրության փոփոխություն: «Աչքաթող արի»,- մտածեց մայրը, երբ որդու դասղեկը խորհուրդ տվեց դպրոցը փոխել: Շանսատակ, լացուկոծ, ուռած աչքեր: Նոր դպրոցում էլ ոչ մի բեմ, ոչ մի խմբակ, միայն դասեր:

Դպրոցն ավարտեց, դիմեց բուհ: Ընդունելության քննություններից կտրվեց, բայց բեմից չիջավ: Հիմա, աչքերդ չորս արա, որովհետև երևանյան փակ ակումբում իր բեմելն է: Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, աչքով չտաս, շատ է սազում երկար փեշով կարմիր շորը: Ինքն ինքնամոռաց երգում է.

«Ինձ մի տանջիր հենց այնպես,

Հայացքով քո հմայիչ,

Խորությամբ քո աչերի,

Ինձ մի տանջիր, մի գերիր:

Այլ աչեր կան իմ սրտում,

Գիշերների նման սև,

Գիշերների նման մութ,

Այլ աչեր կան իմ սրտում:

Ջինջ լազուրում աչերիդ,

Մի տենչա ինձ փայփայել,

Մի տենչա քո թևերով,

Ինձ կաշկանդել ու պահել»:

«Աչքիս թոզ էր փչում»,- մտածեց մեծ ախպերը, երբ թաղի տղերքը նրա աչքը կոխեցին համացանցում հայտնված, գիշերային թռչնակի տեսքով փոքրի լուսանկարները: Ախպոր աչքը թռավ ճակատին, դանակն առավ` սպանի: Մերը չթողեց. մեծի պատիվը պահեց, փոքրին տնից վտարեց: «Աչքդ դուրս գար, անունդ դուրս չգար: Աչքիցս կորի, աչքիս չերևաս, բնության սխալն ես, պիտի աղջիկ ծնված լինեիր: Անձնագիր ունես` չափահաս մարդ ես, գնա` աչքդ ուր կկտրի»,- ասավ` աչքը սառեց հեռացող բալի հետևից:

Աղջկա շորով տղեն ուր էլ գնա, ցերեկային գործ չի ճարի: Հատակն էլ իր բեմն ունի, աչքի ընկնելու ուրիշ ձև չունի: Գիշերային կյանքն աչքերը բացեց: Դու մի աչքով իրեն մի նայիր. ցերեկները` ամաչկոտ տղա, գիշերները` աչքաբաց աղջիկ. տանողի աչքի լույսն է, չուզողի` աչքի փուշը:

Գիշերն իր վրա հազար ու մի աչք կա: Աչքի ուլունք է կախում, որ աչքով չտան, ի՞նչ իմանաս՝ ով չար աչքով կնայի. մեկի աչքը ծակ, մեկի աչքը դուրս, մեկի աչքը շոռ, մյուսի աչքը սուր, անցնում են դառնում, աչքերով ուտում աղջկա շոր հագած տղուն:

Քանի անգամ աչքի առաջ բռնել ծեծել են իր նմաններին, աչքը տեսածից վախեցել է, բայց ճար չունի. երգելով տուն չես վարձի, թող սիրտը դող լինի, բայց ջեբը փող լինի:

Մարդու գլխին բարի աչքով նրան նայող միշտ մեկը կա, իսկ իր կողքին երկուսը կան` Անդոն` հին թաղի միակ տղեն, որ իրեն ձեռքով բարև է տալիս, մեկ էլ` Սամը` նոր դպրոցի դասարանցին, որ իր համար աչք նկարեց: Հիմա զույգ աչք կա իր կյանքում. մեկը`գունավոր կավճանկար` ննջարանի պատին պատկերված հսկա մի աչք, որի երկար թարթիչներից վեր սավառնող թռչներամը ձգվում է մինչև առաստաղ, մյուսը` հետահայաց հեռանկար, որ մանկության քաղցր սուրճի մրուրի մեջ բացված սրտից իրեն է նայում:

Ցերեկները քնի մեջ տեսնում է հոր բթերը, որ ճզմում են կոպերն ու աչքերը ճտտոցով տրաքացնում: Վեր է թռչում, փաթաթվում շիֆոնով, ու կտորի հետ շփվելուց մաշկը փշաքաղվում է, մինչև վերջին աղվամազը բիզ-բիզ է լինում, հետո ամբողջ մարմնով հաճելի դող է անցնում, ու միլիոնավոր անտեսանելի մրջյունները վազվզում են վրայով:

Ով աչք ունի` իրեն կտեսնի, քանի դեռ կան արյան չորս կարգ ու մենակ մի գույն` կարմիրը: Ինքն ուզում է հաշտեցման սպիտակ դրոշ ծածանել մորը, հորը, ախպորը, թաղի տղերքին, երկրին, որին թարմ արյուն է պետք, բայց որ գնա արյուն հանձնելու` չեն վերցնի: Իր երկիրը չի ընդունում աղջկա շորով տղու արյունը, իր նմանի հետ աչքով աչք չունի: Կարգերն են էդպես. սևերն են իշխում, իսկ ինքը վառ է` աչք ծակող կարմիր: Ինքը սևերի աչքի գրողն է: Բա~, քուր ջան, գիշերները քուն չեղար, աչք քոռացրիր, եռագույն դրոշ գործեցիր`միագույն պատանք դառավ: Ինչ էլ խմես` ժավել չես լացի, ամբողջ գիշեր արտասուքով լվացք կանես, կարմիրը չի գունաթափվի: Ինքը գիտի, որ սպիտակ դրոշով հաղթել չի լինի, աչքաչափով սահման պահել չի լինի, մուշտարու աչքով բանակին նայել չի լինի, բայց կամավոր չի ծառայի, քանի դեռ կարգը չի փոխվել, ու չի փոխել համազգային վերաբերմունքն իր նկատմամբ:

Դրվագում օգտագործված 69 աչքից ոչ մեկը չի տուժել:

ՀՀ

Հայկական բարձրավանդակը հայերի բնօրրանն է, Հայաստանը` հայերի երկիրը:

Բարձրավանդակը մոտ 400 հզ. կմ² է, որի շուրջ 42 հզ. կմ²-ին զբաղեցնում են հայկական երկու հանրապետություն` մեկը միջազգայնորեն ճանաչված, որ Հայաստանն է, մյուսը` դեռևս չճանաչված, որ Լեռնային Ղարաբաղն է: Ուրեմն, դրոշի խորհուրդը ներառում է Հայաստանի առկա սահմանները տասնապատիկ անգամ գերազանցող տարածք (ՀՀ Դրոշի օրենքը գրեթե բառացիորեն կրկնող ԼՂՀ տարբերակում Հայկական բարձրավանդակը չի հիշատակվում):

Հարց է ծագում. ո՞րն է հայերի երկիրը, եթե սահմանի երկու կողմում էլ հայկական հող է:

«Հայկական տարածքը» լղոզվում է «պետական սահման» և «հայկական հողեր» հասկացությունների անհամաչափությունից: Էս իրողությունը բացում է առաջ նայողի ազգային ինքնաճանաչողության մտահորիզոնը, իսկ հետադեմի առաջ փակում ապագայի հեռանկարը, կորուսյալ դրախտի վերածում պետական սահմաններից անդին մնացած լեռնաշխարհի մեծագույն մասը, իսկ որ ամենացավալին է` եղածն աչքին դարձնում մի բուռ հող:

Ժողովրդավարական Հայաստանը հայկական երկիր է, բայց, ըստ սահմանման, իր քաղաքացիների երկիրն է, ուրեմն նաև էն բոլոր չինացիների, ովքեր կուզեն ապրել և լինել քաղաքացին մի հանրապետության, որի պետական լեզուն հայերենն է, մշակույթը` հայկական, պատմությունը` հայոց, որի սահմաններն իրենք պատրաստ են պահել զենքով: Նրանք կկոչվեն հայաչին, ինչպես հայերի ճնշող մեծամասնությունն է ֆրանսահայ, տաճկահայ, պարսկահայ, ռուսահայ, արգենտինահայ և այլն, ու որ ամենակարևորն է` կլինեն հայաստանցի:

Մայր օրենքում պարզ ու հստակ` սևով սպիտակին գրված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Հայաստանում իշխանությունը պատկանում է ոչ թե էթնոսին, այլ դեմոսին, ոչ թե հայությանը, այլ հայաստանցիներին:

Ին. ԶԻՆԿՈՄ_ի_ՍԱՐ_ի_ԱՏՈՒՄ

Ընդարձակ, լուսավոր աշխատասենյակ: Պատին` զինանշան ու դրոշ, որոնց կողքին` Սպարապետ Վազգենի լուսանկարն է:

Սեղանի գլխին նստած է փոխգնդապետի համազգեստով Զինկոմը, աջից` սպիտակ խալաթով մեկը (այսուհետ` Բժիշկ): Սենյակում ևս մի քանի աշխատակից կան, որոնցից աչքի է ընկնում քաղաքացիական հագուստով մի կին (այսուհետ` Կին):

Սպարապետի ժպտացող նկարը կախված է Զինկոմի գլխավերևում:

ԿԻՆ (ցածրաձայն) – Պահո~, հասանք` իջեք:

ՆԱՐ (կաշկանդված) – Բարև ձեզ:

Բարևն առնող չկա:
Բժիշկն աչքունքով հասկացնում է Նարին, որ մոտենա սեղանին:
Կրունկի կտկտոց:
Զինկոմը ոտքից գլուխ չափում է նրան:

ԲԺԻՇԿ – Ադամյան Նարեկն է, էն որ կանչել էիք, «8-ի բ»1-ով ազատվողներից:

ԶԻՆԿՈՄ – Տես, է~, ա~յ քեզ «8-ի բ» …  Նստի, լեզուս չի պտտվում ասեմ՝ Նարեկ: Քեզ Նարինե ավելի կսազեր, հը՞:

Անզուսպ փռթկոցներ:

ՆԱՐ – Ոչինչ, ինձ կանգնած հարմար է:

ԶԻՆԿՈՄ – Աթոռը քաշի, վեր ընկի (խիստ տոնով): Էս ի՞նչ տեսքով ես ներկայացել, հը՞:

ՆԱՐ (նստելիս կեսկատակ) – Ծառայողական համազգեստով, պարոն փոխգնդապետ:

Զսպված փռթկոցներ:

ԶԻՆԿՈՄ – Հը~մ, «պարոն փոխգնդապետը» վատ չի, գոնե զինվորական աստիճաններն իրարից տարբերում ես, բայց «ծառայողական համազգեստ»` այ, էդ մեկը պիտի չասեիր: Բա համազգեստդ պատվով ե՞ս կրում: Ես (ուսադիրներին տմբտմբացնելով) զինվորական երդում եմ տվել, որ ծառայում եմ հայրենիքիս, ինքը (Բժիշկին մատնացույց անելով)` Հիպոկրատի, իսկ դո՞ւ… ի՞նչ երդում ես տվել, ո՞ւմ ես ծառայում, հը՞:

Նարը գլուխը կախում է:
Զինկոմը տեղից ելնում, խոսելով անշտապ գնում կանգնում է նրա գլխավերևում:

(Խիստ տոնով) Կխոսես, երբ թույլ կտամ: Հարց կտամ` կպատասխանես առանց լեզվիդ տալու: (Դադար): Դու օրը ցերեկով էս տեսքով ե՞ս տնից դուրս գալիս:

Նարը գլուխը բացասաբար տարուբերում է:

Չէ~: Լա~վ գիտես, որ տուն հետ չես հասնի, փողոցում կտան կսատկացնեն:

Ձախ ձեռքը դնում է Նարի ուսին, որ թեթևակի ցնցվում է:

Իսկ քեզ ո՞վ սովորեցրեց, որ էս տեսքով կարող ես անարգել մտնել պետական հիմնարկ, հը՞ (թարս հայացքը Բժշկի կողմ): էն էլ ի~նչ հիմնարկ` զինկոմիսարիատ: Դու դպրոցում զինպատրաստություն չե՞ս անցել, քեզ ասող չի՞ եղել, որ էս շենքից է սկսվում բանակը, պետությունը:

Նարը փորձում է գլուխը շրջել դեպի Զինկոմը, բայց կատարին թարս չափալախ է ստանում, որից կեղծամը տեղաշարժվում է:

(Հրամայաբար գոռալով): Զգա՛ստ: Անշա՛րժ:

Նարը հնազանդվում է հրամանին, տեղում չորանում:
Զինկոմն առանց ձախ ձեռքն ուսից վերցնելու, աջ ձեռքի երկու մատով կեղծամը պոկում է նրա գլխից ու օդում ճոճում:

Ես միամիտ չեմ, հասկանում եմ, աշխարհի ոչ մի երկրում բանակում ծառայելու համար իրար չեն կոտորում, բայց չափ կա: (Կեղծամը շպրտելով սեղանին): Մեզ մոտ, ով իր երեխին բանակից ազատեց, դարձավ շնորհքով մարդ: Դա ցավալի է, բայց փաստ: Էս վերաբերմունքը ժողովրդի միջից մենք իրար հետ, բոլորս միասին պիտի վերացնենք: Հիմա, դուք լավություն արի՞ք, բանակին օգո՞ւտ տվիք, թե՞ վնաս` էս «8-ի բ»-ով ազատվելը մեջտեղ գցեցիք: Մտածեցի՞ք էս երկրի մասին: Մտածեցի՞ք էս բանակի մասին: Էս եղավ շնո՞րհք: Վաղը, որ ամբողջ զորակոչս կնկա շորերով գա էստեղ շարվի, ո՞վ պիտի մեր սահմանը պահի, հը՞ (ցավացնելու աստիճան ուժեղ սեղմելով Նարի ուսը). Այ, հիմա ասա, նոր լեզվիդ էիր տալիս… Քեզ հարց տրվեց. էս քածի շորերը հագել, եկել ես էստեղ, որ ի՞նչ անես:

ՆԱՐ (դողացող, հազիվ լսելի ձայնով) – Դուք եք կանչել:

ԶԻՆԿՈՄ – Ե՞ս: Ես կանչել եմ զինակոչիկ Նարեկ Ադամյանին, հիմա կպարզենք, դու Նարեկն ես, թե նրա զույգ քույրիկ Նարինեն:

Զինկոմը դեռ խոսքը բերանին աջ ձեռքը վզի բացվածքով իջեցնում է Նարի շորի տակ, ձգում նույն տեղով հանում է բարձիկներով կրծկալն ու քաշում վեր:
Նարն ատամները սեղմել է, շուրթերն ու մարմինը դողում են:
Զինկոմը շարունակում է քաշել կրծկալը, որն արդեն հասել է կրողի աչքունքին: Մատներն ավելի ու ավելի են մխրճվում ուսի մեջ:
Նարը ծռմռվելով առաջ է գալիս, աջ ձեռքն արագ տանում մեջքին, շորի տակից շոշափելով արձակում է կրծկալը, որի կանթերը ճտտոցով դուրս են թռչում վզի բացվածքով ու կախվում իր քթի առաջ:

ԿԻՆ (հազիվ լսելի) – Յախք:

Նարը գլխահակ անշարժացել է աթոռին: Շունչը տեղն է գալիս, դողն անցնում է:
Զինկոմը կրծկալը շպրտում է կեղծամի վրա, դանդաղաքայլ հետ է գնում, զբաղեցնում իր տեղը, հոգոց է հանում, ձեռքերը` խաչված մատներով, դնում ծոծրակին, գլուխը քիչ բարձր, հայացքը` առաստաղին, սկսում է մենախոսել:

ԶԻՆԿՈՄ – Հը~մ, դու տես, է` ի~նչ էինք, ի~նչ դառանք… Էս հողի վրա կբնավորվեր ճարահատ, բայց զարմանալի պինդ ու աշխատասեր մի ժողովուրդ: Էս հողը, հա՛, մարդու չնման` մարդու չհավան կնկա նման ուզվորին չէր տրվի: Սա բազմակողմանիորեն ու հանգամանալի մի լա՛վ պիտի մշակվեր: Աշխարհն էլ առա~տ, ընտրության հնարավորությունը մեծ, ո՞վ գլուխ կդներ էդ սև տրճեի հետ:

Ձեռքերն իջեցնում ու կրծքին ծալած՝ շարունակում է խոսել` թեքված Կնոջ կողմը, որ գլխով պարբերաբար համաձայնվում է՝ դեմքին անթաքույց հիացմունք:

Զարմանալի պինդ ու համբերատար տղամարդկանց ցեղ էր պետք, որ սեփական ճակատագրի հետ քյալլա տալով էդ սև տրճեից բազմաբեղուն ծննդկան շիներ ու որ իրենց նման պինդ ու հաստատուն սերունդներ տային աշխարհին: (Շրջվելով դեպի Նարը) Էդ ենք մենք, էդ ցեղի սերունդն ենք մենք, իսկ դուք ո՞վ եք, որտեղի՞ց հայտնվեցիք, ո՞ր մութ ծակից դուրս եկաք, էս ի՞նչ վարակ էր եկավ կպավ մեզ…

Առաջ է գալիս, ձեռքերը դնում սեղանին, հանգիստ տոնով դիմում է Նարին:

Դու հեր ունե՞ս: Ասա, թույլ եմ տալիս, հարցիս պատասխանի. դու հեր ունե՞ս:

ՆԱՐ (ասես քնից ելնելով, գլխահակ) – Հա, բա ոնց:

ԿԻՆ (մեջ ընկնելով) – Թոբաթե:

ԶԻՆԿՈՄ – Հը~մ… Ժամանակին մի երկու հայրական ապտակ կերած լինեիր, հիմա էս օրի չէիր լինի: Էն ո՞նց էր Ջիվանին ասել (խաղացկուն հայացքը դեպի Կինը). «ապտակով սնված տղեն…»

ԿԻՆ (երգեցիկ) – «…առանց աստիճան չի լինի»:

ԶԻՆԿՈՄ – Այ, ապրես դու, հա՛. հենց էդ:

ՆԱՐ (քթի տակ) – Հայրական ապտակով չեմ սնվել, բայց լիքը եղբայրական քացի եմ կերել:

(Զինկոմին): էդ Ջիվանի չի, կույր գուսան Շիրինի երգն է:

Կարկամում է, խոր շունչ քաշում և սկսում է երգել` ցածրից ձայնը հետզհետե բարձրացնելով: Կատարում է մաքուր, ճիշտ տոնայնությամբ, շատ ազդեցիկ:

Այգեպան, ի՞նչ ես անում, շամբը բուրաստան չի լինիլ,
Օձը որքան գեղեցիկ ըլնի՝ սիրական չի լինիլ,
Կատըվին ուտացընես օրը հազար նազ ու նամաթ,
Տիրասեր և բարեսիրտ, hայտ է, իբր շուն չի լինիլ:

Երգելով տեղից ելնում, տոնայնությունը փոխում, երկրորդ տունը երգում է բարձր, զիլ ձայնով:

Ագռավին շուշի միջում պահես շաքար ու նաբաթով,
Վատաբախտ բյուլբյուլի պես վարդի սիրաբան չի լինիլ.
Մանկական ուսումն ունի քոռ կոպեկի արժողություն,
Աքացի կերած տղեն աստիճանից վայր կընկնի2:

Անհարմար լռություն:
Զինկոմի հայացքը թափառում է ներկաների վրայով, թռչում վեր, առաստաղից իջնում Նարի վրա, մի վերջին անգամ ոտքից գլուխ չափում է նրան՝ դեմքին զարմանք ու խղճահարություն:

ԶԻՆԿՈՄ (կիսահրամայական) – Ռադ էղի…

Նարը ձեռքը մեկնում է հավաքելու սեղանից իր իրերը:

(Խիստ, հրամայական): Թո՛ղնել:

Նարը բնազդաբար, վախեցած հետ է քաշվում:

Ազատ ես:

Կեղծամն ու կրծկալը սեղանին են` իրար վրա շպրտված:
Տեղաշարժվող աթոռի ձայնին հաջորդում է կրունկների կտկտոցը:
Դռան չխկոց:
Սպարապետը ժպտում է:
Մթնանցում:

ՀՀ

Ենթադրենք, վաղն առավոտ աշխարհի բոլոր հայերն արթնանում են իրենց բնօրրանում և հայտնաբերում, որ Հայաստանի սահմանները եզրագծում են ամբողջ Հայկական բարձրավանդակը: Հարց է ծագում. ո՞ւր են չքվելու էսօրվա դրությամբ 358 հզ կմ² վրա ապրող բազմաթիվ ժողովուրդները, ասենք, հեռու չգնանք` քրդերը, որ հայերից թվով շատ են: Հայաստանում հայերը մի գիշերվա մեջ կդառնան էթնիկ փոքրամասնություն, ինչպես առաջին հանրապետության տարիներին, և կարթնանան բազմազգ Հայաստանում:

-Ոչինչ, ժամանակի ընթացքում կուծացվեն,- հույս կհայտնեն հայապահպանության մոլի երկրպագուները: Բնականորեն դա տեղի կունենա միայն համատարած խառնամուսնությունների դեպքում: Էթնիկ ազգայնականին դուր չի գա «զտարյուն» քրիստոնյա հայի մահմեդական քրդի հետ խառնվելու միտքը: Վերջ ի վերջո, կարելի է թույլ չտալ, որ  նրանք զարգանան, պահել նրանց գյուղական համայնքներում. թող ոչխար արածեցնեն: Հայերը կլինեն տիտղոսային ազգ, իսկ մնացածը` երկրորդ կարգի: Էթնիկ ազգայնականը մի կերպ կարող է պատկերացնել բազմազգ Հայաստան, բայց նաև ժողովրդավարական` երբե՛ք, այլապես մեծամասնությունը` անկախ ազգային պատկանելիությունից, կձևավորի իշխանություն, և վաղ թե ուշ, ինչպես երեկվա ստրուկ աֆրոամերիկացին 21-րդ դարի սկզբին դարձավ ԱՄՆ նախագահ, հայկական լեռնաշխարհով մեկ փռված Հայաստանը կարող է ունենալ ծագումով թուրք նախագահ, և էդ կետում «ետ տվեք մեր հողերը» գոռացողը կաթվածահար կլինի:

Մյուս տարբերակը` «Հայաստանը՝ միայն հայերի երկիր», կենթադրի առնվազն էթնիկ զտումներ, ինչպես ստեղծվեց ներկայիս Թուրքիան, որտեղ կոտորվեց և արտաքսվեց թուրքահպատակ հայերի ճնշող մեծամասնությունը, և ինչպես ստեղծվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, որտեղից արտաքսվեց ամբողջ ադրբեջանցի բնակչությունը, ի պատիվ հայերի` առանց արյունալի ջարդերի ու մեծաթիվ զոհերի:

Ո՞րն է էթնիկ ազգայնականության երազած Հայաստանը: Արյան կանչով կամ գենետիկ հիշողությամբ` իր հավաքականությունը վերագտած հայ ժողովուրդը միավորում է կորցրած հողերն ու ապրում Սրբազան Հայաստանում: Ինչո՞ւ սրբազան: Հենց միայն էն պարզ պատճառով, որ մարդկությունը եթե չի ծագել, գոնե վերածնվել է Հայկական բարձրավանդակում, երբ Նոյն իջավ Արարատ բիբլիական սարից: Էս հղացքը կարճ կարող ենք անվանել «Հող և արյուն», իսկ ենթադրվող հայրենիքը` Սրբազան Հայաստան:

Ին.  ԲԱՐԴԵԼաՎ_ԷԼԻ

Վառվում են երևանյան ընդհատակյա բար-ակումբի բեմի լույսերը:
Խոսակցության աղմուկին ու բաժակների զրնգոցին խառնվում է հատուկենտ ծափերի ձայնը:
Նարը սկսում է կատարել «Մայրիկ» երգը:
Կրկներգին արցունքի կաթիլները գլորվում ու լղոզում են աչքերի սևաներկը:
Կանգնակի վերևում նեոնային լույսերով գրված է «De’LavEli»:
Խաժակ բարմենը (այսուհետ` Խաժակ) հմայված ունկնդրում է:
Գրության տակ խմբված, վառվռուն հագուկապով երեք հաստլիկ (այսուհետ` Երեք հաստլիկ), համընթաց ճոճվելով, ձայնակցում են:
Կանգնակին հենված ճաղատ կինը (այսուհետ` Ճաղատ) հայացք սևեռել է դիմացի բաժակին:
Սամը և Անդոն նստած են հեռվում` անկյունի սեղանին:
Այցելուները շատ չեն, բայց երգն ավարտվելուն պես սրահը պայթում է ծափերից, ողջույնի սուլոցներից ու հիացական ճիչերից:
Նարն օդային համբույրներ է ուղարկում աջուձախ, ծափերի ուղեկցությամբ իջնում է բեմից, մոտենում, նստում ընկերների հետ:

ՆԱՐ – Ո՞նց էր:

ԱՆԴՈ – Մակարդակ:

ՍԱՄ – Մի բան ասեմ`մենակ չղժաս:

ՆԱՐ – Ասա, արևս:

ՍԱՄ – Քել փող հավաքենք, քեզ ձայնագրենք…

ՆԱՐ – Հա, բա ո~նց, պատերի տակից…

Նարը ձեռքով կանչում է գանգրահեր մատուցողին (այսուհետ` Խուճուճ):

ՍԱՄ – Ասի՝ չղժաս, չէ՞:

Նարն ափով բերանը փակում է:

Ուրեմն քեզ ձայնագրում ենք, գցում Youtube: Սկզբում չես երևա, այսինքն՝ կերևաս, բայց դեմքդ չի երևա. Միստր X-ի տիպի: Դու էլ կլինես Միսիս Y-ը: Քոնը հակառակը կանենք. երեսդ կփակենք, մենակ աչքերդ բաց կթողենք` սիրուն քսած, դնովի թարթիչներով: Երգերդ հիթ կդառնան, մեկն էլ` մեգա-հիթ, ո~ւ… ալե~ հո՛պ, կտրաքացնես էս տուֆտա տեղական աստղիկներին:

Սամը գարեջրի կիսատ շիշը մի շնչով դատարկում է` թողնելով մի կում:

ՆԱՐ – Վայ, Սամ, աչքիս քեզ բացել ա: (Խուճուճին) Ջիգ, էս սեղանին համաշխարհային աստղ ա ծնվում, խմելու բան բեր` նշենք:

ԽՈՒՃՈՒՃ – Շոմպայն կուզե՞ք:

Նարը հարցական նայում է տղաներին: Երկուսն էլ բացասական նշան են անում:

ՆԱՐ – Լավ, ուրեմն ինձ բերում ես «Մոխիտո», կասես սառույցը փշրի:

ՍԱՄ (շիշը ցույց տալով) – Նույնից:

ՆԱՐ – Պարոն առողջ կենսակերպին էլ…

ՆԱՐՆ ու ՍԱՄԸ (միաձայն) – Նարնջի հյութ` երկու հատիկ սառույցով:

ԱՆԴՈ – Սարսաղներ:

Խուճուճը հեռանում է:

ՍԱՄ (կրկին ոգևորվելով) – Լուրջ: Դու չես երևա, ազգս կսիրահարվի ձենիդ, քաղաքը քեզ կլսի, ամեն տեղ քո երգերը կմիացնեն` տաքսիներում, կաֆեներում, տներում, կլուբներում: Ես էլ կնկարեմ: Պատկերացրու` դուրս ես գալիս փողոց, շենքերի պատերին, անցումների տակ, տո՛ հենց փողոցի մեջտեղը, ուր նայում ես՝ քո աչքերն են, հիթերիդ բառերը, տակն էլ շշած`Միսիս Y:

ԱՆԴՈ (կլանված) – Հետո՞:

ՍԱՄ – Հետո՝ մեկ էլ ալե~ հո՛պ, Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը Միսիս Y-ը ճանաչվում է տարվա բացահայտում, չէ, ավելի թո~ւյն` տարվա երգչուհի:

Նարը երեխու պես ծափ է տալիս:

Ուղիղ եթեր, բարձրանում ես բեմ, դեմքդ բացում, ու ազգս տենում ա, որ տարվա երգչուհին տղա ա… էլ ի~նչ, արդեն մեծից փոքր գժվում են քո համար: Youtube-ում դիտումներդ 10 միլիոնից անցել են, միջազգային ճանաչում ունես, ազգիս պարծանքն ես: Ջո՞կ: Լա՞վ եմ մտածել:

Սամն ինքնագոհ ժպտում է ու շիշը վերջին կումով դատարկում:
Սեղանին դատարկ «Կիլիկիա»-ի շիշ:
Կտրանցում:

Էքս. ՄՈՒՏՔ_ի_ՄՈՏ

Ամառային գիշեր:
Բարձրահարկ շենք Երևանի արվարձանում:
Մուտքի մոտ կանգնած մեքենայի ազդանշանը տարածվում է բակով մեկ:
Գագոյի գլուխն անշարժացել է ղեկին:
Շենքի կիսաբաց լուսամուտներից լսվում են բողոքի անորոշ ձայներ:
Գագոն գլուխը բարձրացնում է, ազդանշանը կտրվում է:
Նա համբուրում է դիմապակու հայելուց կախված սրբապատկերներով թզբեհի ծայրի խաչը, ապա գործարկում շարժիչը:
Կտրանցում:

Ին. ԲԱՐԴԵԼաՎ_ԷԼԻ

Բարետես, սլացիկ, բայց տափակ կազմվածքով մի կին (այսուհետ` Անկոնք) մտնում է «De’LavEli»:
Հաստլիկներից մեկը զարմանքից բացված բերանը ափով փակում է, սկսում քչքչալ մյուս երկուսի հետ:
Մատուցվում են պատվիրված ըմպելիքները:

ՆԱՐ (ինքն իրեն ճմկտելով) – Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, բանակից էլ պրծանք:

Նարը համբուրում է վզից կախ աչքի ուլունքը:

Չեք պատկերացնի, որ ասեց` ազատ ես, սրտիցս մի հատ էսքան քար ընկավ (չափը ցույց տալով):

ՍԱՄ – Ազատվելուդ կենացը:

Չխկացնում են բաժակ ու շիշ:

ՆԱՐ – Տարոսը քեզ, արևս:

ՍԱՄ – Թարգի…

ՆԱՐ – Ի՞նչը թարգի: Վա~յ, Սամ, ոնց եմ տրաքվում քո էդ թարսվող խասիաթից: Կոտոշներդ որ տնկում ես, թող ու փախի, աշխարհն էլ շուռ գա, քո ասածն ես քշում: Յանի գնում ես՝ ի՞նչ անես, երկու տարի անտեղի կորցնես: Ուրիշները ձև չունեն` գնում են, ով ազատվելու ձև ունի` բոլորն էլ ազատվում են: Մարդիկ վիզ են դնում, փող են խաղացնում, ծանոթ խառնում, քոնը` ձրի, գնում, բժիշկին քաշում ես մի յան, ասում ես` ես տղաների եմ սիրում, ու վերջ` ազատ ես: Յանի իմ մեջքին ծծե՞ր աճեցին, թե՞ գլխիս՝ պոզեր:

ՍԱՄ – Նար, թարգի, էլի … իմ համար հավայի չի: Հեսա Անդոյի մեջքին ծծեր են աճե՞լ, թե՞ գլխին՝ պոզեր:

ՆԱՐ – Յանի Անդոյի հետ ինչի՞ ես համեմատվում, մի հատ իրա ջան-ջանդակին նայի ու քեզ նայի: Կարող ա Անդոն էլ ձև ունենար, ինքն էլ չգնար: Ասա, էլի, Անդո, բանկիր տղա ես, մի քիչ վարկով խելք տուր էս երեխին, տոկոսներն` իմ վրա:

Անդոն սառույցը թքում է բաժակի մեջ:
Կտրանցում:

Էքս. ԽԱՉ_ՄԵՐ_ու_ԿԻՆ

Գագոն խաչմերուկում սպասում է լուսարձակի կանաչելուն:
Երեք պատանի` երկու տղա ու մի աղջիկ, իրար ձեռք բռնած, անվաչմուշկներով սլանում են մեքենայի դիմացով: Պատանիներից մեկը սևահեր է ու թուխ մաշկով (այսուհետ` Սևուկ), մյուսը շեկ ու սպիտակամաշկ (այսուհետ` Շեկլիկ): Աղջիկը, որ նրանց մեջտեղում է, մինչև գոտկատեղ հասնող հաստ ծամ ունի (այսուհետ` Ծամիկ):
Գագոն գլուխը հանում ու ատամների արանքից բարակ շիթով թքում է նրանց հետևից:
Սևուկը չի նկատում, Շեկլիկը չնկատելու է տալիս, Ծամիկը շրջվում ու լեզու է հանում:
Գագոն նայում է հայելում իր աչքերի մեջ, մատը թքոտում, ունքը դզում:
Մեքենան կտրուկ սլանում է առաջ:

ԼՈՒԾԱՆՑՈՒՄ.

Լարված դեմքով Գագոյի գիշերների նման սև աչքերից դեպի ծիծաղկոտ դեմքով Նարի փայլուն քսված, դնովի թարթիչներով աչքերը:

Ին. ԲԱՐԴԵԼաՎ_ԷԼԻ

Ծիծաղ:

ՆԱՐ – Գիշերը գնացինք դպրոցի հայաթ: Մուտքը զարդարել են, ճակատին գրել են «Ողջո~ւյն, դպրոց»: Պարանը գոտիկիցս կապեց, մյուս ծերն իրա թևատակերից՝ յանի ապահովության համար: Կապիկի պես, որ մի ձեռով ճյուղից կախվում են, մյուսով բանան են ուտում, Սամս էլ աստիճանների գլխին կախվեց ու մինչև էդ չորս տառը ջնջեց-փչեց, կես մարդ դառա: Լավ էր` չլոշվեցինք: Վերջը, Անդոյիս ասեմ, սեպտեմբերի մեկ, առավոտ շուտ բոլորը գալիս են փուչիկներով, ծաղիկներով, պուպուշ-պուպուշ, հագած-կապած, իսկ դպրոցի ճակատին գրած ա` «Ողջո~ւյն, դժոխք»:

Եռյակը ծիծաղում է:

ԱՆԴՈ – Հետո՞:

ՆԱՐ – Էլ ի՞նչ հետո:

ՍԱՄ – Հետո դժոխքն ավարտեցինք, դրախտ չընդունվեցինք, հիմա էլ քավարանում լռված ենք:

Լռում են` ամեն մեկն իր մտքերով:
Ճաղատ կինը մոտենում, նստում է Անկոնք կնոջ ճոխ,  մրգառատ սեղանին:
Հաստլիկներից մեկը նկատում է տեղաշարժը, հայտնում մյուսներին: Երեքով քչփչում են:
Անկոնքը կիսում է հասած ծիրանն ու անկորիզ կեսը մեկնում Ճաղատին: Իրար ժպտում են:
Անդոն հաշիվը բերելու նշան է անում:
Կտրանցում:

Էքս. ԽԱՉ_ու_ՓԱՉ

Կեսգիշեր: Փողոց:
Նարն արդեն հրաժեշտ է տվել ընկերներին, շրջվել, ճանապարհվում է հետ:
Գագոն կտրուկ արգելակում է, իջնում, հարձակվում է Նարի վրա, ձեռքերը հետ ոլորում ու հրում դեպի մեքենան:

ՆԱՐ (կոկորդով մեկ) – Բաց թող, ե~զ…

Անդոն վրա է հասնում, հարվածում Գագոյի կողին, միաժամանակ մյուս ձեռքով ազատում Նարին:
Սամը մեջ է ընկնում, և Անդոյի բռունցքը չի կպչում Գագոյի ծնոտին, իսկ սա, կողը բռնած, շնչակտուր, ազատ ձեռքով կախվում է բաժանողի շապիկից: Շապիկը պատռվում է:
Ակումբից դուրս եկող Երեք հաստլիկը վազում են խառնաշփոթի ուղղությամբ:
Գագոն ճողոպրում է:
Անդոն փորձում է հետևից ընկնել, բայց Սամը, ձեռքերը տարածած, թիկունքով փակում է ճանապարհը, ինչպես ֆուտբոլի ժամանակ երբեմն ոտատակ են ընկնում ու չեն թողնում վազել գնդակի հետևից:
Գագոն շտապով նստում է մեքենան, շռնդոցով շրջադարձ անում, անվտանգ հեռավորությունից, բաց պատուհանից մատը տնկում ու հաթաթա է տալիս.

ԳԱԳՈ – Ոռատուներ, բռնելու եմ հատ-հատ ծծցնեմ:

Նարը, ափերն աչքերին, պպզած է:
Սամը ձեռքը դնում է նրա ուսին, կռանում, երեսը բացում, շոյում է գլուխը, օգնում է վեր կենալ, ապա նրանք լուռ գրկում են իրար ու գրկախառնված՝ անշարժանում:
Երկինքն աստղազարդ է:
Մթնանցում:

ՀՀ

Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի համար…

Քրիստոնեական հավատքի համար պայքարը 21-րդ դարասկզբի Հայաստանում վերածվել է վհուկների որսի, որ իրականացվում է գողապետության և իրեն սպասարկող եկեղեցու կողմից` էթնիկ և կրոնական ազգայնականության շահերի համատեղմամբ:

Սահմանդրության սկզբնական տարբերակում եկեղեցին ընդհանրապես չէր հիշատակվում, իսկ նենգափոխվածում. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Առաքելական եկեղեցին բացահայտ թշնամանք է քարոզում: Ո՞վ է թշնամին. այլադավա՞նը: Ո՛չ: Դա կնշանակեր, որ մարդկության 99,99…%-ը թշնամի է: Թշնամին անաստված հայն է կամ աղանդավորը, որ հայ կոչվելու իրավունք չունի, ու որ ամենացավալին է` իր հոտի գիտակցության մեջ սրանով ամրապնդվում է «ով առաքելական չի, հայ չի» սկզբունքը:

Էթնիկ ազգայնականությունը մոնոէթնիկ երկրում ազատագրելու բան չունի, պայքարելու տեղ էլ չունի, պիտի փնտրի ու փոքրամասնության շարքերում գտնի ազգի դավաճան ներքին թշնամուն, ասենք, հեռու չգնանք` Եհովայի վկաներին: Պայքարը փոքրամասնության դեմ արդարացնելու համար, որպեսզի էնպես չլինի, որ մեծը ծեծում է փոքրին, նա ստիպված է դիվայնացնել իր զոհին, դարձնել սատանի ճուտ: Սատանան, որ կարող է լինել ջհուդամասոնը, թուրքը, անբարո Արևմուտքը և այլ հայտնի ու անհայտ հայադավ համաշխարհային չարիքի ծնող, ինչ խոսք, գտնվում է դրսի աշխարհում, բայց որ ամենակարևորն է` պետք է ներսում` Հայաստանում բռնել նրա ճտերին ու սատկացնել, որ չբազմանան:

Կրոնական ազգայնականության ուզածը հոգևոր և աշխարհիկ իշխանության սերտաճումն է, մի խոսքով` կրոնապետություն. Հայաստանի Առաքելական Հանրապետություն, ինչպես ասենք, հեռու չգնանք` հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Ներկայումս առաքելական եկեղեցին ազգային չի, ըստ սահմանման, քանի որ եկեղեցու շուրջ ձևավորված ազգ-պետություն չկա: Պատմականորեն նույնպես ազգային չի կարող համարվել, հենց միայն էն պարզ պատճառով, որ հայ թագավորների գլխի թագը, որպես կանոն, դրել է օտար նվաճողի ոտի տակ՝ հանուն հոգևոր իշխանության պահպանման զիջելով աշխարհիկ իշխանությունը հիմնականում այլադավանների, առավելապես մահմեդականների: Համազգային չի նաև զուտ հոտի թվաքանակով, քանի որ  ոչ առաքելական հայ քրիստոնեաների, ասենք` ավետարանականների և կաթոլիկների հանրագումարը շատ չի տարբերվում առաքելականներից` չհաշված, որ կան այլադավան, անգամ մահմեդական հայեր (օրինակ` համշենահայերը): Հայտնի է, որ պատմականորեն քաղքեդոնական հայերը շատ ավելի մեծ թիվ են կազմել, և հենց ինքն առաքելական եկեղեցին է ժամանակին համարվել աղանդ:

Վերջ ի վերջո, քրիստոնեությունը Հայաստանում տարածվել է հրով ու սրով: Ուրեմն հայ ժողովուրդը, թեկուզ անկազմակերպ ու հախուռն, առնվազն մեկ անգամ արյուն է թափել ոչ թե քրիստոնեության համար, այլ հակառակը` դեմ, և հայոց պատմության մեջ չկա համաժողովրդական բռնի դավանափոխության ավելի զանգվածային դեպք:

Սահմանադրությունը յուրաքանչյուր քաղաքացու տալիս է մտքի, խղճի և կրոնի ազատություն: Ուրեմն, եթե դու հայաստանցի հեթանոս հայ ես, կարմիրն իբրև քրիստոնեական հավատքի խորհրդանիշ սահմանափակում է քո դավանանքի ազատությունը, եթե քաղաքացի եզդի ես` նաև հայ ժողովրդի հարատևման պայքարը քեզ հետ անմիջականորեն կապ չունի, իսկ եթե ասորի հայաստանցի ես` հայ ժողովրդի հարատևման պայքարը հեռավոր նախաքրիստոնեական անցյալի մի կետում արյունալի կերպով բախվել է քո նախնու հետ: Բայց բոլոր հայաստանցիներին` անկախ էթնիկ ծագումից և կրոնական պատկանելությունից, կարող է միավորել քաղաքացիական պայքարը:

…Հայաստանի անկախության և ազատության համար:

Հայերի ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի սկզբին ավարտվեց մեծ ողբերգությամբ և մեկ նվիրական հաղթանակով, որի անունն է Հայաստանի առաջին հանրապետություն: Առաջինը կարճ ու վճռորոշ կյանք ունեցավ` երկու տարի:

20-րդ դարի 20 թվականին մեկ ուրիշ` ոչ թե ազատագրական, այլ դասակարգային պայքարի արդյունքում հիմնվեց Հայաստանի երկրորդ` Սովետական հանրապետությունը:

Սովետական տարիներին ազգային-ազատագրական պայքարի գաղափարն առաջ էին տանում Հայաստանը Ռուսաստանի գաղութ համարողները: Քանի որ հայ բոլշևիկները լիարժեք մասնակցել էին կոմունիզմի կառուցմանը, սովետահայերի ճնշող մեծամասնությունն իրեն ռուսի ճորտ չէր զգում:

Ներսում պայքարող փոքրաթիվ մարդիկ այլախոհներ էին՝ դիսիդենտներ: Ի դեպ, սկզբնական շրջանում դիսիդենտ նշանակել է աղանդավոր` ընդունված, պետական կրոնին չդավանող:

Ազգային-ազատագրական պայքարն ավարտվում է ազգային, ինքնիշխան պետության հիմնադրմամբ: Հայերի ազգային-ազատագրական պայքարը 21-րդ դարում մասամբ շարունակվում է, քանի դեռ Ղարաբաղը միջազգայնորեն չի ճանաչվել, իսկ բուն Հայաստանում ազգային-ազատագրական պայքար, ըստ սահմանման, չի կարող լինել: Ազատ և անկախ Հայաստանի համար հարատև պայքարը մտել է նոր` քաղաքացիական պայքարի բով:

Ես մնում եմ իմ կարծիքին. առանց հակասության չկա կյանք, առանց պայքարի` զարգացում և առաջընթաց, և ուրեմն` պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ:

Ին. ԾԽԱՆ_ի_ԾՈՒԽ

_ՄԻՋ_ԱՆՑՔ

Բանալու ձայն:
Բնակարանի մութ, նեղլիկ միջանցքի դուռը դրսից բացվում է:
Սամը ոտնաթաթերի վրա, աշխատելով չաղմկել, ներս է անցնում:

ՄԱՄ (ներսից) – Սամ, եկա՞ր:

ՍԱՄ – Երևի:

Կոշիկները հանում է:

Արթո ՞ւն ես:

ՄԱՄ – Եր-ևի~:

Հողաթափեր է հագնում:

_ԴԱՐՁ_ի_ԲԱՐՁՍ_ՅՈՒՐ

Պարզ կահավորանքով փոքր սենյակի բոլոր պատերը զբաղեցրել են գրադարակները: Ամենուրեք կանոնավոր, գեղեցիկ շարված են գրքեր` համակարգված, ինչպես գրադարանում: Սենյակի կենտրոնում դրված է միջին չափի օվալաձև սեղան, շուրջը` երկու աթոռով: Դռան հանդիպակաց պատի մոտ երկտեղանոց բազմոց կա, որի կողքի միոտանի սեղանիկի վրա անպաճույճ, շարժական գլխով լուսամփոփ է:

Մամը բազմոցին կիսապառկած կարդում է:
Լուսամփոփի լույսն ընկնում է հաստափոր գրքին:
Որդու սենյակ մտնելուն պես նա էջանշանը դնում, խնամքով փակում է գիրքը, լուսամփոփի գլուխն ուղղում դեպի առաստաղ:

ՍԱՄ – Ի՞նչ ես կարդում:

Կռանում է, մորը համբուրում:
Մամը ոտքերն իջեցնում է բազմոցից:

ՄԱՄ – Հեչ, պարտադիր ընթերցանության ցանկն ենք վերանայում: Սա արժի ներառել, վերջացնեմ` կտամ կկարդաս: Խմել ե՞ս:

ՍԱՄ – Կարդալու հավես չունեմ, պրծի` կպատմես:

ՄԱՄ – Հավես չունի (ինքն իրեն)… Գիրքը չեն պատմում, կարդում են: Ւսկ ուտելու հավես ունե՞ս:

ՍԱՄ – Չէ, կուշտ եմ:

ՄԱՄ – Նստիր:

ՍԱՄ – Հոգնած սատկում եմ, գնամ պառկեմ:

ՄԱՄ (բազմոցին տմբտմբացնելով) – Նստիր, մի երկու րոպե զրուցենք, կգնաս: (Նկատելով պատռած շապիկը, հանգիստ տոնով): Կռիվ ես արե՞լ:

Սամը նստում է բազմոցի ծայրին:
Մամն առաջ է գալիս, պատռած շապիկը շոշափում: Ձեռքը դնում է որդու ծոծրակին:

ՍԱՄ – Հավայի քաշքշոց:

ՄԱՄ – Ափսոս էր ճառագող մանուկը. զուր զոհ գնաց:

ՍԱՄ – Ոչինչ, Հարինգն էն աշխարհում շատ չի նեղվի:

ՄԱՄ – Նարեկի հետ էի՞ր:

ՍԱՄ (կտրուկ) – Չէ:

ՄԱՄ (մեղմ ափսոսանքով) – Առաջ ամեն ինչ պատմում էիր… քեզ ի՞նչ եղավ, Սամ, նեղացե՞լ ես ինձնից:

Ձեռքը դնում է գլխին, փորձում մազերի հետ խաղալ:
Սամը գլուխն ազատում է, ելնում ոտքի:

ՍԱՄ (վերևից մորը նայելով) – Անդոյի հետ էի, խմած գյադա էր, անկապ չամռվեց, ես էլ բաժանողի դերում էի: Երեք շիշ «Կիլիկիա» եմ խմել: Պը՞րծ, հարցաքննությունն ավարտվե՞ց, ազատ ե՞մ:

ՄԱՄ (նեղսրտած, բայց առանց կշտամբանքի) – Անշուշտ: (Դադար): Հասկանում եմ, չորս պատի մեջ նեղվում ես … հազար ասի` արի արվեստանոց վարձենք:

ՍԱՄ – Մամ, իսկ ես քանի՞ հազար ասի` ինձ արվեստանոց պետք չի, ես փողոցային նկարիչ եմ:

ՄԱՄ – Փողոցային նկարիչ չի նշանակում փողոցային կենսակերպ, չէ՞: Բասկիան փողոցում չէր ապրում, ես կարդացել եմ, տուն էլ ուներ, արվեստանոց էլ, ու ամեն ինչ լավ էր… Մայրն էլ նրան խրախուսում էր, քանի դեռ առողջ էր:

ՍԱՄ (հեգնական) – Լո՞ւրջ: Դե որ կարդացել ես…

ՄԱՄ (առանց հեգնանքի) – Լուրջ: Կյանքում ոչինչ չի կարող պատահել, որ մի տեղ գրված չլինի, ու հնարավոր չլինի մի տեղ կարդալ:

ՍԱՄ (ավելի հեգնական) – Կարո՞ղ ա Բենքսիի տան հասցեն էլ ես մի տեղ կարդացել, ինձ վիզ պետք ա:

ՄԱՄ (լուրջ) – Բենքսիի… (Փորձելով մտաբերել): Չէ, չեմ կարդացել, կպարզեմ` կասեմ:

Մամը ելնում է տեղից:
Մայր և որդի դեմ առ դեմ կանգնած են օվալաձև սեղանի երկու կողմերում:

ՄԱՄ – Սամ, ինձ ասելու բան չունե՞ս:

ՍԱՄ – Չէ:

ՄԱՄ (կարճ դադարից հետո) – Ես ամեն ինչ գիտեմ:

ՍԱՄ – Դե որ գիտես, էլ ի՞նչ ասեմ:

ՄԱՄ – Հա, դու իմ գրած միակ գիրքն ես, ես քո ամեն տողն ու տառն անգիր գիտեմ:

ՍԱՄ (հեգնական) – Օ~, ինչպիսի համեմատություն:

ՄԱՄ (սեղանին հենվելով) – Ես լուրջ եմ խոսում, Սամ, ինձ ասելու բան չունե՞ս:

Սամը հայացքը փախցնում է, շարժվում սեղանի կողքով:

ՄԱՄ (զուսպ) – Իզուր ես ինձանից թաքցնում: (Որդու դիմացը կտրելով): Ես հանձնաժողովում ընկերուհի ունեմ, գրավորդ հանել, նայել ենք, սևագրում ամեն ինչ ճիշտ էր գրված, մաքրագրում…

ՍԱՄ – Ինձ պետք չէր էդ տուֆտա ակադեմիան, էդ սուտի դասական արվեստը, իրականում էդ էլ չեն սովորեցնում, մենակ փչացնում են. դա ինձ կխանգարեր, մամ, չե՞ս ջոկում, ես փողոցային նկարիչ եմ… փո-ղո-ցա-յին:

Սամը գլխահակ նստում է բազմոցի եզրին:

ՄԱՄ (վերևից որդուն նայելով) – Փողոցային նկարիչը մասնագիտություն չի:

ՍԱՄ  – Մամ, խնդրում եմ, էլի, հիմա կռվելու հավես չունեմ:

ՄԱՄ – Մենք չենք կռվում, բանավիճում ենք:

ՍԱՄ (աղերսող) – Կլինի՞ վաղը բանավիճենք:

Մամը նստում է որդու կողքին, գլուխը հետ գցած՝ թիկնում բազմոցին:

ՄԱՄ (հոգոցով) – Անշուշտ:

Ամեն մեկն իր մտքերով է տարված:
Սամը շրջվում, նայում է մոր դեմքին, բռնում ձեռքերը համբուրում, գլուխը դնում է ծնկներին:
Մամը հանգիստ խաղում է որդու մազերի հետ:

ՍԱՄ – Կներես, մամ ջան:

ՄԱՄ – Բան չմնաց … Ի՞նչ եմ անելու…

ՍԱՄ – Լողի կգնաս:

ՄԱՄ (ձայնը դողում է, աչքերը լցվում են) – … երկու տարի …

ՍԱՄ – Մա~մ, երեխա չես: Մի երեք հարյուր գիրք հազիվ հասցնես կարդալ, մեկ էլ` ալե~ հո՛պ, նորից տանն եմ:

Սամը թեքվում է մեջքի վրա, գլուխը մոր ծնկներից չկտրելով, ոտքերը կախում է բազմոցի եզրից:

ՄԱՄ (մեղայական) – Սամ, գիտես, Բասկիան փողոցում գիշերել է, շատ չէ, մի երկու օր… ստվարաթղթից արկղի մեջ…

ՍԱՄ – Գիտեմ: Ասե՞մ` ինչ ենք անելու:

ՄԱՄ (ժպտալով) – Ասա:

ՍԱՄ – Գնալու ենք Սևան, ես ու դու: Անդոյին ասել եմ, մեզ մեքենայով կտանի: Լավ եմ մտածե՞լ:

Սամն ինքնագոհ ժպտում է, մորն աչքով տալիս:
Մամը կռանում ու համբուրում է որդու ճակատը:
Րաֆֆու կանաչ հատորները զգաստ շարված են:
Մթնանցում:

Շարունակությունը այստեղ
Show Comments Hide Comments

4 thoughts on Մայրենիք. Դրոշ(1)

  1. գրականությունը այն է որ բանավեճ չի բացում, էս է՝ կարդա, կարաս քննադատես, բայց բանավեճ չկա, ինչի՞ հետ բանավիճես, այստեղ օրինակ Նարի ու Զինկոմի հանդիպման հե՞տ, հանդիպել են ու վերջ: Իսկ մյուս տեքստը, հրաապրակախոսայինը բանավեճ է բերում իր հետ, օրինակ. « Էթնիկ ազգայնականությունը մոնոէթնիկ երկրում ազատագրելու բան չունի, պայքարելու տեղ էլ չունի, պիտի փնտրի ու փոքրամասնության շարքերում գտնի ազգի դավաճան ներքին թշնամուն, ասենք, հեռու չգնանք` Եհովայի վկաներին»: Ուրեմն, իրականում Եհովայի վկաները աշխարհի բազմաթիվ երկրներում են հալածվում, նաև բազմազգ, ոչ մոնոէթնիկ, ուրեմն, նրանց նկատմամբ Հայաստանում վերաբերմունքը կապված չի միայն մոնոէթնիկության հետ:
    Սա ինչու ասեցի, բանավեճը տեքստի մի կտորի հետ տարածվում ա ամբողջ տեքտի վրա, ու գրականություննն էլ դարձնում բանավեճի առարկա, այսիքն զրկում նրան գրականություն լինելուց, տեքստում հաղթում է հասարակակն գործունեությունը ու քաղաքականությունը գրականությանը:

  2. Իսկ եթե տեքստը վերածվում է հասարակական կասզմկերպության ծրագրի, ապա բանավեճը կտանեմ ավելի հեռու. ուրեմն, մի կողմից պաշտպանվում է սեռական փոքրամասնության իրավունքը, մյուս կողմից քննադտվում է 2000-ականներից սկսած Հայաստանը որպես գողապետություն և գովաբանվում նախորդ՝ տերպետրոսյանական շրջանը որպես ժողովրդավարության կղզյակ: Սակայն փոքրամասնությունների համար պատկերը այլ է, տերպետրոսյանական «կղզյակում» քրեական օրենսգրքում գործում էր արվամոլություն հոդվածը, միասեռականներին դատապարտում էին ազատազրկման, իսկ 2003 թվականից այն հանվեց և միասեռականների իրավունքների պաշտպանությունը դարձավ օրինական:
    Ապա, եհովայի վկաների վիճակը շատ ավելի դաժան էր տերպետրոսյանակնա հայաստանում, 95թվի բռնությունները, նրանց տանում էին բանակ ու ծեծում: 2003-ին ընդունվեց այլընտրանքային ծառայության մասին օրենքը, սակայն որոշ թերությունների պատճառվ չգործեց, սակայն նրանց այլևս բռնի չէին տանում բանակ կամ ծեծում, միայն դատապարտում էին ազատազրկման: Անցյալ տարի ընդունվեց այլընտրանքային ծառայության օրենքում նոր փոփոխությունները, և Եհովայի վկաները բանտերից դուրս եկան ու մեկնեցին այլընտրանքային ծառայության: Ուրեմն, եթե ժողովրդավարությունը նաև փոքրամասնությունների մասնակցությունն է հասարակակն կյանքին, ու նրանց ազատությունների պաշտպանությունը, ապա «գողապետական» շրջանը ավելի ժողովրդավար է քան «կղզյակը»:

  3. […] մտորումներն առաջացան, երբ հրապարակվեց Ինքնագիր գրական հանդեսում Արմեն Օհանյանի(Արմեն Հայաստանցի) «Մայրենիք դրոշ» վեպի […]

  4. […] 29֊ականների գաղափարախոսությունն է ներկայացնում իր «Մայրենիք դրոշ» վեպում, որտեղ դասական Սփյուռքը և ցեղասպանության […]

Leave a Reply

Your email address will not be published.