Ջո Մաքուդա
Թող հավերժության մեջ հիշվի անունը –
իսկ թե ոչ` գոնե այս մահկանացու
գոյության մեջ մեր – որ ինձ մեքենայով
Իլինոյի Զիոն քաղաքը տարավ` բասքեթբոլի մի
խաղի, երբ ես բաց էի թողել ավտոբուսը:
Մեր կողքի հարեւանն էր:
Երեխաները մեծերի հետ շատ չէին խոսում
այն ժամանակ, նրա աղջիկն էլ շատ էր փոքր
ընկերս լինելու համար, այնպես որ նրանց տուն էի գնում,
միայն երբ գիտեի, որ նրան ու կնոջը այցի են
գնացել հայրս ու մայրս:
Ու զգացի, որ մեծահոգությունը նրա էն տեսակ մի բան էր, որ
չէի իմանալու` ինչպես վարձահատույց լինել, ուստի,
երախտագիտությունս թաքցրի սրտիս մեջ, թողեցի, որ աճի,
ու աճելով ուզեցի, որ իմ մեջ սաղմնավորի հենց այն,
ինչը կարկամ հիացքով տեսել էի նրա մեջ:
Կլարա
Ուզում եմ պատմել, որ հենց հիմա
մայրս վերցրեց նոփ-նոր
լվացված սփռոցը
ու ձեռքով զարդասեղանի գլխին
տարածելով` ասաց.
«Կլարան է սարքել»:
Ես սենյակի խորքից զգույշ
զննեցի գունաթափ վարդագույն
ժանյակն ու մտածեցի` ի՜նչ պայծառ վարդ
պիտի եղած լինի տարիներ
առաջ – գրեթե իմ ամբողջ կյանքի
տարիներն առաջ – երբ ես փոքր տղա էի,
ու դու ապրում էիր հարեւան տանը,
մինչեւ մահացար ու դարձար
քնքուշ հիշողությունը մի երեխայի
վաղահաս սիրո:
Ինչ էր անունը
Ի՞նչ էր անունը վարանուկ այն
տղայի, որ ապրում էր մեր կողքին, ու
մենք գեյ էինք կարծում նրան
դասընկեր էր, հարեւան,
համարյա թե ընկեր
Ու մոռացվեց շուտով,
երբ քաղաքից ընտանիքը գնաց,
մինչեւ մի օր տարիներ
անց, աչքիս ընկավ նրա
մայրը Փեթրիֆայդ Սփրինգսի մոտ,
Ու մոր կողքին կանգնած էր նա:
Մտքովս անցավ գոռալ բարեւ`
թեկուզեւ համոզվելու համար, որ իսկապես նա է,
բայց քեռուս հետ բռնոցի էի խաղում, խաղով ընկա,
ու պահն անցավ-գնաց:
Նա իսկապես շատ էր շփոթահար
ու քաշված,
որ ինձ ձեռքով աներ, բայց ես
կարող էի հեշտորեն ձեռքով կանչել նրան:
Մինչդեռ, քեռիս նետել էր գնդակը,
ու պետք էր բռնոցու մեր խաղը շարունակել:
Ի՞նչ են այս դասերը, որ ետ են դառնում մեկ էլ`
տեսարանն անփոփոխ, կորուստի
ցավն անանց –
Սպասելով, որ ափսոսանքն հասնի
մինչեւ գիտակցություն` ցուցանելու նորից`
ինչպես ձախողեցինք մի ընկերոջ:
Ոսկե ձկնիկ
Ձկնիկները վաճառում էին սպիտակ փոքրիկ տարաներով,
որ մոմած էին լինում կամ էլ ուրիշ հնար գտած,
որ կողքերից ջուր չթողնեին –
քառակուսի տուփիկի մեջ, որ վերեւում լայնանում էր:
Երբ ձուկն արդեն ջուրն էր գցվել,
ու բերանը դրվել վրան, ես պստլիկ մատներովս
ձեռքս էի առնում դրա բարակ լարից բռնակն
ու քայլում տուն:
Մենք ձկներին կերակրում էինք որոշակի ժամերի,
ու դրանից բացի` մեզնից էլ բան
չէին պահանջում: Իրենց
կյանքը ունեին, մեզ էլ դուր էր գալիս նրանց ներկայությունն զգալ
մեր կյանքի մեջ, որ լողում էր հանդարտ
մարմարե գունավոր ծածկոցից վեր:
Բայց գալիս էր մի առավոտ, երբ զարթնում էինք տեսնելու,
որ ձկնիկներից մեկը ջրի երեսին է պառկած`
կողքի կամ մեջքի վրա,
ու շվարած միտք էինք անում, թե ինչպես է, որ միշտ
նրանց խորհրդավոր մահը
մութ գիշերվա մեջ է վրա հասնում:
ՀՉ & ՌՀ
Կրտսեր ավագ դպրոցում էր
Հայկ Չոբանյանը, որ միշտ առաջ էր
մեզնից ոճի ու լոթիության ասպարեզում
ու սովորեցնում էր մեզ` ինչպես
Սթեն Քենթոնի նվագախումբ կեղծենք –
ձայնապնակով, որ միացնում էինք բեմի ետեւում,
բոլորի աչքից հեռու –
դպրոցական հանդեսի կամ ավարտական
միջոցառման ժամանակ: Ու բոլորը հավատում էին,
որ նվագողը մենք ենք, ոչ թե Մեծն Սթենը:
Պատկերացրե՜ք ախր: Հավատալու բան չէր:
Բայց Բիբին, ինչ անունով հայտնի էր Հայկն այն ժամանակ,
դուխ արեց ու դերասանի անունի տակ քաղաքից
մեր թռավ ու էլ ոչ մեկին չխաբեց`
ձախողվելով բեմի վրա ու անցնելով
գորգերի վաճառքի – ինչով որ հայտնի էին
մեր պապերը – ոչ մենք,
ու էլ նրան տեսնող չեղավ:
Բայց այն, ինչ հիշեցրեց ինձ նրա մահը,
Ռոդն է Հերմես` մեծ թմբուկի վրա –
ու հարցը, թե ոնց էր հարմարեցնում նվագել
հեռավոր այն գիշերում – պայծառ
լուսավորված բեմի վրա –
առանց պրծացնելու թմբուկից
գեթ մի հնչյուն:
Դադյան
Դադյանի կոշկակարանոցը Սթեյթ փողոցի վրա
այն տեղն էր, ուր հանդիպում էինք թարմացնելու
վերջին լուրերը – ինչպես կողքի թաղում ապրող
իտալացիներն էին գնում իրենց վարսավիրանոցը`
հազրված գործիքներով – ոգեկոչելու ժամերը
հիշողություններով, երգերով
ու պատմություններով մի երկրի` իրենց համար կորսված արդեն:
Բայց մեր սերնդի մեջ մենք պայքարում էինք
մեր սեփական զրույցների ու պատմության դեմ,
ու կաշվե կոշիկներով մտնում էին Մայքի ու Սեմի
սրտաբաց արհեստանոցը` իր շաղակրատ
Սեմով, կողքին աշխատող մեծ եղբայր Մայքով ու
հետեւում լուռ զբաղված հորով:
Ու նստոտում էինք այնտեղ` կոշիկներս փայլեցնելու
կամ լեզուներիս տալու` պարծենալով
Johnston & Murphy կոշիկներով մեր նոր, որոնց վրա
ծախսած էինք լինում հաճախ
մեր ամբողջ ամսվա նպաստը:
Այլ բաներից էլ էինք խոսում –
օրն անցկացնելուց, մեր կյանքի
անցնելուց, եկող ուրբաթ իրիկունվա
ծրագրեր էինք մոգոնում,
միջթիմային հաշիվների, խաղի սուր պահերի,
եղանակի, բամբասանքի ու հակառակ սեռի հետ
մեր դժվարությունների մասին:
Դա հորդուն եռանդի ժամանակ էր`մտքի
տարտամ ներկայությամբ
եւ առանց որոշակի ծրագրի –
Կամ թե մտքներիս կար էլ մի բան,
չգիտեինք ինչպես գործարկել,
անգամ` ինչից սկսել:
Սքաութս Վուդս
Վերեւի ափին կանգնած նայում էինք
ճահճացած խոտից ու գերանից այնկողմ
որի վրայով անցնելու էինք դեպի լանջի
աղբյուրը բաց, ուր կանգ առանք ջուր
խմելու ու լիցքավորելու մեր
հրացանները, ու մեր ձայները
լռեցին հանկարծ մոտիկ
որսի սպասման մեջ –
Մինչ մեր մուտքն էինք հյուսում դեպի
դաշտեր ու տափարակներ ու ավելի դենը –
այդ ամբողջ աշնան ձյունամաղ ձմեռնային
օրերին, ընկերակցության մի ժամանակ, որ
կապեց մեզ հողին ու իրար այնպես,
որ մեր իմացած բառերը
չէին կարողանալու երբեք նկարագրել:
Կիրք
Մեր թաղից հեռանալուց ի վեր,
սկզբից ճանապարհին, Քենթաքիի զինվորական
բարաքներ քշվելուց առաջ,
հետո Ֆուձի լեռը դեպի ու լեռնային զորաշարժերին
միացած այլ զորակոչիկների հետ`
տան կարոտից սմքած –
Մինչեւ Հելեն մորաքրոջ ծանրոցները
սկսեցին գալ` կանոնավոր ինչպես հերթափոխը,
կիսվելու մյուսների հետ
պահակահերթի երկար գիշերներին:
Հետո ես սկսեցի գրել` սկզբից պատասխանելով
տնից եկած նամակներին, հետո մի նախկին ընկերուհու,
որ էլի պարտքն էր կատարում` իր սեփական. ով այդպես էլ
չիմացավ, թե ինչ էր արթնացրել իմ մեջ,
ու որ ժամանակից էլ ես չէի կարող գուշակել,
թե ինչով էր ի վերջո ավարտվելու ամեն բան: