Սիրտս խառնեց, երբ կարդացի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքից հատված. «Ես որոշեցի դատական բարեփոխումներով զբաղվել» տպվել է «Հայկական ժամանակում»։ Երկու տող փորձեցի ավել կարդալ, ավելի սիրտս խառնեց։
Երկու հաստատություն նախապես պայմանվորվել ապա հրաժարվել էին այս գրքի շնորհանդեսը անել, որն էլ պատճառ դարձավ նրա նկատմամբ հետաքրքրության։
Սկզբում Չարենցի տուն թանգարանում է նախատեսված եղել «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը փետրվարի 7֊ին, սակայն թանգարանի տնօրինությունը չեղարկել է (գիրքը թարգմանել է Միքայել Նահապետյանը)։ Տուն թանգարանը դա բացատրել է տեխնիկական պատճառներով, իսկ մամուլում գրում են, թե դեր է խաղացել Մեսրոպ Եսայան անունով բնապահպանության նախարարության պաշտոնյայի հետևյալ գրառումը ֆբ֊ում. «Եղիշե Չարենցի տուն թանգարանի տնօրինությունը լավ կլինի, որ Սահակաշվիլու կողմից բանտերում հայտնված Ջավախքահայերին, Վրաստանում անցանկալի անձ հայտարարված բազմաթիվ գործիչների հատուկ հրավիրեն»։
Բազմաթիվ կազմակերպություններ առաջրկեցին շնորհանդեսը իրենց մոտ անել, որոնց մեջ՝ «Բյուրոկրատ» և «Հայ գիրք» գրախանութները, «հոդված 3» մամուլի ակումբը, ԱԻՄ֊ը, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։
Ապա տեղեկացվեց, թե շնորհանդեսը լինելու է Նոյյան տապան գրախանութում, սակայն փետրվարի 1֊ին սա էլ հրաժարվեց, տնօրենը պատճառաբանեց թե քաղաքականությանը չի ուզում խառնվել, իսկ գրախանութի աշխատակից Հասմիկ Սիմոնյանը իր ֆբ էջում գրեց՝ «Նոյյանը չի գրաքննիչ, գրաքննվել է Նոյյանը»:
Փետրվարի 2֊ին ԱԺ հանրապետական պատգամավոր, ջավախահայ Շիրակ Թորոսյանը, ում մուտքը Սահակաշվիլին արգելափակել էր Վրաստան, tert.am֊ին տված հարցազրույցում ասաց.
«Ես ի սկզբանե շատ վրդովվեցի, երբ իմացա, որ այդ գիրքը թարգմանվել է հայերեն և իմացա, որ այդ գրքի շնորհանդեսն ուզում են Հայաստանում անել: Դա վիրավորական է մեզ համար, որովհետև Սաակաշվիլին այն մարդն է, ով սկզբնավորեց, հիմք դրեց այն քաղաքականությունը, որ Հայաստանից Վրաստան` բնականաբար Ջավախք, որևէ տպագիր նյութ՝ գիրք, ամսագիրք, թերթ, անգամ՝ բուկլետ չպետք է գնա: Եվ անթույլատրելի եմ համարում, որ նման մարդուն առնչվող նյութ հերիք չի թարգմանվի, դեռ մի բան էլ դրա շնորհանդեսը լինի» ,-ասաց ԱԺ պատգամավորը:
Նա հայտարարեց, որ եթե որևէ հաստատությունում՝ թանգարանում, գրախանութում, ինստիտուտում կամ այլուր տեսնի նման գիրք, ապա անարգանքի սյունին կգամի այդ հաստատության ղեկավարին»:
Ջավախահայերը այլ պատճառներ էլ ունեն Սահակաշվիլուն չսիրելու, նա երկու անգամ կրճատեց հայերենի ժամերը, օրենք մտցրց որով տեղական մարմիններում պետք է պարտադիր վրացերեն անցնեն նիստերը, չեղարկեց Ջավախքում մանկավարժական ինստիտուտի կառուցումը և այլն։
ՖԲ֊ում ջավախահայ Աղվան Հովհաննիսյանը գրեց. «Սաբակաշվիլուն պաշտպանող հայը ամբողջ ջավախահայության թշնամին է»։
Արդյո՞ք ջավախահայեր են այցելել Նոյյան տապան գրախանութ։ Նոյյան տապանը լռում է։
Փետրվարի 6֊ին տեղեկություն տվեցին, որ շնորհանդեսը լինելու է Երևանի Յանկի փաբում։
Առաջին անգամ չի որ ինչ որ հաստատություն հրաժարվում է անել ինչ որ միջոցառում, և այն տեղափոխում են այլ տեղ, բայց այս անգամ հայկական քաղաքացիական հասարակությունը մեծ աղմուկ բարձրացրեց՝ շնորհանդեսի երկու չեղարկումը որակելով որպես գրաքննություն։
Անցած տասն օրերին հայկական մամուլի թիվ մեկ թեման դարձել էր շնորհանդեսի չեղարկումը (երկու օրինակ Հրապարակ օրաթերթ՝ «Մշակույթի նախարարությունը արգելել Է Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը» , Ազատություն ռադիոկայան « Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսը չեղարկել է նաև «Նոյյան տապան» գրախանութը»)։
Չեղարկուները դարձան գրքի գովազդ։ Այս պատմությունը օգնեց, որ Սահակաշվիլու գրքի նկատմամբ հետաքրքրությունը աճի, այնքան, որ ես էլ բացեմ թերթերը ու փորձեմ մի քանի տող կարդալ։ Պարզվեց, որ հայկական մի շարք թերթեր երկու ամիս շարունակ հատվածներ են տպում այդ գրքից՝ առանց խմբագրության կողմից կեղծիքները ծանոթագրելու։
Քաղաքացիական հասարակությունը շնորհանդեսի չեղարկումը համեմատեց անցած տարի Թումանյանի տուն թանգարանում բացված «Խավարում» ցուցահանդեսի կասեցման հետ։ «Խավարումը» պատմում էր ստալինյան բռնաճնշումների մասին, Մշակույթի նախարարությունը ցուցադրությունը կասեցրել էր։
Միակ ընդհանրությունը այն է, որ Մշակույթի նախարարությունն է և ստիպել որ Չարենցի տուն թանգարանը հրաժարվի շնորհանդեսից(այդպիսի տեղեկություն կա), և կասեցրել «Խավարումը» ցուցահանդեսը, իսկ տարբերություններն ավելի շատ են. մի դեպքում՝ «Խավարումը» թանգարանի նախագիծն էր, իսկ մյուսը՝ թանգարանի հետ կապ չունի։ Բովանդակային առումով էլ են տարբեր՝ մեկը բռնության դեմ, զոհերի հիշատակին է նվիրված, մյուսը բռնապետի երկրպագություն, նրա գրքի լույս ընծայման շնորհավորանք ու նրա տիրապետության մասին կեղծիքի տարածումն է։
Իհարկե, մշակույթի նախարարությունը իր պատճառներն ունի շնորհանդեսը չեղարկելու, այսուհանդերձ խոշտանգումներով բանտեր պահող բռնակալի գրքի շնորհանդեսի ամենահարմար տեղը բանտում խոշտանգումներից սպանված բանաստեղծի տուն թանգարանը չի։
«Վահան խնդրում եմ որևէ արժանահավատ վկայություն բերեք, որ վրացիները ատում են Սահակաշվիլիին, բացի սեփական խոսքին հղվելը: Ես չգիտեմ Դուք որ վրացիների հետ եք շփվում, իմ հետ ով շփվել է, բոլորն ասում էին, որ նա Վրաստանը դարձրեց քիչ թե շատ եվրոպական մոդելին մոտ, զարգացող երկիր»,֊ հարցնում է բանաստեղծ Արթուր Մեսրոպյանը, ով նույնպես վրդովված է շնորհանդեսի չեղարկմամբ և ասում է, որ իրեն Սահակաշվիլին առանձնապես չի հետաքրքրել երբևէ, խնդիրն այն է, որ գրաքննությունը անընդունելի է առհասարակ։
Էլի եմ հանդիպել նույն մոտեցմանը «ինձ ո՛չ Սահակաշվիլին հետաքրքրական է, ոչ էլ այդ գիրքը, ոչ էլ պիտի կարդամ, ինձ գրաքննության փաստը հետաքրքրական է»։
Իրոք, ո՞րն է ավելի հետաքրքրական՝ «գրաքննաության փա՞ստը», թե՞ Սահակաշվիլին ու նրա բռնությունները.
«Սահակաշվիլիի ռեժիմը հարազատ է ֆաշիզմին, 325 հազար վրացի է բանտերում նստել»,֊ այս վերնագիրն ունի վրացի իրավապաշտպան, «Նախկին քաղբանտարկյալները հանուն մարդու իրավունքների» հկ֊ի նախագահ Նանա Կակաբաձեի հետ հարցազրույցը.
«Բանտերում կտտանքներ էին ու անմարդկային վերաբերմունք։ Երբ ինձ հարցնում են ինչի հետ կարելի է համեմատել Սահակաշվիլիի ռեժիմը, ես պատասխանում եմ՝ ֆաշիզմի հետ։ Նաև այն նման էր 30֊ականների սովետական շրջանին, երբ, ինչպես գիտեք, միլիոնավոր մարդիկ են գնդակհարել։ Այդպես էր նաև Վրաստանում։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ անմեղ մարդկանց փողոցում գնդակահարել են ոստիկանները կամ էլ քաղաքացիական հագուստով հատուկջոկատայինները։ Նրանք սպանում էին հիմնականում երիտասարդ տղաների։ Միայն մեր կազմակերպությունը 150 այդպիսի անուն ունի, որոնց սպանել են հենց փողոցում»։
Կակաբաձեի հետ հարցազրույցի մյուս մասը վերնագրված է.«գրեթե ամեն բանտարկյալի բռնաբարում էին»։
Իրավապաշտպանը պատմում է.
«Ինչո՞ւ է լռում ժողովուրդը։ Որովհետև նրանք գիտեն, եթե մի բան ասեն, այդ կադրերը կհրապարակեն։ Սա կովկասյան ժողովուրդ է, լրիվ ուրիշ խառնվածք, սա Եվրոպա չի։ Դուք տեսեք թե ինչքան մարդ՝ 320 հազար։ Կալանավորի աչքի առաջ բռնաբարում էին կնոջը և աղջկան։ Այդպիսի դեպքերը բացառություն չէին, այլ հաճախ կրկնվող ։ Դա սարսափ էր։ Ուղղակի հնարավոր չի պատկերացնել։
Երբ իշխանությունը փոխվեց, մի հոգևորականի հնարավորություն տվեցին նույնպես նայել։ Երբ նա դուրս եկավ, խելագարի պես վազում էր և ասում. «Ինչ եմ ես տեսնում, 12 տարեկան տղան նայում է, թե ինչպես են բռնաբարում մորն ու հորը միասին։ Պատկերացնում եք երեխային ստիպել են նայել»։
Նանա Կակաբաձեն եղել է սովետական այլախոհ, ամբողջ կյանքը զբաղվել է իրավապաշտպանությամբ, և ասում է, որ 70 ական թվերից հետո, Վրաստանը այդպիսի ահավոր օրեր չի ապրել։
Բանտերում խոշտանգումների մասին մարդիկ իմացան 2012֊ին Վրաստանում խորհդարանական ընտրություններից անմիջապես առաջ, երբ վրացական բանտի աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն, ում հանձնարաված էր նկարհանել խոշտանգումները, փախավ Բելգիա և տարածեց իր հետ տարած նկարահանումներից մի քանի կադր։
Իսկ հետո ընտրություններում հաղթեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը, նա այնքան գումար ներդրեց ընտրություններում, որ ընտրակեղծիքներն էլ չփրկեցին Սահակաշվիլուն։
Կակաբաձեն դեռ 2011֊ին տված հարցազրույցում ասում է.
«Մենք Շվարդնաձեի ժամանակ պայքարում էինք իշխանության դեմ, ասում էինք՝ չկա այն դեմոկրատիան, որը սպասում էինք, բայց համեմատած նրա հետ ինչ հիմա է կատարվում, Շևարդնաձեի շրջանը լավն է, եթե այն վատ ժամանակ մենք իրավապաշտպաններս ինչ֊որ մեկին պաշտպանում էինք, ինչ որ բանի հասնում էինք, հիմա դա չկա, մենք միայն փաստերն ենք արձանագրում»։
Վրաստանից դուրս Սահակաշվիլիի հանցանքներից հայտնի էր, որ կոծկել է Սանդրո Գիրգվալիանիի սպանությունը, որի համար վերջերս հեռակա նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման (Սահակաշվիլու դեմ քրեական չորս գործ է հարուցված)։ Ինչո՞ւ է այս դեպքը հայտնի դարձել, հավանաբար այն պատճառով, որ Սահակաշվիլին հրապարակավ պաշտպանել է ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիին, ով խառնված էր սպանությանը։
Երբ բացվեցին խոշտանումների պատմությունները, ապա մյուս հանցանքները, դեռ նախագահական ժամկետը չավարտված 2013֊ի աշնանը Սահակաշվիլին փախավ երկրից։
Բռնվեց ռեժիմի գլխավոր ֆիգուրներից մեկը՝ Վանո Մերաբիշվիլին, ու դատվեց ընտրությունները կեղծելու, ընտրողներին կաշառելու, ցույցը բռնությամբ ցրելու ու նաև Գիրգվալիանի սպանությունը քողարկելու մեղադրանքներով։
Սահակաշվիլիի նախագահության վերջում 4 միլիոնանոց Վրաստանի բանտերում կար 24 հազար բանտարկյալ։
Իշխանափոխությունից անմիջապես հետո ազատվեց 190 քաղբանտրկյալ, նրանց մեջ ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը, ով 4 տարի բանտում էր, դատապրտվել էր 10 տարվա ազատազրկամն։ Հետո կրկին մեծ համաներումով հազարավոր բանտարկյալներ ազատվեցին։
2008-2009 թվերին բնակչության մեկ շնչին ընկնող թվով Եվրոպական դատարան դիմումներով Վրաստանը առաջին տեղում էր։
Հետագայում Վրաստանի դատախազության տվյալներով մոտ 70 ոստիկան է դատվել խոշտանգումների համար։ Այժմ էլ 6 նախկին ոստիկան են դատում, որոնց դեմ ցուցմունք են տվել մոտ 600 նախկին կալանավորներ։
2009֊ին էր, Թիֆիլիսում Հանրապետական կուսակցության գրասենյակում էինք, Դավիթ Զուրաբիշվիլին պատմում էր վրացական իշխանության մասին.
«Դատարան չկա, բոլոր դատական որոշումները երեք հոգու ձեռքն է՝ նախագահ, արդարադատության նախարար՝ Զուրաբ Ադեիշվիլին, ներքին գործերի նախարար` Վանո Մերաբիշվիլի»։
Իսկ կոռուպցիա՞, ասում են կոռուպցիա չկա.
«Այո, առաջ դատարանում կոռուպցիա կար, բայց դատարանները շատ ավելի անկախ էին, արանքում կարող էր արդարադատությունը հաղթել։ Հիմա ասում են փող չեն վերցնում, լավ, չեն վերցնում, բայց դատարան չկա, բոլոր որոշումները, անխտիր բոլոր որոշումները վերևում են ընդունվում»։
Ու Զուրաբիշվիլին հերթով դատական որոշումների օրինակներ էր շարում։
Որ Սահակաշվիլին իր կամքով մարդկանց բանտում էր պահում, երևում է 2013֊ի Նախագահական ընտրություններից հետո նրա տված հարցազրույցում. «Ես անձամբ եմ խորհուրդ տվել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որ բանտից չազատի Սկռիլնիկովին ու Չախալյանին»։
Դավիթ Զուրաբիշվիլին միակ մարդը չէր, որ Սահակաշվիլիի դեմ էր խոսում, Երևանից Թիֆլիս մեզ բերող վարորդը, վրացի, ամբողջ ճամփին միայն Սահակաշվիլուն էր հայհոյում, ուրիշ բանից չէր խոսում, հայհոյում էր։ Լավ, մի հոգի, երկու հոգ։ Բայց ոչ, երկու տարի իրար վրա 2008֊ին և 2009 ֊ին լրագրողական գործով Վրաստան գնացի, բազմաթիվ հանդիպումներ ունեցա ու բացի Սահակաշվիլու կուսակցության անդամներից, մի հոգի չտեսա, որ Սահակավշիլիի մասին դրական բան ասի։ Հենց ասում ես՝ բա կոռուպցիան վերացրեց, քմծիծաղ են տալիս։
«Մի լվացքի փոշի ինքնուրույն չես կարող բերել, ամբողջ մոնոպոլիա է։ Դեղերն ու հիվանդանոցներն էլ միևնույն մարդու ձեռքն են», ասում էր Զուրաբիշվիլին ։
Մոնոպոլիա գիտեի, հայաստանցին չի զարմանա տնտեսության մոնոպոլիաներից։ Բայց Զուրաբիշվիլին բաներ պատմեց, որ Հայաստանում տեսնված չէր՝ գիշերային որոշումները։ Սա իսկը 37 թվի մեթոդ՝ գիշերային այցերը, իհարկե, տարբեր նպատկաներով. նոր Վրաստանում գիշերը գնում են բիզնեսմենի տուն, թղթերը դնում են առաջը, ասում՝ ստորագրի, ու ամբողջ բիզնեսը ձեռից առնում են։ Հա, փոքր բիզնեսին էնքան էլ չեն կպնում, բայց մի քիչ խոշորացած լինի, ձեռից առնում են։
Նույնը պատմում է Նինա Կակաբաձեն, թե ինչպես գիշերը ժամը 2-3֊ին նոտարով ստիպում էին մարդկանց հրաժարվել սեփականությունից։
Հետո, երբ Սահակաշվիլին թռավ, բիզնեսը խլելու մոտ 1000 գործ բացվեց դատախազությունում։
Ապա նաև Վրաստանի խորհդրանի պատգամավոր, «Վրացական երազանք» ֆրակցիայի անդամ Զաքարիա Կուցնաշվիլին է ասում.
«Վրաստանում բոլորը գիտեի ով ինչի հետևն է կանգնած, ով ունի իրավունք ներկրել նավթամթերքներ, ով ունի իրավունք իմպորտի, ով իրավունք ունի ալյուր ներկրել, ով իրավուքն ունի Ուկրաինայից ներկրել մետաղ, և այլ արտադրանք։ Սահակաշվիլին ստեղծեց էլիտար կոռուպցիա։ Նա սահմանփակեց բիզնեսը Վրաստանում, Բոլոր բիզնեսմենները վախենում էին, որ մի օր նրանց կմոտենա գործակալը և կամ փայ կուզի, կամ ամբողջ բիզնեսը։ Եվ խլում էին գործարարներից հաջողակ ամբողջ բիզնեսներ, մարդիկ ստիպված էին լքել Վրաստանը, որ գոնե կենդանի մնան»։
Բիձինա Իվանիշվիլին 2013֊ին իշխանափոխությունից հետո, ֆորբսին տված հարցազրույցում պատմում է.
«Ամբողջ բիզնեսը հսկողության տակ էր: Վերնախավը, հիմնականում չորս հոգի(Սահակաշվիլին, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, Արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին և Թիֆլիսի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան), ամբողջ փողերը իրենց էին վերցնում, նրանց եկամուտները, ինչպես ասում էին, գնահատվում էին ամիսը 40-50 միլիոն դոլար: Վերահսկվում էր ոչ միայն յուրաքանչյուր բիզնեսմեն, նաև շուկայի յուրաքանչյուր վաճառող: Նրանց նպատակը ոչ այնքան ունեցվածքն էր, որքան հսկողությունը: Բայց ունեցվածքը նույնպես վերցնում էին»:
Առաջին կասկածը Սահակաշվիլիի նկատմամբ, որ նա հեչ էլ էն բարեփոխիչը չի, ինչպես ներկայացնում է Արևմուտքը, առաջացավ 2005֊ին, երբ սպանեցին վարչապետ Ժվանիային և Կվեմո Քարթվելի շրջանի նախագահի հանձնակատար Ռաուլ Յուսուպովին, բայց պաշտոնապես ձևակերպեցին դժբախտ պատահար, թե նրանք բնակարանում շմոլ գազից են թունավորվել։ Հիմա պարզվել է, որ սպանություն է։
Հետո, լուրերով արդեն լսում ես, որ 2008֊ին ընտրությունները կեղծվում են, բռնություններ, ցուցարաներին ծեծելով ցրում են, բայց էլի հեռավորությունից, ո՛չ հայկական մամուլը, ո՛չ էլ եվրոպականը նորմալ ինֆորմացիա չեն տալիս։ Սահակաշվիլիի անունը, եթե հանդիպում ես, ապա հիմնականում որպես Կովկասյան մի հանրապետությունում դեմոկրատիա կառուցող։
2008 թվի վրաց֊ռուսական պատերազմից մի ամիս անց iwpr֊ի ծրագրով մի քանի լրագրողներով այցելեցինք Վրաստան ու աչքով տեսանք, թե ինչ է կատարվում։
Այն ժամանակ Արմենիանաուում էի աշխատում, ու գրեցի հաղորդում .«Ոչ ոք չի հաղթում. Այց հետպատերազմյան Վրաստան»։
Հետաքրքիր բան է նացիոնալիզմը, շատ պարզ էր, որ Վրաստանը հարձակվել է Օսեթիայի վրա, բայց վրացիները, նույնիսկ նրանք ովքեր ատում էին Սահակաշվիլիին, չէին կարողանում դա խոստովանել, ասում էին Ռուսական կայսրությունը կրկին ներխուժել է մեր երկիրը, օկուպացիա ու նման բաներ։ Գրել էի.
«Պատերազմը ո՞վ սկսեց» հարցը մնում է օդից կախված։ Իշխանությունները պնդում են, որ սկսել են ռուսները, ու իր տեղեկատվական պատերազմի հիմնական դրույթն է կրկնում, թե ռուսական զրահատեխնիկան արդեն օգոստոսի 7-ին Ռոյսկի թունելում էր. «Եվ ինչ արեցինք մենք. միայն համարժեք պատասխան տվեցինք ագրեսիային։ Մեր երկիր մտնեն ռուսներ, թե մեկ ուրիշը` մենք համապատասխան հակահարված կտանք, անկախ նրանից, թե ինչ գին դա կունենա»,- ասում է Կուբլաշվիլին։ Այդ գինը, պաշտոնական տվյալներով, 180 զոհված զինվորներն են և մոտ 150 խաղաղ բնակիչները, իսկ ոչ պաշտոնականով` զոհված 1000-ից ավելի զինվորները, հիմնահատակ ավերված պաշտպանական համակարգը»։
Ուրեմն, պիտի վրացի չլինես, որ ճշմարտությունը ասես, ինչպես հաղորդմանս մեջ.
«Մեդիա Նյուզ» գործակալության աշխատակից Լիզա Տոնականյանն ասում է, որ ազգային փոքրամասնությունները վստահ են, որ Վրաստանն է նախահարձակ եղել, որ գրավի Օսիան, բայց իրենց կարծիքը բարձրաձայն չեն ասում»։
Այսուհանդերձ, ճշմարտությանը մոտենում էր Հանրապետական կուսակցությունը.
«Հանրապետական կուսակցությունը գնահատում է, որ Վրաստանը, տրվելով Ռուսաստանի սադրանքին, մտավ մեծամասշտաբ ռազմական գործողությունների մեջ, որը կոպիտ սխալ էր` հավասարազոր հանցագործության. «Ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ասել, որ վրացական բանակը, ինչքան էլ հերոսաբար կռվի, կարող է հաղթել ռուսականին, դա ուղղակի անհնար է,- ասում է Զուրաբիշվիլին: — Պաշտպանության փոխնախարար Կուտելին ասում է. «Մենք չէինք սպասում նման ռեակցիա Ռուսաստանի կողմից»։ Եվ ես հարց եմ տալիս. «Իսկ ինչո՞ւ չէիք սպասում»։
Բայց հաջորդ տարի արդեն Պատա Զաքարաշվիլին վստահ ասում էր, որ Վրաստանն է հարձակվել։ 2009֊ին կրկին iwpr֊ի ծրագրով, կրկին Գորի, Թիֆլիս պտտվեցինք, արդեն «Անկախում» գրեցի, «Ցխինվալին վերցնելը պրոբլեմ չէր», պրոբլեմը վրացական նացիոնալիզմն է» հաղորդումը։ Ահա, այս անգամ արդեն, Պատա Զաքարաշվիլիին հարցնում եմ.
«Իսկ չկայի՞ն Վրաստանում մարդիկ, որ մտահոգվեին, կանխատեսեին, որ Ցխինվալին վերցնելը պրոբլեմ է, որ Ռուսաստանը թույլ չի տա»:
«Ինչո՞ւ չկային, օգոստոսի 8-ի առավոտյան, երբ Ցխինվալին գրավել էին, ու ամբողջ Թիֆլիսը հրճվանքի մեջ էր, ես «Ազատություն» ռադիոյին տված հարցազրույցում ասացի, որ սա շատ մտահոգիչ է ու վտանգներով լեցուն»:
Թիֆլիսում հաջորդ անգամ եղա 2011֊ին, գրական կոնֆերասնի էի, վրացի գրողների հետ սուրճ ենք խմում, խոսակցությունը էլի Սահակաշվիլին, զզվանք ու ատելություն։ Հարցնում եմ, մի լավ բան չեք ասի՞ էդ մարդու մասին։ Խնդում են, չէ, լավ, մեկդ կա՞ որ մի քիչ հավանի նրան, խնդրեմ ձեռք բարձրացրեք, խնդում են, ոչ մեկը։ Ասում են Վրաստնաում մի քիչ ակտիվ ես, սպասի հետևիցդ գան։ Ի՞նչ, քաղբանտրկյալներ շատ կա՞ն։ Լիքը։ Օրինակ կա՞ մեկը որ ունենա բանտում մարդ, իհարկե, խնդացին, «Սիեստա» հրատարակչության տնօրեն Կետին պատմեց իր հարազատի մասին, որ բանտում է։
Սահակաշվիլին ավելի շատ Ռուսաստանն էր ատո՞ւմ, թե՞ Վրաստանը սիրում, երկուսն էլ կասկածելի են։ Այսպես 2008֊ի հաղորդումից.
«Դավիթ Զուրաբիշվիլին մեղադրում է Սահակաշվիլուն անսկզբունքային քաղաքականության մեջ, որ մի կողմից առանց մրցույթների վրացական խոշոր ձեռնարկությունները վաճառում է Ռուսաստանին (Թբիլիսի «Տելասի» էլեկտրական բաշխիչ ցանցը, Մառնեուլի ոսկու գործարանը, մետալուրգիական գործարան և այլն) ու ապահովում ռուսական տնտեսական ներխուժումը, մյուս կողմից` մարտնչող ու անձնական վիրավորանքներ հասցնելով Ռուսաստանի ղեկավարներին (մի անգամ Պուտինին անվանել է լիլիպուտին), ի չիք դարձնում համագործակցության ու շփման բոլոր եզրերը։ Նա ասում է, որ անհրաժեշտ են նոր ընտրություններ, քանի որ Սահակաշվիլին այլևս չի կարող Ռուսաստանի, Օսիայի, Աբխազիայի հետ հարաբերություններ հաստատել, որոնք անհրաժեշտ են երկրի կայունության համար»։
Ռուաստանի հետ թշնամանալով Սահակաշվիլին խորտակեց նաև վրացական տնտեսության հինգ հիմնական ճյուրղերը, որի մասին տես «Ուր է վրացական թեյը. վրացական տնտեսության հինգ ուղղությունները քանդվում են»։ Մի երկու մեջբերում.
«Սահակաշվիլին եկավ ու թեյի վերջին պլանտացիաները վառել տվեց, երևի վերացնելու համար Ռուսաստանի հետ կապող ևս մի բիզնես: Լավ, պլանտացիաները վառեցիր հասկացանք, բա ի՞նչ անեին հազարավոր թեյ մշակողները, թեյի լավագույն մասնագետները, հիմանականում կանայք, ովքեր ճկուն մատներով գիտեին ինչպես հավաքել թեյի լավագույն տերևները: Թուրքիայի սևծովյա քաղաքներում, Հոպայի հյուրանոցում, խանութներում ու գիշերային բարերում անընդհատ հանդիպում ես վրացուհիների:
Վրաստանը ավանդաբար հենվում էր հինգ արդյունաբերական ճյուղերի վրա` թեյ, գինի, Բորժոմ, տուրիզմ, ցիտրուս` (մանդարին, նարինջ): Հինգն էլ ռուսական շուկան էր մատակարարում: Ճիշտ է, մյուս չորս ճյուղերը դեռ շնչում են, թեյի պես չեն մեռել, բայց հոգեվարքի մեջ են»:
Բայց մյուս կողմից Սահակաշվիլին խոնարհվում էր Թուրքիայի առաջ՝ թուրքերին տրամադրելով Վրաստանում մեծ հնարավորություններ։ Ավետիք Իշխանյանը գրում է.
«Սահակաշվիլին միայն Աջարիայում հեկտարը պաշտոնապես մեկ-երկու լարիով թուրքերին վաճառեց (ստվերային միլիոններ գրպանելով) և այսօր Աջարիայում ողջ բիզնեսը թուրքերի ձեռքին է և պաշտոնապես գրանցված են 300 000 թուրքեր»։
Եվ նաև, գաղտնի տեսագրությունները։ Հայաստանում էլ կան, հիմա չգիտեմ, բայց Տեր֊Պետրոսյանի ժամանակ ընդդիմադիրների ու ակտիվ գործիչների սեռական կյանքը տեսագրում էին։ Ընկերս պատմում էր 90-ականներին, որ մի նախարար իրեն ցույց էր տվել մի դաշնակցականի անկողնային տեսարաններ։ Նույնիսկ նկարում էին գործչի ու նրա օրինական կնոջ ակտը։ Սահակաշվիլիի ժամանակ տոտալ գաղտնատեսագրում էին, և իշխանափոխությունից հետո կարծես վերջ տրվեց դրան, ահա ինչ է պատմում Իվանիշվիլին.
«Ինձ մտերիմ մարդկանցից մեկը, նա այն ժամանակ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն էր և գլխավորում էր մեր կուսակցության շտաբը, սխալ կատարեց, որի համար նրա դեմ քրեական գործ հարուցվեց:
Նա ղեկավարում էր անվտանգության ծառայությունը(մեզ մոտ այն ՆԳՆ-ի մեջ է մտնում): Այդ ծառայությունը Սահակաշվիլիի իշխանության ժամանակ հավաքել էր հսկայական տեսադարան, կոմպրոմատներ Վրաստանում հայտնի մարդկանց դեմ: Այնտեղ 40 հազար մարդու անձնական կյանքից կադրեր կային: Այդ նկարհանաումների վրա, մեր հաշվարկներով, ծախսվել է մոտ 100 միլիոն դոլար: Եվ այսպես, այդ անվտանգության ծառայության ղեկավարը, մեր համախոհը, օգտվեց այդ տեսադարանից. այն բանի համար, որ իր դեմ ինչ-որ վատ բան էին գրել, ինտերնետում տեղադրեց կադրեր այն մարդու վերաբերյալ, որը, նրա կարծիքով, այդ հրապրակումն էր արել: Այնտեղ ինչ-որ սեքսուալ տեսարաններ էին, որոնցից հասկանալի էր դառնում, որ այդ մարդը միասեռական է: Արդյունքում, մենք այդ ամբողջ տեսադրանը լրագրողների ներկայությամբ հրապարակայնորեն ոչնչացրեցինք: Իսկ մեր համախոհին օրենքի ամբողջ խստութմյամբ պիտի դատեն»:
Նույնը ասում է նաև Նանա Կակաբաձեն.
«Սահակաշվիլիի ժամանակ պետական ռեկետ էր, չկար անկախ բիզնես, ամեն ինչ նա էր վերահսկում։ 3-4հոգի էին ամեն ինչ վերահսկում։
Այդպիսի բան չկար նույնիսկ Սովետի ժամանակ, չկար այդպիսի տոտալ կոնտրոլ։ Բոլորին վերհսկում էին։ Նկարահանում էին անձնական կյանքը՝ ննջարանում, հյուրանոցում։ Նույնիսկ բանտերում կտտանքները նկարում էին, դա ուղղակի մղձավանջ էր։ Ինչի՞ էր դա պետք կառավարությանը, պարզ չի»։
Դավիթ Զուրաբիշվիլին ասում էր որ ազատ մամուլ չի մնացել, միայն մի անկախ հեռուստատեսություն է մնացել՝ Իմեդին, որը չի կարողանում փակել, քանի որ ամերիկացիները չեն թողնում(2007֊ին ոստիկնները ավտոմատով ներխուժել էին հեռուսատեսություն, պառկեցրել լրագրողներին հատակին, ընդհատել հեռարձակումը։ Հետո պարզվեց, որ նույն տարի այն վաճառվել է ամերիկյան կոմպանիայի)։
Նույնն է ասում Կակաբաձեն.
«Նա հենց իշխանությունը ձեռքը առավ, ի՞նչ եղավ. փակեց գրեթե բոլոր հեռուստատեսությունները, որոնք անկախ էին և լուսաբանում էին իրադարձույունները ամբողջ Վրաստանով մեկ։ Մնացին միայն փոքրիկ կայաններ, որոնք չէին կարող որևէ կարծիք ձևավորել։ Փակվեցին բոլոր անկախ ժուռնալներն ու թերթրը»։
Վրացի նացիոնալիստ Սահակաշվիլին փախավ Վրաստանից ու շատ հեշտ դարձավ ուկրաինացի նացիոնալիստ։ Ի՞նչն էր պատճառը՝ այդքան հետևողական հակառո՞ւս էր, թե՞ մի նոր երկիր էր հայտնաբերել որտեղ մի կերպ փորձում էր ռեաբիլիտացվել։
Ռեժիսոր Գոգա Խանդրիավան 15 սյուժեից բաղկացած «Հերոկրատիա» սերիալն է նկարել Սահակավիլիի ռեժիմի մասին։ Առաջին սերիան սկսում է ոստիկանությունում խոշտանգումի տեսարանով։
Բայց Հայաստանում Սահակաշվիլու պաշտամունք է, երկու ամիս առաջ ֆեյսբուքում ստեղծվել է «Ուժերի զարթոնք» գրքի ֆեյսբուքյան էջ, որտեղ Սահակաշվիլու երիտասարադական լուսանկարներն են դնում, նրա հարցազրույցները դնում այսպիսի վերնագրով նյութեր, որ տպվել է դեկտեմբերի 11֊ին Հրապարակում. «Հայաստանին Սահակաշվիլու պես գործիչներ են պետք». մի խոսքով՝ փառաբանում։
Բազմաթիվ մարդիկ ֆեյսբուքում որպես բողոքի նշան իրենց պրոֆիլի նկարի վրա փակցրել են Սահակաշվիլու գրքի նկարը։
Ֆեյսբուքյան մի քանի արձագանքներ.
Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյան.
«Էս ինչ ստալինիզմ էր!!! Միքայել Նահապետյան, պատրաստ եմ ԱԺ-ի իմ աշխատասենյակը տրամադրել գրքիդ շնորհանդեսի համար: Կարող ենք կահույքը քո ուզած ձևով դասավորել, հյուրերիդ համար անցագրեր գրել, շամպայնն էլ իմ վրա»:
Ակտիվիստ Արա Ներսիսյան,.
«Ինքներդ ձեզ հարցնում եք, թէ ինչպես եք վերաբերվում Սահակաշվիլուն: եթե դրական, ուրեմն ռսահպատակ չեք, եթե բացասական, ուրեմն ռսահպատակ եք»:
Գարեգին Միսկարյան.
«Թե ոնց է սերժիկն իր ճուտերով վախենում Սաակաշվիլու գրքի ստվերից»։
Ռեժիսոր Տիգրան Խզմալյան.
«Մինչդեռ Ռսաստանում արգելում են ՛՛Ստալինի մահը՛՛ ֆիլմի ցուցադրությունը՝ ՀՀ-ում արգելեցին կենդանի վրաց նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունց.
«Ցուցահանդես, գրքի շնորհանդես, որոնցով կարող են իր ու իր իշխանավարման էությունը բացահայատող հարցեր տրվեն, բացահայտումներ արվեն, արգելում է»:
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին աշխատակից Հասմիկ Հարությունյան.
«Դե, ժողովուրդ ջան, սլավա կապեէսէս։Սրանք պարզապես փորձում են սապոնվելու նորանոր հնարքներ, ստրուկի հոգեբանության նորանոր ատրիբուտներ ներմուծել»։
Արեն Ոսկանյան.
«պոռնո Լեվլ հյուսիսային կորեա»։
Ժառանգություն կուսակցության ակտիվիստ Դավիթ Սանասարյան.
«Միքայլեը կարևոր գործ է արել, ուսանելի գործ է թարգմանել, մի մարդու կողմից գրված գիրք, ով Վրաստանը փոխեց հիմնովին, դրեց զարգացման ռելսերի վրա: Մեր հասարակության մեջ կա մի խնդիր, որ միշտ այլ պետությունների առաջնորդներին նայում են Հայաստանի պատուհաններից։ Իհարկե չի նշանակում, որ Միխեիլն իր դրական կողմերից բացի բացասականը չուներ, սակայն Վրաստանի պատմության մեջ ինքը կմնա ոսկե տառերով»։
Տիգրան Տուրվանդյան.
«Սաակաշվիլին Եվրոպական ժողովրդների համար ռեֆորմատորի կերպարա հատկապես Հետ Խորհրդային տարածքում ու ժողովրդների ազատության խորհրդանիշ»:
Առնոլդ Բլեյան.
«Միխեիլ Սաակաշվիլին ունիկալ դրական և իրական, օրինակելի քաղաքական գործիչ է: Վրաստանի նախագահի պաշտոնում ստեղծեց լիովին մի նոր երկիր, որտեղ յուրաքանչյուր բնակիչ` Վրաստանը սիրող ու հարգող վրաստանցի` վրացի, մեգրել, հայ, օս, աբխազ, ռուս, ադրբեջանցի, ուկրաինացի և այլոք, ով ստրկամիտ չի, գող չի, նենգ չի, աշխատասեր է, արդար է, ազատատենչ է, սիրով ու հպարտությամբ կարող է ապրել` եվրոպացուն բնորոշ մարդկային պայմաններում: Երանի՜ Ուկրաինայում հաջողության հասնելուց հետո էլ անցներ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի ու Մոլդովայի վրայով ու մաքրեր այդ երկրները սպանիչ կոռուպցիայից, անպատժելիությունից ու օլիգարխիայից…»
Փետրվարի 7֊ին Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը մեծ ցնծությամբ նշվեց Յանկի փաբում։
[…] […]