Ինքնագիրը ներկայացնում է Ինքնագիր գրական ակումբում Արամ Պաչյանի «Օվկիանոս»(2014) գրքի քննարկման ձայնագրությունը, որ եղավ այս տարի փետրվարի 14-ին Ականաթ սրճարանում: Քննարկմանը Պաչյանը ընթերցեց գրքից հատվածներ որոնցից մեկը վերահրատարակվում է ստորև:
Տես նաև Ինքնագրի անդրադարձը. Էլլա Կանեգարիանի «Հիշելով գրողին. Արամ Պաչյանի «Օվկիանոս»-ում» գրությունը:
Ինքնագիր գրական ակումբում գրական քննարկումները սկսվել են 2001թվից: Մինչև 2008 թիվը ակումբը հավաքվում էր շաբաթը մեկ անգամ: Հետագայում ակումբի քննարկումները ավելի հազվադեպ դարձան:
Այս տարի կրկին ակտիվանում է ակումբը: Վերջինը օգոստոսի 19-ին ֆինն բանաստեղծ Էրքքա Ֆիլանտէրի հետ հանդիպումն էր ու նրա ընթերցած բանաստեղծությունների քննարկումը, որի տեսակգրությունը կհրապարակվի առաջիկայում:
Ակումբի մասին տես նաև կայքի նոր ստեղծված «Մեր մասին» էջը:
Իր անկողնու մասին
Երեկոյան ժամը իննին թակում է բնակարանի դուռը: Մայրն է բացում:
– Ինչ-որ բան կուտե՞ս:
– Չէ։
Մտնում է հյուրասենյակ: Անկողինն արդեն գցված է: Փակում է դուռը, հանգցնում լույսը, պառկում է:
Երեկոյան ժամը իննին թակում է բնակարանի դուռը: Մայրն է բացում:
– Ինչ-որ բան կուտե՞ս:
– Չէ:
Մտնում է հյուրասենյակ: Անկողինն արդեն գցված է: Փակում է դուռը, հանգցնում լույսը, պառկում է: Երեկոյան ժամը իննին թակում է բնակարանի դուռը: Մայրն է բացում:
– Ինչ-որ բան կուտե՞ս:
– Չէ:
Մտնում է հյուրասենյակ: Անկողինն արդեն գցված է: Փակում է դուռը, հանգցնում լույսը, պառկում է:
Երեկոյան ժամը իննին թակում է բնակարանի դուռը: Մայրն է բացում: Ձեռքերով ջերմ գրկած դագաղի գլխամասից ծորում է ժպիտը: Մայրն ուշագնաց է լինում: Խնամքով, այնպես, որ դագաղի եզրերը դռան շրջանակին խփվելիս չվնասվեն, ներս է մտնում, անկշռորեն սահում ուշակորույս մոր կողքով բացված չնաշխարհիկ արահետով եւ այդ բարդ, համարյա անելանելի իրադրության մեջ հասցնում է նույնիսկ գրպանից ձնծաղիկ հանել ու խրել մոր հավաքված մեղրագույն վարսերի մեջ եւ նման բարդ, համարյա անելանելի իրադրության մեջ նույնիսկ ծիծաղում է իր բաց, մանկական ծիծաղով:
Առաջանում է հյուրասենյակ: Անկողինն արդեն գցված է: Դագաղը դնում է անկողնու վրա, գրպանից թուղթ ու գրիչ է հանում, նստում է բազմոցին ու գրում: Հետո թուղթը դնում է դագաղի մեջ ու բարձրաձայն կարդում.
Այս տանը 2000-2030թթ. ապրել է մի տղա։
Տունն ամբողջովին իր նախկին տեսքով վերականգնվել է 2023 թվականի սոսկալի Զեփյուռից հետո։
Նյութի աղբյուրը ` hraparak.am