Փոքրիկ, մեռած աղջիկն ասում է.

Ես նա եմ, ով սարսափից շնչակտուր է լինում ողջերի թոքերում:

Թող ինձ հենց հիմա հեռու տանեն այստեղից:

Յոթ-ութ տարեկանում փորի վրա քնելն անհարմար էր դարձել: Անկողին էր մտել, գրկել էր բարձն ու կրծքավանդակի շրջանում տհաճ ցավ էր զգացել: Հարմար դիրք գտնելու համար ժամերով թավալվել էր անկողնու մեջ, բայց բան դուրս չէր եկել: Հուսահատված ծալապատիկ նստել էր բարձին, ու ցավն անմիջապես անհետացել էր: Նորից պառկել էր փորի վրա, ու էլի ցավը: Նստել էր, ու ցավն անհետացել էր: Այդպես նստած մի քանի րոպե սպասել էր, հետո զգուշորեն պառկել էր նախ մեջքի վրա, համոզվել, որ ցավը չկա, ու զգույշ, շատ զգույշ (պատկերացնելով, որ փորձում է խորամանկությամբ հիմարացնել փոքրիկ թղթե թռչուններին, որ սողոսկել էին մաշկի տակ ու խաղ էին անում հետը) նորից պտտվել էր փորի վրա ու սպասել: Ցավը վերսկսվել էր:

*****

Հիմա արդեն քնի մասին մոռանալով՝ կլանվել էր մաշկի տակ թաքնված փոքրիկ թղթե թռչուններին հաղթելու խաղով: Մինչև լուսաբաց հազարումի դիրք էր փորձել՝ նրանց խորամանկելով շրջանցելու համար, բայց բան դուրս չէր եկել: Լուսաբացի կողմ ոտնաթաթերի վրա իջել էր մահճակալից, գիշերանոցը հանել էր հագից ու, բարձրանալով փոքրիկ աթոռին, ջանացել էր իր նեղ մարմինն ամբողջությամբ տեղավորել մանկական պահարանի փոքրիկ հայելու մեջ: Հայելու դիմաց քարացած՝ աչքերով զննել էր իր մաշկը՝ դրա տակ սողոսկած թղթե թռչունների շարժը որսալու համար: Մի քանի րոպե շունչը պահած սպասել էր: Ոչինչ էր տեսել, բայց չէր հանձնվել: Ինքն ավելի խորամանկ էր, քան մաշկի տակ սողոսկած թղթե թռչունները: Ձեռքը զգույշ, շա՜տ զգույշ (ասես խուսափելով վախեցնել այնտեղ թաքնվող փոքրիկ թղթե թռչուններին) մոտեցրել էր ուսին ու մատները շա՜տ դանդաղ, շա՜տ նուրբ մաշկի վրայով սահեցրել էր վերից վար: Մաշկի վրա մատների հպումից առաջացած շոյանքի զգացողությունն այնքան հաճելի էր, որ ինքն արդեն մոռացել էր նորահայտ թղթե թռչունների ու ցավի մասին… ու մատները մաշկի վրայով սահում էին վերից վար, վերից վար, վերից վար:

*****

Առավոտյան նախաճաշի սեղանի շուրջ եղբոր մոտ գլուխ էր գովել, թե մաշկի տակ փոքրիկ թղթե թռչուններ են հայտնվել:

– Ստեր ես փչում:

– Ճիշտ եմ ասում, ամբողջ գիշեր չեն թողել քնեմ:

– Հաստատ ֆիլմերում ես տեսել, ինձ հիմարի տեղ ե՞ս դրել:

– Ասում եմ՝ չեմ ստում:

– Մինչև ինքս չտեսնեմ, ոչ մի ասածիդ չեմ հավատալու, իբր չգիտեմ, որ թութակի մեկն ես, հերիք չի՝ ինչ անում եմ, կրկնում ես, հիմա էլ անցել ես ֆիլմերից թխելուն:

– Գիշերը արի իմ սենյակ, կտեսնես, որ ճիշտ եմ ասում, հենց փորի վրա եմ շրջվում, սկսում են ներսից մաշկս ծակծկել:

– Եթե չես տեսել, որտեղի՞ց գիտես, որ թղթե թռչուններ են, հաստատ էլի գիլասը կորիզով ես կերել, փորիդ մեջ ծառ է աճում, չէ մի չէ՝ այլմոլորակայիններ:

– Ոչ մի ծառ էլ չի աճում, գիտեմ՝ նախանձից ես էդպես ասում, ուզում ես քեզնից բացի ուրիշ ընկերներ չունենամ, չէ՞:

– Չէ մի չէ՝ ընկերներ, էն էլ անտեսանելի… էն էլ մաշկի տակ… փչան թութակի մեկն ես… նման բաներ մենակ ֆիլմերում են լինում, լսու՞մ ես, մենակ ֆիլ-մե-րում:

– Սուտ ես ասում, մենակ ֆիլմերում չեն լինում, նախանձում ես, որ թռչունները ոչ թե քեզ են ընտրել, այլ՝ ինձ:

– Եթե ինձ չես հավատում, արի մամային հարցնենք… մա՜մ, մա՜մ…

Ու հիմա արդեն երեքով՝ եղբայրը՝ հեգնական ժպիտը դեմքին, մայրը՝ լուռ, ու ինքը՝ կակազելով.

«…Դե…դե… սը…սովորական անտեսանելի թը…թը…թղթե թռչուններ են, էլի… մաշկիս տակ են ապրում ու հենց որ փորիս վրա եմ պառկում, սը…սը…սուր ծակծկում են… երևի չեն ուզում քնեմ… երևի խը…խը…խա…ղալ են ուզում…»:

*****

Հիմա դպրոցից վազքով տուն էր գալիս՝ մաշկի տակ թաքնվող թղթե թռչուններին հայտնաբերելու նոր հնարներ մշակելով: Այսօր շուտ էր անկողին մտնելու, որ որսի համար ժամանակ շահեր: Հնարավոր է, որ անտեսանելիները բարի են, ու իրենք կարող են ընկերանալ: Անպայման գտնելու էր նրանց ու ծանոթացներ եղբոր հետ, թե չէ հիմա էլ բոլորին ասելու էր, թե ինքը սուտասանի մեկն է:

*****

Ոչ ոք չէր նկատել իր ներս մտնելը: Հյուր ունեին: Պահարանի վրա իրեն լավ ծանոթ պայուսակն էր: Իր փոքր քաղաքի հարևան գյուղում ապրող ծեր բարեկամուհին հազվադեպ էր իրենց այցելում: Միայն, երբ առիթ կար: Ժամանակի ազդեցությունից դուրս այդ պայուսակը տանել չէր կարողանում: Ամեն անգամ, երբ հանդիպում էր այդ կնոջը, իր հերթական գունավոր ուսապարկը ցուցադրելու ջանք չէր խնայում: Կատաղությունն էլ ավելի էր մեծանում, երբ կինը բարի ժպիտը դեմքին ասում էր, որ իր նոր պայուսակը շատ գեղեցիկ է: Այս անգամ էլ, առանց երկար մտածելու, իր ուսապարկը բարեկամուհու պայուսակի հենց կողքն էր դրել: Հույս ուներ, որ արհեստականին հասնող այդ կապույտի կողքին գոնե այս անգամ կինը վերջապես կնկատեր, թե ինչքան խղճուկ է իր պայուսակը: Ինքն իր արածից գոհ՝ կռացել էր ու ձեռքի ծույլ շարժումներով սկսել էր կոշիկների քուղերն արձակել, երբ հյուրասենյակից ականջին իր անունն էր հասել: Մայրն ինչ-որ բան էր պատմում կնոջը:

*****

Կանգնել էր հյուրասենյակի շեմին ու հետևողականորեն ոչ մի քայլ առաջ չէր գնացել: Կեղծ ժպիտով ողջունել էր բարեկամուհուն՝ գրկախառնություններից խուսափելով: Զզվում էր, երբ կինը ողջունելիս հյութեղ համբույրներով թրջում էր իր դեմքը: Հետո միշտ երկար փակվում էր լոգարանում ու այնքան էր օճառով տրորում դեմքը, մինչև մաշկը լրիվ կարմիր էր դառնում: Այս անգամ էլ չէր հաջողվել խուսափել: Բայց թաց գրկախառնություններից հետո, երբ պատրաստվել էր լոգարան վազել, մայրը խնդրել էր բարեկամուհուն իր սենյակ ուղեկցել: Կինը պիտի զններ իր մարմնի այն մասերը, որ գիշերները խանգարում էին քնել:

– Բայց հիմա ոչ մի տեղս էլ չի ցավում… ոչինչ չեմ կարողանա ցույց տալ… մենակ գիշերներն է ցավում… հիմա տեղը չեմ հիշում… մենակ գիշերները… մենակ երբ մութ է…

Գիտեր, որ բարեկամուհին հեռվում է ապրում, ուրեմն չէր կարող մինչև գիշեր սպասել:

*****

Երկուսով իր սենյակում էին: Բարեկամուհին ու ինքը:

Կինն առանց հարցեր տալու հանել էր իր շապիկն ու անկաշկանդ շարժումներով սկսել էր շոշափել կրծքավանդակը՝ հարցնելով՝ ցավ զգու՞մ է, թե՞ ոչ:

Նորից նույն ցավը:

Կնոջ՝ իրեն այդքան մոտ մարմնի անհարմար ներկայությունից ճնշված՝ կցկտուր պատասխանել էր բոլոր հարցերին: Հիմա խուսափելու ոչ մի ելք չկար, կինը գտնելու էր իր մաշկի տակ մտած փոքրիկ թղթե թռչուններին, ու ինքը չէր հասցնելու նրանց հետ ընկերանալ: Հիմա ավելի շատ վախ էր զգում կնոջ այդքան մոտ ներկայությունից, քան զզվանք, հետո նորից զզվանք, էլի վախ, նորից զզվանք, վախ, զզվանք, վախ: Մանկական պահարանի հայելու մեջ երկուսի արտացոլքն էր: Տարեց կինն ու ինքը՝ կիսամերկ, մանկական կարմիր շորտերով, ինքն ու կնոջ ձեռքերի անկաշկանդ հպումն իր մաշկի վրա, կինն ու նրա ձեռքերի անկաշկանդ շարժումներից իր ուժգնացող վախը, վախը կնոջ՝ ամեն բան իմացողի անկաշկանդ հայացքից: Բարեկամուհու ձայնը (այն ձայներից, որոնց մեջ միշտ ամեն բան իմացողի հաստատուն շեշտ կա) ընդհատել էր հայելու մեջ երկուսի արտացոլքի իր ուսումնասիրությունն ու.

– …Վախենալու բան չկա… մաշկիդ տակ ոչ մի տարօրինակ կենդանիներ էլ չկան… ուղղակի մեծանալու ժամանակն է…

«…Ո՞նց թե չկան… բա փոքրիկ թղթե թռչուննե՞րը… հիմար պառավ… ուզում է ընկերներ չունենամ… կարծում է՝ իր պես վախկոտն եմ… չի՞ տեսնում, որ փոքրիկ աղջիկ եմ… իբր չգիտի, որ փոքրիկ աղջիկներն անվախ են…»:

Կինը, բարի ժպիտը դեմքին, ձեռքերն աղջկա փոքրիկ ուսերին դնելով՝ նրան հայելու առաջ էր կանգնեցրել ու.

– … Տես, կրծքերդ քիչ-քիչ կլորավուն են դառնում… շուտով գեղեցիկ կլոր կրծքեր ես ունենալու… հիմա մի քիչ կցավի… հետո կանցնի… վախենալու բան չկա…

Վախվորած սկսել էր հայելու մեջ ուսումնասիրել իր մարմինը՝ մտքում անընդհատ կրկնելով, որ կինը խելագար է: Հայելու մեջ իր կուրծքը հարթ էր՝ ճիշտ և ճիշտ եղբոր մարմնի պես:

*****

Հայելու մեջ նայելու ընթացքում աչքերը կանգ էին առել կնոջ կրծքերին: Չթից ծաղկավոր շորի տակից ընդգծվող կախ ընկած կրծքերի ուրվագծերը, հազիվ նշմարելի պտուկները, որոնց գոյությունը կյանքում առաջին անգամ էր նկատում (ասես հենց նոր բուսնած լինեին), անծանոթ սարսափի ճնշող զգացողություն էին ներշնչել իրեն: Հետո նորից շարունակել էր ուշադիր զննել իր մարմինը՝ նորից համոզվելու համար, որ այնտեղ ոչ մի կլորավուն բաներ էլ չկային: Հետո նորից հայացքը կնոջ մարմնին էր դարձրել, հետո՝ իր մարմնին, նորից՝ կնոջ, հետո՝ իր, կնոջ, իր, կնոջ…

Զզվանքի զգացողությունը, որ չէր հասկացել, թե ինչին էր ուղղված, ավելի էր սաստկացել: Իրենք տարբեր էին. իր մարմինը ճիշտ եղբոր մարմնի պատճենն էր՝ նեղ ուսեր, էլեկտրական լարերի պես բարակ ձեռքեր, ծուռտիկ տղայական ոտքեր, ծնկներին ու արմուկներին ասֆալտին ուժեղ հարվածներից դեռ չապաքինված թաց վերքեր՝ ճիշտ եղբոր ծնկների ու արմունկների պես:

Ու նորից կնոջ ձայնը.

– …Գնանք… գնանք ուրախ լուրը բոլորին պատմենք…

Ու իրեն պարզած ձեռքը… Առանց հասկանալու՝ ինչ էր անում՝ երկու ձեռքերով կախվել էր կնոջ ձեռքից ու ամբողջ ուժով հետ էր քաշել.

– …խնդրում եմ… պետք չէ ոչինչ պատմել… շատ եմ խնդրում… ոչ մեկին…

Կինը ժպիտը դեմքին գրկել էր իրեն: Դուրս էին եկել սենյակից:

*****

Առանց երկար մտածելու քարի պես դուրս էր թռել տնից: Շենքի աստիճաններով իր շնչակտուր վազքը, որ տեղ-տեղ վերածվում էր թռիչքի, հիմնական մայրուղով նույն արագությամբ վազքը, որ ոչ մի տեղ էր տանում, ուսի վրայից հետ գցած հայացքները՝ համոզվելու համար, որ շենքի պատկերը գնալով փոքրանում է, ու քամուց աչքերին ընկնող մազերը: Երբ այգի էր հասել, ուր առաջին անգամ էր առանց մեծերի ոտք դնում, վերջին անգամ հայացքը շրջել էր շենքի ուղղությամբ, ճկույթը վեր էր ցցել, համոզվել էր, որ ինը հարկանի շենքը հիմա իր ճկույթի բարձրությունն ունի, ու քայլերը դանդաղել էին: Պառկել էր այգու փայտե նստարանին, ամռան ծակող արևից աչքերը փակել էր ու այդպես երկար անշարժ պառկած էր մնացել, մինչև մութն ընկել էր, ու վրա էր տվել քաղցը: Առանց աջուձախ ընկնելու՝ առաջին անգամ քաղցի մասին մտածելով տունդարձի ճամփան էր բռնել:

*****

Հիմա ինքն արդեն մեղադրյալի աթոռին էր: Երկուսը, հերթ չտալով իրար, անդադար խոսում էին: Բառերը, երկու տարբեր շուրթերից դուրս եկող միալար բառերը, որոնց նշանակությունը ոչ հիմա, ոչ հետո երբեք չէր կարողանալու ընկալել, օղակվելով իր շուրջը՝ սեղմում էին իրանը, հետո կրծքավանդակը, կոկորդը: Երկու տարբեր շուրթեր բացվում ու փակվում էին միաժամանակ, էլ անհնար էր հետևել արտասանվող բառերի նշանակությանը, որովհետև բացվող շուրթերից դուրս եկող բառերը վերածվել էին բացատներ չունեցող ձայների, օղակել էին իրեն, բութ ցավ էին առաջացրել կրծքավանդակի հատվածում, ցավ, որ ոչ բավարար սուր էր՝ գոռալու համար, ոչ պայթյուն առաջացնելու չափ դաժան. այդ ձայներն իրենց մեջ ամեն լիցք սպանող հոգատար մեղմության թաքուն մի շերտ ունեին, որ բացի համբերատար սպասումից ուրիշ ոչ մի քայլի չէին դրդում: Ինքն այդ սպասման ձանձրույթին դիմանալու մի ճանապարհ գիտեր միայն. ամուր փակում էր կոպերն ու սկսում էր տեսնել այն տեղը, որտեղ:

Մինչ երկու միալար ձայները, որ ոչ բավարար անհարազատ էին օտար լինելու համար, ոչ բավարար ճանաչելի՝ մայրենի լինելու համար, որ ոչ բավարար անհասկանալի էին աղմուկ դառնալու համար, ոչ էլ ամբողջական իմաստ ունեին հասկանալի լինելու համար, պտտվելով օղակվում էին իր շուրջը, ինքն է՛լ ավելի ամուր էր սեղմում կոպերն ու մթության մեջ ուրվագծվող պատկերն ավելի հստակ ու պարզ էր դառնում: Մի տեղ, որտեղ իրերի անունները անջատված էին այն առարկաներից, որ նշանակում էին, մի տեղ, որտեղ առարկաները չունեին տեղեր, որտեղ առարկաներն ու անվանումները տարանջատված էին իրարից ու ամեն մեկն իր ինքնուրույն կյանքն ուներ: Հետո ավելի ուժեղ էր սեղմում կոպերը, ու հիմա պատկերի մակերեսը ջրի մակերևույթի տեսք էր առնում, նմանվում էր ալիքի, լողում էր կոպերի մթության մեջ, դառնում էր ջրի պես հոսուն, շարժվող, բոլոր առարկաները ալիքվում էին, նյութերը կորցնում էին իրենց կարծրությունը, վերածվում էին հոսող հեղուկի, բոլոր իրերը կորցնում էին հստակությունը, զրկվում էին իրենց կերպից, դառնում էին անընդհատ փոփոխվող ձևեր, ու տձևությունը ձև էր դառնում:

*****

Ու հետո նորից հարմար պահ գտնելով՝ քարի պես դուրս էր թռել տնից: Շենքի աստիճաններով իր շնչակտուր վազքը, որ տեղ-տեղ վերածվում էր թռիչքի, հիմնական մայրուղով նույն արագությամբ վազքը, որ ոչ մի տեղ էր տանում, ուսի վրայից հետ գցած հայացքները՝ համոզվելու համար, որ շենքի պատկերը գնալով փոքրանում էր, ու եղբոր կեպին՝ գլխին:

*****

Բարեկամուհու այդ հիմար հայտարարությունը հիմա ամեն բան գլխիվայր շրջել էր: Սրանից հետո բոլոր հարազատները, բարեկամները, նույնիսկ հարևաններն ու բակի ընկերները ամեն անգամ իրեն հանդիպելիս աչքներն ուղիղ կրծքավանդակին էին սևեռում՝ ասես հույս ունենալով մի մեծ փոփոխության առաջին ականատեսը լինելու: Հիմա ինքն ամեն առավոտ ժամերով կանգնում էր հայելու առաջ, համոզվում էր, որ գիշերվա ընթացքում իր մարմնի վրա ոչինչ չի փոխվել. «…Ոչ մի կլորավուն բաներ էլ չեն աճելու… ոչ մի…», ու դպրոցական համազգեստը հագնելուց առաջ դեղատուփից գողացած սպիտակ բինտը պինդ փաթաթում էր կրծքավանդակի շուրջ (զրահի նման) ու ամուր կապ գցում: Հագնում էր շապիկը, համոզվում էր, որ մարմինը հարթ է՝ ճիշտ եղբոր մարմնի պես: Այդպես ինքը կանխելու էր մարմնի վրա կլորիկների աճն ու միշտ, միշտ մնալու էր նույնը:

*****

Այդպես սկսել էր չենթարկվել անկողին անցնելու հրահանգներին.

– …եթե արդեն մեծ եմ, ուրեմն մեծերի հետ նույն ժամին էլ անկողին եմ անցնելու…

…Երկուսը սկսել էին համոզել, որ տատի անկողնում քնի, խոստանալով, որ քնելուց առաջ տատն իրեն ամեն օր հեքիաթներ է պատմելու:

Մի քանի ժամից մայրը ոտնաթաթերի վրա դեպի տատի սենյակ էր քայլել՝ քնած աղջկան մանկական սենյակ տեղափոխելու: Ներս էր մտել: Սենյակի մթության մեջ մանկական ձայն էր զրնգում.

«…մի մեծ անտառի բերանում ապրում էին աղքատ փայտահատն ու իր կինը… երկու երեխա ունեին, տղայի անունը Հենզել էր, աղջկանը՝ Գը… գը… աղջկանն էլ էր Հենզել… սովի տարիներ էին… հայրը շատ էր սիրում Հենզելին ու Գը…գ ը… ու Հենզելին, բայց մայրը համոզում է նրանց անտառում թողնել՝ գայլերին կեր… հայրը տխուր, արցունքն աչքերին իր երեխաներին տանում, թողնում է անտառում… կախարդների աչքերը միշտ կարմիր են լինում ու հեռու չեն տեսնում, բայց զարմանալի սուր հոտառություն են ունենում, ճիշտ գիշատիչ գազանների պես… երբ որ Հենզելն ու Հենզելը նրա տնակի մոտերքը թափառելիս են լինում, նա հեռվից արդեն նրանց հոտն առնում է, ծիծաղում ու կռնչում… ինչ անուշ պատառներ են… տղային բռնում է իր ոսկրոտ ձեռներով, քարշ է տալիս, տանում հավանոցը գցում, վանդակավոր դուռը փակում ու թողնում էնտեղ ինչքան սիրտը կուզի գոռա… հետո գնում է աղջկա հետևից… ու՝ դե, շուտ վեր կաց, ծույլ աղջիկ, եղբորդ համար մի որևէ համով բան եփիր, հավանոցում փակել եմ, պետք է նրան կերակրել, որ մի լավ չաղանա ինձ համար… պետք է չաղանա, որ ուտեմ… աղջիկը ուզում է լաց լինի, բայց էդ բոլորը զուր էին… մնում է սուս ու փուս պառավի հրամանները կատարել… առավոտը վաղ աղջիկը պետք է վեր կենար, պղինձը կրակին դներ, ջրով լցներ ու տակը կրակ աներ… պառավը տանում է խեղճ աղջկան փռան առաջ կանգնեցնում ու հրում է դեպի բոցավառ փռան բերանը… ուզում է փոքրիկ աղջիկը կռանա թե չէ, բոթի, գցի փուռը, ծածկոցը դնի, որ խեղճը փռում խորովվի, հետո հանի ուտի… բայց խելացի աղջիկը գլխի է ընկնում, թե պառավի մտքում ինչ կա ու խնդրում է պառավին իրեն ցույց տալ փուռը վառելու ձևը… ու հենց որ պառավը տմբտմբալով մոտենում է փռանը, աղջիկը հետևից էնպես է ներս բոթում պառավին, որ ընկնում է փռան մեջ, իսկույն ետևիցը ծածկոցն ամուր դնում է ու փակիչը գցում… պառավը ոռնում է, ո՜նց է ոռնում… աղջիկը իսկույն վազում է Հենզելի մոտ, հավանոցի դուռը բաց է անում ու աղաղակում՝ Հենզե՛լ, Հենզե՛լ, մենք ազատվեցինք, չար կախարդը կործանվեց…»

Մայրը մութ սենյակին վարժվելու համար մի քանի րոպե լուռ կանգնել էր դռան շեմին, հետո աչքերը վարժվել էին խավարին ու սկսել էր տեսնել առարկաների ուրվագծերը, հետո անկողնու կենտրոնում ծալապատիկ նստած հեքիաթներ պատմող կապույտ գիշարազգեստով աղջկան, աչքերով տատին էր փնտրել: Տատը խորը քուն էր մտել:

08.2015

Show Comments Hide Comments

One thought on Խեղված մարմիններ

  1. […] «Մի տեղ, որտեղ իրերի անունները անջատված էին այն առարկաներից, որ նշանակում էին, մի տեղ, որտեղ առարկաները չունեին տեղեր, որտեղ առարկաներն ու անվանումները տարանջատված էին իրարից, ու ամեն մեկն իր ինքնուրույն կյանքն ուներ» (“Ինքնագիր”    Խեղված մարմիններ): […]

Leave a Reply

Your email address will not be published.