Ջենիին հնարավոր չէր չնկատել: Նա ճռճռան քթով դեղին մարկեր էր՝ սևուսպիտակ տեքստի վրա խազած:
Հռիփսիմե Հովհաննիսյան
Երբ աշխարհով մեկ թափառելուց հետո ոչ մի տեղ հայրենիք չես գտնում, սկսում ես մտածել, որ կա-չկա էդ հայրենիք ու տուն կոչվածը տեղի հետ կապ չունի: Մի ուրիշ տեսակի բան է: Երևի ամեն մարդ ինքը գիտի, թե ինչ է: Իմն էլ իմ լեզուն է: Խոսել շատ չեմ սիրում, բայց գրելը լրիվ իմն է ու միակ վիճակը, որի ժամանակ ինձ տանն եմ զգում: Ու հենց միայն հայերեն գրելիս: Գրում եմ ինչ ասես, որտեղ ասես: Նամակներ, պատմվածքներ, բլոգներ, ֆորումներ կամ ուղղակի էսէմէսներ: Վիրտուալ ծակուծուկերում էլ ահագին գրած-մրած բաներ ունեմ տարբեր մականուններով: Մեկ՝ Իպարիկա, մեկ՝ Այվի, մեկ էլ ուրիշ մի բան: Ըստ վիրտուալ տարածքի կամ տարամադրության: Գրելն ինձ համար չափազանց լավ վիճակ է՝ այն երբևիցե աշխատանք կոչելու համար: Դրանով երբեք փող չեմ վաստակել, ոչ էլ պատրաստվում եմ: Ունեմ իմ մասնագիտությունը, որով էլ աշխատում եմ Գերմանիայում, ու դա ստեղծագործելու հետ քիչ կապ ունի: Թեև ամենահաճելին հենց գրելու պրոցեսն է, բայց ինձ նաև դուր է գալիս, երբ մարդիկ կարդում են գրածներս, իրենց կարծիքը հայտնում: Ամեն տեսակի մեկնաբանություն ու կարծիք էլ լսել եմ տարիների ընթացքում: Բայց դեռ շարունակում եմ հետաքրքրությամբ սպասել, թե ինչ նոր բան կլսեմ: Հավես զգացում է, երբ տեսնում ես, որ կարողացել ես քո տրամադրությունը հաղորդել ընթերցողին, բայց դե ոչ միշտ է էդպես լինում: Ու դրան էլ հանգիստ եմ վերաբերվում: Հայ ժամանակակից գրողների աշխարհի հետ մեծ առնչություն չունեմ: Ես ինձ համար գլուխս կախ բաներ եմ մոգոնում իմ Գերմանիաներում. գրական աշխարհի անցուդարձին էդքան էլ ծանոթ չեմ: Բայց Ինքնագիրը վաղուց գիտեի: Երբեմն կողքից հետևում էի. ինչ-որ բաներ դուր էին գալիս, ինչ-որ բաներ՝ էնքան էլ չէ: Հիմա էլ ինքս եմ հայտնվել էստեղ: Նոր տարածք է ինձ համար, ու կարծում եմ նաև՝ նոր լսարան: Պիտի որ հետաքրքիր լինի: Ուրախ եմ, որ էստեղ եմ. տեսնենք՝ ինչեր են ինձ սպասում: Ինչպես կասեին գերմանացիները` “Ich bin gespannt”.