Էդիթ Գրոսմանը աշխարհին հայտնի է, որպես լատինաամերիկյան և իսպանական գրականության մեր օրերի կարևորագույն անգլիալեզու թարգմանիչներից մեկը, որը թարգմանել է այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Գաբրիել Գարսիա Մարկեսը, Մարիո Վարգաս Լյոսան, Կառլոս Ֆուենտեսը, Մայրա Մոնտերոն և այլոք: «Դոն Կիխոտի» նրա թարգմանությունը (2003թ.) գլուխգործոց է համարվում: Գրոսմանը իր աշխատանքի համար բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում՝ 2006թ.-ին PEN-ի կողմից շնորհված Ռալֆ Մանհայմի՝ Թարգմանության համար մեդալին, 2008թվին Ամերիկայի Արվեստների և գրականության ակադեմիայի գրականության մրցանակին, 2009թվին՝ Գուգենհայմի անվան կրթաթոշակին, և 2010թվին՝ Քուին Սոֆիա իսպանական ինստիտուտի Թարգմանության համար մրցանակին: Նա Ամերիկայի Արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ է:
Ինքնագիրը ներկայացնում է Գրոսմանի «Ինչու է թարգմանությունը կարևոր» գրքի ներածությունից մի հատված։ Անգլերենից թարգմանությունը կատարել է Մերի Պետրոսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի շրջանակում:
Ինչու է թարգմանությունը կարևոր. այս թեման այնքան ծավալուն է և բարդ և ինձ այնքան հոգեհարազատ, որ ես որոշեցի դրա վերաբերյալ իմ մոտեցման շարադրանքը սկսել այս ենթադրելի հարցին մեկ այլ հարցով պատասխանելով՝ օգտագործելով «հարցը որպես պատասխան» հնարքը, որը թեմայի գրեթե անմատչելի բարդությունը ընդգծելու ավանդական, թերևս, դարերով պահպանված մեթոդ է, և, իհարկե, յուրաքանչյուր մանկավարժի հայտնի լավ ձև է ժամանակ շահելու և անգամ հարցադրողին շփոթեցնելու, մինչև քիչ թե շատ տրամաբանություն պարունակող ընդունելի պատասխան գտնելը։ Այս ավանդական հնարքի իմ տարբերակը հարցը ավելի փոքր հարցերի տրոհելն է, որի նպատակն է վերակենտրոնացնել հարցադրումը և ոչ միայն հարցնել, թե ինչու է կարևոր թարգմանությունը, այլ նաև թե արդյոք այն ընդհանրապես կարևոր է, թե՝ ոչ, և եթե այն իրականում նշանակություն ունի, ապա ում համար։ Պատասխանները կարող են իրապես կախված լինել հարցի ձևակերպումից. ինչո՞ւ է, օրինակ, թարգմանությունը կարևոր թարգմանիչների, հեղինակների և ընթերցողների համար. ինչո՞ւ այն կարևոր չէ հրատարակիչների և գրախոսների մեծ մասի համար. ի՞նչ առնչություն այն ունի տարբեր լեզուների գրական ավանդույթի հետ. ինչպիսի՞ ավանդ այն ունի աշխարհի քաղաքակիրթ կյանքում։ Այս բազմազան տարրերին պատասխան տալու իմ փորձը կարծես թե նախնական գնահատական է գրական թարգմանությանն առնչվող մի շարք վիճելի, ընթացիկ և, հավանաբար, ընդմիշտ անլուծելի խնդիրների՝ սկսած ամենածեծված հարցից, թե արդյոք այն, որպես այդպիսին, հնարավո՞ր է, թե՞ ոչ, ապա գալով դեպի մյուսը՝ թե փաստացի ի՞նչ է այն անում, և վերջապես՝ թե գրական աշխարհում ո՞րն է նրա տեղը։
Կարծում եմ, որ լուրջ պրոֆեսիոնալ թարգմանիչները, հաճախ ոչ հրապարակավ, իրենք իրենց, ներեցեք՝ մենք մեզ, որպես գրողի ենք վերաբերվում, անկախ նրանից, թե էլ ինչ է մեր մտքով անցնում մեր գործի մասին խորհելիս, և նաև հավատացած եմ, որ մենք ճիշտ ենք անում, որ այդպես ենք մտածում։ Արդյո՞ք նման ենթադրությունը մեր կողմից խիստ անհամեստություն է։ Ի՞նչ ենք մենք՝ գրական թարգմանիչներս, անում արդարացնելու համար այն գաղափարը, որ գրող եզրույթը իսկապես մեզ է վերաբերում։ Մի՞թե մենք պարզապես գրականության հեզ, անանուն աղախինները չենք, հրատարակչական արդյունաբերության երախտապարտ ու ընդմիշտ ստորաքարշ ծառաները։ Ամենահնչեղ, բայցև զուսպ ձևակերպմամբ, որ կարող եմ տալ, պատասխանն է՝ ոչ, քանի որ թարգմանչի գործի ամենահիմնական նկարագիրն այն է, որ մենք գրում ենք, կամ գուցե վերաշարադրում ենք Բ լեզվով այն գրական գործը, որը սկզբնապես գրվել է Ա լեզվով՝ հուսալով, որ երկրորդ լեզվով ընթերցողը (ի նկատի ունեմ, իհարկե, թարգմանությունն ընթերցողը) տեքստը կընկալի այն նույն հուզականությամբ և միևնույն գեղագիտական փորձընկալումով, ինչ առաջին լեզվով ընթերցողը։ Սա է թարգմանչի մեծագույն ձգտումը: Լավ թարգմանությունները հասնում են այդ նպատակին։ Վատ թարգմանությունները մեկնարկային գծից այն կողմ չեն անցնում։
Նման օրինակելի նպատակին հասնելու թարգմանչի առաջին քայլը պետք է լինի երկու լեզուներում էլ ոճի իր խորը զգացողության ձևավորումը՝ կատարելագործելով և ընդլայնելով մեր քննադատական իրազեկվածությունը բառերի հուզական ազդեցության, դրանց շուրջ հասարակական աուրայի, ինչպես նաև բառերը ձևավորող միջավայրի ու տրամադրության, և բառերի կերտած մթնոլորտի վերաբերյալ։ Մենք ջանում ենք զարգացնել և մշակել հիմնանշանակային իմաստի ետևում թաքնված հարանշանակությունների և ենթատեքստերի մեր ընկալումը ոչ պակաս, քան գրողներն են ձգտում ընդլայնել տվյալ գրական լեզվի դարձվածքի իրենց ճանաչողությունն ու դրա հետ աշխատելու իրենց հմտությունը։
Գրելը, ցանկացած այլ գեղարվեստական պրակտիկայի նման, այնպիսի մասնագիտություն է, որն արթնացնում է մեր հոգու խորը, արձագանքող հատվածները. դա այնպիսի բան չէ, որն անելուց թարգմանիչները կամ գրողները կարող են հեշտորեն տարհամոզվել կամ հրաժարվել։ Չափազանց պարադոքսալ է թվում, բայց, թեև թարգմանիչները ակնհայտորեն ուրիշի գործն են գրում, դրանում որևէ ամոթ կամ խորամանկություն չկա՝ չնայած որոշ հրատարակիչների և շատ գրախոսների՝ մեր կատարածի առանձնահատուկ արժեզրկմանն ու անընդհատ թերագնահատմանը։
Ինչպես ասել է Ուիլյամ Կառլոս Ուիլյամսը 1940թվին արվեստի քննադատ և բանաստեղծ Նիկոլաս Կալասին ուղղված իր նամակում (իմ շնորհակալությունն եմ հայտնում միջ-ամերիկյան գրականության ուսումնագետ Ջոնաթան Քոհենին ինձ հետ այս մեջբերմամբ կիսվելու համար).
Եթե ես աշխատում եմ բնագրի վրա, դա իհարկե լավ է։ Բայց եթե կարող եմ ասել նույնը (նկատի ունեմ ձևը)՝ թարգմանելով ուրիշների աշխատանքը, դա ևս արժեքավոր է։ Ո՞րն է տարբերությունը։
Անհերքելի իրականությունն այն է, որ, երբ մենք գործը փոխարկում ենք երկրորդ լեզվի, այն դառնում է թարգմանչինը (միաժամանակ և խորհրդավոր ձևով ինչ-որ կերպ մնալով հեղինակի աշխատանքը)։ Հավանաբար փոխարկելը սխալ բայ է. այն, ինչ մենք անում ենք հրաշագործություն չէ, ինչպես բազային մետաղները թանկարժեքի վերածելը, այլ՝ մի շարք ստեղծագործական որոշումների և քննադատության երևակայական գործողությունների արդյունք։ Թարգմանելիս մենք փորձում ենք հնարավորինս խորը և ամբողջովին լսել գործի առաջին տարբերակը՝ ջանալով բացահայտել լեզվական լիցքը, կառուցվածքային ռիթմերը, նուրբ ենթատեքստերը, իմաստի բարդությունները և բառապաշարում ու ձևակերպման մեջ առկա ակնարկները, ինչպես նաև անել միջավայրային ու մշակութային հետևություններ ու եզրակացություններ, որոնց մեզ հանգեցնում են այս առանձնահատկությունները: Ընթերցանության այս ձևն այնքան խորն է, որքան գրական տեքստի հետ ցանկացած այլ առերեսում։
Օրինակ, դիտարկենք գեղարվեստական արձակը։ Երկխոսությունը պարունակում է հաճախ երանգավորված, բայց երբեմն ցնցող վկայություններ կերպարների դասի, կարգավիճակի և կրթության մասին՝ չհաշված նրանց մտավոր կարողության և հուզական վիճակի մասին. պատմվածքում և ստեղծագործության նկարագրական հատվածներում շատ են նշանակալի մտադրություններն ու հնչեղավորումները. կարող են լինել հեգնանքի կամ երգիծանքի տարրեր. արձակի ռիթմը (երկար, սահուն հատվածներ կամ կարճ, կտրուկ արտահայտություններ) և տեքստի տոնայնությունը (խոսակցական արտահայտություններ, վերամբարձ խոսք, պերճասույթներ, ժարգոն, նրբագեղություն, ոչ ստանդարտ կիրառում) առանցքային ոճական հնարքներ են, և թարգմանիչը պարտավոր է հասկանալ, թե ինչպես է այս գործիքակազմը նպաստում հորինվածքի նպատակներին, կերպարի բացահայտմանը, գործողությունների առաջընթացին:
Բոլոր ուշադիր ընթերցողները, թեև տարբեր աստիճանի, անում են դա, գիտակցաբար, թե անգիտակցաբար։ Անշուշտ, գրականության ուսանողներն ու ուսուցիչները իրենց գրած յուրաքանչյուր աշխատությունում և կարդացած ամեն դասախոսության մեջ նման խորը վերլուծության են ձգտում։ Ինչպե՞ս են, ուրեմն, թարգմանչի ջանքերը տարբերվում ցանկացած ուշադիր ընթերցողի ջանքերից՝ չհաշված հյուծված ուսանողներին և նրանց հավասարապես քամված ուսուցիչներին: Թարգմանչի աշխատանքի յուրօրինակ գործոնն այն է, որ մենք ոչ միայն տեքստի ունկնդիրներն ենք, որոնք մտքում լսում են հեղինակի ձայնը, այլև երկրորդ տեքստի՝ թարգմանված գործի խոսնակները, որոնք կրկնում են այն, ինչ լսել են, թեև մեկ այլ լեզվով, մի լեզու, որն ունի իր ուրույն գրական ավանդույթը, իր սեփական մշակութային պաշարները, իր առանձին բառապաշարն ու շարահյուսությունը, սեփական պատմական փորձը, որոնց բոլորին պետք է վերաբերվել նույնքան հարգանքով, ակնածանքով և գնահատանքով, որքան բնագիր գրողի լեզվին։ Մեր նպատակը հնարավորինս վերստեղծելն է, երկրորդ լեզվի խորթ համակարգում, մեր կողմից թարգմանվող գործի բոլոր յուրահատկությունները, տարօրինակությունները, բառախաղերն ու ոճական առանձնահատկությունները։ Եվ մենք դա անում ենք նմանության մեթոդով, այն է՝ երկրորդ լեզվում գտնելով համարժեք, ոչ նույնական, յուրահատկություններ, տարօրինակություններ, բառախաղեր ու ոճական առանձնահատկություններ: Ստեղծագործությունը ցանկացած այլ եղանակով կրկնելը, օրինակ՝ բառացի թարգմանության մոլորությանը ենթարկվելն ու տեքստը մեկ այլ լեզվով կրկնօրինակելու փորձ կատարելը, տառացի վերարտադրման կաղապարներով առաջնորդվելը, կհանգեցներ ոչ թե թարգմանության, այլ՝ մի գրոտեսկային տարբերակի, ինչպես Բորխեսի Պիեռ Մենարը, որը վերաշարադրում է իր սեփական «Դոն Կիխոտ»-ը. այն բառ առ բառ համընկնում է Սերվանտեսի բնագրին, թեև գերադասվում է բնագրից՝ իր արդիական լինելու պատճառով: Ավելին՝ անմիտ, բառացի թարգմանությունը կնշանակեր պայմանագրի լուրջ խախտում: Աշխարհում չկա ինքն իրեն հարգող մի հրատարակիչ, որ չմերժեր այս կերպ կառուցված ձեռագիրը։ Այն ընդունելի, ընթեռնելի կամ հավատարիմ չէ, ինչպես պահանջվում է պայմանագրով, թեև, այն, անշուշտ, կարող է ունենալ իր ուրույն այլասերված ինքնատիպությունը:
Ինչպես նշել է Վալտեր Բենյամինն իր «Թարգմանչի խնդիրը» էսսեում՝
. . . [Ո]չ մի թարգմանություն հնարավոր չէր լինի, եթե այն իր բուն էության մեջ ձգտեր նմանվել բնագրին: . . . Քանի որ, ինչպես գրականության մեծագույն գործերի բովանդակությունն ու նշանակությունն են դարերի ընթացքում ամբողջապես վերափոխվում, այնպես էլ թարգմանչի մայրենի լեզուն է փոխակերպվում։ Այն պարագայում, երբ բանաստեղծի բառերը գոյատևում են իր սեփական լեզվում, նույնիսկ ամենահանճարեղ թարգմանությանը վիճակված է դառնալ իր սեփական լեզվի աճի մի մասը և, ի վերջո, կլանվել իրենով իսկ նորացված լեզվի կողմից: Թարգմանությունն այնքան հեռու է երկու մեռած լեզուների ստերջ հավասարումը լինելուց, որ բոլոր գրական ձևերից այն միակն է, որր հատուկ առաքելությամբ է օժտված, այն է՝ հետևել բնագիր լեզվի հասունացման գործընթացին և իր սեփական լեզվի երկունքի ցավերին։[1]
Եվ ըստ գերմաներենից մեծ թարգմանիչ Ռալֆ Մանհայմնի հայտնի խոսքերի՝ թարգմանիչները նման են դերասանների, որոնք իրենց տողերն ասում են այնպես, ինչպես հեղինակը կասեր, եթե կարողանար անգլերեն խոսել: Ինչպես և կարելի էր ակնկալել արվեստի նման շնորհալի գործչից, թարգմանության վերաբերյալ Մանհայմի դիտարկումը հիանալիորեն խորաթափանց է և բացահայտող։ Ուրիշ ինչ էլ որ լինի, թարգմանությունը, Մանհայմի ձևակերպմամբ, մեկնողական կատարում է, որը բնագիր տեքստի հետ նույն հարաբերությունն ունի, ինչ դերասանի կատարումը սցենարի հետ, երաժիշտինը՝ ստեղծագործության հետ: Կատարման այս պատկերով է, հավանաբար, բացատրվում այն փաստը, որ, զարմանալիորեն, ես միշտ պատկերացնում և քննարկում եմ թարգմանությունը որպես էապես լսողական գործընթաց, մի բան, որն անմիջապես հասանելի է այլոց՝ ի տարբերություն լուռ, միանձնյա գործընթացի: Մտածում եմ հեղինակի ձայնի և տեքստի հնչողության մասին, այնուհետև երկուսն էլ հնարավորինս հստակ և խորը լսելու իմ պարտավորության մասին, և, վերջապես, այդ ստեղծագործությունը երկրորդ լեզվով արտաձայնելու իմ՝ հավասարապես հրատապ կարիքի մասին: Հատկապես պոեզիայի թարգմանության պարագայում, այս պրակտիկան զուտ փոխաբերական չէ: Փոխարենը՝ դա իսպաներեն լեզվով բանաստեղծության մեկնաբանման և այն անգլերեն թարգմանելու իմ իրական մոտեցման անբաժանելի մասն է: Իմ դեպքում, աշխատանքը հակված է կենդանի ձայնով կատարմանը:
Մենք անընդհատ կարդում ենք թարգմանություններ, բայց ապշեցուցիչ և շփոթեցնող է գիտակցելը, որ մեկնողական բոլոր արվեստներից միայն թարգմանությունն է ստիպված ետ մղել այն նենգ, կործանարար հարցը, թե արդյո՞ք թարգմանությունը հնարավոր է, կարող է լինել հնարավոր, կամ պետք է հնարավոր լինի, թե՝ ոչ,: Երբևէ որևէ մեկի մտքով չի անցնի հարցնել, թե հնարավո՞ր է արդյոք, որ դերասանը թատերական դեր կատարի, կամ թե երաժիշտը երաժշտական գործ նվագի: Իհարկե, հնարավոր է, ճիշտ այնպես, ինչպես հնարավոր է, որ թարգմանիչը վերաշարադրի գրական գործը մեկ այլ լեզվով: Հնարավո՞ր է արդյոք դա լավ անել։ Կարծում եմ՝ այո, ինչպեսև կարծում են իմ թարգմանող գործընկերները, սակայն կան այլ, առավել հակակրելի կարծիքներ։ Բայցևայնպես, նույնիսկ ամենաչարակամ, նենգ քննադատը դժկամորեն ընդունում է մեկ-մեկ, որ որոշ լավ թարգմանություններ ժամանակ առ ժամանակ հայտնվում են։ Եվ, ընդհանրապես, համաշխարհային գրականության՝ որպես գիտական ուսումնասիրության առարկայի գաղափարը կախված է թարգմանությունների առկայությունից։ Թարգմանությունը կենտրոնական ու կարևոր դիրք է զբաղեցնում համընդհանուր, լուսավորյալ քաղաքակրթության հղացականացման հարցում, և փոքր ձեռքբերում չէ այն, որ թարգմանությունը գրեթե սահմանում է եվրոպական Ռենեսանսը: «Վերածնունդը», որը մենք բոլորս ինչ-որ պահի ուսումնասիրել ենք, սկսվել է լատիներեն, այնուհետև նաև տեղական բարբառներով քրիստոնեական Եվրոպային դարեր շարունակ անհայտ մնացած հին հունական փիլիսոփայության և գիտության թարգմանություններով։ Ուշ տասնհինգերորդ, տասնվեցերորդ և տասնյոթերորդ դարերի բանաստեղծները, օրինակ՝ իսպանացիներ Գարսիլասո դե լա Վեգան և Ֆրեյ Լուիս դե Լեոնը, կանոնավոր կերպով թարգմանում և համապատասխանեցնում էին դասական, ապա նաև իտալական գործերը, և Հորացիուսի կամ Վերգիլիոսի կամ Պետրարկայի այս տարբերակները, որպես կանոն, ներառված էին իրենց բնագիր բանաստեղծությունների ժողովածուներում:
Թարգմանությունը կարևոր նշանակություն ունի մեր՝ որպես լուրջ ընթերցողի ինքնագիտակցության համար, և, ընթերցելու ու սովորելու տեսակետից, թարգմանությունների բացակայությունը մեզ՝ որպես գրագետ, կիրթ տղամարդկանց ու կանանց համար, աներևակայելի կլիներ: Աշխարհում կա մոտ վեց հազար պահպանված լեզու: Ենթադրենք, որ դրանցից մոտավորապես հազարը գրավոր են: Նույնիսկ ամենաօժտված լեզվաբանը չէր կարող կարդալ բարդ գրական տեքստեր հազար լեզվով։ Մենք հակված ենք ակնածանքով վերաբերվել այն քչերին, որոնք կարող են լավ կարդալ գոնե տասը լեզվով, և դա, անկասկած, ապշեցնող հմտություն է, այդուհանդերձ, պետք է հիշենք, որ եթե թարգմանություններ չլինեին, նույնիսկ այդ բազմալեզու շնորհալիները կզրկվեին իրենց չիմացած այն 990 լեզուներով գրված գործերի հետ առնչվելուց։ Եթե սա ճիշտ է լեզվականորեն օժտվածների համար, պատկերացրեք, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ թարգմանությունների անհետացումը մնացածներիս վրա: Թարգմանությունն ընդլայնում է մեր՝ գրականության միջոցով մեկ այլ հասարակության կամ մեկ այլ ժամանակի մարդկանց մտքերն ու զգացմունքները ուսումնասիրելու ունակությունը: Այն մեզ թույլ է տալիս ճաշակել օտարի փոխակերպումը հարազատի, և կարճ ժամանակով ապրել մեր սեփական մաշկի, մեր սեփական նախապաշարումների ու թյուրընկալումների սահմաններից դուրս: Այն ընդլայնում ու խորացնում է մեր աշխարհը, մեր գիտակցությունը՝ անհամար, աննկարագրելի ձևերով:
Իրենց գործերի թարգմանությունը նաև խիստ կարևոր է աշխարհի գրողների համար, քանզի խոստանում է նրանց ընթերցողների քանակի զգալի աճ: Գրողների գրելու բազմաթիվ պատճառներից մեկը, թեև, իհարկե, ոչ միակը, որքան հնարավոր է շատ մարդկանց հետ հաղորդակցվելն է ու շատերի վրա ազդելը: Թարգմանությունն այդ թիվը մեծապես ընդլայնում է՝ թույլ տալով ավելի ու ավելի շատ ընթերցողների առնչվել հեղինակի գործին: Այն գրողների համար, որոնց մայրենի լեզուն սահմանափակ է այն առումով, թե որքան մարդ է խոսում այդ լեզվով, թարգմանությունն անփոխարինելի է նշանակալի չափի լսարան ձեռք բերելու համար: Նրանց համար, ում մայրենի լեզուն խոսվում է միլիոնավոր մարդկանց կողմից, որոնց զգալի մասը, թերևս, կարող է գրաճանաչ չլինել կամ այնքան աղքատ լինել, որ գրքեր գնելն անհնար լինի, թարգմանությունը նույնպես հույժ կարևոր է: Մեր արդի գրական իրադրության անհեթեթ հեգնանքներից մեկն էլ այն է, որ, չնայած Միացյալ Նահանգներում, Անգլիայում և անգլիախոս աշխարհի մյուս երկրներում տարեկան հրատրակվող թարգմանությունների չնչին քանակին (ի տարբերություն, ասենք, արևմտաեվրոպական կամ լատինաամերիկյան արդյունաբերականացված երկրների), գրողների և նրանց գործակալների մեծ մասը տենչում են իրենց գրքերն անգլիալեզու շուկայում տեսնել։ Անգլերենը միջազգային հաղորդակցության համաշխարհային լեզու (լինգվա-ֆրանկա) է հանդիսանում առևտրի, տեխնոլոգիաների և դիվանագիտության ոլորտում և մեծամասամբ խոսվում է այն վայրերում, որտեղ գրագիտությունը գերակշռում է, և մարդիկ բավական ապահովված են, որպեսզի գիրք գնեն, թեև, կարծես թե գիրք գնողների թիվը շարունակ նվազում է: Մի քանի տարի առաջ Ֆիլիպ Ռոթը հաշվարկել էր, որ ԱՄՆ-ում գիրք գնող չորս հազար մարդ կա, ապա հավելել, որ գիրքդ նրանց և գրադարաններին վաճառելուց հետո, ըստ էության, քո գործն ավարտվում է: Այն օրերին, երբ լավատեսորեն եմ տրամադրված լինում, ենթադրում եմ, որ Ռոթը իրեն բնորոշ հեգնանքով է մոտեցել խնդրին: Այլ դեպքերում այնքան էլ վստահ չեմ լինում դրանում:
Նոբելյան մրցանակի հետ կապված երկսայր հերյուրանքներից մեկն այն է, որ ոչ մի գրող, որն անգլերեն չի թարգմանվել, չի կարող հուսալ, որ գրականության բնագավառում այդ մրցանակի համար իր թեկնածությունը կարող է քննարկվել անգամ, քանի որ անգլերենը այն միակ լեզուն է, որը հանձնաժողովի բոլոր անդամները կարող են կարդալ: Այս գաղափարը, իրականում, ճշմարիտ է թվում գրքի օգտագործման այլ զանգվածային միջոցների դեպքում, ինչպիսինն է ֆիլմը: Անգլերեն չթարգմանված գիրքը քիչ հավանականություն ունի երբևէ վերածվելու լայն շրջանառություն ունեցող ֆիլմի:
Թարգմանությունն ազդում է ստեղծարար արվեստագետների վրա մեկ այլ, գուցե ոչ այդքան ակնհայտ, բայց շատ ավելի կարևոր և աննախադեպորեն հետևանքային կերպով, որն ավելին է, քան ֆինանսական պարգևատրման խնդիրը՝ անկախ նրանից, թե որքան էական է դա: Ինչպես Վալտեր Բենյամինն է նշում ավելի վաղ մեջբերված հատվածում, գրական թարգմանությունը հագեցնում է լեզուն ազդեցություններով, փոփոխություններով և համադրություններով, որոնք անհնար կլինեին առանց թարգմանված օտար գրական ոճերի և ընկալումների, և առանց այն գրականության նյութական նշանակության և կշռի, որը դուրս է բացառապես միալեզու տարածքի սահմաններից: Այլ կերպ ասած, թարգմանված գրականության ազդեցությունը վերակենդանացնող և ընդարձակող էֆեկտ է ունենում «թիրախային լեզու» զարհուրելի անվանումը կրող լեզվի վրա՝ այսինքն, այն լեզվի, որով թարգմանվում է տեքստը։
1964թվին Ռոբերտ Բլայը գրել է «Ներուդայի անակնկալը» վերնագրով մի էսսե, որում նա ուղղակիորեն խոսում է այս խնդրի մասին.
Մենք հակված ենք ժամանակակից երևակայությունը կապել ցատկոտող երևակայության հետ, որն առաջ է շարժվում, կանգ առնում, շրջվում, մի թեմայից մյուսին անցնում: Ներուդայի բանաստեղծություններում երևակայությունն առաջ է ընթանում՝ ամբողջ բանաստեղծությունը տոգորելով երևակայական էներգիայի աճող հոսքով: . . . Նա նոր տեսակի արարած է, որը շարժվում է ամեն ինչի մակերեսի տակ:
Շարժվելով երկրի ընդերքում՝ նա ամեն ինչ գիտի ներքևից վեր (որն առարկայի բնույթն ընկալելու ճիշտ ձևն է) և, հետևաբար, երբեք շփոթության մեջ չի ընկնում, թե ինչպես այն անվանի: Նրա համեմատ, ամերիկացի բանաստեղծը նման է կույր մարդու, որը տեղաշարժվում է գետնից վեր՝ ծառից ծառ, տնից տուն՝ երկար ժամանակ շոշափելով յուրաքանչյուր առարկան, ապա «տուն» բացականչում, երբ մենք արդեն գիտենք, որ դա տուն է:
Գեղարվեստական հայտնագործության այն տեսակի ազդեցությունը, որը հնարավոր է դառնում թարգմանության շնորհիվ, խորապես կարևոր է ցանկացած լեզվի և ցանկացած գրականության առողջության և կենսունակության համար: Դա կարող է լինել պատճառներից մեկը, որ ազգային գրականության պատմությունները շատ հաճախ, ասես, բացառում են գրողների միջև չափազանց նշանակալից կապերը: «Ազգային գրականությունը» նեղացնող, սահմանափակող հղացք է, որը հիմնված է հայրենիի և օտարի տարազատման վրա, որն, իհարկե, հիմնավոր և օգտակար տարբերակում է որոշ ոլորտներում և որոշակի հանգամանքներում, բայց գրավոր խոսքում այն կանխվում է թարգմանությամբ, որն իր առաքելությունն է համարում Բաբելոնյան աշտարակի կառուցման համար աստվածային պատժի ազդեցության ժխտումն ու մերժումը, կամ, առնվազն, դրա վատթարագույն պառակտիչ հետևանքների հաղթահարումը: Թարգմանությունը հաստատում է գրականության համահունչ, միասնական ընկալման հնարավորությունը աշխարհի լեզուների բազմազանության մեջ: Միևնույն ժամանակ, թարգմանությունը ողջունում է լեզուների միջև եղած տարբերությունները և մարդկային փորձի ու ընկալման բազմաթիվ տեսակները, որ նրանք կարող են արտահայտել: Ես չեմ գտնում, որ սա հակասություն է: Ավելի շուտ, այն հաստատում է ինչպես գրականության, այնպես էլ թարգմանության համապարփակ, ընդգրկուն բնույթը։
Թարգմանության շնորհիվ լեզուների միջև արգասաբեր փոխանակման բազմաթիվ օրինակներից մեկը Ուիլյամ Ֆոլքների և Գաբրիել Գարսիա Մարկեսի միջև շարունակական կապն է: Երիտասարդ տարիքում Գարսիա Մարկեսը անհագ ախորժակ ուներ Ֆոլքների գեղարվեստական գրվածքների հանդեպ և ագահաբար կլանում էր նրա վեպերն իսպաներեն թարգմանությամբ, ինչպես նաև այլ լեզուներով գրող բազմաթիվ այլ հեղինակների գրքեր: Տարիների ընթացքում նա հաճախ է խոսել Ֆոլքների մասին՝ իբրև իր սիրած անգլիալեզու հեղինակի, ինչը դարձավ երկար զրույցի առարկա կոլումբիացու և նախկին նախագահ Բիլ Քլինթոնի միջև (որը պնդում էր, որ «Հարյուր տարվա մենություն»-ը վերջին հիսուն տարիների ամենալավ վեպն է, և իր ամենասիրած գեղարվեստական գործը) 1995թ.-ի ամռանը Մարթա’զ Վինյարդ կղզում գտնվող Ուիլյամ Սթայրոնի տանը կազմակերպված ճաշի ժամանակ: Միջոցառմանը ներկա էր նաև Կառլոս Ֆուենտեսը, և երբ նա ասաց, որ իր սիրած գիրքը «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ»-ն է, Քլինթոնը ոտքի ելավ և «Շառաչ և ցասում» վեպից ասմունքեց Բենջիի մենախոսությունից մի հատված:
Գարսիա Մարկեսի «Ապրել պատմելու համար» («Vivir para contarla») ինքնակենսագրությունում Ֆոլքների «Լույս Օգոստոսին» վեպի իր ընթերցումը կարմիր թելի նման անցնում է Արակատակայում ընտանեկան տունը վաճառելու համար մոր հետ կատարած ուղևորության պատմության միջով. «Ես արդեն կարդացել էի, թարգմանությամբ և փոխառված հրատարակություններում, բոլոր գրքերը, որոնք ինձ պետք կլինեին, որպեսզի սովորեի վիպագրի արհեստը: . . . Ուիլյամ Ֆոլքները իմ խնամակալ դևերից ամենահավատարիմն էր»: Այնուհետև շարունակում է. «Ես մնում էի իմ սենյակում, որպեսզի կարդայի . . . գրքեր, որոնք պատահաբար և բախտի բերումով էի ձեռք բերել: . . . Սրանք, ասես, փռից հանած տաք հաց լինեին՝ տպագրված Բուենոս Այրեսում նոր թարգմանություններով Երկրորդ աշխարհամարտի պատճառով հրատարակման երկարատև դադարից հետո: Այս կերպ, հուրախություն ինձ, հայտնաբերեցի արդեն իսկ լավ հայտնաբերված Խորխե Լուիս Բորխեսին, Դ. Հ. Լորենսին և Օլդոս Հաքսլիին, Գրահամ Գրինին և Գիլբերտ Չեստերթոնին, Ուիլյամ Այրիշին ու Քաթրին Մանսֆիլդին և շատ ուրիշների»: Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ի մասին նա գրում է. «Դա ոչ միայն մի իսկական աշխարհի հայտնագործություն էր, որի գոյությունը ես երբեք չէի կասկածել իմ ներսում, այլև անգնահատելի տեխնիկական օգնություն էր ինձ՝ իմ գրքերում լեզուն ազատելու, ինչպես նաև ժամանակն ու կառույցները կարգավորելու հարցում»: Եվ, վերջապես, այսպես է նա նկարագրում առաջին անգամ Կաֆկա կարդալու ազդեցությունը. «Ես այլևս երբեք չեմ քնել իմ նախկին հանդարտությամբ: Գիրքը Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ն էր՝ Բորխեսի կեղծ թարգմանությամբ՝ հրատարակված Լոսադայի կողմից Բուենոս Այրեսում, որն իր առաջին տողից իմ կյանքի համար նոր ուղի սահմանեց, և որն այսօր համաշխարհային գրականության լավագույն հնարքներից է»: Հնարավոր է, որ նա թարգմանությունը «կեղծ»[2] է անվանել, քանի որ (ինչպես նա է նկարագրում այն, ինչ սովորել է Բորխեսից)[3] հեղինակին ընդամենը պետք էր ինչ-որ մի բան գրել, որպեսզի այն ճշմարիտ լիներ: Ամեն դեպքում, այս հակիրճ հատվածներում, նշանավոր վիպագիրը հիշարժան կերպով երևան է հանում երիտասարդ գրողի՝ գեղարվեստական արձակ գրելու արհեստում կրթության ընդգրկունությունն ու ցայտունությունը. մի նախաձեռնություն, որը հնարավոր չէր լինի առանց գրական թարգմանությունների գոյության: Այս գրքերը և նրա կարդացած մնացած բոլոր գրքերը որոշիչ ազդեցություն են ունեցել նրա՝ որպես գրողի ձևավորման վրա, և թույլ են տվել նրան կարդալ իբրև հեղինակների աշակերտ. հեղինակներ, որոնք իրականում ծառայել են որպես հեռավար ուսուցիչներ:
Ինչ-որ մեկը Ֆոլքներին մի անգամ անվանել էր լատինաամերիկյան ամենահայտնի անգլիալեզու գրողը. մի նկարագրություն, որը հավանաբար ավելին է, քան սոսկ սրամտություն: Նա, ասես, ժառանգել և ապա անգլերեն է տեղափոխել այն լայնածավալ սերվանտեսյան ոճը, որն այդքան խորը ազդեցություն է ունեցել, թե՛ դրական, թե՛ բացասական, բոլոր հետագա իսպանալեզու գրողների վրա: Ավելին, Սերվանտեսը ստեղծել է արդի գեղարվեստական գրականության ձևն ու ուրվապատկերը, որը հիմնարար կարևորության ժանրային վերափոխում է՝ անկախ գեղարվեստական արձակագրի լեզվից: Վեպի զարգացումը Եվրոպայում, հատկապես 18-րդ դարի Անգլիայում և Հենրի Ֆիլդինգի առանցքային նշանակության աշխատությունում, ուղղակիորեն ձևավորվել է «Դոն Կիխոտ»-ի մոդելի վրա, որը թարգմանվել է հրապարակումից գրեթե անմիջապես հետո: Թոմաս Շելթոնի թարգմանությամբ 1611թ.-ին լույս տեսած անգլերեն տարբերակը Սերվանտեսի 1605թ.-ին գրված վեպի առաջին մասի որևէ լեզվով առաջին թարգմանությունն էր: Այն ենթադրությունը, թե Շեքսպիրը մտադրություն ուներ պիես գրել՝ հիմնված Կարդենիոյի՝ «Դոն Կիխոտ»-ի առաջին մասում ընդմիջարկված պատմվածքներից մեկի գլխավոր հերոսի, արկածների վրա, կամ այն, որ նա իրականում գրել է պիեսը, որը, ցավոք, կորել է, հատկապես հետաքրքրական է դառնում մեր նպատակների մասով՝ շնորհիվ Անգլիայում Շելթոնի թարգմանության առկայության և հաջողության, որը նախաձեռնեց Սերվանտեսի՝ վեպի զարգացման, վիպասանների գրելու ձևի և, իհարկե, Ֆոլքների գրելու ոճի վրա ունեցած ազդեցության երկար, բազմակողմանի պատմությունը:
Կասկած չկա, որ քսաներորդ դարի կեսերին Ֆոլքները հանդիսանում էր Լատինական Ամերիկայի ժամանակակից ամենակարևոր անգլիալեզու գրողը: Նրա հնչեղ, պերճախոս, բարոկկո ոճը իր սերվանտեսյան արձագանքներով հարազատ էր թվում իսպանախոս ընթերցողին, բայց կարծում եմ, որ լատինաամերիկյան վեպի զարգացման, և, առաջին հերթին, Բում կոչվող գրական երևույթի հարցում, Ֆոլքների խորքային նշանակության համար առավել վճռորոշ էր նրա առասպելական, մեգապատմական, բազմասերնդային տեսլականը երկրի և դրա վրա ապրող մարդկանց մասին: Ոչ միայն Գարսիա Մարկեսը, այլև Կառլոս Ֆուենտեսը, Մարիո Վարգաս Յոսան և մի շարք այլ ժամանակակից լատինաամերիկյան վիպասաններ լրջորեն պարտական են Ֆոլքներին (և, իհարկե, Սերվանտեսին): Այս հարուստ գրական փոխհարստացումներից ոչ մեկը հնարավոր չէր լինի, եթե Սերվանտեսը, Ֆոլքները և շատ ու շատ ուրիշներ երբեք չթարգմանվեին:
Նմանապես, անհնար է պատկերացնել ժամանակակից անգլիալեզու վեպը առանց Գարսիա Մարկեսին հաշվի առնելու (չխոսենք Խորխե Լուիս Բորխեսի և Խուլիո Կորտասարի մասին): Գարսիա Մարկեսի ստեղծագործությունների ազդեցությունը (ենթադրաբար, թարգմանությամբ, ինչպես Ֆոլքների ազդեցությունը Լատինական Ամերիկայում անկասկած կայացավ մեծամասամբ իսպաներենով) ակնհայտ է բազմաթիվ նշանավոր գրողների մոտ, որոնց թվում են Թոնի Մորիսոնը, Սալման Ռուշդին, Դոն Դելիլոն և Մայքլ Շեյբոնը: Միայն մտածեք. Ջոյսի գրվածքներում Գարսիա Մարկեսի հայտնաբերած ազատությունը, և նրանից ու Ֆոլքներից ստացած Մարկեսի կառուցվածքային և տեխնիկական գիտելիքը փոխանցվել են անգլիալեզու գեղարվեստական արձակագիրների ավելի երիտասարդ սերնդին՝ կոլումբիացու ստեղծագործությունների թարգմանության ազդեցության միջոցով: Հայտնաբերման նորարար գործընթացը, որը թույլ է տվել խոշոր գրողներին ճկել հեղինակային մկանները մի լեզվի և մի գրական ավանդույթի սահմաններից դուրս, անհնար կլիներ առանց թարգմանված գրքերի հասանելիության: Թարգմանությունն, իրականում, հզոր, ներթափանցող ուժ է, որը, թույլ տալով գրողին մուտք գործել գրական աշխարհներ, որոնք պարտադիր չէ, որ գտնվեն մեկ ազգային կամ լեզվական ավանդույթի մեջ, ընդլայնում և խորացնում է նրա ոճի, մեթոդի և կառուցվածքի ընկալումը: Ազդեցության էապես վնասակար տագնապներից անդին՝ գրողներն իրենց արհեստը սովորում են միմյանցից, ճիշտ այնպես, ինչպես նկարիչներն ու երաժիշտները: Անմիջական աշակերտման օրերը, մեծ հաշվով, անցյալում են, բացառությամբ, իհարկե, պաշտոնական, ակադեմիական շրջանակների (օրինակ՝ ստեղծագրության ծրագրեր, արհեստանոցային դասընթացներ կամ կոնսերվատորիայում ուսումնառություն), բայց արվեստագետները կարող են այլ եղանակներով ուսուցիչ գտնել։ Սկսնակ հեղինակներին հասանելի գրքերը որքան ավելի շատ են և որքան ավելի շատ տեղերից, այնքան ավելի մեծ է ստեղծագործական ազդեցության հնարավոր հոսքը, այնքան ավելի անդիմադրելի է կայծը, որը բորբոքում է գրական երևակայությունը: Թարգմանությունը բացառիկ, կարևոր դեր է խաղում բազմալեզու փոխհարստացման միջոցով գրական հորիզոնների ընդլայնման գործում: Գրողների համաշխարհային համայնքն առանց դրա անհնար կլիներ պատկերացնել:
Գյոթեն գտնում էր, որ գրականությունն ինքն իրեն սպառում է, և նրա ռեսուրսները նվազում են, եթե այն իրեն կտրում է այլ գրականությունների ազդեցություններից և ավանդից։ Ոչ միայն գրականությունը, այլև լեզուն է ծաղկում, երբ այն առնչվում է այլ լեզուների հետ: Արտահայտման նոր միջոցների լեզվական ներթափանցման արդյունքը բառապաշարի ընդլայնումն է, արտահայտչական ներունակությունն ու կառուցվածքային փորձարկումները: Այլ կերպ ասած, թարգմանության հետ եկող հորիզոնների ընդլայնումը ազդեցություն է ունենում ոչ միայն ընթերցողների, խոսողների և գրողների վրա, այլ հենց լեզվի բնույթի վրա: Որքան ավելի է լեզուն ընդունում նոր տարրերի և օտար արտահայտությունների ներթափանցումներն ու փոխներթափանցումները, այնքան ավելի մեծ, ավելի ուժգին և առավել ճկուն է այն դառնում որպես արտահայտչամիջոց: Ինչ տխուր է դիտել անգիտակ կառավարությունների և բացառող սոցիալական շարժումների ջանքերը՝ ուղղված լեզվի առասպելական «մաքրության» գաղափարը նախ հորինելուն, ապա` խթանելուն՝ արգելելով ազգային տարածքում որևէ այլ լեզուների օգտագործումը: Լեզուն, որը նրանք ցանկանում են պահպանել, վերջիվերջո կմաշվեր, կքայքայվեր ու կաղքատանար արտահայտման և հաղորդակցման նոր և անծանոթ միջոցների մատչելիության բացակայության պատճառով, եթե չլինեին ամբողջ աշխարհով մեկ ընթացող հարստացնող միջմշակութային և բազմալեզու հոսանքների անդիմադրելի, անխուսափելի ալիքները:
Աղբյուրը՝ Edith Grossman, Why Translation Matters (Yale University Press, New Haven and London, 2010).
[1] Մեջբերումը թարգմանված է Հարրի Զոհնի անգլերեն թարգմանությունից։ Այստեղ նաև ներառում եմ Մարկ Նշանեանի թարգմանությունը գերմաներենից՝ «[Ո]րեւէ թարգմանութիւն ինքն իր մէջ արդէն անկարելի պիտի ըլլար եթէ ձգտէր ան ըստ էութեան բնագիրին հետ նմանութեան մը։ . . . Որովհետեւ այնպէս՝ ինչպէս մեծ ստեղծագործութիւններուն երանգն ու նշանակութիւնը դարերու ընթացքին կը կերպարանափոխուին, նոյնպէս ալ՝ կը կերպարանափոխուի թարգմանիչին մայրենի լեզուն։ Մինչդեռ ստեղծագործողին խօսքը իր լեզուին մէջ կը տեւէ ու կը դիմանայ, ուժեղագոյն թարգմանութիւնը սահմանուած է իր լեզուի աճումին մասնակցելու եւ նորոգուած լեզուին մէջ ընկլուղելու։ Թարգմանութիւնը հեռու է երկու մեռած լեզուներու մունջ հաւասարումը ըլլալէ, այնքան հեռու որ ընդհակառակը՝ բոլոր ձեւերուն մէջ իրեն ամենէն յատուկը այս է. մէջտեղ հանել օտար խօսքի ներքին հասունացումը, ինչպէս նաեւ սեփական խօսքի տղաբերքի ցաւերը»։ տե՛ս «ԿԱՄ» հանդեսի 1-ին համարը, 1980թ., էջեր 119-120[Թարգմ. ծանոթագրություն]
[2] Կաֆկայի «Կերպարանափոխություն» նովելի ավելի վաղ անանուն թարգմանությունը լույս էր տեսել 1925 թվին և նույնական էր 1943թվին Բորխեսի անվան տակ լույս տեսած հրատարակությանը: [Թարգմ. ծանոթագրություն]
[3] Գրոսմանն այստեղ հղում է կատարում Բորխեսի «Պիեռ Մենարը՝ «Դոն Կիխոտի» հեղինակ» գրվածքին։ [Թարգմ. ծանոթագրություն]