Աստված էդ ձեզ համար առաջին ատյանի դատարանի դատավոր չի, ոչ էլ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների ու մինչևիսկ ոչ էլ Եվրադատարանի: Այդ իսկ պատճառով աստծու կղերական կամ աշխարհիկ վարքագիրներից ոչ մեկին նրա գոյության ավելի քան երկու հազար տարվա ընթացքում հըլը չի հաջողվել նկարագրել մի դեպք, որ աստծու դատաստանի առաջ որևէ մեկը հոր մեղքերի համար պատասխան տված լինի, էնպես որ էդ գյադուն հոր խեղճությունը մեղք դնելու չի: Նրան մեղք դնելու չի, որ հերն իր կյանքում հազիվ-հազ հաջողել է բանկա-բութուլկեքի հավաքչությունն ու դրանց էժան՝ հատը տասը-քսան դրամանոց հանձնուքը օգտագործված շշերի ընդունման կետերին: Նրան մեղք դնելու էլ չի մերը, որ խոշոր ծծերը ծաղկատար վարդագույն խալաթի տակ փքված փորին է կախ տվել ու տակտ չունի հորն առնի-տանի, գլուխն օտար աչքերից հեռու հողի: Ու եթե նրան մեղք դնելու չեն ո՛չ հերը, ո՛չ մերը, ապա առավել ևս մեղք դնելու չեն պադեզդներում քարշ եկող բոզ քուրն ու բերդերում ռազբոյի համար փտող խառոշի ախպերը:
Նրան մեղք դնելու է նա հենց ինքը. ահա նա ինքը՝ նոսր մազերը ճակատին թելիկ-թելիկ կախ տված, «Ադիդասի» հանրաճանաչ եռաժապավենը տաբատի կողեզերքին զուգահեռած, արևից վառված դարպասի գունատ փայլն աչքերում ամբարած, էդ գյադեն ուրեմն ո՛չ շենք ունի, ո՛չ շնորհք, ո՛չ ֆասադ, ո՛չ ֆունդամենտ: Նրա օրվա զբաղմունքը դեռ իննսունականների սկզբին քուչի սնանկացած բուդկի դիմաց իր նմանների հետ լռվելն է ու «Փհահահա՜»՝ սրա-նրա վրա ղժժալը: Նա անում է սա սրբազան երկյուղածությամբ ու նույնպիսի երկյուղածությամբ էլ Երևան-Արմավիր ճանապարհի մերձակա հատվածից քաղած պլանի վրա է բերում պապիրոզի թղթի թքոտած եզրերը: Էս մեկը նա անում է ոչ միայն քննարկվող երկյուղածությամբ, այլ առաջինից որակապես տարբերվող այնպիսի մի երկրորդ երկյուղածությամբ, ինչպիսին է վախը դեպի նարկոյի օպերներն ու այնպիսի պարբերականությամբ, որ նրա դեմքը դրանից դեղնականաչավուն է ճիշտ ինչպես բուսական զանգվածը, որ նա գլանակում է: Նա նաև շարում է քուչի լակոտ-լուկուտներին ու սրան շեմուշկի, նրան՝ պապիրոզի, մյուսին՝ կարտի կալոդի, սուրհանդակների պես ուղարկում է այս ու այն կողմ և նրանց վրա հյուսում իր կայացման սարդոստայնն այն ժամանակ, երբ ազատ է գրազով բլոտ խաղալուց: Այդպիսի ժամանակ ճիշտն ասած նա քիչ է ունենում, որովհետև մեկ բուդկի մերձակայքում թթվելը, մեկ էլ շենքի բեսեդկում բլոտ խաղալը նրա կյանքում կենտրոնական տեղ է զբաղեցնում: Մի արկղ գարեջուր, խաշի մի սեղան, Էջմիածնում օրհնած մի գառ՝ ահա նրա ամենօրյա բլոտների առարկան, որոնք նա երբեմն հաղթում է, իսկ հաճախ պարտվում: Եթե ընդհանրացվելու լինի, Պետոն նրանցից է, որոնց ոչ ոքի մտքով չի անցնի ներս առնել ու սրտի մի անկյունում մի պուճուր տեղ տալ:
Պետոյենց դիմացի շենքի հարևան Շուշիկն ինչպես իր նման շատ-շատերը՝ պսակի տակ մտնելիս երկար այս ու այն կողմ չի նայել, փեսացուի ով ու ինչ լինելը չի քննարկել: Առել, քննարկումները հետաձգել է ավելի հարմար օրվա կամ ո՞վ գիտի գուցե որևէ քննարկում ապագայում առհասարակ չի էլ նախատեսել և անսակարկել մտել է տակը կամ մագլցել վրան ու իննը ամիս անց կանխատեսելիորեն լույս աշխարհ բերել դստերը: Շուշիկն ինչպես մնացածը` վերցրել էրեխուն շարել է ու երբ էրեխեն արդեն «Աղու-գղու»` սկսել է գղգղալ, երբ սկսել է խաշլամի ջրի մեջ թաթախված հացը մոր մատի հետ կուլ տալ, նոր միայն սկսել է քննարկել կողակցի արժանիքները: Ակազիվայեցա՝ մարդը խմում է, մարդը քարշ է գալիս, տարբեր պլանքյաշների հետ հավայի թեմաներ է բռնում, Շուշիկին քշելու փոխարեն դիվան է քշում, ղումար է խաղում, տուն փող չի բերում ու ակազիվայեցա մարդն էդ ամբողջը չի արել նախկինում և սկսել է անել հիմա: Հազիվ է Շուշիկը սկսել թերուդեմն անել, երբ վրա է հասել հայհոյանքների և բռունցքների տեղատարափն ու նրան ինչպես իր նման շատերին՝ ազգուտակով աչքն են խոթել իրենց նախկին բոլոր նախազգուշացումներն ու մի քիչ գռեհիկ պատվիրել` դեռ է՜ն ժամանակ, էն-էն ոտները չռելուց առաջ էր պետք մտածել, պետք էր մտածել ժամանակին քանի մեջը էրեխա-բան չկար, իսկ հիմա ուշ է: Եվ Շուշիկը սսկվել-սեղմել է ատամներն ու դավայ հանուն էրեխի դիմանալու: Մարդու ձեռամբ պատից պատ ծեփվելով ու վայր ընկնելով, պլինդուզի նսեմ բարձրությունից իր չար բախտի վրա կաղկանձելով, մեկ է դիմացել Շուշոս, երկուս է դիմացել, բայց վերջում արդեն ազգուտակի հերն էնտեղ, էրեխի հերն էստեղ` անիծել ու չորս տարիների տառապանքներից հետո մարդուն հավսար-զգաստ զուգահեռել է հորից օժիտ առնված տան դռանն, ապա դուրս շպրտել կ չերծյամ սաբաչիմ:
Շուշիկը, բայց էստեղ էլ ինչպես իր նման շատ-շատերը` չի կարողացել կանխագուշակել բոլոր հնարավոր ելքերը. սրբակրոն զայրույթի պահին սկզբից մտածել է հե՞րս որն է, հե՞րն էրեխու ինչին է՝ ո՛չ զանգակ է, ո՛չ զանգուլակ ու թողել է նրան առանց հոր, բայց հետո ակներևաբար իր գործն է արել սեփական անհեր մանկության տեսիլքն ու Շուշիկն աչքերը չորս է արել նոր հոր փնտրտուքով. Շուշիկը սկզբից մտածել է ո՞րձս որն է, վավաշոտ ձեռքը երկար մինչև շեքամեջը, երևակայությունն անսպառ ու բռնել-թողել է իրեն առանց որձի, բայց հետո ակներևաբար իրենց սև գործն են արել մարտյան մրրկածուփ գիշերներին փոթորկող հորմոններն ու նա էլի հայացքով սավան է փռել երկրագնդի բոլոր չորս կողմերի վրա: Շուշիկին մեղք դնելու չի՝ հիմա մի ապուշություն է, արել է՝ չպիտի մարդուն ներս թողներ՝ թողել է, թողնելուց հետո չպիտի դուրս աներ՝ արել է: Էդքանից հետո Շուշիկը տենչացող հայացքը հառել է անհետք գնացած մարդու հետևից, որովհետև էստեղ անհեր էրեխեն, էնտեղ՝ նրա ջահելության թառամող վարդի կոկոնը: Ու մեղք դնելու չի Շուշիկին, որ նա դստեր համար հայր, իր համար՝ ամուսին է փորձել գտնել:
Իսկ որ Շուշիկը փորձել է, պարզ է դարձել փողոցներից Պետոյի անհետանալուց հինգ ամիս անց: Հինգ ամիս հարևանությունը գլուխը պատերին, պատը՝ գլխին՝ թե էս տենաս Պետոն ու՞ր է կորչում, իսկ վերջում հանկարծ Պետոն հայտնաբերվել է Շուշիկենց շենքով վերուվարելիս: Էդ վերուվարելը հաճախակի է եղել ու առաջին բանը որ մարդկանց միտն է եկել նա է, թե Պետոն հաշտվել է պապենական թշնամի ազգականի հետ ու հաճախակի այցելություններով փորձում է ցեխ դարձած արյունը կոնդիցիայի բերել, բայց հետո շենքը մեջտեղից ճեղքել է լուրը` Շուշիկը երկրորդ երեխով հինգ ամսեկան պատճառավոր, պատճառի հետ անհաշտ, մտել է դանակի տակ ու կիսամեռ, մի կերպ դուրս է եկել դանակի տակից: Պետոյին հարցնում են` ասում է իրեն մեղք դնելու չի` պատճառն իրենից լինել չէր կարող՝ սեքսոպաթոլոգից թուղթ ունի, որ չէր կարող, Շուշիկին են հարցնում` ուսերն է թոթվում` ճիշտ է, Պետոն ներս առնելու չէր, սրտի անկյունում տեղ տալու չէր, բայց իրեն մեղք դնելու չի` հապա ի՞նչ աներ` երեք տարեկան դստերը հեր էր պետք, իրեն՝ մարդ:
Ու այս ամենից հետո վերջը պարզ չի ում պիտի մեղք դրվի՝ Պետոյի՞ն, թե՞ Շուշիկին: Պետոյին չէ, որովհետև սեքսոպաթոլոգից թուղթ ունի, Շուշիկին չէ, որովհետև խելք չունի: