Ինքնագիր գրական ակումբը 2015֊ին տպագրել է Քեթի Աքերի «Բղջախոհություն» չորս պատմություններից բաղկացած վիպակը, որի առաջին գործն է «Մի նավաստու աննշան ինքությունը»։ Թարգմանությունը, ծանոթագրությունները և առաջաբանը Կարեն Ղարսլյանի։
Աքերը և նրա «Բղջախոհությունը»
Քեթի Աքերը (Kathy Acker, իսկական անձնանունը` Քերըն, իսկ օրիորդական ազգանունը` Լեման (Karen Lehmann) ամերիկացի փորձարար արձակագիր, թատերագիր, բանաստեղծ, պոստմոդեռնիստ, 1970-1980-ականների փանք շարժման կարկառուն խորհրդանիշն էր: Ծնվել է 1947 թ. Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում ունևոր հրեայի ընտանիքում ու մահացել 1997 թ. Մեքսիկայի Տիխուանա քաղաքում գրեթե բոլոր օրգանները քայքայած քաղցկեղից:
Բազմաթիվ վեպերի հեղինակ Աքերը հռչակ ձեռք բերեց «Նյու Յորքը 1979-ին» պատմվածքի համար «Փուշքարտ» ամերիկյան հեղինակավոր մրցանակին արժանանալով: Սակայն լուրջ քննադատական ուշադրության արժանացել է 1982 թ. լույս տեսած «Great Expectations» («Մեծ հույսեր») վեպի շնորհիվ: Երկն աչքի է ընկել նորարարությամբ. բազմաթիվ անթաքույց գրագողության դրսևորումներով հագեցած գրական կոլաժ է, որտեղ Աքերը լայնորեն կիրառել է նորարար արվեստագետ Բրայոն Գայզինի (Brion Gysin) մշակած կտրատման (cut-up) տեխնիկան: Աքերի «Great Expectations»-ը սկսվում է Դիքենսի համանուն հանրահայտ վեպի առաջին երկու պարբերությունների արտագրմամբ, թեպետ ոչ առանց աղճատումների: Մի երկու էջ անց մոր մասին պատումն անսպասելիորեն ընդհատվում է Պյեռ Գիյոտայի (Pierre Guyotat) «Եդեմ, Եդեմ, Եդեմ» (1970) աղմկահարույց վեպի առաջին մի քանի էջով (կրկին աքերյան աղավաղումներով) ու նույն անսպասելիությամբ ընդհատվում պատմողի մոր մասին խոսքի շարունակությամբ: Գրքի առաջին մասը հենց այդպես էլ կոչվում է` «Գրագողություն» (Պլագիատ):
Գողոնի տարբեր հատվածները (երբեմն կտրատման մեթոդով) համադրելով` Աքերը փորձում էր հին ու ծանոթ տեքստերից ստեղծել անծանոթ ու թարմ իմաստներ, նոր ու անսպասելի հնարավորություններ: Նա հավատացած էր, որ առկա գրական ձևերն պատշաճ կերպով չէին արտացոլում ժամանակակից աշխարհն:
Երբեմն գրական ահաբեկիչ հորջորջվող Աքերը նաև զանցանքային արձակի (transgressive fiction) վառ ներկայացուցիչներից է, ում երկերի հերոսները հաճախ լուսանցքային են՝ մերժված հասարակության կողմից կամ ակտիվորեն մերժում են հասարակությունում տիրող բարոյական կարգը, գրված ու չգրված օրենքները, դրսևորում են նիհիլիզմ ու կոտրում թաբուներ: Նրա երկերն առանձնանում են սեռական տեսարանների անկաշկանդ, մանրազնին ու հաճախ գռեհկաբանություններով տոգորված նկարագրություններով: Սեքսի հանդեպ դրականորեն տրամադրված ֆեմինիստ համարվող Աքերը (sex-positive feminist) իր զանցանքային արձակով ջանում էր ֆալոսաբանակենտրոնության տակը փորել թե՛ գրականությունում, թե՛ գրականությունից դուրս: Դարեր շարունակ հետերոնորմատիվության և ֆալոսաբանակենտրոնության (phallogocentric) հրամայականով ու դիտանկյունից կառուցված մշակույթում և հասարակությունում օտարված կնոջ ասելիքն Աքերն ամփոփել է «Իմ մայրը. դիվաբանություն» (1994) վեպի հերոսի հետևյալ արտահայտությամբ. «Մեզ համար լեզու չկա այս արական աշխարհում»: Նոր, այլընտրանքային լեզվի որոնումները կամ այն ճարելու անհնարինությունից բխող ողբը կարմիր թելով անցնում են նրա գրեթե բոլոր երկերով:
Նրան միջազգային լայն ճանաչում բերած ու լուրջ քննադատական ուշադրության արժանացած Blood and Guts in High School («Միս ու արյուն ավագ դպրոցում») վեպում (1984) Աքերն այնպիսի թաբուավորված և հակասական թեմաներ է արծարծել, ինչպիսիք են արնապղծությունը, մանկապղծությունը, աբորտը, բռնաբարությունը և այլն: Great Expectations-ի պես այս վեպն էլ է գրական կոլաժ, որտեղ պատումը հաճախ ընդհատվում է այլ երկերից թռցրած պատառիկներով, դրանց աղավաղումներով ու վերլուծություններով, հերոսների ինքնությունների երբեմնակի տարրալուծումներով: Blood and Guts in High School-ն արգելվել է Արևմտյան Գերմանիայում և Հարավաֆրիկյան հանրապետությունում: Արևմտյան Գերմանիայի` դեռահասների համար վնասակար հրատարակությունների հսկողության դաշնային ծառայության եզրակացությունը, ուր ասվում է, որ գիրքը «սպառնում է ոչ միայն երիտասարդներին, այլև վտանգավոր է մեծահասակների համար», Աքերը հրատարակում է 1991 թ. լույս տեսած Hannibal Lecter, My Father («Հաննիբալ Լեքթեր, հայր իմ») ժողովածուում:
