Գառը,
Փակագծերով
Շողոքորթ է,
Առանց փակագծի
Գա՜ռ է...
Ռաֆիկ Ժամկոչյան
Սովետական պացիենտը
Սևանի հոգեբուժարանում երկու բան կենդանի է պահում Սովետը. պատի ծեփի տակից բացված գերմանացի գերիների քանդակած աստղը և ԿԳԲ-ի շենք հրկիզած Ռաֆիկ Ժամկոչյանը, որ գուցե դուրս չգրված միակ սովետական քաղբանտարկյալն է: Ճակատագիրը գուցե նրա համար բանաստեղծի փառք էր նախատեսել, բայց միայն պոեզիան դարձավ այն ստվերը, որ ուղեկցեց, իր բանաստեղծությամբ ասած` դեղի համ ունեցող օրերի ընթացքում: Իսկ ինքը պատանեկան ըմբոստությա՞ն, թե՞ հոգեկան անհավասարակշռության պահին խաբս տվեց ճակատագրին. 18 տարեկանում` 1978 թվականի մի գիշեր, բենզինով լցված վառված շիշը, նետեց Գյումրու ԿԳԲ-ի շենքի վրա (1000 դրամանոցի վրա այդ շենքի պատկերն է): Կրակը տարածվել էր միայն փայտյա պատշգամբում: Ժամկոչյանին դատարանը ճանաչեց հոգեկան հիվանդ, շիզոֆրենիայի պարանոյա ձև ախտորոշմամբ ուղակվեց Գեղավանի հոգեբուժարան (այս հիմնարկը վերացել է) հարկադիր բուժման: Ի՞նչն էր ստիպել նրան հրկիզել սովետական անազատության խորհրդանիշը: Ուսման անհաջողությո՞ւնը: Պատմում է, որ երեք ընկերներով գնացել էին Լենինգրադ` ընդունվելու բուհ: Ուզում էր հնագետ դառնալ: Հետագայում երկու ընկերներն ընդունվում են: Իսկ ինքը նույնիսկ բուհ չի կարողանում դիմել: «Լենինգրադից էկա, ընկճված, հիասթափված, փորձ չարեցինք էլ դիմելու»: Թե՞ ազգային զգացումները կամ «Ամերիկայի ձայնով» լսած հավաստի ինֆորմացիա՞ն: Իսկ գուցե ծնողներն են պատճառը, որ մինուճար որդուն բրախել են փողոց: «Եթե դաստիարակություն ստանայի, ծնողներս ասեին` կարդա, ստիպեին սովորել, օգնեին բանասիրական ընդունվել, հիմա կյանքս այլ կլիներ: Ոչ մի ուղղություն չեն տվել, ինքնագլուխ, ինչ խելքիս փչել է` արել եմ»: Գուցե Սովետի ծնունդ տված մի քանի պատճառների՞ց խառնվեց Մոլոտովի կոկտեյլը. «Որ բռնեցին, բացատրություն էլ չկարացա տամ»: Հոգեբուժարանի փոխտնօրեն Արամ Ալեքսանյանն ասում է, որ եթե Ռաֆիկը գլխին ծնող ունենար, նրա հոգեբանական պրոբլեմները լուծում ստանային, հնարավոր է` հիվանդանոց չընկներ: «Այ թե ինչ հասարակարգ էր: Մի րոպե հոգեկանը լավ չի եղել, անօրեն քայլ ա կատարել` □ դրա պատասխանը՞ մինչև էսօր ստեղ ա»,- ասում է բժիշկը: 48-ամյա Ռաֆիկի 30 տարին հոգեբուժարանում է անցել, ինչպես ինքն է գրում «կյանքը պառավ կարճավիզ»: Հիվանդության պատմության քաղվածքում նշված է, որ նաև փորձել է անցնել Սովետի սահմանը, սակայն Ռաֆիկը դա հերքում է. չէ, փախուստի փորձ չի արել: Փախուստի միակ փորձը արել է, երբ առաջին անգամ մուտք է գործել հոգեբուժարան. «Դա կոնցլագեր էր: Վիգեն Չալդրանյանի ֆիլմի հետ չես համեմատի (հոգեբուժարանի մասին «Լռության սիմֆոնիան»), էդ ֆիլմը իրականության հետ կապ չուներ: Էդտեղ սիմֆոնիա կար, իսկ էստեղ սկի սիմֆոնիա չկար: 50 աննորմալ մարդիկ, մի զուգարան, օրը` մի բորշչ, մեջը մի երկու կտոր սալ: Այ էդ ժամանակ իսկականից Սովետը ատեցի»: 1 տարի 2 ամիս հարկադիր բուժումից հետո բժիշկների եզրակացությամբ Ռաֆիկին ազատում են: Գյումրիում ավարտում է տեխնիկում, ստանում խառատի մասնագիտություն: Բայց որպես հոգեկան հիվանդ հաշվառման մեջ լինելով` հաճախ տանում են ստուգման ու 1981 թվին բերում են Սևան, որտեղից այլևս տուն չի վերադառնում: Մարմինն ու ձեռքերը պատված են դաջվածքներով` անարխիստ Մախնոն ու Վարդան Մամիկոնյանը, Մասիսներ ու սվաստիկա. «երկրորդ անգամ բերելուց հետո եմ արել էս նակոլկեքը, դե, փակի տակ էի, ահավոր պայմաններ, ու ինչ պատահեց` գրեցի վրաս»: Նրա նկարագրած Սևանի հոգեբուժարանը այլ□ս չկա. «Էստեղ` Սևանում, ավելի դաժան էր, էդ 2-3 հոգի նորմալներն էլ չկային (Գեղավանի քաղաքական կալանավորները): Պրագուլկի տեղը բարձր պարիսպների մեջ էր, 2 ժամով էին թողնում: Ցուրտ, խոնավ, զզվելի սնունդ, սով, հսկիչները` դաժան, ծեծ»: Ցուրտն ու իշխանությունը նույնանում են բանաստեղծության մեջ. Եկավ… ձմեռը Պետական պաշտոնյայի պես Ու պոզահարեց լարերը սիրո: Հետագայում տեղափոխում են ավելի ազատ բաժանմունք, արդեն տանում էին աշխատելու, քիչ-քիչ մարվեցին դաժանությունները: 1995 թ. հոգեբուժարանում ընդունվում է աշխատանքի որպես էլեկտրիկ, կապվում ցանկապատի մյուս կողմում բուժվող Էմմայի հետ, ուզում են ամուսնանալ: «Մերոնք դեմ էին, որ իրանց մեկը էրկուս չդառնա»,- պատմում է Էմման: Բայց Ալեքսանյանի հորդորներով` ծնողները համաձայնում են: Հոգեբուժարանի ծայրին նրանց բնակարանն է: Անբնակ խուցը Ռաֆիկը վերանորոգում է, ջուր քաշում, զուգարան սարքում: Էմման երկու անգամ անհաջող ծննդաբերել է, այժմ արդեն երեխայի հույս չկա: Կնոջ ծնողները Սևանում բնակարան են առել, բայց դժվար թե տեղափոխվեն: Հոգեբուժարանը նրանց տունն է դարձել, այստեղ սննդի փող չեն տալիս: Եկամուտը ամուսինների հիվանդության թոշակն է` միասին 25 հազար դրամ(81$) ու Ռաֆիկի 28 հազար դրամ(91 $) աշխատավարձը, որ ապրելուն հերիքում է: Բայց եթե մի քիչ ավելի ստանային ու կարողանային հետ գցել, վատ չէր լինի: Ալեքսանյանն ասում է, որ Ռաֆիկը, երբ ուզի` կարող է գնալ հիվանդանոցից, որպես պացիենտ որ□է պրոբլեմ չունի և այստեղ գտնվում է ոչ բժշկական ցուցումով: Նրա ախտորոշմամբ նույնիսկ պաշտոնյաներ կան: 81 թվականից, ինչ նա այստեղ է, ոչ մի անշնորհք վարք չի ցուցաբերել: Հիվանդանոցում Ռաֆիկի պես առողջ կամ առողջացած պացիենտներ էլի կան, որ կարող են դուրս գրվել, բայց չեն հեռանում: Կուզե՞ր Ռաֆիկը հիվանդանոցից դուրս կյանք ունենալ: Հարազատներ չունի, ծնողները մահացել են, միակ մտերիմը Էմման է ու իր 50 բանաստեղծությունները: Դրսում ի՞նչ էր անելու: Մտածում է. «Կուզեի դրսում ապրեի, որ նստեի Պապլավոկում, ստուգեի` ինչքա՞ն ուժ ունեմ գրականության մեջ»: «Պապլավոկ» սրճարանը Սովետի ժամանակ գրողների հավաքատեղի էր, հիմա` չէ, վերակառուցումից հետո դարձել է կենդանի երաժշտությամբ ռեստորան: Բայց Ռաֆիկը հետսովետական փոփոխություններին այնքան էլ տեղյակ չէ, իր հազվադեպ եր□անյան այցերին Ս□անի երթուղայինը նստելիս հույսով նայում է Պապլավոկին (երթուղայինների կանգառի դիմացն է). գուցե Պապլավոկը մի օր` բանաստեղծությունները տպագրվելուց հետո, իրեն հրավիրի նե՞րս` ուշացած պոետին. Իմ ծառն աշո՜ւն է Ո՜ւշ է… Նոյ… Վահան Իշխանյան