Ինքնագիրը շարունակում է ներկայացնել «Խոսող ծառը» նախագիծը, որին մասնակցել են ութ արվեստագետներ։ Նախագիծը իրականացել է Ուրցաձոր գյուղի մոտ, Խոսրովի արգելանոցի հարևանությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին պատկանող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Նախագծի նկարագրությունը «Խոսող ծառեր» նյութում։ Արդեն ներկայացվել են Արման Գրիգորյանի «Մեծ շրջան (Great circle)»֊ը, Արամ Պաչյանի «Ծառը» և Մանան Թորոսյանի «Քամի խաղացնող»֊ը, Արմեն Հայաստանցու «Խոսող քար, ծառ, ձի»֊ն։

Ալի Մաման ծնվել է 1341 թ., սակայն դա իր ծննդյան թվերից մեկն է ընդամենը: Նրա ծննդյան թվերի և վայրերի մասին տեղեկությունները շատ քիչ են, կցկտուր և իրարամերժ, քանի որ նա հաճախ թաքնվում է տարբեր կեղծանունների տակ, ավելին` երբեմն նույնիսկ օգտագործում է իրական մարդկանց անձնագրային տվյալները` նրանց անվամբ ոչ միայն սեփական գործերը սղղցնելով, այլև քվեարկելով ու ընտրացուցակներում նրանց փոխարեն ստորագրելով: Նրա ամենահայտնի կեղծանուններից է Ալի Բաբան, իսկ այստեղ ներկայացել է ՀՀ քաղաքացի Վիոլտ Դրիդորյանի անվամբ: Ցավոք, սակայն, այս փոխմարմնավորման միջադեպին իրավական ընթացք տալ չի հաջողվի, քանի որ միակ վկան մի գրական հերոս աղվես է, որ արդեն խեղդված է, իսկ ՀՀ արդարադատությունն իրականացնող դատարանները ի զորու չեն վկայություն ընդունել սատկած աղվեսից:

Հայտնի անեկդոտում ոստիկանապետը շարքայիններին հաշվել սովորեցնելու համար պարզում է ձեռքի ափն ու, հատիկ-հատիկ մատները ծալելով, հաշվում: Բութը ծալելով` մեկ, ցուցամատը` երկու, միջնամատը` երեք և այլն: Ապա բացում է մատները, ձեռքը թափահարում ու ասում` հիմա խառնեցի, տեսնեմ` կարո՞ղ եք հաշվել մեկից հինգ:

Միլան Կունդերան իր «Վեպի արվեստի մասին» էսսեում գրում է. «Մարդը երազում է մի աշխարհի մասին, որտեղ բարին ու չարը հստակ տարբերակելի են, որովհետև նրա մեջ ապրում է նախևառաջ դատելու, քան հասկանալու բնածին ցանկությունը: Այս ցանկության վրա են հիմնված կրոններն ու գաղափարախոսությունները: Մարդիկ կարող են կապվել վեպի հետ միայն այն դեպքում, եթե դրա բազմանշանակ լեզուն արտահայտի իրենց անվիճելի, դոգմատիկ դատողությունները: Նրանք պահանջում են, որ ինչ-որ մեկը ճիշտ լինի, կամ Աննա Կարենինան է սահմանափակ բռնակալի զոհը, կամ Կարենինը` անբարոյական կնոջ… Այս «կամ-կամ»-ի մեջ է պարփակված ամենայն մարդկայինին բնորոշ հարաբերականությունն ընդունելու անկարողությունը, գերագույն դատավորի բացակայության հետ հաշտվելու անընդունակությունը»:

Հիմա հաճախ մտածելը նույնացվում է «բարին» ու «չարը», «ճիշտն» ու «սխալը» որոշակի ֆիքսված «մատներով» հաշվելու մեխանիկական գործողության հետ: Ռացիոնալ, բանական, հետևաբար և լեգիտիմ են համարվում որոշակի լեզուներ, ասենք` քաղաքական, իրավական, տնտեսական, որոնք կանխավ տրված «բարու» անվիճարկելի «ճիշտն» են կետ առ կետ արձանագրում` ծալելով մատները: Արագ պիտակներ, հապշտապ եզրակացություններ ու որոշումներ, որոնք ողջ աշխարհը դասավորում ու տեղավորում են նախատեսված հայտնի դարակներում:

«Թաքուն նվեր չար աղվեսիկին Ալի Մամայից» աշխատանքը, ֆիքսված իմաստներով մատների հաշվարկը չեղարկելու սիրույն, խառնում է այդ դարակներից մեկը` Թումանյանի «Չարի վերջը», որը ավանդական մոդելով ներկայացնում է չար դահիճ աղվեսին ով սեփականացրել է սարն ու ծառը և ծառի վրա բնակվող բարի զոհ կկվին պարտադրում է ձագերին հերթով իրեն գցել, խորհրդատու իրավապաշտպան ագռավին և արդար դատավոր շանը: Աշխատանքն արտահայտում է համակրանք դատապարտելի համարվող արարքի հեղինակ աղվեսի հանդեպ` անտեսելով իրավական եզրակացությունը, և ի նշան այդ վերաբերմունքի մի ծառ է նվիրում չար աղվեսին: Որպեսզի նվերը նոր վիճարկումների ու հավակնությունների առիթ չտա, ծառի գտնվելու վայրն ու ինքնությունը գաղտնի են պահվում, ավելին` աշխատանքի օրերին, երբ գործընկեր արվեստագետները տարբեր ծառեր էին առաջարկում, հեղինակը համաձայնում էր, որ այդ ծառերը լուսանկարվեն` իսկական նվեր ծառի հետքերը կորցնելու համար: Ֆոտոխցիկների ու տարածքում եղած տեսախցիկների ամենահսկիչ ու փաստագրող հայացքից ծառը փրկելու համար տարբեր այլ ծառերի կեղծ հասցեները լավ ձև են շեղելու ուշադրությունը, ինչպես Ալի Բաբայի տան դռնից` հարևան բոլոր դռների խազանշումները: Կեղծ թիրախներով շեղելու միջոցով իսկականը փրկելու այդ մտահղացման հեղինակը, որ մի ստրկուհի էր, նույնպես թաքնված-ստվերված է Ալի Բաբայի անվամբ, ուստի աղվեսիկի այս նվիրատուն էլ ստվերում է իրեն որպես Ալի Մամա` կարևորելով կնոջը` որպես կանոնակարգված աշխարհի վերաձևման հանձնառու:

Աշխատանքը, սակայն, խնդրականացնում է նաև կանանց իրավապաշտպան դիկսուրսը, որը, օրինակ, հղիության պահպանման կամ արհեստական ընդհատման հարցը վերագրում է կնոջ անձնական որոշմանը` որպես սեփական մարմնի տնօրինման իրավունքի` անտեսելով, թե այդ որոշումը որքանով է, գիտակցորեն կամ ոչ, կախված սոցիալական, հասարակական, քաղաքական թելադրանքից ու պայմանավորված դրանցով: Այդ դիսկուրսից նվերը փրկելու նպատակով դրա գաղտնիությունը երաշխավորվում է նաև «ծառը» պայմանական անունով` թաքուն պահելով նաև դրա ինչ լինելը:    

Ընծայումը տեղի ունեցավ ուրցաձորյան հավաքի մի գիշեր, երբ բոլորը քնած էին: Միակ վկաներն էին հարակից տարածքի ապաստարանում պահվող երկու առյուծ (մյուսը քնած էր), որոնցից մեկն արդեն ընդունել էր նախորդ օրերին իրենց վանդակ մտած ձեռքի նվերը: Նվիրատուն տղամարդ էր և հրապարակային ընծայաբերման ջատագով, այդ իսկ պատճառով դեպքի մասին տեղեկությունը սփռվեց  ԶԼՄ-ներով մեկ:

Ընծայաբերումը կատարվեց կախարդական խոսքերով, որոնց ազդեցության կրկնությունը չի երաշխավորվում` որպես մեկանգամյա օգտագործման  սև մոգություն.


Կարճատոտիկ, փափկապոչիկ,
Ճակտաբոզիկ, խայտադոշիկ,
Ճերմակդնչիկ, ճերմակօձիք,
Խավամազիկ, խաղասազիկ,
Աղվալեզու, լիզահեզուկ,
Սաղմասեր դու թիզակիսուկ,
Տռճիկ-տռճիկ մոտ արի,
Վե՛րջն ես, ախչի՛, դու չարի,
պոչդ սփռիր խատուտիկ,
ամեն փունջին մի ճուտիկ,
քեզ հանդիպած ամեն ծառ
արդ կդառնա կկվաթափ:
Գդալ-չանգյալդ պատրաստ,
երրորդն էլ հանգչի աստ:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.