Դեռ Քեթի Աքեր չդարձած անչափահաս Քերըն Լեմանի անձի ձևավորման ամենաէական շրջանը համընկել էր 60-ականների հեղափոխական շարժումների բուռն փուլերի հետ, երբ արևմտյան հասարակություններում ծաղկում էին Բիթ շարժումից բխած բազմաթիվ ենթա- և հակամշակութային ուղղություններ, ինչպիսին է սեռական հեղափոխությունը (սեռական հարաբերությունների ազատականացում, սեռական կողմնորոշման ազատություն, սեռային իրավահավասարություն և ալյն), որոնք զգալի հետք են թողել նրա ստեղծագործության վրա: Հենց Բիթ շարժման հիմնադիրներից մեկին էլ` Ուիլյամ Ս. Բըրոուզին, Աքերը համարում էր իր գրական ու գաղափարական ուսուցիչը: Աքերը կրել է նաև Չարլզ Օլսոնի, Դևիդ Էնթինի, Մարգերիտ Դյուրասի, Ալեն Ռոբ-Գրիյեի, Ժան Ժենեի, ինչպես նաև ֆրանսիական քննադատական տեսության ու փիլիսոփայության ազդեցությունը:
Մոր հետ լեզու չգտնող Աքերն ի վերջո լքում է հարմարավետ կենցաղը` փորձելով ինքնուրույն վերապրել Նյու Յորքի ամենաաղքատ ու վտանգավոր թաղամասերից մեկում: Որոշ ժամանակ գլուխը պահում է սեքս-ոլորտում աշխատելով որպես մերկապարուհի ու պոռնոֆիլմերի դերասանուհի: Այս շրջանի նրա զբաղմունքներն ու կենսափորձն անջնջելի դրոշմ են թողել նրա ստեղծագործությունների վրա: Սակայն Աքերի հակասական կերպարն արտացոլվում է ոչ միայն նրա երկերի բովանդակության ու ձևի մեջ, այլև աշխատանքների բնույթով. ժամանակին Նյու Յորքի ամենավտանգավոր ու անպատկառ փողոցներից մեկի` 42-րդի վրա աշխատած մերկապարուհին տարիներ անց հին հունարեն էր դասավանդում Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համասլարանում ու դասախոսում էր Կալիֆորնիայի Սանտա Բարբարայի համալսարանում, Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում, Այդահոյի համալսարանում ևն:
***
«Բղջախոհություն»-ը Քեթի Աքերի առաջին հայերեն թարգմանված երկն է: Շոտլանդացի բանաստեղծ և վիպասան Էլիսոն Ֆելի (Alison Fell) մտահղացմամբ յոթ կին գրողներ գրում են յոթ մահացու մեղքերի վերաբերյալ գործեր, որոնք գրքով (The Seven Deadly Sins) տպվում են 1988-ին Լոնդոնում (թարգմանությունը կատարված է հենց այս գրքից): Մահացու մեղքերից Աքերին բաժին էր ընկել տռփանքը, որն աստվածաշնչյան բառապաշարում առավել հայտնի է որպես «բղջախոհություն»: Բղջախոհությունը տվյալ երկում դրսևորվում է գլխավորապես արական միասեռական սիրով ու սեռահարաբերություններով, ինչպես նաև սադոմազոխիստական վարքով:
Ինչպես նրա առավել ծավալուն երկերում, «Բղջախոհություն»-ում ևս հերոսների ինքնությունները անսպասելիորեն անտարորոշելիորեն տարրալածվում են: Երեք մասից բաղկացած այս երկում պատումն իրականացնում են արական սեռի տարբեր ներկայացուցիչներ, որոնց ինքնությունները կրում են Աքերի ինքնակենսագրական տարրերը (ինչպես օրինակ` երկսեռականությունը (բիսեքսուալությունը) կամ մոր կողմից ատված լինելը:
Ոճական առումով երկում մեծ դեր են խաղում համանունությունն ու հարանունությունը նոր նշանակությունների թրծման գործում: Օրինակ` մի նախադասություն այնպես է կառուցված, որպեսզի lies (դրված/պառկած է) և lies (ստում է) համանունների միանգամայն տարբեր նշանակությունները լինեն հավասարապես հնարավոր: Մեկ այլ հատվածում հերոսը գերմանացուն մանրէ է անվանում կարծես հենց միայն այն պատճառով, որ անգլերեն German և germ բառերը հարանուններ են: Տեղ-տեղ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հենց ոճական հնարները` բաղաձայնույթներն ու առձայնույթներն են հուշել տվյալ հատվածների բովանդակության հետագա ընթացքը: Վառ օրինակ է Դիքի այն բանաստեղծությունը, որտեղ միմյանց հաջորդում են տարբեր բաղաձայնույթների հիման վրա կերտված գլխավորապես գռեհկաբանությունների շարքերը:
«Բղջախոհություն»-ը լի է կետադրական սխալներով ու բացթողումներով, որոնք գրեթե առանց բացառությունների ճշգրտորեն արտացոլվել են հայերեն թարգմանությունում: Աքերի կետադրական ու քերականական անփութությունները ոչ միայն կտրատման մեթոդի կիրառման հետևանք են, այլև արտահայտում են խոսքի հում վիճակ, ուղղելու/ուղղվելու դժկամություն, հանպատրաստիություն, ինքնաբուխություն, իմաստների մշուշում ու բազմապատկում, ինչպես նաև կայացած ու քարացած կանոնների միտումնավոր խախտման հակամշակութային ձգտում և ըմբոստացում ընդդեմ քերականության` որպես, Յուլիա Կրիստևայի բնորոշմամբ, լեզվի գրաքննիչի:
Կարեն Ղարսլյան
Մի նավաստու աննշան ինքնությունը
Մենակության պատճառով նավաստին անընդհատ ինքն իրեն հիշեցնում է, թե ով է ինքը.
Այս կառավարության աճող պահպանողականության պատճառով ոստիկաններն ավելի շատ ու խիստ սահմանափակումներ են կիրառում մասնավոր բաժնի ամեն ոլորտի նկատմամբ: Անգամ հիփիներն ու փանքերն են թարգել խռովություններ հարուցելը: Գերմանացի մենթերի ձեռքն ընկնելը հավասարազոր է կտտանքի կամ, լավագույն դեպքում, ստրկության: Այսպիսով, Բեռլինում ես միջատ էի: Պատրաստվում եմ կրծողի կյանքը նկարագրել:
Բըրոուզն[1] ասել է, որ գրողները միջատ են: Կյանքից զուրկ: Նավաստիների պես: Գրողը նավաստու մի տեսակ է, անձ` առանց մարդկային հարաբերությունների:
Սառը քամիները քշում են մեր սատկած առնետներին, մեռած ահաբեկչի սիրտը խրված է շան քաքի մեջ: Աղճատված ահազանգեր` ոստիկանություն, գովազդային թերթիկները SOS են հեգում: Հավես էր միմյանց առնանդամները շոյող երկու տղամարդկանց դիտելն ու նրանց մասին ընթերցելը: Երբ հասա Բեռլին, մի առավոտ, երբ փողոցը` պատուհանիցս անդին, անձրևի պատճառով, լուծ ընկած շան քաքի գույնի էր համարյա, տեսա երկու տղամարդու. ակնհայտ էր, որ զույգ էին: Մեկն ասաց մյուսին` փոքր-մոքր խուժանոտ տեսքով քաքլանին. «Մթերքը` ինձ վրա»:
Չհեռացա. ինձ անծանոթ մարդու վերադարձին սպասելուց ավելի հետաքրքրաշարժ բան ու գործ չունեի: Մոտ երկու ժամից վերադարձավ մի պուճուր պայուսակով: Ուզեցի հետևել նրան` հետևից մտնելով իր սենյակ: Չարեցի: Գիտեի, որ նրան հետևելն անօգուտ կլիներ:
Ջրի ու մեզի լճակներում լողացող պահպանակների ու նարնջի կեղևների, թերթերի խճանկարների միջով դեպի բետոնապատված գանգստերներ ու ձգաբանական փորձաքաննությունից խուսափելու նպատակով ջնջխված ատրճանակներ պարունակող տիղմը:
Սիրում եմ նայել մկանուտ տղամարդկանց: Կարճլիկ մարմիններ: Այս տղամարդիկ խուժանի տեսք ունեն: Հենց նրանք են, որ մի բան անում են, որ ի զորու են մի բան անել: Իրենց էներգիան են տալիս: Հենց նայում եմ մեկին, իմն է դառնում, ու ես գլուխս հետ եմ խոնարհում-դնում կրծքին: Նրա խոշոր ձեռքի ու ստամոքսի միջև, այնտեղ, տաք է: Այնտեղ ես ապահով եմ: Քանի որ նա ինձ ապահովություն է պարգևում, ամեն ինչ կանեմ նրա համար: Գիտեմ` այս սեռականությունը, իմ ով լինելը, առանձնապես հպարտանալու բան չի. ես համարյա ոչինչ եմ: Բայց չեմ կարող ինքս ինձ ատել:
Մկանուտ տղամարդու էրեկցիան կարծրանում էր: Երկու տղամարդ իրար էին զոդել իրենց բերանները, իսկ լեզուները կա՛մ ճմլված էին, կա՛մ իրար էին կպչում սուր ծայրերով: Դանակը չի կարող դանակ կտրել: Նրանցից ոչ ոք ռիսկ չէր անում լեզուն դնել մյուսի թշին, որովհետև համբույրը խոցելիության նշան է: Սխալմամբ աչքերի մի զույգը ժամանակ առ ժամանակ պատահում էր աչքերի մյուս զույգին: Ապա թաքնվում էին: Օձեր: Լեզուները մետաղի պես կարծր էին: Առնանդամները լեզուներից կարծր են:
Եթե պիտի շարունակեմ ապրել, ապա պիտի ընդունեմ իմ սեռականությունը:
Հորս երբեք չեմ տեսել: Մորս մեկընդմիշտ լքել էր ծնվելուցս ամիսներ առաջ: Երբեք չէր ուզում հետս հանդիպել:
Թեև քունվելուն հատկացվում է ժամանակիս շատ չնչին մասը, իսկ հաճախ` ամիսներ շարունակ, առհասարակ ոչ մի մասը, ուշք ու միտքս անընդհատ սեքսն ու սեռականությունն են: Առավոտյան 4:20 էր Գերմանիայում գտնվող կոմունիստական չինական մի հյուրանոցում: Երկու նեղ ու առանձնացված մահճակալներ էին մեխված հատակին: Մի բարակ մոխրագույն կարպետ կար: Երկու փոքր սրբիչ կար: Մի պահարան կար: Մի սեղան կար: Չորս` թիկնակով աթոռ կար: Մի հեռախոս կար: Նավիցս մոտ երկու օր առաջ էի հեռացել:
Զանգեց հպանցիկ ծանոթ մի տղամարդ` քրեական տիպ, ում հպանցիկ էի ճանաչում: Ասաց, որ ես միայնակ եմ, և ինքը հարմար կլինի ինձ համար: Ուզում էի նրան տալ հարցեր, որոնք չափից դուրս կամաչեի տալ անծանոթի.
(1) Ուզո՞ւմ ես ոռիցս քունել:
(2) Ուզո՞ւմ ես ոռիցս քունել մեկ անգամից ավել:
Երեք շաբաթ անց այս մարդուն հանդիպեցի գերմանական մեկ այլ քաղաքում: Կարճ մարմին ուներ: Մկանները թեթևակի հակված էին ճարպակալման: Երկու ժամ անց համբուրվեցինք: Ես շարունակում էի նրան համբուրել ավելի ուժեղ ավելի արագ, ոգևորությամբ ու առավել ճարպկությամբ, այստեղ-այնտեղ, հապճեպ փոքրիկ պաչպչոցներով, մինչ պինդ, շատ լայն պռոշներս ավելի ու ավելի էին մոտենում նրա ձախ ականջին: Ամեն կենդանի տուն է գտնում կամ մեռնում: Վերջապես լեզուս մտցրեցի ականջի մեջ, որը կեղտոտ էր:
Լեզուն շրջում էր հաստ ականջի մեջ: Թուշս դեմ տվեցի նրա ատամներին, որովհետև ուզում էի` ինձ ուժեղ կծի: Ինչպես մեծ տաքուկ կենդանիներն են փաթաթվում, այդպես նա էր ինձ պահում իր թևերի մեջ, որ իրանիս լայնության էին:
Նավաստի էր:
Կարծես ըբմշամարտելիս լինեի, երբ փորձեցի բռնել նրա հսկայական գլուխն ու խոնարհել: Միևնույն ժամանակ մարմնիս մնացած մասերը սեղմվում էին նրան, հատկապես նրա մարմնի ստորին հատվածին ու միահյուսում ոտքերս նրա ոտքերի հետ, որպեսզի մեր սեռական օրգանները պատահեն իրար ու շփվեն բրդյա կտորի հակառակ կողմերում:
Մեր ստեղծած այս ջերմության մեջ մնացինք միասին: Ես շարունակում էի համբուրել ու շփել գլխիկը, ապա համբուրել նրա առնական մաշկն ամենուր: Շփում էի մաշկը կամ միտքը, որ գլուխ բարձրացնի կարիքը:
Ցանկությունը ցցվեց, նավաստին:
Վերջապես ջոկեցի, որ արդեն պրծնելու վրա եմ: Ուզում էի հետաձգել ֆիզիկական տեսք ստացած այս կարիքը մինչև բացարձակ անհուսություն, մինչև հնարավոր ամենաանհույս կարիք, այսինքն` անհնար: Բայց անհնար էր շարունակել ապրել անհնարի մեջ:
Այլևս չէի կարողանում բղջախոհությունը տարանջատել սիրուց: Ուզում էի «KY» քսանյութը լղոզել նրա` Միքի կլրին: Ժանգոտ բեռնատար նավեր, կարմիր աղյուսե շենքեր, պատին` մեռած անիշխանականների գրաֆիտիներ, միայն այն պատճառով, որ պատրաստվում էր ինձ ցավ պատճառել, ես երևակայում էի ինձ ցավ պատճառելու այդ հնարավորությունը: Ինչո՞ւ եմ կայֆ ստանում մերժվելուց: Թքած ունեմ: Ոտքը կտրես, մեկ այլ վերջույթ կուժեղանա: Մեր սերունդը սերում է հաշմությունից: Մեր հաշմություններն իբրև կրծքանշան ենք կրում. կրծքանշան կրելը մարդկային սիրո մեր միակ հնարավորությունն է: Ես երևակայում էի, որ նրա առնանդամը շատ երկար չէ ու հաստ է: Բռնցքամարտիկի տեսք ունեցող առնանդամ, եթե բռնցքամարտիկն ընդհանրապես կարող է առնանդամի տեսք ունենալ:
Երբ նրան առաջին անգամ նկատեցի Համբուրգում, կողքին էի նստած: Հիշում եմ` հայացքս իջեցրի, ու աչքս ընկավ հին գորշ տաբատի տակից ցցված մեծ ելունդին: Ազդրերը ծանր էին ու իրարից հեռու, կարծես դրանց արանքից պիտի խոյանար բլրակը… Տեսա ու միաժամանակ նկատեցի, որ աչքերս այդ ելունդի վրա եմ չռել: Հրապուրվածությունս գիտակցած չէի լինի, եթե կարծեի, որ մեր միջև որոշակի սեռական գրավչություն կա:
Վերջապես գլխի ընկա, որ արդեն պրծնելու վրա եմ: Թողեցի, որ Միքի ուսին թառած ձեռքը սահի նրա մեջքն ի վար` մինչև հետույքը: Հետույքի թշերը շարժվում էին: Ձեռքս դրեցի այդ թրթռացող, դեռևս չմերկացած մարմնի հատվածին ու տիրացա: Ձեռքս տարա վեր ու դիմացից խոթեցի շալվարի գոտու ու սպիտակ ներքնաշապիկի տակ: Կպա առնանդամին: Ինքս ինձ ստիպեցի անել այն, ինչ ուզում էի անել:
Ես այն կեցության կամ վիճակի մեջ էի, երբ սեքսից կարևոր բան չի լինում:
Մյուս ձեռքս բռնեց նրա հաստ ձեռքերից մեկն ու ստիպեց, որ դիպչի առնանդամիս: Դելֆիններ էին ցատկոտում նավացռուկի շուրջ, և թռչող ձկներ շաղ եկան մեր առջև համարյա ոսկե անձրևի պես: Միքը բրդյա տաբատի վրայով շոյում էր մերկ առնանդամը, ապա սեփական կամոք արձակեց շղթաս: Ընկնող մեռած տերևներ, քառթավոր ճեղքեր կապույտ երկնքում, որտեղ, կարծես կրակից կծկվելով, տախտակները հեռանում էին իրարից: Միքն առնանդամս այնքան ամուր ճզմեց, որ շշնջացի` ծծիր: Միքը խոնարհեց միայն իր մարմնի վերին մասը և զատեց վերին ու ստորին շուրթերը: Մանուշակագույն մթնշաղ, եզրերը` դեղնամոխրագույն, մարդու ուղեղի գույնի: Առաջս ծնկի իջած` Միքը ծծում էր կլիրս, որ կարմրել էր, կարմրել` անպարկեշտության աստիճան:
Եթե Համբուրգի հետնախորշերն իր իսկ նավաստիների հետնախորշերն են, ապա Բեռլինն ինքը մի մեծ հետնախորշ է: Բոլորի համար: Բացի զբոսաշրջային հատվածից, որը օտարերկրացիների համար նախատեսված կեղծ քաք է: Մի կեղծ քաքի կտոր էլ ԱՄՆ-ն է` որոշ մարդկանց ձեռնածությունների հետևանքով: Սակայն խաղահրապարակները մեռնում են: Անգլիական Լեյբորիստական կուսակցությունը` ձեռք-ձեռքի բռնած, երգում է «Վաղուց ի վեր»[2]:
Բարիո Չինոն[3]` բեռլինյան թաղամաս, որը հայտնի է միայն Բեռլինի ալկոհոլամոլներին ու սպիդ[4] սրսկվողներին, աշխարհագրական գարշանք է` բնակեցված ոչ թե իսպանացի նավաստիներով կամ ամերիկացի առևտրականներով կամ թուրքերով, այլ նրանցով, ովքեր այնքան երկար են բաժանված եղել իրենց ծննդավայրերից կամ տուն հիշեցնող որևէ վայրից, որ դարձել են անազգ: Քանի ողջ են, կորած: Բարիո Չինոն թափառականների համար է: Ոչ թե սեքսը, այլ միայնությունն է դարձել կապիտալիզմի վերջին վերապրուկը: Միայնությունը թե՛ հիվանդություն է, թե՛ անձնական ուժի ու հպարտության պատճառ:
Այս սադիստ ու մազոխիստ թափառականները նման են այն հանցագործներին, ովքեր ապրում էին ամերիկյան ու գերմանական քաղաքային կոնգլոմերատներում, մինչև հանցագործության` իբրև միջազգային մենաշնորհի առաջացումը: Մինչև մարդկային հարաբերությունները շեռի մեջ այլասերելը: Մինչև Բարիո Չինոյի աղտն ու անկարգությունը: Երկար պարաններ են կախված նավաստիների ոտքերի արանքում:
Մկրատով բացված տառեխների թիթեղաման… գդալի փոխարեն կոշիկի եղջյուր է օգտագործվել… կեղտոտ գուլպա բորբոսնած լոբով լի ափսեի մեջ… ատամնամածուկի հետք լվացարանի ապակու վրա… սառած ձվածեղի մեջ ցխված ծխուկ… Բարիո Չինոյի զավակները:
Բնակարան Բայերնալլեեի թիվ 10-11 շենքում Սուրբ Կիրակի` 1974 թ. նոյեմբերի 10-ին, երբ բոլոր կույսերը միայնություն էին գովերգում: Մեկը սեղմեց դռան զանգը: Զանգողը փոխհաղորդի միջոցով ասաց, որ ծաղիկներ է առաքում: (Այս բնակարանի տերը` Գերագույն դատարանի նախագահ և Բեռլինի ավագ դատավոր Գյունթեր ֆոն Դռենքմանը, տոնում էր իր 64-ամյակը): Հենց դռան կողպեքը բացվեց, դրսում կանգնած երիտասարներից մեկը դուռը լայն բաց արեց: Մեկ այլ երիտասարդ երեք կրակոց արձակեց Դռենքմանի ուղղությամբ ու երկու հատ էլ հարված հասցրեց:
Հետո այս լակոտները ծլկեցին Պեժոյով ու Մերսեդեսով: Այդ մեքենաները, պարզ է, գողացել էին: Ծեր դատավորը մահացավ:
Բեռլինում տեսածս առաջին առնանդամն այնքան գեղեցիկ էր, որ մեռա: Դրանից առաջ ինձ թվում էր, թե տաղտուկի մեջ եմ ապրում: Այդ մեկի միջոցով մի ամբողջ համայնք հայտնաբերեցի: Առնանդամները ոջիլներ էին: Երբեմն ցայլքային ոջիլներ, որոնք թափանցիկ էին: Ջուրը փտող պատերի միջով ծորում էր վեր` լցվելով ավելի շատ փտող նյութերի մեջ: Մարմինը հալվում էր` վերածվելով տիղմի: Ուզում էի քանդել այդ պատերը, տիղմը, որ ամբողջովին մտնեի Միքի մեջ: Միախառնվեի այնպես, ինչպես որ չէր կարողանա որևէ այլ մարմին: Միքն իմ հայելին էր, իմ պատը: Մի պահ հավատացած էի, որ իրենն եմ: Բայց պատերի տերերը` տանտերերը, չէին թողնում քանդել: Տերերն ատում են նավաստիներին: Անգամ ազատականությանը հավատացող տերերը, քանի որ ժողովրդավարության մյուս կողմը հանցագործությունն է:
Ժամանակ առ ժամանակ, օրինակ, երբ ԱՄՆ նախագահն էր գալիս այցի, Բարիո Չինոն խռովություն էր հարուցում: Ատելությունը մեզ կանգնեցնում էր, կարծրացնում ու հաստացնում:
Միքի հետ վեց ամիս ապրեցի: Թքած թե լավագույն քունընկերս չէր, բայց հո՛ ուզածս տականքն էր: Ընտանիք-բան չունեի, ոչ էլ հետն ընտանիք կազմելու պլաններ ունեի, բայց դե վեց ամիս քունվեցի: Մենք բաժանվեցինք ընդմիշտ առանց որևէ պատճառի:
Մեր բաժանվելուց երկու գիշեր անց մի բարում, որի պատերն ու առաստաղը ալյումինից էին, մեկ այլ նավաստի կպցրի: Երբ նավաստին ձեռքը հետևիցս սահեցնում էր վեր դեպի ձվերս, ես նրան խեղդեցի բարի հետևի սենյակում: Գործածս խեղդամահությունը բարում ոչ մեկին չէր քորում: Խելագարությամբ մեկուսացած կղզիներ: Ես նայում էի, թե ինչպես է նրա կյանքը տեղի տալիս (մերժում) իմ սեղմող ու պրկվող մատների ճնշման տակ (մերժյալներ), նայում էի, թե ինչպես է նավաստին մահանում` բերանը բաց (մերժված) լեզուն դուրս հանած (պապանձված), նայում էի միայնակ հաճույքներիս ճգնաժամին (մերժում): Ալյումինե բարերում կծկված մարմնեղեն քաղաք, դեղին բազմոցներ, սպիդի փոշիով ծածկված սեղաններ: Ես սպանեցի նրան, որովհետև ինձ պետք էր մերժվել ձեր` ողջերիդ կողմից: Միայն այդ ժամանակ կկարողանայի գտնել ինձ նմանների համայնքը:
Սպանելով` ինքս ինձ վեր եմ հանում մահի միջից, որում ապրում եմ: Երբ նավաստուն սպանեցի, հրաշալի մի ալիք ներխուժեց ականջներիս լռության մեջ (մեկը չկա` հետը խոսես), բերանիս լռության մեջ (մեկը չկա` հետը խոսես). աշխարհը սկսեց բզզալ:
Այդ պահի դրությամբ ոչ մի ընկեր չունեի: Այժմ խոսելու միակ նյութը մեկուսացումն է: Թեև իմ սպանությունը սերել էր մեկուսացումից — մեկուսացումը միշտ էլ անտանելի է — իմ սպանությունը նաև հայտարարեց աշխարհին իմ մեկուսացման մասին և այդպիսով կատարեց մեկուսացումը կործանելուն ուղղված առաջին քայլը: Այդուհետ ես կարող էի դիմել միայն այլ մարդասպանների: Նրանց, ովքեր գիտակցում էին, որ հիվանդ են: Մենք այս երկրագնդի անհաջողակներն ենք, ոչ թե տերերը: Մեզ ընկերանալ թույլ տվեց մեր ձախողման գիտակցումը: Հիվանդները միայն աղքատությունից են վախենում: Որովհետև մնացած ամենայն ինչ իրենցն է, և վախենալու բան չկա. մեկուսացումը, սեռական պահանջների ավերածությունները, ավերող սեռական պահանջը, թյուրիմացությունը, աուտիզմը, տեսողական և լսողական զգայախաբությունը, պարանոյան:
Այս գիշեր, որը միանգամայն երկարատև է, ցանկանում եմ ասել, որ այլևս տանել չեմ կարողանում մեկուսացումը: Միակ ելքը մեկուսացումից տեսնում եմ սպանության մեջ: Որն էլ առաջացնում է մեկուսացում: Սա, ինչ-որ առումով, իմ ձոնն է «Բաադեր-Մայնհոֆ»-ին`[5] մի խումբ ջահելներին, ովքեր լիարժեքորեն չգիտակցեցին երկրի օրենքին, սեփականության օրենքին դեմ գնալու հետևանքները, խելագարվեցին: Այս անվերջ գիշերը: Այստեղ ես մենակ եմ:
Բեռլինում, մեկուսացումից բացի, պատահեց մեկ այլ բան: Գիշերվա կեսին երկու հոգու հետ մեքենայով շրջում էի` Մարկ Ալմոնդի ու «Neubauten»-ի կասետը քոքած: Այդ երկրում, որտեղ բուրժուազիան այնքան դանդալոշ է, որ ասես անշարժ հեքիաթների ժողովածու լինի. աշխարհից ու ինձնից մեկուսացած` կրկնակի մեկուսացած, ես ընկերներ ճարեցի:
Հաջորդ օրը ոստիկանները փորձեցին գտնել նավաստի Յոաքիմին[6] սպանողին: Ես ինձ մեղավոր չէի զգում, որովհետև սպանել էի հրեայի: Ոստիկանները եզրակացրին, որ նավաստուս մի սևամորթ է սպանել` պարիայի անուն ունեցող մեկ այլ նավաստի:
Երևի մեղքի զգացումից էր, որ դատարանը Յոնային[7] դատապարտեց շուտափույթ մահապատժի: Յոնային մահապատժի ենթարկեցին:
Հիմա էլ ուզում էի մոռանալ: Ոչ թե սպանությունս, այլ այն աշխարհը, որն անարդարաբար դատապարտեց Յոնային, այն աշխարհը, որը դատապարտեց իմ սպանությունը, այն աշխարհը, որը, կամ ավելի շուտ ով, մեկուսացում առաջացրեց: Ես ուզում էի անհետանալ: Ես ուզում էի այս աշխարհից չքվել, անհետանալ գիշերվա մեջ: Գիտեի, որ ինքս ինձ սպանելն անհնար է:
Weil er mein Freund ist, liebt er mich[8]. Մենթերն այդպես էլ չէին պարզելու, որ սպանությունը կատարողը ես եմ, որովհետև մենթերը բոզեր են: Հաջորդ անգամ մենթի հետ եղա: Համառորեն պնդում էի, որ ամենաշատն ուզում եմ` հնարավորինս խոր խրի կոկորդս ու մեջը թափի:
Պաչելը չեմ պաչում, բայց գերագույն կայֆ եմ ստանում ինձ համար ատելի մարդու կլիրը ծծելուց: Որովհետև ինքս ինձ եմ ներթափանցում: Այդ կլրագլխի կոթը ծծելիս` ես կարողանում էի դուրս գալ սեփական սահմաններից: Միևնույն ժամանակ մեջս վախ կար. մեկ էլ տեսար` վերահսկողությունս կորցրեցի ու առնանդամը չափից ուժեղ կծեցի, ինչը վատ չէր լինի, բայց դե, մյուս կողմից, մենթերն էլ են մարդ: Այս թեժ կլիրը ծծելն ինձ համար ակնհայտ դարձրեց իմ սեփական հուսահատությունն ու ոչնչությունը կամ մահը:
Որքա՜ն սև Բեռլին:
Մինչ ես այս մտքերով էի տարված` մենթին ծծելիս, նա տնքում էր, «Ես մենթ եմ: Մենթ եմ ու այլասերվածի մեկն եմ: Որտև տղերքի հետ եմ անում: Weil er mein Freund ist, liebt er mich. Ես միասեռական եմ: Ձեռս ընկած ամեն թափթփուկի հետ անում եմ: Հետո ջահելին նստցնում եմ, որ հետը երբ ուզեմ, ըլնեմ: Ջահելին նստցնում եմ, որտև լավ եմ անում: Քեֆս բերում ա, որ ջահելին նստցնում եմ էն բանից հետո, որ ստիպում եմ անի էն, ինչ էրկուսս էլ ուզում ենք: Իրա բերանն իմ ձեռքերի վերահսկողության տակ ա»:
Որքան շատ էր մռթմռթալով խոստովանում այս մենթը, խոստովանում մի նավաստու, ում չէր էլ ճանաչում, ու Բեռլինի ցեխերի մեջ էական էլ չէր, թե ինքն այդ ցեխի որ մի կտորն էր, այնքան ավելի շատ էր նա հերոսանում իմ աչքերում: Մի քիչ էլ, ու ես արդեն պատրաստ կլինեի ամեն ինչ անել հանուն այս մեծ մարդու: Ինձ դուր էր գալիս լինել այդպիսին: Կարծես ուրիշ անձնավորություն լինեի: Կարծես անձնավորություն լինեի: Հրաշքների անհայտ աշխարհում, ես կթավալվեի նրա ոտքերի տակ ու, հետո, շան քոթոթի պես, կփորձեի կծմծել մենթի կոճերը: Մարմնեղ մենթերը երկարաճիտ կոշիկներ են հագնում, որովհետև BMW մակնիշի մոտոներ են քշում: Երբ նրա սերմը երևան եկավ ու մահկանացուն կնքեց, մենթն ու ես իրար էլ ասելու բան չունեինք:
Քաղաքում ոչ մի նոր բան տեղի չէր ունենում: Հեռանալու ժամանակն էր: Այնպես չէ, որ նացիստներն աշխարհ էին կործանել: Նացիստները ոչինչ էլ չէին փոխել: Մեռած մենթերը չեն քունվում. մահը միայն մահ է ծնում: Քթանցքներիցս փորումս կուտակված սմեգմայի և փողոցի սմեգմայի գարշահոտն էր տարածվում այնպես որ հեռանալու ժամանակն էր:
Վերադարձա իմ նավ, որտեղ պարտականություններս անբիծ կատարեցի: Քանի որ չկա գեթ մի պատճառ ճշգրտորեն չանելու այն, ինչ ինձ ասում է նույնիսկ տականքը:
Բեռլինում մենթը ծառայության մեջ առաջխաղացում ունեցավ: Դարձավ լեյտենանտ: Տեսնելով, որ կարիերան տեղից շարժվում է, վերջապես ինքն իր սեփական ուժերին վստահելով` դարձավ իր ոլորտի, նեխման տերն ու տիրակալը. սկսեց անել այն, ինչ քեֆը տար:
Հատվածներ ծովում արածս գրառումներից.
Մենակ եմ մնացել: Ապահով եմ, որովհետև օվկիանոսն ինձ շրջապատում է այնպես, ինչպես փոքր ժամանակ: Այլևս ստիված չեմ ուտելիք հայթայթելիս խելքը թռցնող կենդանի լինել: Հասարակությունը թերևս մեծամասամբ բաղկացած է ծայրահեղականներից ու կրկնահանցագործներից ոչ թե նորմալ մարդկային կենդանիներից պատկառելի պետությունների հպատակներից կամ քաղաքացիներից: Բայց այստեղ ոչ մեկի հետ շփման եզր չունեմ, որովհետև նավաստիները սովորաբար մարդասպաններ չեն լինում. նավաստիները ոչինչ են: Ես ստիպված եմ եղել եզրակացնել, ինքնասպանության շեմին լինելու բերումով, որ միայնությունը, աղքատության պես, փորձություն է: Ես այլևս գլուխ չեմ հանում, թե ինչ է կատարվում ինձ հետ:
Սա գրել եմ սպանությանս մասին.
Երբ այդ վիշտը, որ լացից անդին է, որ անդամալուծում է վշտահարին, մարդկային մահվան այդ վիշտը, մարում է. մնում է դատարկությունը: Այն ցնցումը, որ կիսաստվածը, ում ծծել ես, կարող է մահանալ, դառնում է միայն մահվան ցնցումը. մեռած անձը չի կարող մեռած լինել: Մահը, նախ և առաջ, անհնար է: Այսինքն` անհավատալի է:
Ցնցումից զատ, մարդասպանության կամ քաղաքական սպանության շուրջ տեղի ունեցող ողջ իրարանցումը կեղծավոր եղանակ է ձևացնելու, թե կիսաստվածը կամ մարդը չի կարող փոխարինվել մեր հասարակությունում, որն իրականում փոխարինելի խամաճիկների աշխարհ է: Ձևացնելու, թե դեռ կան անհատներ, որ այդ անհատները դեռ կերտում են պատմություն, մինչդեռ այն ամենն, ինչի մենք` անհատներս` նավաստիներս կարող ենք, գործել ցանկանալն է է, մեր անարդյունավետ կամքերը դրսևորելը , մարդկային բարոյականությունից (կենդանիներն ունե՞ն բարոյականություն) անվերջ խոսելը, մինչդեռ իրականում սոցիալական ճնշման ինքնավար մեխանիզմները միշտ վերարտադրվել ու վերարտադրվում են յուրաքանչյուր անհատի մեջ:
Փոխարինելի խամաճիկների աշխարհ… քանի դեռ սովից չես սատկում… սոցիալական ճնշման ինքնավար մեխանիզմները… քանի դեռ սովից չես սատկում… անխուսափելիորեն վերարտադրվում են յուրաքանչյուր անհատի մեջ…
…էրոտիզացված պետություն[9]…
Հիսունականների հասարակագետների կանխատեսումները գերազանցած համատարած, ոչ այնքան հարմարվողականության, որքան միատարրացման, պաստերիզացման այս հասարակությունում, մենք միմյանց ազդանշաններ ենք տալիս առ այն, որ տարբեր ենք` հիվանդություններ ի ցույց դնելով կամ սպանություններ կատարելով: Ընկերություն անելը դժվար է: Թեև երկուսս էլ գիտենք, որ չարիք ենք, ինձ հետաքրքրում է` կընկերանա՞նք արդյոք, թե՞ ոչ: Սխալներ անում եմ, հաճախ անհամբերությունից, երևակայելով, թե կա ընկերականություն, երբ հետքն անգամ չկա:
Սա գրել եմ սպանությունից հետո առաջացող ռոմանտիզմի մասին.
Առաջին անգամ Բեռլին եկա քսան տարեկանում: Այնտեղ գտա այն, ինչ փնտրում էի, չնայած անունն այդպես էլ չկարողացա գտնել: Առաջին անգամ Բեռլին եկա քսան տարեկանում ինձ համար ինչ-որ անհայտ պատճառով: Մինչև Բեռլին գալս, զբաղված էի Մյունխենում մոտոներ գողանալով ու ջարդուխուրդ անելով: Ինձ այնտեղ չէին սիրում, որովհետև ես շատ հանգիստ եմ: Չափազանց հանգիստ: Մինչև ցույց չտան որ ինձ ատում են հետո մեջքս պատին դեմ չտան հետո արդեն ֆազերս գցում են: Դառնում եմ ագրեսիվ: Ամենից շատ ատում եմ երբ ինձ լռեցնում են կամ երբ ձանձրանում եմ: Կասեք` ատում եմ բոլորին և ամեն սոցիալական բան: Կասեմ` հավատում եմ ռոմանտիզմին: Ռոմանտիզմն ինքն է աշխարհը: Ինչո՞ւ: Որովհետև մի բան կա: Պիտի որ մի բան լինի մեզ համար, որ կանք ու գիտենք, որ անօթևան ենք:
Երբ վերադարձա, ոչ թե Բեռլին, այլ Համբուրգ, ձմեռվա սկզբի մառախուղին, երբ վերադարձա դեպի այն ճանապարհը, որն անցնում է գետի և նավանորոգարանների վերևով, դղյակ, որը երբևէ գոյություն չի ունեցել, և շատրվան, որն իրականում կոյուղի է, ցանկացած կարմիր վարդից շատ ավելի քաղցր ու բուրումնավետ քամու պոռթկումը քաքի ու լողացող բնահողի հոտը կարծես լեզվի օգնությամբ լցնում էր քթանցքիս մեջ:
Ուշ գիշեր էր: Երազներ դեռ չկային: Ուզում էի իմանալ, թե երբ են երազներն ինձ այցի գալու, երբ են գալու իրական երազները, նավաստիներից բացի այլ բան ընդգրկող երազները: Ուզում էի իմանալ` ուր են: Քնել ցանկացող, բայց չկարողացող մարդու պես, ով ապարդյուն փորձում է իմանալ, թե ինչ բան է քունը: Ուզում էի իմանալ, թե երբ են դեմքիս մկանները թուլանալու, երբ են կոպերս ավելի դանդաղ թարթելու, երբ է վերջին լույսը մեռնելու: Երբ փափուկ, քնքուշ, սակայն ոչ միայն հոգնածությունից, պառկես մեջքի վրա: Նավաստիական համազգեստն առանց հանելու:
Հետո դու` նուրբ ու քնքուշ, սահեցնում ես ձեռքերդ հետույքիս թշերի արանքով` կարծես այդ մասերս ես շոյում: Համեստությունից, որը թերևս ահի ձևերից է, վախենալով, որ հետանցքիս քաքից կեղտոտվել է առնանդամդ, մաքրում եմ այն ազատ ձեռքովս: Մյուս ձեռքս, որն արդեն մազերդ է փնտրում, որ դիպչի, դեմքիդ է հանդիպում ու փոխարենը շոյում թուշդ:
Մեր միջև սերն անարտահայտելի է: Մեր միջև սեր գոյություն չունի: Մենք միայն ճանաչում ենք մեր տարբերվող մկանային համակարգերը, որոնք ձևավորվել են ցավից: Դու ասում ես, որ մեզ միայն գեղարվեստական գրականությունը կամ լեզուն կարող էին հուշել, որ սիրում ենք իրար: Միգուցե ճիշտ է: Սակայն այլ պատճառների բերումով է, որ հասկանում ենք, թե ինչ ենք նկատի ունենում` իրար հետ խոսելիս, մեր տնքոցները, մեր սոլիփսիզմները: Առանց մկանային համակարգի, որը ցավից է սերում, ոչ ոքի հասկանալ չի լինում: Երկու ձեռքերով, մեկով` ականջիցդ, մյուսով` մազերիցդ, բռնած, թափով հեռացնում եմ գլուխդ կարծրացող առանցքիցս:
Ամեն անգամ ինչ-որ մեկի հետ սեքս անելիս` մասամբ իրար եք վերածվում:
Հենց այս նավաստին կլիրս ծծեց-վերջացրեց, խեղդամահ արեցի: Ծնողներիս, ընկերներիս, Ամերիկայի, ծծածս կլիրների կողմից լքված լինելով` ես գիտեի, որ ամենից շատ ոչ թե մահն էի ատում, այլ մահվանը հպատակվելը:
[1] Ուիլյամ Բըրոուզ (William S. Burroughs, 1914- 1997) ամերկացի արձակագիր, նկարիչ, Բիթ շարժման եւ պոստոմոդեռն գրականության կարկառուն ներկայացուցիչ (հայերեն երբեմն տառադարձվում է նաեւ Բարոուզ կամ Բերոուզ):
[2] «Auld Lang Syne» (բառացիորեն «վաղուց», «վաղուց ի վեր») – շոտլանդական երգ Ռոբերտ Բըրնսի նույնանուն բանաստեղծության հիման վրա: Հայտնի է առավելապես անգլալեզու երկրներում: Ավանդաբար կատարվում է նոր տարվա շեմին` կեսգիշերին, որպես անցնող տարվա հրաժեշտի երգ:
[3] Barrio Chino – (իսպ.) այդպես են կոչվում լատի- նամերիկյան քաղաքներում գտնվող չինական թաղամասերը: Նույն անունն են կրում նաեւ մի շարք այլ քաղաքների (օր.` Բեռլինի, Սիդնեյի, Հավանայի եւն) չինական թաղամասերը:
[4] Speed – (անգլ.) բառացիորեն «արագություն»` մեթամֆետամին թմրանյութի խոսակցական անվանումներից:
[5] Baader-Meinhof – (հայտնի է նաև «Կարմիր բանակի խմբավորում» անվամբ) Արևմտյան Գերմանիայում (Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում) 1970-1998 թթ. գործած ձախ ռադիկալ զինված խմբավորում:
[6] Բնօրինակում գործածված Joachim-ը նաև Հիսուս Քրիստոսի պապի` Կույս Մարիամի հոր անունն է: Տվյալ համատեքստում Յոաքիմի հայերեն համարժեքը Հովակիմն է:
[7] Բնօրինակում գործածված Jonah-ը նաև աստծո հրամանով կետի կուլ տված մարգարեի անունն է (Հովնան մարգարե): Ըստ Հին Կտակարանի կամ Թանախի` Հովնանը փրկում է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի մեղսալի բնակչությունը վերահաս կործանումից` նրանց Աստծո խոսքը հասցնելով ու ապաշխարության մղելով: Իսկ Աքերի երկում քաղաքը Հովնանին մահապատժի է ենթարկում, ինչը կարելի է մեկնաբանել որպես մեծ մեղքերի մեջ ընկած բնակչության անհուսության ու ինքնակործանման անխուսափելիության խորհրդանիշ: Այս վարկածի բանալիներից մեկը դատարանի (քաղաքաբնակչության խղճի խորհրդանիշի) «մեղքի զգացում»-ն է: Բացարձակ անհուսության դտապարտված լինելն էլ ավելի է շեշտվում Հովակիմի սպանությամբ, եթե վերջինս դիտարկվի իբրև մարդկության վերածննդի ու ապաշխարման խորհրդանիշ Հիսուսի ծննդյան կանխարգելում:
[8] Weil er mein Freund ist, liebt er mich – գերմ. Քանի որ ընկերս է, սիրում է ինձ:
[9] Բնօրինակում «an eroticized state» բառակապակցությունում առկա է բառախաղ համանուններով: Անգլերեն «state» բառը նշանակում է թե՛ «պետություն» և թե՛ «վիճակ»:
© Ինքնագիր գրական ակումբ 2017
© Kathy Acker 1988