Լուսանկարը` Անահիտ Հայրապետյան
Ծնվել եմ անցած դարում։ Երբ որ տպագրվեց բանաստեղծություններիս առաջին շարքը՝ Երևանը դեռ Սովետական Հայաստանի մայրաքաղաքն էր, ու «Գարունի» էդ համարի վրա գրված էր՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի ու ՀԳՄ վարչության ամսագիր։ Բայց խաղաղությանը մնացել էր մեկ տարի։ Հետո սկսվեց Երկրաշարժերի շրջանը։   Ու չնայած էս շրջանում հրատարակված երկու գրքերս տեկտոնական շարժումների արդյունքում մնացին հողի տակ, Երկրաշարժերի շրջանն ինձ համար երջանիկ ավարտ ունեցավ՝ նույն էդ տեկտոնական շարժումների արդյունքում ես հայտնվեցի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ։

ԲԱՅՑ ՍՈՒՏ ՉԱՍԵՍ

իսկ էս որ սարքել եմ ապրանք չի
փող պետք չի դրա համար
տալիս եմ
դրել եմ ստեղ
եթե կարող ես վերցրու

Բանաստեղծություններ

ու քանի որ բեքեթը
էլ չի կարող գալ
ուրեմն էդ բառերը
իմ համար էին գրած
ես էլ կանգնել նայում էի
տուն չկա
կան անտուններ
ու կա նյու յորքը
սեմ բեքեթ
արի տուն
արի տուն
արի

Բանաստեղծություններ

թարգմանիչ. Մարինե Պետրոսյան

Նրանք կրում են

երկար, հյուծված դեմքեր,

ինչպես սիրիական լուսինը

շոգ օրվա մեջ,

հիշողության կարմիր մողեսը

շուրթերին:

Անձամբ ճանաչում եմ

քիչ էր մնում լացեմ / էնքան անհամ էր / խնձորը որ առա / հետո հիշեցի որ / ուրիշ խնձոր / փաստորեն չկար / ու լաց էղա / սպիտակ ականջներով շան համար / որ շուկայի դռանը կանգնած էր

Հայաստանի ծովափին (հատված բանավոր վեպից)

Կալիֆորնիան Հայաստանի ամենամեծ նահանգն ա՝ 410 հազար քառակուսի կիլիմետր, 35 միլիոն բնակչություն։ Ու ամենահարուստ նահանգն ա իհարկե, իսկ հարուստ նահանգներում հեղափոխությունները քիչ հավանական են։ Ուզում եմ ասեմ՝ պատահական չի, որ հայկական վերջին հեղափոխությունն սկսվեց Բուն Հայքի Երևան քաղաքից։ Իսկ որ ես էդ հեղափոխության, ոնց որ ասում են, ակունքներում եմ կանգնած, երևի պատահականություն ա։ Չնայած ո՞վ գիտի ...