
12/01/2022
Վիշապագորգի նիրհյալը
Հիշողությունը դարձել էր նրա ոխերիմ թշնամին: Նա նախկիններից ավելի շատ ատում էր հիշողությունը: Հիշողության ոչ մի դրվագում ոչ մի դրական բան չկար: Նույնիսկ այն երջանիկ օրերի լուսանկարները, երբ հեղափոխությունը հաղթանակել էր, շատ կարճ հեռավորությունից ամոթ ու զզվանք էին առաջացնում: Հիշողության մեջ նա միայն մահերով ու ավերներով էր մնալու, գիտեր, բայց քանի դեռ ապրում էր, հույս ուներ, որ գոնե մեկ անգամ, մեկ տեղում կհաջողի: Իսկ եթե չհաջողի՞. միասին կկործանվեն, ու ոչ ոքի հաշվետու լինելու պատճառ չի ունենա: Հեռանալու ժամանակը փախցրել էր, և ուրիշ բան չէր մնում, քան նոր խաղադրույքներ անելը: Նա համոզված պնդում էր, որ խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհին չպետք է խորշել նոր զոհեր ունենալուց: Դրանից հետո ծնվեց ապագայի մասին նոր կարգախոսը: Ապագայի մեջ հիշողություն ունեցողները հաշվառված չէին: Նրանք չպետք է լինեին: