(ըստ Ալազանի «Օրիորդ» Օլգայի)
«Վահրամ Ալազանը ծնվել է 1903 թ. Վան քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է Արարք թաղամասի ծխական դպրոցում։ 1915 թ. աղետից հետո ընտանիքով ապաստան է գտել Երևանում։ 1918 թ. «Ուրարտու» տպարանում աշխատել է որպես գրաշար: Վահրամ Գաբուզյան ստորագրությամբ առաջին բանաստեղծությունը («Կարմիր հաղթանակ») լույս է տեսնում 1921թ., այնուհետև պարբերաբար հրապարակվում են նրա բանաստեղծությունները, պոեմները, վեպերը, պատմվածքները, ակնարկները` արդեն «Ալազան» մակագրությամբ: Մեկ տասնամյակ ծավալած գրական ակտիվ գործունեությունը Ալազանի համար ավարտվում է 18 տարվա դաժան աքսորով: 1954 թ. լրիվ արդարացվելուց հետո վերադառնում է Երևան և մինչև մահը (1966) կաթվածահար գամվում անկողնուն։ 1990 թ. լույս է տեսնում աքսորի և ստալինյան բռնաճնշումների մասին վկայող նրա «Տառապանքի ուղիներում» գիրքը»…
Ալազանի «Օրիորդ Օլգայի» մասին Արամ Պաչյանի՝ յուրահատուկ ձևավորմամբ էսսեն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ սեղմելով pdf տարբերակը աստղի վրա:
«Օրիորդ» Օլգա
/Երևան, 1925, 16 էջ/
Օրերդ
գգվանք ու շոյանք,
օրերդ –
անուշ նիրվանա.
շաքարի պես քաղցր օրերդ
հիշո՞ւմ ես,
գնացին,
էլ չեկան:
Օրերը –
որ գիտեին քեզ բերել
գուրգուրանք,
արբեցում,
ու «սեր»,
և ոսկի ասպետներ փառքի
որոնք գիտեին շանտանում –
մերկությունը քո –
լիզել:
***
Իսկ ինձ –
օրերն այն –
խարազան,
օրերը –
երկաթե ապտակ,
քեզ համբույր ձոնող օրերը –
ինձ համար մահու գերեզման:
Օրերը
«սերդ» խնկարկող,
օրերը –
շահերիդ գիտակ,
օրերը –
որ գիտեին բերել
շվայտանք քեզ ամեն տեսակ –
իմ կոկորդ կտրող սրերին –
օրերն այն –
յուղոտ հեսան:
Օրերը –
քեզ համար –
հարսանիք,
ինձ համար
մահ
ու մահերգ,
քեզ համար –
ցոփություն հաճելի,
ինձ –
տանջանք,
արնոտում
ու վերք:
Հիշո՞ւմ ես
օրերում այդ
վայելքիդ կառքին հսկա,
ինձ լծած –
երբ քշում էին,
իմ ուժին ամուր նստած,
հեշտանքով դու շոյվում էիր:
Քեզ «սիրող» ասպետի մտրակ,
երբ իջներ կորացած մեջքիս,-
գիտեիր աներես ժպտալ,
ու փարվել նրան լպիրշ:
2
«Օրիորդ» Օլգա,
օրերն այն –
քեզ կատվի պես շոյող –
գնացին անդարձ,
չկան էլ հիմա նրանք,
չկան և գանգերը ծեր –
մերկությանդ փառքը ծնրադրող:
***
Հիմա –
ես եմ դեմդ հաղթական,
տեսնում ես.
ուրիշ հազարներն ինձ պես,-
որ կյանքն են կերտում մեր բազկով,
որ կերտել ենք երեկ,
(հիշո՞ւմ ես
երբ շանտանում դու շոյվում էիր),
կերտում ենք այսօր,
կերտելու ենք և վաղը:
Հիմա
«Օրիորդ» Օլգա,
երբ, նրանք գնացին,
էլ չեկան,
էլ չկան քեզ համար:
երբ կյանքը
ինձ է ծիծաղում. –
դու էլ –
ծիծաղուն.-
հելել, դեմս ես կանգնել,
նորից ներկել ես այտերդ,
շուրթերդ,
ցցել ես կուրծքդ խայտացող,
«սեր տածող» աչքերդ
հառել ես,
մոռացել ես կարծես երեկդ,
հինդ,
ու ասում –
«առ,
գնիր,
գրկիր ինձ»:
Հա~յ, հո~ւյ,
«Օրիորդ» Օլգա –
սխալվե~լ ես,
իմ սրտում –
քեզ համար տեղ չկա~~~…
3
տեսնում ես,
դեմդ –
եռանդից հեռացող սրտով կոմյերիտ աղջիկը,
նա –
որ կռան է խփում ինձ հետ,
որ վարում է ինձ հետ հերկը,
նա –
որի այտերը –
ներկ չունեն,
ծամված չեն,
ծախու չեն,
որի շուրթերը –
քամված չեն,
ու մարմինը մերկ –
երբեք հրապարակ բերված չէ,
ողջակեզ դառնալու –
դրամի,
կրքի:
Ահա, նրան եմ ես սիրում:
***
Նրա հետ
մենք կերտում ենք կյանքը,
նրա հետ –
տանում ենք դրոշը ԿՅԵՄ–ի
նրա հետ –
օրերն ենք վարում:
գարուն է դեռ կյանքը մեր,
դեռ կյանքը –
առավոտ արևառ:
իսկ վաղը –
կեսօրի լույսերի հեղեղում,
կառուցվող օրերում հաղթական,-
հասունացած զինվորներ Կոմկուսի,
մեր ուսին կառնենք կյանքը,
ծանրությունը նրա ողջ,
անհաղորդ կտանենք առաջ:
Իսկ դու –
«Օրիորդ» Օլգա,
կմնաս մեր ճամփին –
ոնց փոշոտ,
մոռացված մի քար:
4
«Օրիորդ» Օլգա –
ուզում ես, շորորա դեռ,
օրորա –
բուրմունք խնկարկելով,
դեռ ներկիր կաշիդ ծախու
ու սպասիր –
գուցե հետ գան օրերը քառթու:
Սակայն –
օրերն այն փաղաքշող,
էլ չեն գա,
էլ «սեր» չեն բերի,
շաքար չեն բերի,
շոկոլադ չեն բերի,
էլ շոյանք ու տռփանք չեն բերի –
քեզ:
***
Դժվար –
էլ իմ քրտինքով,
դու ներկես կաշիդ փափուկ,
դժվար թե խաբես դու ինձ –
աչքերիդ փայլով ծախու:
դժվար թե մեկը մեզնից –
շուրթերիդ թույնը ըմպի,
դժվար թե, ներկած այտերիդ –
կոշտացած մի շրթունք հպի:
դժվար,
էլ լինես «ուրախ»
ծիծաղուն,
ինչպես երեկ,
դժվար էլ օրերը կորած,
հետ դառնան
ու քեզ գտնեն:
դժվար –
էլ լինի խնջույք
ճոխության լեցուն սեղան,-
ուր հորդեն –
«սերն»
ու գինին,
և հազար պսակներ տեղան –
մեռնող փառքիդ բագինին:
5
Հ՞ը
մռայլվեցի՞ր,
Օլգա,
դժվար է քեզ,
չէ՞,
իսկ ինձ–
հեշտ,
հաճելի:
հեշտ –
ինչպես քեզ,
երբ երեկ –
արնիս մեջ,-
քրտինքիս գնով,
տանջանքիս գնով,-
դու գնվում էիր
Այնպե~ս հեշտ:
6
«Օրիորդ» Օլգա,
այսպես են օրերը հիմա,
օրերը
քեզ խորթ,
«Թշնամի»:
***
Oլգա,
պարտված Օլգա,
եթե ուզում ես ապրել դեռ,
լինել ուրախ,
ու սիրվել դեռ,-
առ,
կապույտ շապիկս քեզ
հագիր,
մտիր բանակը մեր
ու բանիր:
Թե չէ,
թե չգաս,
չբանես մեզ հետ,
մեզ մոտ,
կոշտ վրձինով աշխատանքի –
չներկես այտերդ քրտինքով.
խույս տաս –
մրից,
հրից,
(նորից հին օրերիդ սպասես) –
թշվա~ռ
կմեռնես մենակ
ու անօգ
և մի թև իսկ չի լինի
դագաղդ տանող
Օլգա !
1925թ. փետրվար