Սմբոն Հիսուսի ծննդյան օրը Լուսոյենց տուն մտավ ինքն էլ չգիտեր ինչու: Ամանորի օրերին է´ս ընկերոջ տուն, է´ն բարեկամի տուն – տասնյակ անգամներ, մի քանի տարի շարունակ Լուսոյենց տան դիմացով վերև-ներքև արել, գոնե մի անգամ էդ ընթացքում մտով չէր անցկացրել Լուսոյի պես մեկին առնչել աստծու տոնի հետ ու շնորհավորել նրա` տարիներ շարունակ անշնորհավորանք թողած ամանորյա տոները:
Իբր ո´չ ախպոր հետ էր մոտիկ, ո´չ էլ նրա, ո´չ ախպոր հետ էր ճակատ գնացել, ո´չ էլ քրոջ հետ մահճակալ կիսել: Վերջին մի տասը-տասնհինգ տարին Լուսոյենց հետ տունը տնին կպած հարևաններ էին եղել, բայց երբեք Լուսոյենց տան մասին մտածելիս մտքով չէր անցկացրել մոմեր վառել, սաղմոսներ երգել ու ջանքեր գործադրել էդ տան ճրագն անմար պահելու ուղղությամբ: Մի անգամ միայն տան ֆասադը քառակուսի մետրը չորս ու կես հազարով մետկա-սվաղ էր արել, մեկ շաբաթ-տասը օր հետո մալեն արհեստագործական գոգնոցի փեշով սրբել, փողն առել, գնացել էր իր գործերով: Ու աչքին քրերից մեկը` նույն Լուսոն, կանոնավոր բոզ, մյուսը` տռասները չափող անկանոն ագառկա և ուրեմն տունն էլ մտնելու տուն չէր, ու գոնե էս վերջին տասը տարիներին էս տան դուռը բացողներն տանտերերն էին ու մեկ էլ իր պատկերացմամբ քիչ-միչ, կասկածելի տեսքով քածեր: Նման կասկածելի տեսքով մի քած էլ հյուրերի արանքը խցկված-նստած էր սեղանի կողքը հենց էդ պահին, երբ Սմբոն ներս մտավ: Բարև-աստծու բարին – բարու իր բաժինը սրտանց տվեց, տեղը բարու բաժին ստացավ, նստեց սեղանի կողքն ու առանց հետաձգելու սկսեց թամաշան: Կասկածելի էր, բայց անուշ մինչև օմբրե արած մազերի ամենահեռավոր կետը, կասկածելի էր, բայց գայթակղիչ մինչև մինիի ու ազդրերի եռանկյունու խավար խորքերը, տնական չէր, բայց ոչ էլ լրիվ դրսացու:
Հլը խոպան տեղը, երբ կնիկը սիրածի հետ փախավ ու իբրև քաղաքական հալածյալ հանձնվեց եվրոպական իշխանությունների հոգածությանը, Սմբոն որոշեց` կանանց ցեղից վրեժ պիտի լուծի: Պատահած կնկան «բռնում», կոխում էր խորը` մինչև զգար տասներկումատնյա աղիքի ամենաեզրային գալարը, երբեմն նաև մինչև ստամոքսի սեղմիչ կափույրն ու հետո էնպես հեռանում, որ կինը բրախված զգար հենց էդ առաջին անգամից հետո: Կոխելիս չէր ասում, որ վրեժ է, որ վրեժը հենց էդ թաք մի անգամվա մեջ է ու ինքն իր արածը հասկանում, բայց չհասկացված էր մնում: Վրեժը լուծում էր, բայց ոչ ոք գլխի չէր ընկնում, թե վրեժ է լուծում: Էս քածի տեսքով մոռացված վրեժը նորից գլուխ բարձրացրեց ու որոշեց, որ սրան պիտի բռնի, կանանց ցեղից հերթական անգամ հին ձևերով վրեժ լուծի: Մոտենալ էր պետք և ձև արեց թե նստած տեղն անհարմար է, իբր սվաղի ցեխ խառնելիս քրտնել էր, քամուց մեջքն էր բռնել ու իբր մեջքը նորից չմրսացնելու համար էլ որոշել էր ավելի հարմար տեղ նստել: Նստեց, ափսեի մեջ բաստուրմի չորցած մի կտոր քաշեց, լավաշի մեջտեղից մի փռթիկ լավաշ ճղեց, բաստուրմով դուռում արեց ու պիտի ուտեր, բայց դրա փոխարեն անձեռնահուպ կողքը դրեց: Մի զեյթունի հատիկ էլ քաշեց, պատառաքաղով ափսեի էս ծերից էն ծերը գլդորելով, հետը մուկն ու կատուն խաղաց, մինչև օղու բաժակը լցրեցին: Մի ինչ-որ կենաց ասաց – բարով տեսա՞նք, թե՞ ոտս խերով, թե՞ հորով-մորով, պապով-տատով, մի անբովանդակ, անպատեհ, տիրոջ առիթին անհարմար կենաց ու հետո իբր կարևոր զանգ պիտի պիտի կատարեր, տեղից վեր կացավ, բութ մատը հեռախոսի էկրանի վրա անկանոն պարացնելով, աչքից կորավ: Գնաց, չեկավ էնքան ժամանակ, որքան աչք չծակելու նպատակով կպահանջվեր կարևոր մի զանգ կատարելու համար, ապա էկավ ու իբր տեղն էս էր` նստեց դուզ քածի կողքը: Որպեսզի միանգամից քածին վրա չտա, Սմբոն դիմացը նստած Լուսոյի հետ հա-հա, հի-հի – կչկչալով մի երկու շուլուխ արեց ու ձեռքը տարավ դիմացի ափսեն` իբր վերցնելու քիչ առաջ փաթաթած բաստուրմեն: «Վա՜յ»,–բացականչեց շինծու շփոթմունքը արդարացնելու համար, ապա իբր տեղի տարբերությունը ո՞րն է – դիմացի սպասքեղենը տարավ հնի, հին ափսե-բաժակը բերեց նորի տեղը:
Հավի բդի միսն ուտելուց հետո կռճիկներին վրա տված մանչի պես հարևան էգի վրա արդեն ատամներն էր կրճտացնում, երբ տեսավ Լուսոն մինուս քսան աստիճանի տակ Աթոյան-Ռոստովյան խաչմերուկի գժված լուսացույցի պես իր վրա է թարթում աչքերի միաժամանակ բոլոր գույները: «Այ Լուս, վառելուց գոնե լույսերիցդ մեկը վառի, հասկանանք` քշե՞նք, թե՞ կանգնեք»,–հաղթական ծանակեց Սմբոն ու թևավոր խոսք ասածի պես, ժպիտի մի նշույլ քամելու ակնկալիքով, նայեց կողքի քածին: Հե՜չ` յա´ ասած, յա´ չասած: Մի քիչ մանթո, Սմբոն նորից թեքեց հայացքն ու տեսավ, որ Լուսոն հիմա էլ գլուխն անընդհատ կողք է անում` ուրեմն կողք էր կանչում: Աչքով-ունքով ցույց տալով աղջկան` թե ես էստեղ լուրջ գործի վրա, քո ասա՞ծն ինչ է, Սմբոն վերջը, ստիպված վեր կացավ ու հետևեց հյուրասենյակից դուրս եկող Լուսոյին: «Այ տղա,–ասաց Լուսոն,–դու դրան տենց հրեշտակի աչքերով մի նայի, դու դրա հետ գործ չունես, դա հազար հիվանդություն ունի»:
Հանկարծակի հիասթափված Սմբոն մտածեց խանդի նոպա էր, թեև սեր-մեր, սեքս-մեքս – խանդի ծնունդը պայմանավորող նման բաներ ու հատկապես սիրո պես ախմախ բան իր և Լուսոյի միջև չէր եղել: Ժամանակին քանի դոզի տակ չմնաց-չմեռավ, նման բաներ լինում էին Լուսոյի ու Զոհրաբի միջև: Ժամանակին Լուսոյին էսպրեսսոյի ապարատի մեջ կոխում, տասնհինգ ատմասֆեր ճնշման տակ կաթիլ-կաթիլ սոկերը քամում էր հարևան թաղից Զոհրաբը: Տենց տնավարի, ափաշքյարա, մարդ ու կնկա պես, գալիս էր ու ջանք էլ չէր գործադրում ասենք գիշերվա քողի տակ գալ, գազի տեսուչի կամ լույսի մարդու կերպարանքի տակ գալ, էնպես գալ, որ մարդ չտեսնի, ասուխոս չլինի: Մտնում էր տուն, իրար հետ ճաշ-մաշ, կոֆե-մոֆե էին անում, հետո դավայ սոկերը քամելու: Սոկերը քամելիս էլ ապարատը դռդռում էր ոնց որ կտուրը հարևանությամբ անցնող տրամվայից. այ տենց բարձր, նենց բարձր, որ մի քանի տասնչորս տարեկան տղեկներ իրենց տղայական հուշերի սարդոստայնը գործելով, ձեռքները տրուսիկի տակ կոխած հերթ էին կանգնում պատուհանի տակ, իսկ ավարտին մի քանի տուն էն կողմի հարևանը սկսում էր նյարդագին ծխել:
Լուսոն Զոհրաբից հետո պատրաստ էր մարդ ու կնկա խաղը խաղալ ցանկացածի գլխին, հետևաբար սեր-մեր, սեքս-մեքս Սմբոյի ու Լուսոյի մեջ տեսականորեն, բայց կարո´ղ էր լինել: Կարող էր նախազգուշացումը խանդի արգասիք լինել ու կարող էր Սմբոն փորձել պարզել Լուսոյի պնդումների հավաստիությունը, համա չհամարձակվեց փորձել: Փսորված կակռազ լինում է ձմերուկներից ամենամեծը, որդնոտած լինում է ծառի ամենասիրուն խնձորը, իսկ էս քածը սիրուն էր Եդեմի խնձորի պես: Կարելի էր խնձորից կծել, բայց իբր աստված մարդուն մի բարի աչքով է նայում, մի հատ էլ համբերությունը լրացուցիչ փորձես ու հետո դռբի տակ ընկնես, դրա իմա՞ստը որն է: Աստծո պես անզիջում բարեկամ վաստակելու իմա՞ստը որն է: Չէ´, հաստատ իմաստը չկար, նենց որ Սմբոն վերադարձավ իր է՜ն ամենաառաջին տեղը, որտեղից սկսել էր իրողություն չդարձած մերձեցումն էդ քածի հետ ու դադարեց նույնիսկ նրա ուղղությամբ նայել այնպես, ասես նայելուց արդեն կարելի էր սիֆիլիսով վարակվել:
Լուսոն հարբած էր արդեն, երբ բոլոր հյուրերը հեռացել էին: Հարբած էր էնքան, որ վերջին բաժակ օղին Սմբոն նրա ձեռքից պարզապես գողացավ: Լավ էր, եթե թույլ տար բռնած գործն ավարտին հասցնել, տենց հալբաթ անջատվեր, կողք ընկներ, իսկ սենց աչքերը լցրել է ու ոտքի կանգնել, որ գնա Զոհրաբի գերեզմանին: Դրսում մինուս տասնմեկ ղըյամաթ ու խավարն էլ դեմի թաթերը երկրակեղևին սեղմած, հետևի թաթերով փոսի պատերը քերել-մռնչալով փոսից իրեն դուրս է քաշում, հեսա-հեսա դուրս կգա, փաչեքը փոշուց-ցեխից թափ կտա ու բոյդանբոյ ահռելի մի ստվեր կգցի երկրագնդի վրա, իսկ սա թե` չէ որ չէ, պիտի գնա իր սիրասուն Զոհրաբի գերեզմանին: Մտադրություներն էլ անհեղաշրջելի` ահա արդեն շարֆը կապել, վերարկուի մեջ է մտել ու կրկնում է` Սմբոն հետը գա` լա՜վ, չգա` էլի ոչինչ: Սմբոյին Զոհրաբի հիշատակն ի՜նչ, Սմբոն Զոհրաբի ի՜նչը հիշի, ի՜նչը խնկարկի, բայց մյուս կողմից Լուսոն էլ կնիկ, վրադիր հարբած կնիկ: Սրան հիմա մենակ բաց թողնես, միգուցե տեղ չհասնի, հասավ` միգուցե փոսը կարճ փորած դիակների հոտից խույվորած շների բաժին դառնա:
Դե ջհանդամը` որոշել էր Սմբոն ու հիմա կանգնած էր Զոհրաբի տապանաքարի կողքը: Հեռվում, շատ հեռվում մթնշաղի մեջ երևում էին քաղաքի լույսերն ու մի տեղ հեռվից լուսնահաչի պես ձայն էր գալիս, չէր բացառվում գայլ էլ լիներ, որովհետև չորս կողմը սարեր ու ձորեր էին: Ակնհայտ շտապում էր Սմբոն, բայց Լուսոն պառկել էր տապանաքարին ու այտը հպել դրա սառը մակերեսին: Նայեիր, կասեիր քնել էր, բայց աչքերը փակ, շուրթերը շարժվում էին այնպես ասես զրուցում էր, ասես աղոթում էր Զոհրաբի հոգու փրկության համար: Չէ՛, հաստատ աղոթում էր, բայց աղոթքը հանկարծակի վերջացավ: Լուսոն վեր կացավ ու պարզապես վեր չկացավ է՜, կարծես չարքերը տակից տասը զսպանակ ձգած հենց միայն Լուսոյին էին սպասում, որ արձակեն զսպանակները, տեսա՜ն նրան ու բաց թողեցին դրանք: Եվ Լուսոն վեր զսպանակվեց ու ասես Զոհրաբի փոսից ինքը Սատանան ելել, ներսում էր բնավորվել, նստեց Զոհրաբի տապանաքարի ծերին ու չռեց ոտքերն էնքան լայն, որքան դրանք կարող էին չռվել:
– Կոխի՛ ինձ Սմբո,–հանկարծ ասաց Լուսոն:
– Բա գերեզմա՞նը…,–հարցրեց Լուսոյի վերափոխումից ապուշ կտրած Սմբոն: Հետո պտտվեց, նայեց կողքերը՝ ահասարսուռ գերեզմանոցը, գերեզմանոցը շրջափակման մեջ առած սև-սև սարերը, սարսռազդու լուսնահաչը՝ թեկուզև շների: «Ա՜ մենք ստէ հո քուչի շուն չենք»,–անցավ Սմբոյի մտքով ու մի պահ, բայց այնուամենայնիվ մտքով անցավ նաև ապահովիչը՝ «Բա գանդո՞նը, առանց դրա ո՞նց»:
–… Բա Զոհրա՞բը,–հարցրեց նա դրա փոխարեն ու մի պահ էս հարցադրումից Լուսոն ասես մտքերի մեջ ընկավ:
Զոհրա՞բը, էդ ողորմելի՞ն, էդ ողորմելին, որ գալիս իր ձեռի հացն ուտում, իր վարդի հոտը քաշում, բայց անշնորհակալ շան նման իրեն անու՞ն էր կպցնում: Զոհրա՜բ, դու հիվանդ մարդ, մի ոտդ էստեղ, մյուսը՝ գերեզմանում, ա՜յ տղա կորցնելու էլ ի՞նչ ունես, կարգվե՞նք` տևական համակեցությունից հետո հարցնում էր Լուսոն, Զոհրա՜բ, կարգվե´նք` սրա երկմտությունից սրտոտած պնդում էր հետո, մեկ է բոլորն արդեն գիտեն, մեկ է մարդ ու կնկա պես ենք արդեն: Իսկ սա՜, իբր իր հալն ու ափալը տեղն է, իբր քսանմեկամյա ուսանողուհու կերպարով մեկը կա, Լուսոյից ավելի լավը, Զոհրաբին սպասելով բանասիրականի շեմը մաշեցրել է, ինքն էլ ոչ մի կերպ փեշի քարը չէր թափում: Բո՛զ,–ասում էր… բո՞զ: Տո ինքն ուրեմն բոզն էր, Զոհրաբը հրեշտա՞կը: Բոզը նարկամանի հետ պսակի տակ մտնելու բա՞ն չէր, իսկ նարկոտիկներից ավերակների վերածված թշվառականը անարատ ղշի հետ պսակի տակ մտնելու՞ էր, Զոհրաբը նախանձելի փեսացուն էր, ինքը դուրս ընկած հա՞րսը: Տո էդ ապուշը իր պես փշոտ վարդը ձեռքն առնելու համար սկի ապահովիչի փող չուներ, ո՞վ է տեսել, որ տղամարդը գա վարդից հոտ առնելու ու կնկան ղրկի ապտեկա գանդոն առնելու: Զոհրա՜բը…
– Զոհրա՞բը,–ասես կտրուկ իրականություն վերադարձած հարցրեց Լուսոն, ապա պտտվեց դեպի տապանաքարն ու նայեց քարի վրա ծեծած Զոհրաբի նկարին ու նորից պտտվեց դեպի Սմբոն:
– Կոխի´ ինձ Սմբո, կոխի,–ասաց Լուսոն: Վստահ ասաց: Տղամարդու կարոտով ասաց:
Ճակատի լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյանի, Բաթում