Եկան: Նրանք եկան: Իջան գետափնյա դոմիկի ճամփով: Փողը կար: Փողը հավաքել էին: Գնդի յախշու՝ մասիվցի Անդիկի մոտ էր փողը: Բացի Անդիկից մարդա 10.000 դրամ: Նրանք երեքով էին գալիս: Ենթասպա վարորդը չհաշված՝ երեքով: Սանչաստի ուազիկով էին գալիս: Քաղաքի հոսպիտալում մի երկու ամիս լռվցրել էին: Մի էդքան էլ կլռվցնեին: Բայց գալիս էին: Նույնիսկ գնդի յախշին՝ մասիվցի Անդիկն էր գալիս: Ճանապարհին ենթասպա վարորդից հարցուփորձ արին: Ասեց՝ կա, մի հատ լավ պուց կա: Դոմիկը շոշից տալդա կտրված, հենց գետի բերանին: Էս կողմերում մեջներից լավը ինքնա՝ Մառա-Սոֆին: Անվան վրա ղժացին: Մառա-Սոֆի: Ենթասպան ասեց՝ հա, դրանք անուններ փոխել սիրում են: Դրանք ի՞նչ չեն սիրում որ: Ուազիկի շարժիչը ոռնում էր: Անդիկը ենթասպայի ականջին գոռաց: Դրանից չենք ընգնի չէ՞: Սպառնաց՝ նայի ընգանք բժշկի փողը վզովդ կմնա: Վարորդը փակեց աչքերը: Ուազիկը գլխով արեց: Նրանք կանգնեցին: Ապահովության համար կանգնեցին: Վռթոն ու Պիտաչը վռազ իջան, վռազ մտան դեղատուն, վռազ գանդոն առան, հետ եկան վռազ: Գանդոնները իրար մեջ բաժանեցին: Չհաշված վարորդը՝ մարդա մի-մի տուփ: Տուփերի անկյուններին կլուբնիկե ծիածաններ: Ուրիշ բան չկար՝ կլուբնիկով էր, քաղաքից պիտի առնեինք: Արդարացավ Պիտաչը: Կլուբնիկը հեչ, բայց որ ճղվեց, Մառա-Սոֆին վզովդ կմնա: Անդիկը խնդաց, թեթև չռփեց Պիտաչին: Պիտաչը ժպտաց: Ինքն իր շուրթերին կամացուկ ժպտաց: Թեթևները: Անդիկի թեթև չռփոցները սիրում էր: Նրա ձեռքին սպասել սիրում էր: Ո՞վ չէր սիրում որ: Նրանք եկան: ճանապարհը մկրատեցին ու գետականչով եկան: Գիտեր ենթասպան: Ուազիկը կոծկել գիտեր: Դոմիկի քիվը բռնած խսիրե ծածկի տակ, որի միջուկը՝ սև խորշ էր: Ու մեքենան խորշը տարավ: Դրսի աչքին անգո՝ նրանք մթնեցին: Բլյախ-գլխարկ դզելով իջան: Անդիկը դուխի ուներ՝ ճուտ-սրվակ: Հանեց ճտի խցանը, ցուցամատը բացբերանին սղմեց, թափ տվեց: Պարանոցի տրոփյունը օծյալ մատով բուրմունքեց: Վռթոն ու Պիտաչը ճուտ-սրվակին նայեցին: Նրանք երկուսն էլ մի-մի անգամ ճուտ-սրվակին չնայելով՝ ճուտ-սրվակին նայեցին: Անդիկը տեսավ: Նրանց ուզածը՝ իր չտեսնելու հայացքով տեսավ: Ճուտ-սրվակը նրանց հայացքների հետ գրպանը դրեց: Քայլեցին: Առաջին պահին՝ երեխեն անակնկալ էր: Երկրորդ պահին՝ երեխա էր: Բարև: Ասեց երեխեն: Բարև: Համարյա մտքում պատասխանեց ինչ որ մեկը: Դռան մոտ էր նստած երեխեն: Տետրիս էր խաղում: Մառա-Սոֆին դուրս եկավ: Նա անակնկալ չէր: Հիասթափություն էր: Օձագալար, կեղտից փայլփլուն ծամը գլխի մազաբաժանին ռեզինով խեղդած: Մառա-Սոֆին անշուրթ էր: Նիհար, էր: Ասես քանոն էր կուլ տվել: Այտերը մազոտ էին՝ պերեկիսով կյաժացրած: Ծնոտ սրություն էր: Ոտքերի ճիպոտներն էին չստերի մսին սուր-սուր խրված: Չինական վռվռիկ կտորից խալաթ էր հագել: Կապույտ խալաթ էր, վրան՝ հազարան բլբուլի ոսկեհյուս տնազ՝ անճոռնի ու փետրաթափ թռչուն: Մառա-Սոֆին ասեց՝ հեսա կոֆե դնեմ ու դոմիկ մտավ: Վերադարձավ տաբուրետներով: Նստեք, կոֆեն բերեմ: Հորս արև ատամ էլ չունի: ժանիքները տեսա՞ք: Բա փրչոտ երեսը: Նամռոտեց Վռթոն: Սպանեք ես սրան չեմ քունի: Անդիկը գժվեց: Ստե դու չես որոշում, արա: Բերանը ենթասպայի ականջին տարավ: Փաստորեն խաբում էիր մեզ: Բա ասում էիր լավն ա: Սրան մարդա 10.000 դրա՞մ: Գժվել ե՞ս: Ենթասպան չէր խաբում: Ենթասպան ծխում էր ու չէր գժվել: Դու մյուսներին չես տեսել, որ տենաս նոր կխոսանք: Խի սրանից վատն էլ կա՞: Հռհռաց Պիտաչը: Ոնց որ անապատում բաց թողած գորիլա լինի: Գորիլան տատդ ա: Չոռեց Անդիկը: Վռթոյին ու քեզ հանած մարդա իրեք հազար կտանք ու վերջ: Գնա հետը խոսա: Ենթասպան գնաց, վերադարձավ կոֆեի բաժակներով: Մյուս կոֆեները Մառա-Սոֆին բերեց: Միրգ էլ բերեց: Աման լվանալու հեղուկ էր բուրում Մառա-Սոֆին: Կոֆեն հեղուկահամ էր: Անդիկը կծեց դեղձից: Աման լվանալու հեղուկ թքեց: Ենթասպան ասեց՝ չէ, չի լինի, Մառա-Սոֆին իրանն ա քշում, ոչ ավել ոչ պակաս՝ մարդա 10.000 դրամ: Ու էս գինը մենակ զինվորների համար ա: Լավ է, էս ուռոդը գիտի Ջենիֆեր Լոպեսն ա: Վռթոն թողեց աթոռը: Ես մեքենայի մեջ մագ կլսեմ, դուք տեսեք ինչ եք անում: Ուազիկի բանալիները վերցրեց, չքվեց Վռթոն: Նրանք սպասում էին: Անդիկին էին սպասում: Անդիկին չաստն էր սպասում, հրամանատարն էր սպասում, մարտական հենակետն էր սպասում, հենակետի շունը՝ Ցիցոն, ազերիներն էին սպասում, համալսարանն էր սպասում, սպասում էին ծնողները: Նրան թվում էր աշխարհն է իրեն սպասում: Հոգնել էր սաղից՝ չաստից, հրամանատարից, մարտական հենակետից, Ցիցոյից, ազերիներից, համալսարանից, ծնողներից, աշխարհից: Ինքն իրենից էր հոգնել: Դու ո՞նց ես ուզում Պիտաչ, տենց էլ կանենք: Ասեց Անդիկը: Զարմացավ Պիտաչը, ուրախացավ ու լրճկվեց: Մառա-Սոֆին էդքան էլ վատը չի, բայց վիզ կդնեմ, որ գորիլա տատուս երեսին չնայեմ: Անդիկը ենթասպային ասեց՝ մենք գնացինք: Ու նրանք գնացին: Նրանք մտան դոմիկ: Երեխեն գիտեր: Երեխեն տետրիս էր խաղում: Ներսում ընդարձակ էր, մեջտեղից կիսված ծիգռովկա՝ պուտպուտուրիկ վարագույրով, որից այն կողմ ննջարանն էր: Մշուշի մեջ էր դոմիկը: Հնդկական խեժ էր կպցրել Մառա-Սոֆին՝ վարդ ու սանդալ: Էնիգմա էր միացրել: Գետնալամպ էր վառվում անկյունում: Պատի մոտ իշոտնուկ կար, դիմացը՝ սեղան, որի վրա՝ ափսե, մեջը՝ շուշա կոնֆետ, ափսեի կողքին գրիչ ու օրատետր: Պուտպուտուրիկները ցոլացին: Ծիգռովկա վարագույրը ճեղքվեց: Մառա-Սոֆին ձայն տվեց: Մի րոպեից մեկդ եկեք: Նրանց թվաց դա ձայն չէր: Ամեն ինչ էր բացի ձայնից: Անդիկը զիջեց Պիտաչին: Առաջինը դու մտի: Պիտաչը զարմացավ, ուզում էր ինչ որ բան ասել ընկերոջը, չգտավ նրան: Արդեն սեղանի առաջ էր Անդիկը, կիսաստվերի մեջ նստած: Պիտաչը անցավ վարագույրը: Անդիկը սպասեց: Ինչ երկար էր սպասում: Իսկ վարագույրը Պիտաչի շարժումից դեռ շիկնում էր: Սկսեց Մառա-Սոֆիի օրատետրը թերթել: Վճարման ցանկն էր, իրար հաջորդող պլյուսներ ու թվեր: Պլյուս 25.000, պլյուս 25.000, պլյուս, պլյուս, պլյուս: Պլյուսները զվարճացրին նրան: Ուզեց պլյուսներ տեսնել, միայն պլյուսներ: Շարունակեց թերթել: Մի քանի տեղ՝ պլյուս 10.000 տեսավ: Զինվորներն են: Ժպտաց Անդիկը: Հանկարծ պլյուս 1000-ի հանդիպեց: Չհավատաց, օրատետրը մոտեցրեց դեմքին: Գրված էր՝ պլյուս 1000 դրամ: Ո՞նց, հազար դրա՞մ: Տետրը թերթելով առաջ գնաց: Պլյուս 1000 դրամը հայտնվում էր, անհետանում ու հայտնվում, աներեսի պես քիթը խոթում էր անանուն տղամարդկանց գլխաքանակը: 1000 դրամը հայտնվում էր, համառորեն խցկվում 25 ու 10 հազարների արանքը: Հազար դրամը ո՞վ էր: Ասես մարդ չէր: Կատակ չէր: Այս աշխարհից չէր: Նա չհասկացավ ու հասկացավ: Հասկացածը՝ «սերն» էր: Սիրածն ա – ստեղ սեր կա: Մտածեց Անդիկը: Առանց փողի սրանք ոչ մեկի չեն տա: 1000 դրամը ձեռառնոցի ա, սիրածի հետ լինելու առիթ: Ճեղքվեց վարագույրը: Գլուխը կորցրած դուրս թռավ Պիտաչը: Շալվարով էր. խեբեն, գլխարկն ու գոտին մարմնին սեղմել, դողում էր: Պիտաչը աղի էր, ջրոտ: Աչքերով դոմիկի դուռն էր փնտրում: Անդիկը մոտեցավ նրան: Պիտաչ ի՞նչ կա: Նրանք նստեցին իշոտնուկին: Դողում էր Պիտաչը: Սառույցից էր նա: Ի՞նչ եղավ Պիտաչ: Կոկորդով մեկ բղավեց Անդիկը: Չես ասո՞ւմ: Պիտաչի շունչը լռեց: Լռեց մարմինը: Չէ, չկարեցա, Անդիկ: Ես չկարեցա: Չաթլախ, անասուն: Քրֆեց Անդիկը, բարձրացավ աթոռից ու մի ցատկով անցավ վարագույրը: Լռությամբ մնաց Պիտաչը: Հիմա տաք էր: Հիմա տաք, անցավազգաց ջրից էր: Անդիկը չէր գալիս: Անդիկը չեկավ: Հեսա կգա Անդիկը: Սպասում էր Պիտաչը: Անդիկը չէր գալիս: Անդիկը չեկավ: Հեսա կգա: Անդիկը չէր գալիս: Չեկավ Անդիկը: Անդիկը կգա: Չեկավ: Կգա: Չի գա: Վարագույրը մինչև վերջ բացվեց: Պիտաչը լույս տեսավ: Ու գետ տեսավ: Ու մահճակալի շուրթից պոկվող ծուխ տեսավ: Մառա-Սոֆիի հնդկական խեժը չէր՝ սանդալն ու վարդը: Անդիկի մատներն էին: Անդիկն էր ծխում: Պիտաչը մոտեցավ նրան: Լույսը՝ գետահայաց դուռն էր: Գետ՝ գետն էր: Կծխե՞ս Պիտաչ: Մառա-Սոֆին, ո՞ւր ա Անդիկ: Անդիկը լույսին նայեց, նայեց գետին: Սիրուն տեղա չէ՞, Պիտաչ: Դեբեդ գետն ա: Մառա-Սոֆին, ո՞ւր ա Անդիկ: Հետևիցս արի Պիտաչ: Անդիկը քաշեց, տարավ Պիտաչին: Նրանք քայլեցին, անցան դոմիկի հետնադուռը, իջան փայտե սանղամատներով: Ողորկ գլաքարերին ոստոստելով՝ մոտեցան գետին: Պիտաչը չոքեց: Սիգարետ կտա՞ս: Տվեց: Նրանք ծխեցին: Գետի հոսանքն ուժեղ էր: Անդիկը ինչ որ բան ասեց: Գետը կլանեց ձայնը: Անդիկի ձեռքին գլաքար կար: Քարի վրա ասես կլուբնիկ էին քամել: Մառա-Սոֆին, ո՞ւր ա Անդիկ: Գոռաց Պիտաչը: Անդիկը շպրտեց քարը, հայացքը շրջեց դեպի գետը, մատը տնկեց ջրերի մեջ կղզյակ կազմած ժայռաքարերին: Դրանց արանքներում, գետի հակընթաց հոսանքը գրկած, շողշողում էր անճոռնի ու փետրաթափ թռչունը: Նրանք նստեցին: Գետահայաց ծխեցին: Մեկ-մեկ նայում էին չինական վռվռիկ կտորից խալաթին, հազարան բլբուլի ոսկեհյուս տնազին՝ անճոռնի ու փետրաթափ թռչնին: Նրանք Մառա-Սոֆիին էին նայում: Հակընթաց հոսանքը քարերից անջատել, հետ էր բերում կնոջը: Նրանք սպասեցին Մառա-Սոֆիին:
ճակատի գծանկարը Ժանսեմի