Խորը մի տեղից քո նյարդը կհայտնվեր ու կանհանգստացներ քեզ ու քո կողքիններին։ Այդ օրը այն նորից դուրս էր եկել։ Քո գլխում շատ գանձեր։ Ո՞րտեղ, բոլոր կետերից ու կետադրումներից, կարող էի ես մատնանշել այն մեկը, որը կսազեր ինձ։ Այդ գինու բաժակը քեզ այդքան չէր պատկանում, ինչքան ինձ։ Մի կենդանի դուրս սղաց քո գրկից։ Դու ի՞նչ արեցիր։ Դու այն բաց թողեցիր։
–
Սիրելի Գ, այստեղ՝ Բողազիչիի տարածքում, ես զգում եմ միայնության թեթևությունը՝ ամենահանգիստ կերպով։ Հին շենքերը, նրանց դիմացի ծուռ ճյուղերը, և ամեն ինչից վեր՝ այս թատրոնն ու այս ներկայացումը։ Ես քո քաղաքի ծայրերից մեկում եմ։ Ես երբեք չեմ հասնի քո՝ Ստամբուլցի լինելու զգացմունքին, բայց երևի ինչ-որ իմաստով մոտենում եմ քո ասածը հասկանալուն։
Այստեղ հանդիպում եմ Զաբելին։ Ես անընդհատ ուզում եմ նրան այդպես կոչել, որովհետև նա խաղում է Զաբելին։ Նա վազվզում է, խոսում իր ընկերների հետ, վերադառնում ինձ մոտ, մոտիկ նստում ու հարցնում իմ պլաններից։ Ինձ թվում է, որ պետք է ընկերներ լինենք։ Մանավանդ, եթե թողնի, որ իրեն Զաբել կոչեմ։
Այստեղ համարյա ոչ ոք ինձ ուշադրություն չի դարձնում, ու դա ինձ դուր է գալիս։
–
Նա գիտեր, որ ինչ-որ կարևոր բան էր կատարվում շուկայում։ Եվ որ նրա համար իսկապես նշանակություն չուներ, թե որն էր այդ կարևոր բանը։ Նա ուղղակի ուզում էր, որ լռություն ունենային իրար հետ։ Մեքենայի մեջ, որը չափազանց մոխրագույն էր, որը սազում էր մոխրագույն ամպերին՝ մոխրագույն շենքերի վերևում։ Մոխրագույն մեքենայում՝ մուգ նստարաններ։ Նստարանների մեջնեղում նա նստեց՝ սպասելով պահի, որը արժանի կլինի հիշողության։ Զգացմունքների պաշար։ Նա գիտեր միայն այն, ինչ զգում էր՝ իր սառնոտ ձեռքերով ու չխանամված եղունգներով։ Սևություն աչքերում, աշխարհ մտքում, նա պատրաստ էր արկածների։ Արկածը չափազանց քաղցր բառ իր փորձի համեմատ։ Նա լսեց երգ, որ քերծում էր ուղեղը երկար ժամանակ։ Դիմադրեց դրան՝ կորցնելով կենտրոնացումը տարբեր ուղղություններով։ Իսկ հետո գնաց՝ նախքան իր կողքի մարդուն խղճալը։ Ներողություն խնդրի ու գնա, անարժան։
Նրա անհամաչափ շուրթերը դողացին ու հանգստացան՝ կասկածի, անփութության ու էլի ինչ-որ անհասկանալի վիճակի մեջ։ Մի քիչ ֆեմինիստիկ ու մի քիչ հարմարվող կեցվածքով՝ նա փնտրեց իր շուրջը մի լոնք անելու ուղղություն։ Այդքան էլ չգտավ, քայլեց ինքն իր մեջ, շատ ավելի հեռու։ Իրականում հոգոց հանեց. ոչ ոք չնկատեց։ Ավելի ուշ, ոչ ոք չնկատեց։
–
Այո, դա ինձ դուր է գալիս։ Իսկ հետո ես որոշում եմ ճանապարհորդել ու տեսնել նրան, որտեղ էլ աշխարհում լինի։ Ես ասում եմ նրան՝ ցույց տուր, թե ինչ է քեզ անհանգստացնում, երբ դու նայում ես հայելու մեջ, իսկ հետո՝ ինչն է քեզ անհանգստացնում, երբ նայում ես ներս։ Ինչի մասին ես ստում, ու ինչի մասին ես ճշմարտություն ասում։ Ես ուզում եմ ամեն ինչ քեզ վստահեմ՝ գիտենալով անընդհատ, որ մի քանի ժամ հետո ես քեզ կմոռանամ։ Իմ ամենաքաղցր մանդալա։ Բոլոր քո գույները, բոլոր ավազները ու գույները։ Այդքանով ազնիվ եմ ուզում լինել քո նկատմամբ։ Ամբողջությամբ, ամբողջ-քանդող-ությամբ։
–
Մյուս անգամ ես տեսնում եմ նրան այստեղ՝ իմ երկրում։ Այո, Զաբելը հենց այստեղին է պատկանում, մտածում եմ ես։ Սա ինքնախաբեություն չէ։ Նա բարձր ձայնով խոսում է բեմից՝ արտասանելով, արտաբերելով, հայտարարելով, չեղյալ հայտարարելով։ Փոխում է շորերը ներկայացումից հետո, հագնում է երկար շապիկ ու նստում հանդիսատեսի աթոռներին։ Նրա տվող տեսակը ուզում է իմանալ՝ ինչ է նշանակում ստանալ։Նա հասկանում է ու հետո վերադառնում։ Հագնելով նորից շորերը, վերադառնալով բեմ։ Ծիծաղելով, սիրելով։
Նա պատրաստ է անհանգստություններին ու բախումներին։ Նա բացում է իրեն, նստում է սրճարաններում, խոսում է, քննարկում է, վիճում է, որսում է, ծիծաղում է, խմում է, լացում է, ասում է այո, ասում է ոչ, տալիս է, վերցնում է։ Նա պտտվում է, ասում է բոլորին, որ իրենք իր տեսակի չեն։ Նա գալիս է սիրելու համար, իրեն ոչինչ չի վերադարձվում։ Նրա անձնուրաց տեսակը էլ չի դիմանում, ու դառնում է ինքնասեր։ Նա պարում է։ Նրա տաք մարմինը պարում է դահլիճներով ու լաբիրինթներով, որոնք տուն չեն։ Նա գնում է տուն վաղը, ու նա պարում է այնքան տխուր։ Կարող է չգնա. նա պետք է չպարի։ Հերիք է։ Մի պարի։ Նա պարում է…
–
Սիրելի Գ, ես նոր իջա ավտոբուսից։ Վարորդն ինձ ասաց՝ ես պետք է իջնեմ, ես սխալ ուղղությամբ եմ գնում։ Ճանապարհից հետո, որ տևեց մեկ ժամ 15 րոպեի փոխարեն, ճանապարհից հետո, որտեղ ամեն մեկի մուգ ու հոգնած դեմքը՝ երեկոյան ժամը 7-ի լույսի տակ, իմ ընկերը չէր ու իմ ընկերն էր։ Կապույտ ավտոբուսում, ուր մենք բոլորս քրտնում էինք՝ ներդաշնակության մեջ։ Ընկերությամբ ու տհաճությամբ։ Նկարած հոնքերը, ջահել աղջիկը, ջահել տղան, ծեր տղամարդը, կինը, ավելի շատը, ավելի տխուրը։ Գողացած պիկ ժամին` լուռ հետևելով իրար։ Ճանաչելով մյուսի դիմագծերը, ցանկանալով իմանալ նրա կյանքը, ով ուզում է իմանալ այն մյուսի կյանքը։
Բոլորը մի ուղղությամբ՝ ծանր հետևելով անցնող երթին։ Նրանք անցնում են, ես մտածում եմ իմ տան բազկաթոռի մասին։ Նրանք անցնում են, ես մտածում եմ կնոջ իմ խոհանոցում եփող հավի մասին։ Նրանք անցնում են, ունե՞մ բանալին։ նրանք անցնում են, պիտի լողանամ։ նրանք անցնում են, կպատասխանի՞, եթե գրեմ։ Նրանք անցան, նա ավելի արագ կքշի։ Նա մեր ընկերն է։ Սխալ ուղղությամբ ես գնում։
Նա գնում է տուն վաղը, բայց նա պարում է այնքան տխուր։ Նա սխալ ուղղությամբ է գնում։ Նա պետք է իջնի ավտոբուսից։ Մի պարի։ Հերիք է։ Նա պարում է։ Նա չի իջնի ավտոբուսից։