Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպի երկրորդ հրատարկությունը ապրիլի 10-ից գրախանութներում է: Հրատարակիչն է  «Դարակ» հրատարկչությունը: 

«Ինքնագիրը» ներկայացնում է վեպի երկրորդ հրատարակության վերջաբանը:

«Ցտեսություն ծիտ» վեպը առաջին անգամ հրատարկվել է 2012-ին «Անտարես» հրատարկչության կողմից:  

aram1

Քեզ նույնիսկ մոռացություն չի փրկի

Հերման Բրոխ՝ «Վիրգիլիոսի մահը»

 

 *

Ես ուզում էի կատարյալ գիր ստանալ, կատարյալ վեպ գրել` չիմանալով թե ինչպես են կատարյալ գիր ստանում, ինչպես են կատարյալ վեպ գրում: Բարեբախտաբար հիմա արդեն համոզված եմ, որ երբեք չեմ կարող ոչ կատարյալ գիր ստանալ, ոչ էլ կատարյալ վեպ գրել: Բայց գոնե ինքս ինձ համար ուզում էի պարզել, թե վերջապես որոնք են չիմացության անմեկնելի պատճառները: Որոնումների ճանապարհին ոչ ոք՝ ոչ փիլիսոփաները, ոչ մշակութաբանները, ոչ նեյրոբիոլոգները, ոչ էլ առավել ևս գրողները թեկուզ փոքրիշատե պատասխան, ելք, հույս չտվեցին, որովհետև մեծ հաշվով նույն որոնումների մեջ էլ իրենք էին և՝ են: Բայց և այնպես ինչ-որ բաներ՝ ավելի հարմար բառ ընտրեմ՝ գտա: Գռեհիկության աստիճան պարզ է՝ ճանապարհին ինչ-որ բան կորցնելիս՝ նաև ինչ-որ բան գտնում ես: Ես գտա, որ ունակ եմ արդարացնել իմ գրեթե բոլոր նախադասությունները, բառերը և այն գաղափարներն ու իսկությունները, որոնք ուսումնասիրվում են պատմվածքներում ու վեպերում: Ունակ եմ ինքս ինձ և ուրիշներին, հնարավորության դեպքում նաև աշխարհին ներկայացնել, սեփական գործերի վերաբերյալ մենագրություններով հայտնել, անգամ պնդել, որ դրանք իբր թե հետաքրքիր են, ինքնատիպ են, ավելի շատ կարևոր են քան անկարևոր, ավելի շատ անսովոր են քան սովորական: Գտա որ ունակ եմ պաշտպանել յուրաքանչյուր տառ ու հնչյուն, պատկեր ու միտք: Ունակ եմ, ինչպես ունակ են՝ մյուսները, ովքեր կարծում են, համոզված են՝ համոզում են, թե հեղինակ են, գրող են՝ այն էլ իսկական, այն էլ անժամանակյա: Գտա, որ ունակ եմ ինքս ինձ և ուրիշներին, հնարավորության դեպքում նաև աշխարհին ներկայացնել, սեփական գործերի վերաբերյալ մենագրություններով հայտնել, անգամ համոզել, որ իմ պատմվածքներում, վեպերում, էսսեներում որևէ նախադասություն, բառ, գաղափար, իսկության վարկած բացարձակ արժեք չունեն, անգամ դույզն-ինչ հետաքրքական կողմ, որ դրանց լույս աշխարհ գալը լրիվ զուր էր, որ կապիտալիստական աղբի հերթական թափուկ էր: Եվ ունակությունների այս բուռն փաթեթը սկսվում ու ավարտվում է մասնավոր անձնապաստանության բնում՝ ուրիշ ոչինչ:

 *

Գրողները երևի ամենաանհետաքրքիր մարդիկ են: Առանց ձևեր բանեցնելու՝ ես ինքս ինձ հանդիպած ամենաանհետաքրքիր մարդն եմ: Տարիներ առաջ ոչ միայն փորձում էի գրել, այլև շատ էի ուզում գրող լինել: Դրա մեջ արկածախնդրության գայթակղություն կար՝ ծովահենությունը: Հիմա Էլ չեմ ձգտում ինչ-որ (բան) լինել: Կամենում եմ լինել ու վերջ (Ջոն Ֆաուլզ): Էնրիկե Վիլա-Մատասի վեպերից մեկում հերոսը ջղայնանում է՝ «Գրողները՝ էդ ինքնահավան, քմահաճ ու մեծամիտ քունածների բանակը»: Այս պահին քանի՞ միլիոն գրող կլինի մոլորակում: Կոնկրետ որևէ թիվ ասելը դժվար է: Ամեն ակնթարթ բանակը նոսրանում է ու նույն վայրկյանին վերստին համալրվում: Համենայն դեպս՝ հենց հիմա աշխարհում թերևս կհավաքվի գրողների մի հոծ զորագունդ: Իշխանական վերնախավը, կուսակցությունները, աղքատները, հալածյալները, կենդանիներն ու բույսերը, կարծես գիտեն՝ ինչի համար են պայքարում: Անհայտ է՝ ինչի համար են պայքարում գրողները: Իհարկե, եթե պայքար ասելով հասկանում եմ ձգտում առ հանգուցալուծում: Անհայտ է, մինչդեռ, յուրաքանչյուր գրողի հարցնես մեծ հաշվով կտա իրեն պիտանելի դարձրած մի պատասխան: Պիեռ Բուրդյեի ուսումնասիրությամբ՝ գրական դաշտում մասնակիցների (գործակալների) պայքարը միտված է դիրքավորմանը: Քանի որ գրական դաշտում մասնակիցների մի ստվար հատված արդեն իսկ կարգավիճակի է տիրապետում՝ լեգիտիմության, ուրեմն մյուս հատվածը՝ այսպես ասած անիծյալ պոետները հետամտում են վերականգնել պատմական անարդարությունը՝ այդ կարգավիճակը իշխողների ձեռքից վերցնելով լեգիտիմությունը՝ զավթել գահը: Այսպիսի դեպքեր էլ են լինում՝ երևակայի գրական դաշտում գրեթե միշտ: Ահա մի մոգոնած պատասխան ևս, թե ինչի համար են պայքարում գրողները, այնուհանդերձ պատասխաններից հերթականը:

 *

Հիմնականում, անվերջանալի պայքարից մշտապես անհանգիստ գրողները ստիպված են իրենք իրենց հանգստացնել, իհարկե տարբեր եղանակներով: Մեկին հանգստացնում է այն միտքը, որ իր գործերը հազարավոր մարդիկ են ընթերցում, որ ինքը ճանաչված է, պահանջված ու փառաբանված: Մյուսին այն որ ինքն ու իր գրականությունը հասու են միայն ընտրյալներին՝ մեծ, խորը մտածողներին, մարգինալներին, ապագա սերունդներին, ուրիշ ժամանակներին, վերջապես հասու են միայն ակադեմիային, որն իր իշխանությունը բանեցնելով՝ կպահպանի դրանք ու մարդկության առջև նորովի կվերաբացահայտի: Կան ավելի ծանր հանգստացուցիչներ՝ ասենք՝ գրչընկերոջ անհաջողությունները, իբր թե նրա գրողական տաղանդի ակնհայտ բացակայությունը, նրա միջակ գործերը, իր բացառիկ գործերի ֆոնին` (իշխանություն կռելու այս կերպերից մեկը՝ մանրամասնորեն ուսումնասիված է Էլիաս Կանետիի «Զանգված և Իշխանություն» գրքում): Ակնհայտ է, որ «միջակություն» գոյականը հենց գրողական շրջանակներում է ամենակիրառելին՝ նվաստացնելու հաճույք, որից քչերն են հրաժարվում (Կանետի): Վերջապես գրողները հանգստանալու ավելի համեստ միջոցների են դիմում՝ խմում են, ծակվում, գժվում, ինքնասպան են լինում, լռում են, մեկ-մեկ նույնիսկ համեստության սահմանն են անցնում՝ շարունակում են գրել: Հանգստանալ ինչ-որ առումով նշանակում է մնալ: Մնալ հիշողության մեջ, մնալ լեզվի մեջ, մնալ պատմության մեջ, մնալ (հավերժության) մեջ, ուրեմն՝ «Ստեղծել վայրը ուր ըլլալ» (Գրիգոր Պըլտեան): Ու նորից հարցերը, թեկուզ և հռետորաբար, գալիս են հարցնելու՝ ի՞նչ է հիշողությունը, ի՞նչ է հավերժությունը, ի՞նչ է վայրը, ի՞նչ է մնալը: Գրականությունը ոչ թե ի զորու չէ այս հարցերին պատասխանել, այլ ուղղակի՝ չի պատասխանում: Պատկերացրեք պատասխաներ՝ սա է հավերժությունը, սա է հիշողությունը, սա է վայրը, սա է լինելը: Այդ դեպքում կարելի է և հանգուցալուծում գտնել՝ ազդարարելով պայքարի վերջնական ավարտը: Բայց ի՞նչ կնշանակի՝ ազդարարել պայքարի վերջնական ավարտ: Ի՞նչ է ավարտը: Ավելի պարզ, հնամաշ, դեն նետված ու արհամարհված փաստարկներից մեկն ասել է ու ասում է՝ մարդը ի վերջո նաև պատմող կենդանի է, մարդը ինչպես սիրում է սիրել, երգել, պարել, ուտել, խորհել ու քնել, այդպես էլ պատմել է սիրում, ավելի ճիշտ վերապատմել այն ինչ տեսել է, լսել, զգացել ու երևակայել: Խարույկի շուրջ հավաքվածները ավելի շատ հավատում են այն վերապատմողներին, ովքեր ավելի համոզիչ են վերապատմում՝ անհավանականորեն հավանական: Հոմերոսը՝ վերապատմում է: Շեքսպիրը վերապատմում է վերապատմության պատմությունը: Ռաբլեն, Սերվանտեսը, Դեֆոն, Սթեռնը վերապատմում են: Վալզերը վերապատմում է զբոսանքը: Պրուստը վերապատմում է Պրուստի հիշողությունը: Վիրջինիա Վուլֆ վերապատմում է Վիրջինիա Վուլֆը: Կաֆկան վերապատմում է Մելվիլը: Ջոյսը վերապատմում է Հոմերոսը: Բորխեսը վերապատմում է գրականությունը: Կալվինոն վերապատմում է իտալական հեքիաթները: Բրունո Շուլցը վերապատմում է Կաֆկայի երազները: Երվանդ Օտյանը վերապատմում է «Անիծյալ տարիները»: Պրիմո Լեվին վերապատմում է Աուշվիցը: Աննա Ֆրանկը վերապատմում է մահը: Բեքեթը վերապատմում է հոգեվարքը: Հանդկեն վերապատմում է ինքնասպան մորը: Յասունարի Կավաբատան վերապատմում է Չանոյուն՝ թեյախմության ծեսը: Ռոբերտո Բոլանյոն վերապատմում է «2666»-ը: Մաքս Զեբալդը վերապատմում է մոռացությունը: Հակոբ Օշականը վերապատմում է քոքուրները: Թումանյանը վերապատմում է ամեն ինչ: Ռուբեն Ֆիլյանը վերապատմում է վեդաները: Եվ դեռ այնքան պատմություններ կան, որոնք ենթակա են վերապատումների՝ և կվերապատմվեն այնքան ժամանակ՝ որքան ցոլում են խարույկներն ու դրանց շուրջբոլորը հավաքված մարդիկ:

 *

Ես նույնպես գտել եմ, ունեմ ցավազրկողների, հանգստացուցիչների ու հաճույքի անհրաժեշտ հաբերը, որոնք կուլ եմ տալիս, երբ դրությունս անելանելի է: Դրանք այն մարդիկ են, որոնց անունները անխնա պիտառում եմ՝ այստեղ և ամենուր՝ գրողները, մտածողները. գրողների գրքերում եղած այն բոլոր տողերն ու պարբերությունները, որոնք խոսում են՝ դրության անելանելիությունից, ոչ մի տեղից չսկսվող ու ոչ մի տեղ չտանող պայքարի ծաղրից՝ առնվազն վստահեցնելով, որ մենակ չեմ, որ մենք միասին ենք մենակ: Անցյալի փորձառության մեջ քե՞զ ես տեսնում, թե՞ ցանկանում ես տեսնել՝ սարսափելով արտաբնակեցման ճակատագրից: Դու չես ուզում ապրել քո փորձառությունը, ուզում ես ապրել քո փորձառությունը, որն արդեն ապրել են: Դու կարիք ունես նույնությամբ տեսնելու այն իրավիճակները, տրամադրություններն ու մտքերը, որոնք անցյալում նույնությամբ կրկնվել են: Ուրեմն իսկապես մենակ չես, ուրեմն մենակ դու չես` մենք ենք: Գուցե միայն այսպես է հնարավոր դիմագրավել անհուսությանը, որն ականջիդ մահ է շշնջում, ասում է՝ շնորհով ու ապաշնորհությամբ՝ դու բացառիկ ես: Փորձառության զուգորդությունը գալիս է ազատագրելու քեզ՝ ինքդ քեզնից՝ փլուզելով եզակիության իշխանությունը՝ բացելով անսահմանության դռները: Հիմա գիտեմ, ինչ այստեղ գրում եմ ու մտածում, ընդհանրապես ինչ գրել եմ ու մտածել, շատ անգամներ, և՜ գրվել է և՜ մտածվել: Դրանից էլ չեմ ուժատվում, ինչպես տարիներ առաջ, հակառակը՝  դրանով գնում եմ, ու միանում այն ամբողջությանը, որի արդյունքն եմ:

 *

Կապիտալիզմի համակենտրոնացման ճամբարներներում կկարողանա՞ վերապրել այն գրականությունը, որը (ձանձրալի է), (չի սպառվում), (նորաձև չէ), (Originality չէ),  (հանճարեղ չէ), (անկրկնելի չէ), (ցնցող չէ), (Ան-թարգմանելի է): «Մոտ լինելով Սոնթագին»:

 *

Պայքարը կիսատ մնաց. հետևաբար որևիցե բանի համար պայքարելու առիթներն անսպառ են: Պայքարի տեսակ է նաև պայքարի բացակայությունը, որովհետև ինչ-որ մեկը՝ ավելի հավանական է փիլիսոփան, տեսաբանը, մեծ ցանկության դեպքում կարող են սահմանել, մտածել սահմանումը, որ՝ Պայքարի տեսակ է նաև պայքարի բացակայությունը և հենց հաջորդ ակնթարթում պայքարել այդ սահմանման դեմ: Եվ ուրեմն ի՞նչի համար են պայքարում գրողները: Գոնե մոտավոր ենթադրություններ կա՞ն: Անշուշտ կան՝ գրողները պայքարում են բառերի հետ, բառերի համար, ինչպես Կլոդ Սիմոնի La Bataille de Pharsale վեպում որտեղ Ֆարսալի ճակատամարտի արյունը, կողմերից մեկի հաղթանակի և մյուսի պարտության ճիչն ու լռությունը միմյանց դեմ մենամարտի ելած բառերի մարմիններից են հոսում: Գրողները պայքարում են մոռացության դեմ, հասարակության դեմ, իրենք իրենց դեմ, պայքարում են հիշողության պահպանման (աշխարհը ավելի (լա՞վը) դարձնելու), ճշմարտություններ դակելու համար և շարունակ այսպես՝ հար հազարավոր բաների դեմ և հանուն անքանակ բաների:

*

Բայց «Ցտեսություն, Ծիտը»: Որոշել էի վերջաբանի փորձով մտածել հենց վեպի ստեղծման պատմության, այդ պատմությունը առավոտյան Գուրգեն Խանջյանի տուն հասցնելու, մասնավորապես վեպի ձևի ու բովանդակության, բոլոր առնչակցությունների, բնագրում առկա բացահայտ ու քողարկած մեջբերումների, գրականությանը, արվեստին, տասնյակ այլ վեպերին, հեղինակներին նաև գործածված կլիշեներին հղումներ անելու, ապա չորս տարի անց վերախմբագրման աշխատանքների, (սեփական) գրից ամոթի զգացման, սխալներս, վրիպումներս, անփորձությունս, աներեսաբար ծեփելու, վերախմբագրման առիթն օգտագործելով՝ թերություններս քողարկելու և շատ ու շատ այլ խնդիրների և իրողությունների շուրջ: Կամ վերջաբանի փորձով՝ բացահայտե՞լ, թե ով էր վեպում պատմողը, ինչու են անընդհատ փոխվում անձնական դերանունները, ինչու է երկրորդ դեմքը գնալով գերակշռում, ինչու եմ վեպում ու առհասարակ՝ արձակում, որ գրել եմ ու գրում եմ՝ նախապատվություն տալիս Դու-ին: Որոշել էի գրելով մտածել ու գրելով մտածեցի՝ Չի բացառվում, որ շեղումները, որոնք թույլ չեն տալիս կենտրոնանալ վերոնշյալ մտայնությունների վրա բխում են հենց դրանց միջից՝ ծանուցելով, որ միևնույնն է՝ ուսումնասիրությունները սկսված են: Ամեն տեղ կարծես նույնն է՝ գրականության մասնագետներն ավելի շատ են քան գրականության շուրջ մտածողները և որքան էլ մտածել սովորես, միևնույնն է միտքը համառորեն չի ստրկանում և մտածելն այդպես էլ մասնագիտություն չի դառնում: Վեպի հրատարակումից հետո ինձ հայտնի միակ արձագանքը Վահան Իշխանյանին էր՝ «Այլ պատմություն. Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ վեպը» հոդվածով, նաև Հովհաննես Իշխանյանն էր իր բլոգում անդրադարձել՝ «Ցտեսություն Ծիտ». բանակի զգացական շերտը»: Իսկ հետո ինչպես որ կա, ինչպես լինում է` մասնագետների ու ոչ մասնագետների կարծիքանման կարծիքները կարծիքում էին՝

թույլ էր – ուժեղ էր

հետաքրքիր էր – անհետաքրքիր էր

լուրջ էր – անլուրջ էր

խառն էր – պարզ էր

անսյուժե էր – սյուժետային էր

անշարժ էր – շարժուն էր

սյուռ էր – նատուրալիստական էր

մոդեռնիզմ էր – պոստմոդեռնիզմ էր

միջակ էր – տաղանդավոր էր

շեռ էր – աղբյուր էր

հորինած էր – իրականությունն էր

թերի էր – կատարյալ էր

վռազած էր – անվռազ էր

գիտակցության հոսք էր – պատումային էր

գռեհիկ էր – նուրբ էր

մարդկային էր – անմարդակային էր

վեպ էր – հակավեպ էր

հիվանդագին էր – առողջ էր

տաք էր – սառն էր

կինո էր – անիմացիա էր

սիրուն էր – գեշ էր

պուպուշ էր – ապուշ էր

ի՞նչ էր որ – լրիվ ինքն էր

անկեղծ էր – կեղծ էր

շշած էր – տուֆտած էր

սենտիմենտալ էր – անջիղ էր

ազնիվ էր – անազնիվ էր

սարքած էր – ծնված էր

արհեստական էր – բնական էր

սաղ ազդեցությունն էր – սաղ դու էիր

սեր էր – ատելություն էր

պիղծ էր – մաքուր էր

Ծիտը կատո՞ւ էր, թե շուն էր – չէ, մարդ էր

գրականություն չէր – գրականություն էր

աբաբըասատդատալը էր – չէ, մադաբեխայախասեաքալամալամա էր

 *

Ցտեսություն, Ծիտ՝ քեզ նույնիսկ մոռացությունը չի փրկի:

2017

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.