հուդա
օ՜, գրամեքենաները չեն կարող աստվածներ լինել,
հիմա, երբ գիշերը ծորում է, ինչպես լորձը կովի գանգից՝
տարածելով բույրը նուրբ կապույտ մահվան
ու ես՝ կիսով չափ սողուն, կիսով չափ թշնամի,
ծաղկում եմ ծոցում, վեր հանում քեզ որպես ողնաշար,
սերը դանակ է` կասեի, մարմինը ՝ ափսեի միս
սա իմ խելագարությունն է, իմ թողած կաշին,
մինչ տերևները չորանում են փայտերի վրա, ինչպես հիսուսներ,
ինչ տարին կրծում է խիղճը, հոգին, խնձորը
չէ, ես չեմ պարոն հուդան, պարոն փեսացուն, բայց կարող եմ
մահացու նետեր բաց թողնել բերանի աղեղից, կարող եմ
ինքս խոցվել թռչնի փոխարեն՝ կտրուկ ու հրաշալի
կապարե ձեռքը լուսնի կշրմփացնի հետույքին գիշերվա,
գիշերը կլղոզվի աչքի ապակուն ասես մառախուղ,
օ՜, ինչպես կոճղ, կոպիտ եմ ու տձև իմ գեղեցկության մեջ
փշրիր ինձ ոսպնյակիդ վրա՝ որպես ահավոր տեսարան,
գողացիր միջիս սուտը, միջիս խավարը, ոսկրերը միջիս,
պահերին, երբ կյանքը հրաշալի է բառի ամենասարսափելի իմաստով
այդժամ նորը կլինեմ, ծաղկի փոշի կամ նորից ցեխոտ շուն,
քեզ կասեմ՝ տաքացրու ինձ, վերցրու շերեփն ու խառնիր,
ամենը, ինչ դուրս կլողա, բառեր են, բառեր, խխունջի փակ տուն
վերջ՝ հրմշտոցին դարերի, ինչպես մեդուզա թափանցիկ եմ, բայց կամ,
ու, ինչպես երբեք, զգում եմ կոնքը բառի, զգում եմ,
որ կպայթեմ ծաղկի պես այսօրվա անձրևից հետո
երբ մահը՝ մատնաչափ արքայադուստր, կքնի ականջախեցու մեջ,
ու ես կսուզվեմ ձկների համր դարաշրջանի միջով՝ ծանր, ինչպես քար,
առանց աղոթք, առանց անուն ու առանց աչք
*
*
կապույտ քնի մեջ վերքի պես բացվել է միայնությունը կղզուդ,
հորինեի ամենաանցավ դեղը՝ հոգին չարտահոսեր մարմնի անցքերից,
ապրեի թարս, կրեի ինձ ինչպես վերարկու՝ ներսը դուրս շրջած
ու միայն հիմա, ես կարող եմ վայելել իմ օտարությունը կղզու դատարկ
տրամադրության վրա,
սպիտակ ու քամոտ ամպ, կարողանայիր փչել ինձ ու որպես պոեզիա անձրևեի վրադ,
սա թախծոտ եմ ասում, ոնց որ հրաժեշտը՝ ամենաիսկական ինքնաթիռ,
որ տանում է ինձ իր թևերի վրա
ես, որ կրում եմ այս երկարթև թախիծը, որ ինձ նվիրեցիր,
ես, որ միշտ հնազանդ թշնամուս մեռնում եմ ամեն օր, բայց կատվի պես շատ կյանքեր
ունեմ,
չեմ ցնցում ուսերդ, չեմ գոռում շինծու առոգանությամբ՝ ազատությո՜ւն, ազատությո՜ւն մեռյալիս
իմ չարիքն ես, իմ նախաճաշի խնձորը, սիրում եմ կծել լեզուդ, պարանոցդ, ականջդ,
սական միայն տղամարդ չեմ, ոչ էլ միայն ժանիք ու թույն,
հատկապես հիմա, երբ դանդաղ, ինչպես սև կատու, լցվում եմ գիշերվա մեջ
գրկեիր ինձ այս բարակ արևի տակ, երբ հուլիսյան սեզոնն է դեռ նոր բացող դեղին հաջողների,
երբ բառը վարակված է մահացու, մարմինը՝ կախիչից կախ,
ու սերն՝ իմ մեջ, ինպես ցավը ոսկորի
սիրերգ
վախեցիր ակնախոռոչներից բուսնած ծառերով կնոջից, որ սիգարետի ծխով
կախաղաններ է հյուսել քեզ համար,
ու անգամ երբ աթոռը սահի ոտքերիդ տակիս, ու մարմինդ ճոճվի օդում, ինչպես օդապարիկ,
ես քեզ հետ զբոսնելու կգամ ապակու պես փշրված քաղաքի մայթերով
գայլը կինն է՝ արգանդդ ներսից քեզ խժռող,
թույլ տուր քեզ հետ վազել անտառներով, որ աճել են հոգեբուժարանի պատերի վրա,
ու երազել, որ անկողինը մեզ կուլ տա ու դանդաղ մարսի կանաչ երազների մեջ
սիրտն իմ՝ ռումբ լցված մեխերով, բայց քո դիպչելուց ծովի կապույտն եմ հիշում,
ու ինձ խեղդող ալիքը դու ես, ճայն ես դու դանակի շեշտակի հարվածով միջովս անցնող,
ու բոլոր սպանող գիշերներից հետո ես քեզ մոտ եմ վերադառնում
մի կացնահարված ու երեսները մեր լողում են հոշոտող կապույտի մեջ,
մակերեսային սահքը ապրելու, կատաղությունը լեզվիս, որին բառերը չեն դիպչում,
ուզում եմ ասել՝ սերն ինչպես այսբերգն իմ մեջ, ավելի շատ չի երևում, քան երևում է
ա՜խ, պառկեինք հորիզոնական գիծին մայրամուտի, ու արևն իջներ գիլյոտինի սրությամբ,
կամ լինեինք ափ ու ալիք, շոյեինք իրար ամբողջ գիշեր,
ու երբեմն միայն՝ անթարթ, ինչպես ձուկ, կարողանայինք նայել աստղերին
լունա
կոտրված ինչպես ափսեն նախաճաշի, որ չբարձրացրի հատակից,
փակեցի աչքերս, հետո անձրևանոցը, հետո դուռը հիվանդասենյակի,
մինչ աչքերիդ սև ջրափոսերից խեղդված ջրահարսեր էին դուրս գալիս,
մահը դանդաղ էր ու սպիտակ՝ բուժքրոջ կիսախուփ աչք` թաքուն հետևող,
երբ մարմինները շարժվում են կապույտ քնի մեջ
հույսը միայն ցանկություն չէր կամ սարսափելի խոստովանություն,
նրանցից, որ պատշգամբում միայն ծխախոտիդ կարող ես պատմել,
հետո, ինչպես բառ, թքել դրա համը մոխրամանի մեջ,
դաժանորեն ծածկել մարմինը, այրել մատդ, հայհոյել սրտիդ ուզածի չափ
խաղաղություն, իմ քույր, դու ես ինձ սովորեցրել ապրել մեղքի մեջ
ու մտքերի, ու ծառի, ու շնորհակալության,
մատը, որ իջնում էր հիսուսի թռչնի չափ սլացիկ մարմնի վրայով,
հետո առավոտյան փոքրիկ հաղթանակներ, որ չափում էինք կումերով հանքային ջրի,
ու մի աղոթք ինչպես թաշկինակ ծածկում էր բերանը
ես սա եմ հիշում, մի քանի ուրիշ բան ու թռչնի դին, որի թևերը ճոճում էր երեխան,
նախ լիմոնի կտորները թրմփում էին օղու բաժակի մեջ,
վերջում դատարկ շիշը ոտքով հրեցի անողնու տակ,
իսկ առավոտյան քեզ նորից էի տեսնելու
ախ, ամենակուլ դատարկություն, պահ, երբ ամեն ինչ ցնորք է, ուղեղի հյուսվածք,
ես ատում եմ խոստովանությունը՝ թաց աչք, երբ թեքվում է հայացքը, շրխկում պատին,
վեր կենում, հեռանում,
ամբոխի մեջ հարմար է, երբ բախվում ես ուսերով, հրում ավելորդը,
մինչ վիրահատվում են օրերդ փորձառության, հիշողությունների կամ գուցի մի քիչ ավելին,
քան երբ գրում ես այդ բառերը,
որպես հիասթափության թաքուն ձևեր
մահվան եղանակ էր, մի քանի զույգ կրակված աչք, նաև ձմեռ էր, որքան հիշում եմ,
համենայն դեպս ձյուն չկար, միայն բինտերն էին սպիտակ, կարմիր, հետո էլի սպիտակ,
օ, այստեղ, մենք գիտենք հուսահատությամբ շարժել ձեռքերը,
փուլ գալ հատակն ի վար ու չհավաքվել,
մենք անփոխարինելի ենք հոժարությամբ կործանվելու մեր արվեստի մեջ
խաղաղություն, քույր իմ, փետրվարը դանակն է, որ բարձրությունից ճոճում ես
մատներիդ վրա ու բաց թողնում,
ես պատմում եմ մի լուսանկարի մասին, որտեղ է.-ն անչափ ներող է, ու մ.-ն քո աչքերն ունի,
ու կյանքը դառնահամ է, հանդիսավոր ու լիքը, ինչպես գարեջրի բաժակները,
երբ չրխկացնում ենք իրար, կենացդ
*
հիշելով այդ կարմիր օրը, երբ կյանքը, կամ ինչ էլ որ դա լիներ, դեռ դողում էր բբերի մեջ
ինչպես հայելի,
ու ծերունին, որ երկար մեզ էր նայում, ասեց. ա՜խ, այսքան երիտասարդ…
սեր իմ, տեսնես ինչ են զգում աչքերը, երբ մաշկը ճմռթվում է ոսկրերի վրա,
ոնց որ մի վատ ստիխ
միայն ամառվա գիշերային տխրությունն էր քաղցր, լուսինը չղջիկներից գլխարկ էր հագել,
ու դու ասեցիր՝ սարսափելի է քարե դղրդոցը լուսնի, դու ասեցիր,
որ այսօր բացառություն կանես,
մարմիններից բացի, հեռվում մենակության հսկա տգեղ բարդին ճոճվում էր տհաճորեն,
մեքենան դանդաղ անցնում էր դրա ստվերով՝ մեջը երկու ճակատագիր,
մենակ, սիրուն, երիտասարդ, ծնված մեռնելու համար
սխալ էր անգամ լռությունը, շրխկոցը բացվող, փակվող սրտերի, մի կոտրված փեղկ,
կամ երբ մեքենայից դուրս ես նետում մի պատռած լուսանկար, հետո քեզ,
աստված վայրի սագ է, երկար թռիչք նրա հետևից, խախտված ուղեղ, ազդր ու ծունկ,
քաղաքի վրայով, ուր ամեն ինչ կարևոր իրադարձություն է ու մահ,
ուր կնճիռները բացվում են ինչպես երրորդ աչք, հողի տակ դրանք կծաղկեն,
այստեղ մենք ծխում ենք, համբուրվում, քայլում նստարանների վրայով
սխալ էր բառը, իսկը՝ վհուկների որս, երբ մայրամուտը բացում է իր արյունոտ բերանը
ու կուլ տալիս երկրագունդը,
մի ձեռք վերջին պահին դուրս է հրում հոգին մարմնի միջից, մարմինը փուչ է, դիակ, ձախողում,
բայց մենք աճում ենք դրանց մեջ, ինչպես ջերմոցներում, ուր չկան եղանակներ
տրամադրության համար,
մի հսկա տղայիկ է անցնում մեր հստակ շարքերով՝ թռցնելով գլուխները մեր
հիշելով այդ կարմիր օրը ու հետոն, որ եկավ այնքան շեշտակի, որքան մահացու վթարը
մայրուղու վրա,
մի ծնոտ` ծուլորեն կախ ընկած, մի ուղղահայաց երակ՝ կտրված թանկարժեք վզնոց,
գեր ազնվական կնոջ պարանոցի ծալծլված շերտերի վրա,
որ արյամբ, արյամբ, արյամբ էր ցփնում
սարսափը մեր, բայց սարսափ ասելով պատկերացրու մի դիմակ, որ հագնում ենք
կարեկցանքի մեջ,
մինչ կատվային սրված աչքերը հարձակվում են դիակի վրա իրենց ողջ գիշատչությամբ
ու անհագ ծարավով
առավոտյան ոտքերն օրորվում էին ալիքների վրա, ինչպես տձև գերաններ,
ականջախեցին՝ բացվող ոստրե ջրի տակ, մեջը լիքը թաղման երաժշտություն,
ու մենք մեր խոնավ մարմինները փռեցինք ավազին՝ պատրաստ նորից ծաղկելու,
անտարբեր, ասես մահը մեր միակ ընդհանուր բնավորությունն է,
ասես ուրիշ ոչինչ երբեք չի պատահում
սեր
դու այնքան հեշտ ես բարձրանում փաթիլվող բառերի վրայով՝ անգամ երբ ձմեռ չէ, ես պատերի մեջ լսում եմ սրտիդ զարկերը, թունավոր գիշեր, գանգիս մեջ կուլ տված արևներ կան, ես ծառ եմ, որն արդեն երազներ է տեսնում քո մասին, ցավից ճաքած կեղև, դիվային է հանգստությունը կանաչի, լույսի ճառագայթը ջարդում է ոսկորս, ես գրպանիս մեջ տրորում եմ ածելու մետաղե սառնությունը, մինչ քեզնից արյունահոսում է ամենանուրբ պոեզիան, ես արյուն չունեմ, ու
քեզ հետ թեյի տերևների դանդաղությամբ հավերժություններ են բացվում բաժակիս մեջ
թիթեռային հիշողություն՝ կյանքը միայն մի եղանակ է, սենյակիս մեջ բևեռային փոթորիկներ են մոլեգնում, դրսում ծաղիկը այրվում է դժոխային կրակների մեջ, կանչող է գեղեցկությունը նրա, ես նաև օձ եմ, որ կարում է մահվան վերարկուն կոճակի անցքերով դանդաղորեն սողալիս, ագռավը կտցում է վերջին աչքը, թափված փորոտիք, անգամ ոհմակներ չկան, ամենը մոխիր է, մոխիր բառերի, բայց
քեզ հետ մամուռից ծանրացած կոպերով ես կարող եմ քնել օվկիանոսի բարձին
հրեշտակները հեռանում են թրջված ստվարաթղթե թևերով, բաժակի պես պատին փշրված լռությանը, ձայներին բարձի տակից՝ իմ երկմտող այո-ն, որ ասում եմ ժամին այս ինքնասպան երկրաշարժի, լիթիումի կարմիր հաբեր, ականջախեցու միջից դուրս է հոսում անքնությունը, պարանոցի կամարին բացված խռիկներով մահվան կապույտ շիթեր են անցնում, հսկա, ինչպես ցուլ, թող սատանան ինձ կուլ տա, ճաքած կճեպ, ճիչը ծանր ծննդի, ծնվում եմ նոր ձևի մեջ ու միայն հիմա
քեզ հետ ես զգում եմ փաթիլի թեթևությունը մատներիս բարձիկներին
տուր ինձ անանձնական պահը մոռացության, իբրև երկու կաթիլ մենք անսահման պարզ ենք ու անըմբռնելի, հիմա դու քնած ես արյանս ամեն մի բջջի վրա կամ նայում ես արևին, որ ծագում է բերանիս ճեղքից, ինչպես բարակ հորիզոն շրջապատել եմ քեզ բոլոր կողմերից, քեզ հետ եմ, երբ մենակ ես, երբ միակ ուրվագիծն ես գիշերային դատարկ փողոցի, երբ մտածում ես մահվան կամ գուցե բոլորովին այլ բաների մասին, ես սիրում եմ քեզ, ու դա իմ կոչումն է, իմ տունը, իմ դեպրեսիան
«սերը դանակ է` կասեի, մարմինը ՝ ափսեի միս» Սիրուն, շատ սիրուն տող ա…ապրես: