Վիոլետ Գրիգորյան
Առաջ իմ գրածները շատերն էին հավանում, հիմա՝ քչերը։ Բայց երեւի երբեք ռիսկ չանեմ էնպես գրել, որ ոչ մեկին դուր չգա։ Ծանոթներիցս մեկը պատմում էր «մանդալայի զոհաբերության» մասին, երբ բուդդայական վանականները գունավոր ավազահատիկներով հսկայական գորգ են «հյուսում», ապա բոլորով միասին փչում-ավերում են իրենց ահռելի աշխատանքի արդյունքը, որ խորհրդանշում է ամենայն ինչի անցողիկությունը։ Հայ-քրիստոնյայի համար բոլորովին անհասկանալի բան, քանի որ նա միշտ «հավերժականն» ու «մնայունն» է գնահատում (մանավանդ արվեստի մեջ)։ Այսօրվա աշխարհի մեծ մասը՝ երկնաքերներով, տիեզերանավերով, բարձր տեխնոլոգիաներով, կլոնավորումով, արվեստով ու գրականությամբ, քրիստոնեական մշակույթի եւ քաղաքակրթության՝ երկրի վրա դիզած գանձերն են։ Հյուսել բառերով գորգ (խոսքը որակի մասին չի, այլ՝ գործողության մեխանիզմի) ու փչել-ավերել` երբեք երեւի էդքան ռիսկ չեմ ունենա։ Այս արաջին բանաստեղծությունը կարող էի գրել ու գրել շարունակ, հա քչփորել ու բզբզել՝ պատրանք փայփայելով, որ երբեք չավարտելը մի պահ կարող է նմանվել փչել-ավերելուն, բայց հանդեսի համար հասցնելու անհրաժեշտությունը գրածիս վերջակետ դրեց։ Փաստորեն ես էլ հայ-քրիստոնյա եմ։