*

«Պատերազմական պատմություններ»-ը Չարլզ Բերնսթայնի առաջին հայերեն թարգմանված բանաստեղծությունն է, որ հրապարակվում է հեղինակի արտոնմամբ: Ծանոթագրությունները` բանաստեղծ,  թարգմանիչ Յան Պրոբշտեյնի և Կարեն Ղարսլյանի: Չարլզ Բերնսթայնի ծանոթագրությունները քաղված են նրա ու Ղարսլյանի էլ. նամակագրությունից:

*

*

Պատերազմը արձակի շարունակությունն է այլ միջոցներով:

Պատերազմը նշանակում է երբեք ստիպված չլինել ներողություն խնդրել:

Պատերազմը բարոյական համոզվածության տրամաբանական հետևանքն է:

Պատերազմը հակամարտություն կարգավորելու ուղին է գեղագիտական հետամնացությամբ տառապողների համար:

Պատերազմը դրախտ տանող դանդաղ նավակ ու դժոխք տանող ճեպընթաց գնացք է:

Պատերազմը կա՛մ հաղորդակցման ձախողում է, կա՛մ հնարավոր ամենաուղղակի արտահայտությունը:

Պատերազմը ստահակների առաջին հանգրվանն է:

Պատերազմը հզորների բռնությանը դիմակայելու անզորների օրինակարգ իրավունքն է:

Պատերազմը ցնորք է, ճիշտ ինչպես խաղաղությունն է մտացածին:

«Պատերազմը գեղեցիկ է, որովհետև համատեղում է հրազենային կրակը, հրետակոծությունը, հրադադարը, բուրմունքն ու նեխման գարշահոտը մեկ սիմֆոնիայի մեջ»1:

«Պատերազմը ինքն է որոշում ինչպես մղվել երբ մղվել»2:

Պատերազմը արդարացում չէ իրեն ընդդիմացողների կեղծ բարեպաշտության համար:

Պատերազմը այլ մարդիկ են3:

Պատերազմը 5-մղոնանոց արշավ է 1-մղոնանոց գերեզմանոցում:

Պատերազմը բնության հիշեցումն է. «Բա որ ասո՜ւմ էի»:

Պատերազմը հնարավորության ստեղծում է:

Պատերազմը «վեցերորդ ավենյուի ճապոնականացված հին էլգնացքի կտոր»4 է:

Պատերազմը արդարության դժկամ հիմքն է ու ազատության անգիտակից երաշխավորը:

Պատերազմը հայրենասերի կոտրված երազանքն է:

Պատերազմը իդեալիզմի դանդաղ մահն է:

Պատերազմը ռեալպոլիտիկ է տարեցների և անպաճույճ իրականություն` ջահելների համար:

Պատերազմը պրագմատիզմ է անմարդկային դեմքով:

Պատերազմը պետության համար նույնն է, ինչ հուսահատությունն` անձի համար:

Պատերազմը ճանապարհի վերջն է մոլորվածների համար:

Պատերազմը սեփական ստվերից սարսափող, սակայն բովանդակությամբ ամեհի բանաստեղծություն է:

Պատերազմը պողպատի վերածված տղամարդիկ ու մոխրի վերածված կանայք են:

Պատերազմը երբեք պատերազմ չի արդարացնում, բայցև հազվադեպ է արդարացնում որևէ այլ բան:

Պատերազմը ճշմարտության զոհն է, ճիշտ ինչպես ճշմարտությունն է պատերազմի զոհը:

Պատերազմը թափով հագցնում է մերկերին:

Պատերազմը քաղաքական գործիչների օպիումն է:

Պատերազմը փոխզիջման նկատմամբ նույնն է, ինչ հիվանդոտությունը` մահացության հանդեպ:

Պատերազմը բանաստեղծություն է առանց երգի:

Պատերազմը աշխարհի դավաճանությունն է Երկրագնդի առատությանը:

Պատերազմը հեռատիպի դիմաց նսստած գորիլայի պես մի բան է. միշտ չէ լավագույն ընտրությունը, սակայն երբեմն` միակը:

Պատերազմը արյամբ սնվող տենդ է:

Պատերազմը ոչ ավելին է, քան Թանատոսի ընդարձակումը:

Պատերազմը սեփական երիտասարդության սխալների տակից դուրս գալու ավագ սերնդի ճարն  է:

Պատերազմը բարոյական է, խաղաղությունը` էթիկական:

Պատերազմը ամենաթույն զվարճանքն է:

Պատերազմը մարմին առած դիմադրությունն է:

Պատերազմը սեփական սահմանները փորձարկելու կապիտալիզմի եղանակն է:

Պատերազմը դասակարգային պայքարի անխուսափելի արտադրանք է:

Պատերազմը տեխնոլոգիայի քեռին է:

Պատերազմը արդարացում է բազմաթիվ վատ հակապատերազմական բանաստեղծությունների համար:

Պատերազմը ճնշված ժողովրդի իրավունքն է:

Պատերազմը նորություն է, որ մնում է նորություն5:

Պատերազմը անիրականանալի հեղափոխության գլխավոր զենքն է:

Պատերազմը ձեռնտու է նրանց, ովքեր կորցնելու ոչինչ չունեն:

Պատերազմը սյուրռեալիզմ է առանց արվեստի:

Պատերազմը չեն հաղթում, վերապրում են:

Պատերազմը ճիշտը ոչնչացնող երկու սխալներն են:

Պատերազմը հանուն սկզբունքի` դատողությունից երես թեքելն է:

Պատերազմը զոհաբերություն է հանուն իդեալի:

Պատերազմը իրականի սրբապղծումն է:

Պատերազմը անարդար է, անգամ երբ արդար է:

Պատերազմը մեռածների վրեժն է ողջերի նկատմամբ:

Պատերազմը սխալ մարդու նկատմամբ լուծված վրեժն է:

Պատերազմը սևազգեստ երեխայի, կարմրազգեստ կնոջ և կապտազգեստ տղամարդու լացն է:

Պատերազմը անզորություն է:

Պատերազմը հումք է6:

Պատերազմը մի պետության հայտարարված պայքարն է մյուսի դեմ, սակայն նաև պետության չհայտարարված բռնությունը` սեփական ժողովրդի դեմ:

Պատերազմը արատ չէ` ազատությունը պաշտպանելիս, և հաշտեցումն արժանիք չէ` ինքնապաշտպանվելիս:

Պատերազմը բռնապետության մեծագույն թշնամին է:

Պատերազմը բռնապետության մեծագույն բարեկամն է:

Պատերազմը լուծում է, բայց ո՞րն է խնդիրը:

Պատերազմը հեծյալին սանձած ձի է:

Պատերազմը մարդկային հասարակության անհարիր խորհրդանիշն է:

Պատերազմը վաղեմի թշնամանքի հանգող ածուխները թեժացնելու լավագույն եղանակն է:

Պատերազմը ճակատամարտ է հանուն անսիրտների ու անմիտների սրտերի ու մտքերի:

Պատերազմը հաղթողների գրած պատմությունն է:

Պատերազմը քաղաքակրթության մահն է հանուն քաղաքակրթության:

Պատերազմը նպատակ է, որն արդարացնում է միջակությունը:

Պատերազմը ամենագնաց է բոլոր ֆուտբոլասեր Պապաների ու բամբասանքչի Մամաների համար:

Պատերազմը նախաձեռնում են հարուստները, իսկ վճարում են աղքատները:

Պատերազմը որակյալ այլընտրանք է «Դուք Ջեքսոնից գլուխ չեք հանում. Մայքլի հետ խոհանոցում» և «Վախի գործոնը. ինչպես պսակվել չամուսնացած կնոջ հետ» հեռուստասերիալներին7:

Պատերազմը փոխաբերություն չէ:

Պատերազմը զավեշտալի չէ:

Պատերազմը բոլորապտույտ հաջորդական շարժումների անկեղծությունն է8:

Պատերազմը մարմնին փորագրված շախմատի պարտիա է:

Պատերազմը մարտավարական բռնություն է հանուն ռազմավարական տիրապետության:

Պատերազմը ներքին անտարբերությունը թաքցնելու նպատակով միջազգային ասպարեզում գործունեություն ծավալելն է:

Պատերազմը օրնիբուն աշխատող սատանան է:

Պատերազմը մեր միակ հույսն է:

Պատերազմը մեր ժառանգությունն է:

Պատերազմը մեր հայրիշխանությունն է:

Պատերազմը մեր իրավունքն է:

Պատերազմը մեր պարտավորությունն է:

Պատերազմը արդարացվում է միայն այն դեպքում, երբ պատերազմ է դադարեցնում:

Պատերազմը չի ավարտվում, երբ ավարտվում է:

Պատերազմը «այստեղ» է9:

Պատերազմը պատասխանն է:

Պատերազմը հենց այստեղ է:

Պատերազմը սա է:

Պատերազմը հիմա է:

Պատերազմը մենք ենք:


1 Հատված Ֆիլիպո Մարինետտիի «Ֆուտուրիզմի մանիֆեստ»-ից: (Ծանոթ.` Յան Պրոբշտեյնի)

2 Գերտրուդ Սթայնի «Կոմպոզիցիան որպես բացատրություն» էսսեից: (Ծանոթ.` Յ.Պ.)

3 Ակնարկվում է Ժան-Պոլ Սարտրի «Ելք չկա» (1944) պիեսի հետևյալ արտահայտությունը. «Դժոխքը այլ մարդիկ են»: (Ծանոթ.` Կարեն Ղարսլյանի)

4 Հղում է.է. քամինգսի «պղատոնն ասաց» բանաստեղծությանը. «պղատոնն ասաց / նրան. նա չկարողացավ / հավատալ(հիսուսը / ասաց նրան. նա / չուզեց հավատալ) […] …դա անպայման պիտի / վեցերորդ պողոտայի / ճապոնականացված / հին էլգնացքի / կտորը նրա գլուխը / մտցներ»: Թարգմ.` Սամվել Մկրտչյանի: Խոսքն այն մասին է, որ ճապոնացիները հնացած մետաղ էին գնում, վերաձուլում արկերի, որոնք էլ ապա արձակում էին ամերիկացիների ուղղությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: (Ծանոթ.` Յ.Պ.)

5 Ակնարկվում է Էզրա Փաունդի «Ընթերցանության այբուբենը» երկը. «Գրականությունը նորություն է, որ մնում է նորություն»: (Ծանոթ.` Յ.Պ.)

6 Բնօրինակում իմաստային շերտից զատ առկա է նաև անթարգմանելի հայելային գրաշրջային բառախաղ. «War is raw» (Ծանոթ.` Կ.Ղ.)

7 Ժողովրդականություն վայելող հեռուստասերիալների ձևափոխված անվանումներ: «Վախի գործոնը» իսկական անվանումն է, իսկ երկրորդ հատվածը` ծաղրում է այնպիսի հեռուստասերիալներ, ինչպիսիք են «Չամուսնացած կինը» և «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ»: “You don’t know Jack” արտահայտությունը նշանակում է. «Դուք խոսակցականից գլուխ չեք հանում» (ժարգոնից) և միաժամանակ նկատի ունի Մայքլ Ջեքսոնին: (Ծանոթ.` Յ.Պ.)

8 Ակնարկվում է Էդվարդ Մեյբրիջի «Ձին շարժման մեջ» (“Horse in Motion” by Eadweard Muybridge) հայտնի աշխատանքը: 1878 թ. Մեյբրիջը բազմաթիվ լուսանկարչական խցիկներ հաջորդաբար գործարկելով կարողացել էր նկարահանել ձիու վարգի հաջորդական շարժումները` ապացուցելով, որ վարգելիս ձիու չորս ոտքերը մի պահ կտրվում են հողից: Տես` https://www.prestocentre.org/eadweard-muybridge-horse-motion (Ծանոթ.` Չարլզ Բերնսթայնի)

9 Ակնարկվում է 1917 թ. Ջորջ Քոենի հեղինակած «Over there» («Այնտեղ») հայտնի երգը, որում «այնտեղ»-ը վերաբերում է ԱՄՆ-ի սահմաններից հեռու ծավալվող պատերազմական գործողություններին: Տես` http://en.wikipedia.org/wiki/Over_There (Ծանոթ.` Չ.Բ.)

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.