Ծուղակների բացատը
15.08. 2013
Աչաջուր
Կապույտ այդ քունը մեզ օրորում է
ու մեր թևերին թողնում դաջվածքներ:
Այնտեղ, ուր կածանները բոլոր մոլորվում են,
արձագանքները ոլորաններում խաղում են
կապույտ մի պահմտոցի:
Ու անօթևան կկուներին քունը
նվիրում է խավոտ հուլունքներ:
Ու ծուղակները էլի երկարում են:
Ու մտել ենք մի ուրիշ բացատ:
Կապված աչքերով մութ ծառերին
շարում ենք ծորուն այն հնչյունները,
որ փոշիանում են լուսադեմին:
Մութ գեղեցկուհին սալորենու
իր գինդերն է կախել:
Անցնելիս ժպտալ:
Որտե՞ղ են ստվերները:
Այդ պուրակում հետքերն ընկղմվում են,
ու ծաղիկները չունեն թերթիկներ:
Կապույտ այն քունը մեզ փաթաթում է
անօթևան կկուների պարանոցներին:
Ու լուսադեմին անտառեզրին հավաքում ենք
սփրթնած մեր մարմինները:
Խարույկ
15.08. 2013
Աչաջուր
Ու լուսադեմին խարույկ ենք վառում:
Թանձրացող պաղի ցեխոտ ժանյակներ
փաթաթել մրսած մեր մարմիններին:
Ու գահավիժող զարկերակի հետ
փորձում ենք հերթով կոները հաշվել:
Հողը եղյամոտ երկյուղ է հագել
ու ծակծկում է մեր կրունկները:
Խրճիթը հեռու մի հորինվածք է:
Այստեղ միայն ամայությունն է՝
մեր մարմինների պես անսահմանելի:
Ձկները մարել են օրվա հատակին:
Մեր մերկությունը թափառում է
իրար հակառակ ուղղություններով
համրացած եղևնուտներում:
Երկարող կծիկը բացվում է,
փակվում:
Հողոտ մեր պաղությունը չի երևակվում:
Ի՞նչ եմ ճողփյունով կորզել հատակից.
տե՛ս ճողոպրող այն սկյուռիկներին,
չստացվող խարույկը,
որ կափկափում է գոցված փեղկերին:
Ի՞նչ եմ գողացել նրանց խոսքերից,
որ շղթաներն այդ մեզ չկառանեն:
Օդում ցնդող քո մերկությունը՝
օրվան պարզված ցուրտ շնչառություն:
Ու սիրել եմ աքաղաղականչ եռակի այն
մատնությունը,
երբ անդրադարձդ է ներսդ կողոպտում:
Մոշենիների փշերը հյուսել են
փայլուն վզնոցներ:
Խոսք անդրադարձի
15.08. 2013
Աչաջուր
-Ու վերջում էլ՝ ես:
Ու տես՝ քո ներսը անծայրածիր հիմա մի դուրս է:
Գիտեմ՝ այս ցուրտը քեզ սիրելի է:
Ու չես վախենում անհագուրդ այն
սկյուռիկներից, որ
խնդությունդ գավաթ առ գավաթ
կցրեն փակ թփուտներում:
Մոշենիները փշերն են սրել:
Մատնությունս՝ անբեկանելի,
որ քեզ բացում է, տարածում է
օրվա պնակին,
կկախեմ, որպես շողշողուն գինդեր,
ես սակավարյուն քո պարանոցից
ու վազելով կհեռանամ մերկացող
այն արահետով:
Հրաժեշտ Աչաջուրին
21. 08. 2013
Աչաջուր
Խլահավերն ինձ նորից բերել են
մամուռի զգեստը
-խուփ կապտականաչ:
Կախել են խոնավ հեռագրալարից:
Ու հարազատ էր ամեն օր ինձ
նիհար սերն այս նոճիների:
Ու ոսկրոտ շները՝ իրենց քաղցերով՝
անհագ ու բանտված,
կեսգիշերին գալիս էին ջրի:
Ու սրունքներս սիրեցին զբոսնել
ստվերի տերևոտ, նուրբ գուլպաներում:
Բայց մեկնում եմ՝ զգեստը չփորձած:
Շարունակությունը՝ հեռագրասյանը:
Աստղերի և աքաղաղի մասին.
ուրիշ ոչինչ
14.08. 2013
Աչաջուր
Ուրիշ ոչինչ. ընդամենը երկու աստղ էի
քամել քեզնից:
Քեզ տեսել էի լուսադեմի դալկացող
փեղկերից մեկում. ուրիշ ոչինչ,
հանգչող կարմիրի մի խզբզոց՝
ծանր հյուսքերը կախած
մութ ջրհորդաններից:
Երբ աքաղաղականչերի մոխիրը ցնցվում էր
չբացված օրվա արտևանունքներին:
Ծղրիդների կանաչ ապարանքում
մարմինդ բարձր էր,
լցված աստղերի կարծր դատարկությամբ,
որ գիշերը սկսում է թարթել.
ուրիշ ոչինչ:
Հետո ճանապարհների երկար հյուսքերը
սկսում էին թրթռալ:
Ու վերջին համազարկի հետ
մատներս պոկել էի քո կոկորդից,
գրպանումս դրած երկու աստղ՝
պատանի աքաղաղի հետ
ընկել էի ճանապարհ:
Քամիների քարտեզներում
21.07. 2013
ք. Ծաղկաձոր
Քամու ձեռքերում աշխարհը հանկարծ
դարձել էր այնքան իրական:
Քեզ տուն էի տվել իմ ապարանքում՝
մոխրագույն փոշուց մի հարկաբաժին:
Ապավինել էինք չորս բարդիներին:
Ու կտակել էինք երիցուկներին այն ինչքը, որ
մեզ էր պատկանում երկու օր ու կես:
Զգեստս կապույտ էր, անիմանալի:
Ու քեզ պոկել էի ես բազմախոստում,
այնքան խճողված այն քարտեզներից:
Ու կյանքը՝ դարձած մի դեղնափորիկ:
14.08. 2013
Աչաջուր
Ու կյանքը սկսել բարակ այս գծից,
որ մոտեցել է ասես սահմանին:
Դրանից անդին՝ մի քանի կտուր:
Լվացքը ննջում է տաք պարաններին:
Ձեռքերը նորից դառնում են հողին,
բայց ցողունները դեռ չեն տաքանում:
Պետք է սպասել:
Ու չափից դուրս մեծ է կսկիծը
սևուկ ճուտիկի:
Ու կյանքը սկսել բարակ այս գծից: