Սրա գրպանում բուլկի կա, տեսա՞ք:

Բուլկի կա, բուլկի, չամիչով բուլկի, համով, համով, բարակ, գազարագույն, կեղևով: Դու կանգնած ես խանութի մոտ, թաթիկովդ բռնել ես մորդ ցուցամատը, որից քլորի ու սոխի հոտ է գալիս: Խանութը քաղաքից մեծ է: Գլուխդ հետ ես թեքում: Նայում ես վաճառողուհու ալյուրոտ կրծքերին: Զգում ես մազերիդ հպումը մաշկիդ…

Անասունը բուլկին չի հասցրել ուտի…

…Չի բուլկին ուտի հասցրել անասունը չի հասցրել…

Դու չես նկատել, որ ուսուցիչ երկար ժամանակ կանգնած է կողքդ ու քեզ հետ միասին անհամաչափ շարժում է ծնոտները: Դու վախվորած բուլկին խոթում ես գրպանդ, արագ սրբում բերանդ, ներողություն ես խնդրում: Քեզ միշտ թվում է, որ բուլկի ուտելիս թիկունքիդ հետևից մարդիկ են նայում, դրա համար էլ տագնապով ու ամոթխած ես ուտում: Երանի ես տալիս, որ հանկարծ ծանոթ մարդ չհանդիպի…Մի տեսակ լավ չի զգա իրեն, որ բուլկի ես ուտում, կնեղվի…Փափուկ թշիկներիդ մեջ հավաքում ես չամիչները, հատ-հատ խրթխրթացնում ես ատամներիդ տակ…էլ երբ պիտի վայելես կյանքի համար չնչին համարվող այս ամնաերջանիկ պահը, ո՞րտեղ, դե ասա ո՞րտեղ…

Ոնց որ քար լինի…

Ձեռք մի տուր

Մի վերցրու…

Թող…

…Ձեռք մի տուր մի տուր ձեռք կեղտոտ ձեռք կեղտոտ մատներ… Նրա բուլկին է. նրա՛նն է… Ի՞նչ գործ ունես… Չի կարելի ուրիշի բուլկին վերցնել. դա մարմնի մի մաս է, ինչպես ձեռքերն ու ոտքերը, երիկամն ու մաշկը, եթե վերցնես ահավոր ցավ կպատճառես նրան, նորից կսպանես, կնեղացնես… Հնարավոր է առավոտյան տանից դուրս գալիս մայրն է դրել գրպանը… Ի՞նչ գործ ունես… Չի կարելի… Մոր ու որդու հարաբերություններին մի խառնվի: Բայց հնարավոր է հենց ինքն է ժամանակ գտել. մի պահ հեռացել է, մտել մոտակա խանութ, մոտեցել է հացաբուլկեղենի բաժին, գնել է իր սիրելի չամիչով բուլկին, դրել է գրպանը ու հետո ամաչել է ամբոխի մոտ ուտել… Դուք չգիտեք` տականքներ, իսկ նա` գիտի, գիտի, որ ձեզ մոտ չամիչով բուլկի չեն ուտում, դրա համար էլ թողել է գրպանում ու հնացրել

Լավ էլի, ձեռք մի տուր

Քո հետ չե՞մ, թող

…Ձեռք մի տուր ձեռք մի տուր մի տուր ձեռք… հոգեկան թութակ, ու՞մ է պետք էս նամշած բուլկին..

…Նամշած հոգեկան բուլկի ու՞մ է պետք…ո՞ւմ…

Հնարավոր է մորն է պետք կամ հորը, քրոջը կամ էստեղ աշխատող մարդուն, որ սուր դանակներ ունի նաև կացին: Հմուտ վարպետ է: Բացառիկ մաքրասեր մարդ: Գործիքները ձեռքերի մեջ վրձիններ են դառնում: Նա ասում է, որ սա արվեստ է: Իսկ իր գլուխգործոցը կրծքավանդակի ոսկորներն հեռացնելն է: Տեսել ե՞ս, ինչպես է խոհարարը մկրատով մասնատում տապակած հավը ու հմտորեն բաժանում կապող հյուսվածքները: Նա էլ իր գործի խոհարարն է: Աշխատելիս իմպրովիզներ է անում, ցուցադրաբար աչքերը փակ է գործում, երաժշտություն է միացնում, սուրճ է դնում` չմոռանալով հյուրասեիրել պառկածներին: Ծխախոտ է կպցնում, մի քանի մուխ քաշելուց հետո խոթում է նրանց բերանը ու հրճվում, հա ու սիրում է նաև բոլորի հետ լուսանկարվել ու ալբոմներ սարքել ըստ տարեթվերի: Հետաքրքիր կստացվի, պետք է տեսնել…բայց…բայց հնարավոր է այդ մարդը չուտի բուլկին, այլ մտցնի ջրով լի պնակի մեջ, փափկեցնի հետո փշրի ու կերակրի ճնճղուկներին, որոնք այդքան քչացել են վերջերս… Երբ դու փոքր էիր ճնճղուկները մրջյունների պես անթիվ էին, ու նրանք դիմանում էին նույնիսկ սաստիկ ցուրտ ձմռանը, հետո նրանք քչացան ու գնալով նրանց թիվը պակասեց… Տեսնեն առավոտյան մտքովդ անցել էր, որ բուլկիդ ճնճղուկներին է հասնելու, իսկ դու պառկելու ես այս շենքում, այս անգույն ու տխուր նավակների մեջ…Գիտե՞ս իմ մտքով անցնում է ու համարյա ամեն, օր, երբ մեքենայով անցնում եմ շենքի մոտով հարազատ զգացողություն եմ ունենում, ուզում եմ պատկերացնել սենյակները, զգալ պատերից փչող մսի հոտը, պուտիկավոր ու սպիտակ հախճապակյա սալերի խորդուբորդ մակերեսները, անկենդան, մռայլ կահավորանքը, առաստաղներին վազվզող միջատների ստվերները, հեղուկ քամող սարքերի կոպտությունը, անհասկանալի տեղից փչող քամու անիմաստությունը, ի վերջո թիթեղյա նավակների ծռմռված եզրերը, մակերեսներին ծլեփ-ծլեփ պոկված երկնագույն ներկը… Ուզում եմ մարմնիս մեջ զգալ սուր, ծակող-կտրող գործիքների ելումուտը, էլեկտրական սղոցի ծանրությունը… Մեկ-մեկ, գիշերները, երբ քնից արթնանում եմ ու աննկատ դուրս գալիս տնից բանան ու սիգար գնելու, ինձ գտնում եմ շենքի դարպասների մոտ կատուներով շրջապատված ու մենք նայում ենք մի ուղղությամբ անընդհատ նույն ուղղությամբ, իմ վերջին սենյակի պատուհանի կողմը, որտեղ մենակ եմ լինելու, առանց մորս ու առանց հորս, առանց շորերիս ու առանց Լիլիթի…Լուրջ, մամա ջան ո՞նց եմ վախենում, չեմ ուզում ներսում մենակ զգալ ինձ…կուզեի ինչ-որ մեկը հետս լիներ, թեկուզ մեր թաղի էլեկտրիկը… բայց դու մի մտածի, չնայած իրար չենք ճանաչում, բայց ես հիմա քո հետ եմ, քո կողքին կանգնած եմ…Ես Արամն եմ է… ու տասընինն օրից նշելու եմ ծնունդս, քեզ էլ կհրավիրեմ, կգնանք մի լավ տեղ, հանգիստ տեղ, մի քիչ կխմենք, կպարենք… տորթ կուտենք… չէ շատ մարդ չեմ կանչի… մենք մերոնցով կլինենք…

Էս լացում ե՞ս…

Սրտից թուլ ես երևում…Ոչինչ կսովորես…

Լացում թույլ ես ոչինչ կսովորես սրտից

Նայի՛, նայի՛ դեմքին… է է է է …մի վախեցի, մի հատ խնդրում եմ նայի դեմքին, բաց աչքերդ ու նայի… Տեսա՞ր, Տեսա՞ր, ասում ես չի կերել… աչքի տակ նայի, տեսար համարյա այտոսկրի եզրին` խոշոր, սև չամիչ է կպել, այսպիսի խոշոր չամիչ երբեք չեմ տեսել: Սև, խոշոր, թարմ, ջրալի: Պտղամաշկը ճեղքվել, առատ հյութ է ծորացել, ողողել է ողջ երեսը, լցվել բերանը, շպարել պարանոցը, ուսով թափվել է վտիտ թևին, ներկել մատները, եղունգներից կաթկաթել է սալին: Եղունգների ծայրերին չորացած արյան կաթիլները սարդի թելի պես բարակ են ու նուրբ: Ճկույթից իջնող բալագույն թելը հասել է մինչև սալը` ամրացել, կարծես իր կյանքի վերջին հենարանը լինի…

Լերդացած արյունը շատ դժվար է մաքրվում…

Տես ապուշը ճկույթով բռնվել է հատակից…

Նա ոտքով հարվածում է բարակ թելիկին, կտրում այն: Տղայի ճկույթը ցնցվում է: Ցնցվում է նաև քո ճկույթը: Դեմքի վերքը չափազանց խորն է`…Տեսնես գրիմով կփակվի խոռոչը: Բերանի եզրերը` կապտափառ են աչքերը` բաց, ցավից կծկված: Ես շոյում եմ նրա մազերը, այնպես, որ չտեսնեն: Ցուցամատիս արյուն է կաթում: Ես մատս տանում եմ բերանս, կաթիլը քսում լեզվիս ու քիմքիս. կուլ եմ տալիս: Արյունը կիսաքաղցր է: Ասում են առավոտյան ինչ խմում ես արյունդ դրա համն է ունենում.. Հա…երևի… Լուսաբացին մամայի հետ կիսաքաղցր սուրճ էի խմել… մաման գլուխը գովում էր. ասում էր սուրճը կոլումբիական է ու ասում էր, որ սուպերմարկետից է գնել…Դու որերրորդն ես վեց, յոթ, ութ… Չգիտեմ, բայց սրանց ձեռ արդեն գժվել եմ, խնդրում եմ ասա թող գնան, հիմա ինչի՞ հանգիստ չեն թողնում…Մաման հատուկ իմ համար սուրճը աղալ էր տվել, որ գոհ մնայի, բայց մի պայմանով այսօր տանից պիտի դուրս չգայի…

Ես փորձում եմ փակել նրա աչքերը, բայց կոպերը կուպրվել են պոկ չեն գալիս: Մենք նայում ենք իրար` առաջին ու վերջին անգամ, տաք ու սառը աչքերով Շրթունքներս մոտեցնում եմ ականջին, կրկնում եմ անունս ասում եմ, որ չվախենա…Ձայն չի հանում, բայց թաց աչքերը մեղմանում են…

Տես մեռնելուց կնկա նման միզել ա տակը…

Կնկա մեռնելուց նման տակը տես…

Մոխրագույն տաբատը գոտկատեղից ներքև մուգ է, տանձաձև, կարծես Աֆրիկա մայրցամաքը լինի…

Դու շատ ամաչկոտ էիր: Երբ տակդ էիր անում մեղքի զգացողությունից ամբողջ օրը լաց էիր լինում, մտնում էիր տուփերից պատրաստած տնակդ, դուրս չէիր գալիս…Հիմա ի՞նչ…Մահը մեղքի զգացողություն է…Չգիտեմ…Երևի…

Երբ կրակահերթից հետո ընկար փափուկ փետուրների մեջ, սկզբում այնքան հաճելի զգացողություններ ունեիր: Հազարավոր թիթեռնիկներ լցվեցին գլուխդ: Դու զգում ես նրանց թևիկների թրթռոցները: Բոլոր գույները աստղերի պես կայծկլտում են, հանգչում: Հանրահավաքի մասնակիցներն ու զինվորները մոտակա բարդիներից բարձրահասակ են թվում: Նրանց գլուխները չեն նշմարվում: Նրանք պարում էին: Պտտվում-պտտվում: Նրանց ձեռքերը կրակում այրվող օձերի պես գալարվում են: Գույները վերջանում են: Հանկարծ Դու տեսնում ես կաթողիկոսին, որը կապկի պես մագլցելով նստում է էլեկտրական սյան կատարին ու նայում է ներքև: Դու զարմանում ես, գուցե Աստված համոզեց նրան որ գա ու դադարեցնի այս ամենը, հոգուդ խորքում դու սպասում ես, որ ինչ-որ մեկը կգա, կգա ու վերջակետը կդնի, քեզ տուն կուղարկի, բայց կաթողիկոսը սրի պես դուրս քաշելով անդամն սկսում է վերևից միզել… մեզը դեղնավուն չէ. կարմիր է ու ծանր…Դու սուր անհավանական ուժեղ ցավ ես զգում, ափդ մոտեցնում ես ձախ այտիդ… արտեզյան արյունը խոշոր շիթով դղդրդացնում է ձեռքդ…Դու հասկանում ես, բայց համոզվելու համար մատդ մտցնում ես վերքիդ մեջ. անցքը լայն է ու խորը, ընկճվում ես…«Շտապ օգնություն կանչեք», «Խնդրում եմ շուտ», «Մեկդ պինդ բռնեք վերքը» «Պուլսը չկա»…այնքան սրված են զգացողություններդ, դանդաղ գնում ես… Ափսոսալով… Գրպանումդ շոշափում ես բջջային հեռախոսդ… Նոր մեսիջին չես հասցրել պատասխանել… «Արհեստական շնչառություն տվեք խնդրում եմ» «Վերջ էլ մի տանջենք չի շնչում, կորցրինք»… Բայց դու դեռ այստեղ ես, ուղղակի չես լսում, չես տեսնում, չգիտես…Միայն զգում ես…Ոտքերիդ արանքում թրջվում է… Հեղուկը քո վերջին ընկերն է, նա իր հետ տանում է ֆիզիկական ցավը, մենակության վախը… վերջ…Հասկացի…վերջ…Դու էլ չես լինելու…

Էս մեկը լավ ա գոնե միզել էր տակը, մյուսը հոգեվարքի մեջ սիրած աղջկան էր հիշել… Ասա ինչ էիք ուզում դերասաններ, ստացաք ձերը, երկրի ղեկավարները վաղ կվճարեն սրանց հարազատներին ու վերջ… Կտանեն կշպրտեն փոսը, հոգեհացին ծեր կովի խաշլամա կտան ու բոլորը կգնան իրենց տները…

…Քո բջջայինը զրնգում է: Երևի մամադ է կամ ընկերուհիդ կամ հայրդ, կամ ընկերներդ կամ ովքեր անհանգստանում են քո կյանքի համար կամ սխալ են ընկել կամ… Հեռախոսը անընդհատ զրնգում է: Նա չի հասկանում քո չպատասխանելու պատճառը. քո չլինելու անտարբերությունը…Ես մտածում եմ ինչ ընտիր կլիներ հանկարծ զարթնեիր անհայտությունից, վերցնեիր լսափողը, ասեիր «Բարև քաղցր ջան մի անհանգստացի, մի ժամից ես կգամ, պաչիկ եմ անում» կամ «մամ հիմա գալիս եմ, դու ջուր տաքացրու, որ լողանամ»… Բայց դու ինձ չես լսում ու համառորեն չես վերցնում հեռախոսդ…Ի՞նչ ծանոթ դեմք ունես, հարազատ դեմք, մեր քաղաքում բոլորս դեմքով ճանաչում ենք իրար: Եթե երկար ժամանակ ծանոթ դեմքերը չեն երևում, ուրեմն կգան երազներում. կգան ու կժպտան: Երազներում մահացած անծանոթ մարդիկ գալիս են, կանգնում են դիմացդ ու լուռ ժպտում…

…Ծանր ես տանում, երևի քո տարիքի տղա էր դրա համար… Ուզում ես դուրս գնա օդափոխվի…Իմ համար սովորական մեռել ա…քո համար էլ կդառնա…

…Համար ծանր քո տղա դուրս կդառնա օդափոխվի…

Ես մի քիչ էլ կմնամ քո մոտ… Ասում եմ դուրս եկեք, ես մի քանի րոպեից կգամ… հիմա կգամ…դուք դուրս եկեք…Վերջին, վայրկյաներն են… Երևանի փողոցներում, կանգառներում, սրճարաններում ձեր տանը կամ մեր տանը մենք այլևս չենք հանդիպելու, որովհետև դու չկաս… Քանի մենակ ենք մի բան կուզեի երգել քեզ համար, բայց ձայնս լավը չի…կամաց կերգեմ լավ… Ինչի քեզ սպանեցին, ինչի են միշտ սպանելու, ինչի փափուշտը այլանդակեց քո սիրուն երեսը, ինչի չթողեցին ուտես քո չամիչով բուլկին, ինչի չթողեցին գիշերը քնես ընկերուհուդ հետ, ինչի եմ ես ապրում իսկ դու ոչ, ես ամաչում եմ, որ ապրելու եմ, ես քո մահվանից ամաչում եմ, ես ամաչում եմ իմ կյանքից, ինչքան խոր զգացողություններ են իջնում հողը… լալալլաաաաաաալլաա…Դու էլ չես լինելու պիտի համակերպվես, այլ տարբերակ չկա…Այս շենքում ապրող մարդը ողջ ընթացքում զրուցելով հետդ, ձեռքով կքաշի, կպոկի ներքին օրգաններդ, ջրով կլվա որովայնախոռոչդ, թեփ կլցնի ներսդ, կրեմներով կփակի այտիդ մութ անցքը, կփորձի կոծկել բերանդ, չի ստացվի, սուպեր կլեյով խնամքով կսոսնձի կկպցնի իրար, կհագցնի մի քանի համար մեծ կոստյումդ, կկտրտի աջ ոտքիդ երկու մատները, որ կոշիկդ տեղը գցի, կպառկեցնի կառավարության կողմից ուղարկված լաքապատ դագաղի մեջ, բարով գնաս կասի, չմոռանալով վերջին լուսանկարի մասին…Պատկերացնում ես եղբայրիկ. փայլող կարմիր դագաղ` հարմարավետ, փափուկ բարձով, մետաքսե սավանով… Նար-Դոս փողոցից քեզ նվեր են բերել…Կպատկերացնեիր, որ նման դագաղով կգնաիր… Քո դագաղը էնքան մեծ են սարքել, որ երկու միլիոնով ներսում ազատ կտեղավորվենք, բայց մենք չենք գա… հաստատ չենք գա… մենք շատ ենք ուզում ապրել շաատ…ու շաաատ երկաաաար ապրել էէ… մենք ապրրրելոու են, որ սսպանննենք էէէ…մենք սպանելու հետ սեր ունենք, մի նեղացի…Դու կմոռացվես հաստատ ու դա հատուցումը կլինի, որովհետև քեզ ի վերջո հանգիստ կթողնեն ու դու հանգիստ կմեռնես…պատարագ, մոմավառություններ… ձևամոլության անխախտ հերթականություն… բայց մենք երկուսս էլ գիտենք որ Աստված չկա, Աստված չի կարող լինել, որովհետև Աստված չի կարողանում մարդ լինել, Աստված չկա, որովհետև Աստված չի կարող Աստված լինել… Ամեն ինչ կարճ կտևի չմտածես…

Ես ձեռքս տանում եմ նրա գրպանը չամիչով բուլկին չկա, նորից եմ քրքրում գրպանը, անհնար է, նոր տեսա, այստեղ էր: Դուրս եմ գալիս միջանցք: Նրանք աշխատավարձների բարձրացումից են խոսում: Չամիչով բուլկին բռնել է ու տպտպացնում է ծնկին: Ես մոտենում եմ նրան…
Ինձ պետք է ձեռքինդ

Նա կովի հայացքով նայում է աչքերիս

Ի՞նչի համար. պիտի ուտե՞ս մեռելի բուլկին

Հա… տուր

Նա արհամարհանքով շպրտում է բուլկին: Ես բռնում եմ ու հետ դառնում սենյակ: Մոտենում եմ տղային, բուլկին մտցնում եմ գրպանը, հետո ներսից փակում եմ դռները: Լույսերը հանգչում են: Նրանք հեռանում են: Մեքենայի շարժիչը միանում է: Տղայի Բջջայինը զրնգում է, անընդհատ, անընդհատ…Մեքենան առնետի պես հոտոտելով ասֆալտը, անհետանում է խավարում: Բջջայինը զրնգում է, անընդհատ, անընդհատ, անընդհատ…Նրանք տուն են գնում…տլոմբ տլրոմբ մոնբ տլոմբ տլոմբ պլոմբբ պաալոմբ…մի հատ էլ տլոմբ… Ես խաբեցի նրանց խաբեցի…Հիմարներին թվում է, թե իրենց հետ եմ…Բջջայինը, բջջայինը զրնգում է… Նրանց թվում է թե ես իրենց իմ մեքենայով տուն եմ տանում…Կարծում են, թե խոսում են ինձ հետ… Բայց ես խ ա բ ե լ եմ նրանց, խաբել եմ բոլորին ես չկամ, ես մեքենայի մեջ չեմ… ես չեմ եղել…ես թաքնվել եմ տղայի գրպանում.. բուլկու հետ…սսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսս…ոչ ոքի չասեք….ոչ ոքի…խնդրում եմ…

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *