Բարիո Չինոն` բեռլինյան թաղամաս, որը հայտնի է միայն Բեռլինի ալկոհոլամոլներին ու սրսկվողներին, աշխարհագրական գարշանք է` բնակեցված ոչ թե իսպանացի նավաստիներով կամ ամերիկացի առևտրականներով կամ թուրքերով, այլ նրանցով, ովքեր այնքան...
Քեթի Աքեր
Քեթի Աքերը (Kathy Acker, իսկական անձնանունը` Քերըն, իսկ օրիորդական ազգանունը` Լեման (Karen Lehmann) ամերիկացի փորձարար արձակագիր, թատերագիր, բանաստեղծ, պոստմոդեռնիստ, 1970-1980-ականների փանք շարժման կարկառուն խորհրդանիշն էր: Ծնվել է 1947 թ. Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում ունևոր հրեայի ընտանիքում ու մահացել 1997 թ. Մեքսիկայի Տիխուանա քաղաքում գրեթե բոլոր օրգանները քայքայած քաղցկեղից:
Բազմաթիվ վեպերի հեղինակ Աքերը հռչակ ձեռք բերեց «Նյու Յորքը 1979-ին» պատմվածքի համար «Փուշքարտ» ամերիկյան հեղինակավոր մրցանակին արժանանալով: Սակայն լուրջ քննադատական ուշադրության արժանացել է 1982 թ. լույս տեսած «Great Expectations» («Մեծ հույսեր») վեպի շնորհիվ: Երկն աչքի է ընկել նորարարությամբ. բազմաթիվ անթաքույց գրագողության դրսևորումներով հագեցած գրական կոլաժ է, որտեղ Աքերը լայնորեն կիրառել է նորարար արվեստագետ Բրայոն Գայզինի (Brion Gysin) մշակած կտրատման (cut-up) տեխնիկան: Աքերի «Great Expectations»-ը սկսվում է Դիքենսի համանուն հանրահայտ վեպի առաջին երկու պարբերությունների արտագրմամբ, թեպետ ոչ առանց աղճատումների: Մի երկու էջ անց մոր մասին պատումն անսպասելիորեն ընդհատվում է Պյեռ Գիյոտայի (Pierre Guyotat) «Եդեմ, Եդեմ, Եդեմ» (1970) աղմկահարույց վեպի առաջին մի քանի էջով (կրկին աքերյան աղավաղումներով) ու նույն անսպասելիությամբ ընդհատվում պատմողի մոր մասին խոսքի շարունակությամբ: Գրքի առաջին մասը հենց այդպես էլ կոչվում է` «Գրագողություն» (Պլագիատ):
Գողոնի տարբեր հատվածները (երբեմն կտրատման մեթոդով) համադրելով` Աքերը փորձում էր հին ու ծանոթ տեքստերից ստեղծել անծանոթ ու թարմ իմաստներ, նոր ու անսպասելի հնարավորություններ: Նա հավատացած էր, որ առկա գրական ձևերն պատշաճ կերպով չէին արտացոլում ժամանակակից աշխարհն:
Երբեմն գրական ահաբեկիչ հորջորջվող Աքերը նաև զանցանքային արձակի (transgressive fiction) վառ ներկայացուցիչներից է, ում երկերի հերոսները հաճախ լուսանցքային են՝ մերժված հասարակության կողմից կամ ակտիվորեն մերժում են հասարակությունում տիրող բարոյական կարգը, գրված ու չգրված օրենքները, դրսևորում են նիհիլիզմ ու կոտրում թաբուներ: Նրա երկերն առանձնանում են սեռական տեսարանների անկաշկանդ, մանրազնին ու հաճախ գռեհկաբանություններով տոգորված նկարագրություններով: Սեքսի հանդեպ դրականորեն տրամադրված ֆեմինիստ համարվող Աքերը (sex-positive feminist) իր զանցանքային արձակով ջանում էր ֆալոսաբանակենտրոնության տակը փորել թե՛ գրականությունում, թե՛ գրականությունից դուրս: Դարեր շարունակ հետերոնորմատիվության և ֆալոսաբանակենտրոնության (phallogocentric) հրամայականով ու դիտանկյունից կառուցված մշակույթում և հասարակությունում օտարված կնոջ ասելիքն Աքերն ամփոփել է «Իմ մայրը. դիվաբանություն» (1994) վեպի հերոսի հետևյալ արտահայտությամբ. «Մեզ համար լեզու չկա այս արական աշխարհում»: Նոր, այլընտրանքային լեզվի որոնումները կամ այն ճարելու անհնարինությունից բխող ողբը կարմիր թելով անցնում են նրա գրեթե բոլոր երկերով:
Նրան միջազգային լայն ճանաչում բերած ու լուրջ քննադատական ուշադրության արժանացած Blood and Guts in High School («Միս ու արյուն ավագ դպրոցում») վեպում (1984) Աքերն այնպիսի թաբուավորված և հակասական թեմաներ է արծարծել, ինչպիսիք են արնապղծությունը, մանկապղծությունը, աբորտը, բռնաբարությունը և այլն: Great Expectations-ի պես այս վեպն էլ է գրական կոլաժ, որտեղ պատումը հաճախ ընդհատվում է այլ երկերից թռցրած պատառիկներով, դրանց աղավաղումներով ու վերլուծություններով, հերոսների ինքնությունների երբեմնակի տարրալուծումներով: Blood and Guts in High School-ն արգելվել է Արևմտյան Գերմանիայում և Հարավաֆրիկյան հանրապետությունում: Արևմտյան Գերմանիայի` դեռահասների համար վնասակար հրատարակությունների հսկողության դաշնային ծառայության եզրակացությունը, ուր ասվում է, որ գիրքը «սպառնում է ոչ միայն երիտասարդներին, այլև վտանգավոր է մեծահասակների համար», Աքերը հրատարակում է 1991 թ. լույս տեսած Hannibal Lecter, My Father («Հաննիբալ Լեքթեր, հայր իմ») ժողովածուում:
Դեռ Քեթի Աքեր չդարձած անչափահաս Քերըն Լեմանի անձի ձևավորման ամենաէական շրջանը համընկել էր 60-ականների հեղափոխական շարժումների բուռն փուլերի հետ, երբ արևմտյան հասարակություններում ծաղկում էին Բիթ շարժումից բխած բազմաթիվ ենթա- և հակամշակութային ուղղություններ, ինչպիսին է սեռական հեղափոխությունը (սեռական հարաբերությունների ազատականացում, սեռական կողմնորոշման ազատություն, սեռային իրավահավասարություն և ալյն), որոնք զգալի հետք են թողել նրա ստեղծագործության վրա: Հենց Բիթ շարժման հիմնադիրներից մեկին էլ` Ուիլյամ Ս. Բըրոուզին, Աքերը համարում էր իր գրական ու գաղափարական ուսուցիչը: Աքերը կրել է նաև Չարլզ Օլսոնի, Դևիդ Էնթինի, Մարգերիտ Դյուրասի, Ալեն Ռոբ-Գրիյեի, Ժան Ժենեի, ինչպես նաև ֆրանսիական քննադատական տեսության ու փիլիսոփայության ազդեցությունը:
Մոր հետ լեզու չգտնող Աքերն ի վերջո լքում է հարմարավետ կենցաղը` փորձելով ինքնուրույն վերապրել Նյու Յորքի ամենաաղքատ ու վտանգավոր թաղամասերից մեկում: Որոշ ժամանակ գլուխը պահում է սեքս-ոլորտում աշխատելով որպես մերկապարուհի ու պոռնոֆիլմերի դերասանուհի: Այս շրջանի նրա զբաղմունքներն ու կենսափորձն անջնջելի դրոշմ են թողել նրա ստեղծագործությունների վրա: Սակայն Աքերի հակասական կերպարն արտացոլվում է ոչ միայն նրա երկերի բովանդակության ու ձևի մեջ, այլև աշխատանքների բնույթով. ժամանակին Նյու Յորքի ամենավտանգավոր ու անպատկառ փողոցներից մեկի` 42-րդի վրա աշխատած մերկապարուհին տարիներ անց հին հունարեն էր դասավանդում Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համասլարանում ու դասախոսում էր Կալիֆորնիայի Սանտա Բարբարայի համալսարանում, Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում, Այդահոյի համալսարանում ևն: