Անգլերենից թարգմանվում է առաջին անգամ:

(Առաջին մասից)

I

Ադամի պես մերկ ենք և այս պահին լայնեզր կապույտ գոտին դառնում է այն ինչ կա. երկարաձիգ ծովն ուռչում է մեր առաջ, ոչ-ձկները նույնպես դառնում են այն ինչ կան, ու վերջապես տեսնում ենք ջուրն ու ճերմակ սանրվածքով ալիքները, որ ձգվում են դեպի անսահմանություն, բայց ոչ աղի, ջերմ, թախծոտ: Հագուստից ազատված ու մարմինները տված արևին ու ծովին, վազում ենք ջինի նման, հազարավոր տղաներ վազում են դեպի Միջերկրական ծովն ասելով` ծարավ ենք, ծարավ, ու խմում ենք ծովաջուրն ու խնդում ու խեղդվում, որբերի մի երամ, Էրեգլիից բեռնված գնացքի վագոնների մեջ ու բեռնաթափված Լիբանանում, ծովեզրին: Ջուրը մեզ կուլ է տալիս, իսկ մենք այն կյանքում չէինք տեսել ու երբևէ այն չէինք համտեսել, ու թեև ծովն անտանելի էր, մենք կլացենք, որովհետև յուրաքանչյուր աղի ջրի պոռթկումից ու կուլ գնալուց՝ այն աստիճանաբար դառնում է այն, ինչ որ է և ոչ այն, ինչ կարող էր լինել կամ ինչպես որ երազելիս էր հայտնվում կամ ինչպես որ թվացել էր ճանապարհի ոլորանից հետո, լեռան մյուս կողմում` շոգ, սև մետաղե հրեշի ներսից, ու հետո մութ, լուռ թունելի միջով այդ նույն հրեշի ներսում, լեռնաշղթայի բարձունքներից. լայնեզր կապույտ գոտին, հետո Նոր Երուսաղեմ, հետո ծովն իր ճերմակ ձկներով: Նրանք մերկացնում են մեզ, վրայից պոկում մեր քրջերն ու թաշկինակներով ծածկում իրենց բերանները (հոտը) և թափահարում իրենց ճիպոտները բարձր օդում, ասես սարսափելի բարակ մականներ, ու մենք վազում ենք, յալլա գոչում են նրանք, ու մենք վազում ենք, որպես հազարամյա զեփյուռը, հազարավոր վազող տղաներ, ու ծովը մեզ ամբողջովին կուլ է տալիս, իսկ ալիքները, որ ձկներ չեն, բարձրացնում են մեզ վեր ու ամորձիները մեր նույնպես բարձրանում են թախծոտ, նոր ծովի մակերեսին, ու ծփում հանուն նոր սերնդի: Մենք այստեղ ենք, ասում ենք: Ոստանիկ, գոռում եմ. «Այստեղ ենք»—անցյալից ժամանած տղաները, ու սովորում ենք լողալ ու մեր մարմինները սավառնում են աղի օդում ու արևն է պսպղում մեր մաշկին: Սպասում ենք, թե երբ մեր մարմնի վերքերը կլավանան աղաջրի ջերմությամբ: Ասում ենք «այստեղ», քանի որ ամեն ինչ իրականանալու է, ու մեզանից ոմանք արդեն ունեն նոր քրիստոնյա անուններ ու կսովորենք մեր արհեստները ու ոմանք կվերընկալեն այս հիմա դեռ մեռած լեզուն, ու մենք կասենք այդ մեռած լեզվով` ասես Ադամներ ենք եդեմում:

II

Ուշ կեսօր է ու շոգ, 1964 թվականի ամառն է: Պառկած եմ պատշգամբում, ճաքած սալիկների վրա ու տեսնում եմ հարևանի բետոնե պատը, պողպատե ճաղերը, լսում եմ թե ինչպես է հարևանի կինը ճաշ պատրաստում, բղավելով երեխայի վրա՝ որ չքաշի, այլ նստի, թե չէ կխփեմ, երեխան` հարվածը ստանալով, լալիս է, ափսեների ու պատառաքաղների զրնգոցը և ճաղաշարից ձգվող երկինքը, անծայրածիր ծովի նման, որը տեսողության դաշտում չէ: Սալիկները մի փոքր պահպանում են առավոտվա զովությունն ու երանի թե զով լիներ ու մեկ այլ տարվա եղանակ: Շոգը թափանցում է բամբակե մաշկի միջով ու ներծծվում ծանրացած ու անշարժ ծայրանդամների մեջ, կոնքի ոսկորները ձգում են ամառվա շալվարս ու երբ սեռս պրկվում է, միասին կազմում են մի տարօրինակ ու անպատկառ երրորդություն: Այնքան շոգ է, որ ախորժակ էլ չունեմ: Նախ կինս չկա, որ ճաշ պատրաստի, որը ես չպիտի կարողանամ ուտել, իսկ երեխան նորից լալիս է, էլի է ուզում իր նախալեզվային ճչոցներով: Նա արհամարհում է լացող երեխային ու պատշգամբից թափ տալիս գորգը, որի փոշին լցվում է աչքերս, բայց աչքերս մնում են անթարթ, ծայրանդամներս` անշարժ, ու նա երեխային ասում է սուս կաց, ձայնդ կտրիր, հարվածում այնպես, որ տղան սկսում է ավելի բարձր լալ: Եթե ձեռքս բարձրացնեի, կհանեի ծխախոտն ու ճակատիցս կսրբեի փոշին ու մուրը: Շոգից է, որ բեդվինի պես նիհարել եմ: Ձեռքիս անկարողությունից՝ որ երկարեմ ու հասնեմ սիգարետի տուփին: Կեսօրներն անց եմ կացնում պատշգամբի սալիկներին—ճաղաշարը, բաց երկինքը, ու չնայած որ չեմ տեսնում նրան, ծովը հեռավորության մեջ, ծովի ու երկնքի հանդիպման վայրը այս ամառվա անփոփոխ մշուշում: […]

VI

Եղանակները փոխվում են ու այսօր ավելի զով է: Տարվա ամիսներից նախընտրում եմ սեպտեմբերը. ոչ շատ արևոտ է օրվա ընթացքում ու ոչ էլ շատ շոգ: (Դարձել է) իմ ծննդյան ամիսն է. ինքս եմ որոշել` սեպտեմբերի 26, 1917: 26, քանի որ 2-ն ու 6-ը իմ սիրած թվերն են, սեպտեմբեր, քանի որ հաճելի ամիս է, և վերջապես 1917, քանի որ հավանական տարեթիվ է: Ուրեմն այսօր իմ ծննդյան տարեդարձն է: Եթե այսօր ծննդյանս օրն է, ապա դառնում եմ քառասունվեց տարեկան, Ջուլիանան ու ես գնում ենք ռեստորան մեր ընկերների հետ նշելու: Քառասունվեց տարեկանում դեռ չեմ տարվել մեր տանը աշխատող աղջկանով, կամ կապիկով, կամ էլ տեսիլով. դեռ աշխատում եմ արհեստանոցում ու ապրում աշխատավարձով: Առավոտյան զարթնում եմ, կրպակից թերթ գնում, լավ ուտում, սուրճ խմում ու ընկերների հետ հաճախ դուրս գալիս, ընկերներ իհարկե ունեմ, տխուր ու անօրեն մարդ չեմ: Տարիներ շարունակ ոչինչ չգիտեմ ու ոչ էլ ուզում եմ իմանալ իմ մանկության կամ էլ այն տեղից որևէ մեկի մասին: Ապրում եմ լավ ու ապահով կյանքով: Հիմա լավ ապրելու ժամանակաշրջանն է, ապրում ենք Beyrouth oք on vivait la bonne vie—“La dolce vita, chռrie””: Նորակառույց վեց հարկանի շենքում միանգամայն բավարար, մեծ ու լուսավոր բնակարան եմ վարձել, սենյակները կահավորել ենք, ու դեպի արևմուտք նայող պատշգամբի լուսամուտից երևում է ծովը: Շենքում բնակվում են երեք հայ ընտանիք, մի քանի մարոնական քրիստոնյա, երկու հույն լուսավորչական ու մի սուննի իսլամական ընտանիք. շատ լավ հարմարվել ենք այս միջավայրում, տանը ունենք մի լավ փայտե սեղան, երկու պաստառով աթոռ, պարսկական բրդե (մեքենակար) կարպետ, ռադիո. մի խոսքով ամեն ինչ ունենք:

Չեմ հիշում թե Ոստոյի պատկերն առաջին անգամ երբ ի հայտ եկավ, ասես եթերից: Որովհետև այդ պատկերից առաջ գոյություն ուներ միայն կապույտ երկինքը կամ մութ ծովը՝ լուսավորված կիսալուսնով ու հետո դատարկություն, չէի տեսնում. ոչ եթեր, ոչինչ, ու հետո նա (Պետրոս Մեծ Կարո Արամ մայրիկ օրիորդ Թալին և) այդ եթերից կերտված ու անհրավեր ու տարիներով ոչ տեսնված և ոչ մեռած, ոչ, ոչ էլ անհետացած, այլ անգոյացած: Այժմ հաճախ եմ նրան տեսնում, բայց այն երկար տարիների ընթացքում, երբ ժամերով աշխատում էի, հետո Ջուլիանան ու մեր առաջին բնակարանը գետի ափին, մինչև որ տեղափոխվեցինք այստեղ` Ռաս Բեյրութ, ութ տարի առաջ, ու դեռ աշխատում էի նույն երկար ժամերը. այդ ժամանակ նրան չէի տեսնում, չէի հիշում, որովհետև, ըստ էության, նա գոյություն չուներ: Ու մյուսներին նույնպես՝ այն ժամանակից ու այն տեղից, տեղադրված կաղնե (իմ ձեռքով սարքած) տուփի մեջ ու երբևէ չտեղաշարժված, չբացված, հետևաբար լրիվ մոռացել էի նրանց մասին: Անգոյացրել էի նրանց ու հետևաբար նրանք անհետացել էին տուփի մեջից ու տուփն էլ իր հերթին էր անհետացել: Արդյոք ծննդյանս օ՞րն էր, որ վերահայտնվեցիր ասես մի մութ, հրեշային ֆիլմի տեսիլ: Ֆիլմը պտտվում էր ու պտտվում, առաջ ու հետ գնում և այդպիսով` այս պահի արձակումը և Ջուլիանան ու ես. իմ քառասունվեցամյակն էր: Մենք հագնվում ենք ու պատրաստվում ճաշկերույթին, Ջուլիանան ծիծաղում է, հետո բողոքելով պատմում աշխատավայրում տեղի ունեցած բաներից, ու զարդարվում է ննջասենյակում` հագնում իր գեղեցիկ շորը, նրա դեմքն արդեն կոկված է, ներկված երեկոյի համար: Հարցնում է, արդյոք հավանում եմ նրա շորը (ու հետևաբար մարմինը) ես պատասխանում եմ այո սիրելիս ու չեմ սպասում քեզ այստեղ տեսնել բայց ահա այստեղ ես—աչալուրջ ու ձեռքերդ իջեցրած, մատներդ ամուր իրար սեղմված, ասես սպասում ես ինչ-որ մեկին, լուռ: Ինձ հմայում են քո սեղմ ձեռքերը, ուղղահայաց մատներդ, որ համարյա թե չեն շարժվում: Դու փոքրիկ զինվոր ես ու մյուս տղաները ուզում են ծեծով հնազանդեցնել քո ձեռքերը, այնպես որ նրանք բարձրանում են ու ծածկում մարմինդ կամ տարածվում հորիզոնական դիրքով, ասես Քրիստոսի ձեռքերը հռոմեական խաչին: Մեծ տղաները չգիտեն որ ես նայում եմ, իհարկե նայել նշանակում է որ իմ ձեռքերն ու երեսն էլ, ինչպես նաև Ոստանիկի ճկույթն արդեն երկու անգամ կոտրել են, ու նույնիսկ մի անգամ էլ նրա բազուկը ու մայրիկները բողոքում են թե շատ կոպիտ ենք խաղ անում: Դու քնում ես հարևան մահճում, ես տեսնում եմ քեզ կողքից, զորանոցի միակ տղան ով քնում է մենակ: Մնացածս խռնված ենք զույգ-զույգ` մեր լավագույն դիմադրությունն այս երկար ցուրտ գիշերների դեմ մեր մարմիններն են` փորը, սրունքներն ու ոսկրոտ բազուկները: Քո շուրթերը սպիտակ են ու ցրտից միշտ ճաքճքված, ցրտահարության այտուցներն ու ուռուցքներն ամենաշատը երևում են ոտքերիդ վրա. մաշկդ պլոկվում է ու կարմրում: Մայրիկները չեն կարող մեզ ստիպել քնել անկողնումդ որտեղ դու ես, Եղյան ու Լևոնը: Դու երկչոտ ես ու երբ նայում ես ինձ, մի աչքդ սահում է իմ վրայով, ասես այնտեղ ինչ-որ ավելի հետաքրքիր բան կա իմ հետևում: Անճոռնի ես, սև մազերդ աճում են հատվածներով, ասես կարկատան: Մերդ բոզ ա, ասում են տղաները, ու քո ծուռ աչքերը, Ոստանիկ, միշտ արցունքոտում են, դու նայում ես վեր, գուցե փնտրում ես, սպասում ես բոզ մորդ, որ հեռացել լքել է քեզ: Տղան, ով լալիս է միշտ այն տղան է ում քաշում են պատի հետևը, նա այն տղան է ում մատները փայտացած են, և ում վարտիքն օրեցօր իջեցվում է ծնկներից վար:

Նա եկավ առանց պայուսակի, հագին միայն պատառոտված վարտիքն էր, ոսկրոտ բազուկներն ու ոտքերն ամբողջովին ծածկված էին կարմիր ու թարախակալված վերքերով: Մի մանչ, ով լալիս է և ում մազերը չեն աճում հավասար: Երբ Ոստանիկն առաջին անգամ եկավ «Թռչնի բույն», նա համարյա թե չէր խոսում: Երևի հինգ տարեկան էլ չկար: Նրան թողել էին դարպասամուտքի առաջ, վաղ առավոտյան: Առաջին վեց ամիսների ընթացքում նա ոչ մի բառ չարտասանեց: Մայրիկները նրան ներս բերեցին, սկզբում լողացրեցին ու մաքրեցին, բայց հետո թողեցին մնացածիս պես: Նրան անվանեցինք Կուսկուս, քանի որ տարօրինակ կենդանու էր նման  իր մեծ քթով ու նիհար մարմնով: Կապիկի ա նման, ասում են տղաները, և իրոք այդպես է: Անկանոն մազերով, մեծ ծուռ աչքերով, որ արցունքոտում են ամեն անկապ վիրավորանքից: «Բոզ: Մորդ եմ քունել»: Մեծ Կարոն ու Պետրոսը կողքի զորանոցում նրան որդեգրել են որպես իրենց հմայակ, քարշ են տալիս իրենց հետ ուր որ գնում են: Մայրիկները ուրախ են, որ նոր տղային իրենց թևի տակն են առել: Ասում են թե խնամեք, նա ձեր եղբայրն է, չնայած որ մենք եղբայրներ չունենք: Զորանոցի հետևում նա նրանց վարժեցրած կրկեսի կապիկն է: Նրանք իջեցնում են իրենց վարտիքները, իսկ նա՝ լարած խաղալիք-կապիկի պես, բացում է բերանը: Բարձր դասարանների տղաներ մեկը մյուսի հետևից օգտագործում են նրա բերանը զվարճանքի համար: Նա ինձ երբեք այդ մասին չի պատմում: Ես նրանց երբեք չէի հետևում երբ տեսնում էի ինչպես ճաշից հետո կանչում էին նրան ու հետո անհետանում զորանոցի հետևում: Նա միշտ լուռ ու մունջ հետևում է նրանց: Ոստանիկը յոթ կամ ութ տարեկանում: Տեսնում եմ նրան կրկին նրանց առաջ ծնկի եկած: Բերանը լայն բացած: Չիպ չիպ: Կապիկներն ունե՞ն մեծ ատամներ: Եվ նա դժվարանում է զուգարան գնալ: Այստեղ բոլորն ամեն ինչ գիտեն ու եթե չես կարողանում զուգարան գնալ, մայրիկը քացախ է տալիս, որ խմես ու դրա հետևանքով ամբողջ օրը քեզանից վատ հոտ է գալիս: Նա լալիս է, լալիս, թասի վրա նստած, զուգարանում: Փորձում է անձայն լալ, բայց ես տեսնում եմ սրունքներով հոսող արցունքները՝ մերկ ոտքերին: Պատկերացնում եմ նրա կղանքը խրված խորը աղիքների մեջ, որտեղ սարսափելի մութ է, ասես մի մութ ֆիլմ:

Հետո ես դասասենյակում եմ ու պարոն Հովհաննեսը հետուառաջ է քայլում աշակերտների նստարանների շարքերի միջով: Նրա մտրակը միշտ ձեռքում է, միշտ պատրաստ ցնորամոլ տղայի համար: Ցնորամոլ տղան ես եմ, բայց նա այդ չգիտի, չի տեսնում: Ես նայում եմ նրան ու գլխով անում: Մինչ այդ ես կրկեսի վրանում եմ: Մի մեծ փիղ իր հետին թաթերի վրա է կանգնել: Ես էլ նստած եմ փղի վրա ու ձեռքումս ճոճում եմ երկաթե գունդն ու շղթան: Փիղն ընկնում է գետին ու ես խփում եմ նրան իմ շղթայով, կեռը խրում եմ նրա մաշկի մեջ ու բարձրացնում: Հանդիսատեսը ծիծաղում է ու քաջալերում, կապիկներն իրենց վանդակներից աղաղակում են, երգում բարձր ձայներով: Այստեղից տեսնում եմ պարոն Հովհաննեսին, որը նստած է ամբոխում ու ժպտում է, ծիծաղում, ու մեծ Կարոն ձեռքով է անում որ եկել է: Մենք կրկեսի կենտրոնում շրջան ենք գործում, փղի վերքերից արյուն է հոսում: Ռաջա, գոռում եմ հիմար կենդանու վրա, զսպիր քեզ, զսպիր: Ներկայացման ընթացքում կապիկներից մեկը սատկում է, նրա թաթը պոկվում է ճոճաձողով թռչելիս: Ամբոխում նստած երեխաները սկսում են լաց լինել, բայց նրանց տրամադրությունը բարձրանում է, երբ ես ու Ռաջան վերադառնում ենք բեմ: Ես գլխիս վերևում թափահարում եմ կապիկի թաթը որպես մրցանակ, կրկեսի հատակին արյան հետքերը տանում են դեպի վրանի եզրը և Վահե, ասում է պարոն Հովհաննեսը, քսանհինգին գումարած երեսունինը և «Վահե», ասում է Ջուլիանան, «ուշացանք, արագացրու»: Մի քանի րոպե անց դուրս ենք գալիս ու ես բացում եմ շքամուտքի դուռը Ջուլիանայի համար, նա անցում է դռան միջով: Ոստոն ինձ հետ է ամբողջ երեկո, ճաշկերույթի ժամանակ: Պատկերացնում եմ նրան ռեստորանի ամեն անկյունում, նստած յուրաքանչյուր սեղանի մոտ: Ճաշկերույթի ժամանակ տեղի է ունենում մի աննշմար պատահմունք. դեղագործ ընկերոջս հարցնում եմ փողոցային տղայի ու նրա կնոջ մասին: Պետք է որ քառասունվեցամյակս լինի, 1963 թվականն է, իսկ եգիպտուհի Ում Կալսումի համերգը Բաալբեքում օգոստոսին էր: Շատ շոգ գիշեր էր. հռչակավոր երգչուհին ժամերով երգում էր Յուպիտերի տաճարում («Եթե փախչեմ իմ սրտից, ո՞ւր եմ գնալու: Մեր անուշ գիշերները տարածվել են ամենուր»), Բաքոսի տաճարը մեր ձախից էր, իսկ Վեներայինը՝ լայն ու վիթխարի կիսավերակ սյունաշարով, մեր հետևում: Ես ու Ջուլիանան, դեղագործ ընկերոջս ու նրա կնոջ հետ քշելով լեռների վրայով, Բեյրութ-Դամասկոս ճանապարհով գնացել էինք Բեկայի հովիտը: Առաջին անգամն էր, որ տեսնում էի այդ լեգենդար երգչուհուն ու նրա ձայնը այդ երեկո լցվել էր տաճարներն ու ես հմայված էի կիսալուսնով ու դա ծնունդիցս մեկ ամիս առաջ էր, երբ ամեն ինչ ընթանում էր ակնկալածիս պես. մի խոսքով` անբավարարված չէի:

XII

Նստած եմ անկողնուս վրա ու

Նստած եմ անկողնուս վրա ու շոգ է նույնիսկ առանց շապիկի. ինչպես միշտ ծխում ենք: Ծուխն ամբողջովին լցվել է ննջասենյակը. այնպես որ հազիվ եմ տեսնում նրա դեմքը, եղունգները ներկված են, մատներով անընդմեջ շփում է իր նիհար ու նրբագեղ ազդրերը` վեր ու վար, ու հետո իր կարմիր ներկված եղունգները մոտեցնում է դեմքիս, դրանք փայլում են ծխով լի սենյակում ու գրգռվում եմ, քանի որ նրա հագին չկա ոչ անդրավարտիք ու ոչ էլ կրծկալ, կրծքերը մեծ են ու ձեռքս երկարացնում եմ, դիպչում նրա կրծքին ու մոտեցնում եմ շուրթերիս, որ ծծեմ: Բայց կաթի փոխարեն ջուր է հոսում նրա պտուկից ու ասում եմ, որ կաթ եմ ուզում, իսկ նա ասում է, որ չի կարող ու շոյում է գլուխս, հետո երգում է մեռած լեզվով երգում է օրորոցային, բայց արաբերենով ու հետո, քանի որ կաթ եմ ուզում և ոչ թե ջուր, ատամներս խրում եմ խորը կրծքի մեջ, նա երգում է ինձ համար ու բաց վերքից ծծում եմ արյունը: Երգում է նորից  գարուն եկավ, գարուն աննման, այդպես չէ՞: Սա իմ երազանքն է, այն, ինչ ցանկանում եմ ամենաշատը: Խմում եմ այնքան մինչև դատարկվում ու մեռնում է: Բայց մահից հետո արթնանում է ու ասում, որ սիրում է ինձ: Որ միշտ էլ սիրել է ու չի լքում, երբեք չի լքում մեր ննջասենյակը: Մենք միշտ այստեղ ենք, ննջարանում, ու մաման սիրում է ինձ այստեղ ու ամեն գիշեր գալիս է և չնայած չեմ ուզում նրան սպանել, անում եմ, որովհետև արյունն իրենն է, իսկ ես ծարավ եմ ու անոթի: Լիբանանում արյունը երբեք չի փոփոխվում, չի վերածվում ջրի, բայց այստեղ կարելի է, որովհետև ինձ լավ եմ պահում: Այստեղ ես ինձ լավ եմ պահում ու նա ինձ սիրում է: Նա երբեք չի լքում մեր ննջարանը: Մենք միշտ ննջարանում ենք ու մամաս սիրում է ինձ այստեղ ու ամեն գիշեր գալիս է ու չնայած որ ինձ հաճելի չէ նրան սպանել, սպանում եմ: Որովհետև արյունն իրենն է, իսկ ես ծարավ եմ ու անոթի. Լիբանանում արյունը երբեք չի վերածվում ջրի, բայց այստեղ կարելի է, որովհետև ինձ լավ եմ պահում այստեղ: Ես ինձ լավ եմ պահում ու նա սիրում է ինձ այստեղ ես նստած եմ անկողնուս վրա ու նա երբեք չի լքում մեր ննջարանը մենք միշտ ննջարանում ենք ու մամաս սիրում է ինձ այստեղ ու ամեն գիշեր գալիս է ու չնայած որ ինձ հաճելի չէ նրան սպանել, սպանում եմ որովհետև արյունն իրենն է, իսկ ես ծարավ եմ ու անոթի Լիբանանում արյունը երբեք չի վերածվում ջրի բայց այստեղ կարելի է որովհետև ինձ լավ եմ պահում այստեղ ես ինձ լավ եմ պահում ու նա սիրում է ինձ այստեղ ես նստած եմ անկողնուս վրա ու նա երբեք չի լքում մեր ննջարանը մենք միշտ ննջարանում ենք ու մամաս սիրում է ինձ այստեղ ու ամեն գիշեր գալիս է ու չնայած որ ինձ հաճելի չէ նրան սպանել սպանում եմ որովհետև արյունն իրենն է իսկ ես ծարավ եմ ու անոթի Լիբանանում արյունը երբեք չի վերածվում ջրի բայց այստեղ կարելի է որովհետև ինձ լավ եմ պահում այստեղ ես ինձ լավ եմ պահումունասիրումէինձայստեղեսնստածեմանկողնուսվրաունաերբեքչիլքումմերննջարանըմենքմիշտննջարանումենքումամասսիրումէինձայստեղուամենգիշերգալիսէուչնայածորինձհաճելիչէնրանսպանելսպանումեմորովհետևարյուննիրեննէիսկեսծարավեմուանոթիԼիբանանումարյունըերբեքչիվերածվումջրիբայցայստեղկարելիէորովհետևինձլավեմպահումայստեղեսինձլավեմպահումունասիրումէինձայստեղեսնստածեմանկողնուսվրա:

XV

Ստում եմ, որովհետև սիրել եմ սիրում եմ քեզ ու որովհետև, սիրելիս, սուտը կարող է ավելի մոտ լինել ճշմարտությանը:

(Երկրորդ մասից)

XVI

Մաման այսօր չկարողացավ գալ, որովհետև.

1. պատարագի է գնացել

2. նրան կապել են սյունից ու լալիս է

3. և չի կարողանում փախչել (ուզում է)

4. քայլել չի կարող ոտքերը կորցրել է անապատում

5. կորել է (անապատում) ու լալիս է

6. և չի կարողանում փախչել (ուզում է)

7. մի մարդ նրան պատանդ է վերցրել փող է ուզում

8. նա փող չունի. լվանում է հարուստ մարդկանց (ինչպես օրինակ կիրակնօրյա սամարացիների և Համրայի տիկնանց) շորերը

9.  կորել է

10. մի այլ տեղում ու չի կարողանում խոսել (մեռած) լեզվով

Վաղը նա կգա (դարպասամուտքի մոտ), որովհետև.

1. վաղը պատարագ չի լինելու

2. նա կոտրում է անկողնու սյան շղթաները և

3. փախնում է (արագ) այստեղ

4. նստում է ջորու (կամ փղի) վրա ու

5. փղին (Ռաջային) քշում է ուղիղ այստեղ դարպասամուտքի առաջ

6. սպանում է այդ մարդուն

7. սպանում է կիրակնօրյա սամարացիներին և սնդուկից վերցնում նրանց փողերը

8. գալիս է դարպասամուտքի մոտ Ռաջայի վրա նստած

9. ասում է «Bonjour mon petit!»

10. «Bonjour Maman!» մենք համբուրվում ենք ու գրկվում (միասին Ռաջայի վրա նստած հեռանում ենք ու գնում մի այլ տեղ)

XVII

Որովհետև դա արվել է հանուն սիրո: Ու իմ չպատմագրված կյանքը (անստորագիր պահարաններով, չտեսնող ծառա-աղջկանով, ձմռանը երկար հարավարևմտյան քամիներից չդադարող, չփոփոխվող իմ դեգերող ձևով կամ բարձրացված ձեռքով, անտանելիորեն չարգելված թեք լույսով, որ վերածեց աղջկա բամբակե շորը լուսապսակի՝ մատակարար սրբացված մարմնին) ու այդպես ստեղծում էի պատմություններ, ապաստեղծում դրանք իմ գլխում և տեղադրում մտքերի ու հիշողության ու ոչհիշողության կողքին, այդպես ստեղծված, քանի որ մարդու կյանքում կան բաներ, որ ստեղծվում են հենց այդպես, և որովհետև ես միշտ էլ եղել եմ մի տղա, ով չպետք է ապրեր ես ապրել եմ դա և որովհետև ես միշտ էլ լուռ եմ եղել, խոսել բարձրաձայն միայն այնտեղ, որտեղ կարող էիր ինձ լսել (դու՝ անունակ լսելու բացի այստեղից, ներքին մարմնականում, փքված հևացող օրգանների արանքում) ու այսպիսով ես դա համարեցի դավաճանություն. իմ սեփական մահը և քսաներկու տարի անց, երբ վերջապես կազատվեմ (այո, մեռնել ու սպանվել) կմտածեմ մահվանից անմիջապես առաջ, որ համարձակ ինքնասպանությունն արժանի մի բան կլիներ. վերադարձ դեպի ծով ու լուռ հավերժական ջերմություն, ջրի հպումը՝ կատարյալ, և այնտեղ ես ինքս եմ ու լուռ ու մաշկս ամբողջությամբ հպված՝ ասես ընդմիշտ սեղմված ամուր, և այո, կարոտը՝ վերադառնալ մի տեղ, որն անդարձելի է, բայց երբեք դա չարեցի, ոչ մի անգամ (կիսով չափ փորձված մի անգամ, որ հավասարազոր է ոչմիանգամի), որովհետև. եթե բոլոր պատմությունները մեռած են և սփռված աշխարհով մեկ (արյունը դրա), առնվազն կարող եմ ասել՝ հանուն սիրո: Ամենամութ օրերը անցկացրի փայտերովս ու աղջիկների մարմիններով, որովհետև քո երևկայված մարմնի անուշ ծույլ կտավում ուզում էի տվածդ դարձնել ոչ ապարդյուն ու ինչ-որ չափով փոքրագույն հաղթանակ, չպատմագրված մի նվաճում, որ ստեղծվել է երակների և զարկերակի միջով սրտից ներս և դուրս մղվող քեզ հիշելու համար արյան շարունակվող պոռթկումով, ու հետևաբար ցավում եմ, սիրելի Մայր, որ չստեղծեցի քեզ համար ժառանգներ, չթողեցի երկրում (ցրված և հյուծված արյունը) հողը փորող մի տղայի կամ մի աղջկա՝ կույս ու պատրաստակամ՝ Պատմության միջով մինչև վերջ կրելու ու կրելու ցեղի մնացորդը, խտացնելու արյունը և բերելու այն տուն ու մի տեղ հավաքելով ասելու՝ «Այստեղ ենք», այսինքն, որ կարող ենք վերադառնալ, կարող ենք վերստեղծել անհիշվածը, չպատմագրվածը, քանի որ ժառանգները կարող են անել՝ մեր համբերությունն իսպառ հատած, կոտրել քամին մեր մարմիններով, մեր բազում ու բավականաչափ կերպարանքներով լույսն իր ուղուց շեղել,—ուրեմն ինչու՞ նա չարեց, այս քո տղան, որ տղադ չէր: Որովհետև (փքված ու անտարբեր) նա (ես) կկոտորեր իմ սեփական ժառանգներին, ինչպես վայրի խոզն է ուտում իր ձագերին, ինչպես առասպելական աստվածուհին է հոշոտում իրենից ծնվածներին, ինչպես ցանկացած մեռած մայր: Չեմ տանում՝ պատերազմները, արյունահեղությունը, չպատմված բաները: Չեմ կարողանում այլևս:

Որովհետև այս տեղից չեմ: Որովհետև կա տարածություն՝ մի լայն ճեղքվածք՝ ստեղծված երկրով ու հարկադրված ճամփորդությամբ ու նաև հենց լեզվով, քանի որ չի կարող ասել այն, ինչ լեզուն այլևս չգիտի —ինչպես ասել, ինչ այլևս չգիտի—լեզուն մեռցնում է ինձ, ես արտասանում եմ մեռած բառեր ու հետո այս (հիմա մեռած) բառերի միջոցով փնտրում մի մարմին. Նորից գարուն եկաւ, գարուն աննըման լսու՞մ ես: Քեզ համար եմ միշտ ու նորից երգում, ոչ այն ֆրանսիական սիրո երգը, որ երգում էի աղջկա համար. նրան սիրեցի այստեղ ու նա էլ ոչ այս տեղից. արդյոք սա՞ է ծնում թախիծը, որովհետև ես միշտ էլ եղել եմ տեղից դուրս չպատկանող ——իմ մարմինը և իմ լեզուն, այս միակ մարմինը և բյուրավոր լեզուներ, ու չեմ հիշում՝ հայերենը (մինչ մեռնելը), թուրքերենը (ծեծով հանված մսից, ինչպես ծեծում են ահարկու գառանը), հայերենը բառ առ բառ նորից ինձ հետ սովորեցրած, ծեծով հետ մտցված Բնում (ճիպոտի հարվածները) լեզուն նորացնող (Ի՞նչ է քրիստոնյա անունդ), արաբերենը՝ սնունդ գնելու ու համեցեքների համար և սուրճ ու շաուրմա հաճիս և խմիչքների ու պոռնիկների, ծխախոտի ու Ալիի համար և, ֆրանսերենը քրիստոնյա տիկնանց համար, նրանց այս հարթ եզրի մասին հարցերի, մերսի մադամների և pas de problՌme-ների և քաղաքում կուտակված եվրոպացի ու ամերիկացի զբոսաշրջիկների համար:

Որովհետև երբեք դա չեմ կարողանալու վերադարձնել:

Որովհետև այս տեղից չեմ:

Որովհետև՝ մահվան անանացանելի տարածությունը մահն ինքը չի կարող կտրել-անցնել: Դեգերող մեկը, ով երբեք չի կարող ժամանել, և ոչ էլ երբևէ հետ դառնալ: Լեռան մյուս կողմում, ոլորանից անդին չկա ոչ Դրախտ, ոչ Դժոխք, ոչ էլ Նոր Երուսաղեմ, և այս անանցանելի տարածությունը երկրից ու լեզվից հեռացված մարդու համար վերջինն է, ամենացավալին ու անտանելին, որովհետև մահն ինքը չի կարող դրան աջակցել. ես քեզ երբեք հետ չեմ կարող ստանալ, Մայրիկ, այս աշխարհի ոչ մի մարմնով (նորաստեղծ կամ ոչ), ոչ էլ տեսիլային ոչմարմնով, և ոչ էլ իմ իսկ մահվան գնով: Եվ ահա սա, առասպելի այս առավելագույն դավաճանությունը և հենց իրեն՝ Աստծուն չեմ կարող հանդուրժել, և իհարկե կա միայն հանդուրժելը՝ անել ու անել դա այնքան, որքան որ կապրեմ և այնքան, որքան որ չեմ ապրի. որդեր, աղբ, արականացված մարմնի փոշի:

Այնուամենայնիվ եղել է իմ փափուկ ու փոքրամարմին կաղացող ու տխուր աստվածամայր-աղջիկը, կեսօրվա արևով լուսավորված բամբակում հանգրվանած պտուկի հայտնաբերումը—ինձ ի հայտ եկած և հետո սեր ու սա է վերջին երկար ու անհատուցելի օրգանի էներգիան. այս սերը, որ արդարացնում է հանդուրժումը, դարձրեց հանդուրժելի և այս աղջիկը, ով արեց. ով այն կեսօրվա ննջարանը լցրեց ուրախությամբ ու արևով լուսավորված որոշակի երջանկությամբ: Մոռացիր ժառանգների մասին, որովհետև գթածության այդ պահին՝ Բեատրիչեի լույսով ու գեղեցկությամբ պարուրված, այս աշխարհի արգելված պտուղը, և Ջումբան ուներ իր Ուրակայիին, իսկ ես՝ իմ սեփական Բեատրիչեին: Ու հիմիկվա համար դա բավական է: Օրգանները կարող են դադարել գործելուց, արյունը կարող է թափվել բետոնին և տղաները՝ խաղալ դրա թանձրակարմիր հոսքում: Եվ ո՞վ կունենա կարիքը ցանկանալ կտրել-անցնել իմ սեփական մահվան տարածությունը: Եվ ո՞վ՝ կյանքն անցկացնել այսպիսի անհատուցելի ու սարսափելի դիվային ոսկրի ցանկությամբ ցանկացողին ասես վերածելով ապուշի, չխոսող չպատմագրված հիմարի: Հուսով եմ ոչ ոք: Հիմա այս կարճ ժամանակամիջոցում հնչում է ֆրանսիական մեղեդին ու ալիքներով գլորվում պատշգամբից. պառկածս տեղից տեսնում եմ ծովն ու այսպիսով բավարարված եմ՝ սիրո շնորհիվ: Ու ես պատրաստ կլինեմ, երբ նրանք գան իմ հետևից. վաղը կամ քսաներկու տարի անց, երբ այս տեղը կրկին անգամ կժայթքի պատերազմի ու հուբրիսի ղողանջով ու դարերով եկած ռազմականացված արյամբ ու ցեղն ու մայրաքաղաքն ու մի դավանանքն ընդդեմ մյուսի. եկեք արեք, սպանեք դա: Չէ որ բնական է: Ու մենք նորից ամենը կմոռանանք կանպատմագրենք քեզ համար մահվանից առաջ հետո:

XXXVIII

Եթե հնարել եմ քամին ու անձրևը, ստեղծել ու հավաքել դրանք ու ավելացրել քո պատկերին, կանգնած այնտեղ դարպասի մյուս կողմում, ապա ինչպես գիտեմ, որ դու էլ էիր այնտեղ և ոչ նույնպես հորինված իմ կողմից ու հիշողությունն ու սուտը չեն տարբերվում ճշմարտությունից. դու այնտեղ էիր, քամու ու անձրևի տակ, թրջված ու հոգնած, սոված ու տխուր. մի տխուր կորած մանչ անցյալ ժամանակից: Արդյոք գոյություն ունեցե՞լ ես, Ոստանիկ: Ու եթե չեմ կարող վստահ լինել, որ գոյություն ես ունեցել, ապա ես ոչինչի մասին վստահ լինել չեմ կարող` Կողնիշի երկարությամբ իմ երկար զբոսանքները, Ջումբան ու իր Ուրակային, մայրիկներն ու նրանց երկար այրող մտրակները, լեռան հետևի կապույտը, իմ թախիծը, ու այս չխոսվող հրեշը որ նստած է իմ ներսում, այս անփետուր ու չթռչող հրեշը, որն իմ անխոս ուղեկիցն է եղել այնքան ժամանակ, որքան որ հիշում եմ ու գուցե հիմա այն ինձ վերջապես անգոյացրել է ու խելագարացրել: Միգուցե ոչինչ եմ, մի հրեշային մարմնավոր պատրանք, որ ինչ-որ մեկը հորինել է ամառվա մութ օրերին ու դուրս քաշել եթերից իր իսկ հաճույքի կամ ցավի համար, ու վերակենդանացրել ինձ, բայց կուզենայի հարցնել. ի՞նչ նպատակով: Ինչո՞ւ: Կնախընտրեի մնալ անգոյացած ու համատարած՝ ինչպես պատշգամբիս լուսամուտից երևացող ծովը: Կարծում եմ, որ ճիշտ է, որ չեմ ուզեցել գոյություն ունենալ ու երբ ինձ գոյացրին, ուզում էի միայն խաղաղությունն ու լեռները ու նրա մարմնի ջերմությունը, ու չեմ կարծում, որ երբևէ ունեցել կամ զգացել եմ այն, ու փափագել եմ բոլոր այս տարիների ընթացքում, և այժմ իմ միակ ցանկությունն է անգոյանալ, ոչ թե մեռնել, այլ թերևս սպանել այն տեսիլը, որն ինձ հորինեց եթերի միջից, որ հիշեց ինձ, հանեց հիշողությունից ու փորձեց պատմականացնել չպատմագրված տղային, անընտանիք ու որբ տղային, փախստականին, և ես կուզենայի մնալ միայն այդպես. չխոսված, որովհետև ոչ խոսվող, որովհետև խոսել ինձ նշանակում է փոխել, խեղանդամել ու ձևափոխել այն տղային, ով պարզապես ուզում էր, որ սիրեին. հիմա արդեն կարող եմ ասել. որպեսզի լիներ սիրված և դեպի դուրս դուրս ու ազատված: Անտեսիլիր ինձ: Ես միշտ դա եմ ցանկացել: Դեպի դուրս դուրս ու ազատված. ծովը, քամին և անտեսանելի ուժը, որ մեզ բերում է մինչև մեր ցանկության սահմանը, իրողության եզերքը, դուրս: Ես միշտ դա եմ փափագել:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *