Հասկանո՞ւմ էք, երիտասարդ, մեր Հայաստան գալը շատ սխալ էր։ Մենք կարծում էինք, թէ հայ ենք, բայց Հայաստանում հասկացանք, որ մենք իրականում ֆրանսիացի ենք
Արծուի Բախչինյան
Լրիվ անունս՝ Արծվի Բախչինյան։ Եթե ապրեի միջնադարյան Հայաստանում՝ արաբ ճանապարհորդներն իրենց ուղեգրություններում ինձ կկոչեին Արծվի իբն Հենրիկ աբու Արեգ աբու Արամ ալ-Արմանի (հասկացողի համար)։ Ինքս էլ չհասկացա, թե ինչպես դարձա 34, շուտով 35 տարեկան։ Ծնվել եմ 1971-ին, Մարգարյան ծննդատանը, վերածնվել՝ 2002-ին, Հանրապետական հիվանդանոցում՝ նոր մակնիշի սրունքով եւ կյանքի հանդեպ հայացքի կտրուկ փոփոխությամբ։ Հաճախել եմ մանկապարտեզ, որ չեմ սիրել՝ զոռով քնելու պարտադրանքի պատճառով, ապա՝ դպրոց, որն ատել եմ՝ միջավայրի եւ մաթեմատիկայի պատճառով, եւ վերջապես՝ համալսարան, որի հանդեպ ջերմ զգացումներ երբեք չեմ ունեցել։ Մանկությունս հիշում եմ տհաճությամբ, քանի որ ամենուրեք ինձ սպիտակ ագռավ էի զգում, բայց կուլ տված բոլոր ցավերն ու վախերը մի լավ կոփել են ուշքն ու միտքը գրել-կարդալուն տված այն նուրբ, ռոմանտիկ, կարճատես տղուկին։ Փոքր ժամանակ բոլորը համոզված էին, որ նկարիչ եմ դառնալու (այն էլ մե՜ծ), բայց ես երազում էի թատրոնի ու կինոյի մասին։ Միաժամանակ՝ օր չէր անցնում առանց գրելու, ինչը շարունակվում է մինչ օրս, առանց, սակայն, գրական դույզն-ինչ հավակնությունների։ Դերասանության եւ ռեժիսորության հետ չստացված կապը փոխհատուցվեց կինոյի պատմությամբ զբաղվելով։ Կյանքիս ամենակարեւոր իրադարձությունը երկու տղաներս են, լավագույն ընկերս՝ կինս, մեծագույն սերս՝ ճամփորդելն ու հայագիտական ուսումնասիրությունները։ Վեց-յոթ գիրք եմ հրատարակել, հազար ու մի հոդված ու թարգմանություն` բոլորն էլ այս կամ այն չափով խոսքուզրույցի առիթներ տված։ Գոհ եմ, որ իմ մեջ հաջողապես համադրված են արխիվա-գրադարանային մարգարտախույզ ակադեմիականը եւ միանգամայն աշխարհիկ, դեղին շապիկներ հագնող ու բիժուտերիա գցող, մինչեւ լուսաբաց դիսկոյում պարող ժամանակակից երիտասարդը։ Գրքեր գրելու եւ բանասիրական հետազոտություններ կատարելու արանքներում աշխատում եմ հասցնել լինել ընտանիքի մարդ, պատրաստել սալաթներ, երգել երգչախմբում եւ հանդիպել Երեւան ժամանող բազմաթիվ հայ ու ոչ հայ հետաքրքիր մարդկանց հետ։ Ընկերներս անունս դրել են «միջազգային դեսպանատուն»։ Դա մխիթարական է, դրանով ես ինձ զգում եմ «աշխարհի բույրին» միացած։ Չեմ ծխում, սուրճ չեմ խմում, շախմատ եւ թուղթ չեմ խաղում, շուն չեմ պահում, տանը հեռուստացույց չունեմ, ֆուտբոլի հանդեպ անտարբեր եմ, տեխնիկայից գրեթե բան չեմ հասկանում։ Սիրում եմ Բրամս, գրքերի եւ ամսագրերի աշխարհը, ծաղկած ծառերը եւ բոլոր ծաղիկները (աքլորի կատարից բացի)։ Ինձ միշտ բերկրանքով են պարուրում բնակարանի ջերմությունը, երբ դրսում առատ ձյուն է տեղում, արեւը՝ սառը ջրի մեջ, Իսլանդիա կղզին, լուսանկարները, փարաջանովյան եւ ճապոնական զիզի-բիզիները, եփվող խաղողի տերեւների բույրը… Իսկ ամենից շատ սիրում եմ լինել թեթեւ, տաղանդավոր, խելացի, բազմամշակութային մարդկանց շրջապատում, նրանց հետ անեկդոտներ պատմել, երգել եւ ուրախանալ։ Կյանքումս միշտ հետեւում եմ Ջեյմս Լիոհի խոսքերին. «Եղիր այն, ինչ որ ես։ Ոչ ոք չի ասի, որ սխալվում ես»։