զաքարը՝ Զքոն, մտածում-մտածում ու ասում է, որ խորհրդային այլատյաց քրեական օրենսգրքի ժամանակներում իրեն դավաճան անվանարկած ու դրա համար քոթակված ընկերոջ՝ Սամոյի հետ շատ բաներ է արել: Հետո մտածում է ու վերապահում անում՝ իրականում ինչեր ասես չէ, որովհետև հիմա, որ հետ է նայում, յանի եսիմ ինչեր էլ չեն արել՝ ծով պցերի հետ չեն թաթախվել, Կոմայգու շիմեյլերի հետևից թթու կայֆեր չեն վառել, Սփայս-Սուբոտեքսով ծիածնագույն երազներ չեն կամարել, մարդ չեն սպանել ու իրենց փոխարեն անմեղ մարդուն բերդի ճաղերին հանձնել: Եվ, այնուամենայնիվ, միասին մաթեմի դասաժամից փախել, ապուշ-ապուշ նույն այդ դասի առաջադրանքն են սերտել, իրար հետ Յոթից Ութերորդ Մասիվների տափաստանային միջակայքերում հասցրել են մի ֆուռ մագնիս «ծախել»: Շշի բերանից արաղ են խմել, երբ ստացվել է հասնել սրտներում բույն հյուսած աղջիկներին ու միմյանց աչքերից արտասուքներ են քամել, երբ նրանք պարզվել է աղջիկ չէ, կլոֆելինի դատարկ սրվակ են կամ փրկարարի մուգ կապույտ ֆորմա: Ձեռնարկատիրական գործունեությամբ էլ են զբաղվել, որի խերը ո՛չ Զաքարը, ո՛չ էլ ընկերը չեն տեսել, իրար հետ են դժգոհել երկրից էլ, երկրի մորից էլ, երբ համանման իրավիճակներում վերաբերմունքն իրենց նկատմամբ այլ, ուրիշի նկատմամբ լրիվ այլ է եղել: Այդ ու այլ անարդարությունից կատաղած, որոշել են եվրոպական այն երկիրը, ուր սիկտիրները կքաշեն, եթե երկիրը չդզվի, բայց հետո մեղա եկել, թե դզվի-չդզվի, իրենք երկրից գնացողը չեն: Եսիմ ինչ է, եսիմ ինչ չի, բայց ստացվում է որոշ բաներ արել էին, համա բոզի եղածն ի՞նչ է, միասին բոզի չէին գնացել:
Լեյլայի մասին քիչ բան է հայտնի: Անունից դատելով եզդի էր, բայց եզդի չէր, հայ էր, քուրդ էր, չերքեզ, պարզ չէր, համենայնդեպս եզդի չէր: Բոզության հետ նրա անվան կապակցումից պետք էր կարծել համեստ բոզ-բոզարած է, համա քշած «Լեքսուսի» շքեղությունից դատելով խանում էր: Էդ Լեյլայի ու նրա օբյեկտի մասին տեղեկությունները հայտնի էին ընդհանուր այնպիսի խոսակցություններից, որոնց սկզբնաղբյուրն աշխարհի տակն անցնես, տակից դուրս գաս միևնույն է չես գտնի՝ անսեռ, անդեմ հայտարարություններից, որոնցից մածունի սպիտակը սևագունում՝ հալչած կուպրի մածուկ է դառնում, կխտարի միսը ճիճվոտում՝ քյաֆթառ կովի լեշ է դառնում, ավտոն թեշտի է վերածվում, թեշտը՝ նավթի տոննանոց բոչկի, պոռնիկը՝ հրեշտակի, հրեշտակը խադավիկի: Լեյլայի էդ օբյեկտը ծվարած էր շենքերի տաք ծոցում, հանրակրթական ու գեղարվեստական դպրոցներից քիչ հեռու: Հասարակական բարոյականության կուսական ու սնոտի սփաթի առաջ խոյընթաց լեռնացած ու իր ընդոստ վերելքի մեջ քար կտրած-արձանացած կառույց էր օբյեկտը, նրանցից, որոնց դեմ ընդվզում են բնակիչները, նահապետական անհամատեղելիության մասին են խոսում ցեղակրոն արմատականները, տեղացի իսլամիստները, շիիտները, մազդեականներն ու ինքնահռչակ իրավապաշտպանները, բայց լռում են բոլորը, երբ գալիս է դրանց դեմն առնելու ժամանակը: Բանջարաբոստանային կուլտուրաների սովետական խանութների մետաղական տեսքն ուներ Լեյլայի օբյեկտը, որը ձևափոխված, մի քիչ ընդլայնված ու միջնորմներով բաժանված էր գրասենյակների: Այստեղ երկտեղանի մահճակալների վրա տարբեր կատեգորիայի պատվիրակություններ էին ընդունում-ճանապարհում Լեյլայի աղջկերքը: Մի խոսքով քնձախ մի բոզանոց էր օբյեկտը:
Լեյլայի օբյեկտը փողոցի երթևեկելի մասի նկատմամբ ցածրադիր դիրքում է այնպես, որ օբյեկտից փողոցը չի երևում, փողոցից՝ օբյեկտը: Զաքարն ու Սամոն Լեյլայի օբյեկտ գնացին երթուղային տաքսով, որովհետև նրանցից ոչ ոք սեփական մեքենա չուներ: Նրանք, իհարկե, կարող էին այնտեղ գնալ տաքսով, բայց վարձավճարը, որ պարտադրված պիտի լինեին վճարել տաքսուն, կարող էր էականորեն նվազեցնել աղջիկների համար նախատեսված նրանց ֆինանսական միջոցների քանակությունը: Չի բացառվում, որ անբավարար միջոցների դեպքում Լեյլայի աղջիկներին դոմփելուց հետո դոմփեին հենց նրանց: Չի բացառվում, որ չդոմփեին էլ, բայց հարակից սրճարանի բարմեն աշխատեցնելու եղանակով տրաֆիկինգի ենթարկեին պատմականորեն նրանց հատկացված ժամանակն ազատ տնօրինելու իրավունքը: Նրանք իջան օբյեկտից հեռու, որ ոչ ոք չնկատի տրանսպորտային միջոցի տեսակը, որը նրանց հասցրեց այնքան ոչ պարտադիր զբաղմունքին ինչպիսին է շնանալն առանց դրա որակի վրա էապես ազդող հույզերի ու ապրումների: Հեռու իջնելու նպատակը ավտոյով ու ոտքով եկածի նկատմամբ տարբերակված վերաբերմունքի բացառումն էր: Շատ հասկանալի ցանկություն, որովհետև ամեն ինչ կյանքում բխում է հավասար հնարավորություններ ունենալու մարդկային ինքնաբուխ ցանկությունից, հավասարությունից բխում է արդարությունը, արդարությունից ազատությունը, էդ ամբողջից՝ եղբայրությունը, այնպես որ ինչպես կասեր Ազգային Գվարդիայի հիմնադրմանը ձոնված ճառում Մաքսիմիլիան Ֆրանսուա Մարի Իսիդոր դը Ռոբեսպիերը` Liberte՛, E՛galite՛, Fraternite՛, ախպերներ:
Զաքարն ու Սամոն հպարտ քայլվածքով մոտեցան օբյեկտի շքամուտքին հարակից տարածքին, որը եզերված էր մագլցող թփերով ու թփերի փոխարեն պատերով եզերված լինելու դեպքում կարող էր ծառայել որպես առանձնատան անպետք իրերի պահեստարան: Այդտեղ կարելի էր ամռանը պահել մեքենայի ձմեռային անվադողերը, ձմռանը` ամառայինները, պահել իննսունականներից մնացած փայտի ժանգոտ վառարանը, հեղույսներից կիսակախ դռներով հնամյա զգեստապահարանը, քրքրված ծածկով բազմոցը, ճռճռացող հատակով մահճակալն ու հնամաշ կոշիկները: Տխեղծ լուսավորությունը և ինտերիերային ավելորդաբանությունների բացակայությունը Զաքարի գիտակցության մեջ տարածքը նույնացրեց պահեստարանի հետ, մինչդեռ այն սրճարան էր: Տեղավորվելով սեղաններից մեկի կողքը, նրանք մատուցողուհուն պատվիրեցին Կոկա-Կոլա բերել շինծու էնպիսի հպարտությամբ, որից կարելի էր բխեցնել, թե կարող են և Բլյու Կյուրասաո պատվիրել, եթե ցանկանան: Հավանաբար իրենց նման Կոկա-Կոլա ծծողների մատուցողուհին իր աշխատանքային գործունեության ընթացքում շատ էր հանդիպել, որովհետև ցուցադրական հպարտությունը ազդեցություն չթողեց:
– Իսկ աղջիկներ չե՞ք ցանկանում,–հարցրեց նա հեգնական ձայնով` ակնարկելով, որ Կոկա-Կոլա խմել կարելի է ցանկացած տեղում, իսկ այստեղ ոչ, իսկ, եթե նույնիսկ այո, ապա օբյեկտի հիմնական գործառույթների վերաբերյալ որոշակի դիրքորոշում հայտնելուց հետո միայն:
Զաքարը թաց տեղ չպառկող լեզվանի իրավաբան է ու ասում է՝ յանի իրենք առանց էդ քածի արտահայտչական խորդուբորդությունների էլ տեղեկացված էին, որ Կոկա-Կոլա խմել կարող են ցանկացած տեղ` նորմալ սրճարանում, որից անվադողի հոտ չի գալիս, այգում, որի լուսավորությունը տեղում ինքնասպան լինելու մաղձոտ ցանկություն չի ծնում, հենց խանութում` սառնարանի կողքը կանգնած վիճակում, մի խոսքով գիտեին, որ ցանկացած տեղում Կոկա-Կոլա կլկլացնելու սահմանադրական իրավունք ունեն ու ասում է իրենց իրազեկվածությունը մատուցողուհու դեմքին շփփացնելով, ուղարկեցին աղջիկների հետևից:
Նույն պոռնիկի վրա ընտրության կանգառը բացառելու նպատակով, նրանք շտապեցին մեկը մյուսից առաջ ընկնել ու արդյունքում իրենց ներկայացած աղջիկներից միաժամանակ ընտրեցին մեկին, որովհետև մնացածները դինոզավրից հինգն անց կամ լավագույն դեպքում հինգ էին պակաս: Այնպես չէր, որ Իռան խաղողի մատղաշ ճյուղ էր. առաքինի ապրելու մոտիվացիան վաղուց կորցրած, կողային մաշկածալերը կողոսկրերի երբեմնի նազանի կամարների գծերում զոռով պատսպարած, կերակրումից փթիր ծծերը մի կերպ կրծկալի տակ ուռցրած կին էր նա ու այդուհանդերձ ավելի լավը, քան մյուսները: Իռայի ընտրությամբ կաշկանդված, Զաքարն ու Սամոն, ակնթարթ անց վերապահում արեցին` թե որ չեն խորշում փոխնիփոխ նույն ծխախոտը ծխել, նույն շշից ջուր խմել, ուրեմն ի՞նչ կլինի, եթե նախօրոք համաձայնեցրած հերթականությամբ նույն պցին քունեն:
Իռայի կյանքում իրենցից առաջինը լինելու իրավունքը Զաքարը զիջեց ընկերոջը: Զաքարը 2… տարեկան էր ու սա առաջին անգամն էր, երբ կնկա համ պիտի տեսներ ու չգիտեր, թե ինչպես են կնոջը համտեսում: Արդեն հասկացել էր, որ եկել է այստեղ ա՛յդ նպատակով ու հասկանում էլ էր, որ երբ ֆիզիոլոգիայի ժանրի օրենքներով ընկերոջը հատկացված ժամանակը սպառվի, իսկ այն ներածական բառուբանով, նախերգական մերկացմամբ, ֆրիկցիոն ակտիվությամբ, տնքոցներով ու հեծեծանքներով քարը տրաքի տևելու է առավելագույնը տասնհինգ-քսան րոպե, գալու է գնալու իր ժամանակը, բայց միևնույն է հետաձգում էր այդ պահը, որովհետև Զաքարն Իռայի ծակը խցանելու քաղցրարյուն գործից երկյուղում էր ինչպես կաթոլիկ միսիոները բորոտից: Զաքարը հոգոց է հանում ու ասում` «Լուրջ եմ ասում, ես ինքնուրույն նույնիսկ պրոպկեն չէի կարողանա գինու շիշը կոխել, դրանից էլ վախենում էի, այսինքն դրանից էլ էի վախենում»:
Սամոն վերադարձավ քսան րոպե անց: Գոհ էր: Հասցրել էր երկու անգամ դոմփել, բայց այդ վարկածին Զաքարը մինչև հիմա հավատալ չի կարողանում: Մինչև հիմա նա չի հասկանում, թե ինչպես կարելի է երկու փոր քունել քսան րոպեում ու հաճույք ստանալ դրանից կամ գոնե երկրորդ անգամից: Զաքարը մինչև հիմա չի հասկանում, թե այդ ինչպես է հնարավոր երկու անգամը քսան րոպեում: Զաքարի մեջ մի քիչ ասպետական բան կա` նա այն սին կարծիքին է, որ կնոջը, նույնիսկ, եթե նա պոռնիկ է, պիտի տաս նրա ակնկալիքները, որովհետև տղամարդու գերխնդիրն է տեսնել իրենով գոհացած կնոջն, ու տեսական գիտելիքները Իռային մինչև հոգու խորքը ցնցելու գործին ծառայեցնելու համար Զաքարը փորձեց Սամոյից հստակեցնել «Երկուսը քսան րոպեում» մեթոդի տեսական հիմքերը: Սամոն, սակայն ցրողական մի բան մրթմրթաց ու եկավ Զաքարի գնալու ժամանակը:
– Ոնց ա անունդ կյանքս,–հարցրեց Իռան, երբ արդեն սենյակում կանգնած էր նրա դիմաց ու շփոթմունքից չէր իմանում որտեղից սկսել:
– Զաքարիա,–ասաց ու գլխին տվեց՝ թու¯ արա, Զաքարիաս ո՞րն է, ասա Զքո էլի:
– Զաքարիա ջան, քանի տարեկան ես,–հարցրեց Իռան
– 2…,–պատասխանեց Զաքարը մի տեսակ ձայնով, որից ակնհայտորեն զգացվեց նրա կաշկանդվածությունը:
– Մի լարվի,–ասաց Իռան՝ շագանակագեղձի մերսում կատարելու համար բժշկական կապույտ ձեռնոցները ձեռքին ճտտացնող բուժքրոջ սառնասրտությամբ ու երկու ձեռքով ձգվելով դեպի ամրակը, քանդեց, նազանքով վար բերեց կրծկալը:
– Լա՞վն են,–տեսնելով Զաքարի անթաքույց զմայլմունքը՝ հարցրեց Իռան:
– Հա՜,–այլևս անկառավար ձեռքը Իռայի կրծքին դնելով թառանչեց Զաքարը, բայց արի անկեղծ, անկեղծանում է նա` խույ թե հա, տարիների բեռը ստորոտից կախ տված, ճմլկոտած, առաձգականությունը կորցրած ու հարպտկային սկավառակի կողքը տեսանելիորեն նշմարվող կնճիռներով ծերուկ ծծեր էին դրանք: Այնքան ծեր, որ սեղմելիս մատը մխրճվում էր դրանց մեջ ու դեմ առնում կրծոսկրի կոշտ ու ցամաք հարթավայրին: «Չէ հաստատ տենց չէին»,–հոգոց է հանում նա:
– Կյանքս, չես ուզու՞մ հանվես,–հարցրեց Իռան Զաքարի մարմինը բռնած դողէրոցքին ու ատամների կափկափոցին անհաղորդ:
– Իռա, մի հարց տամ, ինչի՞ ես դու սրանով զբաղվում,–տվել է հարցը Զաքարն ու հիմա բաձրաձայն վերլուծում է. շատ ապուշ, դեբիլության աստիճանի ապուշ հարց, որով սկսնակը միանգամից մատնում է իրեն, որովհետև տո՛, քո ի՞նչ գործ ագառկեն ինչու է իր ագառկությունն անում, դու քո գործն արա սիկտիրդ քաշի, գնա, թե չէ պոռնիկն ի՞նչ պիտի այդ հարցին պատասխանի, հո չի ասի, թե իր զբաղմունքն իր էության դոկտրինալ դեֆինիցան է, բնական է պիտի ասի, որ երեխաներ ունի, որոնց կերակրել է պետք, որ ճար չունի, ստիպված է, հացի խնդիր է լուծում:
– Կյանք, մեկը պիտի՞ երեխեքիս պահի,–կարճ կապեց Իռան ու Զաքարի ամորձիներն արագ առավ ձեռքը: Չի բացառվում, որ այդ հապճեպությունը, կարող էր նպատակ հետապնդել ժամանակ շահել այլ հաճախորդների համար, չնայած այնտեղ՝ դրսում, չկային Իռկայի բորբ ծոցոնը մտնելու համար դռները ջարդող մարդիկ: Չի բացառվում նաև, որ Իռան էրեկտիլ մղձավանջներում հեծեծացող շատ հաճախորդների հաջաթների վրա էր մաշացրել մատների ունիկալ դակտոնախշերը, մինչև կարողացել էր դրանք պատշաճ ապրանքային տեսքի բերել ու նկատի ունենալով հնարավոր այդ խնդիրը, շտապում էր գնահատել գլխի գալիքը: Եթե այդպես էր, ապա Զաքարի առումով Իռան անհանգստանալու բան չուներ, միայն մտքից, որ մինչ այդ սեփականից բացի այլ ձեռքում հայտնվելու բախտավորություն չունեցած իր խեռն այժմ ուրիշ ձեռքերում է, միայն դրանից Զաքարը տնկել էր տղությունը: Իսկ այդտեղ միայն դա չէր՝ Իռայի ափերի ջերմությունը, դրանց վերուվարումն ու տարուբերումը: Ա¯խ: Շա՜տ արագ Իռայի բոլորապտույտ ափը նեղ եկավ Զաքարի համար: Նեղ ճեղքը, առայժմ միայն ձեռքի, ընդլայնվեց ու խոշորացավ, խոշորացավ այնքան արագ, որ Իռան կյանքում հազար կլիր տեսած տրամվայի դիսպետչեր, բացականչեց.
– Է՜հ, այ, թե ինչ ասել ա ջահել օրգանիզմ է¯. հը՜ կյանք, կա՞յֆ ա:
– Հա՜, կյանքս,–տնքաց Զաքարը:
– Կյանք, դու կարո՞ղ ա ախպար ես,–հանկարծ հարցրեց Իռան ու Զաքարը գիտակցությունը բռնած աղջամուղջի խորքերից կենտրոնացավ երկու բանի վրա՝ մեկ, ինչին էր Իռային պետք իմանալ իր անունը, եթե նա միևնույն է պիտի իրեն «կյանք» բառով դիմեր ու երկրորդ` ախպարն ի¯նչ կապ ունի տեղի ունեցողի հետ:
– Ինչի՞,–հարցրեց նա հետաքրքրված:
– Դե՜, որովհետև բառերի վանկերը վերջում երկարացնում ես,–ծիծաղեց նա:
– Հա՛, ախպար եմ,–պատասխանեց Զաքարը մի քիչ հպարտությամբ:
