Վավերագրական վեպ
Վահան Չերազի կնոջ մասին պատմող վավերագրությունը այստեղ՝ «Ընտանեկան Ալբոմ. Վարդանոյշ»
Մաս 1
անդին նոր կեանք կայ
«Խեղճ մարդը էնքան է ոգևորվել որ աղջիկ է ունեցել: Մտածել է՝ կմեծանամ ես կշարունակեմ օրագիրը»,-Խունացած տետրակի էջերը մամաս՝ Բիւրակնը կարդում ու թելադրում է:
Վահան Չերազը՝ պապս, մորս ծննդյան օրվանից սկսած նրան նվիրված տերտրակ է պահում, որ բաղկացած է երկու մասից՝ Բյուակնի ծննդյան առթիվ ստացած շնորհավորանքներն են և Բյուակնի օրագիրը, որը տևում է ընդամենը հինգ ամիս, ընդամենը երեք էջ:
Բիւրակնին տարեգրութիւնը
(կրճատումներով)
Կազմել սկսած է հայրը՝ Վահան Չերազ(1927)
1927 յունուար
25. Բիւրակնը ծնաւ երեկոյեան ժամը 5:15ին Կազաչի պոստի ամերիկեան հիվանդանոցը: Վարդանուշը քիչ չարչարուեցաւ և ազատուեցաւ առանց բժշկի կամ մանկաբարձի: Փոքրիկը նիհար է, միայն 6,5 ֆունտ կկշռե: Ամբողջ շաբաթ մը, սաստիկ ցուրտին, ամէն իրիկուն բոլիկոնեն կազաչի պոստ կ’երթամ այցելութեան, թէև փոխադրական միջոցներէ օգտուելու արտոնութիւնը կը զլացուի:
30. Բիւրակնը առաջին անգամ երեսնիս կը խնդայ:
Փետրվար
3. Վարդոն և Բիւրակնը տուն կու գան: Վարդգէսին հետ սենեակը կը զարդարենք գունաւոր թղթե մանեակներով: ցնծութիւն:
6. Բիւրակնի առաջին պաշտոնական ընդունելութիւնը:
12. Բիւրակնը կշարունակէ ընդունիլ այցելուներու շարան մը: բայց ծխախոտի ծուխեն չ՛ախորժեր: Հայրիկը աշխատանքէ կը զրկեն:
25. Բիւրակնը մեկ ամսական է, ծանրութիւն 10ֆ:
27. Բիւրակնին առաջին բացօդեա պտոյտը դէպի Դարբինեանենց տնակը: Գետինը ձիւն կայ:
Մարտ
6. Բիւրակնը գերազանց տրամադրութեան մէջ կը տօնէ իր քառսունքը: լողալու փորձեր կը կատարէ:
25. Բիւրակնը 2 ամսու, երկու օր անկանոն խնամքի հետեւանքով կը կշռէ միայն 12ֆ. – անունը կը սովրի և գլուխը կը դարձնէ:
27. Բիւրակնը կ’ սկսի մասնակցիլ մեր թափառական կեանքին: Կը փոխադրուինք 14 րդ որբանոց: Փոփոխութիւնը կնպաստէ Բիւրակնի առողջութեան: Գիշերը երկրաշարժ կ’ըլլայ:
Ապրիլ
3. կը փոխադրուինք վերնայարկ: – ինը շաբաթուան մէջ Բիւրակնի 3 րդ բնակարանն է:
8. Բիւրակնը կայցելէ մաննիկին և զնկլիկով կը խաղայ:
17. Բիւրակնը Զարիկը կը տանէ կնքահօր մօտ:
28. Բիւակնը կը պարէ: Փոքրիկներու երգերուն, արտասանութիւններուն և խաղերուն մեծ հետաքրքրութիւն ցոյց կուտայ, գորտ կը տեսնէ:
Մայիս
5. Բիւրակնը փորհարութիւն ունի: Բիւրակն և գորտը:
10. այսօր 6 օր է Բիւրակնը լուծողութիւն ունի: արտադրութիւնները ջրի են. Շատ անգամ անմարս: Երկրոդ օրը լուծողական իւղ տուինք և յետոյ Dr Kolloch ի հանձնարարութեամբ, ջուրի մէջ լուծւած քիչ մը «պիքարպոնաթ», առանց նկատելի արդիւնքի: յայտնի չէ թէ պատճառը իրմէ՞ն է թէ մօրը կաթէն: Բիւրակնը հիւանդի երևոյթ չ՛ունի: ժիր և զուարթ է, բայց յայտնի չափով նիհարցած: այսօր Dr. Deweys եկաւ տեսնիլ, կարգ մը հանձնարարութիւններ ըրաւ, Վարդանուշին համար ձկան իւղ: մեր տրամադրութիւնը բաւական ազդուած է, մանաւանդ որ փոքրիկին վիճակին պատճառը չը գիտնալը կը ջղայնացնէ: Բիւրակնը 3 ½ ամսական եղաւ և կը կշռէ 14 ½ ֆ, մինչդեռ 15 կ’ սպասուէր:
15. Բիւրակնը կ՚ այցելէ քաղաքի և կազաչի-պոստի բարեկամներուն: առողջութիւնը զգալի կերպով բարւոքած է:
23. Բիւրակնը բոլորովին առողջ է, ժիր և զւարթ: ձեռքին մէջ օձ կը բռնէ, հակառակ մորն առարկութեանց:
24. Բիւրակնը կատուի ձագ կը տեսնէ, զարմանքի արտահայտութիւնը:
30. առավոտեան ժամը 3 ½-ին երկրաշարժ, Բիւրակին երրորդը:
Յունիս
3. Բիւակնը և սկիւռը:
16. Բիւակնը կպատւաստւի «քէօռ» դանակով:
Հունիսի 16-ի վերջին գրառումով օրագիրը ընդհատվում է:
Մի շաբաթ անց թվագրված է Չերազի ձերբակալման ու տան խուզարկության օրդերը ՝ 1927թ. հունիսի 22: Խուզարկությունը կատարել է ոմն Աղեկյան:
Օրագրից հետո պապիս ձեռագիրը կրկին հայտնվում է հարցաքնությունների տակ, ուր նրա ստորագրությունն է[1]: Վրաստանի ոստիկանության արխիվում պահպանւում է Վահան Չերազի 45 էջանոց գործը ՝ «Գործ 3160»-ը, որտեղ խուզարկության ու կալանավորման օրդերն է, ընտանկան տվյալների անկետան և հարցաքննությունը:
Անկետան ռուսերեն և հայերեն տպագիր տառերով է:
Անկետա
Տվյալները՝ 41 տարեկան է, ծնվել է 1886թ., ազգականները՝
Հայրը՝ Գասպար Չերազ 77, ծերունի
Մայրը՝ Իսկուհի 70 ,,—,,
Եղբայրը՝ Լևոն 39, լուսանկարիչ
Քույր՝ Շաքե 35, ամուսնացած
Եղբայր Ներսես 37, աշխատավոր
Կինը՝ Վարդանուշ 31
Դուստրը՝ Բյուրակն 5/ամս
*
Ապա հարցաքննության արձանագրություններն են, մեկը թվագրված Հունիսի 1, արված է Հայաստանում, քանի որ բլանկի ձևը տպագիր հայերեն և ռուսերեն տառերով են: Իսկ մյուսը հունիսի 7, արված է արդեն Վրաստանում՝ Թիֆլիսում, քանի որ բլանկը ռուսերեն և վրացերեն է: Ուրեմն, հունիսի սկզբին մի շաբաթվա մեջ Չերազին Գյումրիից տեղափոխել են Թիֆլիս: Հարցաքննությունը ռուսերեն է, ես թարգմանել եմ հայերեն: Պապս ռուսրեն չի իմացել, ուրեմն, թարգմանչի միջոցով է հարցաքննվել և գուցե ինչ որ ձևակերպումներ քննիչի ուզած ձևով են արվել:
Հարցաքննություն
Անուն, ազգանուն, հայրանուն
Վահան Գասպարի Չերազ
Ծննդյան թիվը
1886
Որտեղ է սովորել
Կոնստանտինոլպոլիս, 3 դասարան
Ովքեր են ծնողները
Հայրը փաստաբան
Մշտական բնակության վայրը
Լենինական, Պոլիգոններ
Ապրուստի միջոցներ
Կնոջ խնամակալության տակ
Զինապարտությունը
Հաշվառման մեջ չէ
Անդամակցում է որևէ միության,
կուսակցության, քաղաքական խմբակի
ոչ
Անդա՞մ է որևէ կուսակցության ներկա պահին
ոչ
Դատական հետապնդման ենթարկվե՞լ եք և ե՞րբ
24 թվի նոյեմբերին ձերբակալվել եմ: Բանտարկությունը՝ լրտեսության մեղադրանքով, դատապարտվել եմ 3 տարով:
Որտե՞ղ եք եղել 1921թ. Հայաստանի փետրվարյան ավանտյուրայի ժամանակ: Եթե գտնվել եք Հայաստանում, ինչ մասնակցություն եք ունեցել:
Երևանում էի, գործազուրկ, գտնվում էի … դաշնակների (չի կարդացվում, հավնաբար խնմակալության տակ)
(Մինչև այստեղ առաջին երկու էջերում հարցերը պատրաստի բլանկների վրա տպագիր տառերով են)
Ծնվել եմ քաղ. Կոնստանտինոպոլսում, մինչև 10 տարեկան տանն էի: 1896թ. հայ-թաթարական ջարդերի ժամանակ փախել եմ Կոնստանտինոպոլսից Լոնդոն Մինաս հորեղբորս մոտ՝ մասնագիտությամբ հրապարակախոս: Նրա մոտ ապրել և սովորել եմ 4 տարի: Հետո ծնողներիս կանչով կրկին վերադարձել եմ Կոնստանտինոպոլիս և այնտեղ սովորել եմ մինչև 1906 թ[2]:
Ուսումս ավարտելուց հետո ծառայության անցա նավահանգստում, մինչև 1912 և ծառայության բերումով Սիրիայում եմ եղել: Հետո մեկնեցի Փարիզ հորեղբորս՝ Մինաս Չերազի մոտ: Փարիզում մինչև 1914թ. ծառայել եմ հնավաճառի մոտ:
Փարիզից նամակներ մանկութեան ընկերոջը՝ Գաբրիէլ Մաճառեանին.
1912
14 դեկտեմբեր
Շուն շանորդի Պոլիսը նորէն օձիքը փրկեց: Բայց կարծեմ հայոց համար բարի դարագլուխ մը պիտի սկսի: Յառաջիկայ դեսպանախորհրդին պիտի մասնակցի հօրեղբայրս ալ, և եթէ բարենորոգում չի կատարուի, ի վիճակի ենք ապստամբելու:
1913
Յունուար 6
Բարիզ
Սիրելի Գաբօս,
Նոր տարուայ ու Ս.Ծննդի առթիւ քեզի կը մաղթեմ ամէն երջանկութիւն, յաջողութիւն և փափաքներուդ կատարումը:
Քու փափաքներդ իմս ալ են: Ես ալ քեզի պէս աքսոր եմ, առանց ծնողքի, առանց ընկերական բոյնի մնացած եմ: Շուրջիս աննկարագրելի պերճանքէն աչքիս բան մը չ’երեւնար: Վերադառնանք, իրար գտնանք, ահա մաղթանքս:
յուլիս 13
Սիրելի Գաբրիէլ և Ասատուր,
Էյֆէլի գագաթն եմ, ուրկէ կը բարևեմ ամէնքնիդ: Վերադարձին միատեղ կ’ելլանք ինշալլահ:
Բռօթի քլիւպը լաւ է: Անցեալ կիրակի Տորքի հետ մրցած է, բայց արդիւնքը տակաւին չ’եմ ստացած: Շոգեկառք չի բաներ, պատերազմին պատճառաւ: Նամակները շոգենաւով պիտի գան, 7-8 օրէն: Չ’եմ կարծեր որ յաղթած ըլլան, բայց հոգ չէ: Քլիւպը հաստատուն է այլ ևս: Նորէն կը մրցեն:
Խեղճ պուլկարները շատ գէշ են: Սոֆիա վտանգի տակ է, Եւրոպա չի միջամտեր, մինչդեռ տաճիկներուն ի նպաստ քանի անգամ մէջ ինկաւ: Չորս հատ վայ: Սա բօզ ռումանացինե՞րը ինչ կ’ուզեն: Պուլկարիա ի՞նչ ըրած է իրենց: Հապա յոյնե՞րը:
Միայն մենք համակիր մնացած ենք այդ ազնիվ ու համակրելի ցեղին: Նման զնման սիրէ: Կեցցէ Հայաստան, կեցցէ Պուլկարիա:
1914
Մայիս 21/4, կիրակի
Բարևներ Վէրսայլէն: Ասանկ գեղեցկութիւն, շքեղութիւն, երեւակայութենէ վեր է: Շրջեցայ հին թագաւորներուն պալատը, ուր Նաբօլէոն ալ բնակած է: Անոնց սենեակները, կարասիները տեսայ: Միւզէին մէջ Նաբօլէոնի բոլոր պատերազմներուն ահագին իւղաներկ պատկերները կան, գետնէն մինչև զեղուն: Գաբրիէլ, ո՞ւր ես: Հոս ըլալլու էիք որ կեանք վարէինք: Բարիզի շրջակայ գիւղերը տեսնողը Պոլսոյ տեսարանները մոռնալու կ’ըլլայ: Հոս ամէն տեսարան աւելի քիպար է, և գեղարուեստը պճնացուցած է զանոնք: Պալատին park-ը դրախտ մըն է: Ալէմ Տաղիի նման խիտ, վրան գոց ու մութ անտառներ, մեծ լիճեր ու աւազաններ, մէջը ահագին ձուկերով, որոնք քանի մը հարիւր տարու են: Հակառակ անոր, որ տեղատարափ կ’անձրևէր, պարտէզէն չէինք կարող զատուել: Միւս կողմէն շատ գէշ կ’ըլլայի, երբ քեզ ու Պոլիսի ընկերները կը յիշէի: Երեւակայեցէք ինչ պիտի ըլլար, երբ դուք, Գնալըի Ալայը, Սուրէն, Վաղինակ, Եզնիկ, Գորեանները, ևլն, 30-40 հոգի ըլլայինք Բարիզը պտըտէինք: Հոստեղ boy scoutներ կան, տեսնաք ինչ քէյֆեր, պտոյտներ, ռազմափորձեր ու զօրանցքներ կ’ընեն կոր: Երբեմն 5000 հատ միասին կ’անցնեն, միւզիքով: Մե՞նք ինչու ազատ հայրենիքի մը զաւակ չ’ըլլայինք, այս բաները չ’ընէինք Հայաստանի լեռներուն ու դաշտերուն վրայ, անտառներուն մէջ, և աշխարհիս չորս կողմը ցրուած հառաչէինք այս բաները տեսնելով: Մեր վայելելէն վազ անցանք, երանի թէ մեզնէ ետքը եկողները վայելեն:
հոկտեմբեր 17
Պատերազմը ահռելի է: Ասանկ բան չէ տեսնուած: Դիակով գետ կը գոցուի կոր, լաֆտէյիլ: Ֆրանսական բանակին կը հաւնի՞ս կոր: Գերմանականին ըսելիք չկայ: Անգլիական և աւստրիականը սիքթիր ըրէ: Ռուսականն ալ խօֆ եղաւ: Բայց կովկասեան բանակը մեծապէս փայլեր է:
Պոլսոյ վիճակը քէյք է: Զուլում, անիրաւութիւն ու կողոպուտ: Բայց շատը գնաց ու քիչը մնաց: Ամպերը կը կուտակուեն կոր Թուրքիոյ գլխուն: Միայն թէ ժամ առաջ ըլլայ, որովհետև իմ ինչ ըլլալը անկէ կախուած է: «Տեսնիմ ու մեռնիմ»էն զատ, «մեռցնեմ ու մեռնեմ» ալ կայ: Ոխս շատ է, Գաբօ: Շուները զիս սիրելիներէս զատեցին, ժամանակս գողցան, ապագաս խորտակեցին: Դեռ ասոնք միայն անձնական հաշիւներս են:
Հարցաքննութիւն
1914-ին, երբ հայտարարվեց պատերազմը, գնացի Թիֆլիս և մտա որպես կամավոր Անդրանիկի ջոկատը և ուղարկվեցի Պարսկաստան՝ Խոյ:
Նամակներ Գաբրէլին
1914
նոյեմբեր 13
Մարսիլիա
Ինչպէս որ իմացած ըլլալու ես ու Սիմօնը, նաև տեղացի 30-40 հայեր, կամաւոր կ’երթանք կոր Կովկաս, տաճիկներուն դէմ: Հոսկէ Սելանիկ պիտի երթանք, ուրկից Մանասթէր. Սկիւպ-Նիշ-Սօֆիա-Վառնա-Օտէսա և Պաթում: Սակայն մենք թրքահպատակ ըլլալնուս համար, այստեղի իշխանութիւնք մեզ թող չ’են տար կոր Մարսիլիայէն մեկնել: 15 օր է որ կ’աշխատեմ կոր օրն ի բուն, կարելին ու անկարելին փորձելով: Միշտ յոյս ունիմ, որ յաջող եմ, քանի որ չյաջողելը, և ան ալ ֆրանսացւոց պատճառաւ, աներեւակայելի պիտի ըլլար: Մեկնած օրս ու անկէ վերջ կը գրեմ քեզի:
Նամակիդ մէջ աղուոր սալաթա մը շինել ես, իրար խառնելով Պոլիսը, կղզին, Բարիզը, Նիւ-Եօրքը, ևլն: Ծրագիրներուդ և ոչ մէկը այլ ևս կը ժպտի ինծի: Մէկ նպատակ կայ միայն հիմա, այն է Հայաստանը: Այս առիթը պէտք չէ փախցնել, միւսները սիքթիր ըրէ: Եթէ ազատ Հայաստան մը ձեռք ձգենք, Պոլիսի երեսը չ’եմ նայեր: Կ’ուզէ նէ հրեշտակներու ձեռքն անցնի:
Կու յուսամ թէ Ամերիկայի հայութիւնը պիտի գայ մեզ գտնայ պատերազմի դաշտին վրայ, եթէ հայուն Աստուածը մեր մեկնումը յաջողցնէ:
Ընկեր, ծնողք, քէյֆ, ապագայ, Աստուծոյ ձգած եմ հիմա: Կեցցէ Հայաստան
Բարև ամէնուն ամէնուս կողմէն
Վիգ.
Օգոօստոս 12
Սօֆիա
Գեղեցիկ քաղաք է հոս: Փողոցները լայն են, քանի մը գեղեցիկ ու զարդարուն շէնքեր կան: Բայց ժողովուրդին մասին յուսախաբ եղանք: Հայատեաց եղած են: Մթնոլորտը կասկածելի է, և ժամ առաջ մեկնելնիս կը նայենք կոր: Հանրային կարծիքը Agence Wolfին խաղալիք է:Թուրք ու գերման լրտեսները կը վխտան: Լաւ չ’են նայեր կոր մեզ, թէև յաջողեցանք անցագիր ստանալով` վար դրուելու կամ յանձնուելու վտանգէն ազատել[3]:
Հարցաքննություն
Այդ ջոկատում եղել եմ մինչև 1916թ., որից հետո, երբ կազմալուծվեցին կամավորական ջոկատները, ես անցա ծառայության Քաղաքների միություն՝ Սարիղամիշում-Էրզրումում և ծառայեցի մինչև 1917թ.[4]: Այդ ժամանակ ռուսական զորամիավորումները նահանջեցին ճակատից և ես մտա Անդրանիկի վերակազմավորված ջոկատը ճակատը պահելու համար մինչև իրավիճակի կարգավորվելը և փախստականների ժամանումը:
Նամակ Գաբրիէլին
1917
18 մայիս
Էրզրում
Սիրելի Գաբրիէլս, Թիֆլիս գացի ու եկայ: Եզնօն տեսայ, շատ լաւ է: Լաւ ու վատ լուրեր բերած է Պոլսէն: Տղոցը մեծ մասը տեղն է: Քու և իմ, նաև Սիմօնին ընտանիքն ալ լաւ են:
Ես Պաղտատ պիտի երթայի, բայց չի գացի, որովհետև տեղացիներէն զատ հայ չկայ եղեր դժբախտաբար:
Թիֆլիս տղաքը լաւ են: Եղիշէն ալ հոն եկաւ: Խելքերնին տուած են ֆութպօլին: Ինծի քիչ մը անըմբռնելի թուեցաւ այդ եռանդը: Միթէ սիրտ ունի՞ն:
Կրնայ պատահել որ մօտերս նորէն պատերազմի երթամ: Այս անգամ եթէ ըլլայ տէհշէթ պիտի ըլլայ: Վահանը կամ պիտի սատկի կամ պիտի քշէ: Մենք անպարտելի ենք:
Մօտ է Յունիս 1ը: Թող մեր յիշատակին մէջ նոյնանան Աբիկը, Արշամը, Հրանտը, Ալեքսանը, Ազգանուշը և միւս փիւրաւորները որոնք մեռան աչքերնին բաց, մօտալուտ արշալոյսը չի տեսած:
Էրզրումում Վահան Չերազը ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Վարդանոյշի հետ[5]
Հարցաքննություն
Երբ բոլոր ջոկատները նահանջեցին, 18 թվի ապրիլին ես Լենինականում հայտնվեցի, որտեղ Անդրանիկը իր ջոկատը կրկին վերակազմավորեց և կանգնեցրեց ճակատում թուրքերի հարձակման դեմ: Ես էլ էի Անդրանիկի ջոկատի մեջ: Մի քանի շաբաթ անց թուրքերը Անդրանիկին առաջարկեցին հանձնել զենքը, սակայն Անդրանիկը չհամաձայնվեց և ջոկատը ուղևորվեց Պարսկաստան միավորվելու այնտեղ գտնվող մյուս հայկական կամավորական ջոկատներին: Ժամանեցինք Խոյ: Այստեղ Անդրանիկի ջոկատի և թուրքերի մեջ ճակատամարտ սկսվեց, որի արդյունքում Անդրանիկի ջոկատը նահանջեց Զանգեզուր, որտեղ մնաց մինչև 1919թ՝ պաշտպանելով Զանգեզուրը տարբեր հարձակումներից: Երբ պատերազմը ավարտվեց, Անդրանիկի հետ բանակցությունների համար այստեղ ժամանեց անգլիական առաքելությունը և ես նշանակվեցի թարգմանիչ, քանի որ անգլերեն գիտեի[6]:
19թ. սկզբին ես Անդրանիկի ջոկատի հետ եկա Էջմիածին, որտեղ հիվանդացա և եկա Երևան, պառկեցի 1,5 ամիս[7]:
Բուժման համար մեկնեցի Կոնստանտնոպոլիս ծնողներիս մոտ, ուր ապրեցի 1 տարի: Այդ ժամանակ սկաուտների ղեկավար կազմում էի[8]:
Նամակներ Գաբրէլին
1919
Հունիս 27
Կ.Պոլիս
Մօտ 7 տարի բացակայութենէ յետոյ, երէք շաբաթ առաջ դարձայ Պոլիս: Առաջին առիթով Գնալը գացի և ձերինները գտայ ողջ առողջ: Անհամբեր քեզի կ’սպասեն: Վստահ եմ որ երբ հաշտութիւնը կրկնուի, և գազանին վանդակին սահմանները որոշուին, շուտով կուգաս դուն ալ, որպէսզի դարբնենք Հայաստանի ծրագիրները: Իսկ թէ երկուստէք ինչե՜ր ունինք պատմելու վերջին չորս տարուան դէպքերէն, այդ ալ զատ:
Մերիններն ալ ողջ առողջ գտայ, թէև ծերացած: Վաղը չէ միւս օրը Շաքէն կը պսակուի Վաղարշ Գորեանին հետ:
Տղաքը բոլոր լաւ են: Քիչ կորուստներ կան, բայց շատ զգալի եղած է Օվիկ Գորեանին կորուստը: Հարկաւ տեղեակ ես արդէն:
Ես Պոլիսը չի սիրեցի, և մօտերս նորէն պիտի դառնամ Հայաստան, որուն կարօտը կը քաշեմ: Արդէն ամէնուն միտքը այդ է:
օգոստոս 3
Կ.Պոլիս,
Անցեալ կիրակի կղզի գացի, ձերինները տեսայ, լաւ են, նամակներդ ու ղրկածներդ առած են, բայց կը զարմանան թէ վերադարձի խոսք չ’ես ըներ:
Տղաքն ալ շատ աղէկ են: Երկու կիրակի առաջ քլիւպը մրցում էրաւ անգլ. մարտանաւի մը նաւազներուն հետ ու յաղթեց (9-2): Կիրակի օր նորէն եկան աւելի զօրաւոր: Այդպէս մեծ ու հրաշալի մրցում բնաւ չ’էր կատարուած: Փապուճնին նորէն ձեռքերնին տուինք (4-2):
Քլիւպը ունի կանոնաւոր մարմնամարզարան, ամէն գործիքով, և 400 ոսկի դրամագլուխ: Պոլսոյ ամէնէն հարուստն է: Մօտերս պիտի կազմենք sea-scoutի խումբ:
Ներսէսը Բարիզէն եկաւ ու կը մեկնի այս շաբթու: Մեր հարցը այս օրերս կը լուծուի:
Ես անգլ. բանակին մէջ թարգման եմ, և վաղը առժամաբար կը մեկնեմ պաշտօնով:
1919
հոկտեմբեր 10
Իզմիր,
Սիրելի Գաբրիէլս,
29 յուլիսի անուշ նամակդ շատոնց է որ ստացած եմ, բայց կեանքիս անկայուն հանգամանքը, յաճախադէպ ճամբորդութիւններս` միտքս ու տրամադրութիւններս ամփոփելու արգելք կը հանդիսանան: Պաշտօնս զիս միշտ այս կողմերը կը բերէ: Չ’եմ ուզեր ըսել թէ գործէս գոհ եմ, հիասթափութիւնները չափազանց շատ են, բայց ժամանակ մը ևս պէտք է համակերպենք, մինչև որ մեր օրերը գան, և մեր աշխատութիւնը մեր հայրենիքը «հալալ» ընէ, փոխանակ ապերախտ ու անբարտաւան օտարը: Առ այժմ «շէյթան իլէ տօսթ օլ քէօբրխյի կէչին ճէզ»:
Նոյեմբեր 20
Կ. Պոլիս
Վա՛յ Գաբօ վայ, այսքան ատեն կը պահես հէ՞: Կը շնորհաւորեմ: Հայաստանի համար ահա մասնագէտ մը ևս: Անշուշտ դուն ալ այդ նպատակով աշխատեցար, որովհետև այս պահուս դժուար կ’երևակայեմ մէկը որ իր ուսմունքը և արուեստը Հայաստանի ի սպաս դնելու նպատակով տարուած չ’ըլլայ:
Մեր պաշտելի Տիգրան Խաչատուրեանին կորուստին դառնութեան տակ ենք միշտ: Սարսափելի հարուած էր, Գափօ, թէ՛ ընտանեկան, թէ՛ ընկերական և թէ ազգային: Խեղճ ծնողքը ոչինչ չի գիտէ: Իսկ Էդուարդը պարզապէս հերոսի նման ընդունեց այդ սև գոյժը: Սրիկայ աշխարհ է, և երթալով կը սրիկայանայ կոր: Չ’ե՞ս տեսներ ինչ աներեւակայելի խտրականութեան, անտարբերութեան, անարդարութեան և կեղտոտ նախանձներու և հաշիւներու զոհ է դեռ Հայաստանը, հակառակ իր զոհողութիւններուն:
1920
Փետրուար 17
Սիրելի Գաբրիէլս,
Սիրելի Գաբօ, ոչինչ զիս այնքան չ’ուրախացնէր որքան տեղեկանալ թէ իմ մանկութեան այսինչ կամ այնինչ ընկերը, այսքան երկար տարիներ հեռաւոր օտարութեան մէջ մնալով հանդերձ, անեղծ պահած է իր ազգային, ընկերական և ընտանեկան ոգին, մնացած է ֆիզիքապէս զօրեղ ու առողջ, և բարոյապէս ալ հեռու մնացեր է ստրկանալէ դրամին, ըմպելիքին, օտարամոլութեան, անբարոյական հակումներու: Երջանիկ եմ որ Գնալըի փառաւոր օդին և մեր առողջ մարզանքներուն շնորհիւ ձեռք ձգած ֆիզիկականդ պահեր ես: Երջանիկ եմ որ չ’ես մասնակցեր այդտեղի համբակ, իմաստակ երիտասարդութեան ազգասիրական (?) պոռչտուքին: Ո՜րքան ճիշտ է գրածդ թէ այդտեղի հայ թերթերը կարդալիք բաներ չ’են: Անցեալ օր դժբախտութիւն ունեցայ «Երիտասարդ Հայաստան» մը ձեռք ձգելու:
Ներկայացիր Անդրանիկին, ընկերս ըլլալդ յայտնէ: Սիրով պիտի ընդունի քեզի: Կը խնդրեմ որ այդտեղի զինւորագրական շարժումին մասին գրես ինձ: Ես ալ հոդ պիտի գամ, եթէ հայկ. բանակ կազմել որոշուի:
Հարցաքննություն
Կրկին վերադարձա Հայաստան դաշնակցական կառավարության հրավերով, որ սկաուտական կազմակերպություն հիմնեմ[9]:
Նամակներ
1920
Հունիսի 9
Պ-ին[10]
Ես ալ կհեռանամ: Կրթական նախարարը միսիոն մը ուզած է որ Հայաստանի մեջ ալ կազմակերպե այստեղի սկաուտական գործունեությունը: Երկու ընկերների հետ, որոնց մեկը շատ սրտակից է ինձ, նշանակւեցա ես ալ, և չկարողացա ճողոպրիլ: Չցանկացա ալ, որովհետև արդեն հարմար առիթ մը կուզեի երթալու: Այնտեղ հասնիմ եթե այդ զբաղումը անհամապատասխան գտնեմ, դյուրավ կարող եմ թողնել և անցնել ուրիշ ճյուղի, որ միայն զինվորական կրնա ըլլալ:
Հայ մարզմնամարզական ընդհանուր միության Պոլիս1920, սեպտ 17, Երևան
սեպտեմբեր 17
Երևան
Մեր առաջին այցելությունեն իսկ, մեզ շատ պարզորեն երևցավ, թե Հայաստանի մեջ մարմնակրթական շարժումի կեդրոնը, իր բազմաթիվ առավելությանց պատճառով, կարող էր լինել միայն ու միայն Ալեքսանդրապոլը:
Աելքսանդրապոլ Հայաստանի կեդրոնն է: Երկաթուղային միակ հանգույցն է Երևան և Կարս գծերուն իրար միացած տեղը: Պոլիսը ավելի մոտ է:
Իսկ մասնագիտական տեսակետով նույնպես բաղդատություն չկա: Բնակարանի, միջավայրի, սրահներում լայն հարմարություններ ունի: Կենսամթերքը առատ է: Մարմնակրթական շարժումը այնտեղ ամենեն ավելի տարածված է և միշտ այդպես պիտի մնա: Ալեքսանդրապոլը ընդարձակ է, առողջ է: Որբերու հոծ զանգվածները այնտեղ են: Իսկ այնտեղ չեղածները Կարս են, չորս ժամ հեռու:
Չորս հոգի ենք, և պիտի մարմնակրթենք Հայաստանը: Պիտի կազմենք սկաուտական խմբեր ամեն տեղ, անձամբ հսկելով ամենաչնչին մանրամասնության վրա, սրբագրելով ամեն սխալ ըմբռնում, կազմակերպություն, շարժում: Պիտի հայացնենք լեզուն, հրամանները, խառնվածքները, ոգին: Պիտի մտնենք որբանոցները, ուր հազարներու զանգված մը կա, անանուն, անգույն, անժպիտ, և սակայն անգին:
Սիրելի Հաճի,
Ներփակ Վարդանոյշին անհաջող նկարը: Շատ լավ է, միշտ նույն բարձր Վարդանույշը, բայց նախկին զվարթությունը և առույգ ֆիզիքականը չէ մնացած: Իր գործը շատ է և որբերուն սարսափելի դրությունը(ձմեռը կու գա և մերկ են) ազդած է իր, ինչպես և մեծ Տիկնոջ[11] հոգեկան դրության վրա: Բոլիկոնին մեջ 3000 որբեն 800-ը աչքի հիվանդություն ունին, Քազաչի Փոսթ՝ 5000 են հազարը: Շատերը պիտի կուրնան…
Գալով Հայաստանին, դժվար է ինձ լավատես լինել գեթ ներկայի մասին: Զեղծումը, ծուլությունը, անպարտաճանաչ ոգին, անկազմակերպությունը կտիրեն սանձարձակ: Պաշտոնները, զինվորական թե քաղաքային, մանավանդ քաղաքային կարևոր պաշտոններ, միայն «նրանց» մենաշնորհն է: Այդ ճիշտ է դժբախտաբար:
Հարցաքննություն
Երևան գալուցս 2-3 շաբաթ անց կրկին սկսվեց թուրքերի հետ պատերազմ և ես մեկնեցի ճակատ Սեպուհի ջոկատում: Նահանջելով ընկանք Դիլիջան, որտեղ կարմիր բանակի ժամանած զորամիավորումը ջոկատը զինաթափեց: Եկանք Երևան, որտեղ արդեն Սովետական իշխանությունն էր:
Նամակ
29 սեպտեմբր, Ալեք պոլ
Ես հոկտեմբեր 1 էն թողի սկաուտական գործը: Պատճառնե՞րը՝
1- Ռազմաճակատը: Գոհացուցիչ չէ: Թուրքերը Պեկլի Ահմէտ են, Կարսեն 15 վերստ հեռու: Երկու կողմերն ուժեր կհավաքվին, վճռական կռիվի համար:
Ոգևորություն չկա: Տեղացիք, մանավանդ Ալեք-պոլցիք, զորանոցեն մեկ դռնեն կմտնեն, մյուսե դուրս կու գա: Սարըղամիշը իր հայակական պահեստներով տրվեցավ առանց կռվի, ահաբեկ խուճապի մատնված խուժանին կողմե:
Վարդանուշ կուզե ճակատ գալ: Իրեն ըսի որ իր ճակատը որբանոցն է:
Ուրեմն, գիտցիր որ ես ճակատ եմ, եթե կռիվը դեռ տևե: Քաջ եղիր, ինչ ալ ըլլամ, հոգ մի ըներ: Թերևս անդին նոր կյանք կա, ուր օրորոցեն ի վեր տաքցուցած ընկերդ սանդուխը տակեդ չի քաշեր:
2- Պետութեան չկամութիւնը: Պետութիւնը չկա: Մեզ չի քաջալերեր և բացորոշ հրահանգներ չի տար, որպեսզի մարմնակրթական գործը մեզ հանձնվի: Մեզի բնակարան չէ ճարած, փոխադրութեան դուրութիւններ չի տար: Մեզի մթերք բաց չի թողներ: Ռոճիկներնիս 35 000 է, որ կը բավե 10 օր: Օրական 350 րուպլի կու տամ պանդոկի, մինչ սնունդը կպահանջե 3000 օրը:
Տիգրան և Օննիկ հոյսները դրած են Հ.Մ.Ը.Մ.ի օգնութեան, թեև հոս ուրացան Հ.Մ.Ը.Մ.ը:
հոկտեմբեր 6
Սիրելի Հ. Պ.
Անշուշտ պիտի զարմանաս որ ղրկած գումարդ կը վերադարձնեմ, կը յուսամ որ չես մոլորիր զանազան մեկնաբանութիւններու մէջ: Որովհետեւ ճակատագրական ճանապարհի վրայ կը գտնուիմ, անյարմար նկատեցի քովս գումար պահել, ոչ միայն ուրիշինը այլ եւ իմ սեպհականս:
Իմացած կ՚ ըլլաս թէ Հայաստանը նորէն ենթարկուած է տաճկական, հաւանաբար վերջին, արշաւանքին: Հետևաբար ես զինվոր եմ:
Ճիշդ այս պատճառով, նամակիդ պարունակած հարցերուն մասին արտայատուիլ առ այժմ կը յետաձգեմ:
Որովհետեւ ճակատ կը գնամ, գրական յանձնարարութիւններով չեմ կարող զբաղիլ:
Կուսակցական հարցով ալ առ այժմ չեմ կարող զբաղիլ:
Զինուորականը կուսակցական պէտք չէ ըլլայ, հոգ չէ, թէ այստեղ ճիշդ հակառակ ըմբռնում կը տիրէ: Համակրութիւններս յայտնի են քեզ: Ոչ մի պատճառ չեմ ունեցած փոխելու զանոնք, ընդհակառակն: Ես ազգասիրական խորունկ կսկիծով նկատեցի որ երկիրը կը գտնուի ֆիզիքական, բարոյական և տնտեսական սնանկութեան եզրին: Պատճա՞ռը: Դաշնակցութի՞ւնը: Այո և ոչ: Ոչ, որովհետև Դաշնակցութեան Թրքահայ հատվածը ազգայնական ու յառաջադիմական գեղեցիկ տրամադրություններ ունի: Այո, որովհետև այստեղ Դաշնակցութիւն կը նշնակէ Ռուսահայ ժողովուրդ: Իսկ Ռուսահայը շատ քիչերու բացառութեամբ, հոմանիշ է ծուլութեան, սանձարձակ զեղծումի, ու լիրբ կամայականութեան: Իսկ ռազմական տեսակետով աղետալիորեն բացասական է:
Ոչ մի ժամանակ,- այստեղ այս փաստը շոշափելի է «կամաւ կոյրերուն» իսկ,- ներկա Հայաստանը, այսինքն Ռուսահայաստանը չի կրնար մեզ գոհացնել իբր հայրենիք և չի կրնար ըլլալ կորիզ, կռուան, հիմնաքար, միացեալ Հայաստանի համար:
Այստեղ զանգուածները դժկամութեամբ, աւելի ճիշդ բացասական կերպով կը ծառայեն հայկական հայրենիքին:
Ժողովուրդը ոգևորուած չէ դեպի իր հայրենիքը, որովհետև դժգոհ է կառավարութենէն: Որպեսզի ռուսական իշխանութիւնը չփնտրվի, բավական է աչքի առաջ ունենալ այդ նոյն ռուսական վարչութիւնը, ընդօրինակել անոր առավելութիւնները և սրբագրել թերութիւնները: Այստեղ կընեն ճիշտ հակառակը: Չարաշահութիւնը սոսկալի չափեր ստացած է: Կենսամթերքը, բաղդատելով նոյնիսկ անցեալ տարուան հետ, առասպելական սղութեան է հասել, հակառակ անոր որ առատ է: Առտուն կանուխ ելլող խանութպանը իր ուզած գինը կը դնէ: Շահագործում, զեղծում, մեկ խոսքով «կամայականութիւն» իր զանզան երևոիթներով ու տեսակներով:
հարցաքննութիւն
Երկու ամիս անց բռնկվեց դաշնակցական ապստամբությունը և ես մասնակիցների մեջ էի: Ապստամբությունը դեռ ավարտված չէր, և ես 27 ընկերներով եկա Լենինական որ, այնտեղից գնանք Կոնստանտնոպոլիս: Չհաջողվեց, Թուրքիայով գնալը վտանգավոր էր, և ես անցա աշխատանքի Ամերկոմում[12] որպես կայանի ղեկավար: Ամերկոմում, Լեննականում ծառայեցի մինչև 22 թիվ:
Հարց: Ինչով էր պայմանվորված ձեր մասնակցությունը 1921թվի Սովետական իշխանության դեմ դաշնակցական ապստամբությանը:
Պատասխան. Ես մասնակցել եմ Սովետական իշխանության դեմ ապստամբությանը, քանի որ Հայաստանի ամբողջ ժողովուրդն էր ապստամբել, ու նաև, ես համարում էի, որ Սովետական իշխանության կողմից ինձ ձերբակալում, բռնաճնշումներ են սպառնում: Ես անձամբ ցանկանում էի ավելի մեղմ իշխանություն: Ճակատում ապստամբների շարքում ես շարքային զինվոր էի: Ապստամբությունը ճնշելուց հետո ես փախա Լենինական, իսկ հետո Սովետական իշխանության կողմից ապստամբության բոլոր մասնակիցներին համաներում հայտարարվեց:
Հարց. Ինչ արտասահմանյան հիմնարկներում, կազմակերպություններում, ֆիրմաներում, առաքելություններում եք ծառայել
Պատասխան. 1906-ին ծառայել եմ Կոնստանտինոպոսլում թուրքական ծովային կառանտինում , 1911-1912 թվերին թուրքական բանակում շարքային: 1918-ից 1919 թ. ես Անդրանիկի ջոկատի կողմից գործուղվել եմ Զանգեզուր որպես թարգմանիչ անգլիական առաքելության մայոր Գիբսոնի և կապիտան Բոշի համար: 1921ից մինչև 1924թ և 1927 թ. ծառայել եմ Ամերկոմում:
Նամակներ( 1921-1922)
1921 հունիս
Ես այլևս չեմ խորհիր վերադարձի մասին:
հունիս 15
Այստեղ կեանքը շատ երջանիկ է, մանավանդ իմս: Բարոյական մեծ գոհացում ու վարձատրութիւն կգտնեմ գործիս հաջողութեան և գնահատման մեջ, և իմ տղոց կողմէ սիրոյ, յարգանքի, անխառն գուրգուրանքի շատ հուզիչ արտահայտութիւններ կվայելեմ, ինչպէս նաև անկեղծ համակրանք ու հիցմունք ամենեն կողմէ:
Արհեստաւոր տղաքն ալ ինձ յանձնուեցան սկաուտացնելու համար: Հետոյ կանցնիմ աղջիկներուն: Յարմարութիւն, գնահատում, միջավայր, միջոցներ կատարեալ լիազորութիւն, ամէն ինչ կայ: Դժուար է ձախողիլ, չէ՞ ճանս:
Հունիս 10
Ես լավ եմ, շատ, շատ լաւ, չափազանց լաւ թէ հոգով թէ մարմնով: Դիրքս լաւ է, ահագին համակրութիւն և համարում կա շուրջս, ամենէն մեծէն մինչև ամենէն փոքրը: Գործ մը որ կսիրեմ, որուն փարած եմ սերտորեն, և որ անդադար կպտղաբերի, ամենէն լաւատես երազներս իսկ նսեմացնելով:
Ունիմ 125 հատ փառաւոր տղաքներ, բոլորն ալ սկաուտ են, փառաւորապես հագված, մարզված, բարոյապես դաստիարակուած, բիւրեղներ, գոհարներ, առիւծի ձագեր: Կազաչի պոստի փառքն ու պարծանքն են և ամէն ինչ շռայլորեն կտրամադրուի իրենց: Եվ այդ բոլորը իմ գործս է, թեև գիտեք որ ես ինքնագոհ մարդ չեմ երբեք:
Տղաքը ինծի կպաշտեն կուռքի պէս: Այնքա՜ն անզուսպ, խանդավառ, անհաշիւ սէր…
Ամենքնուն ալ աչքը այս երկրէն դուրս կը նայի: Ես եթէ ուզեմ, այս նամակիս հետ հիմա կու գամ Պոլիս, առանց դժուարութեան: Բայց չեմ գար, որովհետև իմ պանծալի մանչուկներս չեմ թողուր:
Հուլիսի 8
Ես քաղաք չեմ կարող երթալ: կբռնեն կոր: Մանաւանդ ինձ դէմ վերջերս ծայրայեղ զրպարտութիւններ, նախանձներ, թշնամութիւններ և սադրանքներ ծագում առած են: Ձերբակալութեան, տեռորի, աքսորի սպառնալիքներ և այլն:
Ինչո՞ւ: Որովհետև գործս հաջող է, շլացուցիչ է, վարկս բարձր է և անբասիր և այդ բոլորը իրենց քեոռ աչքերը կծակէ:
Սկաուտական գործը կշարունակէ յաջող և երջանիկ: Հետզհետ կընդարձակուինք: Ամերիկայէն եկան երկու արհեստավար- Պոքսըրներ, որոնք շատ օգտակար են: Անոնց մարզական հմտութիւնը աւելի շատ պոքսի, ըմբշամարտութեան և պեյպոլի մեջ կը կայանայ:
Հուլիս 26
Իմ գործունէութեանս, աւելի ճիշտ գործունէութեանս հաջողութիւնը ինձ շահեցուցած է թանկագին համակրութիւններ և իբր ատոր արդիւնք, բուռն, բայց արհամարհելի թշնամութիւններ:
Մեր պարտաճանաչութիւնը, որով Կազաչի Պոստը անմատչելի դարձուցած ենք ներքին ու արտաքին գողերուն ու շահադետներուն, այնքան գրգռած է մեզ դէմ դասակարգ մը մարդիկ, որ անոնք մեզ հետ կը խոսին ձեռքներնին զենքերուն վրա դրած, իսկ մենք կը պատասխանենք ձեռքներնիս գրպաննիս դրած, և այնքան պաղարիւն, որ կճաթին: Քանի անգամ զենքը պատեանեն ելաւ, բայց չի տրաքուեց, որովհետև «րևկոմները» մեզ դէմ լարուած են, բայց առանց փաստի չեն կարող գործել քանի ամերիկեան ծառայութեան մէջ ենք:
Օգոստոս 7
Ահա գիշեր ատեն է որ կգրեմ: Դուրսը, ճիշդ պատուհանիս տակ քոչարի ցնծուն շրջանակ մը կա: Ընթերցարանին մէջ արտասանութեանց և «Պաղտասար Աղբարի» փորձեր տեղի կունենան: Ննջարանին մէջ մէկը հրաշալի, զգլխիչ քրտական մեներգ մը կերգէ, ուրիշներ հեքիաթ կպատմեն կամ անուշ-անուշ կխօսին: Կազաչի Պոստը ընդհանարապէս և սկաուտներուս միջավայրը մասնաւորապէս ինձ համար մի փոքրիկ «խտացեալ Հայաստան» է: Մենք անոր ոստիկանութիւնն ենք, պահակները մեր զենքներն են պարկեշտութիւն ու անաչառութււնը:
1922
Փետրվար 15
Որբուհիները չափազանց հուզիչ գուրգուրանք ունին վրաս, շատ կսիրեն: Երբ հիվանդ ըլլամ, մանաւանդ երբ զիս պոպոզները տարին, կու լային: «Պարոն» մը բռնած կերթան: Վրաս երգ ալ շինած են, «Աստուած պահէ մեր պարոնին» վերջաւորութեամբ: Կարծեմ կառավարչուհիները արգիլած են:
Վարդանոյշին աղջիկները մանավանդ ինձմէ ու Փիթեն[13] չեն կշտանար: Ամէն կիրակի կուգան ժամերով կնստին: Երբ իրենց կողմերը երթամ, ինձ կշրջապատեն «քեզ որ տեսնենք, Տիկին Վարդանոյշը կհիշենք» կսեն:
Հիմա պիտի ըսեք որ ի՞նչպէս երջանիկ եք, երբ չկայ այն Հայաստանը, որուն համար կամաւոր գացիք ամեն զոհողութիւն, գերագոյն ալ հանձն առնելով: Երջանիկ եմ որովհետև օր մը պիտի լինի: Լաւատեսութիւնս որքան զսպված, այնքան թունդ ու անայլայլ:
Պիտի ըլլա՚, պիտի ըլլա՛, պիտի ըլլա՛[14]:
1922
Փետրվար 25
Այսօր անակնկալիորեն զիս կանչեցին դատավարութեանս: Բայց քանի որ «չելպ»ը ուշ հասած էր ինձ, փաստաբանս, նախկին վարչապետ Օհանջանեանի եղբայրը, հաջողեցաւ յետաձգել տալ վաղուան: Բոլոր քաղաքը ծանուցուած է, և համակիր և հակակիր ժողովուրդը պիտի թափուի յեղափոխական տրիպունալի դահլիճը, «յայտնի հակայեղափոխականի» դատավարութիւնը լսելու:
Իմ դէմ հավաքած են զրպարտութիւններու, փրովոքացիաներու, սուտ վկայութիւններու սարսափելի կոյտ մը, որ որոշած եմ գլխնուն փլցնել վաղը:
Անպարտ թէ դատապարտուած, յաղթանակի օր է վաղը ինծի համար: Շատ յարձակողական տրամադրութեամբ կերթամ: Բանտը կայ ու կայ, բայց այնքան էլ ծանր պիտի չլինի ինձ համար, քանի որ տղոցս մեջ յայտնուել են ինձ չսիրողներ: Միայն մեկ հատ ալ ըլլա, բաւական է:
Վերջապէս անհոգ եղեք: Գլուխս այդ փիճերուն ուտելու ձմերուկը չէ:
Փետրվար 26
Դատավարութիւնս վերջացաւ: Մէկ տարուան բանտարկութեան դատապարտուեցայ միայն տեսականորեն: Իմ սովորական կեանքս չի փոխեր:
Այլապես ասած ազատ եմ:
Հարցաքննություն
Ծառայեցի մինչև 1922թ. վերջը, որից հետո ուղարկվեցի Սարդարապատ ստեղծելու համար փախստական երեխաների գյուղ: Այնտեղ մնացի մինչև 23 թ. օգոստոս:
Նամակ
Վազգէն Անդրեասեանին
Յունիս 23
Սարդարապատ
Բոլոր աղտեղութեան, ապականութեան, նկարագրի անկումներու, անյագ շահադիտութեանց և կերպարանափոխութեանց մէջ, ես մնացած եմ մաքուր, անփոփոխ, հեգնող, նոին ախմախն եմ թերևս, բայց նոին Վահանն եմ և այս ինձ բաւական է:
Հիմա պիտի հարցնես, թե «ի՞նչ ես շինում էտտեղ»:
Տո տեր օրհնած, գիւղ եմ շինում: «Համմե ճանը՞մ»:- Գիւղ եմ շինում, գիւղ:
Հայաստանի քարտէզի վրա, Սարդարապատի մոտ Արիաշեն գիւղ նայէ, կայ՞: Կայ ոչ, այնպէս չէ՞: Տե, գալ տարի կտեսնես:
Գիտես և լսած կըլլաս հարկաւ որ երկու տարուան ի՜նչ աննախընթաց և փայլուն շրջան բոլորեց Կազաչի Պոստի սկաուտանոցս: Իմ այստեղ գալես վերջ, այս տարուան սկիզբը այդ հիմնարկութիւնը ցրուեցաւ զանազան պատճառներով:
Հիմա այստեղ իմ շուրջս բոլորած եմ 100-ի չափ որբեր, որոնցմէ 25 հատը իմ ընտրեալներն են: Որբերը դեռ պիտի ավելնան, և ամերիկացնիները ինձ հանձնած են իմ նպատակիս գործադրութիւնը, այն է չափահաս որբերով և չափահաս որբերուն համար գիւղ մը շինել, տուն և հող տալ, ամուսնացնել, անկախ կեանքի պատրաստել:
Չէ՞ որ օր մը ամերիկացիները պիտի երթան: Սարդարապատի ալագյազի կողմը, ստորոտը, ընդարձակ բայց չոր տափաստան մը կայ: Այդտեղ «Նիր Իսթը» ջրանցք բացեց, ջուր հասցուցեց: Այդտեղ պիտի հիմնենք գիւղը:
Այստեղ պայքար է, ֆրոնտ է, ճակատ է: Եվ իմ խառնուածքիս համար հմայքը հոտ է: Պայքար միջավայրին դէմ, որ որբական գիւղը ծրագրին հետ հաշտ չէ, պայքար ամերկացոց դեմ, որ անհետևողական և կամազուրկ են: Պայքար որբերուն դէմ, որ ծոյլ են և չեն ոգևորուիր այս ծրագրով: Պայքար բնիկներուն դէմ, որ մեր արտերուն ջուրը կը կտրեն: Պայքար տաքին դէմ, պայքար ու պայքար: Եվ այս բոլորին դէմ ես եմ միայն պատնեշին վրայ, և ընդհանրապէս հաղթող: Ալ ի՞նչ ըսեմ քեզի, չեմ ուզեր քու էթյուտներեդ զրկել, բայց քու տեղդ հոս էր: Վարդանոյշին տեղն ալ Հայաստանն էր:
Յուլիս 1, կիրակի
Սարդարապատ
Սիրելի Եղիշս, Գաբրիէլ, Տիգօ, ևլն
Թերևս Սարդարապատէն գրելս հարցական նշանի կերպարանափոխէ քեզ: Այո, Սարդարապատ եմ: Պանդուխտի, սկաուդի, pionnerի (որն որ կ’ուզէք) վրանս ուղարկած եմ պատմական դաշտին վրայ, Մասիսին և Արագածին մէջտեղը: Իսկ եթէ հարցընէք թէ «ի՞նչ ես շինում էդտեղ», ես ալ պիտի պատասխանեմ թէ «գիւղ եմ շինում»:
Հապա´: Կազաչի Պոստի աննախընթաց և փայլուն սկաուդանոցը, որ հսկայ դեր խաղաց երկրին երիտասարդութեան և մանաւանդ որբության մէջ, այս տարւան սկիզբը վերջ գտաւ, մասամբ իմ հեռանալով, մասամբ ալ ամերիկացիներու փոփոխամիտ, անհետևողական և յաճախ ալ յետադէմ հայեացքներու պատճառաւ: Ինձ յաջորդած էր օգնականս, նոյն ինքը Փիթը, բայց վերջաւորութիւնը չի կրցավ կասեցնել: Մի ամիս վերջ, նոյն, բայց անպատւաբեր վախճան ունեցաւ նաև Օննիկի[15] Սկաուդանոցը, Երևան. ուրտեղ տղաները ըմփոստացեր և ամերիկացիներ ծեծած էին, ի հարկէ Օննիկի դրդմամբ: Այսպէսով, սկաուդութիւնը միայն այժմ իր գոյութիւնը կը պահէ այստեղ ինձ մօտ, այն ալ տարբեր ձևով: Բայց սկաուդութեան թողած ազդեցութիւնը արմատացած է, և ամէն տեղ կ’օրինակեն կամ կը կապկեն, հոգ չէ թէ տարբեր անուններու տակ: Այս բոլորը Տիգրանին համար է որ կը գրեմ:
Չափահաս որբերուն համար գիւղ շինելու, հող տալու, տուն տալու, ամուսնացնելու և անկախ կեանքի բերելու ծրագիր մը ունէի, որ ամերիկացիներու մօտ մետասաներորդժամեան ընդունելութիւն գտաւ, և դրւեցաւ Սարդարապատի բոլորովին անյարմար և անխոստմնալից միջավայրին մէջ: Իմ 250 տղաներէն կրցայ ինձ հետ քաշել բերել 25 հատի չափ նաւափեկեալներ, որոնք գլուխ դնելու տեղ ու ապրուստ չ’էին գտած: 70-80 հատ ալ այս ու այն կողմէն եկան և պիտի գան: Արագածի տակ ընդարձակ և անջրդի տափաստան մը կայ, պատմական Կոխին ճիշտ ու ճիշտ տեղը, որտեղ ամերիկեան միջոցներով ջրուղի մը` Արաքսի ջուրը բերաւ հասցուց (թէև ճանապարհի վրայ եղող գիւղերէն մեր ջուրը գրեթէ ամբողջութեամբ կը գողնան): Այս տեղը մասամբ մեզի տւին, մասամբ ալ երկրագործական ֆերմա մը ըրին որ շահադէտ պաշտօնեաներու ասպարէզ եղաւ, ինչ որ է: Հիմա, էֆէնտիմ սէն սին, այդտեղ գիւղ պիտի շինենք: Գիւղին յատակագիծը եթէ տեսնես, կ’զմայլիս: Բայց շինութիւնը մեծ զոհողութեանց և դժւարութեանց հետ կապւած է: Ամերիկացիք ծրագիրը ընդունեցին, բայց գործադրութիւնը աչքաթող ըրին և անհրաժեշտ միջոցները կը զլանան մեզ: Միւս կողմէն կլիման վատառողջ, վայրագ և կիզիչ, տղաները ծոյլ և գիւղի մը ծրագրին բոլորովին հակակիր, շրջանի գիւղացիք բացարձակ կերպով անբարեացակամ, մեր իրաւունքները գողանալու միշտ պատրաստ, ևլն: Այս պայմաններուն տակ է, որ ախմախ Չէրին, թևերը սօթտած, և քթին տակէն «նէլէր կէլտի պաշըմա» երգելով, կ’աշխատի, կը պայքարի մի քանի ճակատներու վրայ: Այստեղ ամէն բան պայքար է: Իրաւունքդ ճանչցող ու յարգող չկայ, գեղեցիկ ծրագրով մը ոգևորւիլ, աջակցիլ, գոնէ չի խանգարել, չկայ, ալ ի՞նչ ըսեմ: Վերջին ծայր այլասերւած, տգեղ և անհմայ միջավայր մը եղած է «երկիր դրախտավայրը»: (Վրաս գրէ):
Գիւղին անունը որոշած եմ որ Արիաշէն ըլլայ: Ամերիկեան երկրագործական գիւղի յատակագիծով, տուները իրարմէ հեռու, ամէն մէկը իր հողին վրայ, պիտի լինին: Իւրաքանչիւր որբ կ’ստանայ մի տուն, 1-1/3 արոտավար հող, և որոշ ժամանակով նիւթական օգնութիւն, մթերք և իր հողը շահագործելու միջոցներ: Էօթերսէ էյի տիւտինկ: Յունիս 20ին հիմնաքարը դրինք, բայց գործը կը դանդաղի, որբերու չկամութեան և միջոցներու անբաւարարութեան պատճառաւ:
Ամիսէ մը ի վեր, Պաճօն[16] իմ օգնականս է: Խորէնը մեր ատաղձագործն է: Իններու խորհուրդի խոշորագոյն փեկորը հոս է: Ինչպէս կ’երևակայէք, Փիթը սբէկուլիանտ-վաճառական-փօթրատճի է, և լաւ գործ կ’ընէ, մանաւանդ քաղցր խմորեղէններ զըխկըտելէ վերջ:
Ես թէև ծերացած եմ (ինծի պիծա կ’ըսեն) և շատ յոգնած, մանաւանդ գլխով, բայց քաջառողջ եմ և շատ աշխոյժ ու ուժեղ կ’զգամ: Մարզական կեանքը իր իրաւունքները չի կորսնցնէր: Այստեղէն 11 վէրսթ հեռու Արիալիճ մը ունինք, ուր ամէն կիրակի կը կրկնենք մեր երջանկայիշատակ Բռօթիի համբուրելի, խնկելի օրերը (այսօր չի գացինք, որովհետև երկինքէն կրակ թափելու չափ տաք էր օդը):
Իմ վիճակս շատ լաւ է: Այդ չի նշանակէր որ փարա ունեմ: Չէ, քաւ լիցի: Բայց մեծի ու պզտիկի մօտ, նոյն իսկ թշնամիներուս մօտ, վարկս շատ բարձր է, թէև առհասարակ բոլորը կ’արգահատեն որ այսքան տարիէ ի վեր ոչ պահեստ մը թալանած եմ, ոչ որբերուն որթնոտած չիրի կամ սատկած միսի «բօրրաթ» մը յաջողցուցած եմ, ոչ ալ «թուղթ» մը առած նստած եմ: Ոչինչ, ես ինձ կ’օգտեմ հիմակուհիմա: Մի բան որ Պաճօն քովս է: Վայ անամ պապամ պաճունախ, քստիկը փստիկը պաճանախ, պօքու եէտին, հանի՞ չանախ:
Եղշօ, գալով քու տւած հարցերուդ, թէև բոլորը չ’եմ յիշէր, բայց մի քանիսը, և ընդհանուր իմաստով, ահաւասիկ –
Մէկ որբի ապրուստը արժէ ամսական $ 3, առանց հագնելիքի, միայն ուտելիք (այս գնահատութեան վստահ չ’եմ, թերևս փոխեմ):
Շինութիւն շատ կայ Երևանի մէջ, քանի որ N.E.R.ը իր այդտեղի գործունէութիւնը շատ մեծ չափով կրճատած է, և չ’եմ ալ կարծեր որ շէնքի համար վարձք պահանջւի, եթէ կառավարութիւնը «րէկվիզիցիա» ընէ:
Իբր անկախ մարմին մը դժւար թէ որբանոցը գոյութիւնը պահպանէ: Արտասահմանէն պաշտօնէութիւնը չի գար, եթէ գան ալ, տեղացիներու շահասիրութեան միամիտ գործիքները կը լինեն, իսկ տեղացի խղճամիտ պաշտօնեաներ չ’կան:
Այս բոլորէն վերջ, ես պիտի յայտնեմ որ ինչքան ալ Հայաստանի մէջ ապրուստը հեշտ և առատ ըլլայ հիմա, այսու հանդերձ ես որբերուն հոս փոխադրւելուն անհաշտօրէն հակառակ եմ, եթէ իսկապէս ցանկութիւն կայ որ անոնք մարդ դառնան: Այստեղ հետզհետէ չափահասնող որբ սերունդը հայ իրականութեան վրայ շատ ցավոտ և տգեղ վէրք մը կը հանդիսանայ: Ամերիկեան և այլ որբախնամ մարմիններու թերի դաստիարակութեան հետևանքով, հայ որբը եղած է ծոյլ, ձրիակեր, տգէտ, յաւակնոտ, պահանջկոտ, և անկախ կեանքի հեռանկարին հանդէպ բոլորովին անհաշտ ու անպատրաստ: Կարծես որբութիւնը նոր հարւած մըն է մեր ժողովուրդին մէջ, անհամ, անգոյն, անհամակրելի, անշինարար: Ի հարկէ շատ եզական և պաշտելի տարրեր կան մէջերնին, բայց ընդհանուր ոչխարային միօրինակութենէն զանոնք մէկիկ մէկիկ դուրս բերելով հետևել, քաջալերել, աջակցել բոլորովին անհնար է այս պայմաններուն մէջ և ամերիկացիք այդ ուղղութեամբ ոչ մի քայլ չ’են առած:
Օգոստոս 18-20
Ալեք պոլ
Սարդարապատը թողուցի հավանաբար ի սպառ: Կյանքիս մեջ դժվար կհիշեմ այնպիսի ութամսյա մը, ուր այսքան շռայլորեն վատնած ըլլամ ուժ, կորով, եռանդ, և ամեն տեսակ զոհողութիւն, բոլոր ի զուր: Չեմ հիշեր վայր մը, որտեղ այնքան փոքրիկ ու նեղ տարածութեան մը վրա հավաքուած լինի այդքան ստոր էնթրիկ, նախանձ, զեղծում, ապերախտութիւն, անբարոյութիւն ամէն ձևերով: Ոչ մի տեղ այսքան չեմ պայքարած –մենակ-այս դժոխային մութ այլ հզոր ուժերուն դէմ: Եվ առաջին անգամն է որ պարտուած եմ, թէև … խնդիր է:
Ամէն պարագային վճռականորեն հասած եմ այն եզրակացութեան, որ այս երկրին մէջ, եթէ ոչ ամէն տեղ, տիրապետող, բնական, նորմալ և ընդհանուր գոյավիճակն է բացասականը: Ճշմարիտը, իտէալը, անձնուրացութիւնը, հավատարմութիւնը, բոլորն ալ մոխիրի վրայ կնստեցնեն իրենց ծառայողին: Թեև այս քոնսթաթասիոնը ոչ մի կերպ չի փոխեր իմ տրամադրութիւնս:
Հիասթափումները զիս կը մղեն դէպի բնապաշտ միսթիսիզմ մը, որ սակայն, վստահ եղիր, հիվանդոտ ոչինչ չունի իր մէջ:
Չվախնաս հաճի: Նորեն նոյն նորմալ, յստակատես հաճին եմ: Ճգնաւոր ըլլողը չեմ: Այս զզուելի միջավայրը սիրելի է ինձ, որովհետև կռիւ կայ: Յաջող թէ անյաջող, խնդիր չէ: Ֆութպոլին համը կօլ ուտելով չի պակսիր, չէ՞: Աս ալ անանկ: Անյաջողութիւնը չի ընկճեր զիս: Զէյթունցիին ըսածին պէս. «Այս է կտակ մեր պապերի, զարնել մէկի դէմ հազար»:
1924
մարտ 20
Ալեք պոլ
(Գաբրելին, Եղիշէին, Տիգօին)
Այլասերման ընդհանուր հոսանքին հետ կերթայ նաև Ամերիկեան Կոմիտէն, միջավայրին ամենէն ոգևորող երևոյթը, և Հայաստանը փրկող, անցեալ և ներկայ միակ ազդակը: Գործը դարձած է մի շահադիտական հսկա ձեռնարկ: Որբերը բոլորովին կողմնակի պատրուակ մըն են գործի շարունակութեան և յավերժացման ի նպաստ զանազան շահերու: Հետևողական որոշ ծրագիր մը չկայ, որբերը խաղալիք դարձած են նորանոր և քմահաճ, անմիտ, բազմածախս և կանխավիժած ծրագրերու: Խեղճ ոչխարներու պէս փարախէ փարախ կը քշուին, ուսումնին կընդահտուի, արհեստագիտական կրթութիւնը կիսատ կը մնայ, ձեռքէ ձեռք անցնելով, նկարագիրնին կը դառնայ պատհեապաշտ, անհաստատ, խմորի պէս կաղապարուող՝ ամէն ազդեցութեան տակ: Ինքնատիպութիւն չկայ: Եթէ լինի, կճնշեն: Կոմիտէի գործունեութիւնը կկայանայ՝ իբր թէ կատարուած գործերու շողշողուն վերնագիրներու մէջ: Կարդա, բայց տակը մի խառներ: Անհաշիւ և անպատիժ կերպով հարիւր հազարներ կը կորսուին, մինչև իսկ իրենց գործիչներուն ձեռքով: Այս մարդիկը որբուկի մը գլուխը անգամ անցած ատեննին շոյած չունին, մինչև իսկ կզզուին, բայց մեյտանը անոնցն է: Իսկ ամերկացիներու մեծ մասը տգէտ, գռհիկ, աննկարագիր, ապիկար, անփորձ, խարդախ, շահասէր: Շատերը, եթէ ոչ բոլորը, ոչ մի հետաքրքրութիւն չունին դէպի որբերը, երկիրը, ժողովուրդը: Ոմանք սրտանց կատեն մեզ:
Յունիսի 1
Կազաչի-Պոստ,
Կարօտեալ Գաբրիէլս,
Մեր պաշտելի Աբիկին մահը, որ ռումբի պէս պայթեցաւ մեր անհոգ օրերուն մէջ, ազդանշան մըն էր որ չի լսեցինք այն ատեն: Հիմա Աբիկին հողակոյտը դեռ քանի քանիները կը ներկայացնէ մեր անփոյթ և մաքուր մանկութեան` խաղի և երջանկութեան սեղանին մասնակցողներէն: Գացողներու թւին վրայ դեռ նոր աւելցաւ Մատթէոս Զարիֆեանը: Ամէնքս մարդ ունենք հոն…:
Վաղուց սկսած եմ երանի տալ Աբիկին, այնպէս որ սա սուգի պարտականութիւն մը չէ, այլ ողջոյն մը: 15 տարի վերջ, անոր որ առաջին նախազգացողը եղաւ գալիքին, և որ գնաց (չ’եմ գիտեր ինչու բնազդօրէն կը հաւատամ), տեղ պատրաստել մեզի այնտեղ ուր երջանկութիւն կայ առանց արցունքի, և ուր արդէն բաւական հաւաքւած են, զօրաւոր խումբ մը ըլլալու չափ:
Օգոստոս 8
Սիրելի Վարդանոյշս,
Ներփակ նամակը լաւագոյն տրամադրութեան մէջ գրելէս մէկ օր յետոյ է որ այս տողերը կը գրեմ քեզի: Մինչ այդ, Վազգէնէն նամակ մը ստացայ, և ահա նորէն դժբախտ մըն է որ կը գրէ քեզի:
Վարդանուշս, հոգիս, դուն քեզ նւիրեցիր ինծի, չէ՞ ճանս: Քովս են երկու նամակներդ: Մինչև հիմա քեզ հասած կ’ըլլան իմ նամակներուս շարանը. մերթ երջանիկ, մերթ անձկութեամբ լեցուն. բայց միշտ սիրով յորդող նամակներս: Մօտ է այն օրը, երբ քեզ պիտի դիմաւորեմ, շրջապատեմ, պարուրեմ իմ սիրով, իմ ութ տարւան մաքուր, վախկոտ, բայց յամառ ու անվհատ սէրս խօսեմ քեզի, տաժանելի կեանքիս մնացած կէսը անցնեմ քու շուքիդ տակ, քու շնորհիւ, քեզմով: Երջանիկ պիտի ըլլանք մենք և մերոնք, չէ՞ ճանս:
Վազգէնին նամակը ոչինչ չէ ըսած այդ մասին, թէև նախկին նամակովը որ քեզ ղրկեցի կը խոստանար երկար գրել: Սարսափած երևակայութիւնս ինձ կ’ըսէ թէ անիկա արդէն այնպէս մը քանդեր է մեր համաձայնութիւնը, որ վրան անդրադառնալու պէտքը չի տեսնար:
Ոչ միայն այդ մասին չէ խօսած, այլ կը գրէ թէ նամակ գրած ես իրեն, խնդրելով որ անցաթուղթեր հանէ որ Ֆրանսա փոխադրւեք:
Հիմա ի՞նչ ընեմ, Վարդանուշս: Ուրեմն երազ մըն էր…:
Գնա~ց, Վարդանուշ չկայ, թռաւ: Մենակ եմ նորէն: Ես ու չորս պատերը: Աննպատակ աշխարհք մը և աշխարհքէն ձեռք քաշած Վահան մը: Մենակ: Մեն ու ճարիկ: «Մենակ չ’ես այլ ևս» – «քու վիշտդ և ուրախութիւնդ իմս ալ է» – «կատարեալ համոզմամբ է որ կը գրեմ , վստահիր անկեղծութեանս», «չ’եմ ուզեր որ յապաղում ըլլայ», «քու մենակութիւնը չափազանց լուրջ մտահոգութիւն է ինձ» ո՞ւր մնացին այս համբուրելի խօսքերը, որոնցմով սնունդ առաւ հոգիս աւելի քան մէկ ամիսէ ի վեր: Ասկէ դուրս ոչինչ չի տեսայ, ոչինչ չ’զգացի, ոչինչ չի մտածեցի: Ո՞ւր մնացին, Վարդօ~ս, ո՞ւր:
Երևակայէ որ վաղը Սևան պիտի երթանք քէյֆ ընել, հետս ալ 15 որբեր որոնց ցաւն ու ժպիտը միայն իմ դէմքէս միայն կախւած է: Ի՞նչպէս ժպտիմ: Ըսէ:
Ի՞նչ անցաւ դարձաւ, Վարդանուշ ջան, դժոխքէն ելած ի՞նչ սատանա պղտորեց միտքդ, սէրը քացախի վերածեց, պաշտելի աչքերդ արևելքէն արևմուտք դարձուց, ինձ դրախտէն դժոխք նետեց: Մի՞թէ ծնողքդ մերժեցին: Եթէ այդպէս լինէր դուն կը գիտնայիր առաջուց, և այդ անհուն յոյսը չ’էիր տար ինձ: Վերջապէս ի՞նչ եղաւ, բաւական չէ՞, հոգիս: Ինչո՞ւ ամբողջ աշխարհը մէկ չորնալիք Վահանին ետևէն ինկած է և արցունքը ջուրի տեղ կը խմէ: Ի՞նչ եմ ըրեր: Եթէ մեղք մը պիտի քաւեմ եղեր, մի՞թե դեռ չ’եմ քաւեր:
Սիրելի Վարդանուշս, չ’եմ ուզեր որ ինծի մեղքնալուդ համար կաշկանդւես քու ազատութեանդ մէջ: Երջանիկ եղիր: Իմ երջանկութիւնս ատոր մէջ է միայն: Ես մի կերպ քարշ կու գամ: Արդէն շատը գնաց քիչը մնաց և աւելի կը քիչնան օրերս ասկէ վերջ, բարեբաղդաբար: Եթէ շատ երկնցաւ մի կերպ կը կարճեցնենք:
Երկրորդ նամակէդ ի վեր, պատկերներդ ինձ համար խորան եղեր են: Ամէն օր ժամեր եմ անցուցեր աչքս վրադ սևեռած: Քունս տարեր է անոնց առաջ: և դեռ պիտի շարունակեմ, որովհետև դեռ չ’եմ հաւատար: Վերջապէս, ինչքան ալ աշխարհքը չար ու սրիկա եղած է ինծ համար, այսքանը չ’ըլլար: Ինծի գրած ես թէ «մենակ չես այլ ևս»: Պիտի սպասեմ որ գրես թէ «մենակ ես»: Մինչ այդ մենակ չ’եմ: Քեզ հետ եմ, գիտցած եղիր: Գիշեր, ցորեկ, հոգով մտքով քեզ հետ եմ: Մնացածը դուն գիտես, հոգիս: Խօսքը քուկդ է: Քու վերջին խօսքիդ, քու ճամբիդ նայող, աչքերդ ու այտերդ համբուրող դժբախտ սիրողդ Վահան
Յ.Գ. – Վարդանուշս, սա շատ անգութ հարւած է: Մի ըներ: Աղաչելու ընդունակ չ’եմ, բայց դուն հասկցիր թէ սա ինչ խորտակում կը նշանակէ ինծ համար: Զուր կասկած է, չէ՞ հոգիս:
սեպտեմբեր 25
Բոլիկոն
Սիրելի Վազգեն,
Սեպտ. 17-ին Վարդանոյշս և եղբայրդ անակնկալօրեն եկան: Դեռ չեմ կրնար հաւատալ թե իրականութիւն է: Այդ օրը նամակ մը ձգեցի իրեն և յետոյ Փիթենց երթալով տունը գտայ: Իր վերջին նամակը 5 սեպտ. Էր: Կը գրէր թէ դեռ շաբաթներ կարող է ուշանալ, մինչդեռ այդ նամակը բերող շոգենաւով եկավ:
Կամայ թե ակամայ պիտի երևակայես և հասկնաս որ մեր երկուքին երջանկութիւնը չափ չունի: Թէև Վարդանոյշիս շուքն էր մնացեր, բայց ալլապէս նոյնն էր, ճիշդ իմ սիրած ու երևակայած Վարդանոյշս: Քեզ չեմ կրնայ բացատրել թէ մեր մէջ ինչ աստիճան հոգիներու նոյնութիւն կայ: Երկուքս ալ զիրար կը պաշտենք առանց յիմար կոտրտուքներու, հոսհոսական երդումներու, ուսումնասիրուած ձևերու և շարժումներու, բայց մեր սէրը շատ աւելի խոր, գիտակից և համոզուած է քանի ուրիշ շատ աւելի ցուցամոլ և երիտասարդ սէրեր: Ես իմ մասին այնքանը ըսեմ որ բոլորովին լցուած ուրախ կը զգամ Վարդանոյշով, և հոգեկան այս յաղթանակը, առաջին անգամ ըլլալով ինձ գոհունակութիւն կու տայ դէպի իմ անձս: Իմ բախտէն չէի սպասեր այսպիսի յաջողութիւն ինչպէս որ ինձ արժանի չէի ու չեմ նկատեր կատարելութեան այսպիսի տիպար իմը տիրանալու:
Մէկ կամ շատ շատ երկու ամիսէն կերթանք Էջմիածին պսակուելու: Այստեղ անյարմար է: որովհետև ահագին հետաքրքրութիւն պիտի ստեղծուի որմէ կը խրտչիմ, և եկեղեցի դիմելս տեսակ մը ասպարէզ կարդալ պիտի ըլլայ դէպի թշնամի տարրեր որոնց ակռաները արդէն սուր են դէպի ինձ:
Հարցաքննություն
Որից հետո կանչվեցի Լենինական և նշանակվեցի կայանների ղեկավարի օգնական, որտեղ մնացի մինչև ձերբակալվելս 24.11.24 :
Ձերբակալելով՝ ինձ տարան Թիֆլիս և մեղադրեցին լրտեսության մեջ, և ինչպես հասկացա քննությունից, Անգլիայի և ԱՄՆ-ի օգտին: Դատապարտեցին երեք տարվա աքսորի Սիբիր: 4-5 ամիս նստելուց հետո համաներմամբ ազատվեցի:
Երկրորդ մասը այստեղ
Վահան Չերազի քարտերից մի խումբ
[1] Տղաս՝ Յովհաննէս Իշխանեանը երեք տարի առաջ՝ 2012-ին Թիֆիլիսի ոստիկանութեան արխիւից ստացաւ Վահան Չերազի գործի պատճենը:
[2] Չերազի պոլսյան շրջանի մասին պատմում է Տիգրան Խոյանը «Նահատակ ցեղի անմահները»(1983, Բեյրութ) գրքից(14-16 էջերում) գրքում.
Նախքան Վահան Չերազի Բրոթի կղզին մէջ երևնալը, 1904-ին, մենք առոյգ և առողջ փոքրիկներ, ինչպես բոլոր տեղերի մեջ ապրող փոքրիկները, մեր մարմիններու բնական պահանջքը մարզական պատահական խաղեր ունեինք:
Օր մըն ալ մեր կղզի ծովեզերքի դաշտին երևցան խումբ մը անծանոթներ, որոնք մեզի նման կարճ տաբատներ հագած՝ խոշոր գնդակի մը ետևեն կվազեին, զայն կհարվածեին միայն իրենց ոտքերով և որոշապէս կազմակերպուած խաղ մը կխաղային:
Հետաքրքրական էր, դիտեցինք զիրենք, նախանձեցանք իրենց ու մոտեցանք, շուրջներնին դարձանք: Բոլորն ալ մեզմէ տարներով մեծ էին և իրարու հանդէպ շատ ընկերական, եղբայրական էին:
Մաքուր հայերեն կխոսեին և միշտ զվարթ էին: Իրենցմէ մէկը քիչ մը խիստ հոնքերով, բայց ժպիտը երեսին, տպավորիչ մեկն էր և կատակներ կըներ միւսներուն հետ: Աւելի ուշ իմացանք որ Վահան Չերազն էր ան: Ընկերներն էին Եզնիկ ու Քաջունի եղբայրները, յետոյ Սիմոնը, Վահագն, ու կէօզիւպէօյիւքեանները, Շապօեանը, բոլորն ալ բարեկիրթ, օրինակելի հայ երիտասարդներ էին: Իրենց խաղի վերջանալուն մեզ իրենց մօտ կանչեցին, մեզմով հետաքրքրուեցան, թոյլ տուին որ խոշոր գնադակը շոշափենք, նոյնիսկ մեր ոտքերովն ալ զայն հարուածենք ու հալածենք… Քրտնեցանք, միասին վազեցինք ու ծովը մտանք զովացանք: Եւ այսպես շուտով իրենց քաղցր և հաղորդական բնավորութեամբ մեզ իրենց խումբին մաս դարձուցին: Եւ արդեն Բրոթիի տղաքը գրաւուեցան այդ մեծ գնդակով(Ֆութփոլ) ու հոգեպէս կապուեցան այդ սքանչելի «մեծ»երուն, կապ մը որ մնաց ու միշտ կը մնայ անքակտելի, եւ յիշատակն անոնց՝ անմոռանալի:
[3]Վահան Չերազի զնվորական գործունեության մասին մի քանի վկայություն կա, որոնցից ամենընդարձակը Գրիգոր Ամիրեան «Մեր Գիւղը» հուշագրության մեջ է ( «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1951, մայիս, էջ. 80).
Հին զինակիցներ էինք Վահանին հետ: Կամավորական Ա. գունդին մեջ բախտը բերած էր զինքը իմ վաշտս: Որքա՜ն հպարտ եմ այդ գեղեցիկ զուգադիպության համար: Այնտեղ առաջին անգամ ճանչցա զայն և այն օրեն սկսած է մեր մտերմությունը:
Ի՜նչ քաջարի զինվոր, ի՜նչ հանդուգն կռվող, մանավանդ ի՜նչ հաճոյակատար ընկեր էր պատերազմի դաշտին մեջ, կռվի ընթացքին: Իր հանգիստեն ավելի կմտածեր ուրիշներու մասին: Անճարակ տասնյակներուն վրանները հաճախ ինք կլարեր, իր չունեցածեն հաճախ բաժին կհաներ ագահներուն: Մերժել բառը՝ անոր բառարանին մեջ գրված չէր: Անխիղճ մը կրնար շապիկն ալ առնել անոր կռնակեն:
Հաճոյք մըն էր հեռվեն դիտել Վահանը, երբ պայուսակը ուսը, հրացանը ձեռքը՝ կաքավի մը նման կը ցատկեր մեկ դիրքեն մյուսը, կմագլցեր մեկ բարձունքեն մյուսը: Վախի մասին գաղափար չուներ: Իսկ հոգնությո՞ւն. չեմ հիշեր որ Վահանը հոգնություն բառը գործածած ըլլար: Իրեն ատելի բառ մըն ալ այդ էր»:
[4] Վահան Չերազի Քաղաքների միությունում աշխատանքի վերաբերյալ Գրիգոր Ամիրեանի «Մեր Գիւղը» հուշագրության մեջ ( «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1951, մայիս, էջ. 80-81).
[5] Վահանի և Վարդանուշի ծանոթության մասին տես Վազգեն Անդրեասեան «Վահան Չերազ և իր երգը Հայաստանի» (Բեյրութ 1977. Էջ 183-195), որից մի հատված.
Վահան Չերազ, սպանդէն փախչողներուն յատուկ «Հայկական Շտապ» անունով կեդրոնին պաշտօնեաներէն մէկը:
«Շտապ»ը կը զբաղի մա՛նաւանդ փնտռտուքներու գործով, ու իր կեդրոնն է հասցէն բոլոր նամակներուն, մասնաւորապես Հիւս. Ամերիկայէն եւ Ռուսաստանէն դուրս` հայկական գաղութներէն ղրկուծներուն:
Վահան ամէն օր, առաւօտ եւ յետ միջօրէի նշանակուած ժամերուն` նամակներով լիքը տուփեր գրկած, աթոռի մը բարձունքէն կը կարդայ ժամէն առաջ խռնուած բազմութեան մէջէն բախտաւոր անուններ:
«Վարդանոյշ….»:
Դեռ չաուարտած, ոչ շատ հեռուեն, աղջիկ մը «վայելուչ, բարեձեւ, պարզունակ ու խելացի աչքերը` ձեռքիս թղթին» կը մօտենայ: «Երբեք կեանքիս մէջ, խոնարհութեան թէ երանութեան նման ուժգին զգացում մը զիս համակած ըլլալը չեմ յիշեր»:
Վահան կը փորձէ շեշտակի դիտել իրեն մօտեցողը: Անօգուտ: Աչքերը կը մնայ վերստին գիրը ղրկողի անունին վրայ: Նամակը առջեւ ետեւ դարձնելու շարժումներ, վարանում, զայն յանձնելու ձգձգում, երբ տակաւին ուրիշներ կան անհամբեր սպասող:
«_ Վ. Ա. «Հայաստան»ի խմբագրութիւն ` Թիֆլիզ: Ղրկողը ձեր ի՞նչն է: »
«-Եղբայրս է: … Շնորհակալ եմ, պարոն Վահան»:
Վարդանոյշի եղբօր նամակները, իր բախտէն, իրարու կը յաջորդեն, ու այդ օրէն սկսեալ իր գրպանին մէջ զետեղուած իբրեւ վերջին կարդացուելիք անուն: Իսկ երբ բազմութիւնը գրեթէ ցրուած է, Վահան, աթոռէն ցատկելով կը մօտենայ իր տալոջ թեւը մտած, մեկնելու նոյնպէս պատրաստուող Վարդանոյշին:
«- Օրիո՛րդ, կը ներէք որ ձեր նամակը ամենէն ետք պահեցի»:
[6] Այս շրջանի մասին՝ Եղիշէ Քաջունի «Զօրավար Անդրանիկ. Հայկական առանձին հարուածող զօրամասը»(1921թ Բոստոն, մեջբերումը արուած է 1915թ Երևանի վերահարտարակումից՝)
Պատերազմի սկիզբէն իսկ Փաիրզէն Կովկաս եկած, կամաւոր գրուած եւ մինչեւ վերջ կամաւոր մնացած. Վահան Չերազ պաշտօն դիրք չի սիրեր, միշտ սիրած է ըլլալ հասարակ զինուոր, կատարել բոլոր պարտականութիւնները, կռիւը եւ տանիլ դժուարութիւնները: Բայց այս շրջանին իմաստ չունի հասարակ զինուոր լինելը: Իր տիրապետած անգլէրեն ու ֆրանսէրեն լեզուներով ան Զօրամասի հասուագիւտ միջնոդնէերեն մէկն է Զօրավար Անդրանիկի եւ օտար(անգլիացի) զինուորականներուն միջեւ, եւ աւելի յաճախ, անոնց ընկերակցողը իբրեւ անոնց թարգման եւ տեղական լեզուներուն ու բարքերուն ծանօթ
[7] Չերազի հիվանդության մասին Վազգեն Անդրեասեանի «Վահան Չերազն և երգը Հայաստանի», (Բեյրութ 1977, էջ 14-15).
Զանգեզուրը Հայաստանին պահող Անդրանիկի զորամասը իր դերը հաջողությամբ ու պատվով կատարելե հետո Էջմիածին կվերադառնա զորացրումի համար:
Կոտորածներեն վերապրող փախստականներով լեցուն՝ պատերազմի հետևանքով հյուծած և ավերված Հայաստանի մեջ, տեղ տեղ անիշխանություն, սով և մահվան առօրյա պատկերներ:
Ու ահա, ճամբուն եզերքը մարդկային զանգված մը որ կը խլրտա: Սովորական տեսարան մը, այլևս ոչ իսկ ուշադրություն՝ կարեկցություն հրավիրող:
Զորամասեն շատեր կտեսնեն ու կանցնին:
Ինչեր չէին տեած ու անցած:
Վահան Չերազ չանցնիր, իսկույն ձիեն վար կնետվի:
Մոտենա, աղջնակի նմանող բան մը, դեռ կշնչե, կդողդողա: Վահան զայն կփաթթե իր վերարկուին մեջ, ձին կհեծե: Մինչև Երևան հասնիլը կխնամե ու ապա կհանձնե հիվանդանոցի բժշկապետի խնամքին: Քանի մը այցելություններե ետք, Տոքթ. Եարո կըստիպվի պահել նաև այցելուն՝ ծանրապես վարակված աղջնակի բծավոր տիֆեն՝ այդ օրերու հոգեառը:
Անդրանիկ և Վահանի ընկերներ կհեռանան երկրեն նոր պատրականություններու ի խնդիր, Վահան կմնա անկողին գամված՝ իր բժշկին կողմե արդեն դատապարտված:
Կանցնին շաբաթներ երկու հիվանդները կառողջանան, կապրին:
[8] Պոլսի այդ շրջանի մասին տես Վազգեն Անդրեասեան «Վահան Չերազն և երգը Հայաստանի», (Բեյրութ 1977, էջ 59-63):
[9] Սիմոն Վրացեան «Հայաստանի Հանրապետութիւն» (1958թ., Բէյրութ, էջ. 367)
Սկաուտական շարժումը հանրային կրթութեան նախարարութեան գուրգուրանքի առարկայ էր և շուտով լայն ծաւալ ստացաւ Հայաստանում, մանաւանդ, երբ արտասահմանից հասան փարձւած ղեկավար մարզիկներ՝ Վ. Չերազ, Տ. Խոյան և այլն:
[10] Այս, նաև այն մի քանի նամակները ուր չի երևում թե ում է ուղղված, Վազգէն Անդրեասեանի «Վահան Չերազ և իր երկգը Հայաստանի» գրքից են: Այդ նամակների բնօրինակները դեռևս չեմ գտել, հավանաբար Հաճին հենց Վազգեն Անդրեասեանն է:
[11] Շուշանիկ Տէր-Գրիգորեան, եղել է որբախնամ, Իգդիրում բացել է որբանոց, ապա որբերին տեղափոխել Սանահին: 1920-ին Ալեքսանդրապոլում եղել է որբանոցի կառավարիչ: Որբերը նրան անուանում էին Մայրիկ (Տեղեկութիւնը՝ «Հայկազունք», փետրուար 1991): Վարդանոյշ եւ Վահան Չերազների նամակներում Շուշանիկ Տէր-Գրիգորեանի մասին ասում են մամա, մայրիկ նաև մեծ Տիկին:
[12] Ամերիկեան օգնության կոմիտե, որ որբախնամ գործ էր անում
[13] Փիթ, Պետրոս Մարզպանյան, Վահան Չերազի մտերիմ ընկերը: Նրա մասին ավելի մանրամասն հաջորդ մասում:
[14] Պոլսից Հայաստան Վահան Չերազի հետ այցելած մարզիկ Օննիկ Եազմաճեանը իր «Ճգնազանգ ահազանգ», ( գիրքը ստորագրված է Բժ. Օ.Գ. ԵԱԶ, Բեյրութ 1956, էջ. 199-2002) նկարագրում է Չերազի գործունեութեան մի դրուագ.
1922 տարվան նոյեմբեր ամսուն Ամերիկյան նպաստամատուցի սուրհանդակի միջոցավ, Լեննականեն երկտող մը ստացա պաշտոնակից և Հ.Մ.Ը.Մ.-ի սկաուտ Մարզական առաքելության անդամ հանգուցյալ եղբայր Վահան Չերազեն, որ այդ շրջանի Լենինականի Ամեր. Նպաստամատույցին մոտ 45-50 000 որբ-որբուհիներու սկաուտապետն ու մարզիչն էր:
-Տասնյակ մը սկաուտներով սլացիր, կըսեր երկտողը:
Տասնմեկ օրտևող ճամբորդությունե մը ետք, հոգնաթաթախ հասա Լենինականի իր սկաուտական բանակատեղին: Ուրբաթ օր, ժամը իննուկեսին:
Մինչև գիշերվան ժամը 11-ը իմ հարցումներուն քար լռություն պահեց: Հանկարծ ոտքի ելլելով՝ ահազանգի հրահանգ տվավ:
Քանի մը վայրկյանի մեջ բանակատեղիի պահակագունդի վեց հարյուր սկաուտներ ու սկաուտուհիները կազմ ու պատրաստ էին: Հրամայեց պահեստապետին բահ ու
բրիչ բերել: Անձայն ճամբա ելանք դեպի ամայի վայր մը, Ամեր. նպաստամատույցին հատկացրած շրջագիծին մեջ:
Երեք մեթր տրամագծով և մեկուկես մեթր խորությամբ փոս մը բանալու հրաման տրվեցավ:
Քանի մը վայրկյանի մեջ փոսը պատրաստ էր: Կրկին ճամփա ելանք և անաղմուկ պաշարեցինք որբուհիներու հակտացված քարաշեն նախկին զորանոց մը: Հիսնյակ մը սկաուտ-սկաուտուհիներով որբանոցեն ներս մտանք: Չերազ հրամայեց ճեմիշներու բերանները լայն բանալ…:
Ինք առաջինն եղավ կոյուղիին մեջ իջնողը, միևնույն ատեն հրամայելով որբանոցի հայ կառավարչուհին ձերբակալել, կապել և բանակատեղի փոխադրել անձայն:
……………………
Արցունքոտ աչքերով մեր գործը ի կատար ածելե և ճեմիշին դռները կղպելե ետք՝ նորաբաց փոսը
վերադարձանք:
Չերազ երկու բահերու կոթերով խաչ մը պատրաստեց, պարապ շիշի մը մեջ երկտող մը սահեցուց և վիժվածները պարփակող փոսը նետեց:
Ծունկի եկանք: Բոլորիս հրաման տրվեցավ մտովի յոթը անգամ Հայր մեր ըսել:
Չերազ իր պատմական խոսքը հազիվ իր փոքրիկ եղբայր-սկաուտներուն կրցավ ուղղել.
-Սիրելի Հայկակներ, դուք ապրիլ 24-ի խարանը ջնջող և ձեր կամքը պարտադրող սերունդը պետք է դառնաք: Պետք է ըլլաք մշտնջենական մարտնչող և դժգոհ կենդանի Հայ-Մարդը:
Մինչ բահակիրները փոսը կը փակեին, ներկաներս մեղմիվ երգեցինք.
-Տեր ողորմեա… Ազգիս Հայոց…
Մեր գիշերային առաքելությունը վերջացած էր:
Այդ օրեն սկսյալ Նպաստամատույցի բոլոր որբանոցները, մասնավորապես չափահաս որբուհիները սկաուտներու կողմե խիստ հսկողության տակ առնվեցան, տիվ և գիշեր:
Հասարակաց չարիքը արմատախիլ եղավ:
[15] Հավանաբար Օնիկ Յազմաճյան
[16] Խաչիկ Բօյաջեան, Վահան Չերազի ընկերը, որ եղել է կամավորական նույն գնդի մեջ:
[…] in our family is like Vahan Ishkhanyan, because first of all, our foundation begins Vahan Cheraz from the stories, on the other hand, from the stories of Rafael Ishkhanyan. “Those memories […]