Ամերիկացի բանաստեղծ(1935-1984), 1960-ականների կոնտրկուլտուայի ներկայացուցիչներից, նրա մասին Վիքիպեդիայում
Հայքու շտապօգնություն
Կանաչ պղպեղի մի կտոր
ընկավ
աղցանի փայտե ամանից.
հետո՞ ինչ:
Տղամարդ
Գլխարկը գլխին
նա մոտ հինգ դյույմ բարձր է
տաքսու մեքենայից:
Անակնկալ
Ես բարձրացնում եմ զուգարանկոնքի նստատեղը
այնպես` ասես թռչունի բույն լինի,
ու տեսնում եմ կատվի հետքեր
կոնքի ամբողջ եզրով:
Սան Ֆրանցիսկո
Այս բանաստեղծությունը գտնվել է թղթե տոպրակի վրա` Ռիչարդ Բրոտիգանից, Սան Ֆրանցիսկոյի մի լվացքատանը: Հեղինակն անհայտ է:
Նավակ
Օ գեղեցիկ էր
մարդագայլը
իր չար անտառում:
Մենք նրան
տարանք կառնավալ
ու նա սկսեց լացել,
երբ տեսավ
Սատանայի անիվը:
Էլեկտրիկ
կանաչ ու կարմիր արցունքներ
իջան
նրա մորթե այտերից:
Նա նման էր
նավակի
մութ
ջրի վրա:
Այո, ձկնային երաժշտությունը
Իշխան ձկան գույնի քամի է փչում
աչքերիս միջով, մատներիս միջով,
ու ես հիշում եմ, թե ինչպես էին իշխանները
թաքնվում դինոզավրերից,
երբ նրանք գալիս էին գետի մոտ` խմելու:
Իշխանները թաքնվում էին գետնանցքերում, ամրոցներում
ու մեքենաներում: Նրանք սպասում էին համբերատարորեն դինոզավրերի վերանալուն:
Հաբը կամ Սփրինգհիլ հանքի աղետը
Երբ դու խմում ես հաբդ,
հանքի աղետի է նման:
Ես մտածում եմ բոլոր մարդկանց մասին`
կորած քո մեջ:
Մենք կանգ էինք առնում կատարյալ օրերին
Մենք կանգ էինք առնում կատարյալ օրերին
ու դուրս էինք գալիս մեքենայից:
Քամին նայում էր նրա մազերին:
Բանն այսքան պարզ էր:
Ես թեքվեցի ինչ-որ բան ասելու…
Քիթս ծերանում է
Հա,
երկար ծույլ սեպտեմբերյան մի հայացք
հայելուն
ասում է, որ դա ճիշտ է:
Ես 31 եմ,
ու քիթս
ծերանում է:
Այն սկսվում է
կամրջակի տակից
½ դյույմ ներքեւ
ու հետո ծավալվում է պառավորեն
մի դյույմ ու մի քիչ էլ.
կանգ է առնում:
Բարեբախտաբար, քթիս
մնացած մասը համեմատաբար
երիտասարդ է:
Հետաքրքիր է, թե
աղջիկները կուզե՞ն ինձ
ծեր քթով:
Արդեն լսում եմ նրանց`
անսիրտ այդ քածերին:
«Սիմպո է,
բայց քիթը
ծեր է»:
Խնդրում եմ
Արդյոք մտածու՞մ ես իմ մասին
այնքան,
ինչքան ես եմ մտածում
քո մասին:
Հայտնագործություն
Հեշտոցի թերթիկները բացվում են,
ինչպես Քրիստափոր Կոլումբոսը
Կոշիկներն է հանում:
Կա՞ ավելի գեղեցիկ բան,
քան նավի կորաքիթը,
որ քսվում է մի նոր աշխարհի:
Երբեք չեմ արել սա ավելի քնքշորեն
Քո բերանի քաղցր հյութերը
նման են մեղրի մեջ լողացած ամրոցների:
Երբեք չեմ արել սա ավելի քնքշորեն:
Դու ամրոցների գալարներ ես դրել
առնանդամիս շուրջը ու պտտում ես դրանք`
ինչպես արեւի լույսը թռչնի թեւերին:
Տենդի հուշարձանը
Ես այգու միջով քայլեցի դեպի տենդի հուշարձանը:
Այն ապակյա քառակուսու մեջտեղում էր` շրջապատված
կարմիր ծաղիկներով ու շատրվաններով: Հուշարձանը
ուներ ծովաձիու ձեւ, իսկ ցուցատախտակն ասում էր`
մենք տենդից վառվեցինք ու մեռանք:
Ձմռան առաջին ձյունը
Օհ, սիրուն աղջիկ, դու բանտարկել ես
քեզ սխալ մարմնի մեջ: Ավել
քսան փութը կախված է, ինչպես գունդ-գունդ
ժանյակ, քո կատարյալ կաթնասունի մարմնից:
Երեք ամիս առաջ դու նման էիր
եղնիկի, որ նայում է ձմռան առաջին ձյանը:
Հիմա Աֆրոդիտեն քշտում է քիթը վրադ
ու պատմություններ է պատմում մեջքիդ ետեւում:
Սիրաբանող թուք
Մի աղջիկ կանաչ մինի
փեշով, ոչ այնքան սիրուն,
քայլում է փողոցով ներքեւ:
Սիրային բանաստեղծություն
Այնքան լավ է
արթնանալ առավոտյան
ամբողջովին մենակ
ու ստիպված չլինել ասել մեկին,
որ սիրում ես նրան, երբ չես սիրում
այլեւս:
Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Վեջս չէ, թե ինչքան խելոք են էս
անիծյալ գյադեքը. ես ձանձրանում եմ:
Ամբողջ օրը կատաղած անձրեւ է եկել,
ու ոչ մի անելիք չկա:
Կաֆկայի գլխարկը
Անձրեւի հետ, որ
վիրահատության նման թափվում էր տանիքին,
ես կերա մի աման պաղպաղակ,
որ նման էր Կաֆկայի գլխարկին:
Ես ապրում եմ քսաներորդ դարում
Ես ապրում եմ քսաներորդ դարում,
ու դու պառկած ես այստեղ կողքիս: Դու
երջանիկ չէիր, երբ քնեցիր:
Ոչինչ չկար, որ կարող էի անել
դրա հետ կապված: Անհույս էի: Քո դեմքն
այնքան գեղեցիկ է, որ չեմ կարող դադարել
նկարագրել այն, ու չկա մի բան,
որ կարող եմ անել՝ քեզ երջանիկ դարձնելու համար, քանի դեռ
քնած ես:
Ռոմեո եւ Ջուլիեթ
Եթե մեռնես ինձ համար,
ես էլ կմեռնեմ քեզ համար,
ու մեր գերեզմանաթմբերը նման կլինեն երկու սիրեկանների, որ լվանում են
իրենց շորերը միասին
նույն լվացքատանը:
Եթե դու բերես օճառը,
ես կբերեմ սպիտակեցնող հեղուկը:
Վախ, էնքան գեղեցիկ ես, որ սկսում է անձրեւել
Օհ, Մարսիա,
Ես ուզում եմ, որ քո երկար խարտյաշ գեղեցկությունը
դասավանդվի ավագ դպրոցում
այնպես, որ երեխաները սովորեն, որ աստված
ապրում է մաշկի մեջ երաժշտության պես
եւ հնչում է՝ ինչպես արեւալույս կլավիկորդ:
Ես ուզում եմ, որ ավագ դպրոցի զեկուցագրերը
լինեն այսպես.
Նուրբ ապակյա իրերի հետ խաղ
A
Համակարգչային մոգություն
A
Նամակներ սիրածդ մարդկանց
A
Ձկների մասին բացահայտումներ
A
Մարսիայի երկար խարտյաշ գեղեցկությունը
A+!