Ուիլյամ Կառլոս Ուիլյամս. Փաթերսոն

Հավանաբար տեսել եք Ջիմ Ջարմուշի «Փաթերսոն» ֆիլմը, որտեղ հերոսը ավտոբուսի անհայտ մի վարորդ է, որ բանաստեղծություններ է գրում, ու նրա կինը, որ բլիթներ է թխում ու տան իրերն է ներկում նմանատիպ նախշերով, ամեն օր։ Անհայտ, կյանքի մեջ տոկացող միջին այս ամերիկացին Ուիլյամ Կառլոս Ուիլյամսի հերոսն է։ Ֆիլմում էլ հիշատակվում է Ուիլյամսի անունը։

Ուիլյամ Կառլոս Ուիլյամսը (1883 – 1963 թթ) ծնվել ու ամբողջ կյանքում ապրել է Նյու Ջերսիի փոքրիկ Ռադերֆորդ քաղաքում, որտեղ քառասուն տարուց ավելի աշխատել է որպես բժիշկ, եւ սեփական քաղաքում անգամ համաքաղաքացիները շատ չեն իմացել, որ նա գրող է։

Շատ ազդված էր Ուոլթ Ուիթմանից ու Ջոն Քիթսից, բայց Փենսիլվանիայի համալսարանում բժշկություն սովորելու տարիներին ընկերանում է Էզրա Փաունդի հետ, որի մասին ասում է՝ «Փաունդին հանդիպելուց առաջն ու հետոն նման էր մթա-ի ու մթ-ի»։ Նաեւ՝ «մտադրված էի օգտագործել այն նյութը, որը լավ գիտեի»,- ասում է Ուիլյամսը, իսկ նա լավ գիտեր իր հիվանդներին ու Ռադերֆորդի մարդկանց։ Նրա բանաստեղծություններից շատերը գրվել են դեղատոմսի թերթիկների վրա, մյուսները՝ հապճեպ տպվել տպագրական մեքենայով հիվանդների այցելությունների արանքում։ Սիրում էր զանգել հիվանդներին ու երկար խոսել հետները, նրանց մեջ միշտ չբարձրաձայնված բանաստեղծություններ էր գտնում։

Ուիլյամսը ցանկանում էր գրել ամերիկյան պոեզիա, լինել ամերիկացու խոսքի հայելին, գտնել այնպիսի լեզու, որը ստեղծել է ամերիկյան բնաշխարհն ու շրջակա միջավայրը, մնալ ընթերցողի հետ նույն լեզվի մեջ, նրա հետ հավասարության վրա։ Քննադատ Ռանդալ Ջարել. «Նա հենվում էր իր հիվանդների վրա, իրեն շրջապատող Ամերիկայի ու իր մեծ երեւակայության վրա՝ ստեղծելու իր շատ որոշակի ամերիկյան չափածոն։ Այն նշանակալի է իր կարեկցողությամբ, ենթակայի հետ իր մկանային ու հուզական նույնականացմամբ։ Նրա պոեզիան բնութենականորեն ազնիվ է։ Ուիլյամսի մոտ չկա լավատեսական կուրություն։ Թեեւ կա թարմ զվարթություն, կամակոր կամ անհաղթելի ուրախություն»։ Եւ մինչ Փաունդը նավում է դեպի ընդգծված խուսափողականությունը բանաստեղծության մեջ, Ուիլյամսը հակվում է դեպի նորն անելու (make new) գաղափարը, ինչի մունետիկն էր սկզբնական շրջանում նաեւ Փաունդը։ Ուիլյամսը հետ է վանվում Հին աշխարհի բանաստեղծների՝ Փաունդի ու Էլիոթի վարվեցողությունից, նրանց դասարանային, ակադեմիական անգլերենից։ Փաունդն իր հերթին նույնպես քննադատում էր Ուիլյամսի գործերի խրթինությունը, անհասկանալիությունը, դժվարությունը, բայց Ուիլյամսն ինքը երբեք չի ընդունում դա։

Երբ Էլիոթը հրատարակում է իր «Մեռյալ երկիրը» (1922), այն այնպիսի մեծ արձագանք է ստանում ու այնքան է իր վրա բեւեռում ընթերցողների ու քննադատների ուշադրությունը, որ Ուիլյամսն իր ինքնակենսագրականում գրում է. «Ես միանգամից զգացի, որ այն ինձ քսան տարի հետ գցեց։ Քննադատորեն ասած՝ Էլիոթը մեզ վերադարձրեց դասարան (ակադեմիա) հենց այն պահին, երբ ինձ թվում էր, թե մենք ուր որ է՝ սպրդելու ենք դեպի իրերի այն կողմը, որն ավելի մոտ է նոր արվեստի էությանն ինքնին…։ Ինձ համար մեծ զարմանք էր, որ նա այդքան ահռելիորեն հաջողակ էր։ Իմ ժամանակակիցները երամներով նրա մոտ էին չվում – հեռու այն բանից, ինչ ես էի ուզում։ Բայց հենց դա էլ ինձ ստիպեց հաջողել»։

Տարիներ անց, այնուամենայնիվ, կորցրած լինելով քննադատների ու ընթերցողների ուշադրությունը՝ Ուիլյամսը գտնում է երրորդ սերնդի բանաստեղծների սերն ու ակնածանքը։ Նրանից մեծապես ազդվել ու նրան իրենց պոեզիայի հայրն են համարել բիթ սերնդի բանաստեղծները՝ Ալեն Գինսբերգը, Չարլզ Օլսոնը, Դենիս Լեւերտովը եւ այլք։ «Փաթերսոնը մեր Խոտի տերեւներն է»,- ասում էին նրանք։ «Փաթերսոնը» հինգ գրքից բաղկացած Ուիլյամսի պոեմն է, որ ընդգրկում է չափածո ու արձակ հատվածներ, ու հասարակ ամերիկացու ու փոքր մարդու մասին է։ «Նա, դու, ես, մենք բոլորս, միասին՝ Փոքր մարդիկ ենք»։ Հենց այս գրքին է հղվում Ջարմուշի ֆիլմը։

Ինչպես Ուիլյամսն ինքն է մատնանշել՝ իր մեծ նվերը իրեն հետեւող բանաստեղծներին իր ստեղծած տաղաչափական հնարքն է՝ բաժանվող ոտքը (variable foot): «Դա տողի բաժանումն է՝ ըստ այնպիսի նոր մեթոդի, որը գոհացուցիչ կլինի ամերիկացու համար»։ Բաժանվող ոտքը երեք տողի բաժանվող բանաստեղծական չափն է, որը քննադատներից շատերն, այնուամենայնիվ, համարում են բեկում ավելի շատ տրամադրության, քան չափի մեջ։ Այս տաղաչափական հնարքով է գրված «Ասֆոդել՝ այդ կանաչավուն ծաղիկը» բանաստեղծությունը, որը նույնպես թարգմանվել է այստեղ։

Աննա Դավթյան

Պրոլետար պոետ

Խոշոր ջահել գլխաբաց մի կին

գոգնոցով

Մազերը հետ լղոզած կանգնած

փողոցում

Գուլպայավոր թաթը մատների ծայրով հենված

մայթին

Կոշիկը ձեռքին։ Խորացած դրա

մեջ նայելով

Հանում է թղթե ներբանը

գտնելու մեխը

Որ ցավեցրել էր իրեն

Ընտրությունների օր

Տաք արեւ, ջինջ օդ

ծեր մարդ է նստած մի

դռան առաջ

կոտրված մի տան –

տախտակ՝ պատուհանների տեղ

գաջը ցած թափվող

քարերի արանքից

ու շոյում է գլուխը

պուտավոր մի շան

Աղքատները

Մշտապես տանջելով նրանց

իրենց երեխաների մազերում

ոջիլի մասին հիշեցումներով՝

Դպրոցի Բժիշկը սկզբում

նրանց ատելությունը բերեց իր վրա։

Բայց այդ ընտանիությամբ է, որ

վարժվեցին բժշկին ու այդպիսով,

ի վերջո,

ընդունեցին նրան որպես իրենց ընկերն ու խորհրդատուն։

Պատերի միջեւ

հետեւի

թեւերը

հիվանդանոցի որտեղ

ոչինչ

չի աճելու լցված է

խարամը

որի մեջ շողում են

ջարդված

կտորները կանաչ

մի շշի

Կարմիր ձեռնասայլակը

այնքան բան է

կախված

կարմիր

ձեռնասայլակից

ջնարակված անձրեւի

ջրով

սպիտակ հավերի

կողքին

Ճայեր

Իմ համաքաղաքացիները, անդին՝ մեծ աշխարհում,

նրանք էին, ում հետ ինձ համար շատ ավելի

շահեկան էր ապրելը, քան այստեղ ձեզ հետ։

Այս աղմուկն իմ շուրջը ձայնում է, ձայնու՜մ,

եւ ես իմ կողմից պատասխանում եմ նրան՝ բարձր, ինչքան կարող եմ,

բայց նրանք՝ լինելով ազատ, անցնու՜մ են։

Ես մնու՛մ եմ։ Ըստ այդմ, լսե՛ք,

քանզի շուտով չե՛ք այլ երգիչ ունենալու։

Նախ սա եմ ասում. դուք տեսել եք, չէ՞,

տարօրինակ թռչուններին, որ երբեմն

մեր գետի վրա են իջնում ձմռանը։

Թող ձեզ այդ դեպքում լավ մտածել տան փոթորիկների մասին,

որ շատերին դեպի ապաստարան են քշում։ Այս բաներն

առանց պատճառի չեն լինում։

Եւ մյուս բանը, որ ասում եմ, սա է.

ես արծիվ տեսա մի անգամ, որ պտտվում էր ամպերի դեմ,

մեր գլխավոր եկեղեցիներից մեկի վերեւում –

Զատիկ էր – գեղեցի՜կ մի օր։

Երեք ճայեր եկան գետի վերից

ու հատեցին դանդա՜ղ դեպի ծովը։

Ախ, գիտեմ՝ ձեր սեփական հիմներն ունեք, լսել եմ դրանք –

եւ որովհետեւ գիտեմ՝ դրանք ոգեկոչում են ինչ-որ մեծ պաշտպանի,

չէի կարող բարկանալ ձեզ վրա, ինչքան էլ

դրանք անարգում էին իսկական երաժշտությունը –

Տեսնում եք՝ պարտադիր չէ իրար երես թռնել,

ու ինչպես արդեն ասացի, վերջում

ճայերը շարժվեցին դեպի ծովը շատ հանդարտորեն։

Սիրո երգ

Ի՞նչ ունեմ քեզ ասելու,

Երբ հանդիպենք։

Այնինչ –

Պառկած այստեղ՝ քո մասին եմ մտածում։

Սիրո բիծն

Աշխարհի վրա է։

Դեղին, դեղին, դեղին,

Ուտում, մտնում է տերեւների մեջ,

Խառնվում է քրքումին՝

Եղջյուրավոր ճյուղերին, որ հենվում են

Ծանրորեն

Ողորկ բոսոր երկնքին։

Չկա լույս-

Միայն մեղրի թանձրության մի բիծ,

Որ կաթում է տերեւից տերեւ

Ու ճյուղից ճյուղ՝

Փչացնելով գույներն

Ամբողջ աշխարհի։

Ես մենակ եմ։

Սիրո ծանրությունը

Ամբարձել է ինձ

Այնքան, որ գլուխս

Երկնքին է դիպչում։

Տե՛ս ինձ։

Մազերիցս նեկտար է կաթում –

Սարյակները տանում են այն

Իրենց սեւ թեւերի վրա։

Տես, վերջապես,

Թեւերս ու ձեռքերս

Պառկած են հույլ։

Ինչպե՞ս կարող եմ քեզ ասել,

Թե երբեւէ սիրելու եմ քեզ այնպես,

Ինչպես հիմա եմ սիրում։

Համակրական դիմանկար մի երեխայի

Մարդասպանի փոքրիկ դուստրը

որ հազիվ տասը տարեկան է

թոթվում է ուսերը

աջ ու ձախ

այնպես որ աչքն ինձ ընկնի

առանց ետ շրջվելու։

Նրա բարակ փոքր թեւերը

փաթաթվում են

մեկ էս կողմից մեկ էն

հետառաջ մարմնի շուրջը։

Նյարդորեն

քաշում է ծղոտե գլխարկը

աչքերին

ու կախում է գլուխը

խորացնելու ստվերը –

խռովքից ժպտալո՜վ։

Կարողացածի չափ

թաքնվում է

արեւի լիքը լույսի մեջ

նրա պարանե ոտքերը ճլորտում են

փոքրիկ ծաղկազարդ զգեստի տակ

ու ոտքերը մերկ են

ազդրի կեսից մինչեւ կոճերը—

Ինչու՞ է արդյոք ինձ ընտրել

դանակի համար

որ շաչում է ժպիտի միջից։

Ասֆոդել՝ այդ կանաչավուն ծաղիկը

Ասֆոդելի մասին՝ այդ կանաչավուն ծաղկի,

հրանունկի նման

իր ճյուղավորվող ցողունի վրա –

չնայած որ կանաչ է ու ոստե –

գալիս եմ, անուշս,

երգելու քեզ։

Մենք երկար ենք ապրել միասին,

մի կյանք՝ լցված,

եթե կուզես,

ծաղիկներով։ Այնպես որ

հրճվում էի,

երբ առաջին անգամ իմացա,

որ ծաղիկներ կան նաեւ

դժոխքում։

Այսօր

ես լցված եմ աղոտացող հիշողությամբ այն ծաղիկների,

որ մենք երկուսս էլ սիրում էինք,

մինչեւ անգամ այս խեղճ

անգույն բանը—

Առաջին գրքից՝ Փաթերսոն

Փաթերսոնը պառկած է հովտում՝ Փասեիք ջրվեժների տակ,

դրանց արձակված ջրերը կազմում են նրա մեջքի ուրվագիծը։ Պառկած է

իր աջ կողքին, գլուխը մոտիկ

ջրերի որոտին, որ լցնում են նրա երազնե՜րը։ Հավերժորեն քնած՝

երազները նրա քայլում են քաղաքով, որտեղ տոկում է

անանուն։ Թիթեռներ են նստում նրա քարե ականջին։

Անմահ՝ նա չի շարժվում ու չի ելնում եւ հազվադեպ է

երեւում, թեեւ շնչում է, ու նրա մեքենայությունների նրբին մասնիկները,

որ առնում են իրենց էությունը թափվող գետի աղմուկից,

կյանք են տալիս հազարումի ինքնաբերության։ Ովքեր, քանի որ չգիտեն

ոչ իրենց ակունքները, ոչ գոգերն իրենց

հիասթափությունների, դուրս են քայլում իրենց մարմիններից՝ աննպատակ

հիմնականում,

բանտված ու մոռացված իրենց բաղձանքներում՝ չարթնացած։

– Ասա՛, մտքեր չէ, այլ իրերով –

ոչինչ, բացի տների դատարկ դեմքերից

ու ցիլինդրիկ ծառերից՝

ճկված, կիսված կանխակալությունից ու պատահարից –

երկճեղքված, կնճռոտ, ճմռթված, կեղտամած ու բծոտ –

գաղտնիք – լույսի մարմնից ներս։

Վերից՝ ավելի բարձրից, քան գագաթաձողերը, անգամ բարձրից

ավելի, քան գրասենյակների աշտարակները, տղմոտ դաշտերից

արձակված մեռած խոտի գորշ մահճակներին,

սեւ սումախին, թոշնած ջրիմուռի ցողուններին,

ցեխ ու մացառներին՝ մեռած տերեւների հետ շեղջված –

գալիս է գետը՝ լցվելով քաղաքի վերից,

ու ձորի եզրից ցխվում է

ցողի ու ծիածանի մշուշի ետսահքի մեջ –

(Ի՞նչ ընդհանուր լեզու կա բացատրելու։

… սանրված ուղիղ գծերով

ժայռի այն քինչի

պռնկից)։

Մի տղամարդ՝ ինչպես քաղաք, ու մի կին՝ ինչպես ծաղիկ

– որ սիրահարված են։ Երկու կին։ Երեք կին։

Անհաշվելի կանայք, ամեն մեկն՝ ինչպես ծաղիկ։

Բայց

միայն մի տղամարդ – ինչպես քաղաք։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.