– Կյանք, կարո՞ղ ա ինձ մի քիչ փող տաս,–գանդոնի գալարները հարթեցնելուց, դրա եզրային ռեզերվուարից քաշքշել, հարմարեցնելուց հետո թախանձագին հարցրեց Իռան և ցուցամատի ու բթամատի շրջանակով ծերից մինչև արմատը հրելով դուրս բերեց դրա տակը սպրդած օդը:
Ուրեմն, անժխտելի իրողություն է, որ Զքոն բոլշևիկների կուտը կերած՝ վաղնջական Աթենքի տները, պիտա հացով ֆետա պանիրը Ստեփանավանի գեղերից մեկի գետնափոր հյուղակով ու ցեխի պես վռիկ սև հացով փոխած միամիտ ախպարների ժառանգ է, բայց նա նոր չէ, այ-հա՜յ, 47 թվին գաղթած, բոլշևիկների կտերի բովով անցած, ախպարների ժառանգ է ու էդ իրավիճակում Զքոյին քյոլելն անհնար էր, որովհետև նա վեց հազար դրամը սենյակի, հինգ հազարն աղջկա համար համամասնությամբ կատարել էր վճարումն ու չուներ ոչ մի լրացուցիչ պարտավորություն:
– Իռա ջան, բայց մենք օբյեկտին փողն արդեն տվել ենք,–միամիտ ձևանալով պատասխանեց Զաքարն ու որպեսզի ասածը հիմնավոր լինի, հնչեցրեց համամասնությունը,–վեց հազար սենյակի համար, հինգ հազար՝ քո հետ լինելու:
Երևի անտակտություն էր Իռայի դեմքին շփացնել նրա իրական գինը: Պոռնիկ էր, թե ոչ, դա կարող էր նրան վիրավորել, բայց Իռային ակնդետ նայող Զքոն հասկացավ` բացահայտումն Իռայի վրա ոչ մի ազդեցություն չէր թողել: Իռան գիտեր իր գինը:
Հետույքի տակ բարձ դրած ու երկտեղանի մահճակալի վրա ոտքերը կիսաբաց պառկած Իռան փոթորկվեց միանգամից հենց Զքոն մտավ նրա մեջ: Զքոն առանձնացնում է նրա այս կտրուկ վերափոխումը, ասում է Իռան այնպես էր տնքում, վերուվարումների հետ այնպես անկեղծ էր հեծեծում, որ իրեն թվացել էր, թե Իռան մի քանի վայրկյան առաջվա Իռան չի, իսկ ինքն էլ այնպիսի մի կատարյալ մաչո է, որից նա իր չարքաշ կյանքում չի ունեցել: Զքոն միայն հետո իմացավ, որ դա նրա աշխատանքի բաղկացուցիչ մասն է՝ ֆիզիոլոգիական ազդակների ցնծությունը սաստկացնել հոգեբանականներով՝ պագշոտ ախերով ու աղաղակներով, բայց մինչ կիմանար, Իռան նրա ցանկությամբ հետույքով ծունր եկավ դեպի իրեն ու Զքոն պարզապես ընդհուպ մոտեցավ նրան: Մնացածը նա ինքն արեց, որովհետև Զքոյի տեսական գիտելիքները, հայտնի է, բավարար չէին հասարակ մի ծակ պռոպկելու համար: Ձեռքերով լխտիկ ծծերը գրկած, մի փոքր հետ ու առաջ անելուց հետո նա զգաց սերմի խոլական խտղտոցն ամորձապարկում, այնինչ սեքսի մեկնարկից հազիվ երեքուկես րոպե էր անցել: Զքոն մտածեց հանգստի կարճ դադար տալ, բայց տհաճ էր խոստովանել, որ իր ողջ զորությունը բավել էր երեք րոպե միայն ու Զքոն խրեց, խրեց մինչև վերջ, մինչև քոքը, մինչև Իռայի արգանդափողն ու մինչ մարմնի հեշտագին ջղաձգությամբ, գլուխն արտիստիկ կերպով հետ շպրտած հանգուցալուծվում էր, Իռան բացականչեց.
– Աաաըըըը, ո՜նց եմ սիրում քարի պես էս կտկտոցը:
Անմիջապես այն բանից հետո, երբ լատեքսային արգելապատնեշով միջնորդավորված սերմնահեղուկը քարի պես բախել էր Իռայի հեշտոցապատերը, նա վերագտել էր հոգեկան հավասարակշռությունը: Կարգն Իռան այնպես մանրակրկիտ էր մշակել, որ մի վայրկյան չկորցրեց, անվրդով ցատկեց մահճակալից, բռնեց կախ ընկած գանդոնի պռունկեպռունկ լի ռեզերվուարն ու ձգեց այն դեպի իրեն: Իռան, հիմքից մզելով, դուրս բերեց Զքոյի միզասեռական համակարգի բավիղներում կորած-մոլորված վերջին կաթիլ սերմնահեղուկը, հանեց այն, ապա թիթեռնիկի պես վազեց դեպի զուգարանը` նետելու այն զուգարանակոնքի մեջ: Մինչ կլռեր զուգարանակոնքի գահավիժող ջրի շաչյունը, Զքոն արդեն սկսել էր մտածել երկրորդ անգամի մասին, բայց դրա համար գոնե կես ժամ պետք կլիներ, որն անհրաժեշտ էր սպառել:
– Իռ ջան,–ձեռնամուխ եղավ նա ժամանակի սպառմանը,–որ պետք լինի զանգով կարա՞ս դուրս գաս, ստեղ մի տեսակ էն չի, մի տեսակ ճնշող ա,–ասաց ու կողք նայեց: Իրականում լավ էլ սենյակ էր, համենայնդեպս իր տեսածներից վատը չէր:
– Չէ, կյանք, ես օբյեկտից դուրս գործ չեմ անում,–պատասխանեց Իռան ու շարունակեց,–սրանով օբյեկտից դուրս մի մարդու հետ եմ զբաղվում՝ ընկերոջս հետ:
Երբ պուտանկեն ընկեր է ասում, նկատի ունի իր յոբըռին, պարզապես նա այդպես մեղմ է ասում, որ գոնե ինքն իր աչքից չընկնի: Ինքնահարգանքի այդ մնացորդը պահպանելու համառությունն ուղղակի զարմանալի էր, առավել զարմանալի էր, սակայն մեկ այլ բան՝ այսպիսի գործի մեջ, այսքանից հետո Իռան փաստորեն դեռ մի հատ էլ իր հաճույքի համար կոխվելու հավես ուներ:
– Իռա, էսքանից հետո, դու հլը հավես ես ունենում սրանով զբաղվե՞լ:
– Հա, կյանք, էս գործ ա, ես սրանից հաճույք չեմ ստանում:
Նրա այս պատասխանից հետո դիլխոր մի լռություն տիրեց, որը խախտեց Իռան:
– Հը, չգնա՞նք,–հարցրեց նա:
– Իռ, մի հատ էլ չանե՞նք,–աղերսագին հարցրեց Զքոն:
– Է¯հ, ախր, ի՞նչ պարտադիր է անել դա վրա-վրա, մի քանի անգամ,–ասաց Իռան ու ձեռքն առաջ բերելով սկսեց մաժմժել Զքոյի Շագրենի կաշին, երևում էր, որ նա չէր ցանկանում մերժել, բայցև գործն անում էր առանց հատուկ ոգեշնչման:
– Դե՜հ…,–կարմրելով Իռայի ուղղախոսությունից կմկմաց Զքոն:
– Ախր, կյանք ջան, որ մենք կարողանանք էդ նորից անել, քո մոտ պիտի նորից կանգնի, բայց քո մոտ չի կանգնում:
– Դե լավ, Իռա, թո՛ղ,–վիրավորանքը ցույց տալով ասաց Զքոն, ապա վրան քաշելով հագուստը, սենյակից ցուցադրաբար դուրս եկավ: Իռան Զքոյին չպահեց, Զքոն օտար մարդ, նրա վիրավորանքը Իռային ի՞՜նչ, Իռան նրան հետ պահելու, փարվելու, գրկում պարուրել-փաղաքշելու, կոտրված սիրտն առնելու ոչ մի բարոյական պարտավորվածություն չուներ:
Զաքարն ասում է Սամոյի հետ շատ բաներ էին արել, դե էնտեղ դասից փախչել, սարերում դաս սովորել, ֆուռով մագնիս ծախել, բայց բոզի եղածն ի՞նչ էր, միասին բոզի չէին գնացել: Ասում է էդ օրը գնացին` հեչ բան, գնացին գնալու ու հայտարարելու համար` թե իրենք հազար տարվա ընկերներ, ամեն ինչ արել են ու նույնիսկ միասին գնացել են բոզի:
2014թ. դեկտեմբեր