0 դրամ*

* «0 դրամ»-ի և կարտոնե պատուհանի միջև տարածություն կար, որի մասին ոչ ոք գլխի չէր ընկնում: Գևը այդտեղ էր, հստակ տեսնում էր աղջկան. պատուհանագոգին էր` ոտքերը իրար վրա գցված: Սպիտակ բամբակե գիշերանոցը ետ էր սահել, կիսով չափ մերկացրել ազդրերը:

Մաշկը թուխ էր ու անհեթեթորեն հարթ: Ձեռքում հեռախոս էր, որ ականջին էր սեղմել: Գևին թվաց` աղջիկը ընկերոջ հետ է խոսում: Նա հիմա շատ հեռվում է, երևի զորամասում կամ աշխատանքի բերումով երկրի հեռավոր շրջաններից մեկում: Գիշերային փաթեթ էր, որում ներցանցային զանգերը անվճար են, ցանցից դուրս` ընդմանը 59 դրամ:

Գևը ցանցի ներսում էր` սենյակի ամենակենտրոնում, որի պատերը աղջկա ոտքերի նման ողորկ էին: Միայն խոշոր դեղին ու սև շերտերով ժամացույցն էր աչքի ընկնում: Պատկերն իր մեջ ինչ-որ արհեստական բան ուներ. կոլաժի էր նմանվում: Ինչն էլ գերհարթ մաշկով աղջկան ավելի գրավիչ էր դարձնում: Գևը մտածեց, որ աղջիկը իրեն մենակ կզգա նման սենյակում, որտեղ միայն մեկ կլոր ժամացույց կա և մեկ պատուհան` ծիծաղելու չափ սարքովի մեծ աստղերով ու դրանց արանքում լցված թանաքագույն ներկով: Մոտեցավ: Ձեռքը իջեցրեց աղջկա ազդրին, որտեղ բամբակե գործվածքը դեռ չէր ավարտվել: Աղջիկը չշարժվեց: Գևը գրկեց նրան, հեռախոսը, նույնիսկ սակագնային փաթեթը, որտեղ զանգերը ձրի են: Ոչինչ չփոխվեց, սլաքները դեռ իրենց տեղում էին, աղջիկը շարունակում էր ժպտալ, ընկերը դեռ ծառայում էր, նույնիսկ Գևի անդամը չկանգնեց:

– Ապեր, երկար չեմ կարա մնա: Աղջկա հետ եմ. ինձ ա սպասում: Գործարանների մոտ էինք, էնտեղ մարդիկ չեն անցնում: Նստած էինք իրար կողք ու պիվա էինք խմում, հա՛, պիվա:

Հրապարակի մթերայինից վերջին կոպեկներով էի առել: Տենց քայլեցինք դեպի գործարաններ ու էդ տեղը գտանք: Նստարանի նման բան կար: Նստած էինք ու երկար բարակ խոսում էինք:

Պատմում էր, որ ես իր առաջին իսկական ընկերն եմ: Պիվա էր խմում գոռլըշկից ու խոսում:

Ապեր, ձեռը բռնել էի: Փոքր ձեռը, որ բռունցք արած տեղավորվում ա ափիս մեջ: Ինքն էլ պիվա էր խմում: Մազերը քրտնել կպել էին երեսին: Սև-սև: Հետո ինչ-որ բան եղավ: Չեմ հիշում: Մի բան ասեց կամ ես ասեցի: Ձեռը հետ քաշեց, մազերը ճակատից մի կողմ տարավ: Պիվեն թափվեց: Ծիծաղեց: Մատներով ատամները փակել ու ծիծաղում էր: Շշմած նայում էի: Կոշիկները մտցնում էր թափված պիվի մեջ ու ծիծաղում: Ասում ա` Գև, շատ ծիծաղալու ա,- ու մատով ջրափոսն ա ցույց տալիս, պիվափոսը: Ես չէի հասկանում ինչն ա ծիծաղալու, բայց ես էլ ծիծաղից թուլացա: Փորս բռնել եմ, արդեն հևում եմ ծիծաղից: Ձեններս քցել ենք ու էլ չենք մտածում, որ գիշերվա հազարն ա:

Երբ որ պիվեն ասֆալտի վրայով հոսում էր, ուսերը գրկեցի: Նեղ ուսերը: Ձեններիս վրա տարիքով մարդ եկավ: Պիվի մեջ ոտերը չփացնելով գոռաց` ստեղ չի կարելի:

Գործարաններից մեկի պահակն էր: Հիշում եմ` մտածեցի`չաշխատող գործարանների պահակները ավելի ջղային են: Կանգնել ու չէր շարժվում, մեզ էր նայում: Ստվերում էինք ու մտածում էինք մեզ չեն նկատի: Ձեռքս ուսերից հետ քաշեցի: Ստեղ չի կարելի: Երբ որ արդեն բարձրացել էինք նստարանից, թվաց` պահակի աչքերը լցվել են: Տարօրինակ մարդ էր: Քայլեցինք դեպի հյուսիս:

Ասում են` բռնում են: Եթե բռնեն, աղջկան հանվացնում են, հենց տղու դեմը: Ստիպում են մինչև վերջ մերկանա, մինչև ներքնաշորերը: Տղուն էլ քաչալացնում են: Հենց էնտեղ, որտեղ բռնել են: Զանգում էն տնեցիքին, ասում են` եկեք ձեր վիժվածքներին տեսեք: Տնեցիք էլ գալիս կանգնում են իրանց տկլոր երեխեքի գլխներին, ձեն չեն հանում, տենց լուռ լացում ու գնում են:

Գևը դեռ այդտեղ էր` աղջկա ետևում: Ձեռքը մոտեցնում էր աղջկա փայլուն մազերին, բայց վերջին պահին վախով ետ էր քաշում: Հիշում էր իրենց պահարանը, վերևի դարակի չեխական բյուրեղապակին, որ առհավետ այդտեղ էր: Հիշում էր, թե ինչպես էր աթոռը մոտեցնում պահարանին, բարձրանում ու ձգվում ամենամեծ ծաղկամանի կողմը: Երբ ծնողները նկատում էին, ստիպում էին թաց թերթի կտորներով մաքրել մատնահետքերը: Գևը ձեռքը ետ էր քաշում, որովհետև չէր ուզում մատնահետքեր սրբել, ու հետո սենյակը դատարկ էր, ու թերթի թաց կտորներ չկային: Չէր դիպչում փայլուն մազերին, որովհետև հեռախոսը դեռ աղջկա ականջի մոտ էր:

Հակակրանք էր զգում հեռախոսային գծի մյուս ծայրում գտնվող բաժանորդի նկատմամբ, որը, երևի, քաղցր-մեղցր խոսքեր էր փսփսում, ձեռքն էլ էդ ընթացքում դրել էր անդամին: Գուցե ծանոթներից մեկին առաջարկում էր բարձրախոսով լսել իրենց խոսակցությունը: Աղջիկն էլ մինչև ականջների ծայրը ժպտում էր: Բդերը բացել ու ժպտում էր: Բոզ: Խռուստալ-բոզ:

– Ապեր, մեր գործի տղեքից մեկին պատմեցի իրա մասին: Ճանաչեց: Ասեց` իրա հետ եղել եմ ու էլի մարդ եմ ճանաչում, որ իրա հետ ընգերություն են արել: Չգիտեմ: Մտքովս անցել ա հանվացնեմ, մինչև գոտկատեղ: Տեղ եմ ման գալիս` հարմար: Կուպե, երևի, բառ, չգիտեմ: Մի բան ասա՛:

Վերջին կոպեկներս մթերայինում պիվին եմ տվել: Ջեբերս դատարկ են: Չգիտեմ` ինչ անեմ: Եթե կարաս, ինչ-որ բան, թեկուզ մի փոքր էլ օգնես: Շատ ա պետք, Ապեր: Ուզում եմ հանվացնեմ, մինչև գոտկատեղ, բայց մոտս կոպեկ չկա: Մի բանով օգնի:

Ինքը հիմա մորքուրի աղջկա տունն ա: Սպասում ա զանգիս: Ասել եմ` երկու հազար դրամ վերցրա քրոջիցդ կամ իրա մորից, վաղը կճարեմ կտամ: Բայց հիմա մոտս կոպեկ չկա: Ապեր, եթե բռնելու մասին չպատմեին, չէի էլ մտածի ու չէի էլ ուզի: Մենակ ձեռս ուսերին կդնեի ու վերջ: Ոչ մի բան: Հիմա չեմ կարա ուրիշ ձև: Սաղ մեջս խառնվել ա իրար: էդ իրա նեղ ուսերը ու ճակատին կպած մազերը, թափած պիվեն, որ ասում են ուրիշների հետ ա քնում ու տենց լիքը բաներ գլուխս ա լցվել: Ուղեղս պայթում ա, չեմ կարում ուրիշ բանի մասին մտածել:

Մի բան արա, Ապե՛ր: Հեռախոսիդ մեջ փող կա՞: Մի քանի հարյուր դրամ փոխանցի: Ձևը՞: աստղանիշ, հարյուր քառասուն հինգ, աստղանիշ, իմ էս համարը, որ քեզ զանգեցի, աստղանիշ, ինչքան մտքովդ անցնի ու վերջում վանդականիշ: Մեռսի շատ, Ապե՛ր: Զանգեմ իրան: Մեռսի;

Ալո~: Գալիս եմ: Դու՛ս արի: Ի՞նչ: Չկա՞ր: Լավ մի բան կմտածեմ մինչև հասնես հրապարակ:

Արի՛:

Գևը իրեն նման կերպ երբեք չէր զգացել: Ինչ-որ շարժում էր ուզում նշմարել, ինչ-որ փոփոխություն: Ու իրեն ստիպում էր անթարթ նայել աղջկա երկար խնամված ձեռքերին, մշակված, լաքապատ եղունգներին, փոքր ափի մեջ տեղավորված բջջային հեռախոսին: Հիմա ցուցամատը կշարժի, նույն դիրքում մնալուց դաստակը կհոգնի, արյունը կհոսի ներքև կամ աչքերը կթարթի: Գևն էլ դա որպես նշան կընկալի:

Նշան չկար: Շատ աննշան վիճակ ա` մտածեց Գևը: Իրեն շատ փոքր զգաց, բջջայինի չափ: Գլուխը հենեց աղջկա կրունկին` երկու ձեռքով գրկելով աղջկա պատուհանագոգից կախված ոտքը կոճի մասում: Մատները իրար չհասան: Աննշան-աննշան վիճակ` կրկնում էր, ինքն իրեն:

– Աննան լսում է, բարև ձեզ:

– Բարև… կներեք, ուզում էի հեռախոսիս սակագնային փաթեթը… սարքեմ գովազդի նման, 0 դրամ, ի՞նչ պետք ա անեմ դրա համար:

– Ազատ շփում, անցման համար ձեր բջջայինից հավաքեք զրո, վեց, յոթ, չորս…

– Մի վայրկյան գրեմ… ըհը

– զրո, վեց, յոթ, չորս, զրո, ութ, զրո, տասնչորս և կանաչ կոճակը ձեր հեռախոսի վրա: Ձեզ պատասխան կգա կարճ հաղորդագրության տեսքով: Ներցանցային մուտքային զանգերը անվճար են, այլ բջջային և քաղաքային ցանցեր` հիսունինը դրամ: Հաղորդագրությունների արժեքը…

– Լավ, մեռսի շատ, Աննա ջան:

– Հաջողություն: Շնորհակալություն զանգի համար:

Աշը  ընգերուհուն ք*** էր

Աշը ընգերուհուն ք*** էր, հիմա էլ թևատակերով հենվել էր բալկոնի էրկաթներին ու արմունկները ներքև կախել: Ծնկներից մեկը կոխել էր ճաղերի արանքը, ձեռքերից մեկով էլ սիգարետ էր ճզմում. վինսթոն: Անթև սպիտակ մայկա էր հագը, որ անընդհատ ժեշտին քսվելուց կարմրել էր կրծքի մասում: Տասնհինգ տարեկանից լծափոսից անընդհատ քրտինք էր ծորում ու երբ հուզված էր, քրտնարտադրությունը ուժեղանում էր, ջանը քոր էր գալիս: Ժամանակին պոլիկլինիկայի իրենց շենքի բժշկուհին ասել էր, որ տարիքային ա, կանցնի, բայց Աշը արդեն քսանութ էր դառնում ու դեռ լծափոսային քրտնարտադրություն ուներ: Կուրծքը բալկոնի ճաղերը ծածկող ժեշտին էր տրորում ու քրտինքից թացացած ու ծանրացած մայկեն ժանգոտվում էր ու ներկի կտորներ հավաքում, որտև ձեռքերը ներքև էր կախել ու սիգարետ էր ճզմում:

Սիգարետը էնքան ծխելու համար չէր ծխում, ինչքան չնեռվայնանալ

ու, թքից խոնավացած ֆիլտրը դնում էր պռոշների արանքը ու ղուլաբ էր տալիս, հետո քթով արտաշնչում` մեկ ձախ ռունգը միջնամատով փակելով ու աջով արտաշնչելով, մեկ հակառակ ձեռքով ու հակադիր ռունգով նույնը կրկնելով: Ու էդ ղուլաբառունգախաղը իրան դուր էր գալիս, հանգստացնում էր ու դոշը ավելի դանդաղ էր պռտում ժեշտին, աջից-ձախ, ձախից-աջ: Դեռ բանակից սիգարետները թռչում էր, որտև թաց սիգարետ ուզողերը քիչ էին:

Հետո սովորություն էր դարձել, սիգարետը բերանն էր վեկալում ու ներքևի պռոշի տակի ու ծնոտի ձախ կողմի թքագեղձերը ավտոմատ թուք էին սկսում ծորացնել, լեզվով էլ թուքը շփում էր ֆիլտրով մեկ:

Ծխում էր ու փորձում մոխիրը կտցնել ներքևի հարևանի լվացքի պարաններից կախված սպիտակեղենի շարքերի արանքով. չէր ստացվում: Մոխիրը փշրվում էր թաց լվացքին ու չորրորդ հարկից թափվում ներքև: Աշը հինգերորդում էր մնում: Էսօր կարելի էր, էսօր Աշը ընգերուհուն էր ք*** ել, համ էլ ներքևի հարևաններին առանձնապես չէր սիրում:

– Բարև, Ա՛շ:

Դիմացի հարևանն էր, որ տանը երբեք չէր ծխել, նույնիսկ ձմռանը դուրս էր գալիս բալկոն: էն բացառիկ մարդկանցից էր, որ, իրոք, հավատում էր ծխելու վնասակար լինելուն ու ծխելուց սենյակից դուրս էր գալիս, չնայած դրան, նա չէր հավատում խմելու վնասակար լինելուն ու խմում էր չափից դուրս շատ, իսկ որ խմում էր, Աշը նրանց տնից լացի ու ջարդվող առարկաների ձայներ էր լսում:

– Բարիիրգուն, -ասեց ու վերջին մուխը քամեց վինսթոնից: Աշը արդեն չէր հիշում, որ երբ ինքը դեռ շատ փոքր էր ու երբ դեռ լծափոսի քրտնարտադրությունը չէր սկսվել, գառաժներից մեկի վրայից ընկել էր ու ոտքը մի քանի տեղից վնասել, չէր կոտրվել, բայց արյունը Աշի շուրջը գյոլ էր տվել: Աշն էլ իր արյունի մեջ ձեռքերն էր չլմփացնում ու լացում: Հայաթի ժողովուրդը հավաքվել էր շուրջը ու ոչ ոք սիրտ չէր արել մոտենար: Կանգնել ու աչքները չռած նայել էին, իսկ Հակոբ ձյան մոտեցել էր ու իր վիլվետից կուռտկայով փաթաթել Աշին ու գրկած տարել էր տուն:

– Մի տեսակ ես երևում, Ա՛շ ջան, նայի չմրսես, մայկով հելել ես դուս էս ցրտին:

Չնայած Աշի ու Հակոբ ձյայի միջև ընդամենը ինը տարվա ու յոթ ամսվա տարիքային տարբերություն էր, բայց Հակոբ ձյան, Աշին հարազատ տղու պես սիրում էր, երևի որովհետև կնոջից երեխաներ չուներ: Հակոբ ձյայի հերը Աշի հոր թաղմանը Աշխենին` Աշի մորը, մեծ գումար էր պարտքով տվել ու մինչև Աշխենը չէր վերադարձրել փողի մասին չէր հիշացրել:

Աշը մեջքը ուղղեց, բռունցքով քորեց կրծոսկրից մինչև պոռտը, հետո ձեռքի բիչոկը թաղեց բալկոնի շկաֆի վրայի ծաղկամաններից մեկի հողի մեջ: կողքերից հողը վրա բերեց, որ հետքերը չերևան: Արդեն որերորդ բիչոկն էր իր հանգիստը գտնում Աշենց բալկոնի ծաղկամաններում: Աշը մոտ երկու ամիս ու տաս օր հետո մարշուտկում ձեռքը փողի համար գրպանը տանելուց հայտնաբերելու էր բոլոր քառասուներեք բիչոկ-դիակները, հետո դրանց միջից շոշափելով մետաղադրամն էր առանձնացնելու ու մեկներ վարպետին: Բայց ինքը դրա մասին դեռ չգիտեր:

Աշը ձեռքը սպառտիվնի շալվարին թափ տալով Հակոբ ձյային «բարի գիշեր» գոռաց, նայեց շուրջը, մտածեց, որ էս տարի անպայման բալկոնը պիտի փակի, ակուռատնի սարքի ու կարգին լուսամուտներ դնի, Գևենցի նման: Հետո հիշեց էրեկվա կլիենտներից մեկի տանը տեսած էրեխուն, սիրուն աղջիկ-էրեխա էր, մուգ մաշկով, հինգ-վեց տարեկան: Չգիտեր ինչի էրեխուն հիշեց, բայց հիշելուց ստամոքսի մասում ծակծկոցներ զգաց, հետո տխրեց: Էսօր Աշը ընգերուհուն ք*** էր:

Աշը առաքիչ էր աշխատում խոհանոցային հրաշք-դանակներ, նորագույն տեխնոլոգիաների հիման վրա պատրաստված քերիչներ, մասաժնի գոտիներ ու գերհարմար ծալովի վարժասարքեր գովազդող ու վաճառող ամերիկյան ընկերության հայկական մասնաճյուղում, բայց, եթե հարցնեին որտեղ ա աշխատում, ասում էր. «ամերիկական կամպանիայա, էլի»: Իր պարտականությունների մեջ էր մտնում մեքենայով պատվիրված ապրանքը պատվիրատուի տուն անվնաս հասցնելը, հրահանգավորումը և շահագործման պայմաններին ծանոթացնելը, գումարը և ստորագրությունը վերցնելը: Եթե բախտը բերեր իրան ամեն կլիենտից մի էրկու հարուր դրամ մնում էր, իսկ որ ասում էին. «մնացեք կոֆե խմեք, կեթաս», ասում էր. «չէ՛, մեռսի, ձյաձ( կամ տիկին) ջան, հլա լիքը տներ պտի մտնեմ»:

Աշը բալկոնից մտավ խոհանոց, հետո հյուրասենյակ, ժամը ութն անց քսան էր, արդեն սկսում էր մթնել, լույսերը միացրեց, հետո հիշեց, որ անցած ամսվա լուսի փողը շատ էր բռնել, նորից անջատեց: Նայեց խրուշչովյան հյուրասենյակի անկյունում անփույթ դրված հեռախոսին ու հիշեց, որ քսան րոպե առաջ էդ նույն հեռախոսի մեջ քֆուրներ էր գոռում, հայացքը թեքեց:

Աշը ինչ-որ բան չէր գտնում սենյակում, զգում էր, որ ինչ-որ բան պակասել ա սենյակից, բայց չէր հասկանում ինչ, թեքվում էր լուսամուտի կողմը, նայում հատակին ու առաստաղին. ինչ որ դատարկություն էր ավելացել: էդ դատարկությունը օդից կախվել էր, ինչ Աշի ընգերուհին սենյակից դուրս էր եկել, հետո նորից վերադարձել հեռախոսի հետևից: Աննայի (Աշի ընգերուհու) դուրս գալու ու վերադառնալու կես րոպեի ընթացքում ինչ-որ բան էր կուտակվել առաստաղին մոտ ու ճոճանակի նման կախվել էր Աշի ծոծրակի վրա: Աշը ոչ մի բան չէր հասկանում:

Աշը իրա նոր դպրոցն ավարտած ընգերուհուն ք*** էր, հետո ընկել ոտերը, ներողություն էր խնդրել, դաժը մի պահ աչքերը լցվել էին: Աննան ոչինչ չէր ասել, շորերը դզել էր, պրիչոսկեն հայելու դեմը տեղն էր քցել ու դուրս էր եկել: Հետո վերադարձել էր հեռախոսի հետևից ու արդեն հասունացած դատարկության միջով Աշի վրա էր նայել. Աշին էդ հայացքը անծանոթ էր: Մի ժամ ու տասնհինգ րոպե հետո Աշը զանգել էր Աննայի ձեռին, խոսացել էր կոպիտ ու քֆուրներով, ուրիշ կերպ չէր կարա կատարվածից հետո: Աշի գլուխը չէր մտնում, թե ոնց էդ բ*** թողեց ինքը իրան ք***: Դրա համար էլ քրֆել էր, Աննայի մորն էլ չէր մոռացել, ինչ-ինչ, բայց քֆուր տալ Աշը գիտեր:

Հագնվեց ու տանից դուրս եկավ, բանալին երկու հարյուր յոթանասուն աստիճան պտտեց, համոզվելու համար բռնակը թեքեց ու հրեց ներս. փակ էր: Մի պահ կանգնեց դիմացի հարևանի դռան առջև, հետո թքեց գլազոկից մի քիչ ներքև: Սպիտակ թուքը ծորալով դանդաղ իջավ ներքև:

Աշը աջ ձեռը դրել էր փորին ու կիսակռացած քայլում էր փողոցով: Մտածում էր մուգ մաշկով աղջիկ-էրեխու մասին ու որ էս տարի անպայման բալկոնը պիտի փակի, սարքի Գևենցի նման:

Սուտի գանգստերներ

Ինձ Մենչը դիմավորեց: Ասում էին. «Մենչին ճանաչու՞մ ես, բլուրցի», եթե բլուրցի էր ոնց էլ ըլնի կիմանայի, մեր վերևի քուչից էր: Քուրը մեր դասարանից էր: Քուչում ինքը էն չէր ինչ որ ստե ա, հաստատ, ես իրանից չէի սպասում: Բայց ինչ ուզում ես ասա ինքը իրա տղավարի խոդը արեց, հիշու՞մ ես Գարոյի ուվալնյատի քեֆն էր, տղեքի հետ ծանոթացրեց, հետո էլ իրար հետ սեղան նստեցինք: Քիչ բան չի առաջի օրվա համար:

Նույն օրվա գիշերվա հազարն էր Թեմոն լուսը միացրեց, Էդոն` ասեց բա խի միացրիր, տոլի էդ կարգի մի բան, իսկ Թեմոն ասեց. «ջոգել էիր իմ կայֆի համար եմ միացնու՞մ, որ միացնում եմ ուրեմն պետք ա»: Գիտե՞ս, իմ ջոգելով, Էս Թեմոն, Արտոն, Վիգենը մենակ մեր մոտ են յախշի, բայց իրանց կուտոկի գլուխը էն Արշոն ա, Գագիկը ու Մենչը: Տեսե՞լ ես Մենչը Արտոյի հետ ոնց ա խոսում, մոտավորապես սենց. «Արտո ջան, ազիզ, ի՞նչ կա» ու թշերին` բեսամփ անդուր, ոնց որ լակոտ ա ինչ ա: Հա Թեմոն, մի խոսքով հելան դուրս ես էլ հետևներից, ուզում էի ջոգեի ով ով ա, գնացի ես` չուժոյ պախմել, իրանց զրույցին: Թեմոն` բոյովը, ասեց. «ապեր, արի առաջ կայնի», առաջի օրով չէի կարա տենց բան կուլ տայի: Ասում եմ. «յանի գտնում ես ճիշտ ա դու արի առաջ կայնի», էտի էլ. «դու ինձի մի ասա ես ինչ անեմ» ու ձեռները հանում ա Էրեսիս դեմը: Մինչև հիմի ում հետ հարց ունեցել եմ էդ «դու ինձի մի ասա ես ինչ անեմ» արտահայտության վրով ա էլէ, բայց ոչ մեկին էլ չեմ ասել իրանք ինչ անեն. էնքան որ ասեն «դու ինձի մի ասա ես ինչ անեմ»: Էդ վախտ ես ասում եմ, «հանգստացի արա», էդի մոտավորապես նշանակում էր, «էրեսիս դեմից ձեռներդ տար» ու ըտե խփին, կարգին դեբոշ գնաց, ութ հոգով կանկրետնի , բեսամփ ծեծին: Միչև հիմի էս կողս ցավում ա, երևի էն եզ Արտոն ա խփե, էդ վախտ կազարմի հետևն էինք, քցել էին ուգլ ու ութ հոգով միաժամանակ խփում էին:

Առավոտը չեմ հիշում ով էր, ասեց. «Մենչը կանչում ա, կանաչ օբյեկտն ա»: Սաղով Միրոյին էին ճամփում, Մենչին տեսա, խոսացինք, էրեկ ըտե չէր, շուտ էր գնացե: Իրան լրիվ ուրիշ բան էին պատմել, որ դաժը խոսակցությանը մոտիկ չէր: Թեմոյին կանչին, ինձի ասում են, «ապե, էրեկ կա՞յֆ էիր», ասում եմ` հա. Վոբշմ, ընենց սարքին յանի ես եմ իրան ասել. «հլը արի առաջ կայնի», ինքն էլ վիրավորվել ու տոն ա բարձրացրել: Խոսացինք, պրծավ-գնաց: Դրանից հետո մի երկու օր լոմկա էի, իրանք ով էին, որ պիտի ինձ տենց խփեին:

Էդ օրվանից վեչնի ուզում էի հետները հագած ըլնեի, թեմաներ էի ման գալիս: Տղեքի հետ էի խոսացել. խոսացին վրես, որ իրանց խաբար չեմ արել, Արամի` մորքուրիս տղու հետ խոսացի, ասեց, որ էս քանի օրը կգա, որ ինքը գա հարց չկա:

Մի օր ԿՊ եմ, ինձ խաբար արին, որ իջնեմ, նարյադ եմ, ինձ էլ ասել էին, որ օգնական գրեն մինչև 18-ը բերեն: Իջա, ասին, որ Արտոն ԿՊՊ ա գրել, ընդունի նարյադդ: Ճաշարանի վախտ Արտոյին ասում եմ. «Արտո, քեզ ինչ որ մեկը ասել ա՞, որ ինձ նարյադ գրես», ինքն էլ. «չէ»: Հելանք դուս, բիսետկեն նստած էր, ասեցի, «ինձ խի՞ մի բերան չես ասել, որ նարյադ ես գրում»: Ինքն էլ գռուբիտ արեց, չնայած ես էի տոն տվել: Ասում ա «յանի քեզ պիտի հարցնեմ», ես էլ ասի «խի ում պիտի հարցնեիր», տեղից հելավ, բրդեց, ընգա էն կանաչ զաբորի ղայդա որ կա, դրա վրա, Թեմոն վրա տվեց, մի քիչ բրդբրդինք… կամանդիրը պլացն էր:

ԿՊՊ եմ, մեկ էլ սրանք էկան ու ուզում են խփած ըլնեն, խոսում էինք, մեկ էլ էս կով Արտոն զամախներ ա անում էրեսիս դեմը, Թեմոն էլ սկսում ա շորերիցս քաշել… սկսեցին ինձ խփել, քցել էին գետնին ու տշում էին, անցած անգամվա նման ծեծին: Արամին զանգեցի, ասում եմ, որ ձև չկա, պիտի գաս, սենց-սենց բան ա էլե, ինքն էլ ասում ա. «լավ հանգստացի, ինչ ես խառնվե իրար»: Արամը ինձ գիտի, որ զանգել եմ ուրեմն ընենց բանա էլե, որ ասելու չի, մոտավորապես ինչ, որ էղել էր: Գռաժդանսկի եթե կռիվ էի անում, ոչ մեկի չէի ասում, տղեքը իմ պախոդկից, հա, մի հատ կատաղած պախոդկա ունեի, որ կռիվ էի անում իմ պախոդկից ջոգում էին, որ կռիվ եմ արե: Արամը ինձնից Մենչի համարը վեկալեց, հետո իմացա, որ ասել էր մինչև իրանց, այսինքն Արամենց գալը իրանք իմ հետ բան չխոսային, պռոստը Մենչը դրանց հետ չէր: ԿՊՊ իմ նարյադն եմ տանում, մեկ էլ Էջմիածնցի Գագիկն ա գալիս, ասում. «ախպորդ հետ ի՞նչ ես խոսացել», ես ասեցի, որ էդ իրան չի վերաբերվում, ինքը հարցնում էր, թե իրանց քֆուր արե՞լ եմ խոսալուց: Ասեցի, ախպերներս կգան էդ վախտ իրանց հարցերին կպատասխանեմ, էդ վախտ ինքը քֆուր ֆռցրեց. դե ես էլ ինչ նորից տփոց ուտեի, ասեցի, որ էդ ել կխոսանք: Ինչ որ ժամանակ անց մեկ էլ տենամ սրանք նորից էկան ու յավնի տրամադրված ինձ խփելու, ասում են, թե մեզ քֆուր ես անում: Սկսին ինձ խփել, անարխիստավարի խփում էին, ես տենց ծեծ ոչ թե չէի կերել, այլ դաժը չէի տեսել: Լուրջ եմ ասում, եթե սրբության հարց ըլներ ինձ տենց չպիտի խփեին: Գիտե՞ս ոնց էին խփում, որ հեռախոսների մեջ ըլնում ա. չեչենները ռուս են բռնում ու մորթում, այ տենց անխղճավարի:

Խփոցու վախտ էս Գագիկը ասում ա, որ սաղովի չխփեն ու ինքն ա խփում, հետո հազիվ մի ձև փախնում եմ մեկ էլ գլխիս կողով մի 100կգ-անոց քար անցավ, հերիք չի խուլիգանավարի հազար հոգով խփում էին, մի հատ էլ քար են շպրտում: Տենց մի տաս րոպե ծեծին հետո կարեցա փախա մտա ԿՊ, ընդեղի տղեքին պատմի, իրանք էլ իրանց հերթին ինչքան քֆուր ասես չարին դրանց ու դրանց ծնողներին, ճիշտ ա դրանից մի քանի ամիս հետո իրար պաչելով էին բարևում ու ախպեր էին ասում: Զանգեցի Արամին, ասեցի, որ անընդհատ գալիս խփում են, մեկ էլ դրանց կուտոկը մտավ ԿՊ, իբր ուրիշ բանի համար են էկել ու շատ պատահական ինձ ըտե են հայտնաբերե: Էկան մոտիկ, ասում են. «ախպեր, բա էս խի ԿՊՊ-ում չե՞ս որ», ես էլ ասեցի, որ լավ չեմ, շատ վախեցած էի, ես ասի հես ա էլի կխփեն ու դրա համար գլուխ չդրի, հելա ԿՊՊ:

Տղեքը էկան, խոսացին, բայց ըստեղից դու արդեն ամեն ինչ գիտես… էլ չեմ պատմի…

… պռոստը սուտի գանգստերներ են, լրիվ երեխա…

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *