Karabakh Meat Market[1]

Ուբեռը[2] կանգնել էր Գլենդելի Հիլթոնի առաջ: Ճամպրուկը քշեցի դուրս ու մտածում էի ջեթլագի[3] հայաստանյան մասի մասին. ոնց կվերադառնամ, մի էրկու գիշեր չեմ քնի, հետո նոր ուշքի կգամ: Ապրիլի յոթն էր, ու շաբաթը տարի էր դարձել: Շաբաթվա սկզբին, երբ մենք Սուրբ Մոնիկայի[4] փեշերը գրկող Խաղաղ օվկիանոսից խաղաղություն էինք խնդրում, ու նա մեր բոբիկ ոտքերը լիզում էր մազութախառը նավթով, Ղարաբաղում պատերազմը սրվեց: Ջեթլագի անքուն գիշերներն անցան հայկական ֆեյսբուքում նորությունների որոնումներում, իսկ ցերեկները՝ Հալիվուդի, Գլենդելի ու Փասադենայի հայկական փողոցներում, որտեղ Urartu Coffee-ն[5], Սահակի բաստուրման ու “Artsakh Farm Fresh Product”[6]-ը, Ցեղասպանության զոհերի հիշատակը հուշարձանով հարգող Հայաստանից բերված տուֆով կառուցված նոր հսկայական եկեղեցին ու առաջնորդարանը և “Karabagh Meat Market & Bakery”[7]-ն հանգիստ ապրում էին կողք- կողքի: Ասում են, ժամանակին անգամ «Կոմիտաս» վարսավիրանոց է եղել:

Էդ շաբաթվա մեջ Գլենդելում հայերը դրամահավաք ու ցույց արեցին, լսվեցին Ղարաբաղ կամավորագրվելու կոչեր, սահմանին լիքը ջահելներ զոհվեցին, տուն կատարվող զանգերը դարձան կցկտուր ու անհամբեր:

Ուբեռից իջնողը ծիտ էր: Մուգ կապույտ ջինսը գրկել էր ամուր ու գրավիչ կազմվածքը, իսկ ճեփ-ճերմակ քաթանե շապիկն ընդգծում էր գեղեցիկ կրծքերը, ցույց տալիս երկար վիզը: Բաց շագնակագույն խոպոպներն անփույթ հավաքված էին և թևերով մեկ տարածված մեծ ու փոքր պեպենները ճիշտ խոպոպների գույնն ունեին: Արևային ակնոցները փակում էին աչքերը, բայց փոխարենն ընդգծում հյութեղ ու գրավիչ շուրթերը և փոքրիկ, ուղիղ, պեպենոտ քիթը:

– Դու՞ք եք մեքենա պատվիրել,- հարցրեց նա ու շուրթերի արանքից երևաց ճերմակ, գեղեցիկ ատամնաշարը:

– Այո,- պատասխանեց Արմենը, մինչ ես ուշքի կգայի:

Ուբեռի վարորդ չի է, հուրի փերի ա: Փերին բացեց բագաժնիկը: Ճամպրուկները տեղավորեցինք ու նստեցինք: Արմենն՝ առջևում, ես՝ հետևում: Աչքերս չէի կարողանում կտրել պեպենոտ ձեռքերից, որոնք ամուր ու վստահ բռնել էին մեքենայի ղեկը: Թևին բարակ ոսկյա շղթա էր, որը պեպենների հետ խաղ էր տալիս ու աչքդ կտրել չէիր կարողանում: Մինչ մայրուղի դուրս կգայինք՝ միացրեց ջազը: Ինձ անհայտ կատարում էր: Լոսի մայրուղիները զարկերակների պես արագ են, լայն, միանում ու անջատվում են, անցնում իրար տակ, բարձրանում մեկմեկու վրա ու իրենց խելահեղ տեմպով տանում ինչ-որ տեղ ու հեչ էլ կարևոր չի՝ որտեղ: Կոնկրետ հիմա մենք օդանավակայան ենք գնում: Դանդաղ ու արագ ջազի տակ գնում ենք օդանավակայան ու ծտի թևին բարձրացող-իջնող շղթայի ամեն տատանման հետ ես զգում եմ արագություն հավաքող ինքնաթիռի՝ թռիչքուղուց կտրվելու պահը, երբ սիրտդ կախվում է օդում: Նրա ջազն այդ զարկերակ-մայրուղիներով հոսող թմրանյութ է, որից կյանքը եռում է, երկինքը կապտում, ապագան դառնում հուսալի: Մայր ուղի: Ուղիների մայր: Ի՜նչ հրաշալի է, երբ մայրուղիները բազում են, որ դրանք բաժանվում ու միանում են, որ դրանք ունեն անուններ ու համարներ: Բազմամայրությունը բազմազավակության պես բան է. անտեր չես, կարող ես բռնել մայրերից մեկի պոչն ու մի տեղ հաստատ դուրս կգաս: Ես հայ եմ: Հայերեն չէ, անգլերեն high[8] եմ: Կայֆի տակ չեմ, բայց հայ եմ ու հայվեյի[9] վրա պետք է հայ լինել: Հայվեյը մայրուղուց լավ է հնչում: Բարձր ճանապարհ՝ ուղիների մոր փոխարեն:

– Որտեղի՞ց եք,- հարցրեց նա:

– Հայաստանից,- պատասխանեց Արմենը:

– Երկա՞ր է ձեր թռիչքը,- շղթան կրկին վերև-ներքև արեց:

– Շուրջ տաս ժամ Փարիզ, հետո էլ մի հինգ ժամ Երևան,- ասաց Արմենը:

– Օհ: Ես անցյալ տարի Բահրեյնից Սան Դիեգո քառասուն ժամում եմ հասել: Սկզբում մեզ բերեցին Մյունխեն, հետո Լոնդոն, հետո Նյու Յորք, հետո Սան Դիեգո,- ձայնը խոպոպների ու ջազի խառնուրդ էր: Բաց շագանակագույն, արևի տակ փայլող ձայն էր:

– Ինչու՞ այդքան երկար,- հարցրի ես:

– Դե զինվորների մի մասին պետք է Մյունխենում թողնեինք, հետո պետք էր ինքնաթիռը Լոնդոնում փոխեինք, – մեքենայի ղեկը թեքեց, պտույտ կատարեց ու մտավ մեկ այլ հայվեյ,- կներեք, այս մեկում խցանումը կարծես ավելի քիչ է: Անցյալ տարի այս ճանապարհով Ամերիկայի մի ծերից մյուսն եմ քշել՝ Սան Դիեգոյից Սիեթլ: Հա, ի՞նչ էի ասում: Յոթ տարի բանակում եմ ծառայել: Սան Դիեգոյում, հետո մի երկու տարի Մերձավոր Արևելքում, հետո էլի մի տարի մնացի Սան Դիեգոյում մինչև զորացրվելս:

Ահա թե որտեղից են մկաններդ: Գեղեցիկ, գրավիչ, ամուր, պեպենոտ, ջազի պես տանող մկաններդ:

– Զորացրվեցի ու որոշեցի կարիերաս փոխել, դերասանուհի դառնալ: Դրա համար տեղափոխվեցի Հոլիվուդ: Հիմա դերասանական կուրսերի եմ գնում ու որովհետև ուզում էի ճկուն գրաֆիկ ունենալ, իսկ գումար պետք է, ուբեռ քշելը հարմար տարբերակ է: Քշում եմ, երբ հարմար պատվեր է լինում, իմ ուզած ժամերին:

– Իսկ ի՞նչ սկզբունքով են աշխատանքի վերցնում, – հարցրի ես՝ մի բան հարցրած լինելու համար:

– Դե իրենց մոտ գրանցվում ես, գրում որ հետաքրքրված ես, ուղարկում ես մեքենայիդ ֆոտոները, վարորդական իրավունքդ ու սոցքարտի համարդ: Իրենք անվտանգության ստուգում են անում՝ արդյո՞ք նախկինում դատված չես, ինչքան հաճախ ես վթարներ ունեցել և այլն: Հետո կապվում են հետդ, մեքենայի տեխզննում կատարում ու գործի վերցնում: Սկզբում իրենց ջի-փի-էս ներով պետք է քշեինք, հետո թույլ տվեցին, որ մեր հեռախոսներն օգտագործենք:

– Հետաքրքիր է, որ մեխանիկական մեքենա եք քշում, Ամերիկայի համար հազվադեպ բան է,- ասաց Արմենը:

– Հա, սիրում եմ, երբ վերահսկողը ես եմ: Ավտոմատ մեքենաների դեպքում այդպես չի,- ձայնը վերուվար արեց՝ արագությունը կարգավորող ձեռքի շղթային համահունչ:

Ոնց էլ նկատեց: Ես եմ, որ մեքենաներից հեչ բան չեմ հասկանում: Դե բա զինվոր մարդ ա, մեխանիկական կսիրի: Երանի քեզ: Ես էլ եմ ուզում մի կյանքում մի քանի կարիերա փոխել, մի քանի կյանք ունենալ: Փորձել ու փորձվել: Զինվորական, հետո դերասան, հետն էլ ուբեռի վարորդ:

– Հիմա դերասանական դասերիս զուգահեռ ընկերենրիս հետ նաև մի փոքրիկ ներկայացման մեջ եմ խաղում, հետն էլ էքսպերիմենտալ ֆիլմ ենք հանում: Իմ սցենարն է: Էս տարի աշնանը երևի փառատոնի ուղարկեմ,- շեփորը շատ բարձր ու սուր էր ու ձայնը հազիվ էր լսվում,- համ էլ հավելյալ եկամուտի համար բնակարանիս սենյակներից մեկը ժամանակավոր վարձով եմ տալիս եմ տալիս Լոս էկող-գնացողների: Քոաչսըրֆինգի[10] մասին երևի լսած կլինեք: Ես ինքս այդ բնակարանը վարձում եմ: Երկու ննջարանով բնակարան է: Ինձ համար վարձն էժան չի, բայց մշտական ռումմեյթ էլ չեմ ուզում: Ես էլ ամիսը մի քանի օրով մեկ-երկու հյուր եմ ընդունում՝ ննջարաններիցս մեկը վարձով եմ տալիս: Ոմանց հետ հասցնում եմ ընկերանալ: Ճամփորդել էլ շատ եմ սիրում ու հիմա արդեն աշխարհի տարբեր ծայրերում ընկերներ ունեմ, ում տանը կարող եմ մնալ: Լավ է, փոխշահավետ:

Աստված իմ: Այո, ինչ-որ փուլում կարող ես կանգ առնել ու փնտրել: Ինքդ քեզ, կյանքիդ զարկերակը, քո մայրուղին: Այ սենց, հավեսով: Մեծ երկիր եմ ուզում: Ուզում եմ, որ հավանական մայրուղիները շատ ու բազմազան լինեն ու ոչ միայն հյուսիս-հարավ, որն այնպես էլ տարիներով գլուխ չի բերվում: Չէ, երկիր չէ, առանց սահմանների աշխարհ եմ ուզում: Ուզում եմ կանգ առնել, խորը շնչել ու մտածել թե ինչ եմ ուզում: Կամ էլ անել էն, ինչ էդ պահին ուզում եմ: Պատահական չի, որ մեր այսօրվա վարորդը դու ես: Դու այն ամենն ես, ինչ ես ուզում եմ: Պատերազմը մայրուղիների բացառումն է: Պատերազմը փակուղի է: Ուզում եմ Երևանում ավտոն խոդ տամ ու որ կողմ ուզեմ կարողանամ քշել ու չվախենամ, որ մայրուղին մի տեղ կպրծնի, փակուղի կդառանա: Ես զարկերակ եմ, որը կորցրել է իր սիրտը ու չգիտի թե ում համար է արյուն մղում: Իսկ սիրտն այդ պահին ինչ-որ տեղ արնաքամ է լինում:

– Ես իտալուհի եմ Նյու Յորքից: Ծնողներս Իտալիայից են: Նրանք Ամերիկա են տեղափոխվել 50-ականներին: Ասում են պատերազմից հետո Իտալիայում տնտեսական վիճակը ծանր էր ու իրենք աղքատությունից են փախել: Ես արդեն այստեղ եմ ծնվել: Նյու Ջերսիում: Հետո Նյու Յորքում եմ քոլեջն ավարտել: Իտալիայում շատ ազգականներ ունեմ ու մանկությունից ի վեր, մինչև բանակ գնալս, ամեն ամառ այնտեղ էի: Շատ սիրուն է: Ծնողներիս միշտ ասում եմ՝ ինչու չեք Իտալիայում մնացել, մի քիչ դիմանայիք տնտեսական վիճակը կփոխվեր: Վարժ իտալերեն այդպես էլ չսովորեցի: Դե գիտեք, ամերիկացիները հազվադեպ են ուրիշ լեզվի տիրապետում,- զրնգուն ծիծաղ ուներ, դաշնամուրային ջազի պես,- համ էլ այստեղ, Ամերիկայում դա երկրորդ սերնդին բնորոշ է. ծնողները տանը երեխայի հետ մայրենի լեզվով չեն խոսում, որ երեխան դպրոցում և այլուր լեզվական խնդիրներ չունենա և հեշտ ինտեգրվի, հետո երեխաները մեծանում են ու մեղադրում ծնողներին:

– Հա, ամերիկահայերի երկրորդ սերունդն էլ հայերենին վատ է տիրապետում, կամ գրեթե չգիտի,- ասաց Արմենը:

– Իսկ Երևանը Ստամբուլից շա՞տ հեռու է: Մի ամիս առաջ քոաչսրֆինգով հյուր ունեի Ստամբուլից: Ընկերացանք: Հիմա ասում է արի, մնալու տեղ կա: Ես էլ մտածում եմ՝ ինչու ոչ:

Փաստորեն դու Երևանի տեղն էլ գիտես: Վատ չի: Այստեղ քչերն են լավ աշխարհագրությունից:

– Դե ինքնաթիռով մոտ երկու ժամում կհասնես,- ասացի ես,- իսկ մեքենայով կարող եք Սև ծովի ափով, Վրաստանով գալ Երևան: Համ էլ Թիֆլիսը կտեսնեք:

– Լավ, մտածեմ: Ստամբուլը մեծ, պատմական, հետաքրքիր քաղաք է:

– Հա, իհարկե, եզակի քաղաք է, իմ ամենասիրածներից,- ասացի ես ու զարկերակ-հայվեյից ներշնչված շարունակեցի,- գիտե՞ք, ըստ իս քաղաքները սեռ ունեն: Օրինակ Փարիզը կին է, Կահիրեն՝ բազմազավակ մայր, Երևանը՝ միանշնակ տղամարդ, Թիֆլիսն ու Աթենքը՝ կին: Բեռլինը Երևանի նման է ու տղամարդ է: Նյու Յորքը՝ տրանսվեստիտ: Իսկ այ Ստաբուլի սեռը ոչ մի կերպ հասկանալ չեմ կարողանում, չնայած բազմիցս եղել եմ այնտեղ ու արդեն որոշ հարազտություն եմ զգում:

Ակնոցների հետևից զգացի զարմացած հայացքը:

– Իսկ Լոս Անջելե՞սը:

– Քաղաք չի, գյուղ ա,- ասաց Արմենը,- կամ մի քանի գյուղերի միացություն:

– Հըմ: Կմտածեմ այս մասին: Մեր օդանավակայանը հավանեցի՞ք,- հարցրեց նա:

– Տեսենելու ժամանակ չեղավ: Իջանք ու վազելով անձնագրային, հետո իրերը ստանալու հերթ: Հիմա երևի ավելի շատ ժամանակ կլինի, կարող ենք մի քիչ ծանոթանալ:

Հետո ջազն էր: Ու ուզում էի մնալ հենց այդտեղ, այդ մեքենայում ու նրա հետ քշել, քշել: Ու որ չլինի փակուղի, շրջափակում, սահմանդ օվկիանոսը լիներ, փոխես քաղաքները ու ամեն քաղաքի հետ՝ սեռդ, գույնդ, տեսակդ: Հայվեյներ իրար տակ ու վրա, կողք կողքի, անխրամատ ու անարկ սահման: Զարկերակ հայվեյներ: Ու՞ր ես սիրտ իմ: Լեռներում հաստատ չես: Բայց ես վերադառնում եմ լեռներ:


[1] Մսի շուկա «Ղարաբաղ»

[2] Ամերիկյան առցանց տրանսպորտային ընկերություն, որը ստեղծել ու տնօրինում է Ուբեռ բջջային հավելվածը։ Մարդիկ սմարտֆոնի հավելվածի միջոցով մեքենա են պատվիրում։ Պատվերն այնուհետև փոխանցվում է ուբեռի վարորդներին, որոնք իրենց սեփական մեքենաներն են վարում։ Գործում է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհի շուրջ 60 երկրներում։ Հայաստանում Ուբեռի նման է աշխատում gg-ն։

[3] Ֆիզիոլոգիական վիճակ, որն առաջանում է ժամային գոտիների և դրանից բխող քնի սովորական ցիկլի փոփոխությունից։ Սովորաբար ակնառու է արևմուտքից-արևելք կամ արևելից արևմուտք մեծ տարածություններն արագընթաց ինքնաթիռով կտրելիս։ Օրինակ, Հայաստանից ԱՄՆ կամ հակառակը ճամփորդելու դեպքում, երբ ժամային տարբերությունը կարող է կազմել 8-12 ժամ, առաջին մի քանի օրերին մարդու օրգանիզմը նոր ժամային գոտում ցանկանում է քնել ցերեկը և ակտիվանում գիշերը։

[4] Սանտա Մոնիկա, ափամերձ քաղաք Լոս Անջելեսում

[5] Ուրարտու սուրճ

[6] «Արցախ» թարմ գյուղական մթերք

[7] «Ղարաբաղ» մսի շուկա և փուռ

[8] Անգլերեն «բարձր» բառը, “to be high” արտահայտությունը հաճախ օգտագործվում է որևէ թմրանյութի ազդեցության տակ լինելը բնորոշելիս, կամ երբ մարդու հոգեվիճակը նման է թմրանյութի ազդեցության տակ լինելուն, կարող է լինել հայերենի «ուռած» լինելու համարժեքը:

[9] Անգլերեն “highway” բառը բաղկացած է “high” (բարձր) և “way” (ուղի) արմատներից: Նշանակում է մայրուղի:

[10] Հյուրընկալության փոխանակման ինտերնետային կայք, որն իր անդամ ճամփորդներին էժան կացության հնարավորթյուն է տրամադրում աշխարհի տարբեր վայրերում։ Գրանցումն անվճար է, սակայն կա տարեկան վճար։ Անդամները տրամադրում են իրենց և իրենց կացարանի մասին տեղեկություններ և լուսնակարներ, իսկ կացարան փնտրողները կարող են մի քանի չափանիշներով հյուրընկալողներ գտնել՝ ըստ տարիքի, սեռի, գտնվելու վայրի և այլն։ Հյուրընկալության պայմաններն այնուհետև քննարկվում են կողմերի միջև և ըստ այդմ պայամանավորվածություն է ձեռք բերվում։

Show Comments Hide Comments

One thought on Karabakh Meat Market

  1. […] մաս է կազմում, չկա որևէ իդեա, տեսլական, միայն վայելք։ Karabagh Meat Market֊ը Լոս Անջելոսում խանութի անունն է, սակայն փոխաբերական […]

Leave a Reply

Your email address will not be published.