#Ամերիկատեղ 1

9/11-ից հետո իմ ամերիկյան ընտանիքը որոշել ա սովորել այլ մշակույթների մասին։ Ու տենց ես հայտնվել եմ իրանց տանը։ Ես իրանց Հայաստանի մասին եմ պատմում, իրանք ինձ այն չինացու մասին, որին ինձանից առաջ հյուրընկալել են։

#Ամերիկատեղ 2

Իմ ամերիկյան ընտանիքը բողոքական ա։ Մենք ճաշից առաջ միշտ աղոթում ենք։ Հատկապես երբ կլոր սեղանի շուրջ վարսակով ելակ ենք ուտում։

#Ամերիկատեղ 3

Կիրակիները մենք եկեղեցի ենք գնում, եկեղեցու նկուղային հարկում Ավետարան կարդում, հետո նայում պատից կախված աշխարհի «վտանգված քրիստոնյաների» արնագույն քարտեզին, որի ամենակարմիր կետերում անտրտունջ աշխատում են մեր եկեղեցու առաքյալները։ Ես անձայն ուրախանում եմ, որ ռագատկի քարից էլ պուճուր հայրենիքս էդ քարտեզի վրա բոլոր կողմերից արնաթաթախ, բայց ամերիկագույն ա։

#Ամերիկատեղ 4

Ամերիկացի հայրս պատի հին ժամացույց ու զենք ա հավաքում։ Զենքը պադվալի պատից ա կախած, կանգնած ժամացույցները՝ հյուրասենյակի։ Ժամացույցների սպիտակ սենյակում մենք կիրակի օրերին ընթրում ենք ու մեկական գավաթ կենարար ջրի շուրջ քննարկում հանապազoրյա հացի համային բոլոր նրբերանգները, մեր մարսողական համակարգի աշխատանքն ու չարիքի աճն աշխարհում։

#Ամերիկատեղ 5

Մեր տունը լճի վրա ա: Էդ մեր սեփական լիճն ա, որը կիսում ենք մեր պես բարձր միջին դասի ևս չորս ընտանիքի հետ: Մեր տունն ամերիկացի հայրս իր ձեռքերով ա շինել ջահել ժամանակ՝ բեյբի բումի սերնդակից ընկերների հետ ձևավորելով ամերիկայի տնտեսական աճի վիճակագրությունը: Հավես ա առավոտյան սուրճով ապակեպատ խոհանոցից լճին նայելը, երբ փշատերև հսկա ծառին ճյուղից ճյուղ են անցնում սկյուռիկները: Ապակուց էն կողմ, ոտքերիդ տակ երկինքն ա, երկու կրեա, դիմացի ափի հարևանի կատեռի բարձրացրած ալիքները, մեկ էլ լճի հայելում պատսպարված մոտալուտ ձմեռը:

#Ամերիկատեղ 6

Իմ ամերիկյան սերը թելերի խանութ ա։ Էս մութ ու կեղտոտ, անհարմար նոյեմբերին, մանր անձրևը դեմքիս, Բախն ականջներումս, վիճակագրությունից հոգնած, սառած քիթս ժակետիս թևքում թաքցրած դեգերելիս էր, երբ սոմալեցիների տեսաֆիլմերի համեմունքահոտ վարձույթի կողքի ցուցափեղկում մենք հանդիպեցինք: Դու օրանժն էիր, հաստ ու բրդյա։ Ես գրկեցի քեզ, այն երկու հաստ շյուղն ու անասելի ջերմացա։ Ու մինչ տանս ռադիոն շարունակում ա քննարկել Իրաք մտնել–չմտնելու հարցը ես քեզ գործում եմ խոշոր, տաք ու արևավառ։

#Ամերիկատեղ 7

Ամերիկացի մայրս ամեն առավոտ քայլում ա մեր լճի շուրջ: Ուիքենդին ես էլ եմ հետը քայլում: Մեր քայլքը մոտ մի ժամ ա տևում: Ճանապարհին հանդիպում ենք քայլողների, վազողների, շուն ման տվողների, շան փուփը հավաքողների, հեծանվորդների, եղնիկների, սկյուռիկների ու անգամ վայրի հնդկահավերի: Օրը միշտ լուռ ա: Բայց մենք խոսում ենք: Ինքը պատմում ա, թե ինչ դժվարությամբ ա մեծացրել երկու երեխաներին, թե ոնց ա երկու անգամ քաղցկեղը ժամանակին հայտնաբերել ու մահից պրծել: Քսան տարի առաջ ու տաս տարի առաջ: Ես էլ պատմում եմ, թե ոնց ա հայրս պատերազմում զոհվել: Տաս տարի առաջ:

#Ամերիկատեղ 8

Աշխարհի հետ առերեսվեցի համալսարանում: Մտա լսարան՝ դեմս դուրս էկավ: Հիմա քարացած-կանգնած` ես իրան եմ նայում, ինքը՝ ինձ: Ամերիկան մեջտեղում ա, Ատլանտյան օվկիանոսը, Եվրոպան ու Աֆրիկան՝ աջ, Ասիան ու Ավստրալիան էլ ձախի վրա են լռված: Իսկ ինձ ասել էին, որ մարդկությունը Հայկական լեռնաշխարհում ա ծնվել: Հասկացա: Արևային համակարգի կենտրոնում Երկիր մոլորակն ա:

#Ամերիկատեղ 9

Մեր համալսրանի նկուղային հարկը մեր բունկերն ա: Դարերի համար ա կառուցած՝ ամուր ու ստերիլ: Մոնոլիտ ա: Անձայնամխելի պատեր ու անթիվ միջանցքներ: Լաբիրինթոս: Մատրիցա: Ցանց: Անցյալի ու ապագայի շենքերն իրար կապված են երկար ու ձիգ միջանցքներով. բժշկական ճարտարագիտություն, հասարակագիտություն, մենեջմենթ, իրավագիտություն, պատմություն, ծրագրավորում, ֆիզիկա, փիլիսոփայություն: 60 000 ուսանող: դասախոսների թիվը չգիտեմ: Թզուկների պես անձայն քայլում ենք անպատուհան ու անարև գետնափոր միջանցքներով: Ոսկի ենք փնտրում: Ամեն մեկս մեր բնում: Ոչ մեկս սահման չունենք, բայց բոլոր դռներն ու ելքերը փակ են: Օդը չի հերիքում: Բոլորը դեմ են իրաքյան պատերազմին: Լռություն: Քայլ առաջ ու պատ: Գրադարնում պատվիրում եմ Պրավդայի 1961 թվի բոլոր համարները:

#Ամերիկատեղ10

Դուրս եմ գալիս գետնի տակից: Ցուրտ արև ա: Քամին լուր բերեց: Կամուրջ Միսիսիպիի վրա: Երկհարկանի: Ներքևինն ավտոներինն ա, վերևինը՝ մերը: Ցուրտ ա ու մեր կամուրջն ապակյա թունել ունի: Թափանցիկ, որ երկինքն ու երկնաքերերն էրևան: Կոչեր, լոզունգներ, գրաֆիտի, հրավեր: Ականջներումս խշշում ա: Համակարգից դուրս ա: Ուրեմն էլ ավելի համակարգի մեջ ա: Համակարգն ինքն ա: Այլմոլորակայինների լեզվով ա: «Ռուսական ակումբ. միացեք մեզ», «Արաբ ուսանողների միություն», «Ամերիկայի հնդկացիների միություն», «Գեյեր ու լեզբիներ. հանդիպում ենք ամեն ուրբաթ», «Սալսա պարու՞մ ես, ուզու՞մ ես սովորել», «Պաշտպանի՛ր ապագադ», «Օսամա Բուշ-Լադեն», «Մարդաբանություն… Ավելին քան կյանքը»: Տառ-տառ-նկար-գույն-թիվ-միտք-բառ-երգ…. Ամեն կողմից ինձ են նայում: Հասկացա: Անցումով մեկ ձայնագրություն ա, ասում ա. «Բարև, ես Անժելան եմ, ես Էրիկն եմ, անունս Ջեյն է»: Շատ են:

#Ամերիկատեղ 11

Ամերիկացի տատս 95 տարեկան ա: Ծերանոցում ա ապրում: Էսօր էկել ենք իրեն տեսության: Ծերանոցի պարտեզում պամիդոր ա աճացնում: Շաբաթ օր ա, ու տատս ծերանոցի վարսահարդարի մոտ մազերը ներկել ա, մանիկյուր-պեդիկյուր արել: Հայրս մորն ասում ա՝ արի գնանք կարտ խաղանք: Չի լսում: Մտնում ա թևն ու ներս բերում: Չորսով նստում ենք կլոր սեղանի շուրջ: Տատս հարցնում ա՝ որտեղից եմ: Տղու բացատրածից մենակ սովետն ա հասկանում: Ես էլ պապուս մասին եմ պատմում, որը հայրենական պատերազմի ժամանակ Իրանից ամերիկյան ստուդեբեկերներ էր բերում:

#Ամերիկատեղ 12

Մեր համալսարանի միջազգային ուսանողներին հրավիրել են ընթրիքի: Հարուստ ամերիկացիների ակումբ: 9/11-ից հետո միլիոնատերերին աշխարհը հետաքրքրել ա ու իրանք ուզում են ուղիղ աղբյուրից լսել այլ մշակույթների մասին: Ակումբը մի երկնաքերի տանիքին ա: Թանկ մեյքափով կանայք, թանկ կոստյումներով տղամարդիկ, ճերմակատամ ժպիտներ: Ես ՝ հանց գլադիատորը Հռոմում: Իմ բաժին միլիոնատերն ամբողջ երեկո խոսում ա Հռոմեական կայսրության կործանումից: Մոլ ինչ օրինաչափ ա, որ կայսրությունները գալիս ու գնում են: Իսկ Ամերիկան դեռ երկար կապրի: Որովհետև իրենք ազատ են: Ինքը, օրինակ, սեփական ինքանթիռով թռչելու իրավունք ունի: Իսկ Եվրոպայում էդ իրավունքը չէր ունենա:

#Ամերիկատեղ 13

Դասընկերուհիս զինվորական ա: Իրա հայրն էլ ա զինվորական: Պապն էլ: Զինվորական են մայրը, եղբայրը, քեռին: Ծառայել ա, ու հիմա բանակն իր ուսման վարձը փակում ա: Իմն էլ են ամերիկյան հարկատուները տալիս: Փաստորեն էրկուսս էլ հարկատուներին ենք պարտական: Դեմոկրատ ու Հանրապետական: Միասին վերցրել ենք «Գաղափարների պատմությունը Ամերիկայում» առարկան ու խմբովի դեմ ենք պատերազմին: Էսօր տխուր էր: Հատկապես դասընկերուհիս: Ասաց, որ վաղը կռիվ ա գնում: Իրաք: Դեմ ա, բայց պարտավոր ա: Պաշտպանել ամերիկյան արժեքները:

#Ամերիկատեղ 14

Մեր պրակտիկան անցնում ա մի վայրում, ուր ամբողջ օրը խոսում ենք ջինի գործակցից, աղքատությունից, սովից ու անգրագիտությունից: Երեկոներն էլ ընդունելություններ ենք կազմակերպում, քննադատում Բուշի արտաքին քաղաքականությունը, Չիկագոյի տնտեսագետներին, ԱՄՆ-ի՝ Կիոտոն չստորագրելը: Այս ամենը խաղաղօվկիանոսյան կարմիր սաղմոնի ու սև խավիարի շուրջ: Պրակտիկանտ ընկերուհուս շնորհիվ Օրանժին դավաճանեցի Չոմսկու հետ: Շատ արագ, մեկ ժամանոց մի հանդիպման ժամանակ, ուր շատ էին ձախերը, ձախ անարխիստները, պանկերը, ծերացած հիպիները, տրոցկիստները, ֆեմինիստները, Մերձավոր Արևելքից ու սովետից ներգաղթածները, կոնսպիրացիա փնտրողները, ծույլ չաշխատողները, գաղափարական գործազուրկները, բոմժերը, դեպրեսիվ ալկաշներն ու զիլ ջահելները:

#Ամերիկատեղ 15

11/9-ին հաղթեց ժողովրդավարությունը: Ամերիկացի հանրապետական ծնողներս շարունակում են ամեն կիրակի աղոթել իմ և ընտանիքիս համար: Ես հավատում եմ իրանց աղոթքներին:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.