Ինքնաթիռը դանդաղ էր իջնում: Առավոտյան ժամը 4-ն էր: Ներքևում շարված բազմաթիվ ինքնաթիռները մեծ օդանավակայաններ էին հիշեցնում՝ Շառլ Դե Գոլի, Հիտրոյի, կամ Նյու Յորքի Ջեյ-Էֆ-Քեյի նման: Արփինեն զարմացավ, որովհետև փոքր, գավառական օդանավակայանի ակնկալիք ուներ: Վայրէջքից հետո միայն հասկացավ, որ դրանք Աֆղանստան զինամթերք տանող մեծ ամերիկյան բեռնատարներն էին, և որ այդքան շրջանառված Ամերիկյան ռազմաբազան Ղրղզստանում ու «Մանաս»  օդանավակայանը նույն բանն է:

Ինքնաթիռից իջնելուն պես սկսվեց հրմշտոցը: Ինքնաթիռում կողքին նստած ռուս կինը բոլորին հրելով առաջ էր վազում, բայց միևնույն է, այնպես ստացվեց, որ անձնագրային ստուգման հերթում կրկին իրար մոտ հայտնվեցին: Մոսկվա-Բիշկեկ չվերթի ժամանակ կինը հասցրել էր պատմել, որ արդեն տաս տարի է Գերմանիայում է ապրում, բողոքել Գերմանիայից ու գերմանացիներից, շեշտել, որ գերմանական անձանգիր ունի, սակայն բացի ռուսերենից ոչ մի այլ լեզվով չի խոսում՝ ձեռի հետ էլ ասելով, որ չնայած ծնվել-մեծացել է Բիշկեկում, ղրղզերեն ոչ մի բառ չգիտի ու երբևէ չի էլ ուզել իմանալ: Ճանապարհին ցույց էր տվել նաև ողջ գերդաստանի ֆոտոները, պատմել ամեն մեկի մասին առանձին-առանձին, հայտնել, որ երկու մեծ ճամպրուկ նվերներ է բերել: Երբ իջան, շտապում էր՝ աղջկան տեսնելու ու նվերները թոռներին մեկ վայրկյան շուտ հասցնելու: Բայց մյուս ուղևորներն էլ պակաս չէին շտապում, և կինը հևոցով հայտնվեց հերթի վերջում, Արփինեի կողքին: Քանի որ ինքնաթիռում իր և իր ընտանիքին առնչվող թեմաների մեծ մասը սպառել էր, հիմա ևս մեկ անգամ ոտքից-գլուխ նայեց Արփինեին՝ ասես առաջին անգամ էր տեսնում: Զննող հայացքը կանգ առավ Արփինեի ձեռքի կապույտ անձնագրի վրա ու հարցրեց.

-Деточка, а вы откуда?[1]

-Из Армении[2],- հոգնած պատասխանեց Արփինեն:

-Аааа… А у вас тоже Путин президент?[3]

Հարցը մնաց անպատասխան, որովհետև հենց այդ պահին անձնագրային անցակետի մոտից համազգեստավոր մեկը ձայն տվեց կնոջը.

-Теть Свет, сюда идите.[4]

-Ой извините, дайте пройти, Света- это я, меня зовут,[5]– դիմացիններին հրելով՝ կինն առաջ նետվեց:

Հերթի մեջ դժգոհության ալիք բարձրացավ, մի երիտասարդ աղջիկ էլ, որը Շերեմետյեվոյի սպասասրահում անդադար պատմում էր Ալաբամայում ուսանողական փոխանակման ծրագրով անցկացրած տարվա մասին, ղրղզերեն ինչ-որ բան շշնջաց, ավելացրեց անգելերն ֆաքը, հետո էլ ռուսերեն փնթփնթաց՝ совок есть совок: Բայց դե ծյոծ Սվետի հեչ պե՞տքն էր: Արդեն անցակետի մոտ էր՝ գերմանական անձնագիրը հպարտորեն մեկնած:

Արփինեն հորանջեց: Օդում կախված անորսալի մի բան իրեն շատ խորը ինչ-որ տեղ տարավ: Նա այստեղ օտար ու մենակ էր: Հերթում կանգնածների մեծ մասը տուն էր վերադառնում: Այսպես մեկ էլ Երևանում է լինում, որտեղ վերանորգված ու նոր, «միջազգային ստանդարտներին համապատասխանող» օդանավակայանում գրված է «Բարի վերադարձ», կարծես Հայաստան միայն վերադառնում են: Էդ մտքի վրա ֆիլմի կադրի պես աչքին երևաց Գերմանիայի Վիլհելմսհաֆեն քաղաքի երկաթուղային կայարանը, որտեղ երկաթգիծը վերջանում էր: Բարեկամություն, վերջին կայարանն է: Հաա, նոր միայն որսաց այն անորսալի հոտը, որն իրեն տարավ խորը ճամփորդության: Մանկությունից ռնգերում մնացած մի բան էր, նավթի հոտը, որով սովետական տարիներին փայլեցնում էին Զվարթնոց օդանավակայանի հատակը: Քանի անգամ էր էդ հոտը քթում, հայրիկի ձեռքն ամուր բռնած մարդ ճանապարհել ու դիմավորել: Պայուսակն ամուր սեղմեց ձեռքում:

– Гражданочка, что вы стоите как истукан? Ваша очередь, подходите,[6]– կողքին կանգնածը օդանավակայնի հավաքարարն էր, համ հատակն էր փայլեցնում, ճիշտ իր ոտքերի տակ, համ էլ ցույց տալիս ազատ սահմանապահին, ում պետք էր մոտենալ:

Արփինեն ուշքի եկավ, մոտեցավ անցակետին, մեկնեց անձնագիրը: Ապակու ետևում նստած  սահմանապահը նայեց անձնագրին, ապա՝ իրեն:

– А правда, что у вас коньяк лучше нашего?[7]– հարցրեց սահմանապահը:

– Не знаю, ваш не пробовала.[8]

– Обязательно попробуйте. А у вас для меня не найдется?[9] – կատակեց սահմանապահը:

Արփինեն շփոթվեց, չգիտեր՝ ինչ պատասխաներ, ու հիմա էդ նավթի հոտին խառնվեց նաև կոնյակինը և անքուն գիշերն էլ վրադիր՝ սրտխառնոց առաջացրեց: Վերցրեց անձնագիրն ու անցակետն անցնելուն պես՝ վազեց զուգարան:

Մինչև հասավ իրերը ստանալու կետին, պարզվեց, որ իր ճամպրուկն ինչ-որ մեկն արդեն վերցրել ու մի կողմ էր դրել: Արփինեն անգամ ուրախացավ, որ այլևս սպասել պետք չէ: Վերցրեց ճամպրուկը, նայեց, թե ելքի նշանը որտեղ է ու քայլեց այդ ուղղությամբ:

– Есть что декларировать?[10] – դռների արանքում հարցրեց հերթական համազգեստավորը:

– Нет,[11]– պատասխանեց Արփինեն:

– Пройдемте со мной,[12]– կարգադրեց համազգեստավորը:

Արփինեն մեկ ուզեց դժգոհել, մեկ էլ հիշեց, որ Ամերիկայում էլ են պատահականության սկզբունքով մարդկանց ընտրում ու  իրերը բացել տալիս և լուռ հետևեց համազգեստավորին: Բացեց ճամպրուկը: Համազգեստավորը հարցրեց, թե ալկոհոլ չունի՞: Արփինեն ասաց, որ երկու շիշ կոնյակ պիտի լինի, որ նվեր է բերել: Համազգեստավորը հրահանգեց հանել իրերը: Արփինեն նայեց իրերին ու մեխանիկորեն սկսեց հանել դրանք: Միայն այն բանից հետո, երբ համազգեստավորը հարցրեց, թե ուր է կոնյակը, Արփինեն հասկացավ, որ շշերը չկան ու որ ճամպրուկն ինչ-որ մեկն իրենից առաջ արդեն տակնուվրա է արել:

– Так, гражданка, как вас зовут? Вы тут ждите, я сейчас приду.[13]

Արփինեն ուզում էր ամեն բան թողնել հենց այդպես ու գնալ: Այնքան հոգնած էր, որ միակ միտքը փափուկ բարձն ու տաք անկողինն էր: Հիշեց, որ ճամպրուկից վերջին անգամ իրեր անհետացել էին, երբ էլի Մոսկվայով ինչ-որ տեղ էր գնում: Անհետացածը մեծ բան չէր, բայց մեկ ա, տհաճ էր: Հոգնած ընկավ հենց կողքի աթոռին: Մի քանի րոպեից համազգեստավորը վերադարձավ, ներկայացավ որպես կապիտան այսինչ, ու Արփինեին մեկնեց իր երկու շիշ կոնյակը:

– Извините пожалуйста. Добро пожаловать в Киргизию![14]– ասաց ու ուղեկցեց մինչև ելք:

Էս սովետահոտ ստուգումներից, իրերը ստանալուց հետո, ինչպես իրեն բացատրել էին մոտեցավ հենց օդանավակայանում տեղակայված տաքսի ծառայությանն ու մեքենա խնդրեց: Տաքսու անունն էլ էր «Մանաս»: Աշխատակցի ուղղորդմամբ դուրս եկավ ու մոտեցավ հենց առաջին պատահած Մանասին: Վարորդն օգնեց իրերը տեղավորել և ապա նստեց ղեկին, իսկ Արփինեն տեղավորվեց հետևում: Վարորդին հանձնեց Բիշկեկում իր գիշերակացի հասցեն և շարժվեցին: Գիշերը դեռ չէր գնացել և շատ մութ էր, ձմեռային անհրապույր մութ: Ոչ մարդ էր երևում, ոչ մեքենա, ոչ էլ որևէ շնչավոր արարած: Բիշկեկում առաջին անգամ էր և ոչ օդանավակայանի հեռավորությունն էր պատկերացնում քաղաքից, ոչ ճանապարհը, ոչ էլ այն վայրը, որտեղ պիտի գիշերեր: Մի քանի րոպե լուռ քշելուց հետո, վարորդը, որը միջին տարիքի ոչ ղրղզական արտաքինով տղամարդ էր, հարցրեց.

– А вы откуда?[15]

– Из Армении,[16]– պատասխանեց Արփինեն:

Մի քանի րոպե տևած մթությանն ու լռությանը հետևեց վարորդի հաջորդ նախադասությունը.

–  А я из Азербайджана.[17]

Արփինեն լարվեց: Միտն էկավ, որ ոչ աշխատող հեռախոս ունի, ոչ էլ պատկերացում՝ թե ուր է գնում: Լռության րոպեները կրկին ընդհատեց վարորդը.

– А вы откуда из Армении?[18]

– Из Еревана.[19]

– А вы замужем?[20]

– Да.[21]

– А у вас дети есть?[22]

– Да.[23]

Կրկին լռություն: Մեքենան գնում էր խարխլված ճանապարհով: Շուրջ բոլորը ոչ մի բնակավայր չէր երևում, միայն ինչ-որ դաշտեր էին ու մեկումեջ Սովետից մնացած բնակավայրերի անուններով ցուցանակներ: Ցուցանակները կային, բայց տներ չկային: Այլ մեքենա էլ չէր երևում: Ճանապարհն էլ նորմալ չէր լուսավորվում:

– Никому не доверяйте,[24]– հետևեց վարորդի հաջորդ նախադասությունը:

Լավ, բա էրեխեքի մասին ինչու՞ հարցրեց: Երևի ուզում ա պատկերացնի թե ոնց բռնաբարի: Աչքի առաջ երևացին Սումգայիթի իրադարձությունները, այն կինը, որին մերկ իջեցրել էին բակ, խոշտանգել, բռնաբարել: Հատկապես մի միտք հանգիստ չէր տալիս. զոհերից մեկի հեշտոցը խրած երկաթի կտորը: Հեշտոցը լարվեց, սեռական շուրթերն ամուր սեղմվեցին ու փակեցին հեշտոցամուտքը: Փաստորեն հեշտոցով են վախենում… Հետո մի տեսակ հիմար պատմություններ միտն էկան ռուսական ինչ-որ անկապ ժուռնալից, որը մի անգամ անգործությունից թերթել էր օդանավակայանում: Դե դա լրիվ աղբ էր, սկի կարդալու ու հիշելու բան էլ չէր, բայց այնտեղ էլ մանրամասն նկարագրում էին, թե բռնաբարողներն ինչպես էին ընտրում զոհերին, որ նրանք երեխա ունեցած լինեն, որ մուտքը լայն լինի, որ ինչ չափի առարկա ու ոնց ուզեն կարողանան խրել ու հրճվել: Վարորդի հարցերը կապվեցին Սումգայիթի, Բաքվի, ապա և չգիտես որտեղից ուղեղում լռված այդ մյուս պատմության հետ, ու վախը գալարվեց, հեշտոցն ի վեր բարձրացավ, հասավ արգանդին, սկսեց թակարդից ելքեր փնտրել,  ներծծվեց արյան մեջ, տարածվեց ողջ մարմնով ու քը՛րթ, խփեց գլխին: Հայացքը պատուհանից դուրս՝ փախուստի տարբերակներ էր փնտրում:

– А как там у вас в Армении?[25]

– В каком смысле?[26]

– Есть еще азербайджанцы?[27]

– Если даже есть, то очень мало.[28]

Տեսնես քաղաքն ինչքա՞ն հեռու ա:

–  Никому не доверяйте. А что будет с Карабахом, как у вас в стране думают?[29]

Չգիտեր ինչ պատասխանել: Վարորդն էլ հեռախոսով էր խոսում ինչ-որ մեկի հետ: Տեսնես մենա՞կ կբռնաբարի, թե՞ խմբով: Կարո՞ղ ա խմբի հետ ա պայմանավորվում: Էդ Բիշկեկն ու՞ր մնաց: Դաշտեր, դաշտեր: Երևի մի տեղ ճամփից դուրս կթեքի ու… Բա Սաֆարովը: Կացինն էկավ աչքի առաջ: Ավելի լավ ա սաֆարով անի՝ պրծնի:

– А вам в какую гостиницу?[30]

Էս խի՞ ա նորից հարցնում: Էդ հասցեն իրան տվեցի, չէ՞: Նորից փոխանցեց հասցեով թերթիկը:

– Это что за гостиница что я не знаю?[31]

– Это не гостиница, а какая-то квартира, так называемый bed and breakfast.[32]

– Никому не доверяйте.[33]

Լավ, ի՞նչ անի: Հանեց հեռախոսը, որը ռոմինգ չէր արել՝ մտածելով, որ Բիշկեկում տեղական քարտ կգնի: Ձևացրեց թե զանգում է, ապա՝ իբրև խոսում է ինչ-որ մեկի հետ ու հայտնում, որ արդեն ժամանել է: Ժամանակը չէր սպառվում…

– А вы работаете?[34]

–  Да.[35]

–  А муж кем работает?[36]

–  Журналист.[37]

– Аааа.[38]

Ճանապարհը ոչ մի կերպ չէր վերջանում: Երևի հիմա կանչել է ընկերներին, և դաշտի մի ծայրում իրենց են սպասում:

– Я вспомнил. Как-то возил я в эту гостиницу каких-то иранцев. Кроме них там никто не останавливается. А вы к нам на долго?[39]

Հա, էդ էլ ու պրծ: Էդ ի՞նչ անհասականալի տեղ ա: Կարո՞ղ ա ընկերներին հենց ընդեղ ա կանչել: Էլի հեռախոսով ա խոսում: Վաայ, տուն: Վերջապես: Բայց շունչ չկա: Քաղաքն էլի չի պատկերացնում: Տեսնես արդեն Բիշկեկու՞մ են: Տեսնես ո՞նց կխոշտանգեն: Լավն էն կլինի, որ կացնահարեն պրծնեն: Քշում ու քշում ա: Ոչ մարդ կա, ոչ մեքենա: Անհասկանալի պտույտներ ա անում: Վերջապես մի քիչ ավելի լուսավոր փողոցներում հայտնվեցին: Մի շունչ արարած էլ երևաց՝ ցախավելով պապիկ, որ փողոցն էր ավլում: Կանգնեց: Պապիկից ճշտեց կացարանի տեղը: Պապն էլ չգիտեր՝ չնայած ըստ վարորդի այդ կողմերում պետք է լիներ: Էլի պտտվեց: Վերջապես կանգնեց մի բարձրահարկ շենքի բակում: Վարորդն իջեցրեց ճամպրուկը, իսկ Արփինեն դուրս թռավ մեքենայից: Վարորդը գրպանից մի թղթի կտոր հանեց:

-Никому не доверяйте,- թղթի վրա ինչ-որ բան գրեց ապա մեկնեց իրեն,- у меня мамка армянка. Звоните, с мамкой пообщаетесь.[40]

——————

[1] Աղջիկ ջան, իսկ դուք որտեղի՞ց եք:

[2] Հայաստանից:

[3] Աաաա… Ձեզ մոտ էլ ա՞ Պուտինը պրեզիդենտ:

[4] Սվետա տոտա, ստեղ էկեք:

[5] Ներեցեք, թույլ տվեք անցնել, Սվետան ես եմ, ինձ են կանչում:

[6] Քաղաքացուհի, ի՞նչ եք քարացել: Ձեր հերթն է, մոտեցե՛ք:

[7] Ճի՞շտ է, որ ձեր կոնյակը մերինից լավն է:

[8] Չգիտեմ, ձերը չեմ փորձել:

[9] Անպայման փորձեք: Իսկ կարո՞ղ ա ինձ համար ունենաք:

[10] Հայտարարագրելու բան ունե՞ք:

[11] Ոչ:

[12] Եկեք ինձ հետ:

[13] Այսպես, քաղաքացուհի, ի՞նչ է ձեր անունը… Այստեղ սպասեք, ես շուտով կգամ:

[14] Ներեցեք խնդրեմ: Բարի գալուստ Ղրղզստան:

[15] Իսկ դուք որտեղի՞ց եք:

[16] Հայաստանից:

[17] Իսկ ես Ադրբեջանից եմ:

[18] Իսկ դուք Հայաստանում որտեղի՞ց եք:

[19] Երևանից:

[20] Ամուսնացա՞ծ եք:

[21] Այո:

[22] Իսկ երեխաներ ունե՞ք:

[23] Այո:

[24] Ոչ ոքի մի վստահեք:

[25] Իսկ ո՞նց ա ձեզ մոտ Հայաստանում:

[26] Ի՞նչ առումով:

[27] Ադրբեջանցիներ դեռ կա՞ն:

[28] Եթե անգամ կան՝ շատ քիչ են:

[29] Ոչ ոքի մի վստահեք: Իսկ Ղարբաղի հետ ի՞նչ ա լինելու, ձեր մոտ ի՞նչ են մտածում:

[30] Իսկ ձեզ ո՞ր հյուրանոցն է պետք:

[31] Էդ ի՞նչ հյուրանոց ա որ ես չգիտեմ:

[32] Հյուրանոց չի, այլ ինչ-որ բնակարան, այսպես կոչված մահճակալ և նախաճաշ:

[33] Ոչ ոքի մի վստահեք:

[34] Իսկ դուք աշխատու՞մ եք:

[35] Այո:

[36] Իսկ ձեր ամուսինն ի՞նչ է աշխատում:

[37] Լրագրող է:

[38] Աաա:

[39] Հիշեցի: Էդ հյուրանոց մի անգամ ինչ-որ պարսիկների եմ տարել: Դրանցից բացի ոչ ոք ըտեղ չի մնում: Իսկ մեզ մոտ երկա՞ր եք մնալու:

[40] Ոչ ոքի մի վստահեք: Մայրս հայ է: Զանգեք, մորս հետ կշփվեք:

Show Comments Hide Comments

One thought on Մանասը

  1. […] բոլորը պոեզիա պիտի կարդային՝ բացի քեզնից։ Ի սկզբանե «Մանաս»-ն էիր ուղարկել թարգմանության։ Մտադիր էիր դա կարդալ։ […]

Leave a Reply

Your email address will not be published.