Հետաքրքիր ընտանիք, որտեղ երկու սերունդ շարունակ արուները մատնվել են չեզոքացման իրենց կանանց կողմից:
(Լուի Արագոն, «Իռենի ճեղքը»)
Վերջերս մեծ էկրաններ բարձրացավ Գիլիերմո դել Տորոյի «Crimson Peak» ֆիլմը՝ դասական գոթական նովելի մասնիկներով արված տեսարժան սարսափ, սակայն այնտեղ բացակայում էր դասական գոթական նովելի համար սովորական «ուժեղ, փրկարար տղամարդու կերպարը»:
Սովորաբար ֆիլմի կենտրոնում է գտնվում թույլ ծաղիկ-կին, բայց ես ուզում էի, որ իմ հերոսուհին ուրիշ լիներ: Աղջիկն ինքն է փրկում տղային
(Գիլիերմո դել Տորո, InterviewRussia, 2 հոկտ.)
Առաջին հայացքից նման թեմայի ֆիլմերի համար սովորական սյուժետային գիծն իր մեջ պարունակում է մի քանի հետաքրքիր կետ: Առաջինը թե գլխավոր հերոսուհու և թե նրա ամուսնու մայրերի կերպարների հրեշացումն է: Մյուսը գլխավոր տղամարդ հերոսների՝ դրական և բացասական, թուլությունն է ու նման կերպարներին բնորոշ ուժի բացակայությունը: Գլխավոր հերոսուհին ինքն իր հույսին է, ինքն է և՛ իրեն փրկում, և՛ իրեն սիրող տղամարդուն՝ հեռվում թողնելով իրեն վտանգի տակ դրած ամուսնու ուրվականը (բառի բուն իմաստով ուրվականը):
Ինձ համար այդ ժանրը մարմնավորում է Հենրի Ջեյմսը, ով ասել է, որ ուրվականները մեր անցյալն են:
(Գիլիերմո դել Տորո, InterviewRussia, 2 հոկտ.)
Անցյալ
20-ականներին հասարակությունը հեղեղվեց կնոջ մի նոր, նախորդ ժամանակներից տարբերվող կերպարով՝ le garcon (տղա): Նորաձև էր այն ամենն, ինչ ընդգծում էր մարմնի «անսեռությունը»: Կանայք այնպես էին հագնվում, որ կոծկվեր նրանց ընդգծված կանացիությունը, մեծ տեղ էր տրվում պատանեկան մարմնի կառուցվածքով կանանց: Կոնքերն ու կանացի «կլորիկությունները» կոծկվում էին լայն ու իջած գոտկատեղով հագուստների միջոցով: Կանանց մազերը կարճացել էին. Առաջին համաշխարհային պատերազմը ստիպել էր շատ կանանց, հատկապես նրանց, ովքեր աշխատել են վտանգավոր պայմաններում, ռազմական ֆաբրիկաներում, փոխել սանրվածքներն ավելի պրակտիկի՝ քիպ կապած կամ կարճ կտրած մազերի:
Այս համընդհանուր տղայացման տենդենցն իր անվանումը գտավ Վիկտոր Մարգերիտտի «Le Garcon» վեպի շնորհիվ:
Կնոջ կերպարային փոփոխման վերաբերյալ ևս մեկ հետաքրքիր բան է կատարվել 20-ականներին, երբ 1928-ին լույս տեսավ Լուի Արագոնի «Le Con D`Irene» վեպը, որը այս տարի «Իռենի ճեղքը» անվամբ «Ինքնագիր» գրական ակումբը հրատարակեց հայերեն Նազենի Ղարիբյանի թարգմանությամբ (Գիրքը հասենելի է նաև upub էլ-գրախանութում՝ http://upub.am/books/ireni-jexqy/):
Վեպն ու Արագոնի ընդվզող հերոսուհին
Պատումն առաջին դեմքով է արված: Գլխավոր հերոսը վերադառնում է ծնողների տուն
Իմ գործերի վատ դրության պատճառով, հայտնվելով գրեթե լրիվ սնանկացած վիճակում
Ահա այսպես է սկսում մեր «ճանապարհորդությունը» դեպի այն պահ, երբ գլխավոր հերոսին մի կողմ դնելով, հասնում ենք մի պարալիզացված ծերունու (5-րդ գլխում), ով միշտ գրգռված է և մեծ հաճույքով հետևում է քաղաքում գրեթե բոլորի սեռական ակտերն` իր դստերն ու թոռնուհունը` ներառյալ:
***
Իսկական կին-տիրուհի: Ախ ինչու նրա մայրն այդպիսին չէր:
Վեպի հերոսի դստեր՝ Վիկտուարի ու իր հոր հարաբերությունները գրքում առանցքային են, քանի որ այդտեղ հանված է դասական «աղջիկ-հայր» կապը, փոխարենը թողնված է ինսցեստային երանգներով այդ կապի ստվերը: Աղջիկն իր հորը հիշում է միայն պարալիզացված վիճակում, տարօրինակ ու իր կողմից անհասկանալի հայացքներ նետելիս այս ու այն կողմ: Նրան պարտադրում են շփվել հոր հետ՝ մայրը: Նման կոնտեքստում ձևավորվում է զզվանք թե հոր, թե նրա կողմից աղջկա համար մարմնավորվող տղամարդկանց հանդեպ, ինչը հերոսուհին հետո կբացահայտի:
Պարտադրված շփումն ու հոր, նրա փաստացի անպետք կաղապարը՝ մարմինը հարգելու, հետը մարդավարի շփվելու պահանջը կորում է այն պահից սկսած, երբ մահանում է պարալիտիկ հերոսի կինը՝ Վիկտուարի մայրը:
Միշտ սևազգեստ, առաքինի, Աստծուն աղոթող ու ամուսնու կաղապարը որպես տան մեծ գնահատող կերպարը կորում է գրքից: Մնում են միայն Վիկտուարն ու իր հայրը, ով երբեմն երազում է նրա մասին, որ սպասավորներից գոնե ինչ-որ մեկը նկատի իր դստեր սեքսուալությունը…
Պատահում էր, որ ծածուկ հետևում էի տղամարդկանց, ուզում էի, որ նրանք տռփանքով լցվեն սպասուհիների նկատմամբ, աղջկաս նկատմամբ: Ես նրանց հանվացնում էի, որ տեսնեի, թե նրանց վրա ինչպես կազդեին բացված ստինքը, մերկացած ուսը:
Հերոսի կնոջ մահվան հետ վեպը լքում է նաև` հայրիշխանական(պատրիարխալ) հասարակության կողմից ստեղծված ու դարերով շահարկված «ենթարկվող» կնոջ կերպարը: Նրա մահվամբ կատարվում է Վիկտուարի ազատագրման ճանապարհի առաջին քայլը:
Վիկտուարը չէր փորձում ընդօրինակել մոր շինծու պահվածքը:
Նա արդեն ստիպված չի անել այն, ինչ չի ուզում: Հաջորդ քայլը, որն անում է Վիկտուարը ազատագրումն է ՀԱՅՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ՝ Տղամարդուց ու նրա բիբլիական հղումներից` ԱԴԱՄԻՑ: Ազատվել Ադամից ու նրա իշխանությունից, նշանակում է փչացվել, պոկվել, աղճատվել նրանից իբրև կող:
Վիկտուարը հաճախ իր բազմաթիվ ու բազմաբովանդակ՝ տղամարդկանց ու կանանց հետ սեռական տեսարաններն այնպես է դասավորում, որ դրանց մասնակից դարձնի նաև հորը, կարծելով, թե դա տեսնելիս նա կզայրանա կամ իրեն վատ կզգա (այստեղ էլ շեշտադրվում է հերոսուհու ու հոր միջև կապի բացակայությունը, երբ մեկը մյուսի միմիկան չի ընկալում)
Նրան թվում էր, թե ինձ մեծ հարված է հասցնում:
Այս վուայերիստական սեանսների իրական նպատակը պոկվելն էր, սեփական մարմինն օգտագործել իբրև ընդվզման զենք: Այս փուլում Վիկտուարը գտնվում է պայքարի մեջ իր մարմնի հետ ու օգտագործում սեռականությունն ու ոչ ավնադական կողմնորոշվածության սեռական կապերը իբրև ԱԿՏ, որն մարմինը մաքսիմալ պղծելով (հայրիշխանական բարոյականության կոնտեքստում) կկտրի նրան որևէ պատկանելությունից:
Սեփական մարմնի պատկանելության «հարցերը լուծելուց» հետո Վիկտուարն անցնում է նյութական «ազատագրմանը», դառնալով հորից ժառանգված կալվածքների լիիրավ տերն ու անգամ կրկնապատկելով իրենց ունեցվածքը: Նրանից բոլորը վախենում են.
Տղամարդիկ նրան սկսել են որպես հավասար ընկալել, և ինչ ահարկու հավասար:
Տարիներ շարունակ տեսնելով հոր պարալիզացված կերպարը Վիկտուարը եկավ մի եզրակացության` տղամարդիկ ավելի լավ կատարող են, քան իշխող:
Նրան նայելով է հասկացել, որ տղամարդկանցից հիանալի ծառաներ են ստացվում, բայց ողորմելի տերեր:
Իշխանության կողմից մատուցվող գայթակղությունները նրանց սպառում են ու դարձնում գարշելի, սիֆիլիտիկ պարալիզացված անասուններ, ովքեր ոչնչի ունակ չեն: Այդ իսկ պատճառով Վիկտուարն ինքն էր տիրություն անում հորից ժառանգված կալվածքներն, իսկ տղամարդկանց գործածում ավելի մանր-մունր գործերի համար:
Հաջորդ կերպարը Վիկտուարի դուստր Իռենն է (հա, գրքի շապիկի Իռենը):
Իռենը տղամարդկանց հետ վարվում է այնպես, ինչպես վերջիններս կանանց հետ. Դառնում է ահավոր անհամբեր, երբ նրանք ապագայի հեռանկարներ են կառուցում, իրենց կյանքն են պատմում, քնքշանում են:
Եվս մի հերոս, ով բացարձակապես ծնողի հետ կապ չունի ու չի հասկանում նրան: Նա սեռական ակտերն օգտագործում է բացառապես սեփական մարմնական հաճույքի համար: Նման մոտեցումը հստակ տարբերություն է դնում երկու կանանց միջև` ցույց տալով, որ երկրորդը սեփական մարմնի հետ գաղափարական խնդիր չունի: Նա արդեն ծնվել է առանց որևէ պատկանելության գիտակցման ու ապրել մի վայրում, որտեղ գլխավորը մայրն է, ապրել մի կյանքով, որը զուրկ է հայրիշխանության կուռքերի ձևական պաշտամունքից: Իռենի համար մարմինը մարմին է, այլ ոչ թե հարթակ:
***
Վիկտուարի հայրը դեռևս այստեղ է՝ հիվանդի բազկաթոռին գամված և քառասուն տարի է ականատես է կանանց հաղթարշավին և նրանց հպարտ առողջությանը:
Արագոնն ու կանանց երեք ազատագրումը
90-ականներին պոստ-պոռն մոդեռնիստ, երրորդ ալիքի ֆեմինիստ Էննի Սփրինքլն իր արգանդի վզիկը բաց էր անում հանդիսատեսի առջև ու լայնիչի օգնությամբ լայնացնում այն` թույլ տալով հանդիսատեսին մոտենալ, նայել, անգամ լապտերով լուսավորել կանացի սեռականության մութ կողմերը:
Երկուսն էլ՝ Սփրինքլն ու Արագոնը, գործածել են կանացի մարմինը և դրա կոնկրետ մեկ` ամենատաբուացված հատվածը:
Սփրինքլի դեպքում հարթակ, որը թույլ կտա վիզուալ ծանոթության միջոցով կոտրել կանացի սեռականության հանդեպ ունեցած տաբուները: Իսկ Արագոնի դեպքում այլ հարթակ՝ մարմինը գործածվում է հասարակարգում տեղի ունեցող նուրբ փոփոխությունների մասին ընթերցողին տեղեկացնելու համար, այդ իսկ պատճառով գիրքը հագեցած է էրոտիկ տեսարաններով: Նույն պատճառով տեքստը կառուցված է սեքսիզմին հարող էրոտիկ սիմվոլներով ու նկարագրություններով, սակայն դրանց նպատակն ավելի հեռու է, քան ուղղակի ընթերցողին գրգռելը, նպատակն է ֆիքսել ու հասարակության ուշադրությունը դարձնել մի փոփոխության վրա, որը դեռ ընթացքի մեջ է : Շահարկելով մի բան, որը քեզ չի պատկանում (տվյալ դեպքում խոսքը կանացի սեռական օրգանի մասին է) կարող է հարվածի տակ դնել ողջ արածդ, եթե իհարկե, ընթերցողն պատրաստ չի հասկանալ այն, ինչ պետք է:
Արագոնը գտել է սիմվոլիկ առումով կատարյալ տարբերակ`սիֆիլիտիկ բիձա, որը կմարմնավորի փտող կարծրատիպերով հագեցած հայրիշխանական հասարակարգի անկումն ու երեք կին.
Հերոսի կինը` ենթարկվող կնոջ կերտվածք, ադամի կող, միասնություն
Հերոսի դուստրը` Ընդվզող Կին, Պոկվող կող, կիսատություն
Հերոսի թոռնուհին` Ազատագրված կին, մարմին, ամբողջականություն
Առաջին կնոջ համար միակ ընդունելի ազատագրումը` հորական տնից ամուսնու տուն գնալն է, իսկ ազատագրումը ամուսնուց…վերջինի մահը:
Փոքր ժամանակ կինը կախված է հորից, երիտասարդ տարիքում՝ ամուսնուց: Ամուսնու մահվանից հետո՝ որդիներից կամ որդուց, իսկ եթե որդի չունի, ուրեմն մոտակա բարեկամներից: Նա երբեք չպետք է ինքն իր հույսին մնա:
Իվան Կուրգանով, «Կանայք և Կոմունիզմը»
Երկրորդ կնոջ ազատագրումը հնարավոր է «փչացման», հայրիշխանական բարքերին դեմ կանգնելու միջոցով: «Փչացնել», «պղծել»` նահապետի աչքերում «տունը», որ այնտեղ չուզենան «ապրել»: Այլ կերպ ասած տունը-մարմինը վարկաբեկել, որպեսզի դրան ոչ ոք չուզի ՏԻՐԱՆԱԼ, հետևաբար մարմինը մնա սեփական ու բաժին չհասնի «ուրիշին»:
Երրորդ կանանց ազատագրումը՝ «էմանսիպացիա է էմանսիպացիայից»: Այս փուլում գտնվողների համար արդեն հասկանալի չի առաջնային էմանսիպացիայի կարիքը (և երկրորդ փուլի այդքան բնորոշ ագրեսիան): Տեղի է ունենում բոլոր ուժեղ հեղափոխական խորհրդանիշների իմաստազրկում ու դեկոնստրուկցիա: Հեշտոցը հեշտոց է, մարմինը` սեփական: Ազատագրումից ազատագրումը տեղի է ունենում «ինստիտուցիոնալիզացված» խորհրդանիշների ուղղակի գործածման միջոցով` «ապասիմվոլականացման»:
Հեշտոցն այդ կոնտեքստում ոչ միայն դադարում է լինել «զավակ ծնելու» գործիք (ինչպես «ենթարկվող կնոջ» համար էր), այլ նաև գաղափարական հարթակ կամ խոսափող, ինչպիսին նրան դարձրել էր այն երկրորդ փուլը` «Ընդվզող Կին»-ը:
Երրորդ փուլում այն ապակոդավորվելով դառնում է կրկին հեշտոց` հաճույքի կամ դրա բացակայության գործիք:
Այսպիսով երրորդ փուլի ներկայացուցիչները, Իռենները, հաճույքի միջոցով կարողանում են ուժեղ ու տաբուացված, ինստիտուցիոնալիզացված խորհրդանիշները «վնասազերծել» կամ ապակոդավորել:
Ինչպես օրինակ «Էկզորցիստ» ֆիլմում դիվահար աղջիկը նույն կերպ փորձում է ապակոդավորել քրիստոնեական խաչը` օգտագործելով այն իբրև ֆալլոս…
Կամ Լուսինե Թալալյանն իր կարճամետրաժ «Post DIY» ֆիլմում՝ ապակոդավորում է տաբուացված լեսբիական սերը. ներկայացնելով կանացի սեքսի նատուրալիստական տեսարանը խորը ազգագրական Արաքսիա Գյուլզադյանի «Նազ Աղջիկ» երգի հետ նա հաջողացնում է հանել միասեռական թեմաներին բնորոշ դրամատիզմն ու ներկայացման վախվորածությունը:
Իռենները բերում են, հասցնում մեզ այն կետին, որտեղ տղամարդու ներկայությունը զուտ ճաշակի հարց է, այլ ոչ թե հասարակության մեջ դիրք, ֆինանսական ստաբիլություն, առաջխաղացում և այլն:
***
«Իռենի ճեղքը» վեպի հայերեն թարգմանության շապիկի հեղինակն է արվեստագետ Սամվել Սաղաթելյանը, ով հաջողացնում է նույն մակարդակի վրա շահարկել թե սեփական, թե հակադիր սեռի սեռականությունը պատկերային և տեքստային ձևերով: Նրա նատուրալիզմին հարող ռադիկալ մոտեցումը «ֆիլտրում» է, գրքից վանում բոլոր նրանց, ովքեր ունեն վախեր, կարծրատիպեր, և գրքին միայն «հպվում են» նրանք, ովքեր Սփրինքլի հանդիսատեսի պես չեն վախենում նայել «ճեղքից ներս»: