ՈՌՆՈՑ[1]
Կարլ Սոլոմոնին[2]
I
Տեսա իմ սերնդի լավագույն ուղեղներին գժությունից ավիրված, սոված հիստերիկ ու մերկ,
որ լուսաբացին քարշ էին տալիս իրենց սեւական փողոցներով գժված կայֆի հետեւից,
հրաշագլուխ հիփսթերներ որ վառվում էին հինավուրց մի հաղորդակցության համար երկնքի աստղային մեխանիզմի հետ գիշերվա հաստոցի մեջ,
ով աղքատ ու քուրջ դատարկաչք դոզված նստում էր պաղջուր բնակարանի գերբնական մութի մեջ որ քաղաքների գլխին լողալով վայելում էր ջազ,
ով մերկացրեց ուղեղը Երկնքի առաջ Էլի[3] աչքի տակ ու մահմեդական հրեշտակներին տեսավ ճոճվելով կացարանների տանիքի վրա պայծառակերպված,
ով ճառագող պաղ աչքերով անցավ համալսարանների[4] միջով աչքերում տեսիլքներ Արկանզասի[5] ու Բլեյքի[6] լույս ողբերգություններ շրջապատված պատերազմի գիտակներով,
ովքեր շպրտվեցին ակադեմիաներից դուրս խենթության համար ու պիղծ ներբողներ թողած լինելու գանգի պատուհաններին[7],
ով անթրաշ սենյակում ներքնաշորերով կծկված վառեց իր փողը աղբամանի մեջ ու պատի միջով լսեց Սարսափը[8],
ով բռնվեց Լարեդոյով[9] վերադառնալիս շեքի մորուքի մեջ մարիխուանայի գոտի Նյու Յորքի համար,
ով կրակ էր կուլ տալիս ներկե[10] հյուրատներում կամ Փարադայզ Ալեյում[11] սկիպիդար էր խմում, մահ, ու քավության էր հանձնում սեփական մարմինը գիշերը գիշերի հետեւից,
հետը երազներ, հետը թմրանյութ, հետը հարթմնի մղձավանջ, ակլոհոլ, կլիր ու անսպառ ձվեր,
անզուգական կույր փողոցներ ցնցվող ամպերով ու կայծակով լուսավորված միտք որ ցատկռտում էր բեւեռների միջեւ Կանադայի ու Փաթերսոնի[12]` լույս սփռելով մեջտեղի ամբողջ անշարժ աշխարհի վրա որ Ժամանակն[13] է,
Կակտուսային[14] ամրություն պատերի, ետնաբակի կանաչ ծառերի գերեզմանի արշալույս, գինե հարբածություն տանիքների վրա, ուռած զվռնոցի խանութամայթ քաղաքներում, երթեւեկության լույսերի նեոնային թրթռացումներ, արեւի լուսնի ու ծառի վիբրացիա Բրուկլինի մռնչացող ձմեռային մթնշաղում, մոխրամանային հոխորտանք ու մտքի բարի տիրակալ լույս,
ովքեր կապանքում էին իրենց մետրոյի հարատեւ վազքին Բաթըրիից սուրբ Բրոնքս բենզեդրինի վրա[15], մինչեւ անիվների ու երեխաների աղմուկը ցած էր բերում նրանց դողահար կախբերան ուղեղի դժգույն տրորվածքը քամված իր երբեմնի մեծությունից Գազանանոցի սոսկալի լույսի մեջ,
ովքեր ողջ գիշեր ընկղմված էին մնում Բիքֆորդսի սուզանավային լույսերում, դուրս էին լողում ու անցնում էին գարեջրի քառթու ցերեկների միջով ամայի Ֆուգացիսում` ականջ դնելով անդունդի ճաքոցին ջրածնային երաժշտարկղով[16],
ովքեր յոթանասուն ժամ շարունակ խոսում էին այգուց տուն տնից բար բարից Բելվյու թանգարան ու Բրուկլին կամուրջ,
ընտիր խոսակցաբանների կորած մի գումարտակ որ ցած էր թռնում հակահրդեհային աստիճաններից պատուհանագոգերից Էմփայր Սթեյթից լուսնի վրայից,
բարբաջելով գոռալով ործկալով շշնջալով փաստեր ու հուշեր ու անեկդոտներ ու աչքի տեսած ու շոկ հիվանդանոցներում ու բանտերում ու պատերազմներին,
ամբողջ ուղեղներ փսխված լման վերհուշի մեջ յոթ օր ու գիշեր փայլուն աչքերով, սինագոգի միս` նետված մայթերին,
ովքեր անհետացան ոչմիտեղ Զեն[17] Նյու Ջերսի թողնելով միայն երկդիմի բացիկների հետքը Ատլանտիկ Սիթի Հոլից[18],
տառապելով արեւելյան քրտինքներից ու Թանջիերի[19] ոսկորջարդոցուց ու չինական միգրենից` դեղի տակից դուրս գալուց Նյուարքի[20] մռայլ սենյակում,
ովքեր կեսգիշերին շրջաններ էին գծում թափառելով երկաթգծի կայաններում մտմտալով ուր գնալ, ու գնում էին, հետեւներից չթողնելով ջարդված սրտեր,
ովքեր ծխախոտ էին վառում ապրանքատար վագոններում ապրանքատար վագոններում ապրանքատար վագոններում որ ճղում էին ձյունը դեպի մենակ ագարակներ զառամ գիշերների միջով,
ով ուսումնասիրում էր Պո Պլոտինուս[21] Սբ. Հովհաննես Կրուզ[22] տելապատիա բիբոփ[23] կաբալլա որովհետեւ տիեզերքը տրոփում էր բնազդային նրանց ոտքերի տակ Կանզասում[24],
ովքեր միայնակ փնտրում էին Այդահոյի[25] փողոցներում պայծառատես հնդկացի հրեշտակներ, որ պայծառատես հնդկացի հրեշտակներ լինեին,
ովքեր կարծում էին թե գժվել են ընդամենը երբ Բալթիմորը[26] փայլեց գերբնական էքստազի մեջ,
ովքեր լիմուզիններ թռցրին[27] Օկլահոմայի պլանի[28] տակ ձմեռվա գիշերային փողոցալույս փոքրքաղաքային անձրեւի հետ,
ովքեր թրեւ էին գալիս Հյուսթոնով[29] սոված մենակ ջազի սեքսի կամ ապուրի հույսով, ու հետեւում էին ընտիր իսպանոիդներին[30], որ խոսեին Ամերիկայի ու Հավերժության մասին – անհույս մի գործ, եւ ուրեմն ելան Աֆրիկա տանող նավը[31],
ովքեր Մեքսիկայի հրաբուխների մեջ չքացան[32] բան չթողնելով իրենցից բացի ջինսի ստվերից լավայից ու պոեզիայի մոխրից շաղ եկած բուխարի Չիկագոյում,
ովքեր հայտնվեցին նորից արեւմտյան ափին[33] հետաքննելով Դաշնային հետախուզական բյուրոն[34] մորուքներով ու շորտերով խոշոր խաղաղարար աչքերով սեքսուալ իրենց մուգ մաշկի մեջ բաժանելով անմեկնելի թռուցիկներ,
ովքեր սիգարետով ծակեր բացեցին թեւերին բողոքելով Կապիտալիզմի նարկոծխային մշուշի դեմ,
ովքեր սուպերկոմունիստական թերթիկներ բաժանեցին Յունիոն Սքուերում արտասվելով ու հանելով հագուստները[35] մինչեւ Լոս Ալամոսի սիրենները ողբով ցած բերին նրանց, հետո ցած բերին Ուոլ-սթրիթով, ու Սթեյթըն Այլընդի փոխադրանավն էլ ողբում էր,
ովքեր կոտրվեցին լացելով սպիտակ բաժանմունքներում կմախքե այլ սարքավորումների առջեւ դողահար ու մերկ,
ովքեր կծեցին քննիչների վիզը[36] ու ցնծագին գոռացին ոստիկանական մեքենայում` գործած չլինելով ոչ մի հանցանք բացի իրենց սեփական վայրի խոհանոցը այլասերությունն ու թույնը,
ովքեր ծնկների վրա անցումներում ոռնացին ու դուրս գցվեցին երդիկից թափ տալով սեռանդամներ ու ձեռագրեր,
ովքեր թույլ էին տալիս իրենց քունեն ոռից մոտոցիկլիստները սրբատես, մի բան էլ ուրախությունից գոռում էին[37],
ովքեր որ ծծում էին եւ ում ծծում էին մարդկային դեմքով սերովբեները այն` նավազները, ատլանտյան գգվանքներ ու կարիբյան սեր,
ովքեր կցվում էին առավոտյան երեկոյին վարդաստանում հասարակական այգու խոտերին ու գերեզմանում շաղ տալով սերմերն իրենց ազատորեն ում պատահի եկեք ով կարող է,
ովքեր փորձելով ծիծաղել զկռտում էին անվերջ որ փոխվում էր հեծկլտոցի թուրքական բաղնիքի միջնորմի ետեւում, որտեղ շեկլիկ ու մերկ հրեշտակը գալիս էր խրելու թուրը նրանց մեջ,
ովքեր պարտվել էին իրենց սեր-տղային բախտի երեք ծեր քածերին միաչքանի քածը հետերոսեքսուալ դոլարի միաչքանի քածը որ ծիկրակում է արգանդից ու միաչքանի քածը որ բան չի անում մենակ ոռին նստած կտրտում է խելացի ոսկե թելը արհեստավորի դազգահի,
ովքեր զուգավորվում էին ցնծագին ու անհագ մի բաժակ գարեջրով մի սիրահար սիգարետի մի տուփ մի մոմ ու ցած էին ընկնում անկողնուց ու շարունակում էին հատակին սենյակի միջով մինչեւ պատի տակ նվաղելը գերագույն մի տեսիլ պուց ու պրծնել որ սողոսկում էր գիտակցության վերջին ցայտի միջով,
ովքեր քաղցրացնում էին միլիոն աղջկա ծակ սրսփալով արեւմուտին, ու առավոտը կարմիր աչքերով պատրաստ էին էլի քաղցրացնել արեւի դուրս գալը, բռնկուն աճուկներ մարագներում ու մերկ լճերի մեջ,
ովքեր վզզալեն ճղում էին Կոլորադոն գողցած անթիվ գիշերային ավտոներով, Ն.Ք.[38], այս բանաստեղծության գաղտնի հերոսը, կլրամարդը Ադոնիսը Դենվերի – այն անհամար կանանց ուրախությունը հուշերի ում պառկեցրել է անմարդ վայրերում, բիստրոների ետնաբակում, կինոթատրոնների խախուտ աթոռներին, լեռների գագաթներին անձավներում ու ծանոթ ճամփեզրին բարձրացրել է վտիտ սպասուհիների մենավորիկ փեշը, ու հատկապես գազակայանների զուգարանի ծածուկ սոլիփսիզմում[39] ու հայրենի քաղաքի նրբանցքներում նույնպես,
ովքեր վերանում էին անսահման կեղտոտ կինոներում, փոխարինվում էին երազով, արթնանում էին հանկարծակի մի Մանհեթընում, դուրս էին քաշում իրենց գետնահարկից անսիրտ Տոկեյի[40] խումհարի ու Երրորդ պողոտայի երկաթե երազի սարսափների միջից, ու գայթելով գործազրկության գրասենյակներ էին գնում,
ովքեր քայլում էին ամբողջ գիշեր[41] կոշիկները լիքը լցված արյուն ձյունակող կայաններով սպասելով որ Իսթ Րիվըրում կբացվի մի դուռ մի սենյակի լցված շոգու տաքությամբ ու ափիոնով,
ովքեր հոյակապ ինքնասպանի դրամաներ կերտեցին Հուդզոնի ժայռապատ ափերի կացարանում լուսնի պատերազմային կապույտ հեղեղի մեջ ու գլուխները նրանց դափնով կթագադրվեն որպես մոռացություն,
ովքեր կերան գառան միսը երեւակայության ապուրի կամ մարսեցին ծովախեցգետինը Բաուըրիի[42] գետերի տղմոտ հատակներին,
ովքեր արտասվեցին փողոցների քնարականության վրա ձեռնասայլակները[43] նրանց լցված սոխով ու վատ երաժշտությամբ,
ովքեր նստեցին արկղերի մեջ կամրջի տակ շնչելով մթությունը, հետո ելան ու իրենց տանիքներում կլավիկորդ սարքեցին[44],
ով հազում էր վեցերորդ հարկում Հարլեմի կրակով թագադրված թոքախտավոր երկնքի տակ շուրջն աստվածաբանության նարնջավուն դարաններ[45],
ով խզբզում էր ամբողջ գիշեր օրորվելով ու հածելով վսեմ հմայանքի վրա որոնք դեղին առավոտին դուրս էին գալիս զառանցանքի հանգեր,
ովքեր հոտած կենդանիներ էին տապակում թոք սիրտ կճղակ ու պոչի բորշ ու տորտիլլա երազելով բանջարեղենների մաքուր արքայության մասին,
ովքեր մսով բեռնատարի տակ էին տալիս իրենց` ձու գտնելու հույսով,
ովքեր իրենց ժամացույցը տանիքից ցած գցին մի օր[46] նետելով Հավերժության իրենց քվեաթերթը Ժամանակից անդին, բայց հաջորդող տասը տարիներին ամեն օր նրանց գլխին զարթուցիչ էր ընկնում,
ովքեր կտրեցին երակները երեք անգամ հաջորդաբար անհաջող[47], վերջ տվեցին ու ստիպվեցին անտիկ ապրանքների խանութ բացել որտեղ մտորում էին որ ծերանում են ու լացում,
ովքեր կենդանի այրվեցին իրենց անմեղ ֆլանելե կոստյումներով Մեդիսոն պողոտայի վրա կապարե հանգերի պայթյունների, նորաձեւության երկաթե վաշտերի ու գովազդի փերիների նիտրոգլիցերինային ճղղոցի տակ, գրագետ նենգ խմբագիրների մանանեխի գազից կամ Բացարձակ Իրականության հարբած տաքսիները իրենց անիվներով ճխլտեցին նրանց,
ովքեր ցած նետվեցին Բրուկլինի կամրջից[48] իսկ սա իսկապես է եղել ու քայլելով հեռացան մոռացված ու անհայտ Չայնթաունի նրբանցքների ու հրշեջների շիլայե շլմորանքում, ու անգամ մի ձրի գարեջուր էլ չեղավ,
ով իր հուսահատությունը իր լուսամուտից երգեց ու դուրս ընկավ մետրոյի գնացքից, թռավ կեղտոտ Փասեիքը[49], դեմ առավ նեգրերին, փողոցով մեկ բղավեց, բոբիկ պարեց ջարդված գինու բաժակների վրա ջարդուփշուր արեց կարոտախեղդ Եվրոպայի 30-ականների գերմանական ջազի ձայնապնակները խմեց պրծավ վիսկին ու սիրտը թափեց գռմռալով արյունոտ զուգարանում, տնքոց ականջների խորքում ու շոգու շչակների վիթխարի թնդյուններ,
ովքեր սուրացին անցյալի մայրուղիներով ցած ճամփորդելով դեպի միմյանց վերահաս Գողգոթան բանտային մենությունը կամ Բերմինգեմի ջազի մարմին առնելը,
ով երկրի լայնք ու երկայնքով քշեց յոթանասուներկու ժամ իմանալու տեսիլք ունեցել եմ տեսիլք ունեցել ես կամ տեսիլք ունեցել է Հավերժության մասին,
ով ճամփորդեց Դենվեր, մեռավ Դենվերում, ով հետ եկավ Դենվեր ու իզուր սպասեց, ով Դենվերի վրա աչք պահեց, ծվարեց ու մենակ մնաց, ու ի վերջո գնաց Ժամանակի ետեւից, ու հիմա Դենվերը թախծում է իր հերոսների համար,
ովքեր ծնկի իջան անհուսալի տաճարներում աղոթելով միմյանց փրկության նաեւ լույսի ու կրծքերի համար, մինչեւ հոգին մի վայրկյանով շողացրեց մազերը իր,
ովքեր իրենց մտքի պատերը խորտակեցին բանտում սպասելով անհնար հանցագործներին ոսկե գլուխներով ու սրտերում իրականության հմայքը, որ երգում էին քաղցր բլյուզ Ալքաթրազին[50],
ովքեր հեռացան Մեքսիկա սովորույթը մշակելու[51] կամ Ռոքի Մաունթ` դեպի քնքուշ Բուդդան կամ Թանջիեր` պատանիների մոտ կամ Սադերն Փասիֆիք` սեւ լոկոմոտիվների կամ Հարվարդ` Նարցիսի մոտ Վուդլոն`[52] երիցուկե պսակ կամ էլ տապանաքար,
ովքեր դատավարություն էին պահանջում խելամտության դեմ մեղադրելով ռադիոյին հիպնոսելու համար ու թողնվում էին իրենց խելագարության հետ, իրենց ձեռքերի ու շվարած ժյուրիի,
ովքեր կարտոֆիլով աղցան էին շպրտել[53] դադաիզմի դասախոսի վրա Նյու Յորք Սիթի քոլեջում ու ըստ այդմ ներկայացել գժանոցի գրանիտե սալերին ածիլված գլխով ու խեղկատակի ճամարտակմամբ ինքն իրեն սպանելու մասին` պահանջելով վայրկենական լոբոտոմիա[54],
եւ ում նետել էին փոխարենը ինսուլինի բետոնե տարտարոսը Մետրազոլ էլեկտրաշոկ ջրաթերապիա հոգեթերապիա աշխատանքային թերապիա պինգպոնգ[55] ու ամնեզիա,
ով անկատակ բողոքի մեջ շուռ էր տվել ընդամենը պինգպոնգի սիմվոլիկ մի սեղան ընկնելով կարճատեւ կատատոնիայի[56] մեջ,
վերադառնալով տարիներ անց իսկապես ճաղատացած` չհաշված արյունե մի կեղծամ, արցունքներ ու մատներ, դեպի արեւելյան ափի խելապակաս քաղաքների խորխորատը որտեղ հիվանդասենյակներում ապրում են ակներեւ խելագարներ,
դեպի Փիլգրիմ Սթեյթի, Ռոքլանդի ու Գրեյսթոունի[57] գարշահոտ սրահները, որտեղ կռիվ են տալիս հոգու արձագանքների դեմ, օրորվում են ու կոծում սիրո անցումային աշխարհի կեսգիշեր-նստարանի վրա մենության մեջ, կյանքի երազը` մղձավանջ, մարմինները փոխակերպված քարերի` ծանր հանց լուսինը,
ու վերջապես մերը քունված ու ֆանտաստիկ վերջին գիրքը դուրս շպրտած կացարանի պատուհանից, վերջին դուռը առավոտվա 4-ին փակած, վերջին հեռախոսը շփցրած պատերին ի պատասխան, ու կահավորված վերջին սենյակը դատարկած մտավոր ամբողջ կահույքից, ու մի դեղին թղթե վարդ փաթաթված խորդանոցի կախիչին, ու անգամ այդ պատկերը` ցնորք, ոչ ավելին քան մտահնարանքի հուսալի մի փոքրիկ կտոր –
էհ, Կարլ, քանի դու ապահով չես ես չեմ կարող լինել ապահով, իսկ հիմա դու լրիվ հոսուն անասուն շիլայի մեջ ես ժամանակի –
եւ ովքեր վազեցին հետեւապես սառցե փողոցներով` համակված թերասության գործածման հանկարծական բռնկմամբ կատալոգով տատանվող չափի ռիթմի ալքիմիայով տրոփող միջոցով[58],
ովքեր կարողացան երազել ու մարմին սարքել անջրպետին Տարածության մեջ ու Ժամանակի` իրար վրա դրված պատկերներով, ու հոգու հրեշտակապետին թակարդեցին 2 տեսողական պատկերի արանքում կպցրին տարրական բայերը եւ գոյականի ու գիտակցության միացման գծիկով ցնծացրին Ամենակալ Հայր Աստըծո երանությունն,
հանելու վեր մարդկային խեղճ պրոզայի շարահյուսությունն ու չափը ու կանգնելու ձեր առջեւ անբարբառ խելացի ու ամոթից դողահար, մերժված բայց դեռ հոգին խոստովանելով դուրս` տուրք տալու մտքերի տրոփին որն իրենց մերկ ու անվերջ գլխում է,
գիժ ավարան ու բիթ հրեշտակը Ժամանակի հոլովույթում, անհայտ, սակայն դնելով այստեղ այն ինչ դեռ մնացել է ասելու մահից հետո եկող ժամանակից անդին,
ու ելան մարմնավորված ջազի ուրուային շորերի մեջ նվագախմբի ոսկեեղջյուր ստվերներում ու Ամերիկայի մերկ մտքի տառապանքը սիրո համար սաքսոֆոնի լացին հանձնած լցրին մի էլի էլի լամմա լամմա սաբաքթանիի[59] մեջ, որ դողացրեց քաղաքները մինչեւ վերջին ռադիոն,
բանաստեղծության բացարձակ այն սրտով որ կազմված էր նրանց սղկած մարմիններից մզած կյանքի մսից որ մի հազար տարի էլ դեռ լավ կուտվեր:
II
Ցեմենտի ու ալյումինե ի՞նչ սֆինքս է բացել նրանց գանգերն ու կերել նրանց ուղեղն ու երեւակայությունը:
Մողո՛ք[60]: Միայնությո՛ւն: Ա՛ղտ: Տխեղծությո՛ւն: Աղբամաննե՛ր ու անձեռնմխելի դոլլա՛ր: Սանդուղքների տակ ճչացող երեխանե՛ր: Տղանե՛ր բանակում հեկեկացող: Այգիներում լացող ծերե՛ր:
Մողո՛ք: Մողո՛ք: Մղձավանջ Մողո՛ք: Մողոք անսե՛ր: Ուղեղային Մողո՛ք: Մողոք մարդկանց ծանր դատավո՛ր:
Մողո՛ք բանտ անըմբռնելի: Մողո՛ք խաչված ոսկորներով անհոգի բռնատուն ու վշտերի Կոնգրես: Մողո՛ք ում շենքերը դատավճիռներ են: Մողո՛ք պատերազմի հսկայական քար: Մողո՛ք շլացած կառավարություն:
Մողո՛ք ում միտքը սոսկ մեխանիզմ է: Մողո՛ք ում արյունը փողն է հոսող: Մողո՛ք ում մատները տասը բանակներ են: Մողո՛ք ում կուրծքը հաստոց է մարդակեր: Մողո՛ք ում ականջը ծխացող գերեզման է:
Մողո՛ք ում աչքերը հազար կույր պատուհան են: Մողո՛ք ում երկնաքերները կանգնած են շարքով հանց անսպառ Եհովաներ: Մողո՛ք ում գործարանները երազում ու ճռնչում են մշուշի մեջ: Մողո՛ք ում ծխնելույզներն ու անտենաներն են քաղաքների պսակը:
Մողո՛ք ում սերն անվերջ նավթ ու քար է: Մողո՛ք ում հոգին էլեկտրականություն է ու բանկ: Մողո՛ք ում աղքատությունն հանճարի ուրվականն է: Մողո՛ք ում ճակատագիրը անսեռ ջրածնի ամպ է: Մողո՛ք ում անունը Միտքն է:
Մողո՛ք ում մեջ նստած եմ մենակ: Մողո՛ք որտեղ Հրեշատկներ եմ երազում: Գժվա՛ծ Մողոքի մեջ: Ծծո՛ղ Մողոքի մեջ: Սիրապակաս ու անտղամարդ Մողոքո՛ւմ:
Մողո՛ք որ վաղ է մտել հոգիս: Մողո՛ք ում մեջ գիտակցություն եմ առանց մարմնի: Մողո՛ք որ վախով դուրս քշեց բնական էքստազս: Մողո՛ք ում թողնում եմ: Զարթնո՛ւմ Մողոքի մեջ: Երկնքից թափվող լո՛ւյս:
Մողո՛ք: Մողո՛ք: Ռոբոտ տնե՛ր անտես արվարձաննե՛ր արժեքների կմա՛խք կույր կապիտալնե՛ր դիվային ինդուստրիա՛ ուրվական ազգե՛ր անպարտելի գժանո՛ց գրանիտե կլիրնե՛ր հրեշավոր ռումբե՛ր:
Մեջքները պոկվե՛ց Մողոքին Երկինք հանելուց: Մայթերո՛վ, ծառերո՛վ, ռադիոյո՛վ, տոննայո՛վ բարձրացրին քաղաքը Երկինք որ կա ու ամենուր է մեր շուրջը:
Տեսիլքնե՛ր նշաննե՛ր ցնո՛րք հրաշքնե՛ր էքստա՛զ ցած քշվեցին ամերիկյան գետով:
Երազնե՛ր պաշտումնե՛ր պայծառացո՛ւմ կրոննե՛ր զգայուն էշության մի ամբողջ նավաբեռ:
Անցո՛ւմ գետի միջով հաղթահարո՛ւմ շրջո՛ւմ ու խաչելությո՛ւն ցած քշվեցին գետով: Դոզված երանությո՛ւն: Աստվածհայտնությո՛ւն: Հուսալքումնե՛ր: Տասը տարվա կենդանական ոռնո՛ց ու ինքնասպանությո՛ւն: Ուղեղնե՛ր: Նոր սերե՛ր: Խելագարված սերո՛ւնդ: Ցխվեցին Ժամանակի ժայռերին:
Իսկական սուրբ ծիծա՜ղ գետում: Ամենա՜յն ինչ տեսան` վայրի աչքե՜ր, սուրբ տնքոցնե՜ր:
Նրանք հրաժե՜շտ են տալիս: Նրանք տանիքից ցատկեցին մենությո՜ւն, ձեռքով անելո՜վ, ձեռքներին ծաղիկնե՜ր: Ցա՜ծ դեպի գետը դեպի փողո՜ց:
III
Կարլ Սոլոմո՜ն: Հետդ եմ Ռոքլանդում[61]
որտեղ դու ավելի ես գժված քան ես
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ պիտի որ տարօրինակ զգաս
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ կրկնօրինակում ես մորս ստվերը
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ սպանել ես քո տասներկու քարտուղարներին
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ ծիծաղում ես անտես այս կատակից
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ մեծ գրողներ ենք միեւնույն ահավոր գրամեքենայի վրա
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ վիճակդ լրջացել է հաղորդում է ռադիոն
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ գանգի տաղավարներն այլեւս չեն ընդունում զգայարանների որդերին
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ խմում ես Յութիքայի[62] անմարդ կանանց կրծքի թեյը
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ փոստ ես կապում բուժքույրերիդ մարմնի վրա` Բրոնքսի հարպիաների[63]
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ զսպաշապիկի մեջ գոռում ես որ պարտվում ես անդունդի պինգպոնգի խաղը ըստ էության
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ բռունցքներով ծեծում ես կատատոնիկ դաշնամուրը հոգին անմեղ է ու անմահ ու չպիտի մեռնի անաստված ճաղապատ գժանոցում
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ հիսուն շոկն էլ չեն վերադարձնի հոգիդ իր մարմնին դեպի անդունդի խաչը
իր ուխտից
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ բժիշկներիդ մեղադրում ես խելապակասության մեջ ու հրեական սոցիալիստ հեղափոխություն ես մտմտում ազգային ֆաշիստական Գողգոթայի դեմ
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ ճեղքելու ես Լոնգ Այլընդի երկինքներն ու հարություն տաս քո մարդկային կենդանի Հիսուսին գերմարդկային աճյունասափորից
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ քսանհինգ հազար խելառ ընկեր բոլորը միաձայն երգում են Ինտերնացիոնալի վերջին տները
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ գրկում ու պաչում ենք Միացյալ Նահանգներին մեր անկողնու ծածկոցի տակ Միացյալ Նահանգներին որ հազում է ամբողջ գիշեր ու չի թողնում քնենք
հետդ եմ Ռոքլանդում
որտեղ ցնցված զարթնում ենք կոմայից մեր իսկ հոգու ինքնաթիռները բվվում են տանիքներին եկել են հրեշտակային ռումբեր նետեն հիվանդանոցը լույս է սփռում ինքն իր վրա երեւակայական պատերը քանդվում են Օ լղար լեգեոններ դուրս վազեցեք Օ կարեկցանքի աստեղազարդ փայլունավոր ցնցում հարատեւ պատերազմն այստեղ է Օ հաղթանակ մոռացիր ներքնաշորդ մենք ազատ ենք
հետդ եմ Ռոքլանդում
երազներիս մեջ քայլում ես նավարկություններից թրջված Ամերիկան հատող մայրուղիով արտասվախեղդ դեպի իմ քոթեջի դուռը արեւմտյան գիշերի մեջ
Սան Ֆրանցիսկո, 1955-56
ՏՈՂԱՏԱԿ ՈՌՆՈՑԻՆ
Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ: Սո՜ւրբ:
Աշխարհը սո՜ւրբ է: Հոգին սո՜ւրբ է: Մաշկը սո՜ւրբ է: Քիթը սո՜ւրբ է: Լեզուն ու կլիրը ու ձեռքը ու ծակը սո՜ւրբ են:
Ամեն բան սո՜ւրբ է, ամեն ոք սո՜ւրբ է, ամեն տեղը սո՜ւրբ է, ամեն օրը հավերժի մե՜ջ է: Ամեն մարդ հրեշտա՜կ է:
Ավարան սո՜ւրբ է ինչպես սերովբեն: Խելագարը սո՜ւրբ է ինչպես դու իմ հոգի սո՜ւրբ եք:
Գրամեքենան սո՜ւրբ է բանաստեղծությունը սո՜ւրբ է ձայնը սո՜ւրբ է լսողները սո՜ւրբ են էքստազը սո՜ւրբ է:
Սուրբ Փիթր սուրբ Ալեն սուրբ Սոլոմոն սուրբ Լուսիեն սուրբ Քերուաք սուրբ Հանքե սուրբ Բարոուզ սուրբ Քասադի սուրբ անհայտ ոռահան եղածներ ու տառապյալ մուրացիկներ սուրբ զարհուրելի մարդկային հրեշտակնե՜ր:
Սուրբ իմ մա՜յր խելագար ապաստարանում: Կանզասի պապերի սուրբ կլիրնե՜ր:
Սուրբ մղկտացող սաքսոֆո՜ն: Սուրբ բիբոփ ապոկալիպսի՜ս: Սուրբ ջազ նվագախմբի մարիխուանա-հիփսթեր խաղաղ-կակտուսե ծխամորճ ու թմբո՜ւկ:
Սուրբ երկնաքերների ու մայթերի մենությո՜ւն: Սուրբ միլիոններով լցված բուֆետնե՜ր: Սուրբ արցունքների խորհրդավոր գետե՜ր փողոցների տակ:
Սուրբ մենավոր քանդո՜ղ: Սուրբ միջին խավի հսկայական գառնո՜ւկ: Սուրբ ապստամբության խելագար հովիվնե՜ր: Լոս Անջելեսը փորողը Է՛ Լոս Անջելես:
Սուրբ Նյու Յորք Սուրբ Սան Ֆրանցիսկո Սուրբ Փիորիա ու Սիըթըլ Սուրբ Փարիզ Սուրբ Թանջիեր Սուրբ Մոսկվա Սուրբ Ստամբուլ
Սուրբ ժամանա՜կ հավերժության մեջ սուրբ հավերժությո՜ւն ժամանակի մեջ սուրբ ժամացույցնե՜ր տարածությունում սուրբ չորրորդ չափո՜ւմ սուրբ հինգերորդ Ինտերնացիոնա՜լ սուրբ Հրեշտա՜կ Մողոքի մեջ:
Սուրբ ծո՜վ սուրբ անապա՜տ սուրբ երկաթուղի՜ սուրբ լոկոմոտի՜վ սուրբ տեսիլքնե՜ր սուրբ ցնո՜րք սուրբ հրաշքնե՜ր սուրբ ակնագո՜ւնդ սուրբ անդո՜ւնդ:
Սուրբ ներողամտությո՜ւն: կարեկցա՜նք: ողորմությո՜ւն: հավա՜տ: Սո՜ւրբ: Մե՜ր: մարմիննե՜ր: տառապա՜նք: մեծախոհությո՜ւն:
Սուրբ գերբնական գերընտիր խելացի բարությո՜ւն հոգու:
Բերքլի, 1955
[1] Ալեն Գինսբերգի ու բիթնիկների մասին առաջաբանը` «Կարեկցանքի համար», կարող եք կարդալ այս հղումով` http://inknagir.org/?p=5245
«Ոռնոցն» առաջին անգամ տպագրվել է 1956-ին` «Ոռնոց եւ այլ բանաստեղծություններ» գրքով: 1957-ին գրքի հրատարակիչ Լոուրենս Ֆերլինգետտին դատի առաջ է կանգնում` անպարկեշտ գրականություն տպագրելու մեղադրանքով, բայց դատավոր Քլեյթոն Հորնը արդարացնում է հրատարակչին. գործը փակվում է: «Ոռնոցը» համարվում է Ամերիկյան գրականության մեծագույն ստեղծագործություններից մեկը:
«Ոռնոցի» մեկ այլ թարգմանություն տպագրվել է «Գարուն» ամսագրի 1999-ի 7-րդ համարում` Արտեմ Հարությունյանի թարգմանությամբ: Երկու հատված թարգմանել է նաեւ Սամվել Մկրտչյանը, որը տպագրվել է «անգլիական եւ ամերիկյան բանաստեղծություն» ժողովածուում, 2014-ին:
[2] Գինսբերգը հանդիպել է ամերիկացի գրող Կարլ Սոլոմոնին Կոլումբիայի հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ Սոլոմոնին բուժում էին ընկճախտից ինսուլինի շոկով: Գինսբերգը հայտնվել էր հոգեբուժական հիվանդանոցում իր երկու դասախոսների միջնորդությամբ` որպես բանտարկման այլընտրանք այն բանի համար, որ իր բնակարանում էր թաքցրել բանաստեղծ Հերբերթ Հանքեի ու ընկերների գողոնը:
[3] Բարձր կամուրջի վրայով անցնող գնացք Նյու Յորքում (Elivated train), բայց «Էլ» եբրայերենով նշանակում է նաեւ աստված, աստվածություն: Խաղարկում է երկու իմաստն էլ:
[4] Գինսբերգը բանաստեղծ Ջեք Քերուաքի հետ միասին սովորել է Կոլումբիայի համալսարանում, որի ընթացքում հիմնականում զբաղվում էին թմրանյութեր փորձարկելով ու հետեւելով իրենց տեսիլքներին:
[5] Այստեղ նախնական տարբերակներում եղել է «անարխիա» բառը, որը Գինսբերգը հետագայում փոխարինել է «Արկանզասով»` համադրելու նաեւ Քերուաքի «Ճանապարհին» վեպի հետ, որ պատմում է նրանց անվերջ ճամփորդությունների ու փորձարկումների մասին:
[6] Գինսբերգի ամենամեծ ազդեցություններից մեկը անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքն էր, որի ձայնը մի քանի անգամ լսել է հալուցինացիաների ժամանակ:
[7] Գինսբերգի ընկերներից շատերը` Քերուաքը, Բարոուզը, հեռացվել էին համալսարաններից տարբեր պատճառներով, իսկ Գինսբերգն ինքը հեռացվել էր Կոլումբիայի համալսարանից, քանի որ կասկածելով, որ հանրակացարանային սենյակները մաքրող հավաքարարը, հակահրեական նկրտումներից ելնելով, չէր մաքրում իր սենյակի պատուհանները` փորձել էր նրա մտքերն արտահայտել` դրանք անձամբ բարձրաձայնելով. իր փոշոտ պատուհաններին մատով գրել էր «Fuck the Jews», նկարել էր սվաստիկա ու ավելացրել, որ համալսարանի ռեկտորը ձվեր չունի:
[8] Գինսբերգի ընկերներից Լուսիեն Քարրը (նա էր Գինսբերգին ծանոթացրել Քերուաքի ու Բարոուզի հետ) մոր հորդորով վառել է իր «գժի թուղթը», որի հետ նաեւ ունեցած 20 դոլլարը:
[9] Լարեդոն տեխասյան քաղաք-անցակետ է` սահմանակից Մեքսիկային, որտեղից ներքնաշորերի մեջ թաքցրած մարիխուանա էին փորձում անցկացնել:
[10] Որոշ թմրանյութերի օգտագործումը առաջացնում էր այրոցի, վառվելու զգացողություն, ու դրա ժարգոնային արտահայտությունն էր «կրակ կուլ տալը»: «Ներկե» (paint) բառի գործածումը ակնարկում է երկու իմաստներ` հալուցինացիաների հասնելու համար ներկ կամ սոսինձ շնչելը, եւ ներկած, այսինքն`անպաստառ, հետին, էժան հյուրատներում ապրելը:
[11] Գինսբերգը հիմնականում նշում է այն ճաշարանների, սրճարանների, հյուրատների անունները, որտեղ ժամանակ էին անցկացնում ընկերներով, եւ որոնք դարձան բիթ սերնդի կազմավորման վայրերը` Փարադայզ Ալեյ, Բիքֆորդս, Ֆուգացիս եւ այլն:
[12] Գինսբերգը մեծացել է Փաթերսոնում, Նյու Ջերսի, իսկ Կանադա երբեք ոտք չի դրել (Քերուաքն ուներ ֆրանս-կանադական արմատներ), բայց թմրանյութերի ազդեցության տակ բեւեռները կարող էին տեղակայվել ծանոթ լիբերալ Փաթերսոնում ու անծանոթ մռայլ Կանադայում:
[13] Այս եւ մյուս տեղերում, որտեղ թարգմանության մեջ օգտագործվել է «Ժամանակ» բառը, Գինսբերգը գրում է “Time” բառը, որն ամերիկյան հայտնի պարբերականների անունն է (Նյու Յորք Թայմս, Վաշինգտոն Թայմս եւ այլն): Բնագրում երկու իմաստն էլ միաժամանակ գործում են:
[14] Օգտագործում է “peyote” բառը: Կակտուսների այն տեսակն է, որ կարող է հասցնել այնպիսի հալուցինացիաների, որից պատերը կարծես հալվում են, իրերը ձուլվում են, նաեւ առաջանում է շատ խոսելու ցանկություն: Բիթնիկների շրջանում ամենահայտնի թմրամիջոցներից մեկն էր, որի օգտագործման թույլտվությունն ունեին միայն Ամերիկայի որոշ բնիկ ցեղեր, քանի որ դա նրանց շամանական ծիսակարգի մի մասն էր: «Ոռնոցը»` ըստ Գինսբերգի, գրվել է peyote-ի ազդեցության տակ: Բանաստեղծության մեջ էլ իմաստային պատերը ձուլված են, գրեթե չկան կետադրական նշաններ, որոշիչները կարող են միաժամանակ վերեբերել եւ նախորդող, եւ հաջորդող բառին այնպես, որ իրականությունը քանդվի ու հնարավորություն տա տարբեր ձեւերով հավաքելու:
[15] Բենզեդրինի ազդեցության տակ Գինսբերգն ու ընկերները կարող էին մետրոյով մի ծայրից մյուսը գնալ անդադար, մինչեւ թմրանյութի ազդեցությունը թողներ:
[16] Գինսբերգի հորինած արտահայտությունն է (hydrogen jukebox), որը վերաբերում է ջրածնային ռումբին: Բիթնիկները շատ էին անդրադառնում ատոմային եւ ջրածնային ռումբերի փորձարկումներին, էկոլոգիական մեծամասշտաբ խնդիրներին` կազմակերպելով հարյուրհազարանոց ցույցեր:
[17] Բիթնիկները տարված էին բուդդայական գաղափարներով` հատկապես զեն-բուդդայականությամբ: Հաճախ էին ճամփորդում բուդդիստական երկրներ: Նրանց հիմնական պրակտիկաներից էին թմրանյութերը, յոգան ու մեդիտացիան:
[18] Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթիի քաղաքային դահլիճն է, որ կառուցվել է Գինսբերգի ծննդյան տարում: Այստեղ ընդունվել են կոնվենցիաներ, գումարվել են ժողովներ «պատերազմի գիտնականների» կողմից, նաեւ անցկացվել են համերգներ, այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ երգեհոնը: Գինսբերգի համար երկիմաստ այս կառույցի լուսանկարը պատկերվում էր Անտլանտիկ Սիթիի բացիկների վրա:
[19] Քաղաք Մարոկկոյում, որտեղ որոշ ժամանակ ապրել է Բարոուզը, ուր նրան այցելել են բիթնիկներից շատերը: Այստեղ են փորձարկել Արեւելքում հայտնի թմրամիջոցներ:
[20] Գինսբերգը ծնվել է Նյուարք քաղաքում, Նյու Ջերսի:
[21] Հույն փիլիսոփա (204-270 մթ.), ում փիլիսոփայությունը հիմնված է երեք սկզբունքների վրա` Մեկի, Մտքի եւ Հոգու:
[22] 16-րդ դարի իսպանացի միստիկ մտածող, բանաստեղծ: Աշխատություններ է գրել հոգու զարգացման մասին:
[23] Բոփ կամ բիբոփ – ջազի ոճային տարբերակ է` արագ տեմպով, իմպրովիզային, պահանջում է վիրտուոզ կատարողականություն, հիմնված է հարմոնիկ կառույցի վրա, որին որոշ միջակայքերով վերադառնում են իմպրովիզային հատվածներից հետո: Գինսբերգը օրինակ է բերում Լեսթեր Յանգին` https://www.youtube.com/watch?v=YZ_aoZyJgw4 :
[24] Կանզասը համարվում էր ջազի ու բոփի Մեքքան:
[25] Ոչ շատ բերրի, լեռնային նահանգ է, որտեղ ժամանակին սպանվել է բնիկ հնդկացիական բնակչությունը գրեթե ամբողջությամբ:
[26] Գինսբերգը իր լսողական հալուցինացիան ունենում է Բալթիմորում, երբ լսում է Բլեյքի ձայնը, թե ինչպես է կարդում իր բանաստեղծությունը: Թմրադեղերի հետագա փորձարկումներն` ըստ նրա, նույն հալուցինացիային հասնելու փորձեր էին:
[27] Բանաստեղծ Նիլ Քասադին մեքենաներ էր գողանում, որոնցով ճամփորդում էին Ամերիկայով մեկ մինչեւ բռնվելն ու հերթական դատավարությունը:
[28] Գինսբերգը բնագրում օգտագործում է «չինացի» բառը, որը եթե հայերեն թարգմանվեր նույն բառով, չէր փոխանցի իմաստը: «Չինացի» բառը թմրամոլների շրջանում ընդունված ժարգոն էր, քանի որ չինական որոշակի տեսակի թիանավի անունը համանունություն էր ստեղծում անգլերեն ժարգոնային «թմրանյութ» բառի հետ` junk. Թիանավով էլ, թմրանյութով էլ «լողում են», «նավարկում են»: «Չինացին» վերաբերում էր մասնավորապես հերոինին:
[29] Հյուսթոնը նույնպես հայտնի էր իր ջազով ու թմրանյութերով:
[30] Բիթնիկների վրա մեծ ազդեցություն է թողել Լատինական Ամերիկան: Գինսբերգը մեծ հիացում ուներ մասնավորապես մեքսիկական բնիկների մշակույթի հանդեպ:
[31] «Ոռնոցի» տպագրությունից հետո Գինսբերգը ճամփորդել է Աֆրիկա:
[32] Ընկերներից Ջոն Հոֆմանը մահացել է Մեքսիկայում` լեռնային արշավի ժամանակ, բայց այս տողով հղում է կատարում նաեւ Մալքոլմ Լոուրիի «Հրաբխի տակ» վեպին:
[33] Կոլումբիայից հետո Գինսբերգը գնում է Սան Ֆրանցիսկո, որտեղ էլ հանդիպում է իր ամբողջ կյանքի «սեր-տղային»` բանաստեղծ Փիթր Օրլովսկուն:
[34] FBI (Federal Bureau of Investigation).
[35] Կապիտալիզմի դեմ բողոքի այս ակցիան կազմակերպել էր Ջուդիթ Մալինայի ու Ջուլիան Բեքի «Կենդանի թատրոն» փորձարարական արվեստի խումբը, ովքեր բողոքի ակցիայի ժամանակ լացում էին ու հանում շորերը` բաժանելով կոմունիստական թռուցիկներ: Գինսբերգը որոշ ժամանակ տարված է եղել կոմունիստական գաղափարներով:
[36] Սա իսկապես արել է բիթ ընկերներից Բիլ Քանասթրան, ով մահացել է` ընկնելով մետրոյի պատուհանից, երբ փորձել է դուրս մագլցել այն պահին, երբ գնացքն արդեն շարժվել էր:
[37] Սա այն հիմնական տողն է, որի համար «Ոռնոցը» դատավարության է քաշվել 1957-ին:
[38] Նիլ Քասադի – բանաստեղծ, բիթնիկների ամենախարիզմատիկ կերպարներից մեկը: Մեծացել է Կոլորադոյի Դենվեր քաղաքում: Անհամար դատերի առաջ է կանգնել` գողությունների, թմրանյութերի ու մանր հանցագործությունների համար: Մահացել է Մեքսիկայում մի հարսանիքից հետո, երբ հարբած երկար քայլել է գնացքի գծերով ու փետրվար ամսին հագին ունենալով շատ բարակ վերնաշապիկ` սառել է ու առավոտյան անզգայացած հայտնաբերվել երկաթուղու աշխատակիցների կողմից:
[39] Տեսություն, ըստ որի` միակ բանի գոյության գիտակցությունը կարող է վերաբերել միայն ես-ին (self): Այսինքն` գոյությունն ինձ համար իմ գոյությունն է կամ իմ մտային վիճակի գոյությունը: «Ես գոյություն ունեցող միակ միտքն եմ»:
[40] Հունգարական գինու տեսակ:
[41] Բանը պատահել է ընկերներից բանաստեղծ Հերբերթ Հանքեի հետ:
[42] Բաուըրին տարածք է Մանհեթընում, որն իր հերթին գտնվում է երկու գետերի արանքում` Հուդզոն եւ Իսթ Րիվր:
[43] Քերուաքը Նյու Յորքի Վաշինգտոն հրապարակից բանջարեղենով լցված ձեռնասայլակ է գողացել, որն ի վերջո հանգրվանել է Գինսբերգի տանը:
[44] Ընկերներից Բիլ Քեքը իսկապես կլավիկորդներ էր սարքում:
[45] Գինսբերգը բլեյքյան հալուցինացիան ունենալու ժամանակ վարձով ապրում էր աստվածաբանության մի ուսանողի հետ` Ռասըլ Դուրգին, ով իր թուղթ ու գիրքը պահում էր նարնջագույն պանակներում:
[46] Դեպքը պատահել է Գինսբերգի ուսանողական ընկերոջ` Լուի Սիմփսոնի հետ, ով իր ժամացույցը դուրս էր նետել հոգեբուժարանի պատուհանից, որտեղ բուժվում էր հետտրավմատիկ խանգարումից:
[47] Գինսբերգի մայրը` Նաոմին, նույնպես կատարել է ինքնասպանության փորձեր:
[48] Ընկերներից Թուլի Քուփֆերբերգը իսկապես թռել է Բրուկլինի կամուրջից ցած, բայց անհամար կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
[49] Փասեիքը գետ է հյուսիսային Նյու Ջերսիում, որն անցնում է Նյուարք եւ Փաթերսոն քաղաքների միջով, որտեղ Գինսբերգը համապատասխանաբար ծնվել եւ մեծացել է:
[50] Փոքրիկ կղզի Սան Ֆրանցիսկոյի մոտ, որտեղ կար մի լուսաշտարակ, մի զինվորական բանտ եւ մի ֆեդերալ բանտ:
[51] Բիթնիկներից շատերը գնում էին Մեքսիկա` մշակելու թմրանյութերի օգտագործման իրենց տեխնիկան` ինչպես Բարոուզը, որ հետո մի քանի տարով հաստատվեց Մարոկկոյի Թանջիեր քաղաքում: Իսկ «Սադերն Փասիֆիք» երկաթուղային ընկերությունում մի կարճ ժամանակ աշխատել է Նիլ Քասադին:
[52] Գերեզմանատուն է Նյու Յորքի Բրոնքս շրջանում, որտեղ թաղված են Ամերիկայի հայտնի մարդկանցից մի քանիսը:
[53] Կարլ Սոլոմոնի ձեռքի գործն էր:
[54] Վիրահատական միջամտություն, որի ժամանակ ուղեղից կտրում կամ քերում էին ախտահարված այն մասը, որն համարվում էր հոգեկան խանգարման պատճառը:
[55] Պինգպոնգը բարերար ազդեցություն էր թողնում ալցհայմերով հիվանդների առողջության վրա:
[56] Նյարդային ու հենաշարժողական համակարգի անկանոն վիճակ, որ բնորոշվում է կամ լրիվ անշարժությամբ, կամ գերակտիվ շարժումներով, որը հիվանդը ի վիճակի չէ կառավարել: Պինգպոնգի սեղանը շուռ է տվել Կարլ Սոլոմոնը:
[57] Հոգեբուժական հիվանդանոցներ:
[58] Թերասությունը (elipses), որտեղ բառերը գործածվում են հեռագրային ձեւով` միայն հիմնականները, դուրս թողնելով միջանկյալ, ենթադրվող բառերը, Գինսբերգը որդեգրել է ճապոնական հայքուից, բանաստեղծ Էզրա Փաունդից:
Կատալոգը Ուոլթ Ուիթմենի նախընտրած բանաստեղծական ձեւն էր` երկար տողեր, որ կատալոգային կարգով բաներ են թվարկում` միշտ վերադառնալով նույն հիմնաբառին, ինչպես Գինսբերգի դեպքում տողը սկսող «ով», «ովքեր» բառերը առաջին մասի մեջ:
Տատանվող ռիթմը ջազի ոճական տարբերակներից մեկի` բիբոփի ռիթմն է տողի մեջ, իսկ տողի չափը համապատասխանում է Գինսբերգի մեկ շնչին, որը` ըստ նրա, ավելի երկար է, քան, օրինակ, բանաստեղծ Կարլոս Ուիլյամսինը` ազդված լինելով եբրայերենի չափից:
Տրոփող միջոցով նկատի ունի տարածաժամանակային հոլովույթ, որը ընթերցողի կամ դիտողի մոտ առաջ է բերում եռաչափ պատկերի զգացողություն: Այս հնարքը վերցրել էր Սեզանից եւ փորձում էր բառերն իրար հետ դասավորել այնպես, ինչպես Սեզանը` գույները: Գինսբերգը նույնիսկ հատուկ արտահայտություն է հնարել` “eyeball kick”, որը բնորոշում է աչքի անցումը, աչքի ցատկը մի գույնից մյուսին կամ մի բառից մյուսին, եւ հենց անցման պահի` «ակնագնդի ցատկի» մեջ է, որ առաջանում է եռաչափության զգացողությունը: Ըստ այդմ` անհրաժեշտ է, որ գինսբերգյան իրար կողքի շարված բառերը թարգմանվելիս ոչ թե վերածվեն ճիշտ քերականական նախադասությունների, այլ պահպանեն «ակնագնդի ցատկի» սկզբունքը: Թարգմանության մեջ փորձել ենք պահպանել բանաստեղծության կառուցման գինսբերգյան բոլոր հնարքները:
[59] «Տե՛ր իմ, Տե՛ր իմ, ինչո՞ւ լքեցիր (զոհեցիր) ինձ»: Հիսուսի վերջին բացականչությունն է խաչի վրա:
[60] Մողոքը քանանցիների կրակե աստվածության անունն է, որին երեխաներ էին զոհաբերում` նետելով կրակի մեջ: Այս բանաստեղծության մեջ «Մողոքը» կապիտալիզմի, արդյունաբերության դարաշրջանի խորհրդանիշն է: Իր տեսողական հալուցինացիաներից մեկի ժամանակ Գինսբերգը տեսել է Մողոք աստվածության հսկա պատկերը Սան Ֆրանցիսկոյի «Ֆրենսիս Դրեյք» հյուրանոցի ամբողջ պատի երկայնքով:
[61] Կոլումբիայի հոգեբուժական հիվանդանոցն է, որի համար Գինսբերգը օգտագործում է “Rockland” բառը: Թարգմ.` ժայռերի, քարերի տեղ, երկիր: Ամենամեծ հոգեբուժական հիվանդանոցներից էր, որտեղ կար քսանհինգ հազար հիվանդ:
[62] Քաղաք է Նյու Յորքի շրջանում, որի մոտ է գտնվում «Ռոքլանդը»:
[63] Հարպիան (harpy) միֆական արարած է` թռչնի մարմնով ու կնոջ դեմքով: Ըստ միֆի` գողանում է իր զոհերի ուտելիքը: Փոխաբերաբար օգտագործվում է որպես ձանձրալի, նյարդայնացնող կին:
Ինքնագիր հանդեսի ֆբ էջում Հրայի Թաթիկյան անունով օգտատերը հայտարարում է թե Գինսբերգի «Ոռնոցի» Արտեմ Հարությունյանի թարգմանությունը ավելի որակով է քան Ինքնագրում հրապարակված Աննա Դավթյանինը.
Աննա Դավթյանի թարգմանությունը շատ ավելի մոտ է բնագրին և շատ ավելի է արտահայտում Գինսբերգի բանաստեղծության մթնոլորտը, քանի Արտեմ Հարությունյանի թարգմանությունը: Ներկայացնենք Արտեմ Հարությունյանի թույլ տված բազմաթիվ իմաստային սխալներից միայն մի քանիսը այն էլ միայն առաջին քսան պարբերությունում.
Չորրորդ պարբերության մեջ flat բառը Արտեմ Հարությունյանի մոտ թարգմանված է «հարթություն»` … «թմրադեղված նստում ու ծխում էին սառը ջրերի հարթության գերբնական մթույթան մեջ» (Ա.Հ.), մինչդեռ պետք է թարգմանվեր «բնակարան»` «նստում էր պաղջուր բնակարանի գերբնական մութի մեջ» (Ա.Դ.):
Հինգերորդ պարբերության մեջ զանց է առնված «El» բառի երկրորդ իմաստը, թարգմանված է միայն որպես «աստված»` «ովքեր մերկացնում էին իրենց ուղեղները աստվածների մոտ» (Ա.Հ.), մինչդեռ Գինսբերգը հաճախ է օգտագործում իմաստային զույգերը` «Ով մերկացրեց ուղեղը Երկնքի առաջ Էլի աչքի տակ» (Ա.Դ.):
Վեցերորդ պարբերության մեջ` «ովքեր անցնում էին համալսարանների կողքով» (Ա.Հ.), «կողքով» չէին անցնում, «միջով» էին անցնում:
Տասներորդ պարբերության մեջ Արտեմ Հարությունյանը թարգմանում է` «ովքեր կրակ էին կուլ տալիս շքեղ հյուրանոցներում»` «շքեղ» բառը գործածելով անգլերեն «paint» բառի համար: Եթե նույնիսկ ընդունենք, որ paint – ներկ բառը կարող է թարգմանչի գրչի տակ վերածվել շքեղի, ապա դա բոլորովին չի համընկնում բիթնիկների գաղափարներին ու ապրելաձեւին: Բիթնիկները ոչ միայն ի վիճակի չէին շքեղ հյուրանոցներում ապրելու, այլեւ իրենց ամբողջ գրականությունը դրա դեմ էր` կապիտալիզմի «շքեղության»: Բացի այդ` paint բառը գործածված է երկու իմաստով, որը Աննա Դավթյանի թարգմանության մեջ ծանոթագրված է:
Տասնմեկերորդ պարբերության մեջ ball բառը Արտեմ Հարությունյանը թարգմանում է որպես պարահանդես/երեկույթ` «երազներով, թմրադեղերով, գիշերային մղձավանջներով, ալկոհոլով, առնանդամով ու անվերջանալի երեկույթներով» (Ա.Հ.): Եթե նույնիսկ ենթատեքստը չի հուշում, որ «առնանդամի» հետ պիտի գա «ձվեր» բառը, ապա էլի`բիթնիկները ոչ միայն ball-եր չէին կազմակերպում, այլ նաեւ party-ներ, նրանց զվարճանքը կազմում էր թմրադեղերի տակ փողոցներում ու մետրոներում թափառելը ու էս կարգի այլ «միջոցառումներ»: Ուրեմն, տես՝ Աննա Դավթյանի ճիշտ թարգմանությունը:
Տասնչորսերորդ պարբերության մեջ Արտեմ Հարությունյանը թարգմանում է` «ովքեր շղթայում էին իրենց մետրոյին բենզեդրինով աշխատող Բաթերի-Սուրբ Բրոնքս երթուղու համար, մինչեւ…»` բենզեդրինով «աշխատելը» վերագրելով մետրոյին, մինչդեռ բիթնիկներն իրենք էին բենզեդրինի ազդեցության տակ կամ բենզեդրինի վրա` «ովքեր կապանքում էին իրենց մետրոյի հարատեւ վազքին Բաթըրիից Սուրբ Բրոնքս բենզեդրինի վրա» (Ա.Դ.):
Տասնհինգերորդ պարբերության մեջ «pad» բառը Արտեմ Հարությունյանի մոտ թարգմանված է որպես «փաբ», բայց դա ժարգոնային «տուն/բնակարան» բառն է, որովհետեւ «pad» անգլերենով իմաստային նմանություն ունի «flat» բառի մյուս իմաստի հետ` որպես հարթ, տափակ, եւ ժարգոնը «pad» բառին տվել/վերագրել է «flat» բառի մյուս իմաստը` բնակարան/տուն:
Տասնութերորդ պարբերություն` «Ինչքան ադամանդե աչքերով փայլուն մտքեր կորան ընդհանուր զորահավաքի ժամանակ` սինագոգի համար միս նետելով մայթերի վրա» (Ա.Հ.): «Total recall»-ը թարգմանվել է որպես «ընդհանուր զորահավաք», որոնք գուցե ավելի հասկանալի բառեր են, բայց մի կապ չունի անգլերեն իմաստի հետ: Աննա Դավթյանի թարգմանությունն է իմաստին մոտ՝ «լման վերհուշ» (լմանը արեւմտահայերեն է, վերհուշը` քիչ գործածվող բառ):
Քսանմեկերորդ պարբերության մեջ` «Ովքեր ուսումնասիրում էին Փլոթինուս Փոյի խաչաձեւ հեռազգացողությունը եւ բոփ քաբալլան» (Ա.Հ.) (անգլ.` who studied Plotinus Poe St. John of the Cross telepathy and bop kabbalah): Հարմարեցված թարգմանություն է, որովհետեւ ոչ մի խոսք չկա «խաչաձեւ հեռազգացողության» մասին, դա պարզապես սրբի անունն է` Սուրբ Հովհաննես դե լա Կրուզ (Սբ. Հովհաննես Խաչի):
Այստեղ չենք անդրադառնա ամբողջ թարգմանությանը, քանի որ, եթե փորձենք իմաստային սխալներից անցնել շարահյուսական հարցերին, ոճական, բանաստեղծական, ռիթմի, չափի շեղումներին, վերապահումներին, այն հատվածներին, որոնք Արտեմ Հարությունյանի թարգմանության մեջ պարզապես բաց են թողնված, չեն թարգմանված, ապա կունենանք մի ընդարձակ հոդված:
Թարգմանությունները համեմատելիս` և նախընտրությունն տալիս հարկ է, որ բերվեն կոնկրետ օրինակներ ու հիմնավորումներ, հակառակ դեպքում կարելի է ենթադրել որ այդ գնահատականների տակ ինչ որ անձնական քմահաճույքներ են թաքնված:
https://www.facebook.com/inknagir.Magazine/posts/1523517431278757