Լուսանկարը` Նազիկ Արմենակյան
Երբ սովետը պաշտոնապես փլվեց, 12 տարեկան էի, բայց քանի որ մեր դպրոցում սովետը ոչ պաշտոնապես վաղուց էր փլվել` պիոներիկ չդարձա: Հետո գյուղական ուսուցիչ էի, ընկեր, քաղաքացի ու էլի մի քանի բան: Հիմա, երբհայաստանյան միջին վիճակագրականով կյանքիս կեսն արդեն ապրել եմ, նորից վերապրում եմ առաջին կեսը` սովետի փլվելը, իմ մանկությունն ու պիոներիկ չդառնալս, էլի մի քանի բան հազարամյակների անցման մշուշում կորած իմ սերնդի մասին, որ ուզում եմ պատմել սիրելի ոմանց և ոչ-ատելի բոլոր-բոլորին` ներառյալ նախկին ու ներկա պիոներիկներին:

Մայրենիք. դրոշ (վերջին մաս)

Զինվորի բերանից կտրած երշիկեղենը, խտացրած կաթը, պահածոները, կարագը, պանիրը, բնական հյութերը «տակից» վաճառվում էին մոտակա ավանի ամենամեծ մթերային խանութում: Որոշ ապրանքների վրայի «ՊՆ» պիտակները գնորդներին չէին կաշկանդում. սպառում էին շուկայականից էժան գնի պատճառով:

Մայրենիք. դրոշ (3)

Դպրոցում իրեն ասում էին Ժանգ, բակում`Կլմբոզ, արվեստանոցում` Պեպենիկ:
Գույնն իր անհերության խարանն էր, ամեն մականուն` մի խարազան:

Մայրենիք. դրոշ (2)

Սկզբում 88-ն էր: Ինքը հոր ուսերին ճոճվող նավավար էր, որովհետև հայրը նավն էր, ու կար ծովը` մարդկային, որ թվում էր անծայրածիր: Ժողովուրդը ծովում էր Ազատության հրապարակում, ուր մով աչքերով փոքրիկ տղան անհամբեր սպասում էր հերթական, շառաչող ալիքին, որ իր պստիկ բռունցքը վեր պարզի և վանկարկի «Մի՛-ա՛-ցո՛ւմ»:

Մայրենիք. Դրոշ(1)

Աղջկա շորով տղեն ուր էլ գնա, ցերեկային գործ չի ճարի: Հատակն էլ իր բեմն ունի, աչքի ընկնելու ուրիշ ձև չունի: Գիշերային կյանքն աչքերը բացեց: Դու մի աչքով իրեն մի նայիր. ցերեկները` ամաչկոտ տղա, գիշերները` աչքաբաց աղջիկ. տանողի աչքի լույսն է, չուզողի՝ աչքի փուշը:

Պատմվածքներ

Երազ տեսա: Լուսնյակ գիշերով աղբրի մոտ եմ, մի մատ երեխա: Ոտքիս վրայով չիշիկի տաք շիթը հոսում թափվում է աղբրի մեջ: Գիտեմ, որ վատ բան եմ անում, դրանից համ վախում եմ, համ էլ մի տեսակ լավ եմ լինում: Չիշիկս չի վերջանում. հա գալիս ու գալիս է: Տաք շեռաջրերն աղբրի սառը ջրի հետ խառնվել, բարձրացել են մինչև գոտկատեղս ու շարունակում են արագ բարձրանալ: Ջուրը հասավ վզիս, մի քիչ էլ, ու կլցվի բերանս, կխեղդվեմ: