Նախորդ մասը՝ այստեղ

ԴՐՈՇԱՁՈՂ

ՀՀ

Ես մնում եմ օրենքի տառին հավատարիմ, ոգուն` դիմադրող:

Օրենքը դրոշաձողի խորհուրդը չի սահմանում, միայն սահմանափակում է եռագույնի ու դրոշաձողի երկարությունների հարաբերությունը, որ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:

Ժողովուրդը դրոշաձողին ասում է կոթ:

ԿՈԹԸ

Նրանք վեցն էին:

ԱՌԱՋՒՆԸ Գնդապետն էր: Նրան միանգամից ճանաչեցի, մնացածին` հաջորդաբար, պատկերավոր ասած` տեղը բերեցի:

Մեր զորամասում, այսպես կոչված, «նայող» չկար, և ոչ էլ գողական բարքերն էին խորապես արմատացած, փոխարենը գողականն ու ռազմականը խիստ սերտաճած էին: Թեև, կային «լավ տղերք», որ հարցեր էին լուծում, այդուհանդերձ գերագույն «Օրենքով գողն ու նայողը» զորամասի հրամանատարն էր` Գնդապետը: Զորամասը մի մեծ ստվերային շուկա էր, որի օրական շրջանառությունը հայտնի էր միայն նրան: Առանց Գնդապետի թողտվության կամ նրան բաժին հանելու  ոչ ոք չէր համարձակվի անգամ մի լուցկու չոփ յուրացնել: Կոթը շրջանցել էր հենց այդ չգրված օրենքը:

Գնդապետը գինվորին անհարկի չէր պատժում, սակայն կարգազանցներին պարբերաբար, պատկերավոր ասած, շանսատակ էր անում: Ցուցադրաբար, զորքի աչքի առաջ ծեծում էր նաև սպաներին վախի մթնոլորտը կայուն ծանր վիճակում պահելու նպատակով: Մենք շատ ավելի դաժան հաշվեհարդարների էինք ականատես եղել, այդ իսկ պատճառով հետկեսօրին Կոթի ծնոտին հասցված միանվագ ուժգին հարվածը, թերևս ոչ մեկիս կողմից չընկալվեց որպես առանձնակի դաժանության դրսևորում կամ արտառոց միջադեպի նախանշան:

ԵՐԿՐՈՐԴԸ Գնդապետի ստվերն էր` սպառազինության գծով տեղակալը:

Բոլորս գիտեինք, որ վառելիքը, հատկապես զրահատեխնիկայի համար նախատեսվածը, Գնդապետի ապօրինի եկամտի հիմնական աղբյուրն էր: Զորավարժություններ էին անում, զրահատեխնիկան տեղից չէր շարժվում, մինչդեռ տոննայով վառելիք էր դուրս գրվում: Մի մասը վաճառում էին, մյուս մասով լիցքավորում էին Գնդապետի ցորենի արտերում վարուցանք անող տրակտորներն ու կոմբայնները: Գողացվում էր նաև մեքենաների բենզինը: Վազքի ցուցիչը հեշտությամբ առաջ էին տալիս: Նույնիսկ դիրքերում տեղադրված վառարանների համար նախատեսված նավթը ստիպված էինք լինում խնայողաբար օգտագործել: Այսքանի մեջ Կոթի յուրացրածը ծովում մի կաթիլ էր` ընդամենը քսան լիտր բենզին:

ԵՐՐՈՐԴԸ պարենային ծառայության գերաճած պետն էր:

Նրան գիշերվա խավարի մեջ առավել հեշտությամբ ճանաչեցի, քանզի զորամասում այդքան ճարպոտ ուրիշ մեկը չկար:

Ինչ ճիշտն է` ճիշտը, սոված չէինք մնում, սակայն կուշտ փորով հաց էինք ուտում բացառապես ստուգայցի օրերին, երբ պարզ էր դառնում, որ կարող էինք անհամեմատ ավելի լավ սնվել: Զինվորի բերանից կտրած երշիկեղենը, խտացրած կաթը, պահածոները, կարագը, պանիրը, բնական հյութերը «տակից» վաճառվում էին մոտակա ավանի ամենամեծ մթերային խանութում: Որոշ ապրանքների վրայի «ՊՆ» պիտակները գնորդներին չէին կաշկանդում. սպառում էին շուկայականից էժան գնի պատճառով: Զորամասի աշխատակիցները, հարկավ, պետի իմացությամբ պարենը կրած տանում էին նաև իրենց տները, իսկ շուտ փչացող սննդամթերքը` միրգն ու բանջարեղենը, և հատկապես սննդի մեծաքանակ մնացորդը ճանապարհվում էր ուղիղ Գնդապետի խոզաբուծարան:

ՉՈՐՐՈՐԴԸ Գնդապետի անձնական վարորդն էր:

Զինուժը ձրի աշխատուժ էր: Զինվորներ կային, որ ազատված էին բանակային առօրյայի «ծանր» պարտականություններից, որովհետև սպասարկում էին Գնդապետի անձնական բիզնես շահերն ու ընտանիքի կարիքները: Գյուղացի տղաների մի փոքր ջոկատ արտերն ու այգիներն էր մշակում, երկուսը խոզաբուծարանին էին հետևում, ձեռքից շնորքով մի քանիսը տունուտեղն էին կարգի բերում, շինարարական աշխատանքներ էին կատարում, գրագետ մեկը երեխաներին դաս էր տալիս, անգլերեն ու համակարգչային հմտություններ էր սովորեցնում, նույնիսկ խոհարար էին տանը պահում, որ քաղաքացիական կյանքում չինական ռեստորանում էր աշխատել: Տղաները չէին դժգոհում, իրենց ամենևին շահագործված չէին զգում, ընդհակառակը` համարում էին, որ մյուս ծառայակիցների համեմատ արտոնյալ են, իսկ ամենաարտոնյալը, անտարակույս, հրամանատարի վարորդն էր: Նիհար, երկարահասակ տիպ էր: Ասում էին, թե բարձր պաշտոնյայի զարմիկ էր: Բացառապես «լավերի» հետ էր շփվում, շտաբի շենքում առանձին սենյակ ուներ: Զորքի հետ ոչ ճաշում էր, ոչ քնում: Երկարավուն ստվերը մատնեց նրան, վստահաբար, չորրորդն ինքն էր:

ՀԻՆԳԵՐՈՐԴԸ  Գնդապետի մյուս տեղական էլ` ԱՀՏԱ գծով:

Նա ցածրահասակ, ծայրաստիճան արագաշարժ մեկն էր, որ համատեղությամբ նաև կաշառքի գծով էր տեղակալում, կարգավորում էր կանխիկի շրջանառությունը: Ստվերի կտրուկ շարժուձևն ու կարճ հասակը կասկածներս փարատեցին. հաստատապես հինգերորդն ինքն էր:

Վեց ամիսը մեկ հավելյալ եկամտի աղբյուր էր բացվում, երբ նորակոչիկներին բաշխում էին ըստ վաշտերի: Բոլորին հայտնի էր, այսպես կոչված, «էլիտար» վաշտերի գնացուցակը: «էլիտար» էին համարվում կապի, մոտոհրաձգային, նռնականետային և մյուս այն վաշտերը, որտեղ պարբերական հերթապահություն առաջնագծում չէր ենթադրվում, պատկերավոր ասած, զինվորը քնում էր շառից-փորձանքից հեռու: Կայուն միջին եկամուտ էր ապահովում նաև «Կաշառք` արձակուրդի դիմաց» ծրագիրը, որտեղ գործում էր ճկուն զեղջային համակարգ:

ԱՀՏԱ գծով տեղակալն աչքի էր ընկնում որպես ընտանիքի նվիրյալ հայր: Նա իր երկու փեսաներին, որ բնավ զինվորական չէին, զորամասում տեղավորել էր աշխատանքի: Փոքրը զորամասի խանութպանն էր, մեծը՝ վճարովի ճաշարանի գործատերը: Մեր գրպանում կանխիկ գումար երկու օրից ավելի չէր մնում: Թեպետ զինվորի ամսական աշխատավարձը հաշվապահն անձամբ, առձեռն փոխանցում էր բոլորիս, այդուհանդերձ հաջորդող մոտակա օրերի ընթացքում զորամասի ներսի խանութից, ուր համատարած կրկնակի բարձր գներ էին, պարտավոր էինք առնվազն ստացված գումարի չափով առևտուր անել: Ամենևին էական չէր հիգիենայի պարագա, ծխախոտ, թե քաղցրավենիք կգնեիր, կարևորը գրանցատետրում անվանդ դիմաց դրվող խաչն ապահովելն էր, այլապես լուրջ խնդիրներ կունենայիր: Ապառիկ վաճառքի սկզբունքը լայնորեն կիրառվում էր թե՛ զորամասի խանութում, թե՛ ճաշարանում: Թեև վճարովի ճաշարանը նախատեսված  էր սպայակազմի համար, այնուամենայնիվ, շարքայիններին նույնպես չէին զլանում սպասարկել, պատկերավոր ասած՝ փողին մուննաթ:

ՎԵՑԵՐՈՐԴԸ  բուժծառայության պետն էր:

Սկզբում մյուսների հետ չէր, այնուհետև գիշերվա խավարից վազելով հայտնվեց ու սկսեց իր ճղճղան ձայնով հրահանգներ տալ: Ձայնը մատնեց տիրոջ ով լինելը:

Սա էլ թանկանոց դեղորայքը, որ բուժկետի օղակում չէր իրացվում, հանում էր հաշվառումից, վաճառքի տալիս ավանի միակ դեղատանը: Ըստ հավաստի աղբյուրների՝ դեղատունը նրա և Գնդապետի համասեփականությունն էր` գրանցված երրորդ անձի անունով: Ասաց` «Մեռել ա»: Երբ Գնդապետի հայհոյանքների տարափը դադարեց, մեկ անգամ ևս ճղճղաց. «Հաստատ, մեռած ա»:

Նրանք վեցն էին` Գնդապետը և իր մերձավոր, հանցավոր շրջապատը: Ինձ համար այդ խավար գիշերվա պես մութ մնաց, թե ինչու, սակայն, փաստը մնում է փաստ, որ հենց նրանք Կոթի անշնչացած մարմինը մթության քողի ներքո գցեցին վառելիքի հսկա չաներից մեկն ու հեռացան:

Ին./Էքս. ՀՀ

Գարուն-Երևան:

_ԵԼՔԻ_ի_ՄՈՏ

Հաստլիկների եռյակը զբոսնելով իջնում է Հյուսիսային պողոտայով: Երեքի ձեռքին էլ նեղլիկ պատյաններ կան: Հագնված են զուսպ:
Անվասայլակով մի մուրացկան (այսուհետ` Մուրացկան) բռում պահած մետաղադրամը հաշվում է, լցնում գոգի արկղը, դատարկված ափն առաջ պարզում:
Հասնելով Մուրացկանին` Երեք հաստլիկը կանգ են առնում, պատյաններից հանում դուդուկները և սկսում նվագել:
Հնչում է դուդուկների անզուգական տրիո:

_ՀԱՅ_ԵԼ_ու_ԱՌԱՋ

Անդոն, բաղնիքի հայելու առաջ մերկ կանգնած, սափրում է մորուքը:

_ԾԻՐԱՆ_ի_ԾԱՌ

Մամը բաց ճակատով ու գլխիկոր քայլում է գերեզմանատան ճանապարհով դեպի մենավոր ծաղկած ծիրանին: Հեռվից նկատում է, որ Սամի շիրմին մարդ կա:
Նարը ծիրանի ճյուղ է դնում երկաթակուռ խաչի տակ, որի կենտրոնում` քարե ակին ծեծած է Սամի դիմանկարը:
Խաչի պատվանդանին փորագրված է. «Սամվել Արծրունի 1994-2012»:
Մամը մի ձեռքով հենվում է ծիրանենու բնին ու նայում հեռուներին:

_ԱՌ_ԵՐԵՍ

Զինկոմը, գլուխը բռնած, նստած է իր աշխատասենյակում:
Նա բարձրացնում է գլուխը, աղերսող հայացքով նայում առաստաղին: Ձեռքերն անշարժացել են սեղանին, որին թուղթ ու գրիչ կա:
Դողացող ձեռքով ստորագրում է:
Գրիչը շպրտում, բռունցքով հարվածում է սեղանին, կաշեպատ աթոռը պտտելով շուռ է գալիս, ինչպես «Ձայն» նախագծի կույր լսումներին:
Սպարապետը ժպտում է:

_ՆՈՐ_ա_ՄՈՒՏ

Գագոն նստած է բանտախցում, նառի եզրին:
Նկատում է, թե ինչպես է բանտակիցներից մեկը թաքուն շոյում մյուսի հետույքը: Հայացքը փախցնում է, բթամատով ուժգին առաջ մղում թզբեհի հերթական հատիկը, և թելը կտրվում է:
Սրբապատկերներով հատիկները գլորվում են ցած:

_ԽԱՉ_ի_ՄՈՏ

Նարը ձեռքերով փոքրիկ փոս է անում Խաչի մոտ:
Ծնկաչոք, վզից հանում է աչքի ուլունքը, դնում փոսի մեջ, հողով ծածկում:
Չորեքթաթ ձգվում, համբուրում է Սամի նկարը, ապա էմբրիոնի դիրքով պառկում շիրմին, փակում աչքերը:

_ԾԱՌՆ_ի_ԾՆԿԻ

Մամը գրկում է ծիրանի բունը, ճակատը հենում կեղևին ու փակում աչքերը:
Մրջյունները վազվզում են բնի վրայով:

_ԴԱՐՁ_ի_ՇԱՐՍ_ՅՈՒՐ

Զինկոմը քնել է` գլուխն աշխատասեղանին:
Լուսանկարից ժպտացող Սպարապետը փակում է աչքերը:

_ԴԱՐՁ_ի_ԲԱՐՁՍ_ՅՈՒՐ

Գագոն կուչ եկած քնել է նառին:
Հատակով մեկ ցրված թզբեհի հատիկներին նկարված սրբերը հերթով փակում են իրենց աչքերը:

_ՋՐՈՑ_ի

Անդոն անշարժ ընկղմվել է պռնկեպռունկ լցված լոգարանի մեջ: Քիթուբերանից պղպջակներ են դուրս գալիս: Երբ վերջին փոքր պղպջակն է դուրս գալիս քթանցքից, աչքերը փակում է:

ԾԱՌՆ_ի_ԽՆԿԻ

Քարե ակին ծեծած լուսանկարից Սամն աչքով է անում: Մի աչքը փակվում է, մյուսը` բաց մնում: Դեմքին` գոհունակ, ծուռ ժպիտ:

_ ԱՓ_ի_ՄՈՏ

Դուդուկները լռում են:
Մուրացկանը պլշած նայում է մի քանի թղթադրամով ու առատ մանրադրամով լիուլի լցված արկղին: Բերանը զարմանքից բաց է մնում` ի ցույց դնելով թափված ատամնաշարը:

_ ԴԱՐՁ_ի_ՇՐՋԱՆՍ_ՅՈՒՐ

Անդոն գլուխը հանում է ջրի տակից, խոր շունչ քաշում: Դեմքը պայծառացած է, ասես լոգարանից դուրս ցատկող Արքիմեդը լինի, որ հիմա պիտի բացականչի` «Էվրիկա~», բայց նա ասում է մի ուրիշ բառ.

ԱՆԴՈ – Մակարդակ:

Ջրից մորեմերկ ելնում, հասակով մեկ կանգնում է տաք բաղնիքի գոլորշիների մեջ:
Լուսանցում:

ՀՀ

Հայկական բանակը երկու հանրապետության` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միավորում է: Ինչո՞ւ: Հենց միայն էն պարզ պատճառով, որ շատ հայաստանցիներ իրենց պարտադիր ժամկետային զինծառայությունն անցնում են միջազգայնորեն չճանաչված հայկական երկրորդ պետության տարածքում: Ղարաբաղի զորամասերում ծածանվում են թե՛ Հայաստանի և թե՛ Ղարաբաղի դրոշները, հնչում երկու երկրի օրհներգ, իսկ զինվորական ողջույնը տրվում է առանց պետության անվան հիշատակման` «ծառայում եմ հայրենիքիս»:

Հարց է ծագում. Ղարաբաղում ծառայող հայաստանցի զինվորը ո՞ր երկրին է ծառայում:

Հայտնի է, որ Ղարաբաղում զոհվածների դագաղը ծածկում են ԼՂՀ դրոշով, իսկ Հայաստանում զոհվածներինը` ՀՀ: Զոհված զինծառայողին հարգանքի տուրք է մատուցվում օրենքով սահմանված կարգով. դին ու դագաղը ծածկվում են դրոշով, իսկ աճյունը հողին հանձնելուց առաջ դրոշը փոխանցվում է հարազատներին: Նման հետմահու պատվի կառավարությունն արժանացնում է փոքրաթիվ հերոսների:

Ամենատարբեր հաշվարկներով  94-ից առ 2012 թվականները հրադադարի խախտման հետևանքով զոհվածները չեն գերազանցում ընդհանուր մահացությունների մեկ քառորդը: Պաշտոնական վիճակագրությունը համարվում է ռազմական գաղտնիք և չի հրապարակվում: Բանակը շարունակում է մնալ Հայաստանի Պանդորայի արկղը, բայց մահվան ելքով դեպքերի մեծ մասը ՊՆ-ն ներկայացնում է իբրև ինքնասպանության, հիվանդության, դժբախտ պատահարի հետևանք: Ուրեմն պետությունը, որպես կանոն, հարգանքի տուրք չի մատուցում իր մահացած զինվորին, շոշափելի նյութական կամ զուտ բարոյական որևէ փոխհատուցում չի տրամադրում հարազատներին, ինքնասպանություն կամ դժբախտ պատահար որակելով` պարտակում է քրեական հանցագործություններ, իսկ որ ամենացավալին է` շարքայինին դարձնում է զոհ, ոչ թե հերոս:

Ին. ՄԻՋ_ԱՆՑՔ

Տղամարդու կոշիկներ:
Անդոն վճռականորեն քայլում է երկար, լուսավոր միջանցքով դեպի կաշեպատ, երկփեղկ դուռը:
Հասնելով դռանը՝ մի ակնթարթ կանգ է առնում, բայց չի շրջվում:
Հեռանցում: Միջանցքի մյուս ծայրին ոչ ոք չկա:
Դռան չխկոց:
Ամբողջ տարածքը գրաված, փակ, կաշեպատ դռներին ոչինչ չի գրվում:

ՀՀ

Ենթադրենք, վաղն առավոտ բոլոր հայաստանցիներն արթնանում են անզեն Հայաստանում, որտեղ հրաժարվել են բանակ պահելու թանկ հաճույքից և խնայած միջոցներն ուղղել կրթությանն ու գիտությանը:

Հարց է ծագում. Ինչպե՞ս է Հայաստանն ինքնուրույն պաշտպանվելու հեռու-մոտիկ ոխերիմ բարեկամների և կամ հարազատ թշնամիների հնարավոր ռազմական գրոհներից:

Աշխարհի զինաթափումը հրաշալի գաղափար է, որ իրագործելի կլինի միմիայն մեծի ու փոքրի, ուժեղի ու թույլի միջև գործնականում հաստատված հավասարության դեպքում, մի խոսքով, ժողովրդավարական աշխարհակարգի վերջնական հաղթանակից հետո: Հայաստանը կարող է նպաստել էդ հաղթանակին ոչ թե զինաթափվելով, այլ ժողովրդավարացվելով:

Դեմոկրատական արժեհամակարգում փոքրամասնությունը պաշտպանված է: Եթե անգամ դեմոկրատիա չլիներ, արժեր, որ հայերը հորինեին ու հավատային դրա իդեալին: Բայց հայ պահպանողականին դեմոկրատիայի համը դուր չեկավ. էն առակի աղվեսի պես, որի դունչը խաղողին չի հասնում, ու ասում է` խակ է:

– Դեմոկրատիա չկա,- կասեն ընտրակեղծարարները: Իհարկե` չկա, ըստ սահմանման չկա, քանի որ դեմոկրատիան իդեալ է: Վերջ ի վերջո, աթեիստն էլ կարող է պնդել, որ Աստված չկա:

Մյուս տարբերակը. դեմոկրատիա կա, բայց արդյունավետ չի, քանի որ ճշմարտությունը հասու է քչերին, իսկ խավարամիտ մեծամասնությունը չի կարող գիտակցել իրական պետական շահը: Մնում է պարզել նման դատողությունն ինքնին լուսավո՞ր մտքի ծնունդ է, թե՞ խավարամտության:

Ո՞րն է շարքային հայաստանցու երազած Հայաստանը: Խաղաղ լինի` սահմանին զոհ չլինի, գործ լինի` ձեռքը փող լինի, առողջություն լինի` աշխատածը դեղի չտա, դատարաններում արդարություն լինի, կանաչը շատ լինի, երեխեքը խաղալու տեղ ունենան, երկիրը երկիր լինի…

Շարքային հայաստանցու «երկիրը՝ երկիր» երազանքը սահմանված է մայր օրենքով, որտեղ սևով սպիտակին գրված է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Ին. ԶԻՆԿՈՄ_ի_ՍԱՐ_ի_ՄՈՏ

Ընդարձակ, լուսավոր աշխատասենյակում ոչինչ չի փոխվել: Սպարապետի ժպտացող լուսանկարը, պատի դրոշն ու զինանշանն իրենց տեղերում են:

Սեղանի գլխին նստած է փոխգնդապետի համազգեստով Զինկոմը:

ԱՆԴՈ – Բարև ձեզ, կանչել ե՞ք:
ԶԻՆԿՈՄ – Հա՛, արի, Անդրանիկ ջան: Պայմանագիրդ` կնքած-ստորագրած, սեղանիս է: Նստիր:

Զինկոմը տեղից վեր է կենում, ընդառաջ գալով՝ սեղմում Անդոյի ձեռքը:

ԱՆԴՈ – Ճիշտն ասած, շտապում եմ: Տվեք` գնամ:
ԶԻՆԿՈՄ – Աթոռը քաշի նստի, մի երկու րոպե զրուցենք, կգնաս:
ԱՆԴՈ (նստելիս կեսկատակ) – Լսում եմ, պարոն փոխգնդապետ:
ԶԻՆԿՈՄ – Ի՞նչ կխմես:
ԱՆԴՈ – Ջուր:
ԶԻՆԿՈՄ – Գազո՞վ, թե՞ առանց:
ԱՆԴՈ – Սովորական սառը ջուր:

ԶԻՆԿՈՄ (ներքին ձայնային կապով) – Մի երկու շիշ սառը ջուր բեր, մեկ էլ… չէ` լավ, մենակ ջուր:

Կապն անջատում, խորիմաստ ժպտալով նայում է Անդոյին, դեմքին`անթաքույց հիացմունք:

Քեզ տեսնում ու համոզվում եմ, որ էս տրճեից դեռ պինդ ու հաստատուն տղերք են ծնվում, ուրեմն արգանդը դեռ չի չորացել:

ԱՆԴՈ (տարակուսած) – Տրճեն ո՞վ է:
ԶԻՆԿՈՄ – Հը~մ, հողը, Անդրանիկ ջան, մեր մայր հողը: Հա՛, մարդու չնման՝ մարդու չհավան տրճե կնկա նման: Դու տես, է, ի~նչ պինդ ու համբերատար տղամարդկանց ցեղ էր պետք, որ սեփական ճակատագրի հետ քյալլա տալով էդ սև տրճեից բազմաբեղուն ծննդկան շիներ և, որ իրենց նման պինդ ու հաստատուն սերունդներ տային աշխարհին:
ԱՆԴՈ – Թե մի բան փոխենք, մե՛նք ենք փոխելու:
ԶԻՆԿՈՄ – Մենք` ո՞վ:
ԱՆԴՈ – Անկախության սերունդը:
ԶԻՆԿՈՄ (գլխով համաձայնվելով) – Հը~մ: Անկախության սերունդը: Քո պես բոյ-բուսաթով երեք տղա էլ ես եմ տվել անկախ Հայաստանին: Մեծերս ծառայած են, կհավատա՞ս՝ ոչ ոք չի իմացել, որ իմոնք են, ոնց բոլորը` էնպես էլ իրենք: Փոքրիս էլ ռազմական եմ տվել, գոնե էդ մեկն իմ ճամփով գնա… (Դադար): Դու եղբայր, քույր ունե՞ս:
ԱՆԴՈ – Քույր ունեմ, քեռի եմ արդեն:
ԶԻՆԿՈՄ – Աստված պահի: Մի ուշացրեք, ա՛յ մարդ, ընտանիք կազմեք, սերունդ տվեք: Ո՞ւմ համար ենք էսքան արյուն թափել, հը՞: Հայի արյան կարմիր գնդիկներն են ընտանիքները: Դու տես, է, մեծ գաղթի ճամփին, վրաններում ծվարած, գարնանը սպասելիս երեք-չորս ամիս շնչելու ժամանակ են ունեցել ու հարսանիքներ են արել, ընտանիքներ են ստեղծել տնաշենները: Հիմա կյանքն առատ, ընտրության հնարավորությունը` մեծ: Ո՞ւմ եք սպասում, հը՞: Մարդ էլ երեք տղի տեր լինի, աչքը թոռան կարոտ մնա, հը՞: (Դադար): Նշանած ունե՞ս:
ԱՆԴՈ – Հա, մի տրճեն կա:
ԶԻՆԿՈՄ (հումորը չընկալելով) – Հը~մ, ընտանիքից է սկսվում երկիրը… պետությունը: Հարյուրավոր տարիներ պետականությունը կորցրած հայի ամեն մի ընտանիք, մի-մի փոքր պետություն էր` իր թագավորով, մեծ ու փոքրով, օրենքներով ու ավանդություններով: Երևի էդ պատճառով է նաև, որ մեկ միակ թագավորի հարցում շատ նախանձախնդիր ենք եղել, ոչ անկառավարելի, այլ նախանձախնդիր, մեզ արժան թագավորի կարոտ:

Կինը ներս է գալիս՝ սկուտեղին երեք շիշ «Նոյ», երկու բաժակ:  Դնում է սեղանին:

ԿԻՆ – Ուրիշ բան պետք չի՞:
ԶԻՆԿՈՄ – ՉԷ, ազատ ես:

Կրունկների կտկտոց, դռան չխկոց:
Զինկոմը ջուր է լցնում նախ՝ Անդոյին, հետո` իրեն:

ԶԻՆԿՈՄ – Խմելու հետ ո՞նց ես:
ԱՆԴՈ – Հազարից մեկ, առիթից առիթ:
ԶԻՆԿՈՄ – Հը~մ, ես էլ առիթ եղավ, բաց չեմ թողի` կխմեմ, սեր ունեմ, բայց գործի մեջ` ոչ մի կաթիլ: Դե՛, Անդրանիկ ջան, օղի չի, բայց մեր հայրենիքի զուլալ ջրով էլ կլինի, հը՞: (Հոտնկայս, ջրով բաժակ բարձրացնելով, հանդիսավոր տոնով): Բարո՛վ եկար, ավելի ճիշտ` վերադարձար հայկական բանակ: Բանակը խառնարան է. ամեն տեղից, ամեն տեսակ մարդ կա, ոնց որ Նոյյան տապանը` առանց էգերի: Ուրեմն բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, ազգի լավն ու վատը բանակում պարզ երևում է: Հայության հավաքական կերպարն է բանակը, մեր պատասխանատվությունը, մեր պատմության վերագնահատումը, հայացքը ապագային: Բարով ծառայես, մեր քաջ Անդրանիկին արժանի ադաշ լինես, անվանդ խորհուրդը բարձր պահես:

Անդոն առանց խանդավառության ոտքի է ելնում, բաժակները չխկացնում են, հոտնկայս խմում:

ԱՆԴՈ – Անուշ լինի: Կաշխատեմ, մենակ Օզանյանի բախտին չարժանանամ, երեք անգամ չվերաթաղվեմ: (Դադար): Գիտեք «օզան» ի՞նչ է նշանակում:
ԶԻՆԿՈՄ (ասես չի լսել) – Հը՞:
ԱՆԴՈ – Թուրքերեն` բանաստեղծ:
ԶԻՆԿՈՄ (առանց պաթոսի) – Թուրքը մի բան չի, բայց լավ խոսք շատ ունի: Դառը բան եմ ասելու, Անդրանիկ ջան, 60 անգամ թուրքը մեզ ավելի լավ գիտի, քան մեր լրագրողները: Մեր բանակի գեներալների արյան մեջ շաքարի տոկոսն էլ գիտեն, իսկ մերո՞նք. զինվորական աստիճաններն իրարից չեն զանազանում, որովհետև հաղթանակը չարժևորվեց:

Զինկոմը լցնում է մենակ իր բաժակն ու կում անում:

Մենք մեր ազգային պատերազմն անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դար, հիմա՞ էլ նստենք-մտածենք, թե էս սահմանն արժե՞, թե՞ չարժե պահել, հը՞: Առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից մեկ ու կես միլիոն կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ էդ ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին ո՞նց են դատելու, հը՞, նրանով, որ 88-ից 94 թվերին 5 000 հրաշալի զինվոր կորցրեցի՞նք: Չէ՛, դու էլ լավ գիտես: Ոչ էլ մեկը հիշելու է, թե որ մի անբարոյական հրամանատարը կաշառք վերցրեց, էդ մոռացվելու է գնա, հաղթանակը` մնա: Սերունդները էսպես են մեզ դատելու` ստեղծեցի՞նք պետություն, թե՞ չէ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ չէ:

Անդոն նույն շշից լցնում է իր բաժակը, բայց  հապաղում, չի խմում:

ԱՆԴՈ – Թուրքն ի՞նչ կապ ունի հաղթանակի արժևորման հետ:
ԶԻՆԿՈՄ – Էդ էլ ես ճիշտ ասում: Մենք Շուշին էինք վերցնում, Երևանի մետրոպոլիտենը գործադուլ էր անում: Էդ եղավ շնո՞րք: Դու տե՛ս, է, վերջին հազար տարվա քո մեծագույն հաղթանակի` քո որդիների արյան գնով ձեռք բերված օրը գործադուլ է լինում: Հը~մ: Դրա համար էլ աշխարհի ուժեղները տես, թե ուր են հասել, իսկ մենք դեռ սպասում ենք, որ մեկը կգա մեզ տիրություն կանի: Ինչի՞ն ենք սպասում` Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչև աղանդավորներն առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն, հոմոներն էլ կգան կդառնան էս երկրի տեր ու տիրական…

Անդոն բռունցքը սեղանի տակ հավաքում է` ճկույթից մինչև բութ ու սեղմում էնպես, որ ձեռքի երակները ցցվում են:
Ջղաձգվում է, խոր շունչ քաշում և սկսում է խոսել` ցածրից ձայնը հետզհետե բարձրացնելով:

ԱՆԴՈ – Ոչ հոմոները, ոչ աղանդավորները, ոչ էլ թուրքերը ձեզ չեն ուտի, ձեր վախը հերիք կանի ձեզ ներսից ուտելուն: Հազարամյակ է փոխվել: Էջ ենք թերթել: Նոր էջ ենք գրում Մեր ձեռքով, ուրիշի թելադրանքով չի: Դուք մնացել եք նույն հին վախերի գերի: Մենք չենք կարող նույնը մնալ, մենք էլ պիտի փոխվենք, չվախենանք փոխվելուց: 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու: Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն, որտեղ բոլորս կլինենք տարբեր ու հավասար:
ԶԻՆԿՈՄ (զարմանքն ու վիրավորանքը հաղթահարելով, հանգիստ տոնով) – Լրագրողներն ու գրանտակերները մեզանից հրեշի կերպար ստեղծեցին, ժողովրդին բանակով վախեցրին:
ԱՆԴՈ – Ծուխն առանց կրակ չի լինում:
ԶԻՆԿՈՄ – Այ, Էդ մեկը չպիտի ասեիր: Դու դպրոցում քիմիա չես անցե՞լ, փորձեր չե՞ք արել, ձեզ ցույց տվող չի՞ եղել` ոնց է ծուխը քուլա-քուլա ելնում առանց կրակի: Ես միամիտ չեմ, շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի մեջ, ձայնի մեջ հայկական բանակ արտասանելիս չկա ոգևորություն: Դա ցավալի է, բայց փաստ: Էս վերաբերմունքը ժողովրդի միջից մենք իրար հետ, բոլորս միասին պիտի վերացնենք: Մենք կկործանվենք, եթե ժողովուրդը սկսի ատել բանակը: (Դադար): Ի՞նչ անենք, ո՞նց անենք, որ էս ժողովուրդը սիրի, հարգի իր բանակը:

Անդոն կում-կում դատարկում է բաժակը:

ԱՆԴՈ – Քիչ կերեք:

ԶԻՆԿՈՄ (նեղսրտած) – Թոռան երես չտենամ, թե մի լումա գրպանել եմ էսքան տարվա մեջ: (Դադար): Պատերազմը չի ավարտվել: Մենք մի քիչ թուլացանք` պարտվելու ենք: Էս տարածաշրջանը բարդ տարածաշրջան է: Ոչ ոք չգիտի` ինչ կլինի: Մեծ կովկասյան պատերազմ կլինի-չի լինի՝ դժվար է ասել: (Երկյուղով) Հոտը գալիս է:

Անդոն անհաղորդ է:

Բանակ չունեցանք, մեզ ոչ ոք չի հարգելու: Վերջին քսան տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չի, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, դրանք անցողիկ բաներ են, կարևորը զսպանակը կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը մեզ վրա է կանգնում: Սիրեն-չսիրեն՝ մեզ վրա է կանգնում:

Անհարմար լռություն:
Զինկոմի հայացքը թափառում է պատերի վրայով, առաստաղից իջնում, խաչվում է Անդոյի աչքերին: Մտահոգ դեմքին դառը ժպիտ է հայտնվում:

ԶԻՆԿՈՄ (խաղացկուն հայացքով) – Էն ո՞նց էր զորավար ադաշդ ասել. «Ամեն մարդ գլուխը բարձին դնելիս պիտի մտածի…»
ԱՆԴՈ – « … այդ օրն ինչ է արել իր ժողովրդի համար»:
ԶԻՆԿՈՄ – Այ, ապրես դու, հա՛. հենց էդ: Սիրուն խոսքեր են, պարզ բառերով բարդ բան է ասել, ես էլ եմ բոլորին նույնն ասում` մտածեք էս երկրի մասին: Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը: Սա է էսօր, ցավալիորեն, ամենակայացած արժեքը:

Զինկոմը ոտքի է ելնում, սեղանին դրած թղթապանակը հանդիսավոր մեկնում առաջ:
Անդոն պինդ սեղմած բռունցը դանդաղ հանում է սեղանի տակից ու դնում վրան:
Ցցված երակներով բռունցին հենված ոտքի է ելնում, ձախ ձեռքով վերցնում թղթապանակը, ապա աջ ձեռքի մատներն օդում բացում, ափը պարզում ու պինդ ձեռքսեղմումով պատասխանում է Զինկոմին:
Կրտսերն ու ավագը, զինվորական կարգի համաձայն, ողջունում են իրար:

ԱՆԴՈ – Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:
ԶԻՆԿՈՄ (գոհունակ) – Թողնել: Ազատ ես:
ԱՆԴՈ – Պատիվ ունեմ:

Սեղանին կողք կողքի երեք պլաստիկե շիշ է, մեկը` դատարկ, մյուսը` կիսատ, երրորդը` լիքը:
Տեղաշարժվող աթոռի ձայնին հաջորդում է ոտնաձայնը:
Դռան չխկոց:
Սպարապետը ժպտում է:
Լուսանցում:

ՀՀ

Հայ ազգայնականության հիմնական տեսակները սրանք են` էթնիկ, մշակութային և ազատական: Մեկի երազածը Սրբազան Հայաստանն է, մյուսինը` Հոգևոր, երրորդինը` Ազատ-անկախ:

Ազգայնականության տարբեր տիպերից հայերի մեջ առավել տարածված են հենց էս երեքը, չնայած հայկական ազգայնականության այլ դրսևորումներ էլ կան: Հայաստանյայց առաքելական եկեղեցին փորձում է ամրապնդել կրոնական ազգայնականության դիրքերը: Սփյուռքահայ ազգայնականությունը հիմնականում հատուկ է Եվրոպայում բնակվող արևմտահայությանը: Սովետահայ որոշ շրջանակներ խոսում են հետգաղութային ազգայնականության մասին: Կան նաև համահայկական ազգայնականության կողմնակիցներ, որը դեռևս հստակ ձևակերպված չի ի տարբերություն, ասենք, հեռու չգնանք` պանթուրքիզմի: Հայ ազգայնականության էս բոլոր երկրորդական դրսևորումները մեծ ժողովրդականություն չեն վայելում և քիչ թե շատ ամբողջական հղացք չունեն իրենց երազած Հայաստանի ու իրենց պատկերացրած հայի մասին:

Հայտնի է, որ գոյը` էն ամենը, ինչ կա ու կարող է լինել, կամ առարկա է կամ հատկություն կամ հարաբերություն, մի խոսքով, չկա ոչինչ, որ էս երեքից մեկը չլինի: Օրինակ` խնձորն առարկա է, կանաչը` հատկություն, աշակերտը` հարաբերություն:

(Խնձորը պարզ է, բայց ջրահարսը նույնպես առարկա է, քանի որ առարկայացման հնարավորություն ունի և կա իբրև արձան` Կոպենհագենում կամ նկար` հեքիաթի գրքում: Կանաչը գոյություն ունի իբրև հատկություն. անգամ եթե աչքերդ փակես ու պատկերացնես կանաչ, ապա մտովի տեսածդ կանաչ հարթություն է, ոչ թե ինքնին կանաչ, իսկ եթե խորություն էլ ես տեսնում, ուրեմն կանաչ եռաչափ տարածություն է: Աշակերտը գոյություն ունի իբրև հարաբերություն ուսուցչի կամ ուսման հետ, և չկա էդ հարաբերությունից դուրս):

Հարց է ծագում. ի՞նչ է հայը. առարկա՞, հատկությո՞ւն, թե՞ հարաբերություն:

Էթնիկ ազգայնականի համար հայը առարկա է` կենսաբանական իրողություն, արյուն կամ գեն: Հայ չեն դառնում, հայ ծնվում են:

Մշակութային ազգայնականության համար հայը հատկություն է` սոցիոմշակութային իրողություն, ասենք` լեզվի կրող և փոխանցող:

Ազատական ազգայնականության համար հայը հարաբերություն է` քաղաքացիություն, ասենք` Հայաստանի Հանրապետության:

Բաժանումը տեսական է` գրքերում հանդիպող, բայց իրական կյանքում՝ ներկայիս Հայաստանում ամեն քայլափոխի աչք ու ականջդ հոգնեցնող ազգայնականությունը միշտ խառը տիպի է:

Հայաստանի գողապետության պաշտոնական գաղափարախոսությունը կոչվում է ցեղակրոնություն, երբեմն` տարոնականություն կամ նժդեհականություն, որ գրեթե նույն բանն է` դեսից – դենից վերցրած, ծայրահեղից մինչև պահպանողական ազգայնականության մտքերի հավաքածու: Նժդեհականությունը նման է խեղճացած Ֆրանկեյնշտեյնին, որից վախեցող չկա, բայց որ ամենացավալին է` սիրող էլ չկա: Անգամ իշխանությունը բռնազավթած հանրապետականները չեն հավատում իրենց գաղափարախոսությանը, ինչպես լճացման տարիների կոմունիստներն այլևս չէին հավատում կոմունիզմին:

Նորություն չի, դեռ հին հույների գիտեին, որ նույն գետը երկու անգամ չես մտնի, հայն էլ կարող էր ավելացնել` չկա չարիք առանց բարիքի, մի խոսքով` ամեն ինչ հարաբերական է, իսկ որ ամենակարևորն է` փոխկապակցված: Չկա առարկա առանց հատկության, իսկ հատկությունը դրսևորվում է հարաբերության մեջ:

20-րդ դարի նորությունը հարաբերականության սկբունքորեն մեկ ուրիշ` նոր պատկերացումն էր: Էն, ինչ մարդու համար անփոփոխ, անօտարելի, կայուն հատկություն էր, հանկարծ վերածվեց հարաբերության: Օրինակ, նախկինում հեշտ էր պատկերացնել քաշի փոփոխությունը, բայց դժվար էր պատկերացնել սեռի փոփոխությունը, իսկ առավել դժվար էր պատկերացնել, որ մեկմետրանոց սեղանի երկարությունը մեկ այլ հաշվարկման համակարգում կարող է փոխվել, ոչ թե մարդու աչքին, այլ իսկապես փոխվել, քանի որ էդ երկարությունը հին պատկերացմամբ անփոփոխ, անօտարելի, կայուն տարածական հատկություն էր:

Ուրեմն՝ առարկա, հատկություն, հարաբերություն: 20-րդ դարի գիտական միտքը հարաբերությունն էս գոյաբանական շղթայի վերջից բերեց առաջին տեղ` փոխելով մարդկության պատկերացումն իրականության մասին. գոյը ոչ թե առարկայական ամբողջություն է, այլ հարաբերությունների համակարգ: Նույնը տեղի ունեցավ ազգայնականության հետ. առաջադիմեց ազգայնականությունն իբրև հարաբերություն հղացող միտքը:

Ես մնում եմ իմ կարծիքին. ազգայնականությունը, անկախ տիպից, սրիկայի վերջին ապաստանն է:

էքս. ՄԱՅՐ_ա_ՔԱՂԱՔ

Արևավառ մայիսյան օր է:

_ՎԵՐ_ԿԱՑ

Ազատության հրապարակը սակավամարդ է:
Խայտաբղետ մարդկանց մի փոքրաթիվ հանրույթ, իրար գլխի հավաքված, ունկնդրում է հարթակից բարձրախոսով ելույթ ունեցող երիտասարդին (այսուհետ` Հռետոր):

ՀՌԵՏՈՐ – Մայր օրենքում սևով սպիտակին գրված է. «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք»:  Կեցցե՛ բազմազգ Հայաստանը:
ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐ – Այո՜…
ՀՌԵՏՈՐ – Մայր օրենքում սևով սպիտակին գրված է. «Հայաստանում գործում է մտքի, խղճի, կրոնի ազատություն»: Կեցցե՛ բազմակրոն Հայաստանը:
ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐ – Այո՜…
ՀՌԵՏՈՐ – Մայր օրենքում սևով սպիտակին գրված է. «Հայաստանում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը»: Կեցցե՛ բազմակուսակցական Հայաստանը:
ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐ – Այո՜…
ՀՌԵՏՈՐ – Մայր օրենքում սևով սպիտակին գրված է. «Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության»: Կեցցե՛ բազմամշակույթ Հայաստանը:

ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐ – Այո՜…

ՀՌԵՏՈՐ – Այժմ բազմազանության երթով կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ:

_ԿԵՆԱՑ_ՔԱՅԼ_ԵՐԹ

Բազմազանության փոքրաթիվ ու աղմկոտ երթն իջնում է Ազատության հրապարակից, անցնում Թումանյան փողոցն ու մտնում Հյուսիսային պողոտա:
Շարքերում գերակշռող է երիտասարդությունը:
Առջից գնում են թմբկահարներն ու դրոշակակիրները:
Հռետորը քայլում է նրանց հետ` բարձրախոսով կրկնելով սահմանադրությունից արվող մեջբերումներ, ապա հնչեցնում` «Կեցցե՛ էսպիսի կամ էնպիսի Հայաստանը»:
Մասնակիցները, նրա կոչին ի պատասխան, վանկարկում են «Բա՛զ-մա՛-զա՛ն Հա՛-յա՛ս-տա՛ն, զա՛-նա՛-զա՛ն – զա՛ր-մա՛-նա՛-զա՛ն», ամեն վանկի հետ ծափ են տալիս, թմբուկ ու ծնծղա զարկում:
Թմբկահարներից մեկը Խուճուճն է: Նա շրջվում է ու մեջքանց քայլելով՝ թմբկահարում երթի մեջտեղում, բոլորից մի գլուխ բարձր երևացող Խաժակի ուսերին նստած աղջնակի պատվին, որի դեմքին` ճակատին, այտին, ականջին այրվածքի հետքեր են: Երեխան երկու ձեռքով բարձր պահել է «Կարմիր, կապույտ, ծիրանագույն, ասում ենք ՈՉ կյանքին անգույն» գրությամբ պաստառ: Թարս քայլքով թմբկահարող Խուճուճի արարքից նա հրճվանք է ապրում:
Սևուկն ու Շեկլիկը մերկացրել են իրենց իրաններն ու երկու ծայրից բռնել մի երկար պաստառ` «Ես եմ տերը իմ մարմնի» գրությամբ: Շեկլիկի անմազ կրծքին հստակ երևում է երրորդ պտուկը, որից պողպատագույն օղ է կախած: Երկուսն էլ անվաչմուշկներով են:
Նկատելիորեն հղի Ծամիկը փողոցային նկարիչներ Բոյովի ու Կոլոտի հետ է: Բոյովը Ծամիկի այտերին եռագույն սրտիկներ է նկարում, իսկ Կոլոտը ցցված փորին` ճառագող մանկիկ:
Ճաղատն ու Անկոնքը թևանցուկ ճեմում են: Տեսնելով Ծամիկին՝ Անկոնքը կանգ է առնում, Ճաղատն ինչ-որ բան է ասում, քաշում թևից, և նրանք քայլում են առաջ:
Անցորդները զարմացած նայում են ցուցարարներին, ոմանք արհամարհանք արտահայտող ժեստեր են անում, ոմանք` ողջույնի նշաններ:
«Հին Էրիվան»-ի մուտքի մոտ խմբված մի քանի երիտասարդ անզուսպ փռթկում ու քրքջում են:
Նարը հայտնվում է դիմացի շարքում`ձեռքին ծիածան դրոշ, հագին կարմիր, թափանցիկ շիֆոնե շրջազգեստ:
Հյուսիսային պողոտայի ներքևից գորշ շորերով, հիմնականում սևազգեստ տղամարդկանց ու ջահելների մի մեծ խումբ ճեպով գալիս է երթին ընդառաջ (այսուհետ` սևեր):
Ոստիկաններն անկանոն խմբերով անշտապ մոտենում են` ասես չեն շտապում կասեցնել մոտալուտ բախումը:
Երթի շարքեր ներթափանցած մի քանի սևեր առաջին գիծ են դուրս գալիս և քաշքշոց հրահրում:
Ոստիկանները կրկին հապաղում են իրավիճակը վերահսկել:
Շրջվում է բախման կիզակետում պատահմամբ հայտնված Մուրացկանի շարժասայլակը:
Ոստիկանական թողտվությունից ոգևորված սևերից մեկը թքում է Հռետորի դեմքին: Հռետորը կորցնում է ինքնատիրապտումն ու ուժեղ հարվածում թքողի քթին, որից արյուն է գալիս: Ծավալվում է հայհոյախառը ծեծկռտուք:
Գետնին ընկած Մուրացկանը շփոթված ոտքի է ելնում, իրեն թափ տալիս, փորձում շարժասայլակն ուղղել: Նկատողները սկսում են ծիծաղել: Ոստիկանության գնդապետի համազգեստով մեկը (այսուհետ` Ոստիկանապետ) հրահանգում է՝ «Բռնի դրան»` նկատի ունենալով Հռետորին, սակայն Մուրացկանը կարծում է, թե իր հետ են, և թողնելով շարժասայլակն անտեր` փախուստի է դիմում:

ՀՌԵՏՈՐ – Մայր օրենքում սևով սպիտակին գրված է. «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու ի՜…»:

Բարձրախոսին տիրանալու կարճատև քաշքշոցն ավարտվում է, երբ ոստիկանները ոլորում են Հռետորի ձեռքերը: Ցուցարարները փորձում են ազատել նրան:

ՃԱՂԱՏ – Իրավունք չունե՛ք, ո՞ւր եք տանում, ի՞նչ հիմնավորմամբ: Բացահայտ կողմնակալություն եք ցուցաբերում:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ – Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: Ինքնությունը կպարզենք, բաց կթողնենք, ինչի՞ ես իզուր սրում իրավճակը, տիկին ես, պարոն ես, ինչ ես, չի հասկացվում:

Հռետորին ձեռնաշղթա են հագցնում և ուժով պոկում ցուցարարներից, տանում: Ցուցարարներին հաջողվում է «ազատել» միայն բարձրախոսը: Ոստիկանական շարքի մյուս կողմից լոլիկներ, ձվեր ու մի քանի քար են նետում երթի մասնակիցների վրա:
Քարերից մեկը կպչում է Ճաղատ կնոջ ճակատին և արյունահոսող վերք առաջացնում: Անկոնքը թաշկինակը դնում է Ճաղատի գլխին, վախեցած հայացքով փնտրում ու գտնում հղի Ծամիկին, որ երթից հեռացել, նստարանին նստած՝ լաց է լինում:
Ճաղատը մատնացույց է անում սևերից մեկին ու գոռում Ոստիկանապետի դեմքին:

ՃԱՂԱՏ – Սա խփեց ինձ քարով: Ինչի՞ չեք բռնում: Ես ձեզ դատի եմ տալու, հանցավոր անգործություն եք ցուցաբերում, ակնհայտ կողմնակալություն. ձեր անմիջական պարտավորությունն է խաղաղ ցույցի անվտանգության ահապովումը:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ (ընդհատելով) – Լսի, հավաքի քեզ, դու ինձ մի ասա՝ ինչ անեմ, ես իմ գործը քեզնից լավ գիտեմ, ու լավ էլ գիտեմ` ով ես դու, այ բոզի շառ: (Ատամների արանքից, ակնհայտ թշնամանքով): Տունը վեր ընկնեիր` քաչալ քյալլեդ չբացեին:

Ճաղատը միացնում է հեռախոսի տեսախցիկը, պահում Ոստիկանապետի վրա:

Հասարակական կարգ եք խախտում, կարգի ենք հրավիրում, օրենքի առաջ բոլորն են հավասար …

Խուճապը տարածվում է, հարայհրոցը՝ ուժեղանում:
Նարի աչքին արցունքաբեր գազ են փչում:

ՆԱՐ (կոկորդով մեկ) – Ա՜խ, ա՛չքս … չեմ տեսնում:

Նարը, ափերն աչքերին, պպզած է:
Մեկը ձեռքը դնում է նրա ուսին, կռանում, երեսը բացում, շոյում է գլուխը, սպիտակ թաշկինակով մաքրում արցունքները:
Նարը բացում է կարմրած աչքերն ու մշուշի մեջ հետզհետե պարզվում է Մամի կերպարը, որ օգնում է նրան վեր կենալ, ապա նրանք լուռ գրկում են իրար ու գրկախառնված՝ անշարժանում:
Շուրջը խառնաշփոթ է, աղմուկ-աղաղակ:

Ախր ես…

ՄԱՄ – Գիտեմ… Կարդացել եմ: (Որսալով Նարի հարցական հայացքը): Կյանքում ոչինչ չի կարող պատահել, որ մի տեղ գրված չլինի:
ՆԱՐ – Ո՞նց… Որտե՞ղ:
ՄԱՄ – Աչքերիդ մեջ… (Հուզմունքը զսպելով): Աչքը սրտի հայելին է:
ՆԱՐ – Վա՜յ, (աշխույժանալով) մորս խոսքն էր: Միշտ ասում էր, որ սուտ ասես` աչքերիդ մեջ կգրվի: (Հետաքրքրասեր երեխու պես): Բա ի՞նչ գրվեց աչքերիս մեջ:
ՄԱՄ – Միակ գրքիս անունը:
ՆԱՐ (չհասկանալով) – Ի՞նչ անուն, ի՞նչ գիրք…
ՄԱՄ – Նվիրական…

Երթը բացվում է` ճանապարհ տալով սևազգեստ կանանց, որ առաջ գան:
Սևերը զարմացած են: Կարկամած, բայց հոխորտալով չեն համարձակվում դատարկ շշեր, լոլիկ ու ձվեր նետել նրանց վրա:
Կանայք իրենց ձեռքերում պահել են սև շրջանակով եզերված տղաների լուսանկարներ: Բոլորը ջահել են, բոլորը ժպտում են. ղարաբաղցի Կառլենը, աբովյանցի Տիկոն, քյավառցի Հովոն, գյումրեցի Սարոն, աշոցքեցի Արմանը, էջմիածնեցի Մնացը, եղվարդցի Սաքոն, ավանցի Դավոն:
Կոլոտը հեռախոսով լուսանկարում է, թե ինչպես է Մամը սևազգեստ կանանցից մեկի ձեռքից վերցնում Սամի նկարը և փոխանցում Նարին:
Մամը բարձրացնում է գետնակոխ եղած ծիածան դրոշը, թափ տալիս ու պարզում առաջ:
Երփներանգ դրոշից տարածվում է շերտավոր գունային ալիք, որ Հյուսիսային պողոտայից ծածանվում է վեր, հասնում երկնի կապույտին, օդում կամարվում, ու հավաքվածներն ապշահար հետևում են, թե ինչպես է մայիսյան ջինջ երկնակամարում հայտնվում ինքը` չքնաղ և հավերժ գեղեցիկ ծիածանը:
Ոստիկանները, տեսնելով դրոշից տարածվող ծիածանն ու ժպտադեմ ցուցարարների հիացմունքը, ասես կերպարանափոխվում են, շուռ գալիս ու ամբողջ ուժերը կենտրոնացնում սևերին զսպելու վրա:
Սևերը դժկամորեն հետ են քաշվում, բայց չեն հեռանում, շարունակում են աչքերը կկոցելով, շուրջը թքոտելով՝ հայհոյախառն աղմկել:
Հյուսիսային պողոտան սկսում է լցվել նորանոր մարդկանցով, որ գալիս են Թումանյան փողոցի երկու կողմից, գալիս են պողոտային միացող ճառագայթներով, գալիս են գետնանցումի տակից, չորս կողմից գալիս են ու գալիս` մեծ ու փոքր, ահել-ջահել, բոլորը տարբեր ու բոլորն էլ հավասար: Լիքն են: Մրջյունների նման լցնում են տարածքը, գալիս համալրում երթի շարքերը: Շատ-շատ են, բազմազանների մի ամբողջ անկանոն բանակ, որ բազմազանության սակավամարդ երթը վերածում է բազմամարդ շքերթի, ինքնաբուխ բողոքի ցույցի:
Ազգային փոքրամասնությունները խումբ-խումբ են քայլում:
Եզդիների խումբն առանձնանում է, քանի որ առջևից գնում են տղամարդիկ, իսկ կանայք հետևում են նրանց:
Մոլոկանների խումբն աչքի է ընկնում կոկիկ, զուսպ հագուկապով, տղամարդիկ երկար, խարտյաշ մորուքներով են, կանայք` բարակ գլխաշորերով: Ասորիներին առաջնորդում է երիտասարդ հոգևորական:
Ցաքուցրիվ խմբերով, մենակ կամ զույգերով քայլերթի է ելել երիտասարդության մի հոծ, գույնզգույն բազմություն:
Այստեղ են ամենատարատեսակ ենթամշակույթների ներկայացուցիչներ իրենց համապատասխան հագուկապով ու արտաքինով` հիփսթերներ, էմոներ, կիբերգոթեր, ջանգլիստներ, ռաստամաններ, ֆրիկներ, կիբերփանքեր…
Շատերի ձեռքին պաստառներ կան:
Գրությունները չեն կրկնվում, բոլորը տարբեր են՝ սկսած կատակ-կոչերից, ինչպես «Հանվեք, որ չտեղահանվեք», վերջացրած խոհաքաղաքական կարգախոսներով, ինչպես «Վերաիմաստավորելով անցյալը` դեպի ապագա»:
Ոմանք տեղով քայլող պաստառ են. մեկի ճակատին գրված է՝ «Ճակատագիր չկա», մյուսի շապիկին` «Արի գրկեմ»:
Բնապահպանները կանաչ շորերով են: Նրանք են պահում երթի ամենակարճ` «Է» ու ամենարկար` «Մի քչփորի ընդերքս. Հայաստանի ոսկին փողոցում է, ոչ թե հանքերում» գրությամբ պաստառները:
Ծածանվում են ամենատարբեր դրոշներ, աչքի են ընկնում անարխիստներն իրենց սև դրոշով:
Սևերն ու ոստիկաններն էլ են հետզհետե բազմանում:
Չգիտես որտեղից ռետինե մահակներով ու վահաններով, սաղավարտավոր ոստիկաններ են հայտնվում, ու նրանցից բաժանարար պատ է գոյանում բազմազանության երթի և տասնապատկված սևերի հակաերթի միջև:
Կասեցված երթը շարունակում է իր ընթացքը` դիմացից և երկու կողքից պաշտպանված զինյալ մարդկանցով: Ոստիկանության բաժանարար պատը երթին համընթաց շարժվում է:
Ներքին զորքերն ապահովում են խաղաղ ցուցարարների անվտանգ առաջընթացը՝         սառցահատի պես ճամփա բացելով:
Երթն անցնում է ծիածանի տակով:
Ոստիկանների նոր ժամանած մի խումբ վերջում փակում է միջանցքը, և սևերին չի հաջողվում թիկունքից հարվածել:
Երբ վերջին ոստիկանն անցնում է ծիածանի տակով, եթերային կամարն անհետանում է:

_ԾԽԱՆ_ի_ԾՈՒԽ

Այրված դեմքով աղջնակը յոթնաղբյուրից ջուր է խմում:
Հրապարակ մտնող յոթ փողոցներից միայն մեկն է բաց, որով և գունեղ բազմությունն առանց խոչընդոտի շարունակում է մտնել Հանրապետության հրապարակ:
Ներքին զորքերը վահանավորների շարքերով փակել են հրապարակ մտնող բոլոր մյուս փողոցների մուտքերը, որտեղ առաջացել են մեքենաների խցանում ու սևերի խռովահույզ կուտակումներ:
Հրապարակի ներսում կայանած զրահապատ բեռնատարներից շտապով փշալարեր են հանում:
Երբ վերջին ուղեկցող ոստիկանը մտնում է հրապարակ, ոստիկանական օղակը փակվում է:
Հրապարակը շուրջկալի մեջ է:
Սևերը պաշարել են բոլոր հնարավոր մուտքերը:
Առաջին պաշտպանական օղակը փշալարերն են, երկրորդը` վահանավորների ամրակուռ շարքերը: Հրապարակի սրտում երրորդ օղակն է՝ բազմազանության երթի ակամայից ցուցարարների վերածված, իրար գլխի կուտակված համախումբը: Նրանք ամբողջությամբ զբաղեցրել են սալահատակի օվալաձև «գորգը»:
Ոմանք հարմարավետորեն տեղավորվել են գետնին, ասես նստացույց են մեկնարկում:
Քարե գորգին մի թիզ ազատ տարածք չի մնացել:
Մերկիրան Սևուկն ու Շեկլիկը հերթով քշում են Մուրացկանի շարժասայլակը, որին նստած Ծամիկը երանավետ ժպտում է: Նրանք անհոգ պտույտներ են գործում մարդկային օվալի շուրջ:
Դեպի ցուցարարները նետվող իրերից ոչ մեկը տեղ չի հասնում, թռչում են առաջին և երկրորդ օղակի վրայով` փշալարերի վրայով, ոստիկանների գլխավերևով և երրորդին չհասնելով՝ ընկնում դատարկ ասֆալտին:
Սևերը նետում են առաջին պայթուցիկներն ու Մոլոտովի կոկթեյլները:
Ջրցան մեքենաները գործի են դրվում:
Սևերը, ի պատասխան, մի քանի ոստիկանական մեքենա են շուռ տալիս ու հրկիզում: Մի տեղ նրանց հաջողվում է ճեղքել պաշտպանական պատը:
Վերևից երևում է բազմության խառնիխուռն պատկերը: Հեռվից նկատելի է, թե ինչպես է Խաժակն ուսերից իջեցնում աղջնակին, տալիս Խուճուճի գիրկը, իսկ ինքը կքանստում, տեսադաշտից մի ակնթարթ անհետանում, ապա վեր է կենում, բայց արդեն Նարին ուսերին առած:
Բարձրախոսը Նարի ձեռքին է:
Աղմուկի մեջ Նարն ինչ-որ բան է ասում, որ չի հասկացվում: Ցուցարարներն իրենք իրենց լռեցնում են:
Նարը սկսում է երգել:

ՆԱՐ – Մե՜ր մայրենիք…
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ (միանգամից որսալով) – …ա՜-զատ, ա՜ն-կախ…

Աշտարակի ժամի զանգը խփում է` դի՜նգ-դո՜նգ, դի՜նգ-դո՜նգ, ապա անընդմեջ զիլ ղողանջում` դո՛նգ-դո՛նգ-դո՛նգ-դո՛նգ…
Փոքր ու մեծ սլաքները, իրար հակառակ, կատաղի արագությամբ պտտվում են, իսկ կտուրին փողփողում է Եռագույնը:
Երկինքը ջինջ է, արևը` անշեջ:
Վերջնանցում:

ՀՀ

Ես գնում եմ առաջ` դեպի նոր ընթերցող, ու մնում եմ թղթի վրա, քանի որ ինձ նկարահանող չկա:  Ես գնում եմ ու մնում եմ նույնը` մեկի համար համարձակ, մյուսի համար սանձարձակ, իսկ քեզ համար գուցե խառնածին արձակ, որ ինքն իրեն պատմեց քեզ` իբրև մտքում տեսնելիք, ասելիք, անելիք, գալիք, ալիք: Ինչո՞ւ: Հենց միայն էն  պատճառով, որ դու կարող ես փոխել իմ հիմքում ընկած իրականությունը, եթե վերնագրիս տակ ինքնակամ թողնես ստորագրությունդ, բայց դա ոչ թե գրի` ինքնագիր դառնալու, այլ մարդու` մարդ մնալու երազանքն է: Ուրեմն ինձ այլևս ոչինչ չի մնում, քան քեզ ասել.

Մնաս բարով, ընթերցող:

Իսկ քեզ մնում է կարդալ ելքիս մակագրերը.
ԵԼՔ_ի_ՄԱԿԱԳՐԵՐ

Հնչում է օրհներգը` նորահայտ աստղերի երգչախմբի կատարմամբ:
«Դերերում» հոսում են անուններ` հիշվող և արդեն մոռացված:
Հաջորդիվ` ստեղծագործական կազմի անդամների անունները համապատասխան գրություններով, թե ով ով է:
Օգտագործվել են հատվածներ` (ըհ՛ը, հետաքրքիր է) Վազգեն Սարգսյանի «Քարի մեջ արուն կա»…
Շարունակությունը ոչ ոք չի հասցնում կարդալ, էնքան արագ են հոսում տողերը:
Օգտագործված երգ-երգաժշտության ցանկին հետևում է շնորհակալությունների շարանը:
Շնորհակալությունների շարանին հետևում են միայն իրենց անունը տեսնելու ակնկալիք ունեցողները:
Ու ես ինքնըստինքյան ավարտվում եմ առանց «ՎԵՐՋ»  հնաոճ գրության՝ թողնելով միայն նվիրական զույգ նշան ու քառանիշ թվանշան. CC , ՀՀ, 2012:

(Ստորագրություն)

_ՎԵՐՋ_ի_ՎԵՐՋՈ

Ես մնում եմ իմ կարծիքին. դ!եմ եմ պարտադիրին՝ լինի դա ընթերցանություն թե զինծառայություն:

Ծանոթագրություններ

1 «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգ»-ի  8 բ հոդվածով՝ 2000 թվականից ի վեր շատ միասեռականներ ազատվում են պարտադիր զինծառայությունից որպես հոգեկան հիվանդներ:

2 Կույր աշուղ Շիրինի երգն է, որին նրա աշակերտ Ջիվանին ավելացրել է մի քանի տուն: Վերջին երկու տողը փոխված է, բնագրում` «Մանկական ուսումն ունի միլիոնի չափ արժողություն, / Ապտակով սնված տղեն առանց աստիճան չի լինիլ»:

3 Ըստերևույթին, նկատի ունի Մատենադարանի No 2679 ձեռագրի հիշատակությունը. «Տրդատ յառաջին ամի ետ նուերս Անախտա Կապուտակ երինջ ի գեղն Երիզա»:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.