Ինքնագիրը շարունակում է ներկայացնել «Խոսող ծառը» նախագիծը, որին մասնակցել են ութ արվեստագետներ։ Նախագիծը իրականացել է Ուրցաձոր գյուղի մոտ, Խոսրովի արգելանոցի հարևանությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին պատկանող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Նախագծի նկարագրությունը «Խոսող ծառեր» նյութում։ Արդեն ներկայացվել են Արման Գրիգորյանի «Մեծ շրջան (Great circle)»֊ը, Արամ Պաչյանի «Ծառը» և Մանան Թորոսյանի «Քամի խաղացնող»֊ը։

Կովկասյան կենսաբազամազանության ապաստանի հյուրատան այցելուները  կտեսնեն «Խոսող ծառ»-ի կանաչ գրատախտակը, որ «պատմում» է նախագծի մասին եւ խոսում նրանց հետ քարի, ծառի, ձիու անունից։ Ինչպե՞ս: Գրատախտակին փակցված են երեք չիպ եւ mp3 ձայնարկիչ՝ համապատասխան ուղղորդող գրություններով։ Այցելուները կարող են բնության գրկում լսել քարի, ծառի, ձիու պոետիկ արձակի ոճով գրված մենախոսությունները՝ հեղինակի ընթերցմամբ (յուրաքանչյուրը շուրջ չորս րոպե տեւողությամբ)։ Հնչյունային ձեւավորումը հավելյալ հուզական լիցք է հաղորդում տեքստին։ Բնության գրկում առնչվելով նմանօրինակ արվեստի հետ՝ ունկնդիրն ակամայից սկսում է խորհրդածել արվեստի բնապահպանական ներուժի մասին, փորձում երկխոսել բնության հետ ու լսել նրա «լռեցված» ձայներն իր մեջ ու իր շուրջ։

Ինքնագիրը տեղեկացավ, որ Հյուրատնից հանվել է Արմեն Հայաստանցու գործը։ Տեքստով ներկայացվում են գործից հատվածներ, իսկ ամբողջական ձայնագրությունը տեսանյութում։

Խոսող քար

(հատվածներ)

… դու ինձ անուն տվեցիր, սիրեցիր, մտար իմ անձավները, որ քարանձավ ես ասում ու նկարեցիր իմ վրա քեզ ու եղնիկ, ու գազան ու որսի տեսարան, եւ դա իմ իսկական դարն էր՝ քարե դարը, հետո դու գտար ուրիշ սեր՝ երկաթ, մետաղ, հետո նավթ, շատ դարեր անցան ու դու մոռացար, որ ես էի քո մանկությունը ու դու իմ ներսում՝ ինչպես էմբրիոնը մոր տաքուկ փորում կայացար, չեմ ասում, որ երախտամոռ ես, բայց գիտեմ, որ ինձ չես սիրում … ես էդպես էլ մնացի իմ դարից մինչեւ էսօր քո համար շինանյութ, գուցե մի քիչ էլ զարդ, որովհետեւ թանկարժեք էլ եմ լինում ասենք՝ գոհար ու սուտակ, մի քիչ էլ գուցե խաղալիք, որ քարկտիկ խաղաս, բայց մեծապես միշտ եղա ու մնացի քո համար՝ շինանյութ, դա ինձ չի նվաստացնում, ուղղակի ընդունիր, որ չտեսար իմ փափկությունը… ես քեզ էլ պետք չեմ, իմ դարն անցել է, վաղուց ու էլ իմ գիրկն եկողը չես, դու էլ ինձնով գործիք սարքողը չես, դու, մեջս ապրողդ, ինձ քո նմանի վրա նետողդ, իմ վրա նստած խոսքս լսողդ մի բան միայն իմացիր, որ իմ լռությունը՝ քար լռությունը չկա ու չի լինի, քանի դեռ չես խլացել ու սիրտդ չի նույնացել ինձ հետ, որովհետեւ սուտ են ասում՝ իմ մեջ արյուն չկա, ոնց որ քո մեջ իմ լռությունից։

Խոսող ծառ

(հատվածներ)

… ես ընտրություն չեմ ունեցել ու չունեմ ու չեմ էլ ունենալու, ոչ էլ խոսելու իրավունք, ամեն ինչ քո ձեռքերում է, որովհետեւ դու կարող ես ինձ տնկես, կտրես, չորացնես, կրակի տաս, հատես, ինչ ասես կարող ես անել հետս… իմ տեղը քեզ դիր ու կհասկանաս, որ չես ուզում, չես ուզել ու երբեք էլ չես ուզի ծառ լինել, թեկուզ գորտ, օձ ու նապաստակ, բայց մենակ թե ոչ ծառ, որ փախնել չգիտի ։ Հա, քեզ ասելիք չունեմ, անկապ ծառ եմ՝ իմ համար աճում եմ, քո համար չեմ աճում, ոչ ինձ տնկել ես, ոչ ջրել, ոչ էտել, ոչ մի խնամք ու հոգատարություն չես ցուցաբերել, հակառակը, որ խորանամ՝ օդս աղտոտել ես, ջրերս թունավորել, հիմա էլ եկել ես ականջ դնես, կտրվես աշխարհից, չգիտեմ ինչ նպատակով ես եկել հասել էստեղ։ Հա, մի խնդրանք ունեմ, եթե կարաս՝ իրականացրու, վաղուց սեր չեմ արել, փորձիր հետս լինել, բայց ձեւական չէ, իսկական, շոյիր ինձ, համբուրիր, հանվիր ու կենակցիր հետս նենց ոնց որ ես կենաց ծառն եմ, մի խրտնիր, կա տենց բան՝ մարդ, որ ծառի հետ սեր է անում, ես փնտրում եմ նրան, հենց էդ մարդուն, որ գուցե դու ես, մի դենդրոֆիլ, որ ինձ կսիրի ու կերջանկացնի։ Սիրիր ինձ, ես քո ծառն եմ, կենակցիր ինձ հետ, ես քո կենաց ծառն եմ, կենակցիր քո կենաց ծառի հետ, կենակցիր, կենակցիր, կենակցիր…

Խոսող ձի

(հատվածներ)

… հանկարծ ու վերջապես գտել էինք իրար՝ ես քեզ ու դու ինձ, իբրև մի ամբողջություն, իբրև մի մարմին, իբրև ուրախություն, որ չափ ու սահման չունի, ուրախություն, որ լցրել էր մեր միջև եղած տարբերության անդունդը: Տարբերություն չկա՝ դու ձին ես, ես՝ մարդը։ Դու մոռացել ես բառերը բոլոր, մոռացել ես տուն, տեղ, ընտանիք, ամեն ինչ, որ քեզ մարդ է դարձնում։ Ես խոսում եմ հետդ աշխարհի բոլոր լեզուներով երբևէ ասված ու ասվելիք բառերն արտաբերում եմ մի վրնջյունով…

Ուրիշ կյանքում կորցրած հարազատի պես քեզ վերադարձնում եմ աշխարհին, որ մարդը չի սարքել, որ նախամարդունն էլ չի անգամ, որ եղել է մարդուց էլ առաջ, շատ առաջ, ի սկզբանե, երբ անգամ բանը բառ չէր, ուր ես կայի, ապրում էի ոչ թե իբրև մարդաբույծ, ընտանի մի անասուն, այլ իբրև՝ կանաչ անծայրածիր դաշտում վարգող մի մուստանգ…ամառային մի օր հիշեցի, որ դու նախորդ կյանքում ձի ես եղել, իմ պես ձի ու ի սկզբանե սեր ես վրնջացել։ Ես հիշում եմ քեզ, որովհետև դու իմ մեջի մարդն էիր, ես քո մեջի՝ ձին… մենք միասին բնության էն զավակն ենք, որ իր գրկում պահում էր ծնողին. դաշտը՝ կանաչ, գետը՝ կարկաչուն, երկինքը՝ ջինջ, արևն՝ անշեջ, ու վրնջյունը, որ բառ էր՝ չհասկացված, ի սկզբանե ասված ու մոռացված մի բառ զրնգում էր ուրախ աշխարհի չափ ու սահմանն անցած դատարկության մեջ:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *